Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս ուրախանան՝
Ի վերայ ճգնութեան սրբոցն:
Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի
Պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:
Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն՝
Քանզի երկնաւոր զինաւորաց բազմութիւնքն
Ընծայեցան ի խորան սրբութեան երկնից:
(Շարակնոց)
Քրիստոսի հրաշալի նահատակ ու անպարտելի վկայ սուրբ Բարղամ ծերունին՝ աշխարհիկ եւ շինական, սակայն հաւատքով լի, արդար ու աստուածավախ այր էր եւ ասորական Անտիոք քաղաքում փայլում էր իր աստուածպաշտութեամբ: Քրիստոնեաների հալածանքների շրջանում հռոմէական Նումերիանոս կռապաշտ կայսեր հրամանով անօրէն Պռիմիանոս իշխանը եկաւ Կիլիկիայի կողմերը՝ ասորական մեծ Անտիոք քաղաքը, վերցրեց այդ նահանգի եպարքոսական իշխանութիւնը, որպէսզի փնտռէր, հարցաքննէր ու մահուան դատապարտէր Տիրոջ հաւատացեալներին:
Արդ, պատահեց, որ իշխանի արբանեակների կողմից այլ կալանաւոր քրիստոնեաների հետ բռնուեց նաեւ երանելի Բարղամը եւ բանտարկուեց Անտիոք քաղաքում: Օրեր անց վայրագ իշխանը հրապարակաւ նստեց դատողական ատեանի առաջ եւ իր առջեւ կանգնած զինուորներին ասաց. «Այստեղ բերէք այն աղարտուած ծերունուն»: Եւ իսկոյն երանելուն կանգնեցրին նրա առաջ: Իշխանը հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Եւ նա պատասխանեց. «Իմ իրական անունը քրիստոնեայ է, ինչպէս որ կոչւում եմ, իսկ իմ ծնողներն ինձ Բարղամ են կոչել»: Իշխանն ասաց. «Ճշմարիտ է, որ քեզ Բարղամ են կոչել, որովհետեւ դա հաստատում է մեզ, որ անունդ եւ ծերութիւնդ քեզ յանդուգն են դարձրել»: Բարղամը պատասխանեց. «Ես ունեմ աւելի գեղեցիկ անուն եւ կենցաղավարութիւն, քանզի խոստովանում եմ Քրիստոսին՝ որպէս Աստուած՝ ծնուած Աստծուց, ծնուած նախքան յաւիտեանները եւ մարմին առած վերջին օրերում»:
Դատաւորը բարկացաւ երանելու համարձակ խոստովանութիւնից եւ ասաց. «Անզգա՛մ, ես այդ մասին չհարցրի քեզ: Թէպէտ տարիքն առած ես, սակայն երեխայի պէս ուղիղ չես պատասխանում իմ հարցերին»: Բարղամն ասաց. «Ո՛վ իշխան, մի՛ բարկացիր ինձ վրայ: Ես այդպէս պատասխանեցի Քրիստոսի սիրով, չնայած քեզնից հրաման չառայ»: Դատաւորն ասաց. «Ես ըստ կարգի կամենում եմ հարցաքննել քեզ ամենայն ճշմարտութեամբ եւ ստուգութեամբ: Եւ այս ամբոխը, որ կայ մեր շուրջը, ցանկանում է լսել իմ ճշմարիտ հարցումներն ու տեսնել քո յամառութիւնը»: Այնժամ ամբոխն արձագանքեց՝ ասելով. «Ահաւասիկ բոլորս հաւաքուել ենք այստեղ՝ լսելու առանց հակառակութեան քո խօսքը՝ իբրեւ տարիքաւոր մարդու, որովհետեւ մեր կրօնը բռնութեամբ չէ»:
Դատաւորն ասաց. «Այժմ պատասխանի՛ր ըստ կարգի եւ մի՛ բարբաջիր՝ ազատօրէն խօսքդ առաջ տանելով: Այսուհետեւ իմացի՛ր, որ եթէ պատասխան տաս իմ հարցերից դուրս, ապա դաժանօրէն կը զրկեմ քեզ կեանքից»: Բարղամն ասաց. «Ես ամէն կերպ ցանկանում եմ, որ հարցաքննես ինձ ճշմարտութեամբ, իսկ ես պատասխանեմ ամենայն ստուգութեամբ: Կամենում եմ, որ այս հաւաքուած ամբոխը՝ մանաւանդ քրիստոնեաները, լսեն ինձ, որովհետեւ գիտեմ, որ չարախօսներից ոմանք քեզ ցոյց են տուել քրիստոնէութեան հակառակ ճանապարհը: Հաւատացնում եմ քեզ, թէ որքան ճշմարիտ են մեր օրէնքները, որի դատաւորը Քրիստոսի Հայրն է: Արդ, եթէ կամենում ես լսել ճշմարտութիւնը, ապա իմացի՛ր, որ առաջին ճշմարտութիւնը Քրիստոսին խոստովանելն է, ապա սուրբ վարքով՝ խաղաղութեամբ, հեզութեամբ, սիրով, քաղցրութեամբ, արդարութեամբ, համբերութեամբ եւ բարեգործութեամբ կենցաղավարելը, եւ ինչ որ ատելի է որեւէ մէկին, չպատճառել ընկերոջը»:
Դատաւորը զարմացաւ սուրբի իմաստուն խօսքերի վրայ եւ ասաց. «Երդւում եմ իմ աստուածներով եւ ինքնակալի կեանքով, որ լաւ ասացիր, թէ ճշմարտութիւնն ու արդար կենցաղավարութիւնն ազատութիւնից են, բայց այդ չէ, որ քեզ հարցրեցի: Ես ցանկանում եմ իմանալ, թէ ո՞ւմ ես պաշտում եւ երկրպագում»: Բարղամը պատասխանեց. «Ես երկրպագում եմ Հօրը, Նրանից ծնուած Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ Նրա Էակցին ու մշտնջենաւոր Փառակցին»: Պռիմիանոս դատաւորն ասաց. «Ծերութիւնդ քեզ զազրախօս է դարձրել ու տարել խելայեղութեան: Քեզ չի՞ թւում, որ կան աստուածներ, որոնց պաշտում է ինքնակալը»: Բարղամը պատասխանեց. «Երդւում եմ Աստուածորդի Յիսուս Քրիստոսով, որ ամաչում եմ գլուխս բարձրացնել ու նայել քեզ, որովհետեւ տեսնում եմ, որ մարդկանց ձեռքի գործերին կամ Աստուծոյ արարածներին աստուածներ ես կոչում: Ես չեմ պաշտի արարածներին եւ չեմ երկրպագի նրանց, այլ պիտի միշտ խոստովանեմ Քրիստոս Աստուածորդուն, որ ծնուեց Հօրից նախքան յաւիտեանները»: Պռիմիանոս իշխանն ասաց. «Անպարտելի ինքնակալները հրամայել են ողջակիզել բոլոր նրանց, ովքեր չեն երկրպագի աստուածներին եւ չեն հետեւի նրանց հրամաններին»: Բարղամն ասաց. «Ես պատրաստ եմ տալ իմ մարմինը, արա՛ ինչ կամենում ես: Ես իմ տանջանքներով կը համոզեմ քեզ, որ չեմ երկրպագի արարածներին եւ մարդկանց ձեռքի գործերին»: Դատաւորն ասաց. «Քեզ սպասւում են պատուհասներ, սակայն այժմ մեր շուրջը կանգնած ամբոխի համար ասա՛, թէ Հայրն ինչպէս Որդի ունեցաւ եւ երբ»: Բարղամը պատասխանեց «Անհնար է, որ Նա, Ով յաւիտեաններից առաջ էր, ստորադրուի ժամանակի ներքոյ, որովհետեւ ասում է. "Ծնեցի Քեզ արուսեակից առաջ": Եւ ինչո՞ւ ես Աստուծոյ մասին տալիս հարցումներ, թէ ինչպէս եւ երբ»: Պռիմիանոս իշխանն ասաց. «Քանի որ լսեցի քեզնից, թէ քո Աստուածը Որդի ունի, այդ պատճառով հարցրեցի քեզ, թէ այդ ինչպէս կը լինի: Այլապէս ես կը երկրպագեմ աստուածներին, ինչպէս որ հրամայել են իմ տէրերն ու ինքնակալ թագաւորները, եւ կամենում եմ, որ դու էլ նոյնն անես»: Բարղամը պատասխանեց. «Ես արդէն ասացի, եւ չեմ հրաժարւում դարձեալ կրկնել. ես երկրպագում եմ Աստուծոյ Որդուն, Նրան, Ով ծնուեց նախքան ժամանակները: Իսկ արարածներին եւ մարդկանց ձեռքի գործերին երբէք աստուածներ չեմ համարի, որքան էլ հանես ամբողջ փորոտիքս կամ մաս-մաս յօշոտես ողջ մարմինս»:
Դատաւորն ասաց. «Ես չեմ ների քեզ զազրախօսութեանդ ու յամառութեանդ պատճառով, այլ չարաչար հարուածներով կը պատժեմ յանդգնութեանդ համար եւ կը սանձեմ կզակիդ յամառութիւնը, որպէսզի հնազանդուելով կատարես մեր ինքնակալ թագաւորների կամքը: Ես կամեցայ ողոքիչ խօսքերով դարձնել քեզ իմաստութեան եւ խնայելով ծերութիւնդ՝ հարցաքննել քեզ, սակայն դու անզգամութեամբ շարունակեցիր վայրենամիտ մնալ»: Բարղամն ասաց. «Ո՛վ թագաւոր, մի՛ բարկացիր ինձ վրայ, որովհետեւ դու իշխանութիւն ունես միայն մարմնիս վրայ, իսկ հոգուս վրայ իշխանութիւն ունի միայն Աստուած՝ համայնի Արարիչը, Որին հաւատում եմ եւ մինչեւ մահ ամուր պիտի պահեմ Նրա դաւանութիւնը: Ես երբէք զոհ չեմ մատուցի քո սնոտի կուռքերին ու չեմ երկրպագի խուլ եւ կոյր դեւերին, որովհետեւ նրանք խաւարի տանջանքներին պիտի մատնեն այն հոգիներին, որոնք մոլորուելով հաւատում եւ երկրպագում են իրենց»: Դատաւորն ասաց. «Մի՞թէ կարծում ես, թէ ես իսկոյն կը զրկեմ քեզ կեանքից: Ես կամաց-կամաց եւ քիչ-քիչ կը խոշտանգեմ մարմնիդ բոլոր անդամները՝ ի ցոյց բոլորի: Տեսնենք կ՚օգնի՞ քեզ Աստուծոյ Որդին, Որի մասին ինքդ ասացիր»: Բարղամն ասաց. «Նա օգնեց ինձ եւ պիտի օգնի ու թոյլ չի տայ, որ թողնեմ Իր կամքը, հեռանամ Իր սիրուց ու ծառայեմ մարդկանց ձեռքի գործերին՝ սնոտի ձուլածոյ արձաններին»: Դատաւորն ասաց. «Ահաւասիկ քո անզգամութեան համար այնպիսի չարաչար տանջանքների կը մատնեմ քեզ, որ չես սպասի, որպէսզի տանջանքների միջոցով հպատակուես ինքնակալներին եւ զոհ մատուցես աստուածներին»: Բարղամն ասաց. «Ո՛վ իշխան, մի՛ բարկացիր, ես քեզ յայտնապէս ասացի ճշմարտութիւնը. արարածներին աստուածներ կոչող երկրպագուները ստուգապէս յիմարացած են, որովհետեւ ճշմարիտն Աստուած յաւիտենական է, իսկ ձեր աստուածների արարիչներն անյայտ են ու կարճ ժամանակ անց պիտի վերանան: Եւ ինչպէ՞ս պիտի նրանց ստեղծածները մնան յաւիտեան»:
Այնժամ բարկացած դատաւորն ասաց. «Անխնայ հարուածէ՛ք դրան արջառաջլերով, որպէսզի դրա մէջ շրջող դեւը հնազանդուի ու լսի մեզ»: Բարղամն իր տանջանքների մէջ ասաց. «Նախապէս ասացի քեզ, որ ես պաշտում եմ մի Աստուծոյ, Ով ստեղծեց ամէն բան, եւ ես միայն Նրան եմ երկրպագում: Ուստի ես չեմ վախենում քո սպառնալիքներից, որովհետեւ իմ աչքերի առաջ ունենալով Աստուծոյ երկիւղը՝ անսասան կը մնամ, եւ ոչ միայն ես, այլեւ բոլոր նրանք, ովքեր հետեւում են այս օրէնքներին ու հաւատքին»: Պռիմիանոս իշխանն ասաց. «Դու նորից կը փորձուես տանջանարանների միջոցով»: Բարղամն ասաց. «Երդւում եմ Աստուածորդիով, որ աչքիս առջեւ ունենալով իմ Աստծուն՝ չզգացի քո այդ տանջանքները: Սակայն ամէն բանից առաւել վշտացած եմ ձեր անզգամութեան համար, որովհետեւ մարդկանց ձեռքի կռած եւ կոփած արձաններին աստուածներ էք կոչում: Ուստի փափագում եմ փութապէս ազատուել այս կեանքից եւ քո բերանից չլսել այդպիսի խօսքեր»: Դատաւորն ասաց. «Ի՞նչ ես խօսում, Բարղա՛մ, հնազանդուի՛ր ինձ եւ զոհ մատուցիր, որովհետեւ ես պատկառում եմ քո պատուական ճերմակ մազերից ու քո վայելչագեղ տեսքից: Խնայելով քեզ՝ ես կամենում եմ բաւարարուել քո ստացած տանջանքներով»: Բարղամն ասաց. «Ես բնաւ չզգացի այդ տանջանքները: Ուստի պատրաստ եմ մարմինս մատնել առաւել խիստ տանջանքների, որքան էլ լինեն: Իմ գործերով ես կը համոզեմ քեզ, որ հաւատում եմ Աստծուն, իսկ դեւերին զոհ չեմ մատուցի, որովհետեւ Քրիստոսի սէրը թոյլ չի տայ ինձ հեռանալ Իրենից: Եւ եթէ չբարկանայիր, համառօտ կը խօսէի մեր բարեպաշտութեան մասին: Արդ, ների՛ր մեծահոգաբար»: Իշխանն ասաց. «Ասա՛, ի՞նչ ունես ասելու, իմաստուններից ո՞վ չգիտէ, որ ձեր խօսքերը պառաւական առասպելներ են, իսկ դուք՝ ստութեան հետեւորդներ: Սակայն ասա՛, գուցէ կարողանաս ինձ քրիստոնեայ դարձնել»: Բարղամն ասաց. «Աղօթում եմ Աստծուն, որ քրիստոտնեայ լինես ոչ միայն դու, այլեւ բոլոր նրանք, ովքեր աստուած են համարում մարդու ձեռքով ստեղծուած եւ կերտուած պատկերներին, զղջան եւ խոստովանեն Աստուծոյ Որդուն՝ ճշմարտապէս ծնուած Հօրից: Իսկ իմ ճշմարիտ հաւատքի մասին ճշմարիտ կ՚իմանաս տանջանքներով փորձելու միջոցով, քանզի ոչինչ չի կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց, ինչպէս որ գրուած է. "Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը"[1]»: Իշխանը լռեցրեց նրան եւ ասաց. «Բաւակա՛ն է, շատ երկար լսեցի քեզ՝ կարծելով, թէ պիտի խօսես աւելի օգտակար բաների մասին: Դուք ձեր անկրթութեամբ այդպիսի խօսքեր էք բարբաջում անմիտ եւ տգէտ մարդկանց ականջին»:
Այնժամ իր առջեւ կանգնած զինուորներին հրամայեց բռնել երանելուն, կախել գլխիվայր եւ քերել, որից բզկտուեց նրա ողջ մարմինը: Ապա բռնաւորն ասաց սուրբին. «Այժմ ասա՛ մեզ, քո Աստուածն ու հաւատքը օգնո՞ւմ են քեզ»: Բարղամն ասաց. «Օգնում են եւ պիտի օգնեն ոչ միայն ինձ, այլեւ բոլոր նրանց, ովքեր պահում են հաւատքը եւ մնում այս խոստովանութեան մէջ, քանի որ այստեղ՝ այս աշխարհում, արժանանում են ընդունելութեան եւ պատուի, իսկ հանդերձեալում ժառանգում են երկնքի յաւիտենական արքայութիւնը»:
Իշխանը ծառաներին ասաց. «Արդէն բաւական է: Հրամայում եմ առայժմ բանտարկել նրան, որպէսզի դադար առնենք»: Բարղամն ասաց. «Ահա նոյն Աստուածն ինձ օգնական եղաւ նաեւ հիմա: Երբ կամենաս չարչարել ինձ, ես պատրաստ եմ, որովհետեւ Աստուած թոյլ չի տայ, որ հեռանամ Իր սիրուց եւ անսպառ բարիքներից, որոնք պահուած են ու սպասում են Նրան յուսացողներին»: Եւ երանելուն բանտարկեցին:
Օրեր անց անօրէն Պռիմիանոս իշխանը, ամբոխով շրջապատուած, դարձեալ նստեց քաղաքի բարձրագոյն բեմին եւ զինուորներին հրամայեց իր առջեւ բերել երանելի Բարղամին: Զինուորները դուրս բերեցին նրան բանտից եւ կապանքներով կանգնեցրին ատեանի հրապարակի առաջ: Այնժամ իշխանը հարցրեց նրան. «Ցանկանո՞ւմ ես այսուհետեւ ազատել քեզ սպասուող առաջիկայ տանջանքներից»: Բարղամը պատասխանեց. «Բազմիցս լսեցիր ինձնից, որ չեմ շեղուի իմ խորհուրդներից, զոհ չեմ մատուցի դեւերին, չեմ ուրանայ իմ Աստծուն ու չեմ երկրպագի արարածներին եւ այժմ էլ չեմ զլանայ նոյնը կրկնել: Արդ, արա՛ իսկոյն, ինչ որ կամենում ես»: Իշխանն ասաց. «Կախէ՛ք եւ քերէ՛ք դրա մարմինը երկաթէ ճանկերով, որպէսզի չար դեւը, որ բռնել է դրան, ելնի դրանից»: Բարղամն ասաց. «Ես դեւ չունեմ, իսկ տանջանքները բնաւ չեմ զգում»: Իշխանն ասաց. «Ես արդէն ձանձրացայ, իմ ծառաները յոգնեցին ու հեռացան, բայց դու չես հնազանդւում: Այժմ թող նա երկու ոտքերից կախուի երկու ծառերի միջեւ եւ ուժգին պրկուի»: Զինուորներն անմիջապէս կատարեցին իշխանի հրամանը, իսկ Բարղամն ասաց. «Ճշմարիտ եմ ասում իմ Տէր Յիսուս Քրիստոսով, որ ինձ ոչինչ թուացին քո յօրինած տանջանքները, որովհետեւ Աստուած թեթեւացնում էր դրանք»: Իշխանն ասաց. «Ի՞նչ կ՚ասես, Բարղա՛մ, զոհ կը մատուցե՞ս, որ ազատուես, թէ՝ ոչ»: Բարղամը պատասխանեց. «Դու չգիտես, թէ ինչ է Քրիստոսի սէրը, որի համար շարունակ անարժան հարցեր ես տալիս»: Իշխանն ասաց. «Հնզանդուի՛ր ինձ, որովհետեւ երկար կախուելուց թուլացել են բերանիդ փականքները, եւ միմեանցից բաժանուել են մարմնիդ յօդերը: Այդ պատճառով խնայելով քեզ՝ ողորմում եմ ճերմակ մազերիդ համար եւ յորդորում եմ, որ զոհ մատուցես ու ազատուես չարչարանքներից»: Բարղամն ասաց. «Ասում եմ քեզ իմ Աստուծով, Ով բնակւում է երկնքում եւ երկրի վրայ: Նա օգնում է Իր նահատակներին, որովհետեւ ես չզգացի քո պատճառած տանջանքները: Ես զոհ չեմ մատուցի ապականացու սնոտի աստուածներին, որովհետեւ գրուած է. "Աստուածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն երկնքի ներքոյ"[2]»: Իշխանը հրամայեց. «Տարածէ՛ք դրան մեհեանի աստուածների առաջ, ձեռքերի մէջ կնդրուկ լցրէք եւ ապա ձեռքերի տակ վառուող ջահեր մօտեցրէք: Կը տեսնենք, թէ ինչպէս նրա ձեռքերն անշարժ մնան, իսկ եթէ ձեռքում եղածը թափի աստուածների առաջ, ուրեմն նա զոհ կը մատուցի»:
Քրիստոսի քաջ զինուորը վեր պարզեց իր ձեռքերը՝ հեռացնելով բագնից եւ աչքերը երկինք բարձրացնելով՝ ասաց. «Քեզ՝ Հօրդ եւ Քո Որդուն՝ Քրիստոսին եմ յանձնում իմ մարմինը: Քո օթեւանից հաշտ աչքով նայիր ցրուած եւ պառակտուած Քո ժողովրդին եւ իմ արեան հեղումն ընդունիր նրանց սրբութեան համար»:
Սուրբ Բարսեղն ի գովեստ սուրբ Բարղամի՝ գրում է. «Վկան չէր նայում իր վշտերին, այլ պսակներին: Խոյս չէր տալիս հարուածներից, այլ հաշւում էր բրաբիոնները: Չէր նայում ներքեւ՝ իրեն տանջող դահիճներին, այլ աչքերը դէպի վեր՝ վերին բարեհամբաւիչ հրեշտակներին էր յառում: Ուշ չէր դարձնում տանջանքների ժամանակաւոր չարչարանքներին, այլ մտածում էր մշտնջենաւոր վարձքի մասին»:
Այսպէս երանելին տոկաց առաքինաբար. նա կնդրուկ չլցրեց կուռքերի առաջ: Ձեռքերն այրուելուց կծկուել ու սեղմուել էին, որովհետեւ կրակը տոչորելով խորովում էր սուրբ վկայի մարմինը, ջլերը հաւաքուել էին մէկը միւսի վրայ եւ միւս կողմից ծակել ձեռքերը:
Եւ այսպէս Փրկչի նահատակը, համբերելով Աստուծոյ սիրով, վկայական մահուամբ աւանդեց իր հոգին, որ եղաւ նոյեմբերի քսաներկուսին, Տիրոջ 283 կամ 284 թուականին, մեծ Անտիոք քաղաքում՝ Նումերիանոս թագաւորի օրօք եւ Պռիմիանոս դատաւորի իշխանութեան տարիներին՝ ի փառս մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի անուան եւ ի պայծառութիւն Նրա սուրբ Եկեղեցու:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Բարղամի յիշատակը տօնում է Ս. Խաչին յաջորդող երկրորդ կիրակիին յետեւող հինգշաբթի օրը՝ Նիկոմիդիայի սուրբ Անթիմոս եւ Սերմինայի սուրբ Երանոս եպիսկոպոսների հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 775:
[1] Հռոմ. Ը 35:
[2] Երեմ. Ժ 11:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: