ՇՈՂԱԿԱԹԻ ՏՕՆԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ՏԵՍԻԼՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Այսօր հրեշտակաց բազմութիւնքն տօնակից լինին ընդ մեզ.

Քանզի երկնաւոր Թագաւորն եկաւորի ի սուրբ եկեղեցի:

Խնդա եւ զուարճացիր հարսնացեալդ զԱստուծոյ եկեղեցի.

Քանզի զքեզ Տէրն տէրանց ընտրեաց եւ հաճեցաւ բնակիլ ի քեզ:

Լուսաւորեա՛ լուսաւորեա՛ կաթուղիկէ եկեղեցի.

Քանզի ի քեզ շող աստուածեղէն ի Հօրէ լուսոյ ծագեաց.

Եւ լուսաւորեաց զմանկունս Քո:

(Շարակնոց)

 

ՇՈՂԱԿԱԹԻ ՏՕՆԸ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ՏԵՍԻԼՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

Երբ մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը ելաւ Վիրապից եւ եկաւ Վաղարշապատ քաղաք, ամփոփեց Հռիփսիմեանց սուրբ կոյսերի նշխարներն ու սկսեց ժողովրդին ուսուցանել Կենաց Խօսքը: Ցերեկուայ մէջ նա քարոզում էր վարդապետելով եւ գիշերներն էլ՝ աղօթում, իսկ խոզակերպ Տրդատ թագաւորը վաթսունհինգ օր ընկած էր նրա ոտքերի առաջ:

 

Վիրապից ելնելուց երեսուն օր անց մի ահեղ եւ զարմանալի տեսիլք տեսաւ. պատռուեց երկնքի հաստատութիւնը, եւ բարձունքներից սաստիկ լոյս հեղուեց ու լցրեց ողջ երկիրը: Լոյսի հետ մանրամաղ փոշու պէս իջան նաեւ երկնաւոր զօրքերի բազմութիւններ՝ խաղալով ամառային օրուայ արեւի շողերի մէջ: Աստուծոյ Միածին Որդին, որ ծնուեց սուբր Կոյս Մարիամից, մարդու նմանութեամբ ընթանում էր լոյսի առջեւից: Ի վերուստ սլանալով՝ Միածինն Աստուած արծուի պէս խոյացաւ երկրի վրայ եւ հասնելով երկրի հատակին՝ հարուածեց երկրին ոսկէ ուռով, որ ունէր Իր ձեռքին: Մեծ եւ սոսկալի թնդիւն հնչեց անդունդների սանդարամետից, լոյսը կամար կազմեց՝ գմբեթայարկ խորանի նմանութեամբ, եւ իւրաքանչիւր կամարի գլխին լուսեղէն խաչ երեւաց: Ձեւաւորուեցին հինգ կամարներ, եւ հինգ լուսեղէն խաչեր դրուեցին կամարների գլուխներին: Սուրբ կոյսերի նահատակութեան վայրում, որը քաղաքի արեւելեան կողմում էր, նոյնութեամբ ձեւաւորուեց լուսեղէն խորան՝ գլխին լուսեղէն խաչով: Սուրբ Գայիանեանց կոյսերի նահատակութեան վայրում՝ քաղաքի հարաւային կողմում նոյնպէս մի լուսեղէն տաճար ձեւաւորուեց՝ գլխին լուսեղէն խաչով, եւ ապա ամփոփուեց զարմանալի տեսիլքը:

 

Իսկ սուրբ Գրիգորը հրաշալի տեսիլքից յետոյ աղօթեց եւ երեսունհինգ օր ուսուցանեց ժողովրդին: Ապա բժշկեց թագաւորի խոզակերպ մարմինը, որ նա ունէր եօթանասուն օր. թագաւորն ընդունեց մարդու կերպարանք՝ տեսքով եւ հասակով առաւել գեղեցիկ, քան առաջ: Եւ հինգ օր ծոմապահութեամբ սուրբ Գրիգորը քարոզեց թագաւորին եւ ամբողջ ժողովրդին, իսկ պահեցողութիւնից յետոյ սուրբ Գրիգորը Տրդատ թագաւորին ասաց. «Եկէք շինենք լուսոյ սուրբ խորան տեսիլքի օրինակով, որ Աստուած ինձ ցոյց տուեց»: Եւ այդպէս սկսեցին շինել եկեղեցիները:

 

Ապա սուրբ Գրիգորը թագաւորի եւ բոլոր նախարարների խնդրանքով, բայց մանաւանդ Աստուծոյ հրամանով գնաց հայոց Մաժակ քաղաք, որ Կեսարիայում է եւ այնտեղ Ղեւոնդ պատրիարքի կողմից ստացաւ քահանայական կարգ ու եպիսկոպոսապետութեան պատիւ: Եւ գալով մեծահանդէս վայելչութեամբ՝ մկրտեց թագաւորին ու երկրի բոլոր մարդկանց եւ լուսաւորեց հայոց ազգը աստուածգիտութեան լոյսով:

 

Մեծ ջանասիրութեամբ շինեցին Շողակաթի եւ սուրբ կոյսերի տաճարները: Եւ մեծ ու շքեղ հանդիսութեամբ նաւակատիք անելով՝ օրհնեցին եկեղեցիները՝ ի փառս Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:

 

Սուրբ Շողակաթ վանքը կառուցուել է տասնութերորդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրօք:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տօնը նշում է օգոստոս ամսուայ առաջին կէսին, սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնի նախընթաց շաբաթ օրը եւ հանդիսանում է սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նաւակատիքի տօնը: