Սո՛ւրբ Աստուածածին, Կո՛յսդ Տիրածին, մա՛յրդ անճառ Բանին,
Վեհագոյն երկին, բարձող Արարչին, բազկօք մարմնային,
Այսօր ի տօնին Աբգարու մեծին, որդոյ Արշամին,
Սուրբ Թագաւորին, յազգէս Արամին, ասորոց ազգին,
Ի Միջագետին, յԵդեսիային, յՈւրհայ քաղաքին,
Քեզ հաւատացին, ձայն անապատին, սուրբ Կարապետին,
Նախավկային եւ սուրբ Գրիգորին, մեր Լուսաւորչին,
Սրբոյ Աբգարին, մեծ թագաւորին, Հայոց արքային,
Մաղթանք հիւսեցին, Քեզ աղերս լիցին, եւ Քոյդ Միածնին,
Մեզ ի քաւութիւն եւ ողորմութիւն եւ մեղաց թողութիւն,
Ողորմեա՜:
(Գանձարան, ԿԶ. Կանոն Աբգարու թագաւորին)
Աշխարի հաւատացեալ թագաւորներից առաջինը՝ աստուածասէր եւ մեծահաւատ մեր Աբգար թագաւորը պարթեւեան արշակունիների տոհմից էր, Տիգրանի որդի Արշամի որդին եւ ամբողջ Հայոց աշխարհի՝ Մեծ եւ Փոքր Հայքի թագաւորը: Նա բարեկարգեց Ուռհայի Եդեսիա քաղաքը եւ իր արքունի Աթոռը հաստատեց այնտեղ, որի համար նա կոչուեց Միջագետքի արքայ եւ անխտիր բոլորի՝ հայերի ու ասորիների թագաւոր:
Իր առաւել հեզութեան եւ իմաստութեան, միաժամանակ պարթեւական տնից լինելու պատճառով նրան «աւագ այր» էին կոչում: Չկարողանալով յստակ արտասանել այս բառերը՝ յոյներն ու ասորիները նրան կոչեցին Աւգար կամ Ապկար, այսինքն Աբգար կամ Աբգարիոս:
Նրա թագաւորութեան երկրորդ տարում ծնուեց մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս Աստուածորդին, թագաւորների Թագաւորը, տէրերի Տէրը, եւ ըստ մարմնի Դաւթի աթոռի Ժառանգորդը: Արդարեւ, Աբգարի համար մեծ առաւելութիւն էր լինել Քրիստոսի ժամանակակիցը եւ թագաւորակիցը, բայց առաւել մեծ էր, որ արժանի եղաւ թագաւորելու երկար՝ մինչեւ Քրիստոսի կատարեալ հասակ առնելը եւ որ լսեց Նրա քարոզչութեան մասին ու հաւատաց նրան:
Եղաւ, որ Աբգարը երկրի գործերով Պաղեստինի սահմանների մօտ գտնուող Բեթքուբին քաղաք՝ հռոմայեցիների Մառինոս գործակալի մօտ ուղարկեց դեսպանների, որոնք իր գլխաւորներից էին՝ Աղձնիքի բդեշխ Մար Իհաբը, Ապահունիների տոհմի նահապետ Շամշագրամը եւ իր հաւատարիմ սուրհանդակ Անանէն: Աւարտելով իրենց լիազօրութիւնները՝ նրանք վերադառնալիս մտան Երուսաղէմ՝ տեսնելու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին, որովհետեւ լսել էին Նրա սքանչելագործութիւնների մասին եւ դրանց ականատեսը լինելով՝ եկան ու պատմեցին Աբգարին: Խորագէտ արքան զարմացաւ եւ լուսաւորուելով ի վերուստ՝ ճշմարտապէս հաւատաց, որ Նա, արդարեւ, Աստուծոյ Որդի է ու ասաց. «Դրանք մարդու զօրութիւններ չեն, այլ Աստուծոյ, որովհետեւ մարդկանցից ոչ ոք չի կարող յարութիւն տալ մեռելներին, այլ միայն Աստուած»: Արքայի մարմինն ապականուած էր չարաչար վէրքերից, ինչպէս բորոտութիւնից, որոնք եօթ տարի առաջ նա ստացել էր Պարսից աշխարհում, եւ մարդկանցից բժշկութիւն ստանալու հնար չէր եղել: Ուստի խնդրագիր ուղարկեց աշխարհի Փրկչին՝ գալու եւ իրեն ցաւերից բժշկելու համար, որն ունէր այս բովանդակութիւնը:
«Երկրի իշխան, Արշամի որդի Աբգարից Փրկիչ եւ բարերար Յիսուսիդ, որ երեւացիր երուսաղէմացիների երկրում, ողջո՛յն:
Լսել եմ Քո, ինչպէս նաեւ այն բժշկութիւնների մասին, որ կատարւում են Քո ձեռքով առանց դեղերի ու արմատների, որովհետեւ ինչպէս ասում են, Դու տեսնել ես տալիս կոյրերին, քայլեցնում ես կաղերին, մաքրում բորոտներին, հանում ես պիղծ այսերին ու չար դեւերին եւ առհասարակ բժշկում ես երկարատեւ հիւանդութիւններով տառապողներին: Դու նաեւ յարութիւն ես տալիս մեռելներին: Եւ երբ Քո մասին լսեցի այս ամէնը, մտածեցի այս երկուսից մէկը. կամ Դու Աստուած ես՝ իջած երկնքից, որ անում ես այդ գործերը, կամ էլ Աստուծոյ Որդի ես, որ անում ես այդ: Այդ պատճառով աղաչելով գրեցի Քեզ, որ նեղութիւն կրես, գաս ինձ մօտ եւ բժշկես իմ հիւանդութիւնը, որ ես ունեմ: Նաեւ լսեցի, որ հրէաները տրտնջում են Քեզնից եւ կամենում են չարչարել Քեզ: Ես մի փոքր քաղաք ունեմ, որը բաւական է մեզ՝ երկուսիս»:
Աբգարն իր պատգամաւորներին պատուիրեց, որ եթէ Յիսուս չկամենայ գալ, թող գոնէ բերեն Փրկչի կենդանագիր պատկերը, որի համար, ինչպէս ոմանք են ասում, ուղարկեց Յովհաննէս անունով մի պատկերահանի, որն ըստ այլոց՝ նոյն ինքը՝ Անանէ սուրհանդակն էր, որին ասորիները Հաննէ էին կոչում:
Արդ, պատգամաւորներն Աբգարի թուղթը տարան Յիսուսին: Նրան պատահեցին Երուսաղէմում, արմաւենեաց տօնի օրը: Խորենացին գրում է. «Այս բանը վկայում է աւետարանական այն խօսքը, թէ "Նրանց մէջ կային որոշ թուով հեթանոսներ, որ Երուսաղէմ էին եկել"[1]»: Այդ պատճառով նրանք չհամարձակուեցին մօտենալ եւ պատգամը յայտնել Յիսուսին, այլ մօտեցան Փիլիպպոսին ու ասացին. «Տէ՛ր, կամենում ենք Յիսուսին տեսնել»: Փիլիպպոսն ասաց Անդրէասին, եւ Անդրէասն ու Փիլիպպոսն ասացին Յիսուսին: Եւ Յիսուս ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին»[2], որպէս թէ «Հասել է Իմ խաչ ելնելու ժամանակը, որը փառք է Ինձ համար: Այսուհետեւ Իմ անունը պէտք է փառքով քարոզուի նաեւ հեթանոսների մէջ»: Այդ պատճառով Տէրը յանձն չառաւ գնալ այն ժամանակ, երբ Աբգարը կանչեց Նրան, այլ նրան արժանացրեց թղթի, որը փոքր պատիւ չէր Աբգարի համար:
Եւ այս էր Աբգարի թղթի պատասխանը, որը գրեց Թովմաս առաքեալը Փրկչի հրամանով՝ ի դէմս Նրա: «Երանի՛ նրան, ով հաւատում է Ինձ, թէպէտ տեսած չլինի, որովհետեւ գրուած է Իմ մասին, թէ ովքեր Ինձ տեսնում են, Ինձ չեն հաւատայ, իսկ ովքեր չեն տեսնում, նրանք կը հաւատան եւ կեանք կ՚ուենան: Իսկ առ այն, որ գրեցիր քեզ մօտ գալու համար, Ես այստեղ պիտի կատարեմ ամէն բան, որի համար ուղարկուեցի: Երբ այս բոլոր կատարեմ, պիտի համբարձուեմ Նրա մօտ, Ով ուղարկեց Ինձ: Եւ երբ համբարձուեմ, կ՚ուղարկեմ Իմ աշակերտներից մէկին, որպէսզի նա բժշկի քո ցաւերը եւ կեանք շնորհի քեզ ու քեզ հետ եղողներին»:
Ապա Աբգարի պատգամաւորները պատկերահանի միջոցով ջանացին վերցնել գոնէ Փրկչի պատկերը, սակայն զուր անցան նրանց ջանքերը, որովհետեւ նկարիչը չկարողացաւ պատկերել Տիրոջ ճշգրիտ նմանութիւնը: Այնժամ ծածկագէտ Յիսուս, գթաց նրանց, վերցրեց մի մաքուր դաստառակ, դրեց Իր աստուածային երեսին, եւ դրա վրայ տպաւորուեց Իր երկրպագելի կենդանագիր պատկերը: Եւ ինչպէս փափագում էր Աբգարը, այն թղթով հանդերձ տուեց նրանց: Խորենացին գրում է, որ այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակը եւ նրա հետ փրկչական կենդանագիր պատկերը, որը սուրբ դաստառակ կամ անձեռագործ պատկեր է կոչւում: Ընդունելով այն՝ Աբգարը երկրպագեց հաւատով եւ աներկբայ յոյսով սպասեց Փրկչի խոստման կատարմանը: Նա թէպէտ լսեց Նրա խաչելութեան մասին լուրը, սակայն թերահաւատ չեղաւ, իսկ երբ լսեց Նրա յարութեան եւ համբարձման մասին, աւելի ու աւելի հաստատուեց Փրկչի թղթում գրուած խօսքերի վրայ: Այնուհետեւ մեր Փրկչի համբարձումից եւ Սուրբ Հոգու Վերնատանն իջնելուց յետոյ Թովմաս առաքեալը, որ տասներկու աշակերտներից մէկն էր, իր Տիրոջ եւ Վարդապետի խօսքը կատարելու համար Եդեսիա ուղարկեց Թադէոսին, որ եօթանասուն աշակերտներից մէկը եւ իր երկուորեակ եղբայրն էր, որպէսզի բժշկէր Աբգարին եւ քարոզէր աւետարանը Տիրոջ խօսքի համաձայն: Գալով սուրբ Թադէոսն իջեւանեց Բագրատունի Տուբիա իշխանի տանը, որն ազգութամբ հրեայ էր: Եւ տեսանելի նշաններով ու զօրութեամբ բերելով նրան դէպի Քրիստոսի հաւատը՝ առաքեալը ճանապարհ հարթեց աւետարանի քարոզութեան համար: Նրա մասին լուրը տարածուեց ողջ քաղաքում եւ հասաւ արքայի ականջին: Աբգարը լսելով ասաց. «Դա այն մարդն է, որի մասին Յիսուս գրեց»: Երբ Թադէոսը ներս մտաւ, նրա երեսին սքանչելի տեսիլք երեւաց Աբգարին: Նա վեր կացաւ գահից, ընկաւ իր երեսի վրայ եւ երկրպագեց նրան: Զարմացան շուրջը գտնուող բոլոր իշխանները, որովհետեւ նրանք չիմացան տեսիլքի մասին: Աբգարը նրան հարցրեց. «Արդարեւ դո՞ւ ես օրհնեալ Յիսուսի աշակերտը, որին Նա խոստացաւ ուղարկել այստեղ: Դու կարո՞ղ ես բժշկել իմ ցաւերը»: Թադէոսը պատասխանեց. «Եթէ հաւատաս Աստուծոյ Որդի Յիսուս Քրիստոսին, կը տրուեն քո սրտի խնդրանքները»: Աբգարն ասաց նրան. «Ես հաւատացի Նրան եւ Նրա Հօրը: Եթէ հռոմէական թագաւորութիւնը չարգելէր ինձ, ես կամենում էի վերցնել իմ զօրքը եւ գալ ու կոտորել հրեաներին, որոնք խաչեցին Նրան»:
Եւ այստեղից սկսելով՝ Թադէոսը նրան եւ ամբողջ քաղաքին քարոզեց աւետարանը ու ձեռքը դնելով արքայի վրայ՝ իսկոյն բժշկեց նրան: Բժշկեց նաեւ քաղաքի իշխան Աբդիուին, որն անդամալոյծ էր, տառապում էր յօդատապով՝ ոտքերի ցաւով ու մեծ պատիւ էր վայելում արքունիքում: Առհասարակ բժշկեց քաղաքում եղած բոլոր հիւանդներին ու ախտաւորներին, եւ բոլորը հաւատացին: Մկրտուեցին ինքը՝ Աբգար թագաւորը եւ ամբողջ քաղաքը: Փակուեցին կուռքերի տաճարների դռները, բագինի եւ սիւնի վրայ եղած պատկերները ծածկուեցին եղեգով: Ո՛չ Թադէոս առաքեալը եւ ո՛չ էլ Աբգար թագաւորը որեւէ մէկին բռնութեամբ չէին դարձնում դէպի հաւատքը, սակայն օրըստօրէ աւելանում էին հաւատացեալների եւ քրիստոնեաների թիւը: Թադէոս առաքեալը Ադդէ անունով մէկին, որ խոյր կարող էր, եպիսկոպոս ձեռնադրեց եդեսիացիների համար: Նրան իր փոխարէն թողեց արքայի մօտ, իսկ ինքը Աբգարից Հայոց մեծ աշխարհի համար հրովարտակ առաւ, որով բոլորը պէտք է լսէին աւետարանի խօսքը, եւ եկաւ նրա քեռորդի Սանատրուկի մօտ, որին Աբգարը նշանակել էր մեր երկրի եւ զօրքի վրայ:
Բայց երանելի Աբգար թագաւորը, որ օր օրի վրայ վառւում էր Քրիստոսի սիրով, բաւական չհամարեց իր երկրի դարձը, այլ փափագեց քարոզել ճշմարտութիւնը բոլոր ազգերին, առաւելապէս իր բարեկամ հռոմայեցիներին, պարսիկներին եւ ասորիներին: Եւ քանի որ մտերիմ էր Օգոստոս կայսեր եւ նրա յաջորդի՝ Տիբերիոսի հետ, յօժարեց թուղթ գրել Տիբերիոս կայսրին հետեւեալ բովանդակութեամբ:
«Հայոց Աբգար թագաւորից իմ տիրոջը՝ հռոմայեցիների Տիբերիոս կայսրին՝ ողջո՛յն:
Ես գիտեմ, որ քո թագաւորութիւնից ոչ մի բան ծածուկ չի մնայ, բայց որպէս քո մտերիմ՝ աւելին տեղեկացնում եմ գրութեամբ: Պաղեստինցիների երկրում բնակուող հրեաները հաւաքուելով խաչեցին Քրիստոսին առանց որեւէ յանցանքի, փոխարէն այն մեծամեծ երախտիքների, որ արեց նրանց մօտ, քանզի նշաններ եւ սքանչելիքներ գործեց, մինչեւ անգամ մեռելներին յարութիւն տուեց: Իմացա՛ծ եղիր, որ սրանք սոսկ մարդու զօրութիւններ չեն, այլ Աստուծոյ, որովհետեւ հէնց այն ժամանակ, երբ Նրան խաչեցին, արեգակը խաւարեց, երկիրը շարժուեց, եւ Ինքն էլ երեք օր յետոյ յարութիւն առաւ մեռելներից ու երեւաց շատերին: Եւ այժմ բոլոր տեղերում Նրա անունը մեծամեծ սքանչելիքներ է գործում Իր աշակերտների ձեռքով, ինչպէս որ յայտնապէս եղաւ ինձ վրայ: Արդ, այսուհետեւ քո տէրութիւնը գիտէ, թէ ինչ է արժան հրամայել հրեայ ժողովրդի համար, որոնք արեցին այդ բանը, եւ թէ ինչ է պէտք գրել ամբողջ աշխարհին, որպէսզի երկրպագեն Քրիստոսին որպէս ճշմարիտ Աստուծոյ: Ո՛ղջ եղիր»:
Աստուածասէր Աբգար թագաւորի այսպիսի պանծալի նամակին, որը յայտնապէս քարոզում էր Քրիստոսի ճշմարիտ աստուածութիւնը, կայսրը չկարողացաւ որեւէ կերպ ընդդիմանալ, որովհետեւ գիտակ էր կատարուած տիեզերահռչակ իրադարձութիւններին, իր հեթանոսական մտքով յանձն էր առնում ճանաչել Յիսուսին իբրեւ իր սուտ աստուածներից մէկը, բայց դեռեւս չէր համարձակւում ընդունել Նրան առանց ծերակոյտի հաւանութեան: Ուստի այպանելի պատասխան ուղարկեց Աբգարին հետեւեալ բովանդակութեամբ:
«Հռոմայեցիների Տիբերիոս կայսրից Հայոց Աբգար թագաւորին՝ ողջո՛յն:
Իմ առջեւ ընթերցեցին քո հաւատարմութեան թուղթը, որի համար մեր երախտագիտութիւնն ենք յայտնում քեզ: Թէպէտ այդ մասին լսել էինք շատերից, բայց նաեւ Պիղատոսն է ստուգապէս յայտնել Նրա գործած նշանների մասին եւ թէ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ ընդունելի է եղել շատերի կողմից, թէ Նա Աստուած է: Ուստի ես եւս կամեցայ անել այն, ինչ որ դու մտածել ես: Սակայն ըստ հռոմայեցիների սովորութեան՝ միայն թագաւորի հրամանով Աստուած չեն նստեցնում, մինչեւ որ հարցը չքննուի սինկղիտոսի կողմից: Ես այս բանը յայտնեցի սինկղիտոսին, բայց սինկղիտոսն արհամարհեց, որովհետեւ սկզբում իր կողմից քննութեան չի ենթարկուել: Բայց մենք հրաման տուեցինք, որ ամէն ոք, ով կամենայ, թող ընդունի Յիսուսին աստուածների թւում եւ մահուամբ սպառնացինք նրանց, ովքեր կը չարախօսէին քրիստոնեաներից: Իսկ հրեայ ժողովրդի համար, որոնք յանդգնեցին խաչել Նրան, Որի մասին ինչպէս լսում եմ, արժանի չէր խաչելութեան, այլ պատուի եւ երկրպագութեան, քննութեան ենթարկելով՝ արժանի հատուցում կը տամ, երբ ազատ լինեմ ապստամբող սպանացիների դէմ մղուող պատերազմից»:
Կարդալով կայսեր այս գրութիւնը՝ Աբգարը վառուեց Քրիստոսի փառքի նախանձախնդրութեամբ՝ ընդդէմ ծերակոյտի անմիտ խորհրդի, միաժամանակ չարեացապարտ Պիղատոսի, որը կայսեր առաջ արդարացրել էր իր անձը: Ուստի գրեց մէկ այլ՝ առաւել իմաստալից հետեւեալ նամակը:
«Հայոց Աբգար թագաւորից իմ տիրոջը՝ հռոմայեցիների Տիբերիոս կայսրին՝ ողջո՛յն:
Ես կարդացի քո տէրութեանը վայել գրուած թուղթը եւ ուրախացայ քո արձակած այդ հրամանի համար: Եթէ չես վրդովուի, սինկղիտոսի այդ գործն այպանելի է, որովհետեւ իրենց մօտ մարդկային քննութեամբ է տրւում աստուածութիւնը: Ուրեմն այսուհետեւ եթէ աստուած մարդուն հաճոյ չլինի, նա չի կարող աստուած լինել, հետեւաբար մարդուն է վայել քաւել աստծուն: Բայց քեզ՝ իմ տիրոջը, թող հաճոյ թուայ Պիղատոսի փոխարէն Երուսաղէմ ուղարկել ուրիշ մէկին, որպէսզի նա անարգանքով հեռացուի այն իշխանութիւնից, որին նշանակեցիր, որովհետեւ նա կատարեց հրեաների կամքը եւ առանց քո հրամանի զուր խաչեց Քրիստոսին: Ո՛ղջ եղիր»:
Աբգարը գրեց այս նամակը եւ կրկնօրինակը, ինչպէս նաեւ միւսները, պահեց իր դիւանում՝ ի յիշատակ ճշմարտութեան ապագայի համար: Եւ այդ օրերին առիթ գտնելով՝ գրեց նաեւ Պարսից Արտաշէս արքայի որդուն՝ Ասորեստանի մանկահասակ Ներսէհ թագաւորին, որ նստում էր Բաբելոնում:
«Հայոց Աբգար թագաւորից իմ որդի Ներսէհին՝ ողջո՛յն:
Տեսայ քո ողջոյնի գիրը եւ Պերոզին արձակեցի կապանքներից՝ ներելով նրա յանցանքները: Եթէ կամենում ես, նշանակի՛ր նրան Նինուէի վերակացու, ինչպէս ուզում ես: Իսկ որ գրեցիր, թէ ինձ մօտ ուղարկիր այն Բժշկին, որ գործում է այդ հրաշքները եւ քարոզում այլ Աստուծոյ, որ վեր է, քան հուրը եւ ջուրը, որպէսզի տեսնեմ Նրան ու լսեմ, ապա իմացած եղիր, որ Նա բժիշկ չէր մարդկային արհեստով, այլ հրի եւ ջրի Արարչի՝ Աստուծոյ Որդու աշակերտն էր եւ ըստ վիճակի՝ ուղարկուել էր Հայոց կողմերը: Բայց նրա գլխաւոր ընկերներից մէկը՝ Սիմոն (այն է՝ Կանանացին) անունով մէկն ուղարկուել է պարսից կողմերը: Փնտռի՛ր, գտի՛ր ու լսի՛ր նրան, ինչպէս որ քո հայր Արտաշէսը: Նա կը բժշկի բոլոր հիւանդութիւնները եւ ցոյց կը տայ կեանքի ճանապարհը»:
Աստուածասէր թագաւորը յորդորական թուղթ գրեց նաեւ պարսից Արտաշէս արքային այս բովանդակութեամբ:
«Հայոց Աբգար թագաւորից իմ եղբայր պարսից Արտաշէս թագաւորին՝ ողջո՛յն:
Գիտեմ, որ դու լսել ես Աստուծոյ Որդի Յիսուս Քրիստոսի մասին, Որին հրեաները խաչեցին եւ Որը յարութիւն առաւ մեռելներից եւ ուղարկեց Իր աշակերտներին՝ ամբողջ աշխարհում քարոզելու համար: Նրա գլխաւոր աշակերտներից մէկը, որ Սիմոն է կոչւում, քո տէրութեան կողմերում է: Արդ, փնտռելով գտի՛ր նրան, եւ նա կը բժշկի ձեր բոլոր ախտերն ու հիւանդութիւնները եւ ցոյց կը տայ կեանքի ճանապարհը: Հաւատա՛ նրա խօսքին, դու եւ քո եղբայրներն ու բոլոր նրանք, ովքեր կամովին հնազանդ են քեզ, որովհետեւ ախորժելի է, որ ես՝ ըստ մարմնի ձեր ազգականը պարթեւեան Արշակունի տնից, մտերիմ եւ հարազատ լինեմ նաեւ հոգով»:
Եւ այս թղթի պատասխանը չստացած՝ վախճանուեց քրիստոսասէր եւ բարեպաշտ Աբգար թագաւորը եւ փոխուեց երկնային թագաւորութեան մէջ, որ եղաւ Տիրոջ 37 թուականին, քրիստոնէութիւն ընդունելու երրորդ եւ իր թագաւորութեան երեսունութերորդ տարում:
Նրան թաղեցին արքունի փառքով, սաղմոսներով եւ օրհնութեամբ:
Աբգարի որդին, թագաւորելով հօր տեղը, հայրենի աւանդութիւնների հետեւորդ չեղաւ, այլ բացեց կուռքերի մեհեանները եւ ընդունեց հեթանոսական պաշտամունքը: Նա մարդ ուղարկեց Ադդէի մօտ, որ իր համար բեհեզից խոյր կարի ոսկէ բանուածքով, ինչպէս որ առաջ անում էր իր հօր համար, սակայն Ադդէն նրան պատասխանեց. «Իմ ձեռքերը խոյր չեն կարի անարժան գագաթի համար, որ չի երկրպագում Քրիստոսին, կենդանի Աստծուն»: Թագաւորն իր զինուորներից մէկին իսկոյն հրամայեց սրով կտրել նրա ոտքերը: Եւ սա գալով ու տեսնելով, որ նստած է վարդապետութեան աթոռին, հարուածեց սրով ու դեն գցեց, եւ նա իսկոյն հոգին աւանդեց:
Սանատրուկն էլ կոտորեց Աբգարի տան բոլոր զաւակներին, բացի աղջիկներից, որոնց հեռացրեց քաղաքից ու բնակեցրեց Հաշտեանքում:
Արժան է յիշատակել Աբգար արքայի բարեպաշտ կնոջը՝ Հեղինէին՝ հայոց թագաւորութեան տիկնաց տիկնոջը, որը հաւատաց եւ մկրտուեց իր ամուսնու՝ Աբգար թագաւորի հետ: Սանատրուկը նրան ուղարկեց՝ բնակուելու իր քաղաքում՝ Խառանում, եւ նրան թողեց ամբողջ Միջագետքի տիկնութիւնը՝ փոխարէն այն բարիքների, որ նրա միջոցով գտել էր Աբգարից:
Հեղինէն, ինչպէս իր ամուսինը, զարդարուած էր հաւատով: Նա չհանդուրժեց բնակուել կռապաշտների մէջ, այլ Կղոդիայի օրօք գնաց Երուսաղէմ, այն սովի ժամանակ, որի մասին մարգարէացել էր Ագաբոսը: Եւ Եգիպտոսում տալով իր բոլոր գանձերը՝ շատ մեծ քանակութեամբ ցորեն գնեց ու բաշխեց բոլոր կարօտեալներին, որը վկայում է նաեւ Յովսեպոսը: Եւ մինչ օրս նրա շիրիմը յայտնի է Երուսաղէմում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աբգար թագաւորի յիշատակը տօնախմբում է Յիսնակի երկրորդ եւ չորրորդ կիրակիից յետոյ առաջին երեքշաբթի օրը:
ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐԻ` ՍՈՒՐԲ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայկական եւ ասորական Միջագետքի Աբգար արքան, որը նստում էր Ուռհա քաղաքում, լսեց Քրիստոսի սքանչելի գործերի մասին, որ Նա անում էր Հրէաստանում եւ Նրա մօտ ուղարկեց իր հաւատարիմ Անանէ նախարարին, ապահունիների[3] տիրոջն իր տասը մարդկանցով եւ Յովհաննէս անունով մի նկարչի: Նրանց հետ ուղարկեց պատուական ընծաներ եւ առանց կարի մի պատմուճան: Եւ Յիսուսին մի նամակ գրեց այս բովանդակութեամբ. «Արշամի որդի Աբգարից՝ Հայոց աշխարհի ու ասորական Միջագետքի տիրոջից՝ բարերար Յիսուսիդ, որ երեւացիր Հրէաստանում՝ ողջո’՛յն: Լսել եմ Քո եւ այն հրաշքների մասին, որ Դու անում ես: Կամ Դու Աստուած ես, որ անում ես այդ, կամ էլ Աստուծոյ Որդի` երկնքից եջած: Ես ունեմ մի փոքրիկ պարսպապատ եւ գեղեցիկ քաղաք` պտղաւէտ, արդիւնաշատ եւ ցանկալի, որը բաւական է երկուսիս համար՝ ի սպաս պաշտամունքի: Լսեցինք ենք նաեւ, որ հրեաները բողոքում են Քեզնից: Արդ, աղաչում եմ Քեզ, որ գաս եւ բժշկես ինձ իմ սաստիկ ցաւից, որ ունեմ»:
Եւ Անանէն, վերցնելով թուղթն ու ընծաները, ճանապարհ ընկաւ, հասաւ Երուսաղէմ: Պատահեցին այն օրուան, երբ Յիսուս աւանակին նստած գալիս էր Երուսաղէմ, եւ եբրայեցի ծերերն ու մանուկները գոչում էին` Օվսաննա: Ամբոխի պատճառով այդ օրը չկարողացան հանդիպել Նրան: Երբ Տէրը ելաւ տաճարից, Իսրայէլի Գամաղիէլ վարդապետը մեծարեց Նրան եւ հրաւիրեց իր տուն: Գնացին նաեւ Աբգարի դեսպանները եւ սպասեցին արտաքին սրահում: Այնտեղ նրանք խնդրեցին Փիլիպպոսին ու յայտնեցին, թէ կամենում են տեսնել Յիսուսին: Եւ Փիլիպպոսն իր հետ վերցնում է Անդրէասին, Անդրէասն ու Փիլիպպոսը յայտնում են Յիսուսին ու նրանց տանում Յիսուսի մօտ: Ներս մտնելով՝ Անանէն երկրպագեց Յիսուսին, յանձնեց Աբգարի թուղթը եւ Նրա առջեւ դրեց նաեւ ընծաները: Իսկ Յիսուս ողջոյնով ընդունեց նրանց ու ասաց. «Հասաւ ժամը, որ փառաւորուի մարդու Որդին»: Եւ պատուիրեց Թովմասին, որ պատասխան թուղթ գրի Աբգարի թղթին այս բովանդակութեամբ. «Յիսուս Նազովրեցուց Հայոց արքայից արքայ Աբգար թագաւորին՝ ի Տէր ողջո՛յն: Երանի նրան, ով չի տեսել Ինձ, բայց կը հաւատայ, որովհետեւ գրուած է Իմ մասին, թէ ովքեր կը տեսնեն Ինձ, բայց չեն հաւատայ, եւ ովքեր չեն տեսնի, նրանք կը հաւատան ու կ՚ապրեն: Այստեղ եմ քիչ ժամանակ, եւ պիտի վերանամ Նրա մօտ, Ով առաքեց Ինձ: Համբարձուելուց յետոյ քեզ մօտ կ՚ուղարկեմ Իմ աշակերտներից մէկին, որպէսզի գայ, բժշկի եւ կեանք տայ քեզ ու քեզ հետ եղողներին»:
Երբ տեսան, որ Յիսուս յանձն չի առնում գալ Աբգարի մօտ, այնժամ նկարիչն սկսեց նկարել Յիսուսի պատկերը, ինչպէս որ պատուէր էին ստացել Աբգարից` նկարել Նրա պատկերը, եթէ Նա չգայ իր մօտ: Սկսեց գծագրել երիտասարդ հասակով, ինչպէս որ էր, բայց երբ դարձեալ նայեց Նրան` նորից նկարելու, տեսաւ Նրան ծեր հասակով եւ ջնջեց նախկին պատկերը: Սկսեց փոփոխել այն: Եւ երբ դարձեալ նայեց Նրան, տեսաւ Նրան տասներկուամեայ պատանու հասակով: Այնժամ զարհուրելով` թողեց նկարելը: Իմանալով նրանց խորհուրդները՝ Յիսուս գովեց նրանց հաւատը եւ վերցնելով ոսկէթել եզրերով, մի գրկաչափ երկարութեամբ սպիտակ վուշից մի դաստառակ՝ հպեց Իր աստուածային երեսին, եւ իսկոյն տէրունական պատկերն արտապատկերուեց նրա վրայ՝ աչքերն ու հոնքերը, քիթն ու բերանը, գոյնը եւ կերպը, երեսի դիրքը եւ մօրուքը, ամէնն` ամբողջութեամբ: Ապա Ինքը` Յիսուս, ծալելով դաստառակը եւ նամակը, տուեց Անանէին, իսկ սա երկրպագելով համբուրեց Յիսուսի ձեռքը եւ Նրա իսկ ձեռքից վերցրեց դրանք: Դարձեալ երկրպագեցին Յիսուսին եւ ճանապարհ ընկան: Հասնելով մի քաղաք` կամեցան իջեւանել այնտեղ, սակայն չհամարձակուեցին իրենց հետ ներս տանել դաստառակը, որպէսզի որեւէ մէկը չիմանայ եւ չվերցնի իրենց ձեռքից: Ուստի դրեցին երկու աղիւսների միջեւ, ամրացրին` աղիւսներն իրար կապելով, դրեցին նետաձգութեան պարսպի պատուհաններից մէկում եւ մտան քաղաք: Գիշերուայ մէջ պարիսպների պահապանները պատուհանի պարիսպների վրայ կամարաձեւ լոյս տեսան, բայց տեսածն արժանահաւատ համարել չկարողացան, որովհետեւ մեծ էր հեռաւորութիւնը:
Եւ յաջորդ օրը Անանէն վեր կենալով, իբրեւ ոչինչ չէր եղել, վերցրեց այն, ուրախութեամբ գնաց իր ճանապարհը, եւ տասներկու օրուայ մէջ հասան Ուռհա քաղաք: Դեռեւս քաղաք չէին մտել, յանկարծ լսեցին թշնամու ասպատակութեան ձայնը, որից երկնչելով երկու կղմինդրերի մեջ ամրացուած սուրբ դաստառակը գցեցին մօտակայքում գտնուող ջրհորի մէջ, ապա շտապ քաղաք մտան եւ փակեցին քաղաքի դռները: Լսելով այս մասին` արքան շատ ուրախացաւ եւ հրամայեց նրանց իր մօտ բերել: Երբ եկան, արքան ընդունեց պատուով եւ յոյժ մեծարեց նրանց, իսկ նրանք էլ ինչ լսել էին Տէր Յիսուսից, պատմեցին արքային եւ յանձնեցին Յիսուսի թուղթը: Աբգարը եւ նրա մեծամեծերը ոտքի կանգնեցին, արքան վերցրեց թուղթը, համբուրեց այն եւ հպեց իր երեսին ու աչքերին, ապա հրամայեց ատենադպրին ընթերցել թուղթը: Բոլորը բաց գլուխներով ոտքի կանգնեցին, երկրպագեցին եւ ապա նստեցին: Անանէն արքային պատմեց դաստառակի վրայ Փրկչի նկարուած պատկերի մասին, որից թագաւորը յոյժ ուրախացաւ, մեծարեց Անանէին եւ նրա հետ եղողներին ու նրանց բազում պարգեւներ տուեց: Ապա հրամայեց զարդարել քաղաքը, ինչպէս եւ բոլորին` հարուստներից մինչեւ աղքատներին, զարդարուել պայծառ ու նոր հանդերձներով: Արքունիքում պատրաստեց երեք գոյներով տասներկու հազար մոմեր եւ դրանք տուեց իշխանաւորների ձեռքը, նաեւ հրամայեց հարիւր քսան հազար մոմեր բաժանել ժողովրդին՝ ծերերին ու մանուկներին: Եւ այդպիսի պատրաստութեամբ յաջորդ օրը քաղաքի ողջ բնակչութեամբ գնացին ու այն ջրհորից հանեցին թաշկինակը եւ կղմինդրի մի աղիւսը: Աստուծոյ կամքով միւս աղիւսը մնաց ջրհորի մէջ՝ յետագայում հրաշքներ գործելու եւ ախտաժէտների ու բորոտների բժշկութեան համար: Երբ Անանէն բացեց դաստառակը, մեծ անուշահոտութիւն բուրեց եւ սաստիկ լույս ծագեց՝ ծածկելով արեգակի ճառագայթները: Այնժամ արքան վերցրեց դաստառակը, նրանում նկարուած աստուածատիպ պատկերը հպեց իր երեսին եւ մարգարէական հոգով երգեց սաղմոսի այն տողերը, որ ասում են. «Թող դատաստանս Քեզնից չլինի[4], թող իմ աչքերը տեսնեն անձիս առողջութիւնը մարմնիս ցաւերից: Քո երեսի լոյսով ենք լոյսը տեսնում[5]»: Անմիջապէս աճեցին հոնքերն ու թարթիչները, ամրացան ոտքերն ու ձեռքերը, արձակուեց ձայնը, որովհետեւ խօսել անգամ չէր կարողանում: Նոյն պահին քաղցրաբարբառ ձայնով օրհնեց Աստծուն ու ախորժալուր խօսքերով խորհրդաբար սաղմոսներ ասաց՝ գոհանալով Աստծուց: Սակայն արքայի վրայ բորոտութիւնից փոքր-ինչ նշմար մնաց, որպէսզի երեւային սուրբ աւազանի շնորհները Թադէոս առաքեալի գալստեամբ, ում Քրիստոս խոստացաւ ուղարկել:
Արժան է իմանալ նաեւ, որ Աւագ շաբաթ օրն Անանէն եւ իր ընկերները ճանապարհ ընկան եւ արագընթաց երիվարներով տասներկու օրում եկան հասան Ուռհա: Օրն ուրբաթ էր եւ մօտ էր Յովհաննէսի գլխատման տօնին: Եւ ինչպէս Աւագ ուրբաթ օրը տասներորդ ժամին Քրիստոս գերեզման իջաւ, նոյնպէս էլ դարձեալ ուրբաթ օրը Քրիստոսի պատկերը դրուեց ջրհորում: Եւ ինչպէս Ճրագալոյցի շաբաթ օրը գերեզմանից երեւաց Քրիստոսի յարութեան լոյսը, այդպէս էլ դարձեալ շաբաթ օրը դաստառակը հանուեց ջրհորից, որից էլ լոյս ծագեց Աբգարի առողջութեան համար: Եւ ինչպէս որ Զատկի Կիրակի օրն է Քրիստոսի ճշմարիտ յարութիւնը, այդպէս էլ նոր կիրակին կոչւում է կրկնազատիկ եւ մարդկային ազգի նորոգման պատկեր, որ պիտի լինի համընդհանուր յարութեան օրը:
Եւ այդպէս մեծ պատուով ու փառքով սուրբ դաստառակը Ուռհա քաղաք տանելով` դրեցին արքունիքում եւ պաշտեցին այն` իբրեւ նոյն Ինքն Քրիստոսին: Առողջացան քաղաքի բոլոր ախտաժէտները եւ ցաւագարները՝ ի փառս Քրիստոսի պատկերի, Ով օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
Ժամանակներ անց` Լեւոն կայսեր որդու` Կոստանդինի օրօք, հայոց 394 թվականին (945թ.) սուրբ դաստառակը տարան Կոստանդնուպօլիս, որն այնտեղ մեծ զօրութիւններ գործեց ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Իսկ մեր՝ հայոց 635 թուականին (1186թ.) Ուռհա քաղաքում երեւաց նոր այլ սքանչելիք եւ աստուածահրաշ տեսիլք: Գիշերուայ մէջ յանկարծ սաստիկ մեծ լոյս երեւաց ջրհորի վրայ, որում գտնւում էր Քրիստոսի պատկերի դաստառակը: Քաղաքի եւ բերդի գիշերապահներն ու անհաւատները տեսան լոյսը եւ աղաղակեցին: Անյապաղ գնալով այնտեղ՝ տեսան, որ այդ լոյսը բոցափայլ երեք մոմերի ճրագներ էին, որ երեւում էին ջրի մէջ: Երբեմն այն լոյսը երեւում էր արեգակի պէս շրջանաձեւ միաւորութեամբ, ու երբեմն էլ ծածկւում ջրով, ապա երեւում խիտ-խիտ աստղերի նմանութեամբ կամ կրակարանի լուսափայլ կայծերի պէս: Բոլորը ջրի վրայ բոցավառ լոյսեր էին տեսնում իւղով լի ճրագների նման: Եւ այս տեսնելու էին գալիս տաճիկների բոլոր ազգերը: Հեթանոս մէկին իջեցրին ջրհորի մէջ՝ անմիջաբար տեսնելու լոյսը, որտեղ նա մնաց երկու ժամ: Եւ ապա, երբ դուրս բերեցին նրան, տեսան, որ մեռելի պէս էր: Բաւական անց նա ուշքի եկաւ, բացեց իր աչքերը, բարձր ձայնով աղաղակեց՝ օրհնելով սուրբ Աստուածածնին ու Նրա Միածնին եւ ասաց. «Ես քրիստոնեայ եմ եւ հաւատում եմ Քրիստոս Աստծուն»: Շուրջ հինգ հազար մարդ հաւաքուեց նրա շուրջը, եւ հարցնում էին, թէ ինչ է տեսել: Եւ նա ասաց. «Ջրհորի մէջ տեսայ ծիրանի հագած մի Կին՝ նստած լուսեղէն աթոռի վրայ, եւ գրկին՝ մի լուսատեսիլ Մանուկ: Մանկան ծնկներին կար մի դաստառակ, իսկ դաստառակի վրայ՝ խաչանման գիրք: Նրանց մօտ նստած էր սքանչելատես մի ծեր այր, իսկ նրա առջեւ՝ երկու թեւաւոր մարդիկ: Ուստի ես հաւատում եմ Քրիստոս Աստծուն»: Եւ գնաց հայ քահանայի մօտ ու մկրտուեց:
Բոլոր կողմերից գալիս էր մարդկանց բազմութիւնը՝ տեսնելու այդ հրաշքը: Եւ աստուածատիպ պատկերի շնորհիւ շատերը հաւատացին Քրիստոսին: Հայերն այն դաստառակ են կոչում, յոյները՝ մանտիլ, ասորիները՝ թաշկինակ, իսկ հրեաները՝ վարշամակ, որի վրայ նկարուեց Յիսուս Քրիստոսի՝ մեր Աստուծոյ պատկերը:
Սքանչելագործ Քրիստոս Աստուա՛ծ, Քո Մօր եւ Կոյսի բարեխօսութեամբ ողորմի՛ր այս գիրը ստեղծողին:
[1] Յովհ. ԺԲ 20:
[2] Յովհ. ԺԲ 23:
[3] Հայկական նախարարական տոհմ Մեծ Հայքում:
[4] Սաղմ. ԺԶ 2:
[5] [5] Սաղմ. ԼԵ 10:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: