ՍԵՐՄԻՆԱՅԻ ՍՈՒՐԲ ԵՐԵՆԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Հանդիսացեալք ընդ երկնայնոցն՝

Այսօր տօնեմք զյիշատակ սուրբ հայրապետացն.

Որք զաստուածայինն առատապէս առընկալեալ շնորհաց բաշխումն.

Ընդհանուր ծաւալեցին յեկեղեցիս արդարոց.

Օրհնեցէք զՏէրն ընդ անմարմնոցն դասսն:

Որք բանիւ զանճառելի տնօրէնութիւն Բանին Հօր քարոզեցին.

Եւ լուսով իմանալեաւ զարդարեցին զտիեզերս.

Ի շնորհս պանծալիս երկնաձիր պարգեւացն.

Օրհնեցէք զՏէրն ընդ անմարմնոցն դասսն:

Որք զանձնաւոր զէութիւն բղխեցելոյն ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ դաւանեցին.

Եւ նոյնագոյ բնութեամբ Հօր եւ Որդւոյ հաւասարեալ.

Անորիշ բաժանմամբ համագոյ միութեամբ.

Օրհնեցէք զՏէրն ընդ անմարմնոցն դասսն:

(Շարակնոց)

 

Պանոնիայի Սերմինա քաղաքի Երանոս կամ Երենիոս եպիսկոպոսը, որն առաքեալների հետեւորդ սուրբ Երանոսի կամ Իրենէոսի անուանակիրն ու հետեւորդն էր, ապրել է սուրբ Անթիմոսի ժամանակներում եւ նահատակուել նոյն ամսում, որի համար տօնակատարութեամբ նրանց յիշատակում ենք միեւնոյն օրը:

 

Արդ, այս սուրբի պանծալի վկայաբանութիւնը թէպէտ համառօտ է, սակայն ժամանակակից գրչի կողմից գրուած է գեղեցիկ շարադրանքով ու նախաբանով եւ մատենագրական արձանագրութեամբ:

 

Երբ աստուածպաշտութեամբ կրթուած բարի կամքը ցանկանում է լաւագոյնին, լցւում է Աստուծոյ երկիւղով, եւ այդ ժամանակ ամէն բան, որ կայ աշխարհում, արհամարհում է ու շտապում հասնել խոստացած բարիքների վայելչութեանը: Նա ինչ որ լսել է, ցանկանում է հաւատքով հաստատուած առընթեր լինել դրան եւ այնժամ, նոյնին իսկոյն ականատես լինելով  ու ընդունելով, կը փառաւորի Տիրոջը: Եւ սա վերագրելի է Սերմինա քաղաքի երանելի Երենիոս եպիսկոպոսին, որն իր անզուգական հեզութեան եւ աստուածային երկիւղածութեան շնորհիւ վաղ հասակից արժանի եղաւ եպիսկոպոսութեան Աթոռին:

 

Երբ Դիոկղետիանոս թագաւորի օրօք սկսուեցին հալածանքները, Երենիոսը չնմանուեց նրանց, որոնք կատարուածը պատիւ չհամարելով եւ հալումաշ լինելով երկրաւոր բաներով՝ պատիւն ու կեանքը կորցնելու երկիւղից, տրտմութեամբ արհամարհեցին առաջիկայ ուրախութիւնը: Այլ նա, առաջնորդուելով անյաղթ եւ անվեհեր յօժարութեամբ, հետեւում մնացածները մոռացած եւ ձգտելով առջեւում եղածներին, ջանում էր հասնել վերին կոչման նպատակին: Խիստ իշխանի մեքենայութիւնները չսասանեցին նրա հաստատուն խորհուրդները, ո՛չ տեսակ-տեսակ անարգանքները, ո՛չ գետերի յորձանքները, ո՛չ գահաւանդների սրընթաց վազքը, ո՛չ զանազան տանջանքների սպառնալիքները, ինչպէս նաեւ կսկիծ պատճառող տղամարդկանց վրդովմունքը, մանկանց արտասուքները, կանանց ողբալի խօսքերը եւ տխուր դէմքերը, ծանօթների սուգը մատաղահասակ զաւակների վրայ, ընտանիքների հեծեծանքները եւ բարեկամների մորմոքն այնպիսի հասակի համար, որ յորդորում է լալ եւ ողբալ: Նա չյաղթուեց այդ ամէնից, այլ համակուած լաւագոյնի ցանկութեամբ եւ դատաստանի երկիւղն աչքի առաջ ունենալով, ինչպէս նաեւ յոյժ սոսկալով Տիրոջ այն խօսքից, թէ «Եթէ մէկն ուրանայ Ինձ մարդկանց առջեւ, Ես էլ կ՚ուրանամ նրան Իմ Հօր առջեւ, որ երկնքում է»[1], արհամարհեց ամէն բան եւ ուրախութեամբ շտապեց դէպի առաջիկայ ակնկալութիւնը:

 

Այնուհետեւ նրան տարան Պրոբոս դատաւորի առջեւ, որն այդժամ իշխանութիւն ունէր Պանոնիայում: Նա հարցրեց. «Կամենո՞ւմ ես զոհ մատուցել»: Երանելի Երենիոսը պատասխանեց՝ ասելով. «Այլեւս ձեզ հետ լինել չեմ ուզում»: Այնժամ նրան բանտ տարան, որտեղ երկար օրեր մնաց խիստ տանջանքների եւ կապանքների մէջ:

 

Թերեւս ժողովրդի մէջ խռովութիւն չընկնելու համար դատաւորը գիշերուայ մէջ նստեց ատեանի առաջ եւ իր մօտ կանչել տուեց երանելի Երենիոս վկային: Դատաւորը սուրբին երկար տանջելուց յետոյ հարցրեց. «Ինչո՞ւ աստուածներին զոհ չես մատուցում», իսկ սուրբը նրան պատասխանեց. «Որովհետեւ ես ունեմ Աստուած, Ում սովորեցի պաշտել մանկուց եւ չեմ կարող երկրպագել ձեր կողմից աստուած կոչուածներին»: Պրոբոս դատաւորն ասաց. «Դու կը ստանաս մահը, բաւական են չարչարանքները, որոնց համբերեցիր»: Երենիոսն ասաց. «Քիչ անց, երբ քո ձեռքով կը ստանամ մահը, Աստծուց կ՚ընդունեմ յաւիտենական կեանքը»: Պրոբոսն ասաց. «Կին կամ որդիներ ունե՞ս»: Սուրբը պատասխանեց՝ ո՛չ: Պրոբոսն ասաց. «Ծնողներ ունե՞ս»: Պատասխանեց՝ ո՛չ: Սակայն երանելի Երենիոսն այսպէս էր պատասխանում՝ մտաբերելով Տիրոջ պատուիրանը, որն ասում է. «Ով սիրում է իր հօրն ու մօրը կամ եղբայրներին ու որդիներին՝ Ինձնից առաւել, Ինձ արժանի չէ»[2]: Երանելու բոլոր խորհուրդներն այնուհետեւ թեւածում էին երկնքում: Նա թողել էր մարդկային ամէն բան եւ Տիրոջից առաւել ոչ ոքի չէր կամենում ճանաչել ու խոստովանել:

 

Դատաւորը դարձեալ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու որդիներ ունես, զոհ մատուցիր գոնէ յանուն քո որդիների»: Սուրբը պատասխանեց ու ասաց. «Իմ որդիները, ինչպէս որ ես, իրենց օգնական ունեն Աստծուն, Ով կարող է փրկել նրանց: Իսկ դու կատարիր քեզ հրամայուածը»: Պրոբոսն ասաց. «Երիտասա՛րդ, յորդորում եմ, որ զոհ մատուցես, որպէսզի տեսակ-տեսակ տանջանքներով չսպանեմ քեզ»: Երենիոսն ասաց. «Ես զոհ չեմ մատուցի, արա՛, ինչ կամենում ես եւ իմացի՛ր, որ ես ամէն բան քաջութեամբ կը համբերեմ Քրիստոսի զօրութեամբ»:

 

Պրոբոս դատաւորը մահուան վճիռ արձակեց եւ ասաց. «Քանի որ չես կամենում հնազանդուել թագաւորական հրամաններին, ուստի ինքնակալների հրամանով կը նետուես գետը»: Երենիոսն ասաց. «Ես յոյս ունէի կրել տեսակ-տեսակ տանջանքներ, որոնցով սպառնում էիր եւ աւելի մեծ բարիք գտնել: Բայց եթէ կամենում ես ինձ սրով սպանել, ապա հրամայի՛ր, որպէսզի իմանաս, որ քրիստոնեաները հաւատի համար արհամարհում են մահը»: Դատաւորը, բարկանալով սուրբ Երենիոսի համարձակութեան վրայ, հրամայեց նրան սրի քաշել եւ ապա գետը նետել: Իսկ սուրբն ասաց. «Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պայծառագոյն պսակ շնորհեց»:

 

Եւ երբ եկաւ կամրջի մօտ, որ Արտեմիս է կոչւում, հանեց հանդերձները, ձեռքերը տարածեց դէպի երկինք ու աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, թող բացուի երկինքը, որպէսզի ընդունեն Քո ծառայի հոգին, որն այսքան չարչարուեց Քո ժողովրդի, ընդհանրական եկեղեցու եւ Քեզ բոլոր հաւատացողների համար»: Եւ սուսերով գլխատեցին նրան: Նրա նահատակութիւնը եղաւ Դիոկղետիանոսի կայսրութեան եւ Պրոբոսոսի դատաւորութեան օրօք՝ Տիրոջ 303 թուականին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սերմինայի սուրբ Երենիոս եպիսկոպոսի յիշատակը տօնում է Ս. Խաչին յաջորդող երկրորդ կիրակիին յետեւող հինգշաբթի օրը՝ սուրբ Բարղամի եւ Նիկոմիդիա քաղաքի սուրբ Անթիմոս եպիսկոպոսի հետ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 549:

 

[1] Մատթ. Ժ 33:

[2] Մատթ. Ժ 37: