Երբ մասնակցում ենք սուրբերի յիշատակի տօնախմբութեանը եւ ընթերցում նրանց չարչարանքների ու պսակների մասին, լսում ենք խօսքեր նրանց գովաբանութեան եւ փառքի մասին ու այդ ամէնից չորս տեսակ օգուտներ ենք ստանում: Նախ՝ մխիթարւում եւ ուրախանում են մեր սրտերը՝ լսելով նրանց գովասանքի ու փառքի մասին: Երկրորդ՝ ցանկանում ենք նմանուել նրանց առաքինութիւններին, ինչպէս աստուածասիրութեամբ՝ Աբրահամին, հիւրասիրութեամբ՝ Ղովտին, համբերութեամբ՝ Յոբին, ողջախոհութեամբ՝ Յովսէփին եւ հաղորդ ենք լինում մարգարէների, առաքեալների, հայրապետների, մարտիրոսների, ճգնաւորների, կոյսերի եւ այլոց չարչարանքներին: Երրորդ՝ սիրով վշտակից եւ չարչարանակից ենք լինում նրանց կամաւոր նեղութիւններին: Չորրորդ՝ հիանում ենք անտանելի տանջանքների մէջ Աստուծոյ սիրոյ համար նրանց մեծ համբերութեան վրայ:
Դարձեալ՝ սուրբերի տօնախմբութիւնից կայ նաեւ այլ շահ եւ օգուտ: Մենք ուրախանում ենք, որովհետեւ որպէս առաջնորդներ՝ այդպիսի փառքով ու պատուով հայրեր ունենք Վերին Երուսասէմում, չէ՞ որ սուրբ եւ ընտիր հայրերը պարծանք են որդիների համար: Նրանք, որ հաճոյ եղան Աստծուն, բարեխօսում են մեզ համար, իսկ Աստուած լսում է նրանց խնդրանքներն ու ի կատար ածում: Եւ երբ ցաւում ենք, արտասուքներով վշտակից լինում ու նրանց տօնի օրերին պատարագներին մասնակից լինում, չարչարանակից ենք լինում՝ կցորդ դառնալով նրանց փառքին՝ ըստ մեր հաւատքի չափի եւ ապաշխարութեան: Նաեւ՝ հաստատւում ենք յոյսով, որովհետեւ ինչպէս որ Աստուած նրանց համբերութիւն եւ պսակներ տուեց, նոյնպէս էլ մենք եթէ կամենանք ու եթէ հետեւենք նրանց, մարդասէր Աստուած կը տայ մեզ նոյն օգնութիւնը եւ նրանց շնորհները: Յանուն բարի հայրերի՝ Աստուած այցելու է լինում նաեւ չար զաւակներին, ինչպէս որ Ինքը՝ բարեսէր Աստուած ասաց Դաւթի որդի Սողոմօնին. «Քանի որ այդպէս վարուեցիր, չպահեցիր Իմ հրամաններն ու պատուիրանները, որ պատգամել էի քեզ, Ես քո ձեռքից կը խլեմ թագաւորութիւնը եւ այն կը տամ քո ծառային»[1]:
Եւ հնոցի մէջ մանուկները եւս հայրերի առաքինութիւնները բարեխօս էին դարձրել՝ ասելով. «Մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո Իսահակ ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի»[2]:
Ուստի մենք, ընկնելով լուսոյ հօր եւ մեր բոլորի առաջնորդի ոտքերը, նրան բարեխօս դարձնենք հոգիների Հօր, Արարչի եւ Տիրոջ առջեւ: Խնդրենք մեղքերի թողութիւն բազմամեղ զաւակներիս համար, որպէսզի Աստուած Իր սիրելի եւ մեր սուրբ Լուսաւորչի հայրախնամ սիրով, գթութեամբ ու անդառնալի հայցուածներով խնայի սուրբ Եկեղեցուն, որ Իր Միածնի սուրբ Արեան գինն է, եւ ողորմի մեր ազգի վարդապետի բազմաչարչար երկունքով ձեռք բերած ժառանգաւորներին: Թող Նա հաստատի Իր թագաւորութեան Աթոռը եւ իշխանութեան գահը՝ ըստ կարգի. եպիսկոպոսապետներ եւ եպիսկոպոսներ, քահանաներ եւ սարկաւագներ, հօտեր եւ հովիւներ, հայրեր եւ հետեւորդներ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Եւ թող Աստուած Իր կամքով սուրբ Եկեղեցու միաբանութիւնը պահի անսայթաք ու անխռով մինչեւ աշխարհի վերջը, որպէսզի այստեղից ելնելուց յետոյ արժանի լինի ասելու. «Ահաւասիկ ես եւ իմ մանուկները, որոնց տուեցիր ինձ»: Եւ թող լսելի լինի երանաւէտ այն Ձայնը, որը կþասի. «Եկէ՛ք, Իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգէ՛ք յաւիտենական կեանքը» մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Ում Հօր եւ Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ անվախճան յաւիտեաններում. ամէն:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: