ՍՈՒՐԲ ԵԶԵԿԻԷԼ ՄԱՐԳԱՐԷԻ ՎԱՐՔԸ

Որ զյառաջագոյն ընտրեալսն առաքեցեր յաշխարհս սուրբ մարգարէսն.

Աւետարանել զՔո գալուստդ անթարգմանելի տնօրէնութեամբ.

Սոքօք շնորհեա հաստատութիւն եկեղեցւոյ Քում սրբոյ:

Որոց ետուր իշխանութիւն բացատրել զիջումն Քո յաշխարհ.

Աստանոր կատարեցեր զմարգարէիցն զտեսութիւն.

Սոքօք շնորհեա հաստատութիւն եկեղեցւոյ Քում սրբոյ:

Որ զմահ գերի առեալ՝ մահուամբ զմահ կոխեցեր.

Արձակելով զերամս մարգարէիցն յանստուեր Քո հանգիստդ.

Սոքօք շնորհեա հաստատութիւն եկեղեցւոյ Քում սրբոյ:

(Շարակնոց)

 

Մարգարէներից հրաշատեսը՝ ծածուկները կանխատեսող, խորիմաց Եզեկիէլ մարգարէն, Աստուծոյ քահանայ էր, ղեւտացիների ցեղից Բուզի քահանայի որդին եւ ապրել է Բաբելոնում գերութեան ժամանակաշրջանում՝ Քրիստոսից մօտ վեց հարիւր տարի առաջ: Երբ քաղդէացիների Նաբուգոդոնոսոր արքան յարձակումներ գործեց Յուդայի եւ այլ երկրների վրայ, գերեվարուածների հետ Բաբելոն տարաւ նաեւ Եզեկիէլին, որն այդժամ պատանի էր: Եւ Յուդայի Յովակիմ արքայի գերութեան ու Սեդեկիա արքայի թագաւորութեան հինգերորդ տարում Եզեկիէլը, որ գերութեան մէջ էր քաղդէացիների երկրում, սկսեց մարգարէանալ: Այդժամ Բաբելոնում էին գտնւում նաեւ Դանիէլն ու երեք պատանիները, որոնք տարիքով կրտսեր էին Եզեկիէլից:

 

Եզեկիէլի մարգարէութեան սկիզբը ահաւոր եւ սքանչելի տեսիլքով էր, որը եղաւ Քոբար գետի ափին: Նա տեսաւ քառակերպ կառքը՝ քառաթեւ եւ քառադէմ կենդանի էակներով, որոնք ունէին մարդու, առիւծի, եզի եւ արծուի կերպարանքներ՝ որպէս չորս սուրբ աւետարանիչների, նոր Սիօնի խորին խորհրդի եւ վերին Երուսաղէմի նախատիպ:

 

Յեքոնիայի հետ հրեաների բազմութեան Բաբելոն գերեւարուելուց յետոյ, որն եղաւ նրանց անօրէնութիւնների բազմանալու պատճառով, Երուսաղէմում Սեդեկիա արքայի հետ մնացած հրեաներն էլ դեռեւս չէին սթափւում, այլ ապաւինում էին աստուածաբնակ տաճարին, որ դեռ հրկիզուած չէր եւ կարծում էին, թէ անհնար է, որ Աստուած այն մատնի հեթանոսների ձեռքը: Այդպէս ամբարտաւանութեամբ նրանք առաջ էին գնում իրենց չար գործերի մէջ եւ անգամ, չսաստուելով Երեմիա մարգարէից, երբ նա ասում էր, թէ այս քաղաքը եւ տաճարը պիտի մատնուեն քաղդէացիների ձեռքը, մտածում էին սպանել նրան՝ որպէս իրենց թշնամիներին համախոհ մէկի: Այս պատճառով Աստուած Եզեկիէլին տարաւ Բաբելոն, որպէսզի նա, Երեմիայի հետ միաբան, կշտամբի դառնացողների տանը, իսկ եթէ նրանք յետ չդառնան իրենց չար ճանապարհներից, սպառնայ քաղաքի ու տաճարի կործանմամբ:

 

Արդ, Եզեկիէլը տեսաւ Աստուծոյ փառքը, որ երեւաց քերովբէների վրայ՝ լի սոսկալի եւ հրաշալի սքանչելիքներով: Այս ամէնում ստուգապէս փայլում էին Եզեկիէլի աստուածամերձ մտերմութիւնը եւ հրեշտականման առաքինութիւնները, որովհետեւ տեսիլքներով նա ոչ միայն հաղորդ էր լինում աստուածային ծածուկ խորհուրդներին, այլեւ բազմապատիկ ճգնութիւններում եւ մրցապայքարներում ձեռք էր բերում առաքինութիւններ՝  անջնջելիօրէն տպաւորելով իր անձի մէջ բազում խորհուրդներ: Նա կերաւ Աստծուց տրուած մագաղաթը, որով էլ կարգուեց աշխարհի դէտ եւ վերակացու ու եղաւ Աստուծոյ Հոգու պատգամների եւ շնորհների ընդունարան: Սկզբում մագաղաթի դառնութիւնը ցոյց էր տալիս սպառնալիքները՝ ուղղուած դառնացողների տանը, եւ ապա մեղրանման քաղցրութիւնը՝ առ Աստուած դարձողների մխիթարութեան քաղցր յոյսը:

 

Այնուհետեւ ի յանդիմանութիւն անօրէնների՝ Տիրոջ հրամանով մարգարէն ճգնում է տեսակ-տեսակ չարչարանքներով: Նա փակուեց տանը, եւ իւրայինները, նրան ցնորուած համարելով, կապանքներով կապեցին խստապարանոց ազգի առջեւ: Աստուած մարգարէի լեզուն կապեց քիմքին, եւ նա համրի պէս եղաւ: Չկարողացաւ խօսել: Խօսեց միայն այնժամ, երբ Աստուծոյ խօսքն ուղղւում էր իրեն, եւ նա միայն այդ խօսքն էր համարձակ արտաբերում: Եւ քանի որ հրեաները չէին կամենում լսել Երուսաղէմի պաշարման ու աւերածութեան մասին, մարգարէն նրանց առաջ այդ ամէնը պատկերեց աղիւսի վրայ, որպէսզի տեսնէին իրենց աչքերով:

 

Ապա Տիրոջ խօսքով ննջեց. մարգարէն ընկողմանեց իր ձախ կողմի վրայ եւ անընդմէջ քնեց հարիւր յիսուն օր (ըստ այլ ընթերցուածքի՝ հարիւր իննսուն օր), որպէս թէ օրը տարուայ հետ փոխանակելով՝ ցոյց տալու համար Իսրայէլի տան պատուհասի եւ նրանց անիրաւութիւնների չափը: Քառասուն օր էլ ննջեց Յուդայի տան համար, քանզի ինչպէս ասւում է, իր մարգարէութիւնից մինչեւ Յուդայի գերութիւնից դարձը, որ եղաւ Կիւրոսի առաջին տարում, քառասուն տարի տեւեց: Եւ Նէէմայի օրօք տաճարի աւերածութիւնից մինչեւ պարիսպների վերականգնումը, որում Իսրայէլի գրեթէ ամբողջ տանն այցելութիւն եղաւ, հարիւր յիսուն տարի էր: Աստուծոյ մարգարէն այդ օրերին ճաշակում էր միայն հաց եւ ջուր, այն էլ՝ կշռով ու չափով: Նրա հացը պատրաստուած էր ցորենից, գարուց, ոսպից, ոլոռից, կորեկից եւ հաճարից ու եփուած էր արջառի քակորի վրայ, որով ճգնող մարգարէն կանխատեսում էր հրեաների սովն ու գերութիւնը մարմնաւոր առումով, իսկ հոգեւոր առումով՝ բոլոր մեղաւորներին, եթէ նրանք չդառնան դէպի Տէրը: Այլ ի օրինակ սրով եւ հրով կոտորածի՝ Աստուած հրամայեց Եզեկիէլին վերցնել յեսանով[1] սրուած սուսեր, որ աւելի սուր լինի վարսավիրների ածելուց, անցկացնել գլխի եւ մօրուքի վրայով, մազերի մի մասը անցկացնել սրի վրայով,  մի մասը հրով այրել, մի մասը քամուն տալ, մի մասն էլ միառժամանակ պահել ու դարձեալ այրել:

 

Եւ որպէսզի ոչ ոք չկարծի, թէ այս բոլոր սպառնալիքները խիստ են մեղքերի համեմատ, Աստուած մարգարէին ցոյց տուեց ժողովրդի անսահման անօրէնութիւնները, քանզի տեսիլքի մէջ Եզեկիէլին վեր բարձրացրեց, Բաբելոնից Երուսաղէմ տարաւ եւ ցոյց տուեց կուռքերին, որ կային տաճարի դռների ու պատերի վրայ: Ցոյց տուեց նաեւ, թէ ինչպէս էին ողբում Թամուզին ու այլ տեսակ-տեսակ անարժան գործեր անում, որը՝ յայտնի եւ որը՝ ծածուկ: Այդ պատճառով Տէրը Եզեկիէլին ցոյց տուեց նաեւ այն տեսիլքը, որում վեց մարդ՝ տապարը ձեռքին, յարձակուեցին՝ անխնայ կոտորելու ժողովրդին: Նրանք խնայում էին միայն նրանց, ում ճակատները դրոշմուած էին թաւ նշանով, որոնք սուրբ Խաչի նշանով կնքուածներն են: Տէրը Եզեկիէլին պատուիրեց նաեւ սուգ չանել մեռած կնոջ վրայ՝ ի խորհուրդ Իսրայէլի տան անտանելի պատուհասների:

 

Բայց այս ամէնի հետ մէկտեղ մարգարէն Տիրոջ խօսքով սպառնում էր նաեւ այլազգիներին, որոնք ոտնահարում էին հրեաներին: Երուսաղէմի գրաւումից յետոյ նա վերադարձի աւետիս է տալիս, որը հաստատում է համընդհանուր յարութեան օրը ցամաքած ոսկորների տեսիլքով: Այդպէս էլ տաճարի շինութեան տեսիլքում նկարագրում է երկրորդ տաճարի շինութիւնը, որ եղաւ Զօրաբաբէլի օրօք, ինչպէս նաեւ Երուսաղէմի պարիսպների եւ դռների վերականգնումը՝ Նէէմայի օրօք եւ խորհրդաբար Քրիստոսի Եկեղեցու շինութիւնը եւ Վերին Երուսաղէմի իւրաքանչիւր ցեղի անուամբ սքանչելի դռներով անձեռագործ տաճարի վայելչութիւնը, որը Յովհաննէս Աւետարանիչը յայտնապէս տեսաւ տեսիլքում: Եւ ըստ այդմ՝ Եզեկիէլի ու Յովհաննէսի խօսքերում շատ ընդհանրութիւններ կան:

 

Արդ, մօտաւորապէս քսան կամ քսանհինգ տարի անց, որի ընթացքում խորիմաց Եզեկիէլ մարգարէն մարգարէացաւ տեսիլքներով եւ մտքով, խօսքով ու գործով, վախճանուեց վկայական մահուամբ, քանզի վկայագիրների եւ հայրերի միաբան աւանդութեան համաձայն Դանի ցեղի առաջնորդը քաղդէացիների երկրում Դանի եւ Գադի ցեղերին կռապաշտութեան համար յանդիմանելու պատճառով սպանեց Աստուծոյ մարգարէին: Ինչպէս ասում են, երանելուն կապեցին ձիու պոչին եւ ձիուն քշեցին քարքարոտ վայրերով: Օրինապահները վերցրեցին սուրբ մարգարէի մարմինը եւ պատուով թաղեցին Բաբելոնում, մի տեղում, որը բնակիչների կողմից համարւում էր Աբրահամի նախնիների կամ Սէմի եւ Արփաքսադի գերեզմանոցը: Եզեկիէլի թաղումից յետոյ նրա գերեզմանը ուխտատեղի դարձաւ:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եզեկիէլին յիշատակում է Եզրի եւ Յովհաննէսի հօր՝ Զաքարիայի հետ, Վերափոխման տօնին յաջորդող երրորդ երեքշաբթի օրը:

 

 

[1] Յեսան – մրրաքարերին պատկանող կարծր քար, որ օգտագործում են գործիքների բերանը սրելու համար, խարտ, սրոց: