ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԳՕՏՈՒ ԳՏՆՈՒԵԼՈՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

Զքեզ Աստուածածին աղբիւր անսպառ լուսոյն, որ լուսաւորէ զհաւատացեալս.

Միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

Դու պարծանք կուսութեան մարդկան. դու ուրախութիւն հրեշտակաց.

Դու բարձող անիծիցն. վասն որոյ զքեզ Աստուաածին մեծացուցանեմք:

Դու ճշմարիտ արեւելք արեգական արդարութեան. յորմէ ծագեաց փրկութիւն տիեզերաց.

Միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

(Շարակնոց)

 

Ամենօրհնեալ սուրբ Աստուածածնի գօտին[1] գտնուել է Երուսաղէմում եւ ապա տարուել  Կոստանդնուպօլիս, որին ամբողջ քաղաքը ջահերով եւ անուշահոտ խունկերով է ընդունել: Մեծ պատուով դրել են ամենասուրբ Աստուածածնի անուամբ շինուած մեծապայծառ եկեղեցում, որտեղ ամենասուրբ Աստուածածնի շնորհներով շատ բժշկութիւններ էին լինում հիւանդների, ախտաժէտների եւ ցաւերից բոլոր տառապողների համար: Եւ սահմանեցին ամէն տարի օգոստոսի երեսունմէկին տօնել այդ օրը: Մենք եւս միանալով մեծարում ենք նրան, ով մեծարուեց Աստուծոյ կողմից եւ երկրպագուեց հրեշտակներից, ով օրհնուեց երկնաւորներից ու գովաբանուեց երկրաւորներիցս, բարեբանուեց այրերի կողմից եւ ներբողուեց կանանց կողմից: Մեծարում ենք նրան՝ Կոյս Մարիամին եւ Բանն Աստուծոյ մօրը, կուսութեան նկարագրին եւ երանութեան օրինակին, անմարմիններից երկրպագուողին եւ մարմնաւորներիցս փառաւորուածին, երկնքում օրհնեալին եւ երկրում գովաբանուողին, որոնց հետ մենք եւս հաւատի անբիծ շուրթերով թող արժանի լինենք յիշատակել նրան: Ո՞վ կարող է արժանապէս գովաբանել նրան, որի գովքն Աստծուց է եւ ոչ թէ մարդկանց կողմից, որի համար բոլոր ազգերը երանի տուին երանելի Կոյս Մարիամին: Նա կցորդ եղաւ Հօրը, դասուեց իր Միածնի հետ եւ փառաւորուեց Սուրբ Հոգու հետ, քանզի երկնաւոր Հօր հարսն է, Միածին Բանի ծնօղը եւ Ճշմարիտ Սուրբ Հոգու հանգստավայրը: Պատուական է նա ադամեան տոհմում, բարձր, քան բոլոր եղականները, այսինքն ողջ մարդկային բնութիւնը, որ կայ երկրի վրա, մանաւանդ բոլոր սուրբերի երամները եւ արդարների դասերը, քանզի նա է բոլոր ողջերի մայրը, որոնք կենդանի են ըստ Աստուծոյ եւ Աստուծոյ համար: Նրա համար մրցարան մտան մարգարէները, եւ ընտրուեցին առաքեալները, նրանով են պարծենում կոյսերը, եւ նրանով են խրախուսւում ճգնաւորների դասերը:  Նրանից զօրացան մարտիրոսները, եւ նրան յուսալով արիացան նահատակները: Նա է ուղղափառ վարդապետների զէնքը եւ սուրբ հայրապետների պսակը:

 

Եւ արդ, նա որ այնքան բարիքների պատճառ է, ինչպէ՞ս կարող է դրուատուել անարժանիս կողմից եւ ինչպէ՞ս կարող է գովաբանուել մեղաւոր շուրթերովս, ես ինչպէ՞ս երանի տամ իմ աղտեղի լեզուով եւ ինչ խօսքերով օրհնաբանեմ իմ գարշելի բերանով: Սակայն քաջալերուելով այն խօսքից, որ նա ասաց իր մասին, թէ՝ բոլոր ազգերը պիտի երանի տան ինձ, համարձակւում եմ նուաստ մտքիս տեսութեամբ եւ տկար խօսքերովս երանի տալ նրան, որ թերեւս ընդունի ինձ իր գթասրտութեամբ ու մարդասէր կամքով եւ ոչ թէ մերժելով անարգի իմ խօսքերը, որոնց արժանի եմ:

 

Եւ արդ, թէպէտ բոլոր սուրբերը եւ Աստուծոյ սիրելիները հաղորդ եղան Հօրը Յիսուսի միջնորդութեամբ, սակայն ոչ այնպէս, ինչպէս Աստուծոյ Բանի մայրը, քանզի Նա, Ով ծնուեց Հօրից անմայր, ծնուեց նրանից անհայր: Եւ սա է Հայր Աստուծոյ ճշմարիտ հաղորդակցութիւնը  սուրբ Կոյս Մարիամի հետ: Նա ծնեց Աստծուն եւ նախքան ծնելը ինն ամիս կրեց իր արգանդում: Որպէս մայր ծնեց Մանկանը՝ բոլորի Աստծուն, Ով եղաւ կեանք մեր անձանց եւ փրկութիւն աշխարհի համար: Եւ ծնողի կուսութիւնն անարատ ու անապական մնաց, որովհետեւ ծնուողն Աստուած էր: Առաւ Նրան իր բազուկների մէջ եւ կրեց իր գրկում, ձեռքերով շօշափեց եւ մատներով զգեստաւորեց, բերանով ողջունեց եւ շուրթերով համբուրեց, խօսքով օրհնեց եւ լեզուով գովաբանեց, խորհրդով բարեբանեց եւ մտքով փառաւորեց, հոգով պաշտեց եւ մարմնով սպասաւորեց, սրտով խանդաղատեց եւ զգացմունքներով արգահատեց, կամքով աղօթեց եւ յօժարութեամբ աղաչեց, ստինքներով սնեց եւ կաթով կերակրեց, գովեց եւ գգուեց, օրհնեց ու բարեբանեց եւ այսպէս մարմնի անդամների բոլոր զգայարաններով հովանի ու պահապան եղաւ Նրան, Ով բազմած հրեղէն անիւների վրայ վայելչանում էր վերին երկնքում եւ երեքսրբեան փառաբանութեամբ օրհնաբանւում Հօր եւ ամենասուրբ Հոգու հետ:

 

Եւ արդ, թէպէտ բոլոր սուրբերի դասերը Աստուծոյ բարեկամներ կոչուեցին, բայց նա Աստուծոյ ծնող եղաւ, նրանք եղան սպասաւորներ, իսկ նա դշխուհի, նրանք՝ ծառաներ, իսկ նա՝ տիկին, նրանք՝ զինուորներ, իսկ նա՝ թագուհի, նրանք՝ առաքեալներ, իսկ նա՝ Թագաւորի մայր, նրանք՝ քահանաներ, իսկ նա՝ սրբուհի, նրանք երէցներ, իսկ նա՝ տիրուհի, նրանք հրաման կատարողներ, իսկ նա՝ հրամայող, նրանք՝ դատաւորներ, իսկ նա՝ բարեխօս, նրանք իշխաններ, իսկ նա՝ ազնուական, նրանք՝ աշխարհի լոյս, իսկ նա՝ անմատոյց Լոյսը ծագեցնող, նրանք՝ անհամութեան աղ եւ օգտակար համեմիչներ, իսկ նա՝ երկնաւորների եւ երկրաւորների, անմարմինների եւ մարմնաւորների համար հաշտեցուցիչ եւ անուշարար, նրանք՝ աստուածատունկ բուրաստաններ, իսկ նա՝ անմահական պտուղ տուող կենաց Ծառ բերող, նրանք՝ վայելչական շքեր վարդեր, իսկ նա՝ անուշահոտ բուրմունք, նրանք՝ մանուշակներ, իսկ նա՝ կեանքի խորհուրդ, նրանք՝ պայծառ ծաղիկներ, իսկ նա՝ Աստուածութեան Պտղի ծաղկած պարտէզ, նրանք՝ պատուական քարեր, իսկ նա՝ թագ՝ դրուած Ադամի զարմի գլխին, նրանք՝ ազնիւ ոսկի, իսկ նա՝ Եւայի պսակ, նրանք Փեսայի համար հարսներ բերողներ, իսկ նա՝ Երկնաւորի հարս, նրանք՝ անարատ հարսի կոյսեր, իսկ նա՝ Փեսայի ծնող, նրանք այս աշխարհից չեն, իսկ նա՝ նրանցից էլ վեր, նրանք հրեշտակների ձայնակիցներն են, իսկ նա՝ բարձր, քան քերովբէները, նրանք անմարմինների քաղաքակիցներն են, իսկ նա՝ ամենասուրբ Երրորդութեան հետ համադասուած է եղականներիս անմատչելի տեղում, նրանք օրհնաբանակից են սերովբէներին, իսկ նա՝ պաշտելի սերովբէներին, նրանք փառաբանակից են քերովբէներին, իսկ նա՝ պատուելի բազմաչեայ դասին, նրանք երգակից են Աթոռներին, իսկ նա՝ երկրպագուած երկնաւորներից, երկրաւորներից եւ սանդարամետականներից:

 

Եւ արդ, այն ո՞վ է այս ապականացու, ախտաւոր եւ հողեղէն բնութիւնից, որ կարող էր հանդիպէլ այդքան եւ այդպիսի բարձրագոյն շնորհների ու զարդարուէր գերադրական փառքով: Ոչ ոք, այլ միայն նա, ով դրուատւում է իր իսկ խօսքերով, թէ «Այսուհետեւ բոլոր ազգերը պիտի ինձ երանի տան»: Նա կանանց մէջ օրհնուած երանելի Կոյս Մարիամն է, բոլոր ազգերի կողմից երանելի ամենասուրբ Աստուածածինը, որ ահարկու է դեւերի եւ սարսափելի հրեշտակների համար, մեծութիւն է կանանց եւ պարծանք՝ բոլոր հողեղէնների համար, կեանքի մայր է եւ Աստուծոյ ծնող: Եւ քանի որ  նա մայրական գութ ունի, ապա Ադամի մեղաւոր որդիներս ընկնենք նրա առջեւ եւ աղաչենք նրան ամբողջ սրտով՝ ասելով. «Աստուծոյ Բանի ամենամաքուր տաճա՛ր, բարձր, քան երկինքը եւ խոր, քան անդունդները, լայն, քան երկիրը եւ վեր, քան միտքը: Դո՛ւ, Տիրածին Կո՛յս, Աստուածամա՛յր, որ քո անձով կրեցիր Նրան, Ով բոլորի օրհնութեան Պատճառն է:  Նա մէկին տուեց հաւատ, միւսին յոյս, մէկին սէր, միւսին խոնարհութիւն, մէկին խոհեմութիւն, միւսին արիութիւն, մէկին ողջախոհութիւն, միւսին՝ արդարութիւն, մէկին հեզութիւն, ոմանց էլ սրբութիւն: Եւ այս բոլոր առաքինութիւնները քո անձի մէջ  դու ցոյց տուեցիր: Ինչպէս ասում է սուրբ դաւանութիւն ունեցող ծառաներից մէկը, բոլորի Աստուածը՝ Բանն Աստուած, ոչ թէ կուսութեան համար հաճեցաւ Մարիամին, այլ հոգու խոնարհութեան եւ սրտի սրբութեան համար յղացաւ նրա արգանդում եւ ծնուեց նրանից՝ որպէս բոլոր եղականների մարդացեալ Աստուած: Ուստի աղաչում ենք քեզ, սուրբ Աստուածածի՛ն, բանական Բոյսի իմանալի երկի՛ր, կենաց Հացի զգալի անդաստա՛ն, անշէջ Կրակի բորբոքուն վառարա՛ն, ծոցածին Ծաղկի դալարաբեր վա՛յր, անթառամ Պտղի երկնաբերձ ու սաղարթախիտ ծա՛ռ, լուսատու Մարգարտի գոյութեան բնակարա՛ն, երկրալիր Վէմի վիմածին լե՛ռ, առաւօտեան Աստղի արփիասկիզբ ա՛յգ, բանաւոր հօտի Դիտապետի յա՛րկ, անմահ Թագաւորի լուսակերտ արքայարա՛ն, ամէնքի Արարչին սնուցող մա՛յր, Քրիստոսի Հօր սրբուհի հա՛րս, մարդկային ցեղից երկնային հրեշտա՛կ, եղծանելի սեռից անմահ սերովբէ, հողային նիւթից մաքուր ոսկի, ծովից բերուած լոյսի մարգարիտ, Յեսսէի տնկից քաղցրութեան պտո՛ւղ, նախնեաց օրերից օրհնութեան ողկո՛յզ, հանդարտ ցօղի անձրեւաձիր ա՛մպ, արեւի ծագման արփիափայլ քար, վաղորդայն այգի առաւօտեան ա՛ստղ, գիշերուայ խաւարում բերկրանքի խօսնա՛կ, ստուերային օրէնքի ճշմարտաճառ տա՛ռ, մերկացած նախաստեղծի անկողոպտելի փա՛ռք, երկրաչարչար եւ անիծապարտ, վշտացեալ ու մեղաւոր մօր քաւութեան սփոփի՛չ: Եւ արդ, ո՞ր խօսքը կարող է բաղդատելով գերահռչակել անհամեմատելի քո մեծութինը, Արարչի մա՛յր, Անհասանելիի ծնո՛ղ, Անճառելիի գրկարա՛ն, Ամենակալի խնամակալ, Հրաշակերտողի կերակրի՛չ, Փառազարդողի դաստիարա՛կ, Վերօրհնեալի ծնո՛ղ: Եւ մենք ըստ քո խօսքի, յիրաւի համարձակապէս երանի ենք տալիս քեզ, Աստուծոյ մա՛յրդ, Աստուածածին Մարիա՛մ: Դո՛ւ, որ այնքան շնորհների ընդունարան եղար, համարձակութիւն ունես բարեխօսել քո Միածին Որդուն քեզ դաւանողներիս մեղքերի քաւութեան համար: Եւ մենք երկրպագելով ընկնում ենք քո առաջ, որ մարդասէր ես, անոխակալ եւ անյիշաչար, գթա՛ եւ ինձ, որ Աստուծոյ մայրութեան քո դաւանողն եմ եւ ինձ համար աղաչի՛ր Նրան, Ով ծնուեց քեզնից, որ առաջնորդի սուրբ խորհուրդներից օտարացածիս եւ բարի գործերից հեռացածիս ու մտցնի Իր սրբութեան գաւիթը: Աղերսելով հայցում եմ քեզ, Տիրածին Կո՛յս, մի՛ անտեսիր իմ խնդրանքները, այլ մատուցի՛ր դրանք քո Միածնին եւ Նրանից ինձ համար խնդրի՛ր ողորմութիւն: Գորովագութ մա՛յր, Աստուծոյ Բանի ծնո՛ղ, քո աղաչանքներով մեղքերով բարի գործերից հեռացած անձիս պատուաստի՛ր Նրան, Ով ծնուեց քեզնից: Դո՛ւ, որ մարդկային ազգի համար բարեխօսում ես քո Միածին Որդուն, անդադար պաղատի՛ր նաեւ մեզ համար: Տիրածին ծնո՛ղ, մի՛ անտեսիր մեզ, որովհետեւ մենք Փրկչի սուրբ արեան գինն ենք, Նրա, Ով այրի մէջ ծնուեց քեզնից: Եղի՛ր հաշտութեան միջնորդ եւ արտասուքներով հայցի՛ր մեղաւորիս համար, Աստուծոյ ծնո՛ղ եւ մա՛յր: Երանի ինձ այնժամ, երբ քո եւ սուրբերի մաղթանքներով կ՚արժանանամ տեսնելու քո Միածին Որդուն. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Աստուածածնի գօտու յայտնութեան տօնը եօթ օրուայ շարժականութեամբ նշում է օգոստոսի քսանվեցից մինչեւ սեպտեմբերի մէկը հանդիպող կիրակի օրը:

 

Հայ Եկեղեցին մինչեւ տասնութերորդ դարը այս տօնը չի նշել: Այն 1774 թուականին հրատարակած տօնացոյցում ընդգրկել է Սիմէոն Ա Երեւանցի կաթողիկոսը:

 

 

[1] Սուրբ Աստուածածնի գօտին գտնուել է հինգերորդ դարի սկզբում բիւզանդական Արկադէոս կայսեր օրօք (395-409թթ.):