Մեր Տէրը եւ մարտիրոսների Հանդիսադիրը գերամեծար եւ փառաւորեալ վկաների հանդէսը փառաւորեց կրկնակի պատուով՝ նախ խօսքով եւ ապա գործով: Փառաւորեց խօսքով, երբ ասաց. «Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»[1], եւ ապա գործով, երբ հալածուեց Ինքը, չարչարանքներով նահատակուեց խաչի վրայ եւ պոնտացի Պիղատոսի առջեւ վկայեց բարի դաւանութիւնը:
Պէտք է իմանալ, որ վկայութիւնը լինում է երեք կերպով. նախ՝ սրտի վկայութիւն, երկրորդ՝ լեզուի վկայութիւն եւ երրորդ՝ արեամբ վկայութիւն: Սրտի վկայութիւնը հաւատքն է, որ հաստատուած ունենք մեր հոգիներում՝ ըստ այն խօսքի, թէ «Սրտով հաւատալն արդարութիւն է»[2]: Լեզուի վկայութիւնը խօսքով խոստովանութիւնն է մարդկանց առջեւ՝ ըստ այն խօսքի, թէ «Ով որ Ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կը խոստովանեմ նրան Իմ Հօր առաջ, որ երկնքում է»[3]: Եւ արեամբ վկայութիւնը մարտիրոսութիւնն ու չարչարանքներն են՝ ըստ այն խօսքի, թէ «Եթէ մէկը կամենում է հետեւել Ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ Իմ յետեւից, որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի, եւ ով Ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն»[4]: Առաջինը բարի է ընդհանուր հաւատացեալների համար, երկրորդն առաւել բարի է, որովհետեւ խօսքով յայտնի է դառնում ծածկուած հաւատքը՝ ըստ այն խօսքի, թէ «Թագաւորների առաջ խօսեցի Քո պատուիրանների մասին ու չամաչեցի»[5], իսկ երրորդն առաւել բարի եւ կատարեալ է, ինչպէս մարտիրոսների վկայութիւնը, որովհետեւ նախ՝ ինչ որ նրանք վկայեցին խօսքով, կատարեցին գործով, երկրորդ՝ իրենց արիւնը փոխանակեցին Տիրոջ արեան հետ՝ ըստ այն խօսքի, թէ «Կցորդ եղան Նրա չարչարանքներին եւ հաղորդակից եղան Նրա փառքին»[6]: Այդ պատճառով Տէրը երանի տուեց նրանց՝ ասելով. «Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը»:
Ինչո՞ւ է Աստուած փորձողին թոյլ տալիս նեղել մարդկանց եւ փորձել նրանց:
Ընդհանուր առմամբ, թէ ինչ օգուտ են տալիս նեղութիւնները եւ փորձութիւնները, վարդապետներն ասում են, թէ դրանք սրբում են գործած մեղքերը, ինչպէս որ կրակն է սրբում արծաթի ժանգը, զգուշացնում են մարդկանց առաջիկայի համար, իսկ ներկայի մէջ քաջ ու պատրաստ դարձնում:
Իսկ ինչո՞ւ է նեղութիւններ եւ չարչարանքներ տալիս սուրբերին, ինչպէս առաքեալներին, մարտիրոսներին եւ այլ սուրբերին, որոնք մեղքեր չունեն: Վարդապետները պատասխանում են՝ բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ թէպէտ սուրբերը չունեն մեղքեր, որպէսզի քաւեն դրանք նեղութիւններով ու փորձութիւններով, սակայն նրանք, որ Քրիստոսի զինուորեալներն են, պէտք է նմանուեն իրենց Տիրոջը, Ով հանդիսադիրն է՝ ըստ այն խօսքի, թէ «Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ գործերով, որպէսզի Զօրավարին հաճելի լինի»[7]:
Երկրորդ՝ որպէսզի օրինակ լինեն իրենց հետեւորդներին եւ բոլոր մարդկանց, ինչպէս որ Յոբի եւ Աբրահամի փորձութիւններն էին՝ ըստ այն խօսքի, թէ «Լսել էք Յոբի համբերութեան մասին եւ տեսել, ինչ որ Տէրը նրան արեց վերջում»[8]:
Երրորդ՝ ինչ որ ուրիշներին ուսուցանում են խօսքով, պարտաւոր են կատարել գործով, որպէսզի իրենց խօսքերը հաւաստի լինեն, ինչպէս որ առաքեալն է ասում. «Ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ»[9]:
Չորրորդ՝ որպէսզի չհպարտանան մեծամեծ բաների մէջ եւ մարմնով անմարմինների վարքն ունենան, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում. «Որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ՝ սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ»[10], որը մարմնի բնական կիրքն է, եւ որով թշնամի սատանան պատերազմում է մարդկանց հետ ու փորձում նրանց:
Հինգերորդ՝ որպէսզի տկար մարմնով յաղթեն անմարմին եւ զօրաւոր թշնամուն: Եւ Աստուած էապէս փառաւորում է տկարներին՝ յաղթող լինելու համար, ինչպէս որ ասում է. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»[11], այսինքն ասում է՝ ինչպէս որ Ես աստուածային Մարմնիս զօրութեամբ յաղթեցի փորձողին, նոյնպէս էլ դու Իմ շնորհներով կը յաղթես ու կը նուաճես նրան քո տկար մարմնով:
Վեցերորդ՝ որպէսզի սատանան ճանաչի իր տկարութիւնը եւ տեսնի, որ յաղթւում է ոչ միայն Աստուծոյ, այլեւ մարդկանց կողմից՝ ըստ Տիրոջ այն խօսքի, թէ «Ահա ձեզ իշխանութիւն տուի կոխելու օձերի, կարիճների եւ թշնամու ամբողջ զօրութեան վրայ»[12]:
Եօթերորդ՝ որպէսզի շատանան պսակները, ինչպէս աւելացաւ սուրբ Ստեփաննոսի մարտիրոսական պսակը՝ առաքելական պսակի վրայ: Եւ Յակոբոս առաքեալն էլ ասում է. «Եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը»[13]:
Ութերորդ՝ ցոյց է տալիս անկեղծ սէրը, որ նրանք ունեն Քրիստոսի հանդէպ, որն է չարչարանքներ կրել Նրա չարչարանքների փոխարէն եւ չհեռանալ Նրա սիրուց, ինչպէս որ առաքեալն է ասում. «Ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները»[14], եւ նաեւ՝ «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ էլ գալիքները»[15]:
Իններորդ՝ թոյլ է տալիս, որ արդարները փորձութիւններ կրեն՝ ուրիշներին խրատելու եւ ուղղելու համար, ինչպէս Ղազարոսին եւ մեծահարուստին, որովհետեւ տեսնելով Ղազարոսին եւ լսելով մեծահարուստի մասին՝ զարհուրում ենք եւ ուղղւում:
Տասներորդ՝ սուրբ Դիոնէսիոսն ասում է. «Աստուած նեղութիւններ եւ փորձութիւններ է տալիս սուրբերին, որովհետեւ նեղութիւնը սիրելի եւ փափագելի է նրանց»: Սուրբերն ուրախանում են այն ժամանակ, երբ հեռանում են մարմնաւոր հեշտութիւններից եւ արիանում փորձութիւնների մէջ ու այդպիսի նեղութիւններով ժամանում մեծ հանգստին, ինչպէս որ առաքեալն է ասում. «Մեծ նեղութիւններով պիտի մտնենք երկնքի Արքայութիւն»[16]:
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
[1] Մատթ. Ե 10:
[2] Հմմտ. Հռոմ. Ժ 10:
[3] Մատթ. Ե 32:
[4] Մատթ. ԺԶ 24-25:
[5] Սաղմ. ՃԺԸ 46:
[6] Հմմտ. Հռոմ. Ը 17:
[7] Բ Տիմ. Բ 4:
[8] Յակ. Ե 10:
[9] Ա Կորնթ. Թ 27
[10] Բ Կորնթ. ԺԲ 7:
[11] Բ Կորնթ. ԺԲ 9:
[12] Ղուկ. Ժ 19:
[13] Յակ. Ա 12:
[14] Գաղ. Զ 17:
[15] Հռոմ. Ը 35, 38:
[16] Գործք. ԺԴ 21:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: