Որք թագաւորաց ազգաց եւ ազանց գերագոյն ցուցին.
Արփիափայլ զերգս հոգեւորս ընտրեալ դասուց վերին Սիովնի.
Անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Որ խորհրդեամբ ճշմարիտ լուսոյ փառաց Անեղին.
Նկարագրեցաւ մեզ գիր կենդանի յարգանդ մաքուր մեծին Մեսրովպայ.
Անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Որ զծածկեալ խորհուրդ աստուածգիտութեան.
Տնօրինաբար յայտնեալ ծանուցին՝ հանգոյն սրբոյ մեծին Մովսէսի.
Անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Որ յօրինակ ճշմարիտ սիրոյ սուրբ առաքելոցն.
Աղբերաբար ի ձեզ էացաւ Հոգի շնորհաց բղխումն անսպառ.
Անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
(Շարակնոց)
Մեր լուսաւորիչները եւ ընդհանրական եկեղեցու լուսատու պայծառ ջահերը՝ սուրբ հայրապետ Սահակ Պարթեւը եւ սքանչելագործ Մեսրոպ վարդապետը, բազմաթիւ օրէնքներ ու կանոններ սահմանեցին Հայաստանեաց Եկեղեցում:
Տեսնելով, որ հասել է Հայոց թագաւորութեան վերջը, Մեսրոպը երկրի խռովութիւններն իր համար համբերութեան նիւթ դարձրեց: Նա Տարոնի Հացեկաց գիւղից էր, մեծացել եւ ուսում է առել Ներսէս Մեծի մօտ, իսկ նրա վախճանից յետոյ արքունիքում քարտուղար նշանակուել: Սակայն նա սիրեց մենակեցութիւնը, ինչպէս ասել է մէկը, թէ ինչպէս որ ալէկոծուած նաւն է շտապում հասնել դէպի նաւահանգիստը, այնպէս էլ ժուժկալ անձն է ձգտում դէպի անապատը: Այդպէս էլ նա, փախչելով աշխարհական զբաղմունքներից ու արհամարհելով մարմնաւոր պատիւը, գնաց երկնաւորի յետեւից: Եկաւ Գողթն գաւառ, ուր բնակուեց մենակեցութեան կարգով: Այդտեղ թաքնուած հեթանոսական աղանդը, որը Տրդատի օրերից մինչեւ այդ ժամանակները ծածուկ էր մնում եւ ի յայտ եկաւ Արշակունեաց թագաւորութեան օրօք, նա վերացրեց գաւառի իշխանի օգնութեամբ, որի անունն էր Շաբիթ: Այստեղ երեւացին աստուածային սուրբ նշաններ, ինչպէս սուրբ Գրիգորի ժամանակ. դեւերը, մարմնաւոր կերպարանք առած, հալածւում էին դէպի Մարաց կողմերը: Սրանից ոչ պակաս գործեր արեց նաեւ Սիւնեաց աշխարհում այդ երկրի Վաղինակ անունով իշխանի օգնութեամբ:
Երանելի Մեսրոպն ուսուցանելիս ոչ քիչ նեղութիւն էր կրում, որովհետեւ ինքն էր թէ՛ կարդացողը եւ թէ՛ թարգմանողը, իսկ եթէ մէկ ուրիշն էր կարդում, ու ինքն այդտեղ չէր լինում, ընթերցվածքը ժողովրդին անհասկանելի էր մնում թարգմանիչ չլինելու պատճառով: Ուստի նա մտադրուեց մի հնար գտնել՝ հայոց լեզուի տառեր ստեղծելու համար:
Այդ նպատակով Մեսրոպն իր աշակերտների հետ իջաւ Միջագետք՝ Դանիէլ եպիսկոպոսի մօտ, եւ նախկինից աւելի ոչինչ չգտնելով՝ գնաց Եդեսիա՝ Պլատոն անունով մի ճարտասան հեթանոսի մօտ, որը դիւանապետ էր: Նա Մեսրոպին ընդունեց մեծ ուրախութեամբ, խոստովանեց իր անգիտութիւնը եւ ասաց, որ ունեցել է Եպիփան անունով շատ հմուտ մի ուսուցիչ, որը յետոյ Եդեսիայի դիւանից վերցրել է իմաստասէրների գրուածքները, գնացել ու քրիստոնէութիւն ընդունել: «Նրան փնտռիր, - ասաց, - որպէսզի կատարուի քո ցանկութիւնը»:
Այնժամ Մեսրոպը, օգնութիւն գտնելով Բաբիլոս եպիսկոպոսից, անցնում է Փիւնիկէով եւ գնում Սամոս քաղաք, քանի որ Եպիփանը վախճանուել էր ու թողել Հռուփանոս անունով իր աշակերտին, որը հելլեն դպրութեան հրաշալի գիտակ էր եւ առանձնացել էր Սամոս քաղաքում: Գալով սրա մօտ եւ դարձեալ օգուտ չգտնելով՝ Մեսրոպն ապաւինում է աղօթքին: Եւ ո՛չ երազային քնի ու ո՛չ էլ արթուն ժամանակ, այլ սրտում՝ հոգու աչքերին, երեւում է աջ ձեռքի թաթ, որ գրում էր քարի վրայ: Քարը խազերի հետքը պահում էր ինչպէս ձեան վրայ: Եւ ոչ միայն երեւացին իրեն, այլեւ գրերի բոլոր եղանակները հաւաքուեցին նրա մտքում, ինչպէս մի անօթում: Եւ ապա աղօթքից յետոյ նա ստեղծեց մեր նշանագրերը, Հռուփանոսի հետ ձեւակերպեց իր պատրաստած գրերը՝ հայերէն տառերը ճիշտ յարմարեցնելով ըստ յունարէն հնչիւնների: Եւ իսկոյն Յոհան Եկեղեցացու եւ Յովսէփ Պաղնացու հետ ձեռնարկեցին թարգմանչութեան գործը՝ խորհրդաբար սկսելով Սողոմոնի առակներից, ապա քսաներկու յայտնի գրքերը եւ Նոր Կտակարանը՝ փոխադրելով դրանք հայերէն լեզուի ու միաժամանակ աւելի կրտսեր աշակերտներին սովորեցնելով գրչութեան արուեստը:
Վրաց աշխարհ գնալով՝ Մեսրոպն իրեն տրուած երկնային շնորհով ոմն Ջաղայի հետ, որը յունարէն եւ հայ լեզուների թարգմանիչ էր, նրանց համար եւս ստեղծեց նշանագրեր՝ օժանդակութիւն գտնելով վրաց Բակուր թագաւորից եւ Մովսէս եպիսկոպոսից: Ընտրեց երեխաներ, բաժանեց երկու դասի ու նրանց համար ուսուցիչներ թողեց իր աշակերտներին՝ տէր Խորձենացուն եւ Մուշէ Տարոնացուն:
Հայոց պատմագիր Մովսէս Խորենացին, խօսքը դարձնելով նրա յուղարկաւորութեանը, գրում է. «Ինչպէս լսեցի բազմաթիւ եւ արժանահաւատ անձանցից, խաչի ձեւով աղօտ լոյս էր շողում այն տան վրայ, որտեղ երանելի աւանդեց իր հոգին: Այդ շողքը շուտով չանհետացաւ, տեսանելի եղաւ շատերին, այնպէս որ շատ անհաւատներ մկրտուեցին: Այդ ժամանակ ժողովուած բազմութեան մէջ աղմուկ եւ շփոթութիւն ծագեց՝ այն պարկեշտ մարմինը թաղելու տեղի պատճառով, որը դեռ մահից առաջ մեռելութեան էր վարժեցրել իրեն: Բաժանուել էին երեք խմբի. մի մասն առաջարկում էր տանել Տարոն՝ իր ծննդավայրը, միւսները՝ տանել Գողթն, որտեղ առաջին անգամ ուսուցանել էր, մի մասն էլ առաջարկում էր թաղել հէնց Վաղարշապատ քաղաքում, սրբերի հանգստարանում: Բայց յաղթեց քաջ Վահան Ամատունին, որն աւելի ջերմեռանդ էր հաւատով եւ հզօր էր մարմնաւորապէս, որի համար պարսիկներն այդ ժամանակ նրան էին վստահել մեր Հայոց երկրի հազարապետութիւնը: Նա վերցրեց սուրբի մարմինը եւ արժանավայել յուղարկաւորութեամբ տարաւ իր գիւղը՝ Օշական: Եւ նոյն լուսեղէն Խաչը դագաղի վրայ գնում էր՝ դէմ յանդիման ամբողջ ժողովրդի, մինչեւ որ Վահանը եւ նրա սպասաւոր Թաթիկը նրան հողին յանձնեցին, որից յետոյ Խաչի նշանն աներեւոյթ եղաւ»:
ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ
Հայաստանեայց մեծ հայրապետ սուրբ Սահակ Պարթեւը մեր սուրբ Լուսաւորչի թոռնորդու թոռն էր: Թերեւս աշխարհի մէջ չեն եղել նրանց նման վեհագոյն հայրեր եւ վեհագոյն որդիներ: Ղեւտացիների պէս 140 տարիների չափ քահանայապետական իշխանութիւն՝ վեց սերունդների միմեանց յաջորդութեամբ, Աստուած շնորհեց միայն մեր Հայ Եկեղեցուն:
Սահակը կրթուեց Կոստանդնուպօլսում եւ Կեսարիայում: Յունարէնը գիտէր իբրեւ մօրական լեզու եւ կրթուելուց յետոյ այնքան վարժ էր տիրում այդ լեզուի քերականական արուեստին, որ անգամ գերազանցում էր բնիկ յոյն վարդապետներից շատերին: Ասորերէն լեզուն, անշուշտ, գիտեր բաւարար չափով, պարսկերէնն էլ՝ իբրեւ Հայաստանում տիրող լեզուի, իսկ իր եւ մեր բնիկ լեզուի համար կարելի է նրան հայոց լեզուի արքայ կոչել, եւ այդ վկայում է հայերէն «Աստուածաշունչ» մատեանը, որը նրա ոսկէ գրչից եւ մեղրածոր լեզուից վերցրել է այնպիսի մեծ սահունութիւն, որ հայերենի նման քաղցր, մեղմ ու քնքոյշ թարգմանութիւն չկայ որեւէ այլ ազգի մէջ: Թերեւս այս առումով հայերէն «Աստուածաշունչ» մատեանը արժանապէս գերազանց է դասւում Սուրբ Գրքի բոլոր թարգմանութիւնների մէջ:
Լուսաւորչի Աթոռին ժառանգ տալու համար սուրբ Սահակն ամուսնացաւ վաղ տարիքում, սակայն Աստուած սահմանել էր իրենով դադարեցնել այն յաջորդութիւնը, որը յայտնեց նրան հրաշալի երկար տեսիլքով, երբ սարկաւագ էր եւ Աւագ հինգշաբթի գիշերը հսկում էր Վաղարշապատի մայր Եկեղեցում՝ սուրբ Էջմիածնում: Ունեցաւ միայն մէկ դուստր, որին իր անուամբ Սահականոյշ կոչեց եւ կնութեան տուեց Համազասպ Մամիկոնեանին: Համազասպից ծնուեցին երեք սահակավայել կորիւնները՝ Կարմիր Վարդանը, Համազասպը եւ Հմայեակը, որոնցից առաջինին որդեգրեց իրեն՝ որպէս հարազատ ժառանգ: Վարդանը եւս իր սուրբ պապի պէս արու զաւակ չունեցաւ, այլ երկու աղջիկ՝ Վարդանոյշին եւ Շուշանիկին, որոնց Սահակ Մեծը մեծացրեց իր պապական ծնկների վրայ, համարեց իր ժառանգորդները՝ բաժին թողնելով նրանց իր սեփական հայրենի ժառանգութիւնից: Հաւանօրէն սուրբ Սահակը տեսաւ իր թոռների թոռներին, գոնէ Շուշանիկի շառաւղին, որն, աւա՜ղ, ամուսնացաւ դժնի վրաց բդեշխ Վազգէնի հետ, թէպէտ այդպիսով նա էլ աւելի զարմանալի եւ տօնելի եղաւ: Վարդանի միւս եղբօր ցեղն իր արու զաւակներով յաջորդեց մինչեւ ԺԳ դարը (թերեւս դրանից յետոյ էլ) եւ սուրբ Սահակի արիւնակցական ժառանգութեամբ Պահլաւունի կոչուեց, արեան հետ արժանապէս արդիւնքն էլ ժառանգեց եւ ԺԱ-ԺԲ դարերում շատ արժանաւոր անձինք ընծայեց աշխարհին ու Եկեղեցուն: Եւ այսպէս կատարուեց իր տեսիլքի մէջ հրեշտակի խոստումը, թէ վերջին ժամանակներում իր ցեղից նոր քահանայապետեր պիտի ելնեն, որոնք ԺԱ դարի կէսից մինչեւ ԺԳ դարը Գրիգորեաններն ու Ներսիսեաններն էին:
Սուրբ Սահակի վարքն իր անձին եւ ազգային պատմութեանը չորս նշանափայլ երեւոյթներ ընծայեցին. - Ա. ուսումնական պայծառութիւն կամ հայերէն դպրութիւն, որը զարգացաւ իր գործակցութեամբ, - Բ. եկեղեցական կարգերի վայելչութիւն, որոնց կարելի է ասել հիմնադիրն է սուրբ Լուսաւորչից յետոյ, - Գ. աշխարհաքաղաքական տեսչութիւն, որին իր հօր ու շատ այլ հայրապետների հետ հաւասար մասնակից եղաւ, - Դ. անձնական առաքինութիւններ կամ նուիրական կեանք: Սրանցով սուրբ Սահակն իր խորին տեսութեամբ, հարուստ հանճարով, ջերմ սրտով, գործունեայ կամքով եւ վսեմ զգացումներով հանդէս է գալիս որպէս աշխարհի մէջ փայլած հոգիներից մէկը:
Որքան սուրբ, փառաւոր եւ պայծառ էին սուրբ Սահակի ժամանակների եկեղեցական կեանքն, այնքան էլ անշուք եւ շնորհազուրկ էր մեր բնիկ երկրի քաղաքական վիճակը: Տիրան թագաւորը, որն, անփորձ լինելով, նոր էր նստել գահին, իր ոչ քրիստոնեայ, արատաւոր եւ մեղաւոր վարքով սկիզբ դրեց ազգի կործանման: Նրա դէմն առնելու համար սուրբ Սահակի պապահայր սուրբ Յուսիկը զոհ դարձաւ: Տիրանի յաջորդը՝ Արշակը, որն աւելի չար էր, քան իր հայրը, Յուսիկ քահանայապետից աւելի վեհ քահանայապետ ունեցաւ, որն էր նրա թոռը՝ սուրբ Ներսէսը: Եւ ապա Տիրոջ 389 թուականին Ներսէս Մեծի աթոռը զբաղեցրեց նրա արժանաժառանգ որդին՝ Սահակ Մեծը, որն այդ ժամանակ լինելով վախճանուած հօր տարիքին ու զարդարուած նրա ձիրքերով եւ շնորհներով, նորոգեց նրա քահանայապետութիւնը ու ամբողջ կէս դար վարեց այն: Խոսրովը սրանից աւելի մեծ շնորհ չէր կարող իր ազգին անել: Եւ այնքան մեծ ու գովելի եղաւ այդ շնորհը, որ դրանով իր անձնական շահին վնաս բերեց, որովհետեւ այդպիսի կաթողիկոսն իր աթոռի հեղինակութիւնից զատ ազգական էր նաեւ թագաւորներին եւ ազգի վրայ մեծ ազդեցութիւն պիտի ունենար: Այս բանը վախեցրեց պարսից թագաւորին: Խոսրովն առանց նրան իմաց տալու այդպիսի նշանաւոր անձին հայոց սրբազան գահին բարձրացրեց, որի համար պարսիկները երկուսին էլ մեղաւոր համարեցին, եւ քանի որ Խոսրովը նաեւ ուրիշ ինքնագլուխ գործեր էլ էր անում ու սպառնում էր մինչեւ իսկ պարսիկներից ազատուել եւ յոյներին հնազանդուել, պարսից թագաւորը դրդեց իր Արտաշիր որդուն, որպէսզի հեռացնի Խոսրովին թագաւորութիւնից, Սահակին էլ՝ հայրապետութիւնից: Խոսրովը խաբուեց ու Արտաշիրի ձեռքն ընկաւ, եւ տեղը 390 թուականին զբաղեցրեց Վռամշապուհը, որն, իր եղբօրից առաւել զգուշաւոր եւ վախկոտ գտնուելով, ինքնագլուխ բան չէր անում:
Իսկ Սահակն իր սուրբ հօր նման եղաւ քաղաքական դասակարգութիւնների, յատկապէս երկրի խաղաղութեան եւ շինութեան նորոգողը: Սակայն երկրի հոգսերը թողնելով Վռամշապուհ խոհեմ թագաւորին՝ Սահակն սկսեց մեծ հոգատարութեամբ եւ ջանքերով հաստատել ու մեծացնել իր ժառանգութիւնը, որի համար բաւական գիտութիւն, հմտութիւն, կամք եւ ոյժ ունէր, սակայն այն ամուր եւ մնայուն պահելու համար մի կարեւոր հանգամանք կար, որը պակասում էր իր հօրը, Յուսիկին եւ անգամ սուրբ Լուսաւորչին: Դա ազգային լեզուով դպրութիւնն էր, որը չկար՝ բնիկ հայերէն գիր չունենալու պատճառով: Ուստի պէտք էր հայերէն գիր ստեղծել, եւ այդ գործն Աստուած չտուեց մեր քահանայապետին՝ մովսիսանման գաւազանին, այլ իր ահարոնանման աջակցին՝ Մեսրոպին: Այս անձն ամէն բանում լծակից եւ գործակից եղաւ Սահակ Մեծին: Նա սուրբ Ներսեսի օրօք եկեղեցու սպասաւոր էր, ապա հմուտ թարգմանիչ եւ գրիչ լինելով՝ որպէս քարտուղար մտաւ հայոց արքունիք: Մի քանի տարի անց թողեց արքունիքը, առանձնացաւ մենակեցութեամբ ու ճգնութեամբ եւ հոգին ու միտքը լուսաւորելով աստուածային շնորհներով՝ ելաւ (396թ.) քարոզելու եւ վարդապետելու զանազան կողմերում՝ առաւելապէս Սիւնիքում: Այդ ամբողջ ընթացքում սուրբ Մեսրոպն աւելի ու աւելի զգաց ազգային գրի եւ դպրութեան անհրաժեշտութիւնը, որի համար եկաւ խորհրդակցելու սուրբ Սահակի հետ: Եւ տեսաւ, որ կաթողիկոսը եւս համակուած է նոյն մտահոգութիւններով, սակայն վերջինս եկեղեցական այլ հոգսեր ունենալու պատճառով յանձնարարեց Մեսրոպին առանձնակի խնամքով հետամուտ լինել այդ խնդրին: Անձամբ գնալով թագաւորի մօտ՝ նրան եւս յորդորեց այդ գործը գլուխ բերելու համար, իսկ բարեսէր թագաւորն էլ օգնեց նրան թէ՛ նիւթապէս եւ թէ՛ իր աշխարհիկ ծանօթութիւններով:
Չերկարացնենք այս պատմութիւնը, այլ միայն ասենք, որ ազգութեամբ ասորի Դանիէլ եպիսկոպոսը նշանագրերը յանձնեց սուրբ Մեսրոպին (404 թ.), որն էլ բերեց Հայաստան: Երկու տարի երեխաներին ուսուցանելու համար նա դրանք գործածեց դպրոցներում եւ հասկացաւ, որ դանիէլեան նշանագրերը թերի էին: Շատ այլ փնտռտուքներից եւ մինչեւ Սամոս ուղեւորութիւններից յետոյ, որտեղ աւելի շատ աղօթքներով ու աստուածային յայտնութեամբ, քան թէ մարդկային հնարքներով, գտաւ եւ յարմարեցրեց իր եւ մեր փափագելին (406 թ.): Ապա ձեռնարկեց Սողոմոնի «Առակաց» գիրքը հայերէն թարգմանելու եւ գրելու գործը:
410 կամ 411 թուականին սուրբ Սահակը թագաւորի եւ բոլոր եպիսկոպոսների խնդրանքով յանձն առաւ գլխաւորել «Աստուածաշունչ» գրքի թարգմանական գործը եւ սուրբ Մեսրոպի հետ բոլոր եկեղեցական պաշտամունքների եւ ծէսերի, այսինքն «Մաշտոց» գրքի կազմաւորումը՝ մի մասը թարգմանելով զանազան հայրերից, մի մասը նոր շարադրելով եւ մի մասն էլ Լուսաւորչի գրածները հայերէնի փոխարկելով: Ընդհանուր թարգմանչական աշխատանքների սկիզբը համարւում է 411, իսկ աւարտը՝ 426 թուականը: Այդ տարիների ընթացքում գրուեցին եւ կանոնակարգուեցին «Մաշտոց» եւ «Աստուածաշունչ» գրքերը հաւանաբար քաջ Մովսէս Խորենացու գրագրութեամբ, որը սուրբ Մեսրոպի քեռորդին էր եւ սուրբ Սահակի գրիչը:
Թարգմանութիւնների գլուխգործոցը եղաւ «Աստուածաշունչ» գիրքը: Սուրբ Սահակի հեղինակօրէն շարագրածները թէ՛ իր մատենագրական հանճարի եւ թէ՛ իր եկեղեցական կարգերի եւ հոգեսիրութեան աներկբայ հաւաստիքն են: Նա կարգաւորել է հայկական Տօնացոյցը, գրել եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշտօնեաներին, հայ ընտանիքին, ամուսնութեանը եւ այլ հարցերին վերաբերող բազմաթիւ կանոններ, գրել եւ եղանակաւորել է շարականներ, պատարագամատոյց, ծիսական աղօթքներ: Նրա բոլոր գրուածքների լեզուն ունի սքանչելի յստակութիւն եւ մաքրութիւն, որն իր հոգեկիր եւ արիւնաժառանգ սուրբ Շնորհալուց բացի թերեւս ուրիշ մէկը չկարողացաւ ստանալ:
Այս աստուածատուր ու ամենահարկաւոր եկեղեցական եւ ուսումնական գործերը կարգաւորելուց յետոյ Սահակ Մեծը ջանաց նաեւ ծառայել իր ազգին եւ թեմին: Պէտք է նշել նաեւ նրա սուրբ վարքի նրբագոյն կերպարը, աստուածային համակամութիւնը եւ ներքին կապն Աստուծոյ հետ, որում այնքան գերազանց էր, քան անգամ իր սուրբ նախնիները, մինչեւ իսկ անաչառ պատմիչը համարձակ վկայում է, թէ «Նա բոլոր առաքինութիւններով նմանուեց հայրերին, սակայն առաւել եղաւ նրանցից, որովհետեւ ունեցաւ վաթսուն աշակերտներ, որոնք խարազնազգեստ կրօնաւոր այրեր էին, շրջում էին նրա հետ, անապատականների պէս մշտամռունչ աղօթքներով կատարում էին կանոնները եւ հոգում աշխարհի կարեւոր խնդիրների համար»: Սուրբ Սահակն իր ամբողջ կեանքում այնպէս էր միաձուլել հոգեւոր եւ աշխարհիկ հոգսերը, որ կարծում էին, թէ նրա միեւնոյն կերպարի մէջ երկու անձ կար. մէկը, որ ապրում էր աշխարհում եւ արքունիքում՝ հոգալով ընկերոջ եւ ազգի համար, իսկ միւսը՝ անապատում եւ առանձնութեան մէջ՝ իր հոգու եւ Աստուծոյ մասին խորհրդածութեամբ: Այդպէս էր անում նախքան կաթողիկոսութիւնը, այդպէս՝ կաթողիկոսութեան ժամանակ եւ այդպէս՝ նաեւ իր կեանքի վերջում: Եւ թէեւ հիմա փափագում էր ամբողջովին առանձնանալ, սակայն եպիսկոպոսներից եւ այլ պատուական քահանաներից շատերը չէին ցանկանում զրկուել սուրբի մշտաբուխ վարդապետութեան աղբիւրից:
Վռամի մահից յետոյ նրա յաջորդի՝ Յազկերտի զօրքը եկաւ Բագուան, եւ ահա այս տարաժամ ու անդէպ խառնաշթոփ իրավիճակից պէտք էր հեռու պահել մահուանն ու անմահութեանը հասած հայրապետին, որն արդէն հիւանդութեան պատճառով մօտ էր անկողնուց գերեզման իջնելու: Հայրասէր ու հաւատարիմ աշակերտները գրկած եւ ոչ թէ պատգարակով վերցրին նահապետ հայրապետին ու Լուսաւորչի վերջին ժառանգորդին եւ տարան մի քանի ժամ անցնելիք հեռաւորութեան վրայ գտնուող Ալաշկերտի Բլուր կոչուող գիւղը, որն ապահով եւ ճանապարհից հեռու մի վայր էր: Երբ այնտեղ հիւանդութիւնը ծանրացաւ, իմաց տրուեց նրա ծանօթներին: Պատերազմի պատճառով հաւանաբար սուրբ Վարդանը հեռացել էր, բայց նրա կինը՝ Դստրիկը, եւ միւս եղբայրներն ու մերձաւորները եկան իրենց պապի եւ ամենայն Հայոց հօր մօտ: Կռթնած մահուան բարձին՝ իր համանուն եւ համահունչ Իսահակ նահապետի նման գրեց աշխարհական եւ հոգեւոր կտակներ, իր գիւղերի եւ ագարակների հասոյթները եւ ընդմիշտ իրեն պատկանող ամէն բան տուեց ու կնքեց իբրեւ նրանց եւ նրանց զաւակների յաւիտենական ժառանգութիւն: Սակայն աւելի շատ առատապէս տուեց իր անկողոպտելի ունեցուածքը. բազմութեան առաջ բարձրացրեց իր ձեռքերը, օրհնեց նրանց եւ պատուիրեց անխախտ պահել սուրբ Գրիգորի վարդապետութիւնը, որը նա սովորեցրել ու արդարութեամբ աւանդել էր ծառայել ամբողջ Հայոց աշխարհին, երկրպագել միմիայն ճշմարիտ Աստծուն եւ մեր Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսին: Ապա նոյն պատուէրը եւ օրհնութիւնը տալով իր հաւատարիմ աշակերտներին՝ ամբողջովին ամփոփուեց ինքն իր մէջ եւ թերեւս իբրեւ վերջին հրաժեշտը տալով աշխարհին՝ մէկ անգամ եւս մտքով անցկացրեց իննսունամեայ կեանքի բազմակերպ դրուագները, փոփոխութիւնները, քսանից աւելի իրար յաջորդող թագաւորներին, որոնց տեսել էր երեք՝ Հայոց, Յունաց եւ Պարսից տէրութիւններում, տեսակցել եւ զրուցել նրանցից շատերի հետ իր երկրի կերպ-կերպ եւ շատ ողբալի դիպուածների շուրջ. Տիրանի կուրութիւնից մինչեւ Արտաշէսի աքսորուելը, յատկապէս եկեղեցում կատարուած իրադարձութիւնները, իր մեծ պապի՝ Յուսիկի բրածեծով մահից մինչեւ իր անարժան աթոռակցի՝ Շամուէլի մահը: Իր ազգին ու Եկեղեցուն, երախտաւորներին ու ապերախտներին եւ ապա մանկուց Տիրոջը փափագած ու կարօտած իր հոգին յանձնեց Աստծուն՝ խաղաղական հանգստեամբ փոխուելով այս աշխարհի կեանքից դէպի երկնքի Արքայութիւն, որ եղաւ 439 թուականի սեպտեմբերի եօթին՝ հինգշաբթի օրը[1]՝ օրուայ երկրորդ կամ երրորդ ժամին: Մեծ անանձնականը, մահկանացու լինելով, անմահ յիշատակ թողեց, պատուեց Աստուծոյ պատկերը, պատկառեց Կանչողից, այս կեանքից յաւիտենական կեանք փոխադրուեց եւ այդքան տարի այնպէս կենցաղավարեց, որ ծերութիւնից նրա վրայ ոչ մի պակասութիւն չերեւաց եւ ոչ էլ որեւէ ախտի ենթակայ եղաւ:
Հանգի՛ստ քո սրբասուն մարմնիդ երկրի վրայ եւ փա՛ռք պայծառ հոգուդ երկնքում: Սակայն ի՞նչ ասենք քո մերձաւորներին, քո անմխիթար սուրբերին, քո կարօտեալ աշակերտներին, որոնք երկար ժամանակ երկրէերկիր պանդխտութիւնից յետոյ Ալեքսանդրիայից, Բիւզանդիայից, Աթէնքից եւ Հռոմից պիտի գային դէպի քո ամենընկալ հայրագորով գիրկը եւ քեզ ութ կամ տասը տարիների մտաւոր աշխատանքների պտուղներն ընծայէին: Իսկ հիմա ո՞ւր է քո քաղցր աչքի մեղմութիւնն արդարների եւ ահաւորութիւնը մեղաւորների հանդէպ: Ո՞ւր է բարի աշակերտներին ժպտացող զուարթարար ժպիտը, եւ ո՞ւր է սպասաւորներին ընդունող ուրախամիտ սիրտը: Հեռացաւ ժողովողը եւ օգնականը, թռաւ նաւահանգիստը, լռեց յորդորող ձայնը: Գանք հեռուներից եւ ընկերենք այն յուղարկաւորներին, որոնց աշխարհականներին գլխաւորում էր Մեծ Վարդանի կինը, իսկ եկեղեցականներին՝ Երեմիա երէցը՝ սուրբի սարկաւագապետը, աշակերտների եւ խարազնազգեստ միաբանների, քահանաների, իշխանների եւ բոլոր տեղերից հաւաքուած հասարակ ժողովրդի հետ, որոնք, լեռնէլեռ, ձորէձոր անցնելով, Արածանու հառաչաձայն ալիքների ողբ ու լացի տակ քարքարոտ ճամփով իջան Տարօն գաւառ եւ դադար առան նրա հիւսիսակողմը պարսպող լերան ստորոտում, ուր հանգուցեալի սեփական կալուածքն էր եւ հնում մատուցուող զոհաբերութիւնների բուն վայրը՝ Յաշտիշատ գիւղը: Այնտեղ պատուական տապանի մէջ պիտի ամփոփէին այն աստուածանման հոգու անարատ պահարանը՝ սուրբի պարկեշտ մարմինը, որի վրայ յետոյ պիտի շինուէր նրան արժանի մեծապայծառ եկեղեցի եւ սուրբ վկայարան՝ պատուական եւ մեծարժէք սպասքով:
Նա երանելի էր, որովհետեւ ունեցաւ Վարդանի պէս թոռ եւ Մամիկոնեանների նման բարեպաշտ եւ ջերմ սիրտ ունեցող ազգականներ, որոնք կարողացան այլ նախարարների ապերախտութեան փոխարէն մեծագործ սուրբ յիշատակարան-եկեղեցի կանգնեցնել իրենց նահապետի նշխարների վրայ: Արժանապէս այնքան մեծ եւ փառահեղ էր այս տաճարը, որ 200 տարի անց՝ 639 թուականին, երբ հագարացիներն առաջին անգամ մտան Հայաստան, հասարակ եկեղեցիներն անտեսելով՝ քանդեցին աչք զարնողները, որոնցից չորսը յիշատակւում է անուանապէս, եւ առաջինը սա էր: Յայտնի է, որ յետագայում դարձեալ վերաշինուեց վայելչապէս, բայց, ինչպէս ասում են, Լէնկթեմուրը դա էլ քանդեց եւ նրա քարերով Արածանու Սուլուխ գիւղի մօտ կամուրջ կապեց: Մինչ օրս տեսանելի են հին եկեղեցու աւերակները, մամիկոնեան մեծ գործի հետքերը, որոնց մէջ փոքրիկ մատուռը տասնչորս դար ծածկում է Սահակ Մեծի գերեզմանը:
Նրա մեծ տօնի օրը մինչեւ այսօր այցելում են խոնարհամիտ ուխտաւորներ՝ փոխարէն այնքան հեռաւոր եւ մերձաւոր ազգականների, որոնց հարկ էր եւ պատշաճ էր ոչ միայն դարձեալ վայելուչ եկեղեցի շինել, այլ եթէ աւելի առատութիւն եւ ազատամտութիւն բանեցնէին, մի բլրաչափ սիւն կը բարձրացնէին ի յիշատակ մեր աննման հայրապետի եւ բոլոր հայրապետների արժանաւոր օրինակի: Ցանկալի կը լինէր, որ սեան չորս երեսների վրայ քանդակուէին նրա վարքի չորս սքանչելի բնութագիրները: Առաջին երեսի վրայ գրէին ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ԱՇԽԱՐՀԱԿԵՑՈՅՑ՝ դրուագելով երկու անգամ իր ազգին տէր կանգնելը եւ երկու անգամ նրա ազնուականութեան գահնամակը[2] իրաւաբանօրէն հիմնաւորմամբ նորոգելը. առաջինը Պարսից արքունիքում եւ երկրորդը նախարարների ժողովի մէջ: Երկրորդ երեսին գրէին ՈՒՍՈՒՄՆԱՏՈՒՐ ԲԱՆԱՍԷՐ եւ շարել իր շարականները, թարգմանութիւնները՝ նախադասելով «Աստուածաշունչ» գիրքը, սուրբ Մեսրոպի կցորդութիւնը, ողջ Հայոց երկրում, Վրաստանում, Աղուանքում դպրոցներ բացելը եւ Ասորիք, Եգիպտոս, Յունաստան ու Իտալիա թարգմանիչներ ուղարկելը: Երրորդ երեսին գրէին ԵԿԵՂԵՑԱԶԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏ ու դրուագել իր գումարած ժողովները, հիմնած կանոնները, գրած եւ հաստատած եկեղեցական գրքերը, հայրապետների հետ նամակագրութիւնը եւ հերձուածներին հալածելը: Չորրորդ երեսին էլ գրէին ԵՐԿՆԱԿԵՆՑԱՂ ՍՐԲԱՍՈՒՆ՝ պատմելով նրա նուիրական ճգնազդեցիկ կեանքը եւ կեանքի վերջին ժամը: Իսկ քառակողմ սեան ծայրն էլ տաշելով՝ գագաթին դնել երկնասլաց, սպիտակ, սրտաձեւ, ոսկենախշ եւ հրաբորբ մի սափոր: Այնքան ցանկալի կը լինէր, որ այն այնքան մեծ եւ այնքան փայլուն լինէր, որ ուր էլ որ լինէինք, կարողանայինք տեսնել ու նրա վրայ կարդալ՝ սուրբ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թարգմանչաց տօնը նշում է երկրորդ անգամ՝ Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը:
[1] Իր ծննդեան նոյն օրը:
[2] Հին Հայաստանում նախարարական գահերի՝ պատուաստիճանների ցուցակ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: