Այսօր ընդ երկնային զուարթունս ժողովուրդք Հայաստանեայց.
Տօնելով զյիշատակ շառաւիղայ սրբոյն Գրիգորի.
Օրհնեցէք զՀայրն երկնաւոր:
Այսօր որդիք Թորգոմայ ծնեալք աւազանաւն յորդիս Սիովնի.
Ի յիշատակի հարցն սրբոց որդւոց մեծի Լուսաւորչի.
Գովեցէք զՈրդին Միածին:
Այսօր երկնաւոր քահանայութեանն հաղորդ քահանայք սուրբ եկեղեցւոյ.
Ընդ քահանայապետս աստուածային օրինօք պատուեալս.
Բարեբանեցէք զՀոգին ճշմարիտ՝ երգելով զփառս ի բարձունս:
(Շարակնոց)
Գեղեցիկ խորհրդով Թորգոմեան տան մեծ ռաբունապետ սուրբ Մեսրոպի հետ տօնախմբւում է նաեւ նրա գլխաւոր աշակերտներից երեքի յիշատակը, որոնք փայլեցին իրենց առաքինի սրբութեամբ եւ աստուածիմաց գիտութեամբ ու եղան Հայաստանեայց Եկեղեցւոյ լուսաւոր վարդապետներ: Քանզի թէպէտ բազմաթիւ էին սուրբ Սահակի եւ Մեսրոպի թարգմանիչները, որոնք, իբրեւ իրենց վարդապետների գործակիցներ, թարգմանիչներ կոչուեցին, սակայն այս երեքն առաւել նշանաւոր եղան իրենց գրչով, խօսքով եւ օրինակով ու անմահ յիշատակ թողեցին աշխարհում՝ մանուկ հասակից կրթուելով այնպիսի հոգեկիրթ վարժապետների ձեռամբ, որոնք կատարեալ էին իրենց առաքինի վարքով, լի էին իմաստութեան եւ հանճարի հոգով, կատարեալ՝ աշխարհի եւ աստուածային մատենագրութեան, քաջավարժ՝ արեւելեան եւ արեւմտեան լեզուների իմացութեան ու կրթուած աթենական ուսմունքի, փիլիսոփայական ու աստուածաբանական իմաստութեան մէջ: Նրանք լրացրին իրենց հայրերի պակասութիւնը եւ թողեցին բազմաթիւ թարգմանութիւններ նախնի վարդապետների եւ մեծանուն իմաստասէրների խօսքերից, նաեւ գրեցին բազմաթիւ ճառեր եւ մեկնութիւններ, տեսակ-տեսակ մատեաններ, բանասիրական, քերթողական, վիպասանական, խրատական ու կանոնական պատգամներ:
ԵՂԻՇԷ
Որքան հռչակուած է մեր Խորենացին՝ իբրեւ հայոց պատմահայր, ոչ պակաս հռչակուած եւ էլ աւելի ընթերցուած է Եղիշէն՝ Վարդանանց պատերազմի իր գեղեցիկ եւ սքանչելի պատմութեան համար, որը թերեւս մեր նախնիների մատենագրութեան մէջ ամենից սիրելի, միանգամայն եւ վայելուչ գրուածը եւ անգամ հռչակուածն է հինգերորդ ոսկէդարում: Գրքի հայերէն լեզուն յստակ է, պարզ, բայց եւ քաջարուեստ շարադրուած, մտքերը ազնիւ, պատմականի հետ վարդապետական եւ փիլիսոփայական հիւսուածքով, առկայ է զգացումների եւ մեկնութիւնների ազնւութիւն՝ առանց ճամարտակութեան, հայրենանուէր եւ ազգային ջերմեռանդութիւն, միակ Աստուծոյ սիրոյ նուրբ շնորհ եւ իբրեւ կուսական քողով պատուած դէմքերի թափանցիկ, անմեղ, սրտառուչ մի տխրութիւն, որը զմայլուելու եւ դարձեալ ընթերցելու փափագ է տալիս հասկացողներին: Եթէ միայն սա լինէր Եղիշէի գրածը, ապա նա կարող էր բռնել այն տեղը, ինչ որ բռնել է թէ՛ իր ժամանակակից եւ թէ՛ յետագայ մատենագիրների ու պատմագիրների շարքում: Եւ մեր մատենագրութեան մէջ միայն այդ գործը բաւական է նրան անմահացնելու համար:
Եղիշէն հաւանաբար Տարոնից էր եւ այդ նոյն ժամանակաշրջանի պանծալի եւ գերագոյն անձի՝ Վարդան Մամիկոնեանի ծանօթը, մտերիմը, սպասաւորը եւ դպրապետը: Եղիշէն Վարդանանց պատերազմից յետոյ ընդունել է կրօնաւորութեան կարգը եւ դրա բարձրագոյն ու խոնարհագոյն աստիճանը՝ ճգնաւորութիւնը: Անտարակոյս է նրա Քաջ Վարդանի դպրապետ, այսինքն քարտուղար լինելը: Միաժամանակ նա հմուտ էր զինուորական գործում, որի համար կարող էր լինել այն մեծ սպարապետի նախապատիւ պաշտօնեան, որը զէնքի փոխարէն ձեռքը շարժեց գրչով՝ բոցավառելով հոգին երկու կրակով՝ հայրենիքի ու հաւատքի: Այն բախտորոշ պատերազմից յետոյ, տեսնելով իր երկրի պառակտուած եւ անկայուն վիճակը, նա խոցուած սրտով հրաժարուեց թէ՛ աշխարհիկ եւ թէ՛ եկեղեցական կեանք վարելուց:
Որքան մեր ազգի՝ մինչեւ օտար երկրներում լեզուակորոյս հայազգիների հոգում մեծ եւ գրեթէ կենդանի է Քաջ Վարդանի յիշատակը, որին անմոռաց յիշում են Լուսաւորչի հետ, այնքան էլ մեծ է Եղիշէի սէրը նրա հանդէպ, թէպէտ կիսով չափ յօժարութեամբ է գրել վեհազնի գործերը ժամանակներին տիրող տխրութեան եւ երկրի տառապանքների պատճառով: Եւ բռնադատուած իր հայրենակցի, գուցէ եւ գործակից անձի՝ Դաւիթ Մամիկոնեանի կողմից՝ գրեց՝ ականատես լինելով, եւ ճառագրեց արտասուալից ողբով: Եւ այդպիսով մեծ յարգ ունի նրա գրածը, քանի որ գրեց ստուգութեամբ, գրեց իր տեսածը, լսածն ու ճանաչածը, նկարագրեց անձամբ իր գտնուած վայրերը, ինչպէս նաեւ անձանց, լինէին աշխարհիկ, թէ կրօնաւոր:
Նրա պատմութիւնը բաժանուած է եօթ մասի, որոնք ոչ գիրք են կոչւում, ոչ ճառեր, այլ գլուխներ՝ նկատի ունենալով կատարուած պատմական իրադարձութիւնները եւ այդ ժամանակաշրջանի դէպքերի փոփոխութիւնները: Ըստ ստորաբաժանման՝ այդ եօթ գլուխներն են. - Ա. Ժամանակները, - Բ. Արեւելքի իշխանի ձեռնարկած գործերը, այսինքն պարսից թագաւորի հրովարտակը եւ պատուէրը հայերին, վրացիներին եւ աղուաններին՝ զրադաշտական կրօնը եւ կրակապաշտութիւնն ընդունելու համար, - Գ. այդ պատուէրը Եկեղեցու սուրբ ուխտի միաբանութեան յանձն չառնելը, - Դ. ոմանց կողմից պառակտութիւնները, այսինքն պարսից դուռ գնացող որոշ նախարարների առերես եւ որոշ նախարարների թուլամորթութեան պատճառով քրիստոնէութիւնն ուրանալը, ինչպէս Վասակը, որի հետեւանքով երկիրը երկու մասի բաժանուեց, - Ե. պարսից զօրքերի մուտքը Հայաստան, - Զ. Հայաստանի ընդդիմանալը պատերազմով, որը Վարդանանց մեծ գործն էր եւ Եղիշէի պատմութեան կենտրոնական մասը, - Է. խռովեցուցիչ դէպքերի երկարաձգումը, շփոթութիւնը մեծ պատերազմից յետոյ եւ Հայոց աշխարհի անորոշ վիճակը: Եւս մի՝ «Նոյն պատերազմի եւ սուրբ քահանաների չարչարանքների մասին» գլխում, որ Ղեւոնդեանների մասին է, որոնք քշուեցին Պարսկաստանի խորքերը, ներկայացնում է Դենշապուհի քննութիւնը: Մանրամասն գրուած է այդ քահանաների, յատկապէս սուրբ Ղեւոնդի քաջասիրտ պատասխանները՝ տեղեկանալով ականատես ու ականջալուր վկաներից: Այս գլխին կցւում է նախարարների երկար՝ տասնամեայ օտարութեան աքսորուելը եւ մինչեւ մահ հաւատարիմ մնալն իրենց սուրբ կրօնին, ինչպէս նաեւ խելագար հալածիչ Յազկերտի մահից յետոյ՝ Պերոզի թագաւորութեան օրօք, նրանց արձակուելն ու վերադարձը դէպի հայրենիք: Այդ գլխի վերջում աւելացնում է նաեւ այդ նախարարների պանդխտութեան ժամանակ հայրենիքում թողած իրենց համբերող եւ յատկապէս խստակեաց կանանց ոչ թէ գերմարդկային, այլ կանանց բնութիւնից վեր կեանքը: Եւ այդ դառն ու քաղցր եղանակով նա աւարտում իր գիրքը, որով հոգեւոր, ազնիւ, լուրջ ու երկար տպաւորութիւն է թողնում սրտի եւ մտքի վրայ: Ոչ քիչ ազդեցիկ են երկու խոստովանողների՝ Խորէնի եւ մանաւանդ Աբրահամի մասին պատմութիւնները, քահանաների եւ կանանց յանդիմանութիւնն իրենց նախարարներին, երբ վերջիններս իբրեւ ուրացող վերադարձան Հայաստան, ինչպէս նաեւ Սիւնեաց իշխան Վասակ Ուրացողի դատապարտութեան եւ մահուան դրուագը, որը չարժէ նրան դատապարտողների եւ ատողների արտասուքին անգամ: Այսպիսի նուրբ, բայց միանգամայն արդիական հոգով գրուածն ու նկարագրածը կարդալով՝ մեզնից առաջ զմայլուել են օտարները եւ Եղիշէին հայոց Քսենոփոն կոչել: Բոլոր թարգմանիչներն ու ընթերցողները գովեստից բացի այլ բան չեն գրել:
Սուրբ Եղիշէի եպիսկոպոսական աստիճանը յայտնի է նրա խրատական կանոնադրութիւններից, որոնք կան կանոնագրքերում: Նոյնը կրկնում է նաեւ «Յայսմաւուրք»-ը, թէ գրել է կանոնական գրքեր՝ զմայլելի եւ ախորժելի խօսքերով: Հոգելից իմաստութեամբ գրել է նաեւ «Հայր մեր» տէրունական աղօթքի մեկնութիւնը, ընտիր ճառեր ողորմութեան, Քրիստոսի չարչարանքների, թաղման եւ յարութեան մասին, ինչպէս նաեւ սքանչելի խրատներ մենակեացների համար: Եւ այդ բոլոր գործերում հոգեկիր հանճարի եւ ճարտար կարգաբանութեան հետ փայլում է հելլենախօսութիւնից անխառն հարազատ հայկաբանութիւնը:
Հրեշտակ էր մարմնի մէջ եւ մեռած աշխարհի ու ամէն բանի հանդէպ, ինչ կար աշխարհում: Միառժամանակ խիստ ճգնակեցութեամբ բնակւում էր վանքերում եւ անապատներում, ժամանակ անց էլ սիրուց դրդուած օգնական լինում ժողովրդին այցելութեամբ եւ վարդապետական քարոզչութեամբ: Ապա դարձեալ ամայութիւն փնտռելով՝ բնակւում էր լեռներում եւ քարայրներում՝ անտես մարդկանցից, խոտաճարակ լինելով Մոկաց լեռներում: Ժամանակ անց հովիւներից ոմանք, գտնելով նրան մի քարայրում՝ խստակրօն վարքից նուաղած եւ մաշուած մարմնով, տարածեցին երանելու եւ նրա ճգնութեան վայրի մասին լուրը: Իսկ սուրբ Եղիշէն, խուսանաւեց այնտեղից, եկաւ Ռշտունեաց գաւառ եւ լեռների փապարներում բնակուեց նոյն ճգնակեցութեան անձաւամուտ առանձնութեամբ ու աստուածամերձ մտերմութեամբ վախճանուելով այդտեղ՝ փոխուեց ի Քրիստոս՝ դէպի երանելի կեանք՝ իր սրբութեան օրինակն ու յիշատակը կենդանի եւ պաշտելի թողնելով իրեն ճանաչողներից մինչեւ մեզ, իսկ ապա մեզնից յետոյ եկողներին:
ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ
Այդ նոյն ժամանակներում քաջափայլ առաքինութեամբ եւ կատարեալ իմաստութեամբ առաւել պայծառ փայլեց Աստուծոյ այր սուրբ Մովսէս Խորենացին, որ կոչուեց քերթող կամ քերթողահայր, այսինքն բանահիւս եւ բանիմաց անձանց գլուխ: Ծնուել է Դ դարի վերջերին, Տարոնի Խորնի աւանում, որի համար Մովսէս Տարոնացի կամ Խորենացի է կոչւում: Եղել է սուրբ Մեսրոպի համերկրացին ու տոհմակիցը:
Շրջելով յունաց եւ հռոմէացիների երկրներով, ինչպէս նաեւ լինելով Բիւզանդիայում, Պաղեստինում եւ Ասորիքում՝ իր անձի մէջ ժողովեց բոլոր հմտութիւնները, քաջ եւ խելամուտ եղաւ անցեալի իրադարձութիւններին եւ զօրաւոր գրչով, հզօր խօսքով ու սրբակրօն վարքով փայլեց բոլորից գերազանց: Նրա արժանաւոր գովեստը սուղ խօսքերով ցոյց է տուել Վասպուրականի նշանաւոր իշխան Սահակ Արծրունին՝ իր թղթում կոչելով նրան Քրիստոսի թագաւորութեան հրեշտակ եւ սպասաւոր, երկրի վրայ երկնայինները ցոյց տուող երկնակենցաղ այր, խաւարեալներիս լուսաւորիչ, որ տրուեց մեզ որպէս երկրորդ Սահակ եւ Մեսրոպ նրանց առ Աստուած գնալուց յետոյ:
Եւ քանի որ այսպիսինն էր ճանաչուած բոլորի մօտ եւ անհնար էր թաքնուել մի տանը, որ Հայոց լերան վրայ էր, կամ էլ ճրագը թաքցնել գրուանի տակ, նա դրուեց Եկեղեցու աշտանակի վրայ՝ դիտապետութեամբ լուսատու լինելու համար: Քանզի իր աշակերտակից երանելի Եզնիկ Կողբացու վախճանից յետոյ, որն առաջին թարգմանիչներից մէկն էր, կարգուեց նրա Աթոռին՝ որպէս Բագրեւանդի եւ Արշարունեաց, այսինքն Կամսարականների երկրի եպիսկոպոս: Նա երկար ժամանակ արթնութեամբ եւ իմաստութեամբ հովուեց իր հօտը ու մինչեւ խոր ծերութիւն անխոնջ աշխատեց խօսքով եւ գրչով: Եւ ինչպէս Թովմա Արծրունին է վկայում, նա ապրեց հարիւր քսան տարի՝ հասնելով իր վարդապետ սուրբ Սահակ Պարթեւի տարիքին:
Արդ, երանելու բիւրապատիկ գրաւոր աշխատանքներից մինչեւ այժմ մի քանի գործեր են մնացել, որոնցից են հայկազեան տոհմի պատմագրութիւնը սկզբից մինչեւ իր օրերը, երանելի Բագրատունեաց Սահակ իշխանի խնդրանքով այն գործը, որ սուրբ Վարդանի եղբօրորդի Վահանի օրօք արիւն հեղուեց կրակապաշտ պարսիկների դէմ մղուող պատերազմում, ճիշտ եւ կարեւոր աշխարհագրութիւնը, Թէոդոր անունով աշակերտի խնդրանքով հռետորական գիրքը, պէս-պէս հռետորական եւ քերթողական հատուածներ, ներբողական ճառ՝ նուիրուած սուրբ կոյս Հռիփսիմէին, Հռիփսիմեանց ճանապարհորդութեան պատմութիւնը դէպի Հռոմ ու մինչեւ Հայաստան, հրաշալի շարականներ, էլ չենք թւում բազմաթիւ թարգմանութիւններ:
Հարկ է անդրադառնալ նրա հայկազեան տոհմի պատմագրութեանը, որի պատմաբանութեան ոճն իր մեծ յարգն ունի: Իր համառօտաբանութեամբ բովանդակում է այնքան կարեւոր իրադարձութիւնները եւ վարպետօրէն նկարագրում դէպքերը, անձանց ու տեղանքները: Իրողութիւններին համապատասխան երբեմն պարզ պատմաբան է, երբեմն բանաստեղծ, երբեմն փիլիսոփայ, երբեմն էլ՝ եկեղեցու պաշտօնեայ: Եւ յիրաւի, զարմանալի է այդքան տեղեկութիւններն այդքան փոքր մատեանի մէջ ամփոփելը եւ այդքան հաճութեամբ այն ընթերցելը: Այն բանական, ցանկալի եւ գունազան հիւսուածք է, որի վրայ մի քանի տողով եւ սոսկ մէկ-երկու բառերով տեղ-տեղ փայլփլում են ակնախտիտ զմայլեցուցիչ մտքեր՝ որպէս գոհարներ: Ինչպէս Պօղոս առաքեալն է ասում, մեր պատմիչը գիտի գերազանցել եւ գիտի դադար տալ, գիտի լալ լացողների հետ եւ ուրախանալ ուրախացողների հետ: Ունի պատգամներ՝ գրուած մանկական պարզութեամբ, աշխոյժ նկարագրութիւններով, մարգարէական ոճով ու հոգով, հրեղէն եւ սրտառուչ հառաչանքներով: Անհնար է կարդալ նրա Բ եւ Գ բաժինների վերջին գլուխները եւ չլցուել խորին զգացումներով:
Արժան է առանձին յիշատակել երանելու պատասխան նամակը՝ Սահակ Արծրունու թղթին, ուր առաջ է բերում սուրբ Աստուածածնի սքանչելագործ պատկերի պատմութիւնը, որ բերել էր սուրբ Բարթուղիմէոս առաքեալը եւ գտնւում էր Հոգեաց վանքում: Այդ գրութեան մէջ փայլում է Աստուծոյ մարդու ոչ միայն կատարեալ խոնարհութիւնը եւ աշխարհուրացութիւնը, այլեւ առաքելաշնորհ մեծութիւնը, մարգարէական հոգետեսութիւնը, քանզի ասում էր. «Քեզ եմ դիմում, Արծրունեա՛ց իշխանիդ: Տէրն ինձ ցոյց տուեց, որ քո զաւակներից երեք եղբայրներ մահուան են մատնուած Քրիստոսի համար. նրանցից երկուսը Քրիստոսի վկաներն են իրենց արեամբ, իսկ միւսը շեղուել է ուղիղ ճանապարհից, եւ այս վայել չէ: Նրանց համար Աստուած երկարացնում է Սենեքերիմի թագաւորութիւնը՝ այն քո որդիներին վերադարձնելու համար: Ես դիմում եմ Բագրատունուդ, Տէրը յիշում է Աբրահամին տրուած Իր խօստումը, թէ քեզնից թագաւորներ պիտի ծնուեն, եւ դուք թագաւորում էք Դուինում: Եւ այլ ոչինչ չունեմ ձեզ ասելու, մինչեւ կը տեսնուենք Տիրոջ կամքով»:
Եւ ամէն բան կատարուեց սուրբի խօսքի համաձայն. Քրիստոսի փառաւոր երկու նահատակները եւ ընտրեալ հարազատները՝ հայոց սուրբ Սահակ եւ Համազասպ իշխաններն Արծրունեաց տնից էին, որոնց երրորդ եղբայրը՝ Մերուժանը, հեռացաւ հաւատից եւ իսկոյն սպանուեց Դաւիթ Մամիկոնեանի ձեռքով, իսկ ժամանակ անց Վասպուրականում վերականգնուեց Արծրունեաց թագաւորութիւնը, ինչպէս որ Բագրատունեացը՝ Դուին քաղաքում: Եւ երանելին, աւարտելով իր երկար կեանքի օրերը, լի արդիւնքներով եւ օրհնութեամբ հանգչեց ի Քրիստոս:
ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹ
Դաւիթ Անյաղթ փիլիսոփան սուրբ Մովսէս Խորենացու քեռորդին էր, ծննդեամբ՝ Տարոնի Ներգին աւանից, որի համար ներգինացի է կոչւում: Համարւում է, որ թարգմանիչների վերջին դասից է եւ հելլենական կրթութեամբ գերազանցում է բոլորին, որի պատճառով նրա ոճն առաւել յունաբան է: Նա իր իմաստասիրութեամբ ու աստուածսիրութեամբ փայլեց հայոց եւ յունաց մէջ, որի համար նրա փիլիսոփայական գրուածքների յունական օրինակների մէջ տեսնում ենք նրա անունը՝ «աստուածասէր» պատուելի կոչումով կամ էլ յունարէն գերադրական կոչմամբ՝ Դաւիթ Թէոֆիլէսդադօս, այսինքն «ամենաաստուածասէր»: Առ այս Առաքել վարդապետ Սիւնեցին ասում է, թէ յոյները ձգտում են երանելի Դաւթին ձգել դէպի իրենց՝ ի պարծանք իրենց ազգի, որը երեւում է նրա գրուածքներից եւ նրանց լեզուից, քանի որ նա միօրինակ գերազանց էր երկու դպրութեան մէջ եւ անխտիր կարող էր գրել հայերէն եւ յունարէն, ինչպէս որ տեսնում ենք նրա իմաստասիրական խօսքերից: Անյաղթ փիլիսոփայ կամ պարզապէս Անյաղթ պատուանունը ստացել է բացառապէս յունական իմաստասիրութեանը գերազանց տիրապետելու համար, որոնց շատ գրքեր, մասնաւորապէս Արիստոտելի եւ Պորփիւրի հեղինակած գործերը թարգմանել եւ վերլուծել է խրթին հելլենաբանութեամբ:
Բացի քերականութիւնից՝ գրել եւ թարգմանել է «Զգիրս սահմանաց եւ էակաց», «Վերլուծութիւնս ներածութեանցն Պորփիւրի եւ ստորոգութեանցն Արիստոտելի», Արիստոտելի երկերից «Ստորոգութիւններ», «Պատմութիւն աշխարհի մասին», «Առաքինութիւնների մասին» աշխատութիւնները եւ այլ բազմաթիւ գործեր: Վսեմ ոճով շարադրել է նաեւ այլ բազմաթիւ ճառեր, որոնց մէջ յատկապէս յիշատակւում է Տիրոջ Ծննդեանն ուղղուած ներբողը, Աստուածընկալ սուրբ Խաչին նուիրուած «Բարձրացուցէք»-ը: Երանելի Դաւթի բազմատեսակ գործերից շատ-շատերը մեզ չեն հասել:
Ոչ նրա մահուան օրն է յայտնի, եւ ոչ էլ տարեթիւը: Մովսէսի, Դաւթի եւ ուրիշ վարդապետների գերեզմանները դեռեւս կան Տիրինկատարի սուրբ Առաքելոց վանքի պարսպից ներքեւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: