ՄԵՆԱԿԵԱՑ ԱԲԲԱՅ ՄԱՐԿՈՍԻ ՎԱՐՔԸ, ՈՐ ԲՆԱԿՒՈՒՄ ԷՐ ԹԱՐՄԱԿԻԱ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ, ՈՐԸ ՊԱՏՄԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՍՐԱՊԻՈՆԸ

Մինչ երանելի Սրապիոնը գտնւում էր Եգիպտոսում, այն ծերի վախճանի մասին պատմում էր. «Երբ գտնւում էի Յովհաննէս մեծ ծերի մօտ, մի տեսիլք տեսայ. կրօնաւորի կերպարանքով երկու եղբայրներ եկան Յովհաննէսի տուն եւ նրան հարցրին իմ մասին. "Ո՞վ է նա, որ ննջում է այստեղ": Նա պատասխանեց. "Աբբայ Սրապիոնն է": Եւ նրանք միմեանց ասացին. "Եկ սրանից ձեռնադրութիւն առնենք", իսկ աբբայ Յովհաննէսը նրանց ասաց. "Թողէ՛ք մէկ ժամ հանգստանայ, որովհետեւ դեռ նոր է եկել ճանապարհից եւ յոգնած ննջում է": Ասացին նրան. "Որքա՞ն ճանապարհ է անցել եւ ինչո՞ւ չի գնում աբբայ Մարկոսի մօտ, որ բնակւում է Թարմակիայ լերան վրայ, որովհետեւ այս ժամանակներում մենակեացների ամբողջ բանակի մէջ չկայ մէկը, որ սրբութեամբ նմանուի նրան: Այժմ նա ծերացել է եւ դարձել հարիւր երեսուն տարեկան: Իննսունհինգ տարի ոչ ոք չի այցելել նրան, եւ նա էլ մարդու երես չի տեսել: Ահա քառասուն օր յետոյ ողջերի երկրից քառասունվեց հայրեր գալու են նրա մօտ՝ իրենց հետ նրան տանելու համար": Եւ երբ այս ասացին, ես արթնացայ, ապա նայեցի ու ծերի մօտ ոչ ոքի չտեսայ: Այնժամ ծերին պատմեցի տեսիլքի մասին, իսկ նա ասաց ինձ. "Արդարեւ այդ տեսիլքն Աստծուց է, բայց ես չգիտեմ, թէ որտեղ է Թարմակիա լեռը": Ես ծերին ասացի. "Աղօթի՛ր ինձ համար, հա՛յր սուրբ": Եւ նա աղօթեց ու օրհնելով ուղարկեց ինձ:

 

Ես գնացի Ալեքսանդրիա քաղաքը, որն այդ տեղից հեռու էր տասն օրուայ անցնելիք ճանապարհով եւ Սուրբ Հոգու առաջնորդութեամբ ճանապարհ ընկայ: Ես այդ ճանապարհն անցայ մեծ նեղութիւններով եւ տառապանքներով, ցերեկ թէ գիշեր անհանգիստ լինելով, որովհետեւ ցերեկներն արեւահարւում էի եւ խաշւում տօթից: Արեւն այնքան կիզիչ էր, որ նաեւ երկրի հողն էր այրում՝ կիզելով: Եւ երբ հասայ Ալեքսանդրիա քաղաքը, տեղի վաճառականներին, որոնք ճանապարհորդում էին աւելի հեռու վայրերով, հարցրեցի. "Գիտէ՞ք արդեօք կամ լսե՞լ էք Թարմակիա լերան մասին": Նրանցից ոմանք պատասխանեցին՝ ասելով. "Ալեքսանդրիայից մինչեւ Թարմակիա լեռը քսաներեք օրուայ ճանապարհ է եւ գտնւում է բարբարոսների սահմանների՝ մեծ ծովի մօտ": Ես հարցրի նրանց. "Ինչպէ՞ս հասնեմ այնտեղ": Նրանք ասացին. "Եթէ գնաս ծովով, հեշտ եւ կարճ կը լինի, իսկ եթէ գնաս ցամաքով, հեռու եւ խիստ դժուարին կը լինի, որովհետեւ ինչպէս ասացինք քսաներեք կամ քսանհինգ օրուայ ճանապարհ է":

 

Այնժամ ինքս իմ մէջ քննեցի եւ լաւ համարեցի դէպի երանութիւնը գնալ չարչարուելով, որի ժամանակ օգնականը եւ զօրացուցիչը Տէրն է, քան թէ գնալ նստելով ու հանգստանալով, երբ Օգնականը հեռու է: Ես որոշեցի գնալ ցամաքով, ինձ հետ ջուր եւ արմաւ վերցրի, ինձ յանձնեցի Աստծուն եւ ջանքեր գործադրելով՝ ճանապարհ ընկայ անջրդի անապատով: Գնացի տասն օր եւ ամենեւին չտեսայ որեւէ շնչաւոր ու որեւէ թռչուն: Այդտեղ երբէք անձրեւ չէր եկել, չկար առաւօտեան ցօղ, եւ բնաւ չկար որեւէ մխիթարական բան: Տասն օր յետոյ սպառուեցին իմ ջուրն ու արմաւը, ես սաստիկ յոգնեցի, տկարացայ ու վհատուած ընկայ: Պակասեց զօրութիւնս, եւ անկարող եղայ անգամ մի քայլ անել: Վախեցայ յետ դառնալ, բայց քանի որ չէի կտրում Քրիստոսի հանդէպ հաւատով ունեցած իմ յոյսը եւ նաեւ՝ ինձ յանձնել էի Նրան, նուաղած ձայնով աղաղակելով՝ օգնութեան կանչեցի Տէր Աստծուն: Ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ այն երկու եղբայրներին, որոնց տեսել էի տեսիլքի մէջ՝ Յովհաննէս ծերի տանը: Նրանք մօտեցան ու ասացին ինձ. "Ինչո՞ւ չսպասեցիր մեզ, որ գայինք ու հասնէինք քեզ: Այժմ ելի՛ր Աստուծոյ զօրութեամբ": Երբ վեր կացայ, նրանք նայեցին ինձ ու հարցրին. "Ծարա՞ւ ես": Ես պատասխանեցի. "Այո՛, տէրե՛ր իմ, սաստիկ": Նրանք ինձ ցոյց տուեցին անապատում աճող մի բոյս, որ նման էր սինձի, եւ ասացին. "Վերցրո՛ւ, կե՛ր եւ գնա՛ Աստուծոյ զօրութեամբ": Եւ երբ փոքր-ինչ կերայ դրանից, իսկոյն կենդանացայ, յագեցաւ ծարաւս, անցաւ նեղսրտութիւնս, ոտքերս ամրացան, ու ես հանգստացայ: Նրանք ինձ ցոյց տուեցին, թէ որ ճանապարհով գնամ եւ ասացին. "Շտապ գնա՛ ու մի՛ յապաղիր": Այս ասելով՝ նրանք աներեւոյթ եղան:

 

Այնժամ գնացի ցնծութեամբ եւ առանց յոգնելու: Հինգ օր գնացի անապատի միջով ու հասայ լերանը: Ես բուսականութիւն չտեսայ լերան վրայ ու ապշեցի դրա անմատչելիութեան եւ բարձրութեան վրայ, այնքան, որ մտածում էի, թէ հասնելու եմ երկնքին: Եւ երբ բարձրացայ, տեսայ, որ այնտեղ եւս չկար դալար բուսականութիւն: Լերան ստորոտին մի մեծ լիճ էր երեւում: Ես եօթ օր շրջեցի լերան գլխին եւ ամենեւին ոչինչ չտեսայ: Եւ երբ պիտի լուսանար ութերորդ օրը, գիշերուայ մէջ տեսայ Աստուծոյ հրեշտակներին, որ երկնքից իջնում էին մի քարայրի վրայ եւ ասում նրան. "Երանի՜ քեզ, երանի՜ քո հոգուն, ո՛վ աբբայ Մարկոս: Ահա քեզ մօտ բերեցինք աբբայ Սրապիոնին, որին քո հոգին փափագում էր տեսնել, քանզի նրանից բացի որեւէ մարդու չէիր ցանկանում տեսնել: Եւ այժմ տե՛ս եւ ցնծա՛ հոգով ու մարմնով": Հրեշտակներից այս լսելով՝ պատուեցի մեծ երկիւղով եւ գնացի ձայնի ուղղութեամբ՝ մինչեւ սուրբ աբբայ Մարկոսի քարայրը: Երբ հրեշտակները երկինք վերացան, ես մօտեցայ քարայրին եւ լսեցի սուրբի ձայնը: Նա խօսում էր ապշած եւ ասում սուրբ Գրքի խօսքերը, ինչպէս Դաւիթ մարգարէն էր ասում. "Ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յիշի՛ր Աստծուն եւ կը մխիթարուես": Այսպէս մխիթարում էր իրեն եւ դարձեալ ասում. "Հազար տարին Տիրոջ աչքին երեկուայ պէս է, որ անցաւ: Երանի՛ քեզ, հոգի՛ իմ, որովհետեւ դու չես շաղախուել այս անցաւոր աշխարհի պղծութեամբ: Երանի՛ քեզ, ա՛նձ իմ, որովհետեւ երբէք չտեսար Եւայի դուստրերին եւ չծնուեց քո մէջ սնոտի ցանկութիւն, որ կորստեան մայրն է: Երանի՛ ձեզ աչքե՛ր իմ, որովհետեւ սատանան չկարողացաւ կուրացնել ձեզ՝ պաճուճանքներ տեսնելու համար, եւ դուք չնայեցիք անցաւորներին, որոնցով սատանան կուրացրեց շատերին եւ Ադամի որդիներին որսաց Կայէնի դուստրերի պաճուճանքների ցանցում, որոնց զարդարեց համակ մեղքերով: Երանի՛ ձեզ, ականջնե՛ր իմ, որովհետեւ երբէք չլսեցիք կաքաւողների ձայները եւ չընդունեցիք նրանց խաբէպատիր խօսքը՝ ի վնաս կրօնաւորների: Երանի՛ ձեզ, ձեռքե՛ր իմ, որովհետեւ երբէք չեղաք առ եւ տուր անող եւ չըմբոստացաք նենգութեամբ ու խաբէութեամբ: Երանի՛ ձեզ, ոտքե՛ր իմ, որովհետեւ երբէք չգնացիք ամբարիշտների ճանապարհներով: Երանի՛ քեզ, մի՛տք իմ, որովհետեւ երբէք չգնացիր չար ճանապարհներով գնացողների յետեւից ու չզբաղուեցիր չար խորհուրդներով, այլ պահպանիչ Սուրբ Հոգին յարաժամ նախանձեցնում էր քեզ՝ զբօսնելու անդրանիկների հոգիներում, որոնք հրեշտակակերպ պայծառութիւն առան: Եւ գոհութիւն ամենասուրբ Երրորդութեանը, որ արժանացրեց ինձ աչքերով տեսնելու անիմանալիներն ու ականջներով լսելու հրեշտակային քնարների ձայնը: Իմ հոտոտելիքը լցուեց աստուածային անուշահոտ բուրմունքով, ձեռքերս վայելչացան՝ հանապազ խաչանման տարածելով, Նա զօրացրեց իմ ոտքերը՝ յոտնկայս եւ ծնրադրած անձանձրոյթ աղօթելու ու մաքրեց իմ միտքը՝ միշտ յիշելու պատուիրանները, որ լի են շնորհներով: Օրհնի՛ր Տիրոջը եւ Նրա սուրբ անունը, ա՛նձ իմ, որովհետեւ Նա է, որ քաւում է քո մեղքերը եւ բժշկում քո բոլոր հիւանդութիւնները: Ինչո՞ւ ես տրտմում, ա՛նձ իմ, քանզի մաքսաւորները՝ սատանայի պատրանքներն ու գուշակները, չկարողացան պատրել քեզ, որովհետեւ նրա պղծութիւնները տեղ չունեցան քո մէջ: Մի՛ վախեցիր, հոգի՛ իմ, ինչո՞ւ ես վհատւում, նրանք չեն կարող քեզ տիրել, որովհետեւ քո մէջ չգտան իրենց չար կամքը: Ուրա՛խ եղիր, իմ տարակուսա՛ծ հոգի, որովհետեւ նրանք չեն կարող բռնել եւ արգելել քեզ իրենց խօսքով: Մի՛ երկնչիր, խռովուա՛ծ իմ հոգի, որովհետեւ երբ ելնես այստեղից ու անցնես նրանց միջով, աստուածային հրեշտակների գնդերը քեզ շրջապատելով կ՚առաջնորդեն եւ կ՚ընդունեն լուսեղէն յարկերում: Ո՛վ իմ տրտմած հոգի, լսի՛ր, թէ ինչ է ասում Դաւիթ մարգարէն. "Տիրոջ հրեշտակների բանակն Իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց"[1] եւ նաեւ Տէրն է երանի տալիս իրենց տիրոջ կամքը կատարող ծառաներին":

 

Եւ երբ աւարտեց սուրբ Գրքի այս մխիթարական խօսքերը, որոնք առաւ իր սրբասուն հոգին, սկսեց երկիւղով դողալ, որովհետեւ նրա հոգին զարհուրելով երկնչում էր Տէր Աստուծոյ փառքից: Ասում էր ինքն իրեն.  "Որքան մեծ եւ ահաւոր Թագաւորի առաջ ես կանգնած, Որի անպատում երախտիքների հանդէպ դու ապերախտ ես, իսկ Նրա անբաւ սիրոյ հանդէպ՝ ամօթալից": Այսպէս դողում էր երկիւղով, դարձեալ յիշում օդային ճանապարհին եղող նենգ եւ չար ոգիների ոգիների ապերասանութիւնը, որոնք հարցաքննում են բոլոր մեղքերը: Նրանք, որ ժպիրհ են եւ ատելի, գիտեն յանդգնութեամբ յարձակուել եւ անամօթաբար ընդառաջ գալ սուրբ եւ անբիծ հոգիներին, որի համար սուրբը մխիթարում եւ սփոփում էր իրեն՝ ասելով. "Մի՛ վախեցիր, հոգի՛ իմ, որովհետեւ նրանք իրենցից ոչինչ չեն գտնի քո մէջ": Քանզի սուրբերի հոգիները, իրենց բոլորից յետին համարելով, յոյժ խոնարհ են, Աստուծոյ ճշմարիտ երկիւղածներ, որոնք դողում են Նրա խօսքից, ինչպէս որ այս սուրբը՝ աբբայ Մարկոսն էր դողում՝ իր հոգու ելնելու համար: Երբ աւարտեց իր խօսքը, իսկոյն դուրս եկաւ քարայրից եւ այնտեղ սկսեց դառնապէս լալ աշխարհից իր փոխուելու համար, որովհետեւ մտածում էր, թէ աշխարհում մնալով՝ չի կատարել Աստուծոյ ծառայութեան պարտքը եւ Նրան չի տուել պատշաճ պատիւ այս աշխարհից: "Եւ ահա, - ասում էր, - Նա քեզ փոխադրում է անճառ բարիքների եւ անպատում փառքի մէջ ոչ թէ ըստ քո արժանիքների, այլ ըստ Իր բարերարութեան": Դրա համար ակնածելով լաց էր լինում եւ խոնարհ հոգով դողում երկիւղով, որով ուրախացնում էր իր Տէր Աստծուն եւ արժանի դառնում Նրա կողմից փառաւորուել երկրի վրայ:

 

Իսկ ես՝ Սրապիոնս, որ գտնւում էի քարայրից դուրս, մինչեւ վերջ ունկնդրեցի նրան եւ լսելով նրա բերանի սքանչելի խօսքերը, ու թէ ինչպէս էր այդ սուրբը եւ Քրիստոսի նահատակն իրեն անարժան համարելով դողում, սքանչացած հիանում էի իմ մէջ: Ապա առաջանալով՝ տեսայ նրան եւ Տիրոջ ողջոյնով երկրպագեցի նրան: Նա ինձ իր մօտ կանչեց ու ասաց. "Քրիստոսի խաղաղութեամբ եկար, Սրապիո՛ն եղբայր: Թող Տէրը քո ոտքերի չարչարանքի դիմաց բարի շնորհներ տայ քեզ: Ո՛վ Սրապիո՛ն եղբայր, մօտեցի՛ր ինձ եւ համբուրիր քո ծեր հօրը, որովհետեւ ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ": Եւ երբ մօտեցայ նրան, նա ինձ գիրկն առաւ իբրեւ մանկան, համբուրելով լաց եղաւ ու ասաց. "Ահաւասիկ իմ որդի Սրապիոնից խունկի անուշ հոտ է բուրում, որը հոտոտելով առնում եմ Աստուծոյ հրեշտակներից": Ապա ասաց ինձ. "Որդեա՛կ իմ, ինչո՞ւ այդպէս չարչարուեցիր եւ եկար՝ տեսելու ալեհեր ծերունուս: Ճշմարիտ եմ ասում քեզ, որդեա՛կ, ահա իննսունհինգ տարի է, որ այստեղ եմ եւ բնաւ չեմ տեսել Ադամի որդիներից որեւէ մէկի":

 

Ապա ինձ տարաւ իր քարայրը: Երբ նստեցինք, ասաց ինձ. "Որդեա՛կ, այս քարայրը մտնելու օրուանից չեմ տեսել երկրի ոչ մի հօտ կամ անասուն, չեմ կերել մարդու կերակուր եւ չեմ հագել այս անցաւոր աշխարհի հանդերձ: Այս լերան վրայ, որդեա՛կ, երեսուն տարի ապրեցի տանջանքներով ու անպատմելի ճգնութիւններով, քաղցով, ծարաւով եւ մերկութեամբ ու մարտնչեցի պիղծ ոգիների դէմ: Քաղցից հող էի ուտում, իսկ ծարաւից ըմպում էի ծովի աղի ջուրը: Մերկ շրջեցի երեսուն տարի, եւ իմ գլխով անցան շատ փորձութիւններ, վշտեր ու անպատմելի նեղութիւններ: Դեւերը յաճախ վերադառնալով պատերազմում էին իմ խորհուրդների հետ, շատ անգամ այս լերան գլխից ինձ քարշ էին տալիս մինչեւ լերան ստորոտը եւ կամենում էին նետել ինձ ծովը, բայց չէին կարողանում: Եւ այնքան քարշ տուեցին վերեւից ներքեւ, մինչեւ որ վրաս միս ու կաշի չմնաց: Չարաչար քաշքշուելուց մաշկս պատառոտուեց եւ կտոր-կտոր ընկաւ, իսկ միսս սաստիկ խոցոտուելով՝ ցաւեցնում էր եւ նեղութիւն պատճառում: Քանզի որքան քարշ տալով ցած էին բերում՝ չկամենալով, որ վերեւում մնամ, այնքան ես հանդարտութեամբ դէպի վեր՝ լերան կատարն էի բարձրանում: Նենգ ոգիներն աղաղակում էին եւ ասում. "Գնա՛ մեր այս տեղից, որովհետեւ մարդկանցից ոչ ոք այստեղ չի եկել": Եւ այս բոլոր նեղութիւններից Տէրը փրկեց ինձ, քանզի հաստատուն յոյսով, որ ունէի առ բարեխնամ Աստուած, պատերազմում էի նրանց դէմ՝ արհամարհելով իմ վէրքերը, որ իրենք պատճառել էին: Որդա՛կ իմ, երեսուն տարի քաղցին, ծարաւին, մերկութեանը համբերելուց եւ սատանայի դէմ մարտնչելուց յետոյ Աստուծոյ ողորմութիւնն իջաւ ինձ վրայ. Նա հրամայեց, եւ մարմինս պատուեց խիտ մազածածկոյթով, որով ծածկուեցին մարմնիս բոլոր անդամները: Դրանից յետոյ Աստուած ժամանակ առ ժամանակ հոգեւոր եւ մարմնաւոր կերակուրներ էր տալիս: Հրեշտակներն սկսեցին հանապազ իջնել ինձ մօտ, ու ես մխիթարւում էի նրանցով: Ես տեսել եմ սուրբերի արքայութիւնն ու թագաւորութիւնը, տեսել եմ նաեւ խոստումների ուրախութիւնը, տեսել եմ Աստուծոյ դրախտը եւ Ծառը, որից կերան Ադամն ու Եւան, անմահների երկրում տեսել եմ Ենոքին եւ Եղիային, քանզի, աղաչելով խնդրում էի Տիրոջը ցոյց տալ ինձ այդ ամէնը":

 

Իսկ ես՝ Սրապիոնս, լսելով այս ամէնը, մեծ հիացմունքի մէջ էի: Ապա ասացի նրան. "Ո՛վ սուրբ հայր, աղաչո՛ւմ եմ քեզ, ասա՛ ինձ, թէ երբ եկար այստեղ եւ ինչպէս": Եւ նա ասաց ինձ. "Որդեա՛կ իմ, ես Աթէնք քաղաքից եմ եւ ուսանում էի փիլիսոփայական իմաստութիւնը: Երբ վախճանուեցին իմ ծնողները, ես մտորեցի. "Ես եւս պիտի վախճանուեմ: Եւ ո՞վ է, որ եկաւ-մնաց այստեղ, չապրեց նեղութեամբ ու վշտերով եւ յետոյ չգնաց, ուր որ հարկ էր գնալ ու այնտեղ չդատուեց մեծ Թագաւորի՝ Տէր Աստուծոյ արդար դատաստանի առաջ: Եւ եթէ ես ինքս չթողնեմ այս անցաւոր աշխարհը, յետոյ բռնաւորներն ակամայ թողնել կը տան, ինչպէս որ ամէն մի մարդ թողնում է սնոտի այս կեանքն ու գնում դէպի հանդերձեալը: Եւ երբ հաստատուեցի այն խորհրդի մէջ, թէ ճշմարիտ է, որ այս կեանքն ունայնութիւն է, այնուհետեւ մտածում էի, թէ ինչ պէտք է անեմ, որ չընկնեմ այս աշխարհի պատրանքների մէջ: Ապա հաստատուեցի յոյսով ու ասացի. "Ծովի մէջ մի տախտակի վրայ ընկած՝ կը հեռանամ աշխարհից": Եւ երբ յարատեւեցի այս խորհրդի մէջ, լուսաւորուեցին իմ միտքն ու հոգին, ցնծացի ուրախութեամբ եւ բնաւ չխռովուեցի մեծ ծովի երկիւղից:

 

Այնժամ վերցրեցի մի մեծ եւ լայն տախտակ, տարայ ծովի մի անխռով ափ, հանեցի շորերս, մի թեթեւ հանդերձով նստեցի այդ տախտակի վրայ ու մտայ ծովի խորքերը: Յոյսս դրեցի Աստուծոյ վրայ, որ Նա առաջնորդի ինձ, ուր որ կամենայ: Եւ յանկարծ բարեշունչ հողմ փչեց ու ինձ տախտակով տարաւ դէպի ծովի խորքերը: Ցամաքը ծածկուեց , իսկ ես, ասես մի մեծ նաւի մէջ, անտրտում եւ անխռով ընթանում էի ուրախութեամբ, եւ ահագին ծովը ոչ մի բանով ինձ չէր վախեցնում: Այսպէս գնալով՝ ես տեսայ այս լեռը, եւ Աստուած այս տախտակով ինձ հասցրեց այս լերան մօտ, որ տեսնում ես: Ցամաք ելնելով՝ ծնրադրեցի, գոհացայ բարիքներ Պարգեւողից, որ պահեց ինձ մեծ ծովում եւ երկար ճանապարհից՝ ծովի մի ափից հասցրեց մինչեւ այս ափը՝ այս լեռը: Եւ երբ շրջեցի լերան վրայ, չտեսայ կանաչ բուսականութիւն կամ որեւէ արմատ: Այնժամ յանձնեցի ինձ բարերար Աստծուն, քանզի եթէ Նա ինձ փրկեց ահագին ծովից, կը փրկի նաեւ անապատի այս նեղութիւններից: Եւ այդպէս մեծապէս յուսալով Տիրոջը՝ երեսուն տարի յարատեւեցի ու համբերեցի մեծ նեղութիւններին": Եւ երբ այս ամէնը պատմեց, ասաց ինձ. "Որդեա՛կ իմ, Սրապիո՛ն, ահա տասը տարի է՝ աւելի կամ պակաս, ինչ Աստուծոյ հրեշտակը յայտնել է ինձ քո անունը: Ես օրըստօրէ սպասում էի եւ ցանկանում էի տեսնել քեզ: Ահա ես տեսայ, եւ իմ հոգին ցնծաց: Օրհնեա՛լ է քո Առաքիչը, բարիք արեցիր, որ եկար":

 

Մինչ խօսում էր, առաւօտը բացուեց: Եւ երբ ծագեց լոյսը, ես նայեցի նրան ու տեսայ, որ նրա մարմինը մարդանման չէր, այլ նման էր բրդածածկ կենդանու: Նա ամբողջապէս ծածկուած էր թաւ մազերով, եւ միայն խօսքն էր մարդու: Նրան այլակերպ տեսնելով՝ պատուեցի երկիւղով, իսկ երբ նա տեսաւ, որ ես վախեցայ ու սոսկացի, ասաց ինձ. "Որդեա՛կ Սրապիոն, մի՛ զարհուրիր իմ մարմնի տեսքից, որն աղտեղուած եւ այլակերպուած է, բայց անհնար է, որ այս աղտեղութիւնը մնայ Արքայորդու գալստեան ժամանակ, Ով նորոգում է բոլոր աղտեղուած եւ հնացած պատկերները": Ապա շարունակեց. "Որդեա՛կ իմ, Սրապիո՛ն, այժմ էլ դու պատմիր աշխարհի մասին, այսօր ե՞ւս առաջուայ նման է": Եւ ես ասացի. "Ո՛վ սուրբ եւ պատուական հայր, այս աշխարհը շարունակ մեղքի եւ խաբէութեան մէջ է": Եւ նա ասաց. "Կա՞ն այժմ Աստուծոյ եկեղեցիները հալածող կռապաշտ թագաւորներ ու իշխաններ": Եւ ես ասացի. "Անցան այդ ժամանակները, հա՛յր սուրբ, Քրիստոսի օգնականութեամբ եւ քո սուրբ աղօթքներով վերացաւ կռապաշտութիւնը: Չի երեւում որեւէ կռապաշտ, իսկ թագաւորները եւ նրանց զօրքերը քրիստոնեաներ են": Այս լսելով՝ սուրբ ծերը լցուեց ուախութեամբ, օրհնեց Աստծուն եւ ասաց. "Աշխարհում կա՞ն արդեօք սուրբ եւ սքանչելագործ այրեր, մեռելներին յարութիւն տուողներ, հիւանդների բժիշկներ, ինչպէս որ Տէրն ասաց Իր սուրբ Աւետարանում. "Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ ասէք այս լերանը՝ գնա՛ այստեղից, կը գնայ խօսքով"[2], կա՞ն այդպիսիները:

 

Եւ մինչ խօսում էր, լեռն անջատուեց տեղից, վեր բարձրացաւ, սկսեց գնալ եւ կամեցաւ ընկնել մեծ ծովը: Այնժամ ծերն ընդդէմ լերան կարկառեց իր ձեռքերը եւ ասաց. "Ես քեզ չհրամայեցի, որ գնաս, այլ խօսում եմ եղբօրս հետ՝ ինչ-ինչ բաներ հարցնելով: Դու անսասան կանգնի՛ր քո հաստատութեան մէջ եւ մի՛ վախեցիր": Եւ տեսայ, որ լեռը դարձեալ հաստատուեց իր տեղում ու այլեւս չշարժուեց, իսկ ես ահից ընկայ երեսնիվայր եւ դողալով քարացայ գետնին: Այնժամ նա ինձ վեր կացրեց ու ասաց. "Որդեա՛կ իմ, չե՞ս տեսել դու այսպիսի այլ սքանչելիքներ": Ես ասացի. "Չեմ տեսել այսպիսին, սո՛ւրբդ Աստուծոյ": Ապա հոգոց հանելով՝ զարմացաւ, որ չեմ տեսել, եւ որ այս ժամանակներում չկան այդպիսի քրիստոնեաներ, "որովհետեւ, - ասաց, - ճշմարիտ քրիստոնեաները նրանք են, որոնք հրամայում են լեռներին, եւ ըստ իրենց աներկբայ հաւատքի՝ տարերքները հնազանդւում են իրենց: Եւ ուր չկայ ճշմարիտ հաւատք, այնտեղ քրիստոնեաները սոսկ անունով են: Վա՛յ այն աշխարհին, որդեա՛կ, որտեղ քրիստոնեաները սոսկ անունով են եւ ոչ թէ գործերով: Օրհնեա՛լ է Աստուած, որ առաջնորդեց ինձ դէպի այս լեռը եւ դուրս բերեց աշխարհից, որ չմեռնեմ մեղքերով շաղախուած իմ տոհմի ու ծնողների շիրիմում: Քանզի աշխարհը վայրաքարշ է եւ խաբող, եւ ով մնում է աշխարհում, հեշտութեամբ նրանից չի ազատուի: Եւ եթէ վա՛յ տուեցի աշխարհին, դու մի՛ գայթակղուիր՝ ինձ անգութ համարելով, որովհետեւ այն տեղը, որը սիրելի չէ Տիրոջը, այնտեղ ամէն տեսակ թշուառութիւն է, սակայն Տէրը խնամում է Իր արարածներին, ինչպէս որ գիտէ":

 

Երբ իջաւ երեկոն, նա ինձ ասաց. "Եղբա՛յր, այժմ սիրով խօսելու ժամը չէ, այլ ճաշակելու": Ես ոչինչ չասացի նրան: Այնժամ սուրբ ծերը վեր կացաւ եւ ձեռքերը դէպի երկինք տարածելով՝ ասաց "Տէրը կը հովուի ինձ ..."[3] սաղմոսը: Ապա աջ կողմ նայելով՝ ասաց ինձ. "Ե՛կ, որդեա՛կ, մօտեցի՛ր սեղանին՝ կերակրուելու, որ Աստուած պատրաստեց մեզ համար": Իսկ ես հիացմունքով զարմացայ, որովհետեւ ոչ մի մարդ չտեսայ այնտեղ, եւ քարայրում ոչինչ չկար: Նա բռնեց իմ աջից եւ ինձ մտցրեց քարայր: Երբ ներս մտանք, տեսայ վայելուչ բացուած սեղան եւ երկու աթոռներ, ձեան պէս սպիտակ տաք հաց, մաքուր բանջարեղէն, ախորժելի ձիթապտուղներ, արմաւ, աղ, ըմպելիքով լի ոսկեղէն բաժակներ: Երբ նստեցինք, նա ինձ ասաց. "Օրհնի՛ր, եղբա՛յր Սրապիոն"՛: Եւ ես ասացի. "Թո՛յլ տուր՝ յանուն Տիրոջ": Եւ ես սեղանի ու կերակուրների վրայ տեսայ նրա աջը, որ խաչանիշ փայլատակեց իբրեւ հուր: Ապա նա աղօթեց՝ ասելով. "Տէ՛ր, Քո բարերարութեամբ օրհնի՛ր այս կերակուրը, որ պատրաստեցիր մեզ համար Քո բարերար կամքով": Այդ ըմպելիքը քաղցր էր մեղրից առաւել, համն ու հոտը՝ անպատմելի եւ յոյժ անուշահոտ: Մենք ճաշակեցինք, եւ ես զմայլուեցի ու զօրացայ աննման համից: Գոհութիւն եւ փառք տուինք Աստծուն, ապա նա ինձ ասաց. "Որդեա՛կ, վերցրո՛ւ սեղանը": Եւ ես վերցնելով դրեցի, ուր հրամայեց: Ես մեծ զարմանքի մէջ էի, որովհետեւ ամենեւին ծանօթ չէի այդ կերակուրների եւ ըմպելիքների համին ու դրանց անուշահոտութեանը եւ կարծում եմ, որ աշխարհի թագաւորները չեն ճաշակել այդպիսի համ ու հոտ: Եւ սուրբ ծերն ինձ ասաց. "Եղբա՛յր Սրապիոն, տեսա՞ր բարերար Աստուծոյ ողորմութիւնն Իրենից երկիւղ ունեցողների հանդէպ: Նա Իր ժամին ինձ մի բաժին էր շնորհում, իսկ այսօր շնորհեց երկուսը, քանզի ինձ հարկաւոր չափաբաժինը կէս տաք հաց էր, աղով մի թերթիկ բանջարեղէն, երեք հատ ձիթապտուղ, մի արմաւ եւ ոսկէ բաժակով ըմպելիք: Սրանք բոլորը զմայլեցուցիչ եւ կեցուցիչ են, ինչպէս որ տեսար: Այսպէս, եղբա՛յր իմ՝ Սրապիոն, Աստուած Իր հրեշտակների միջոցով ինձ միշտ կերակուր եւ ըմպելիք է տալիս՝ նեղութիւնների, քաղցի, ծարաւի, մերկութեան եւ դեւերի դէմ պատերազմելու դիմաց: Քանզի այն երեսուն տարիների տանջանքների փոխարէն, որոնց մասին պատմեցի քեզ, բարերար Աստուած իբրեւ երաշխիք՝ շնորհեց ինձ մարմնի հանգիստ եւ հոգու անչափ ուրախութիւն: Աւազի եւ հողի փոխարէն, որ ուտում էի, տուեց աննման տաք հաց՝ այլ բարիքների հետ, որ տեսար: Ծովի աղի ջրի փոխարէն տուեց անպատմելի քաղցրահամ ըմպելիք: Տօթի եւ ցրտի տառապանքների դիմաց այս մազածածկոյթով պաշտպանեց մարմինս, եւ ես այլեւս չտեսայ տօթ կամ ցուրտ: Դեւերին դիմադրելու փոխարէն, որոնց տարայ համբերութեամբ, այժմ Աստուծոյ հրեշտակներն իմ մխիթարիչները եւ փառաբանակիցներն են: Որդեա՛կ, այսպէ՛ս ճանաչիր Աստուծոյ անսահման գթութիւնը Իրենից երկիւղ ունեցողների վրայ: Երբ անձը համբերում է, հանգստանում է Նրա գթութեան մէջ, եւ երբէք պէտք չէ արհամարհել Աստուծոյ երկայնամտութիւնը կամ յուսահատուել Աստուծոյ գթասրտութիւնից: Թող բոլորն Աստուծոյ անմոռանալի գթութիւնը ճանաչեն ինձնով, քանզի այն երեսուն տարիներն ինձ ամենեւին կարծել չտուին, թէ Տէրը մոռացել է ինձ, եւ մտքումս երբէք չմեղադրեցի Աստծուն՝ իբրեւ թէ զուր են համարւում իմ բոլոր նեղութիւնները: Այլ ես համբերում էի ուրախութեամբ եւ ինձ արժանի էի համարում եկած բոլոր փորձութիւններին, որ իմ սխալանքներից մաքրելու համար էին: Այդ պատճառով, որդեա՛կ, Աստուծոյ բարերարութիւնը նայեց ինձ վրայ, որովհետեւ ես չյուսահատուեցի նրա երկայնամտութիւնից: Այժմ, եղբա՛յր իմ Սրապիոն, ինչ որ լսեցիր ու տեսար, կը քարոզես աստուածավախ եղբայրներին՝ իրենց օգտի համար, որպէսզի Աստուծոյ սուրբերի վարքը տարածուի աշխարհում որպէս անուշահոտ բուրմունք: Արդէն իննսունհինգ տարի է, ինչ գտնւում եմ այս լերան վրայ, եւ ահա լրացել են իմ կեանքի տարիները: Ուստի, որդեա՛կ, Աստուած ուղարկեց քեզ, որ քո սուրբ ձեռքերով թաղես ողորմելի մարմինս":

 

Այսպէս եօթ օր շարունակ ճաշից յետոյ Աստուծոյ սուրբը պատուէրներ ու խրատներ էր տալիս՝ պատմելով ու խօսելով Աստուծոյ բարերարութեան, սքանչելիքների եւ այլ նման բաների մասին, ապա խօսակցելով Աստուծոյ եւ հրեշտակների հետ, պաղատանքներ ու օրհնութիւններ մատուցում: Իսկ ես՝ հիացած եւ զարհուրած, բարեբանում էի այդ պարգեւները տուող Աստծուն: Ութերորդ օրը, երբ ամէն օրուայ պէս ճաշակեցինք մեր հոգեւոր կերակուրը, նա ասաց ինձ. "Ների՛ր ինձ, եղբա՛յր Սրապիոն, որովհետեւ այս գիշեր փոքր-ինչ չարչարելու եմ քեզ արթնութեամբ եւ սաղմոսերգութեամբ":

 

Երբ արեգակը մայր մտաւ, մինչեւ գիշերուայ վեցերորդ ժամը օրհնութեամբ կատարեցինք Դաւթի սաղմոսները: Եւ երբ աւարտեցինք, նա ինձ ասաց. "Նստի՛ր, եղբա՛յր Սրապիոն", եւ մենք նստեցինք: "Եղբա՛յր, - ասաց, -  տե՛ս, որ ամուր ծածկես մարմինս, իսկ երեսս կը դարձնես դէպի քարայրը: Դու էլ երկար մի՛ մնա այստեղ եւ շուտ հեռացի՛ր խաղաղութեամբ": Այնժամ ես ողբացի՝ արտասուքներ թափելով ու ասացի. "Ո՛վ սուրբդ Աստուծոյ, պատուակա՛ն հայր, ողորմի՛ր ինձ եւ աղաչի՛ր Տիրոջը, որ ես եւս վախճանուեմ քեզ հետ, քանզի ահա հոգիս խռովուած է այս անջուր, մեծ անապատում, որը ճանապարհ չունի": Նա պատասխանեց ու ասաց ինձ. "Այս ժամին պէտք չէ քննել այդ մասին, դադարեցրո՛ւ լացդ եւ մի՛ վախեցիր, որովհետեւ եթէ Աստուած առաջնորդեց քեզ գալ այստեղ՝ ինձ մօտ, ապա կ՚առաջնորդի ու կը տանի քեզ, որ գնաս առանց չարչարանքների՝ ոչ այնպիսի տանջանքներով, ինչպէս երբ եկար, այլ հեշտութեամբ: Ո՛վ եղբայր Սրապիոն, այս օրն ինձ համար աւելի մեծ է, քան իմ կեանքի բոլոր օրերը, որովհետեւ այսօր իմ հոգին տեսնում է Արքայութիւնը, որ պատրաստել է իմ Տէրը՝ յաւիտենական կեանք՝ սուրբ արդարների հոգիների մօտ մտնելու  համար: Այսօր տառապանքներից ու հիւանդութիւններից տկարացած մարմինս պիտի հանգստանայ եւ հասնի երկնային կեանքին":

 

Երբ այս ասաց, քարայրը լցուեց Աստուծոյ լոյսով, որ աւելի պայծառ էր, քան արեգակի լոյսը: Փայլատակեցին մեծամեծ լեռները, իսկ այն լեռը, որի վրայ մենք էինք, պատուեց անուշ բուրմունքի ծխով, որը չեմ կարող պատմել: Ես երկիւղած եւ զարհուրած ընկայ երեսնիվայր, իսկ լուսափայլ դէմքով սուրբ ծեր աբբայ Մարկոսը բռնեց իմ ձեռքից, բարձրացրեց ինձ ու ասաց. "Զօրացի՛ր, որդեա՛կ, եւ մի՛ վհատուիր, քաջալերուի՛ր Սուրբ Հոգու զօրութեամբ": Եւ ինքը, լցուած Սուրբ Հոգով, ասաց. "Խաղաղութեամբ եկաք Քրիստոսի սպասաւորնե՛ր, Գաբրիէ՛լ եւ Միքայէ՛լ": Ապա ինձ հեռացրեց քարայրից եւ ասաց. "Որդի՛, թող Աստուծոյ ողորմութիւնն իջնի քեզ վրայ": Այնուհետեւ դարձաւ դէպի իր քարայրը, ուր բնակուել էր եւ ասաց. "Օրհնեա՛լ լինես, քարա՛յր իմ, որովհետեւ ինձ համար եղար կենդանութեան տաճար, իմ պանդխտութեան հանգստարան եւ հարկ՝ տկար եւ տառապած մարմնիս համար: Ահաւասիկ ինձ յանձնում եմ քեզ, ծածկի՛ր թշուառացած մարմինս մինչեւ գայ մեռելներին յարութիւն Տուողը: Իսկ դու, մարմի՛ն իմ, ցաւերի տո՛ւն եւ զրկանքների ու չարչարանքների բնակարա՛ն, Քրիստոսի խաղաղութեամբ բնակուի՛ր դրա մէջ մինչեւ Նրա Գալուստը, Որի համար համբերեցիր շատ նեղութիւնների, վշտերի ու տանջանքների: Եւ այժմ դրանց փոխարէն թող Նա Իր Գալստեան օրը զգեստաւորի քեզ փառքով: Մնա՛ խաղաղութեամբ, պանդխտութեան մէջ մաշուած մարմի՛ն իմ, որովհետեւ դու չունէիր մխիթարութեան ընկեր: Ննջէ՛ք խաղաղութեամբ, աչքե՛ր իմ եւ հանգստացէ՛ք այսուհետ, քանզի երկար ժամանակ արթուն մնացիք եւ մինչեւ օրս գիշեր թէ ցերեկ կատարեցիք հոգեւոր պաշտամունքները: Մնացէ՛ք խաղաղութեամբ, յոգնած ի՛մ ձեռքեր, որ եռանդուն աշխատեցիք եւ պահեցիք մեր Քրիստոս Աստուծոյ այգին: Մնացէ՛ք խաղաղութեամբ, աշխատասէր ի՛մ ոտքեր, որ միշտ ոտքի վրայ էիք լինում աղօթելիս":

 

Երբ նա խօսում էր այսպէս, ես դառնապէս լաց էի լինում: Եւ երբ աւարտեց, ես սկսեցի դողալ, որովհետեւ հոգիս տրտմել էր ու խռովուել նրանից բաժանուելու համար: Այնժամ նա գրկեց ինձ, համբուրեց ու ասաց. "Թող Աստուծոյ խաղաղութիւնը քեզ հետ լինի, եղբա՛յր Սրապիոն, եւ թող Աստուած ըստ քո սրտի՝ բարի հատուցում տայ քեզ, որովհետեւ չարչարուեցիր ինձ համար: Դու երանելի ես, եղբա՛յր: Թող Աստուծոյ խաղաղութիւնը լինի անապատի ու լեռների բնակիչների եւ ամբողջ աշխարհի վրայ, եւ թող Տէր Յիսուս Քրիստոս խաղաղութեամբ յաւիտեան հաստատուն պահի Իր սուրբ Եկեղեցին: Իսկ քեզ, եղբա՛յր Սրապիոն, պատուիրում եմ, որ իմ թշուառ ոսկորներից մաս անգամ չտանես քեզ հետ, ոչ մի հանդերձ չհագցնես ինձ, այլ թաղես այս մազածածկոյթով, որով Աստուած զգեստաւորեց ինձ: Եւ դու երկար մի՛ մնայ այստեղ, այլ գնա՛ յաջորդ գիշերուայ մէջ եւ գիշերուայ հինգերորդ ժամին քո տեղում կը լինես":

 

Այս ասելուց յետոյ երկնքից ձայն եկաւ, որն ասաց. "Բերէ՛ք անապատի ընտրեալ անօթին, բերէ՛ք արդարութիւն գործողին, որը կատարեց Իմ կամքը: Բերէ՛ք այդ կատարեալ քրիստոնեային՝ բարի եւ հաւատարիմ ծառային": Այնժամ փութով ասաց ինձ. "Ե՛կ, եղբա՛յր Սրապիոն, խոնարհուենք աղօթելու": Երկնային «Բերէ՛ք ընտրեալ անօթը» ձայնը լսելուց յետոյ նա դողում էր ահից, բայց ուրախ էր ու ամբողջովին զուարթ երեսով: Եւ երբ խոնարհուեցինք՝ աղօթելու, ես ձայն լսեցի, որն ասաց. "Տարածի՛ր քո թիկնոցը եւ ա՛ռ": Եւ ես ապշած դողում էի: Երբ լսեցի ձայնը, իսկոյն վեր նայեցի ու հրեշտակների դասի մէջ տեսայ սպիտակ թիկնոցով պատուած աբբայ Մարկոսի երանելի անբիծ հոգուն: Հրեշտակների զօրքերի գնդերը պատուով, սաղմոսներով ու փառքով նրան երկինք էին տանում:

 

Բացուեց առաւօտը, եւ ես տեսայ սատանայի ուշադրութիւնը, տեսայ եւ հոգիների քննիչներին, որոնք եկան եւ մէկ ժամ արգելեցին սուրբին վեր բարձրանալ: Եւ երկնքից ձայն լսեցի, որն ասաց. "Հեռացէ՛ք, խաւարի՛ որդիներ": Այնժամ դեւերից մէկը բարձրաձայն աղաղակելով ասաց. "Փախէ՛ք, հեռացէ՛ք, սատանայի՛ որդիներ, դուք պիտի ամօթահար լինէք, որովհետեւ այդ մարդն արդար է": Եւ երբ նրա հոգին անցաւ սատանայի բոլոր փորձութիւնների միջով, այնժամ նրա վրայ տեսայ հրեղէն Աջ, որն այնուհետեւ իմ աչքից աներեւոյթ եղաւ: Ես արտասուելով աղօթեցի նրա սուրբ մարմնի վրայ, ապա այն քարայր տանելով, թաղեցի այնտեղ եւ քարերով փակեցի քարայրի դուռը: Ես աղօթեցի լերան վրայ եւ աղաչեցի Աստծուն, որ սուրբ հայր Մարկոսի աղօթքներով տայ Իր օգնականութիւնը՝ այդ լերան վրայից ու ահռելի անապատից ինձ դուրս բերելու համար:

 

Երեկոյեան, երբ արեգակը մայր էր մտել, տեսայ այն մարդկանց, որոնց տեսել էի անապատում՝ Յովհաննէս ծերի տանը, եւ որոնք ինձ զօրութիւն էին տուել: Նրանք մօտեցան ինձ ու ասացին. "Ողջո՛յն քեզ, եղբա՛յր Սրապիոն: Երանի՛ քեզ, որ արժանացար տեսնելու Աստուծոյ երկիւղն ունեցող այն սուրբ մարդուն: Ճշմարտապէս դու այսօր թաղեցիր սուրբ աբբայ Մարկոսի երանելի մարմինն ու արժանացար օրհնուել նրանից, որի նմանը եւ հաւասարը չկայ աշխարհում: Այժմ գնանք այս գիշերուայ հով քամու հետ, որովհետեւ դու չես կարող գալ ցերեկուայ սաստիկ տօթին":

 

Եւ մօտ հինգ ժամ քայլեցինք միասին՝ խօսելով Աստուծոյ բարերարութեան եւ սուրբ Մարկոս ծերի մասին: Նրանք ինձ ասացին. "Այժմ գնա՛ խաղաղութեամբ եւ աղօթի՛ր մեզ համար": Եւ երբ նրանք հեռացան, տեսայ, որ ես գտնւում եմ Յովհաննէս մեծ ծերի մուտքի մօտ, որտեղից ճանապարհ էի ընկել: Ինձ այնտեղ տեսնելով՝ սաստիկ զարմացած եւ հիացած օրհնում էի Աստծուն: Լսելով իմ գոհութեան ձայնը՝ Յովհաննէսն իսկոյն դուրս եկաւ ու ինձ տեսնելով՝ ասաց. "Քրիստոսի խաղաղութեամբ եկար, աբբա՛յ Սրապիոն" եւ համբուրեց ինձ: Երբ ներս մտանք, ես մէկ առ մէկ պատմեցի նրան բոլորը: Այնժամ ծերը բարձրաձայն օրհնեց Աստծուն եւ ասաց. "Արդարեւ, մենք քրիստոնեայ ենք կոչւում միայն անունով, ոչ թէ գործերով: Թող Տէրը ների մեր յանցանքները, ողորմի մեզ եւ հեռացնի թշնամու բոլոր փորձութիւններն ու որոգայթները"»

 

Աստուծոյ երկիւղն ունեցող այրերը գրեցին երանելի ծերի՝ սուրբ աբբայ Մարկոսի պատմութիւնը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:

 

 

[1] Սաղմ. ԼԳ 8:

[2] Հմմտ. Ղուկ. ԺԷ 6:

[3] Սաղմ. ԻԲ: