Հրաշափառ ճգնութեամբ պատերազմեալք ընդդէմ թշնամւոյն.
Եւ արիաբար վառեալք զինու Սուրբ Հոգւոյն. յաղթեցիք անօրինացն,
Ով սուրբ վկայք, զձեզ ունիմք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
Անտանելի չարչարանացն եղէք վկայք ճշմարտութեան.
Եւ խաչակից եղէք Որդւոյն Աստուծոյ. զբաժակ մահու արբիք ուրախութեամբ.
Ով սուրբ վկայք, զձեզ ունիմք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
Յաղթանակ համբերութեամբ կատարեցիք զընթացս ձեր.
Եւ փոխեցայք յերկրայնոցս ի յերկինս. ընկալաք ի Քրիստոսէ զպսակս անապական.
Ով սուրբ վկայք, զձեզ ունիմք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Ըստ իր անուան նշանակութեան՝ բարեգործը եւ ըստ գործերի՝ բարի պտուղներ տուած Քրիստոսի աղախին սուրբ Եպրաքսիա կոյսը, որի անունը թարգմանաբար նշանակում է բարեգործուհի, թագաւորանիստ քաղաքից էր, ըստ ճառընտիրների՝ Հռոմից, իսկ ըստ այլոց՝ Կոստանդնուպօլսից: Ապրել է Թէոդոս Մեծ բարեպաշտ կայսեր թագաւորութեան օրօք, որը տիրում էր արեւելքին ու արեւմուտքին: Նա արքայազուն եւ աստուածասէր ծնողների՝ Անտիգոնոսի ու Եպրաքսիայի դուստրն էր: Այս Անտիգոնոսն ինքնակալի ազգականն էր: Լինելով արքայի խորհրդականը՝ նա նշանաւոր մէկն էր սինկղիտոսների դասում, հռոմէական օրէնքների գիտակ եւ ճշմարիտ աստուածապաշտ, որի համար սիրելի էր բոլորին, թէ՛ մեծամեծներին եւ թէ՛ փոքրերին: Իր արդարամիտ կամքի եւ քրիստոսասէր մտքի համար թագաւորն ինքն իշխանաւորների մէջ բոլորից շատ նրան էր սիրում: Նրա կինը՝ Եպրաքսիան, ճշմարտասէր եւ աստուածավախ կին էր ու նոյնպէս թագաւորական տոհմից: Գիշեր թէ ցերեկ նա անդադար աղօթում էր եւ մեծ ցանկութեամբ ու ջերմ արտասուքներով Արարչից նախախնամութիւն խնդրում՝ բոլոր սուրբերի բարեխօսութեամբ այս կեանքում անարատ ապրելու եւ երկնային բարիքներին արժանանալու համար: Եւ այդ նպատակով անընդհատ նուիրաբերութիւններ էր անում Աստուծոյ եկեղեցիներում, Նրա սպասաւորներին եւ ուխտաւորներին: Առատաբաշխ պարգեւներով պահում էր բազմաթիւ տնանկների ու առաւել սիրւում թագաւորի ու թագուհու կողմից:
Երբ ծնուեց նրանց դուստրը, հայրը երեխային մօր անունով կոչեց Եպրաքսիա եւ ասաց իր բարեպաշտ կնոջը. «Ո՛վ կին, ականջ դիր իմ խօսքերին: Ես քո դստերը կոչեցի քո անունով, որպէսզի միշտ յիշես, որ երկրաւորն անցաւոր է, իսկ երկնայինն՝ անանց: Աշխարհն ու նրա վայելչութիւնը պիտի անցնեն, բայց ով կատարի Տիրոջ կամքը, յաւիտեան կ՚ապրի անանց կեանքում, որ Աստուած պատրաստեց Իր սիրելիների համար: Կեանքի առաւել տարիների համար Սուրբ Գիրքը նշում է ութսուն տարին, իսկ աւելին՝ ցաւերով եւ հեծութեամբ: Այսպիսին է կեանքը երկրի վրայ: Մահն արագահաս է նաեւ մանուկների եւ երիտասարդների համար: Եւ պէտք չէ մեզ հեռու համարել ախտերից, որոնք ծածուկ են, որովհետեւ չգիտենք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը: Դէ ուրեմն պէտք է հասկանանք, թէ ինչ է այս խաբուսիկ եւ անցաւոր կեանքի վիճակը»: Եպրաքսիան պատասխանեց. «Տէ՛ր իմ, ինչ որ պէտք է անել, արա՛ Աստուծոյ կամքով, եւ ես քեզ հետ կը լինեմ»: Անտիգոնոսն ասաց նրան. «Աստուած մեզ դուստր շնորհեց, եւ եթէ նա պահի Տիրոջ պատուիրանները, ապա նա բաւական է մեզ որպէս ժառանգորդ եւ յիշատակ: Իսկ մենք, հեռանալով միմեանցից, աշխարհում կ՚ապրենք աստուածպաշտութեամբ՝ մեր ունեցուածքը մատակարարելով կարիքաւորներին»:
Այնժամ Եպրաքսիան գոհացաւ Տիրոջից, ձեռքերը դէպի երկինք տարածած՝ օրհնեց Աստծուն եւ ասաց ամուսնուն. «Օրհնեա՛լ է Տէր Աստուած, որ այցելեց մեզ: Նա Իր երկիւղը դրեց քո սրտում եւ քեզ ճանաչել տուեց այս կեանքի ու աշխարհի ամբողջ փառքի ունայնութիւնը: Ես այս բանի համար հոգում էի իմ սրտում եւ խնդրում իմ Տիրոջը ծագեցնել Իր լոյսը քո հոգու մէջ, որպէսզի ճանաչես ճշմարիտ արդարութիւնը եւ Քրիստոսի կամքով ուղղես քո իմաստութիւնը: Քանզի Տիրոջ առաքեալն ասում է. "Նրանք, որ աշխարհիկ կեանք են վարում, որպէս թէ վայելած չլինեն: Նրանք, որ կին ունեն, այնպէս ապրեն, որպէս թէ ունեցած չլինեն: Նրանք, որ ուրախանում են, որպէս թէ ուրախացած չլինեն"[1], որովհետև այս աշխարհի վայելչութիւնն անցնելու վրայ է, իսկ ով կը կատարի Աստուծոյ կամքը, կ՚ապրի յաւիտեան: Ի՞նչ շահ ունենք մեր մեծ ունեցուածքից, գիւղերից, ագարակներից: Չէ՞ որ մարգարէն ասում է. "Անզգամներն ու անմիտները կը կորչեն եւ իրենց հարստութիւնը կը թողնեն օտարներին"[2]: Արդ, տէ՛ր իմ, թող չլինենք անմիտ եւ անզգամ, այլ ճանաչենք մեր Տիրոջ կամքը: Չյապաղենք բարիք գործել, որպէսզի չկորչենք յաւիտենական կորստեամբ, որովհետեւ չգիտենք, թէ որ օրը կը կանչուենք դէպի հանդերձեալը»:
Լսելով այս խօսքերը՝ Անտիգոնոսը փառաւորեց Աստծուն: Պահելով իր միտքը բարեպաշտ խորհուրդների մէջ՝ իր ունեցուածքից առատապէս բաշխեց աղքատներին, Աստուծոյ եկեղեցիներին ու վանքերին: Եւ մէկ տարի կնոջ հետ ապրելով սրբութեամբ ու առանց ամուսնական մերձաւորութեան՝ Անտիգոնոսը պատրաստեց իրեն բարեզարդութեան ամբողջ կարգի մէջ եւ բոլորի կողմից վկայուելով որպէս Աստուծոյ ճշմարիտ ծառայ՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան փոխուեց դէպի այն կեանքը, որը փափագում էր:
Թագաւորը, թագուհին եւ ամբողջ քաղաքը մեծապէս սգացին: Իսկ նրա կինը՝ Եպրաքսիան, որն իր ամուսնու հետ ապրել էր երկու տարի եւ երեք ամիս, մէկ տարի ամուսնուց բաժանուելուց յետոյ վերցրեց իր համանուն դստերը, տարաւ Թէոդոս թագաւորի եւ թագուհու մօտ, որի անունը Գաղղիա Պլակիդիա էր, եւ արտասուագոչ ասաց. «Ձեր հաւատարիմ ծառայ Անտիգոնոսի յիշատակի համար թող ձեր հոգածութիւնը սրա վրայ լինի, եւ այս որբն էլ, որը զրկուեց իր հօրից ու նրա խնամքից, չի մոռանայ ձեր յիշատակը»: Եւ թագաւորն ու թագուհին արտասուելով մխիթարում էին նրան:
Սգի օրերն անցնելուց յետոյ թագաւորն ու թագուհին խօսեցին Եպրաքսիայի հետ՝ նրա դստերն իրենց խորհրդական եւ մեծ զօրավարի որդուն կնութեան տալու համար: Մայրը համաձայնուեց, բայց դուստրը դեռեւս հինգ տարեկան երեխայ էր: Եւ երկու կողմն էլ, խոստում առնելով, սպասեցին, մինչեւ դուստրը հասունանար:
Այս որոշումից յետոյ սինկղիտոսներից մէկն էլ որոշեց կնութեան առնել Անտիգոնոսի կնոջը՝ Եպրաքսիային, եւ այդ նպատակով թագուհու մօտ ուղարկեց մտերիմ կանանց: Թագուհին ընդունեց այդ մարդու առաջարկը եւ կանանց ուղարկեց Եպրաքսիայի մօտ, որպէսզի նա համաձայնուի օրինաւոր կերպով ամուսնանալ մեծ սինկղիտոսի հետ: Լսելով թագուհու պատգամը՝ Եպրաքսիան խռովուեց իր հոգում, զայրացաւ եւ դառնապէս լաց լինելով՝ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ հրապուրում սնոտի խօսքերով եւ երկրաւորների յոյսով հեռացնում ինձ անանց կեանքից: Մի՞թէ ինձ Աստծուն յանձնելուց յետոյ պիտի մոլորուեմ: Քա՛ւ լիցի, որ ես համաձայնուեմ»: Եւ մերժելով թագուհու պատգամը՝ յետ ուղարկեց նրանց:
Թագաւորն իմացաւ այս մասին եւ բարկացաւ թագուհու վրայ այդ անիրաւ որոշման համար, որովհետեւ տեղեակ էր Եպրաքսիայի սրբասէր վարքի մասին: Ասաց. «Ինչո՞ւ անմտացար անարժան խորհուրդների մէջ եւ չյիշեցիր Անտիգոնոսի բարեպաշտութեան եւ Եպրաքսիայի համեստութեան մասին: Նրանք զարդարուած են արդարութեամբ երկնքի արքայութեան համար եւ իրենց կեանքում ողջախոհ են եղել սուրբ բարեպաշտութեան մէջ»: Թագաւորը շատ այլ խօսքերով մեղադրեց թագուհուն, իսկ թագուհին ամաչեց ու չկարողացաւ պատասխան տալ նրան, եւ այդ պատճառով մեծ խռովութիւն ծագեց թագաւորի ու թագուհու միջեւ:
Իմանալով այս մասին՝ Եպրաքսիան տարակուսեց եւ մտածեց հեռանալ քաղաքից: Իր ունեցուածքը բաշխեց կարիքաւորներին, տղամարդկանց ու կանանց վանքերին: Վերցրեց իր դստերը՝ Եպրաքսիային, որը եօթ տարեկան էր եւ գաղտագողի գնաց Եգիպտոս, որովհետեւ այնտեղ էին իրենց գիւղերը, ագարակները եւ մեծ ստացուածքը: Պատճառ բռնելով, թէ այդ կալուածքների համար է եկել այդտեղ, կանչեց գաւառապետերին ու հազարապետերին եւ հաշուառեց իր ունեցուածքը: Ապա գնաց Վերին Թեբայիդ եւ այցելեց Աստուծոյ եկեղեցիներ, տղամարդկանց ու կանանց վանքեր եւ առատապէս ընծայաբերութիւններ արեց:
Մի վանքում ապրում էին հարիւր երեսուն սուրբ կոյսեր, որոնց սքանչելի եւ զարմանալի առաքինութիւնների համբաւը, ինչպէս վկայաբանն է ասում, տարածուած էր մերձակայքում: Գիշեր թէ ցերեկ նրանք անդադար աղօթում էին եւ փոքր-ինչ նիրհում գետնին՝ երեք կանգուն երկարութիւն եւ մէկ կանգուն լայնութիւն ունեցող խսիրների վրայ: Ունէին այծեայ մի հանդերձ, թեթեւ վերարկու, մի փոքր բարձ ու մշտապէս ապրում խիստ պահեցողութեամբ: Ճաշակում էին օրական մէկ անգամ՝ հաց, ոսպ եւ բանջար, այն էլ երեկոյեան, իսկ տօնական, կիրակի եւ շաբաթ օրերին՝ օրուայ երրորդ ժամին: Զարհուրում էին անգամ մսեղէնի եւ գինու մասին լսելուց, իսկ մրգեր ուտում էին միայն տօն օրերին: Չէին ուզում մի բան վերցնել որեւէ մէկից, այլ միշտ կերակրւում էին իրենց ձեռագործով՝ ծանօթ վաճառականներին վճարելով հանդերձների կամ կերակրի համար: Նրանք ունէին բարեպաշտութեան նախանձախնդրութիւն. ամէն բանում թօթափուելով չարից՝ մէկը միւսից առաջ էր անցնում պահեցողութեան, աղօթքների, ձեռագործութեան վաստակի, սպասաւորելու, հնազանդութեան, խոնարհութեան եւ անկեղծ սիրոյ մէջ: Երբ նրանցից մէկը հիւանդանում էր, կարիք չէին ունենում բժշկի կամ դեղորայքի, այլ տոկում էին Աստուծոյ կամքով եւ մեծ համբերութեամբ սպասում Քրիստոսի օգնականութեանը: Վանամայրն ունէր հաւատարիմ դռնապան: Նա ընտրեալ էր առաքինութեան բոլոր գործերում, շատ բժշկութիւններ նրա ձեռքով էին լինում, եւ նրա սուրբ աղօթքներով վանքը սրբւում էր սատանայական բոլոր որոգայթներից:
Արդ, երբ Եպրաքսիան լսեց նրանց առաքինի վարքի եւ բարեպաշտութեան հռչակի մասին, ցանկացաւ տեսնել նրանց: Իր հետ վերցրեց խունկ, կանթեղների ձէթ, մոմեր եւ այլ շատ իրեր նրանց կարիքների համար, գնաց դստեր հետ եւ դռնապանի միջոցով տեղեկացրեց իր գալստեան մասին: Ողջոյն տուեց խոհեմ աւագուհուն, տուեց իր ընծայաբերութիւնները եւ ասաց. «Աղաչո՛ւմ եմ, յանուն Աստուծոյ ընդունէ՛ք դրանք, որ բերել եմ յօժարութեամբ: Աղօթէ՛ք այս որբի համար, որ ապրի արդարութեամբ եւ աղօթէ՛ք նաեւ նրա հօր համար, որ արժանի լինի Արքայութեանը»: Թէոդուլիա սարկաւագուհին, որ վանքի առաջնորդն էր, ասաց. «Տիկի՛ն Եպրաքսիա, այս աղախինները կարիք չունենք նման բաների: Նրանք արհամարհել են աշխարհը եւ նրա բարիքները, որպէսզի հասնեն երկնայիններին ու անանց բարիքներին: Բայց որպէսզի շատ չտրտմեցնեմ քեզ, քո ամուսնու յիշատակի եւ քո դստեր համար մենք կը վերցնենք խունկերը, ձէթը եւ մոմեղէնները, իսկ միւս բաների համար մի՛ ստիպիր, որպէսզի չզրկես մեզ Քրիստոսի բարիքներից»: Եւ այսպէս օրինապահ խօսքերով եւ Աստուծոյ կամքով համոզեց Եպրաքսիային, իսկ նա, զարմացած նրանց անընչասիրութեան վրայ, դստեր հետ օրհնաբանեց Աստծուն:
Երբ նրանք մտերմացան, վանամայրը նրա դստերը՝ Եպրաքսիային, ասաց. «Աղջի՛կս, սիրո՞ւմ ես Քրիստոսին, այս սուրբ վանքը եւ նրա աղախիններին, որոնք իրենց ընծայել են Քրիստոսին»: Եւ նա պատասխանեց. «Այո՛, ես քեզ ընդունում եմ որպէս իմ ծնողի, իսկ միւսներին՝ որպէս իմ մայրերի եւ քոյրերի: Շատ կը ցանկանամ միշտ լինել ձեզ հետ ու ձեզ հետ միասին օրհնել Աստծուն»: Վանամայրն ասաց. «Բայց ինչպէ՞ս կարող ես անտեսել քեզ նշանած մարդուն»: Եպրաքսիան պատասխանեց. «Իսկ ինչպէ՞ս կարող եմ երկնաւոր Թագաւորին փոխանակել երկրաւորի հետ, որն այսօր կայ, իսկ վաղը չի լինելու»: Վանամայրն ասաց. «Եթէ այդպէս է, ուրեմն մեզ հետ եղիր»: Եպրաքսիան պատասխանեց. «Ճշմարիտ եմ ասում, եթէ իմ մայրը չտրտմի, ես այստեղից չեմ հեռանայ»:
Եպրաքսիայի մայրը, որ լսում էր այս խօսքերը, արտասուքներով եւ ուրախութեամբ գոհացաւ Տիրոջից, որ իր դստեր կողմից, որն այդժամ ութ տարեկան էր, լսեց աստուածսիրութեան այդպիսի խօսքեր: Ապա մայրը դստերն ասաց. «Ե՛կ գնանք մեր տուն»: Եպրաքսիան պատասխանեց. «Ո՛չ, մա՛յր իմ, մինչեւ մեռնելս ես այստեղից չեմ հեռանայ»: Իսկ վանամայրն ասաց նրան. «Աղջի՛կս, գնա՛ քո մօր հետ եւ մի՛ տրտմեցրու նրան: Դու չես կարող այստեղ լինել, որովհետեւ դեռ երեխայ ես եւ խնամքի ու սփոփանքի կարիք ունես»: Եւ չկարողացան համոզել ու դուրս բերել նրան վանքից: Թէպէտ շատերը պատմեցին նրան ճգնաւորների խստակեցութեան ու վանքի միանձնական եւ կրօնաւորական կեանքի մասին, սակայն Եպրաքսիան յօժարութեամբ ընդունեց ամէն բան, որովհետեւ Քրիստոսի շնորհները ներգործել էին նրա սրտում:
Այնժամ սարկաւագուհին ասաց աղջկան. «Ոչ ոք չի կարող այստեղ լինել, եթէ չյարի երկնաւոր Փեսային՝ Տէր Յիսուս Քրիստոսին»: Աղջիկն ասաց. «Իսկ ո՞ւր է Քրիստոս»: Սարկաւագուհին մօրն ու աղջկան տարաւ եկեղեցի եւ ցոյց տուեց նրանց տէրունական պատկերը: Աղջիկը մօտեցաւ, համբուրեց պատկերը եւ դարձեալ հարցրեց սարկաւագուհուն. «Ստուգապէս ես եւս պիտի յարեմ Քրիստոսին եւ այլեւս չեմ հեռանայ այստեղից»: Այնժամ վանամայրը նրա մօրն ասաց. «Իմացի՛ր, ո՛վ տիկին, որ Աստուծոյ շնորհները նրա վրայ են: Նրան թող այստեղ ու ընծայի՛ր Աստծուն, իսկ փոխարէնը դու եւ նրա հայրը կը ստանաք Քրիստոսից, որովհետեւ հօր արդար գործերը եւ քո բարեպաշտութիւնը նրա յաւիտենական կեանքի միջնորդներ կը լինեն»:
Այնժամ Եպրաքսիան վերցրեց իր դստերը՝ Եպրաքսիային, վանամօր ու միաբանութեան հետ գնաց Քրիստոսի սուրբ Սեղանի եւ պատկերի առաջ, տարածեց իր ձեռքերը եւ արտասուքներով ասաց. «Տէ՛ր Աստուած, Քեզ եմ ընծայում իմ որովայնի ծնունդը: Ընդունի՛ր այս կամաւոր պատարագը եւ հայր ու վերակացու եղիր որբիս համար, որը յօժարութեամբ յանձն առաւ գալ Քո յետեւից եւ կատարել Քո կամքը: Զօրացրո՛ւ նրան եւ անսասան պահիր բանսարկուի խարդաւանքներից, որովհետեւ Քոնն է ամենակարող զօրութիւնը»: Ապա դարձաւ վանամօրն ու միաբանութեանը եւ ասաց. «Ահա Աստուծոյ կամքով իմ զաւակին յանձնում եմ նախ Աստծուն եւ ապա՝ ձեզ: Թող ձեր աղօթքները միշտ նրա վրայ լինեն, եւ թող նա էլ արժանի լինի վերցնել ձեր օրինակը»: Իսկ միաբանութեան վանամայրն էլ տարածեց իր ձեռքերը եւ աղօթեց՝ ասելով. «Թագաւորների՛ Թագաւոր, տէրերի՛ Տէր, Արարի՛չ բոլոր արարածների, հաճութեամբ ընդունի՛ր այս ընծան, եւ թող մարդասէր շնորհներիդ գութը նրա վրայ լինի, որպէսզի նա անբիծ եւ անարատ լինի քո առջեւ, պահի Քո պատուիրանները, լուսեղէն խորաններում սուրբ կոյսերի հետ առնի փառքի անթառամ պսակը եւ ժառանգի անսպառ բարիքները, որ պահուած են ի Քրիստոս յուսացողների համար»: Բոլորն արտասուքներով օրհնեցին դուստր Եպրաքսիային, ըստ արարողակարգի՝ նրան պարեգօտ հագցրին, իսկ մայրը դստերն ասաց. «Աղջի՛կս, թող Քրիստոս պահպանի քեզ այդ կարգի մէջ եւ զօրավիգ լինի արդարութեան թշնամու դէմ, եւ ես էլ թող միշտ քեզնով յաւիտեանս յաւիտենից փառաւորեմ Աստծուն»:
Այս ասելով՝ հրաժեշտ տուեց բոլորին, ելաւ-գնաց, բայց նրա սիրտը սուրբ միաբանութեան հետ էր, որին յանձնեց իր դստերը: Ուստի որոշեց իր ամբողջ ունեցուածքը բաշխել վանքերին եւ բոլոր չքաւորներին, վերադառնալ վանք ու ընդունել նոյն կարգը: Այդպէս էլ արեց, որի համար նրա դուստրը եւ ամբողջ միաբանութիւնը մեծապէս ուրախ եղան:
Օրեր անց վանամայրը կանչեց կոյսի մօրը՝ Եպրաքսիային, եւ առանձին ասաց նրան. «Կամենում եմ քեզ մի բան ասել»: Եւ նա ասաց. «Լսո՛ւմ եմ, իմ հոգեւո՛ր մայր»: Վանամայրն ասաց. «Թող քո սիրտը չխռովուի, այլ առաւել ուրախ լինի՝ լսելով, թէ ինչ է յայտնել ինձ Տէրը: Ես տեսայ քո ամուսնուն մեծ ու երեւելի փառքի մէջ: Նա խնդրում էր Տէր Յիսուս Քրիստոսին, որ վերցնի քեզ այս աշխարհից ու տանի այն լուսաւոր կեանքը, որ ձեր բարի գործերի շնորհիւ պատրաստուեց լոյսի Հօր կողմից: Արդ, թող լինի այնպէս, ինչպէս Աստուծոյ կամքն է, իսկ դու պատրաստի՛ր քո անձը Քրիստոսի համար»:
Այս լսելով՝ քրիստոսասէր տիկինը փառաւորեց Աստծուն, որովհետեւ նա հէնց դա էր խնդրում Աստծուց իր ամէնօրեայ աղօթքներում: Նա կանչեց դստերը եւ ասաց նրան. «Ինչպէս պատմեց մեր մեծաւորուհին, մօտեցել է իմ վախճանը: Քո հօր խնդրանքներով պիտի կատարուի Աստուծոյ կամքը»: Իսկ նա արտասուքներով ասաց մօրը. «Իսկ ո՞վ է հոգալու իմ մասին, քանի որ պիտի որբանամ թէ՛ հօր եւ թէ՛ մօր կողմից»: Եւ մայրն աաց. «Դու որպէս հայր ունես երկնաւոր Հօրը, իսկ որպէս մայր՝ Թէոդուլիա մեծաւորուհուն, եւ Քրիստոս, Ում փափագում էիր, զօրավիգ կը լինի քեզ: Արդ, իրաւախոհ եղիր, դո՛ւստր իմ, խոնարհութեամբ, Աստուծոյ երկիւղով եւ հնազանդութեամբ սովորի՛ր առաքինի կենցաղավարութիւնը Սուրբ Գրքից, հոգեւոր մօրից, Քրիստոսի աղախիններից ու հաւատարիմ քոյրերից: Մի՛ մտածիր, որ դու թագաւորական տոհմից ես, ու նրանք պարտաւոր են սպասաւորել քեզ, եւ ոչ թէ դու՝ նրանց: Զաւա՛կս, նուաստացի՛ր այստեղ, որպէսզի մեծ լինես երկնքում: Քո սրտում միշտ պահիր Քրիստոսի կամքը եւ այն ամէնը, ինչ բարի է, ընդունելի եւ կատարեալ: Ահա քեզ եմ յանձնում քո մեծ ունեցուածքի փաստաթղթերը, որ մնացել են քո հօրից եւ ինձնից՝ վանքերին ու կարիքաւորներին բաշխելու համար: Մեծաւորուհու համար եղի՛ր խորհրդածութեան ճշմարիտ տնտես եւ տո՛ւր գիւղեր ու ստացուածք, որքան որ պէտք է, մնացածն էլ բաշխի՛ր կարիքաւորներին եւ ուխտաւորներին: Մեծ ունեցուածքից քեզ ոչինչ մի՛ պահիր, որպէսզի չապականես հոգիդ աւելորդ զբաղուածութեամբ: Մնա՛ Քրիստոսի սիրոյ մէջ եւ Աստուծոյ ուղիղ ճանապարհներին երբեւէ չես շեղուի խորհուրդներով, խօսքերով եւ գործերով ու չես զրկուի անանց բարիքներից»:
Ապա երանելի կինը դստերը յանձնեց հոգեւոր մօրն ու սուրբ վանքին, օրհնեց բոլորին ի Քրիստոս եւ երեք օր յետոյ վախճանուեց: Նրան թաղեցին սուրբ վանքի գերեզմանատանը՝ փառաւորելով Աստծուն: Իսկ Եպրաքսիան ստուգապէս կատարեց ամէն բան, ինչպէս պատուիրեց իր մայրը, եւ օրըստօրէ առաջադիմեց ճգնաւորական կեանքում:
Լսելով այս մասին՝ թագաւորի խորհրդականը, որը Եպրաքսիային նշանել էր իր որդու հետ, տեղեկացրեց թագաւորին՝ ասելով. «Անտիգոնոսի կինը, որն ապրում էր Թեբայիդում, մահացել է եւ նրա դուստրը մնացել է այնտեղ՝ առանց որեւէ մէկի խնամքի: Արդ, թող ձերդ բարերարութիւնը գրութեամբ հրաման արձակի, որպէսզի կոյսին վերադարձնեն ինձ՝ որդուս հետ օրինաւոր ամուսնութեան համար»: Եւ թագաւորն ու թագուհին, ընդունելով խորհրդականի խնդրանքը, նամակով մեծամեծ խոստումներ տուեցին Եպրաքսիա կոյսին՝ քաղաքի իշխանաւորների կանանց մէջ երեւելի եւ հռչակաւոր դարձնելու համար: Այս հրովարտակը եկաւ-ընկաւ դռնապանի ձեռքը, իսկ Եպրաքսիան, վերցնելով այն, ընթերցեց եւ իր ձեռքով գրեց պատասխան նամակ՝ հետեւեալ բովանդակութեամբ. «Սուրբ եւ բարեպաշտ Թէոդոս թագաւորիդ՝ Եպրաքսիա աղախնուց: Ես ստացայ բարերար թագաւորիդ կողմից ուղարկուած պատուական գրութիւնը, որ լի էր ամէն տեսակ երկրաւոր բարիքների խոստումներով: Ես զարմացայ, որ այդպիսի խորհուրդներ ունէք, որոնք Աստծուց չեն եւ վայել չեն ձերդ բարերարութեանը: Ինչո՞ւ էք հեռացնում ինձ Քրիստոս երկնաւոր Փեսայից եւ անանց ուրախութիւններից ու որոշում յանձնել ինձ երկրաւոր մահկանացուին: Մի՞թէ չէք լսել, որ մարդիկ մահկանացու են, իսկ անցաւոր փառքը՝ սնոտի: Եւ արդ, ես չեմ խաբուի, ո՛վ արքայ: Ես իմ մօր կամքով ու իմ յօժարութեամբ ընծայուել եմ Քրիստոսին: Մինչեւ աշխարհից ելնելս ցանկանալով սպասում եմ Նրա սիրուն, որպէսզի իմաստուն կոյսերի հետ մտնեմ երկնային առագաստը եւ իմ աստուածասէր հօր ու ճշմարտասէր մօր հետ վայելեմ անսպառ բարիքները: Թող չլինի, որ հեռանամ աստուածային այս սուրբ վանքից եւ դառնամ աշխարհիկ կեանքին: Աղաչո՛ւմ եմ քեզ, իմ տէ՛ր արքայ, մի՛ խնդրիր ինձ այդ բանի համար, այլ յիշի՛ր Աստծուն, քո ազգական եւ մտերիմ իմ հօրն ու իմ բարեպաշտ մօրը: Քրիստոսասէր իմ թագուհու հետ աղօթէ՛ք աղախնուս համար: Մեր կալուածքներն ու ունեցուածքը յանձնէք տղամարդկանց եւ կանանց վանքերին ու կարիքաւորներին եւ փոխարէնը կը ստանաք անմահ Թագաւորից թէ՛ երկրի վրայ եւ թէ՛ երկնքում: Ո՛ղջ եղիր Յիսուս Քրիստոսով՝ ամենայն փառքով եւ պատուով»:
Երբ բարեպաշտ թագաւորը ստացաւ ու թագուհու հետ ընթերցեց նամակը, գոհացաւ Աստծուց եւ ասաց. «Արդարեւ, սուրբ կոյսն ընտրուեց որպէս բարի շառաւիղ բարի արմատից: Նա դաւանեց Քրիստոսին, եւ ո՞վ կարող է հեռացնել նրան Քրիստոսի սիրուց: Քա՛ւ լիցի, որ ես այլ բան որոշեմ այսպիսի կամք ունեցող կոյսի համար: Նա Ինքը՝ Քրիստոս, ամուր կը պահպանի նրան»: Բոլոր լսողները փառաւորեցին Աստծուն եւ օրհնեցին անմահ Թագաւոր Քրիստոսին եւ սուրբ կոյսին: Իսկ բարեպաշտ թագաւորը վայելչօրէն կարգաւորեց գիւղերն ու կալուածքները եւ բաշխեց վանքերին ու աղքատներին, որպէսզի Եպրաքսիա կոյսի եւ նրա ծնողների օրհնութիւնը լինի իր թագաւորութեան վրայ թէ՛ երկնքում եւ թէ՛ երկրի վրայ:
Իմանալով այս մասին՝ Եպրաքսիան օրհնեց Աստծուն եւ բարեպաշտ թագաւորին: Նա այդ ժամանակ տասներկու տարեկան գեղեցկատես աղջիկ էր, սակայն իրեն անխնայ մատնել էր խիստ ճգնութիւնների եւ պայքարում էր ընդդէմ հակառակամարտ դեւի: Ճաշակում էր օրական մէկ անգամ կա՛մ երեկոյեան, կա՛մ օրուայ երրորդ ժամին, որն էր հաց, աղ եւ ջուր, իսկ տօնական օրերին՝ ոսպ եւ բանջար: Աղօթում էր անդադար: Միշտ ուշիմ էր Սուրբ Գրքի ընթերցուածքները լսելու եւ կատարելու մէջ, խոնարհ, հեզ եւ ջանասէր՝ սպասաւորելու գործում:
Վանքում կարգ էր սահմանուած, որ երբ քոյրերը սատանայի կողմից փորձութեան էին ենթարկւում իրենց անուրջներում կամ խորհուրդներում, պէտք է խոստովանէին վանամօրը, որն էլ խստացնում էր փորձութեան ենթարկուածների պահեցողութիւնը, աւելացնում նրանց աղօթքները եւ այլ ճգնութիւններ, որքան որ արժանի էր: Վանամայրը նրանց մրցապայքարներում առաւելապէս օգնական էր լինում իր ջերմ արտասուքներով, իսկ Եպրաքսիան, իմանալով այդ մասին, հոգ էր տանում եւ աղօթում, որպէսզի փորձութեան մէջ չընկնի: Սակայն իրեն եւս վիճակուեց իր անուրջներում փորձուել սատանայի կողմից: Տրտմած արտասւում էր եւ չէր կամենում հաց ուտել կամ ջուր խմել, որովհետեւ ամաչում էր խոստովանել: Բայց տեսնելով, որ մեծաւորուհին ոմանց քարեր կրել եւ դրանք մահճի տակ դնել, իսկ քրձի վրայ՝ մոխիր ցանել է տալիս, ինքը եւս արեց այդ ամէնը: Իսկ քոյրերն, իմանալով նրա տրտմութեան եւ արած գործի մասին, տեղեկացրին մեծաւորուհուն, որն իսկոյն իր մօտ կանչեց Եպրաքսիային ու ասաց. «Ինչո՞ւ ես տրտմել: Դու լաց ես լինում եւ չես ուտում: Գուցէ փորձութեան ես ենթարկուել սատանայի կողմից ու չես խոստովանում, որպէսզի ազատուես սատանայական փորձութիւններից»: Եւ Եպրաքսիան, ընկնելով վանամօր ոտքերը, ասաց. «Մա՛յր իմ, մեծաւորուհի՛, թողութիւն շնորհիր ինձ, որովհետեւ մեղանչել եմ Աստուծոյ եւ քո առաջ: Ամօթն է պատել ինձ, որի համար ես չկարողացայ խոստովանել իմ մեղքերը»: Մեծաւորուհին ասաց. «Կայ ամօթ, որ փառք է բերում, եւ կայ ամօթ, որ մեղքի մէջ է պահում: Բայց դու ճանաչիր սատանայի նենգութիւնը. նա փորձութեան մէջ է գցում եւ ապա ամօթ բերում, որպէսզի չլինի, թէ խոստովանես եւ դարձից յետոյ ոտքի կանգնես հոգեւոր կարգ ու կանոնի եւ աղօթքների միջոցով: Դու մարտնչի՛ր բարի պատերազմը խոստովանութեամբ եւ մեր Քրիստոս Փրկչից կ՚առնես խոստովանութեան պսակը»:
Եւ աղօթելով Եպրաքսիայի համար՝ վանամայրը հաստատեց նրան եւ յանձնեց աւագ մի քրոջ, որի անունը Յուլիա էր: Յուլիան շատ սիրեց նրան: Նա միշտ ուշադիր էր նրա հանդէպ՝ տալով հոգեշահ խրատներ եւ յորդորելով միշտ խոստովանել հոգեւոր մօրը պատերազմների մասին, «... որպէսզի, - ասում էր, - նրա աղօթքներով սատանան պարտութեան մատնուի»: Եպրաքսիան էլ, լսելով նրան, ոչինչ չէր թաքցնում իր հոգեւոր մօրից, իսկ նա խրատում էր նրան եւ վարժեցնում առաքինութեան մէջ՝ ասելով. «Քաջալերուի՛ր, որդեա՛կ, դու քո անարատ կուսութեամբ քաջ ախոյեան եղար ամէնօրեայ մարտնչող թշնամու դէմ: Բնաւ մի՛ երկնչիր նրա որոգայթներից, որովհետեւ Քրիստոս, Որին ցանկանում էիր եւ Որով կարող ես յաղթել սատանայի բոլոր չար հնարքներին, քո օգնականը եւ զօրավիգն է»: Եւ նա ուրախութեամբ էր ընդունում այդ բոլոր խրատները, առաւել առաջադիմում ու խստացնում բարեպաշտութեանն ուղղուած իր ջանքերը: Եպրաքսիան, որն այդ ժամանակ տասնհին-տասնեօթ տարեկան էր, խնդրեց մեծաւորուհուն, որ հրամայի երկարացնել իր պահեցողութիւնը եւ ճաշակել երկու-երեք օր յետոյ, իսկ սարկաւագուհին նրան փորձելու համար ծանրացրեց նրա գործը եւ իբրեւ թէ մի կառոյցի շինութեան համար հրամայեց քարեր հաւաքել: Եւ նա, որ զօրեղ էր, սակայն կամենում էր պահեցողութեամբ ու չարչարանքներով թառամեցնել իր գեղեցկութիւնը, իր ուսով ծանր քարեր էր կրում, որոնք քոյրերից երկուսը չէին կարողանում տեղաշարժել: Խիստ պահեցողութեամբ հանդերձ՝ տասնհինգ օր քար կրելուց յետոյ մեծաւորուհին Եպրաքսիային փորձելու համար հրամայեց քարեր հաւաքել մէկ ուրիշ տեղում, եւ նա նոյն յօժարութեամբ տասնհինգ օր կատարեց եւս այդ հրամանը: Եւ այդ երեսուն օրերի չարչարանքների ժամանակ երբէք չտկարացաւ իր ամէնօրեայ գործերից կամ պահեցողութիւնից: Բոլորը զարմանում էին եւ նրանով օրհնում Աստծուն, Ով համբերութիւն է տալիս Իր սիրելիներին:
Վանամայրը հրամայեց նրան նաեւ փռնապան լինել, հաց թխել եւ իր աշխատանքով կերակրել բոլորին, որպէսզի ստանայ քոյրերի օրհնութիւնը: Եպրաքսիան ուրախութեամբ յանձն առաւ եւ բոլոր գործերն արեց առանց օգնականի:
Օրեր անց, մինչ քնի մէջ էր, Եպրաքսիան անուրջի մէջ տեսաւ դեւին իր նշանածի կերպարանքով: Նա եկել էր մեծ ամբոխով, որպէսզի դուրս բերի իրեն վանքից, տանի թագաւորանիստ քաղաքն ու կնութեան առնի: Վանամայրը լսեց, թէ ինչպէս էր նա վախեցած հառաչում ու աղաղակում եւ հրամայեց քոյրերին արթնացնել Եպրաքսիային, որը երազից թմրութեան մէջ էր ընկել: Ուշքի գալով՝ Եպրաքսիան ամօթխածութեամբ եւ արտասուքներով պատմեց նրանց փորձութեան մասին, իսկ մեծաւորուհին ասաց. «Մի՛ վախեցիր, որդեա՛կ, որովհետեւ Քրիստոս քեզ հետ է գիշեր թէ ցերեկ, արթուն թէ քնած ժամանակ: Նա թոյլ չի տայ, որ կործանուես չար դեւի խորամանկ կամքով»: Ապա հաւաքեց բոլորին՝ կատարելու գիշերային պաշտամունքը, իսկ սաղմոսների կանոնագլուխն աւարտելուց յետոյ հրամայեց Եպրաքսիային կանգնել եւ ընթերցել սուրբ կոյսերի վարքը, որը բոլորին լսելի էր դարձնում գեղեցիկ վերծանութեամբ ու արտասուել տալիս: Եւ այդպէս հոգեւոր փառաբանութեամբ կատարեցին գիշերային պաշտամունքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան, իսկ առաւօտեան նա վեր կացաւ ու անցաւ իր գործին: Եպրաքսիան չէր վհատւում, ջանասէր էր իր բոլոր գործերում եւ աղօթքներում: Նուիրուելով իր ծառայութեանը՝ նա չէր դադարում ծառայել վանքի անհրաժեշտ կարիքների համար, միեւնոյն ժամանակ պահում էր աղօթքի ժամերը՝ անխափան կատարելով գիշերային, առաւօտեան, երրորդ, վեցերորդ, իններորդ եւ հանգստան ժամերի աղօթքները, ապա շտապելով անցնում էր իր գործին, որը միշտ անում էր սաղմոսելով: Չէր տրւում աշխարհիկ խօսակցութիւններին եւ ականջ չէր դնում անօգուտ խօսքերին, այլ ջերմեռանդ փափագով ցանկանում էր խօսել ու լսել հոգեւոր շահի համար ու այդ ամէնը միշտ կատարել գործով: Ճանաչելով խոստովանութեան օգուտը՝ առաջնորդից չէր ծածկում սատանայական փորձութիւնները եւ այդպէս կամաց-կամաց զօրանում հոգով ու մարմնով եւ ջանքեր գործադրում ամէն տեսակ առաքինութիւններ ձեռք բերելու համար:
Այնուհետեւ քոյրերի՝ յատկապէս Յուղիայի բարեխօսութեամբ Եպրաքսիան խնդրեց վանամօրը, որ հրաման տայ իրեն՝ շաբաթն անսուաղ անցկացնելու եւ միայն շաբաթ ու կիրակի օրերին ճաշակելու համար, ինչպէս որ մեծաւորուհին էր անում, «որովհետեւ, - ասաց, - սաստիկ է երիտասարդութեանս եւ գեղեցկութեանս դէմ մղուող պատերազմը»: Եւ բոլորը մեծ աղաչանքներով համոզում էին վանամօրը՝ կատարելու իրենց խնդրանքը: Այնժամ վանամայրը կանչեց Եպրաքսիային եւ ասաց նրան. «Եթէ կարող ես, արա՛, որդեա՛կ իմ: Աստուած կը զօրացնի քեզ եւ յաղթել կը տայ ընդդէմ թշնամու, միայն թէ զգուշացի՛ր հպարտութիւնից, որպէսզի խիստ պահեցողութիւնից չընկնես սատանայական որոգայթների մէջ»: Եւ Եպրաքսիան խոնարհութեամբ ու անբիծ հաւատով պահում էր հինգ օր՝ առանց դադարեցնելու իր գործերն ու սահմանուած աղօթքները: Քաջապէս արիանալով՝ ապաւինում էր Քրիստոսին, Ում փափագում էր եւ ճգնութիւնների մէջ բոլորից իրեն յետին համարում: Բոլորը սիրում էին նրան ու աղօթում, որպէսզի նա հաստատուն մնա իր պատերազմի մէջ:
Գերմանի կամ Գերմանա անունով քոյրերից մէկը, որի մասին ասում էին, թէ աղախին է եղել եւ ապա ինչ-որ զանցանքի պատճառով ակամայից վանք եկել, դեւից դրդուած չար նախանձով պարսաւեց Եպրաքսիային, թէ նա պահք է պահում ցուցադրելու համար: «Մանաւանդ, - ասում էր, - եթէ վանամայրը մեզ եւս հրամայի նոյն կարգը, ինչպէ՞ս կարող ենք պահել»: Երբ Եպրաքսիան լսեց նրա տրտունջներն ու նախատինքները, չխռովուեց, այլ ընկաւ նրա ոտքերը՝ ասելով. «Խնդրո՛ւմ եմ քեզ, ների՛ր ինձ, ես ոչ թէ իմ անձով եմ անում, այլ մեծաւորուհուց եմ հրաման առել, որովհետեւ ես մեղաւոր եմ, եւ սաստիկ է իմ պատերազմը դեւերի դէմ: Դու գիտես նաեւ, որ մեր վանամայրը իւրաքանչիւրիս պատուիրել է ճգնել՝ ըստ կարողութեան, եւ այս լուծը նա չէ, որ պարտադրել է ինձ»: Եւ Գերմանան ասաց նրան. «Այդպէս չէ, դու ցանկանում ես մարդկանց առջեւ առաքինի եւ պահեցող երեւալ բոլորից առաւել, որպէսզի այդ կեցուածքով յափշտակես այս վանքի վերակացութիւնը, խաբեբա՛յ, խորամա՛նկ եւ կեղծաւո՛ր»: Իսկ Եպրաքսիան խնդրում էր նրան՝ ասելով. «Մեղաւոր եմ երկնքի եւ քո առջեւ, ների՛ր ինձ», սակայն նա հակաճառում էր:
Իմանալով այս մասին՝ մեծաւորուհին կանչեց Գերմանային եւ ասաց. «Չա՛ր եւ անգո՛ւթ աղախին, ինչո՞վ է քո հանդէպ մեղանչել թագաւորի ազգական եւ իշխանաւորի դուստր Եպրաքսիան, որը կամաւոր աղախին է դարձել իրական աղախնուդ»: Եւ նա անպատասխան մնաց: Վանամայրը երեսուն օր զրկեց նրան եկեղեցում պաշտամունքի մասնակցութիւնից եւ կերակրից: Թէպէտ Եպրաքսիան վանամօրը շատ խնդրեց նրա համար, սակայն մեծաւորուհին պահեց կարգը, այնուհետեւ մեղմացրեց բոլոր քոյրերի բարեխօսութեամբ, եւ Եպրաքսիայի խնդրանքներով Գերմանան հաշտութեան եկաւ:
Իսկ հակառակասէր դեւը չէր դադարում պատերազմել ընդդէմ Եպրաքսիայի, որը չէր տկարանում պատերազմներում, այլ խստացնում էր պահեցողութիւնը, աւելացնում աղօթքները եւ մեծ համբերութեամբ խոնարհեցնում իրեն: Եւ Տէրն աւելացրեց սուրբ կոյսի շնորհները:
Երբ մօտեցան քառասնորդական սուրբ պահքի օրերը, կոյսը, որն արդէն քսանհինգ կամ քսանեօթ տարեկան էր, բարեխօս ունենալով աւագ քոյրերին, եկաւ-ընկաւ մեծաւորուհու առաջ, որ հրամայի իրեն ամբողջ պահքի շրջանն անսուաղ անցկացնելու համար, «... որպէսզի, -ասաց, - հոգեւոր մարտում յաղթեմ թշնամուն, ինչպէս որ դու յաղթեցիր: Նաեւ մեր Տէրն է ասում, այս տեսակը ոչ մի կերպ չի ելնում, այլ միայն աղօթքներով ու պահքով»: Աւագ քոյրերի բարեխօսութեամբ վանամայրը համաձայնուեց տալ այդ հրամանը, բայց որպէսզի համաձայնութիւնը լինէր ի վերուստ՝ Քրիստոսի թելադրանքով, ասաց. «Թող Աստուծոյ կամքը լինի, դո՛ւստր իմ»:
Եւ սկիզբ դնելով յոտնկայս պահեցողութեանն ու անխափան կատարելով իր ծառայութիւնն ու գործերը՝ քառասնորդական պահքի վերջում՝ բարեբանութեան օրը, այսինքն Ծաղկազարդին, լցուեց Աստուծոյ շնորհներով: Կամեցաւ այդ նոյն կարգը պահելով հասնել մինչեւ Յարութեան տօնի օրը, որի համար խնդրեց վանամօրը, որպէսզի այդ եօթ օրերին եւս չլուծարի իր պահեցողութիւնը, որպէսզի արժանանայ հինգշաբթի օրը մօտենալ սուրբ Խորհրդին: Եւ մօր համաձայնութեամբ հազիւ հասնելով Աւագ հինգշաբթի օրուան՝ տկարացաւ, նուաղեց եւ ընկաւ: Մեռելի պէս բարձրացրին նրան, տարան եկեղեցի, եւ երբ քահանան Եպրաքսիային հաղորդեցրեց Տէրունական Մարմնին եւ Արեանը, նա զօրացաւ ու օրհնաբանեց Աստծուն:
Աղօթքի աւարտին մեծաւորուհին Եպրաքսիային ասաց. «Դո՛ւստր իմ, քանի որ մարմնաւոր ես, օրէնքից աւելի օրինաւոր մի՛ եղիր եւ աւելիին մի՛ տրուիր, որպէսզի չզարմացնես այլոց եւ թողնուես Տիրոջից: Քննի՛ր քեզ արժանին եւ օրուայ մէջ ճաշակի՛ր մէկ անգամ, որպէսզի կարողանաս կատարել գործերս: Այդպէս ընթանալով միջին ճանապարհով՝ ընդունելի կը լինես Աստծուն: Ո՛չ աջ խոտորուիր եւ ո՛չ ձախ: Բաւական էր, ինչ արեցիր մինչեւ այժմ: Ահա Քրիստոսի զօրութեամբ լրացան քառասունհինգ օրերը, եւ Քրիստոս կը հատուցի քեզ այն ժուժկալութեան համար, որ կրեցիր Իր անուան համար: Արդ, այսուհետեւ ե՛կ եւ ճաշակի՛ր»: Եւ հնազանդուելով վանամօրը՝ Եպրաքսիան ճաշակեց եւ այլեւս չպահեց այդ նոյն կարգը, այլ օրհնելով Աստծուն՝ ճաշակեց օրական մէկ անգամ:
Իսկ արդարութեան թշնամին չէր դադարում մարտնչել Եպրաքսիայի դէմ: Մի օր, երբ նա ջուր հանելու համար թեքուեց դէպի ջրհորը, չարը հարուածեց նրան եւ հրելով գլխիվայր գցեց ջրհորի մէջ: Եպրաքսիան գոչեց. «Քրիստո՛ս, օգնի՛ր ինձ»: Նրա ձայնը լսեցին վանքում, եւ բոլորը վազեցին այնտեղ, դուրս բերեցին նրան ջրհորից ու տեսան, որ վերին զօրութեամբ նա բնաւ չէր վնասուել ու չէր վախեցել, այլ յոյսն Աստուծոյ վրայ դրած՝ աւելի էր խրախուսուել՝ յաղթելու ամենահնար չար դեւին: Նա ասաց. «Կենդանի՛ է իմ Քրիստոս Աստուած, որ եթէ մինչեւ այսօր մէկ թակոյկ ջուր էի բերում ջրհորից, ապա այսօրուանից յետոյ միշտ երկու թակոյկ պիտի բերեմ»: Եւ այդպէս էլ արեց:
Մի օր էլ պարտէզում փայտ կոտրելիս դեւը, շեղելով կացնի ուղղութիւնը, հարուածեց նրա սրունքին եւ վայր գցեց: Եպրաքսիան ուժգին հարուածից ընկաւ մեռելի պէս, իսկ Յուլիան, որ նրա մօտ էր, ճչաց եւ կանչեց վանքում գտնուողներին, որոնք իսկոյն գալով լաց եղան եւ սգացին երանելու համար: Այնժամ մեծաւորուհին ջուր ցօղեց նրա երեսին, խաչակնքեց նրա վրայ ու ասաց. «Դո՛ւստր իմ, ոտքի՛ ել Տիրոջ անունով եւ մխիթարի՛ր մեզ այս անպատմելի սգից, որ դեւը պատճառեց»: Եպրաքսիան արթնացաւ ինչպէս քնից եւ ասաց. «Լաց մի՛ եղէք ինձ համար: Տէրն իմ օգնականն է, եւ ես չվախեցայ: Ի՞նչ պիտի անի ինձ չար դեւը»: Այս լսելով՝ քոյրերը գոհացան Աստծուց, մեծապէս մխիթարուեցին եւ կապելով Եպրաքսիայի վէրքերը՝ նրան տարան վանք: Եւ նա զուարթ ու քաջ էր իր բոլոր գործերում:
Մի ուրիշ օր էլ, երբ նա հաւաքում էր կոտրատած փայտերը, ծանր բեռ վերցնելով իր վրայ՝ սանդուղքով ելաւ այն տեղը, ուր պիտի դասաւորէր փայտերը: Այնժամ դեւը հարուածեց նրան ու բեռով հանդերձ՝ բարձրութիւնից վայր գցեց: Մօտ կանգնածները համարեցին, թէ նա մեռաւ, բայց նա իսկոյն վեր կացաւ եւ ասաց. «Մի՛ խռովուէք, իմ սիրելի՛ Յուլիա եւ բոլորդ, որ այստեղ էք: Ես չեմ վնասուել, այլ ողջ եմ մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեամբ»: Եւ չար դեւն ամօթահար եղաւ: Ապա հաւաքելով բեռը՝ Եպրաքսիան բարձրացաւ նոյն տեղը եւ շարունակեց աշխատել աներկիւղ համարձակութեամբ:
Դարձեալ մէկ ուրիշ օր ինչ-որ մի գործով Եպրաքսիան Յուլիայի հետ բարձրացաւ վանքի կտուրը: Դեւը դարձեալ հարուածեց նրան եւ բարձրութիւնից վայր գցեց: Այս անգամ եւս նա չվնասուեց, այլ վեր կացաւ եւ գնաց իր տեղը: Բոլորը զարմացած հարցրին նրան, թէ արդեօք չի վնասուել, իսկ նա պատասխանեց. «Ո՛չ, որովհետեւ այն պահին յիշեցի սաղմոսի այն տողերը, թէ "Իր հրեշտակներին հրամայուած է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին եւ չարասէր դեւից"[3]»: Այս լսելով՝ բոլորը հասկացան, որ Աստուծոյ հրեշտակն է պահպանել նրան թշնամու որոգայթից:
Մի օր էլ՝ իր սպասաւորութեան ժամին, երբ կաթսայի մէջ ուժեղ կրակի վրայ ոսպնաթան էր եռում, Եպրաքսիան կամեցաւ ցածրացնել եռքը, եւ ահա դեւի թելադրանքով ոսպնաթանը թափուեց եւ հեղուեց նրա երեսին ու ամբողջ մարմնին: Այս տեսնելով՝ մօտ կանգնածները վախեցան, իսկ նա ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ Տէրն ինձ հետ է: Դեւը չկարողացաւ վնասել ինձ, որովհետեւ ոսպնաթանը լցուեց ինձ վրայ ցօղի պէս, եւ ես չայրուեցի»: Բոլորն օրհնեցին Աստծուն, որ այդպէս անվնաս պահեց նրան բանսարկուի որոգայթից: Վանամայրը, որ եւս զարմացել էր կատարուած այս բոլոր դէպքերից, աւագ քոյրերին ասաց. «Գիտէ՞ք, որ մեր դստերն ի վերուստ աստուածային շնորհներ են տրուել՝ պատերազմելու ընդդէմ հակառակասէր դեւի, որն ինչքան էլ փորձութեան ենթարկեց Եպրաքսիային, սակայն Քրիստոսի շնորհներով նա ամէն բանում յաղթող եղաւ»: Եւ նրանք վկայութիւն էին տալիս ասուած խօսքերին ու միաբան փառաւորում Աստծուն՝ ասելով. «Արդարեւ, Եպրաքսիան բարի շառաւիղ է բարի արմատից»:
Վանքում սուրբ միաբանութեան եւ վանամօր աղօթքներով բժշկութիւններ էին լինում ախտաժէտ կանանց եւ երեխաների համար, որոնք աշխարհից այդտեղ էին գալիս՝ լսելով նրանց բարեպաշտ համբաւի մասին: Մի կին, որն անբուժելի էր թւում, իր մէջ կրում էր չար այսերից գլխաւորին, որ չար էր բոլոր դեւերից առաւել: Մօտակայ գաւառից ոմանք բերեցին նրան վանքից դուրս մի տեղ ու իրենք փախան: Կինը շղթայուած էր երկաթէ կապանքներով: Նա գոչում էր, կրճտացնում իր ատամները եւ զարհուրեցնում բոլոր լսողներին: Երբ դռնապանը նրա մասին տեղեկացրեց վանամօրը, նա աւագ քոյրերի հետ եկաւ՝ տեսնելու նրան: Աղօթեցին նրա համար, սակայն չէին կարողանում հպուել նրան, այլ շուրջը կանգնած՝ արտասւում էին նրա ծանր վիճակի համար: Ապա կերակուր բերեցին, այն կապեցին գաւազանին ու հեռուից տուեցին նրան, եւ նա անյագ կերաւ: Թէպէտ կապանքների եւ երկաթէ շղթաների մէջ էր, բայց շատ անգամ կերակրուելիս խլում էր գաւազանն ու կերակրամանը եւ կերակուրը նետում բերողների յետեւից:
Այդ օրերին մի կին եկաւ եւ իր հետ բերեց եօթնամեայ կամ ութամեայ մի անդամալոյծ երեխայի, որը խուլ ու համր էր: Դռնապանը տեղեկացրեց վանամօրը, եւ նա Եպրաքսիային ասաց. «Գնա՛ եւ երեխային բեր այստեղ, որպէսզի աղօթենք նրա համար»: Նա գնաց, մանկանն իր գիրկն առաւ, գթաց նրան եւ արտասուելով՝ ասաց. «Քրիստո՛ս Աստուած, որ բժշկեցիր անդամալոյծին, բժշկի՛ր նաեւ սրան»: Երեք անգամ խաչակնքեց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ, եւ երեխան իսկոյն բժշկուեց: Եպրաքսիան կամեցաւ ծածկել, թէ Աստուած ինչ արեց իր ձեռքով, սակայն այդ յայտնի եղաւ, որովհետեւ մանուկը վազվզում էր՝ կանչելով ու փնտռելով իր մօրը: Եւ այս լուրը տարածուեց ամբողջ երկրով մէկ: Իր համեստ եւ սուրբ վարքի պատճառով ողջ միաբանութիւնը Եպրաքսիային այդ շնորհներին արժանի համարեց, իսկ նա առաւել ամօթխածութեամբ եւ երկիւղով էր սպասաւորում քոյրերին:
Այնուհետեւ սարկաւագուհին Եպրաքսիային ասաց. «Եթէ չես վախենում այն այսահար կնոջից, ապա սպասաւորի՛ր նրան, եւ թող նա կերակրուի քո ձեռքով»: Եւ նա պատասխանեց. «Ես չեմ վախենում Քրիստոսի զօրութեամբ»: Եւ սպասաւորում էր նրան ու առանց գաւազանի կերակուր տալիս: Երբ Եպրաքսիան նրա առաջ ուտելիք էր դնում, այսահարը բռնում էր կոյսի հանդերձից եւ մռնչալով կրճտացնում ատամները, իսկ Եպրաքսիան բռնում էր նրա ձեռքից ու ասում. «Չա՛ր դեւ, պապանձուի՛ր, որպէսզի չառնեմ իմ հոգեւոր մօր գաւազանը եւ չհարուածեմ քեզ»: Կինն իսկոյն լռում էր եւ հանդարտւում: Եպրաքսիայի ձեռքից ուտում էր կերակուրը եւ այդ պահից հանդարտութեամբ լսում նրան ամէն բանում: Երբ Եպրաքսիան հեռու էր լինում, չար այսը ցնցում էր դիւահար կնոջը, իսկ մօտ կանգնածներն ասում էին. «Ահա սուրբ կոյս Եպրաքսիան գալիս է գաւազանը ձեռքին՝ քեզ տանջելու համար»: Եւ այս լսելով՝ նա հանդարտւում էր:
Այս բանից Գերմանան չարի դրդմամբ չարացաւ Եպրաքսիայի դէմ եւ քոյրերին ասաց. «Եթէ Եպրաքսիան չլինէր, մի՞թէ ոչ ոք չէր կարող կերակրել նրան»: Նրանք ասացին. «Նրան, ըստ իր արժանաւորութեան, Աստծուց շնորհներ են տրուած»: Գերմանան ասաց. «Ես կը տանեմ ու կը կերակրեմ նրան»: Եւ երբ մօտեցաւ այսահար կնոջն ու նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ կերակուրը, որ բերել եմ ու կե՛ր», այնժամ կինը յարձակուեց նրա վրայ, բռնեց նրա հանդերձից, պատառոտեց ու նրան վայր գցեց: Ընկած Գերմանայի վրայ՝ ատամներով կծոտում էր նրա մարմինը, եւ այդ ահաւոր տեսարանը, բացի նրան սպանելուց, ոչ մի այլ բան չէր գուշակում: Գերմանան ճչալով ասում էր. «Ո՞վ կը փրկի ինձ այս չար դեւից», բայց ոչ ոք չէր համարձակւում մօտենալ այսահարին ու փրկել Գերմանային: Լուրը հասաւ Եպրաքսիային, եւ նա շտապեց այնտեղ, չարի ձեռքից փրկեց Գերմանային, որը խոշտանգուել էր մեծ բռնութեամբ, պատուել խոր վէրքերով եւ շաղախուել արեամբ: Ապա դարձաւ այսահարին ու ասաց. «Ինչո՞ւ ես մոլեգնում նրանց դէմ, ովքեր կերակրում են քեզ: Հանդարտուի՛ր եւ մարի՛ր բարկութիւնդ քոյրերի հանդէպ, որպէսզի նրանք վանամօր գաւազանով չհարուածեն քեզ»: Եւ նա, զարհուրած երանելուց, պահ մտաւ: Երեկոյեան իւրաքանչիւրը գնաց իր տեղը, իսկ Եպրաքսիան ողջ գիշեր արտասուքներով աղօթեց առ Աստուած՝ այսահարին այցելութիւն անելու համար:
Առաւօտեան Եպրաքսիան գնաց դիւահար կնոջ մօտ եւ տեսաւ, որ նա պատռում էր իր հանդերձները եւ մերկ ու խայտառակ ընկած՝ ուտում էր իր աղտեղութիւնը: Երանելին դառնապէս լաց եղաւ: Բոլորը հաւաքուեցին, եւ նրանք եւս լաց էին լինում ու ասում. «Խնդրե՛նք Աստծուն այս եղկելի կնոջ համար, որպէսզի ողորմի նրան»: Այնժամ Եպրաքսիան, տարածելով իր ձեռքերը, աղօթեց՝ ասելով. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, նայի՛ր երկնային Քո սուրբ տաճարից եւ ողորմի՛ր Քո ստեղծածին, որ չարաչար տանջւում է չար այսից: Նա, որ Քո արարածն է, թող լինի Քեզ փառաբանողն ու երկրպագողը: Թող չար դեւը, որ իշխում է նրա վրայ, ամօթահար լինի, որովհետեւ Քոնն է իշխանութիւնը, զօրութիւնը եւ տէրութիւնը, եւ Քեզ վայել է փառք, պատիւ եւ արքայութիւն Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Եւ երբ քոյրերն ասացին՝ ամէն, Եպրաքսիան մօտեցաւ այսահար կնոջն ու Քրիստոսի նշանով խաչակնքեց նրա վրայ՝ ասելով. «Չա՛ր այս, Աստուծոյ Որդու՝ Յիսուս Քրիստոսի անունով հեռացի՛ր նրանից»: Դեւը հակառակւում էր եւ չէր ուզում ելնել, բայց Եպրաքսիան սաստում էր նրան Քրիստոսի զօրութեամբ: Ապա երեք անգամ հարուածեց մեծաւորուհու գաւազանով՝ ասելով՝ ելի՛ր, սակայն դեւն աւելի ու աւելի էր հակառակւում: Եւ նա ասաց. «Ինչպէ՞ս կարող ես դիմանալ Քրիստոսի զօրութեանը, Ով Իր կամաւոր խաչելութեամբ վերացրեց քո զօրութիւնը»: Եւ դեւն ասաց. «Ո՞ւր գնամ իմ բնակութեան վայրից»: Երանելի կոյսն ասաց. «Դէպի արտաքին խաւարը, անշէջ հուրը եւ յաւիտենական տանջանքները, որոնք պատրաստուած են դեւերիդ եւ նրանց համար, որոնք զազրագործութեամբ կատարում են ձեր կամքը»: Եւ նոյն պահին դեւը, կրճտացնելով ատամները, գետնով տուեց կնոջը եւ ասաց. «Վա՛յ ինձ, քանզի պարտուելով ու խայտառակուելով մի աղջկայ կողմից՝ պիտի ելնեմ իմ բնակութեան վայրից»: Այս ասելով՝ ծխի պէս ցնդեց ու վերացաւ: Բոլորը համակուեցին երկիւղով եւ փառաւորեցին Աստծուն կատարուած դէպքերի համար, որոնք Տէրը ցոյց տուեց Եպրաքսիայի միջոցով:
Եւ նա լուաց կնոջն իր զազիր աղտեղութիւնից, պարեգօտ հագցրեց ու ասաց. «Զգո՛յշ եղիր աղօթքների, պահեցողութեան, բոլոր առաքինութիւնների եւ սուրբ վարքի մէջ, որպէսզի չարը չվերադառնա քեզ մօտ, եւ վերջինը չլինի առաւել չար, քան նախկինը»: Եւ առնելով նրան, որը համեստացել ու սթափուել էր, տարաւ մեծաւորուհու մօտ: Ապա նրա խնդրանքով քոյրերը տարան նրան աղօթատեղին, աղօթելով՝ օրհնեցին նրան՝ տքնելու կրօնաւորութեան կարգով, պահեցողութեամբ եւ անդադար աղօթքներով: Իսկ երանելի Եպրաքսիան առաւել էր նուաստացնում իր անձը՝ ճգնելով ամենօրեայ աղօթքներով, պահքով եւ դիւահար կնոջ բժշկութիւնը նա իր անձին չէր վերագրում, այլ Աստծուն ու հոգեւոր մօր աղօթքներին:
Մի օր մեծաւորուհին գիշերուայ մէջ տեսիլք տեսաւ, որից յոյժ խռովուեց, տրտմեց ու տխրեց: Այդ մասին նա չէր կամենում յայտնել որեւէ մէկին, այլ անդադար աղօթում էր: Երբ տեսնում էր Եպրաքսիային, արտասւում էր: Մի քանի օր ոչ ոք չէր համարձակւում հարցնել նրան, թէ որն է իր տրտմութեան պատճառը: Ապա աւագ քոյրերը միաբանուեցին եւ ստիպեցին նրան յայտնել, մինչեւ որ նա ասաց. «Լսէ՛ք ինձ, աստուածասէր դստրիկ Եպրաքսիան երեք օրից պիտի ելնի այս աշխարհից եւ գնայ Նրա մօտ, Ում իր անձը յանձնեց ծառայութեան: Նա մեզ տուեց այնքան բարի օրինակներ, որոնք ցոյց տուեց իր անձով եւ իր բարեպաշտութեամբ նախանձախնդրութիւն բորբոքեց բոլորի մէջ: Եւ այժմ ո՞ր ականջը կարող է լսել այս լուրը, կամ ո՞ր աչքը կարող է տեսնել նրա ելքն աշխարհից»:
Լսելով այս մասին՝ քոյրերը դառնապէս լաց եղան՝ երանելուց բաժանուելու եւ նրան այլեւս չտեսնելու համար: Իսկ նա այդ ժամանակ Յուլիայի հետ հաց էր թխում փռան մէջ: Լուր հասաւ նրան, թէ մեծաւորուհին եւ աւագ քոյրերը սգի մէջ են, եւ նա խնդրեց Յուլիային գնալ ու իմանալ պատճառը: Իսկ Յուլիան թաքնուեց դռան մօտ, որտեղից լսում էր հաւաքուածների ողբաձայն խօսքերը: Մեծաւորուհին աւագ քոյրերին ասում էր. «Թող այս մասին ոչ ոք ոչինչ չասի Եպրաքսիային, մինչեւ որ հասնի ժամը»: Եւ սկսեց պատմել այն տեսիլքը, որ տեսաւ: «Եկան - ասաց, - երկու լուսաւոր եւ բարեվայելուչ մարդիկ ու ասացին. "Ուղարկի՛ր Եպրաքսիային, որովհետեւ անմահ Թագաւորը կանչում է նրան": Եկան նաեւ ուրիշներն ու ասացին. "Վերցրո՛ւ Եպրաքսիային եւ արի՛ բոլորի Տիրոջ մօտ, որովհետեւ Նա կանչում է նրան": Եւ ես, վերցնելով Եպրաքսիային, իսկոյն գնացինք նրանց հետ: Եւ երբ հասանք ադամանդակուռ մի դռան, այն ինքնիրեն բացուեց մեր առաջ, ու ես տեսայ երեւելի փառք եւ պայծառութիւն, որ պատմել չեմ կարող: Երբ մտանք սրբութիւնների Սրբութիւն, Եպրաքսիային տարան Տիրոջ առջեւ, եւ նա համբուրեց Տիրոջ անարատ ոտքերը: Ես տեսաւ բիւրաւոր հրեշտակներ եւ սուրբերի անթիւ բանակներ, որոնք քաղցր ձայնով օրհնում էին Աստծուն: Եւ ահա Տիրոջ Մայրը Եպրաքսիային ցոյց տուեց այն անճառելի փառքի վայելչութիւնն ու անթառամ պսակները, որ պատրաստուել են իր համար եւ ասաց նրան. "Այս է քո ճգնութեան եւ չարչարանքների վարձքը, որոնք դու կրեցիր երկրի վրայ: Այժմ գնա՛, սակայն պիտի գաս տասն օր յետոյ եւ Աստուծոյ բոլոր սիրելիների հետ վայելես անսպառ բարիքները": Այս ասելուց յետոյ տեսիլքը վերացաւ: Այսօր տեսիլքի եօթերորդ օրն է, եւ երեք օր յետոյ նա պիտի գնայ առ Աստուած, Ով նրան հրաւիրեց դէպի յաւիտենական կեանք: Թող Աստուծոյ կամքը լինի»:
Լսելով այս մասին՝ Յուլիան տրտմած վերադարձաւ Եպրաքսիայի մօտ: Նա իր լսածը չէր կամենում յայտնել եւ այլ պատճառներ էր առաջ բերում, բայց Եպրաքսիան Տիրոջ անուամբ ստիպեց ստուգապէս պատմել ամէն բան: Եւ Յուլիան ասաց. «Եպրաքսիա՛, այն մեծ սուգը քեզ համար է, որովհետեւ ինչպէս որ ցոյց է տրուել մեծաւորուհուն, երեք օր յետոյ դու պիտի թողնես մեզ եւ գնաս առ Քրիստոս, Ում ցանկացել ես»: Եւ փղձկալով Յուլիան այլեւս չկարողացաւ ամբողջութեամբ պատմել տեսիլքը: Երանելի Եպրաքսիան ասաց. «Կը կամենայի, որ Տէրն ինձ շնորհէր եւս մէկ տարի, որպէսզի ապաշխարութեան արժանի պտուղների տայի, այլապէս ինչպէ՞ս կարող եմ այսպիսի վարքով, թոյլ եւ մեղաւոր խորհուրդներով արժանի լինել երկնքի Արքայութեանը: Վա՜յ ինձ ծուլութեանս համար, որ չյիշեցի աշխարհից ելնելու մասին, որովհետեւ կարծում էի, թէ պիտի ապրեմ երկար տարիներ: Արդ, ի՞նչ պատասխան պիտի տամ Քրիստոսի ահեղ ատեանի առջեւ, քանի որ չունեմ բարի գործեր, որոնցով համարձակութիւն առնեմ իմ Տիրոջ՝ Քրիտոսի առաջ: Խնդրում եմ բոլորիդ եւ մեծաւորուհուն, որ աղօթէք ինձ համար՝ մեկ տարի եւս ապրելու եւ ապաշխարելու համար: Սակայն թող Աստուծոյ կամքը լինի, եւ ես բոլորի աղօթքների միջոցով հանդերձեալ աշխարհում ողորմութիւն գտնեմ ամէնքի Տիրոջ կողմից»:
Վանամօրը տեղեկացրին, որ Եպրաքսիան լսել է իր մահուան մասին լուրը եւ տրտմել: Այնժամ մեծաւորուհին աղօթավայրից կանչեց Եպրաքսիային եւ ասաց. «Դո՛ւստր իմ, ինչո՞ւ ես տրտմել ու տարակուսել»: Եւ նա ասաց. «Ինչպէ՞ս չտարակուսեմ, քանի որ դու յայտնել ես իմ վախճանի օրը, որը քեզ ցոյց է տրուել Տիրոջ կողմից: Ես կամենում էի ապշխարութեան պտուղներ բերել: Չէ՞ որ ոչ ոք չի կարող գերեզմանի մէջ պտղաբեր լինել, այլ միայն ողջերը կարող են շատացնել բարեպաշտութեան պտուղներն ու բարի գործերը, որովհետեւ վախճանուելուց յետոյ ոչ ոք չի կարող բարիքներ գործել: Եւ արդ, աղաչում եմ, որ խնդրէք Տիրոջը՝ ինձ մէկ տարի ապաշխարութեան ժամանակ տալու համար, որպէսզի ճգնեմ ու արդարանամ»: Եւ մեծաւորուհին ասաց. «Դո՛ւստր իմ, դու երանելի ես քո քրիստոսասէր, սուրբ եւ անարատ ճգնաւորական վարքով: Դու հրաժարուել ու թողել ես աշխարհի հարստութիւնը եւ հասել անճառելի փառքի, եւ ինչպէս Քրիստոս ինձ ցոյց տուեց, քեզ համար պատրաստուած է անպատմելի ուրախութիւն»: Ինչպէս նախորդ անգամ, նա բոլորի մօտ դարձեալ պատմեց տեսիլքի մասին՝ նրանց արտասուել տալով, ու բոլորն այդ փառաւոր տեսիլքի համար ահով եւ ուրախութեամբ գոհութիւն եւ փառք մատուցեցին Ամենասուրբ Երրորդութեանը:
Այնժամ Եպրաքսիան ասաց. «Ո՞վ եմ ես եւ ի՞նչ վաստակ ունեմ Աստուծոյ առաջ: Ես միայն սուրբ Աստուածածնի ու բոլոր սուրբերի բարեխօսութեամբ յոյսս դրել եմ իմ Փրկիչ Աստուծոյ վրայ, որպէսզի արժանի լինեմ լոյսի մէջ սուրբերի ժառանգութեան բաժնին, թէպէտ կեանքս վարեցի ծուլութեամբ եւ ոչ ըստ Քրիստոսի աւետարանի: Բայց այժմ, թող Աստուծոյ կամքը լինի: Իսկ դուք՝ իմ հոգեւո՛ր մայր եւ բոլո՛ր սրբուհիներ, աղաչում եմ, որ չմոռանաք ինձ ձեր ամենօրեայ աղօթքներում, որոնցով մեծացրիք ինձ եւ ընծայեցիք Աստծուն, որպէսզի արժանի լինեմ սուրբերի հետ հանգստեանը յաւիտենական կեանքում, ուր գնում եմ ու այլեւս չեմ վերադառնալու: Եւ քանի որ ինձ ընդունեցիք բարեմտութեամբ, թող Տէր Աստուծոյ օրհնութիւնը ձեզ վրայ լինի այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից»: Եւ նրանց հրաժեշտի շատ այլ խօսքեր ասաց:
Երեկոյեան Եպրաքսիան մասնակցեց գիշերային պաշտամունքի արարողութեանը, եւ ամբողջ գիշերը՝ մինչեւ օրուայ երրորդ ժամը, անցկացրեց Աստծուն աղօթելով: Ապա քահանայի կողմից մատուցուող սուրբ պատարագին ճաշակեց Քրիստոսի Մարմինն ու Արիւնը եւ ասաց. «Թող սա ինձ համար լինի մեղքերի քաւութիւն եւ կենդանութիւն յաւիտենական կեանքում՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան»:
Այնուհետեւ երանելին հիւանդացաւ: Վանամօր հետ բոլորը հաւաքուեցին նրա մօտ՝ հրաժեշտ տալու Քրիստոսի սուրբ աղախնուն: Եւ բոլորը Եպրաքսիային ասացին. «Քրիստոսի առաջ յիշի՛ր մեզ, ո՛վ սրբուհի, որովհետեւ քո առաքինասէր եւ սուրբ վարքի համար համարձակութիւն ունես բարեխօսելու: Բարեխօսի՛ր մեզ համար, որպէսզի մենք եւս հաճելի լինենք Աստուծոյ բարեսէր կամքին եւ չզրկուենք այն բարիքներից, որոնք պատրաստուած են քեզ համար»: Իսկ այն կինը, որը բժշկուել էր Եպրաքսիայի ձեռամբ, համբուրում էր նրա ձեռքերն ու ասում. «Այս սուրբ ձեռքերը կերակրեցին անարժանիս, եւ նրա աղօթքների շնորհիւ չար այսը հալածուեց ինձնից: Ո՛վ երանելի կոյս, Քրիստոսի առաջ յիշի՛ր դեւից ազատուած քո աղախնուն, որպէսզի քո կեանքից հեռանալուց յետոյ այլ չար բան չպատահի ինձ»: Եւ Եպրաքսիան ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ, քո՛յր, մի՛ թող Աստուծոյ երկիւղը, եւ Նա կը պահպանի քեզ չարից»: Ապա դարձաւ վանամօրն ու ասաց. «Աղօթի՛ր բոլորի հետ, որովհետեւ հոգուս ելքը երկիւղալի է ինձ համար, ինչպէս որ Քրիստոս ասաց՝ թէպէտ հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»: Ապա սկսեցին աղօթել՝ ըստ արարողակարգի եւ երբ ասացին՝ ամէն, երանելին աւանդեց իր հոգին՝ ի փառս եւ ի գովութիւն Ամենասուրբ Երրորդութեան: Սուրբ կոյսը վանքում ապրեց երեսուն տարի՝ զարդարուած առաքինութիւններով, հաճելի Աստծուն եւ մարդկանց: Նրան թաղեցին իր մօր գերեզմանատանը եւ նրա վրայ կատարեցին թաղման արարողակարգը: Եւ գոհանալով փառաւորեցին Աստծուն, որ կեանքում արժանի եղան կցորդ լինել այդպիսի սուրբ անձին եւ նրա յուղարկաւորութեանը:
Իսկ Յուլիան, որը վանամօր հրամանով Եպրաքսիայի ուսուցիչն էր եւ ջերմ սէր ունէր նրա հանդէպ, երեք օր չէր կարողանում հեռանալ նրա գերեզմանից: Եւ ահա տեսիլք երեւաց նրան, ըստ որի պէտք է Եպրաքսիայի յետեւից հանդերձեալ կեանք գնար: Գալով վանամօր մօտ՝ նա պատմեց տեսիլքի մասին եւ հրաժեշտ տալով բոլորին՝ խնդրեց աղօթել իր համար: Եւ հիւանդանալով երկու օր անց՝ երանելի Եպրաքսիայի մահից հինգ օր յետոյ, երանելի Յուլիան փոխուեց առ Քրիստոս: Նրան փառաւորապէս թաղեցին Եպրաքսիայի գերեզմանի մօտ:
Երեսուն օր յետոյ վանամայրը կանչեց աւագ քոյրերին եւ ասաց. «Ձեր միջից ընտրէ՛ք առաջնորդ մէկին, որովհետեւ մեր դուստր Եպրաքսիայի բարեխօսութեամբ եւ Աստուծոյ կամքով Քրիստոս ինձ Իր մօտ է կանչում, ինչպէս որ նոյն բարեխօսութեամբ կանչեց Յուլիային: Աղօթէ՛ք, որպէսզի արժանի լինենք Յիսուս Քրիստոսի անսպառ բարիքներին, որ կան եւ պահուած են արժանաւորների համար: Ես աւարտեցի իմ ընթացքը եւ պահեցի սուրբ առաջնորդների կարգը: Բոլորդ գիտէք, որ ես չեմ դադարել արտասուքներով խրատել ձեզնից իւրաքանչիւրին՝ Աստծուն հաճելի ու Նրա առաջ սուրբ եւ անարատ լինելու համար: Յորդորել եմ ձեզ հաստատուն մնալ ու ապրել միմեանց հանդէպ հոգեւոր սիրով, լինել խոնարհ, հեզ եւ աշխատասէր, ինչպէս երանելի Եպրաքսիան, որը ձեզ բարի վարքի օրինակ թողեց: Եւ արդ, բարի գործերի նախանձախնդիր եղէք, որպէսզի անանց ուրախութեան մէջ վայելէք անսպառ բարիքները: Աղօթէ՛ք ինձ համար, որպէսզի մեր երանելի դուստր Եպրաքսիայի հետ արժանանամ յաւիտենական կեանքին: Եւ մի՛ սգացէք, աղաչո՛ւմ եմ ձեզ, այլ ձեզ համար վերակացու ընտրէք, որպէսզի օրհնեմ նրան Տիրոջ անունով, որովհետեւ Տիրոջ հրամանը շտապեցնում է ինձ՝ մարմնից ելնելու եւ ինձնից առաջ կանչուածների մօտ գնալու համար»:
Եւ ընտրեցին Թէոդոնիային, որը բոլորի կողմից ճանաչուած էր որպէս բարեպաշտ եւ աստուածավախ մէկը, որ իմաստուն էր մտքով ու խօսքով, հաճելի Աստծուն եւ մարդկանց: Ձեռք դնելով նրա վրայ՝ նստեցրին մեծաւորուհու աթոռին, խոնարհուեցին, ողջոյն տուին եւ օրհնեցին նրան Տիրոջ անունով: Մեծաւորուհին ասաց. «Զօրացի՛ր եւ քա՛ջ եղիր: Ոչ մի կերպ թոյլ չտաս, որպէսզի խախտուի միաբանութեան կարգ ու կանոնը, որովհետեւ նրանք ի Քրիստոս ընդունեցին քեզ: Դու գիտես վանքի կարգն ու օրէնքները: Թող ոչ մի բանով չշեղուես սահմանուած աղօթքներից, պահեցողութիւնից եւ գործերից: Ձեռք մի՛ բեր մեծ ունեցուածք վանքի համար եւ որեւէ մէկին զբաղուել մի՛ տուր այնպիսի բաներով, որոնց միջոցով ինչքեր կ՚ունենան եւ կը զրկուեն երկնային բարիքներից, այլ թող ձեր ձեռքի աշխատանքի միջոցով կերակուր եւ հանդերձներ ստանաք Տիրոջ կողմից: Քանզի Նա, Ով հագցնում է վայրի բոյսերին եւ կերակուր է տալիս անասուններին ու թռչուններին, կը կերակրի եւ կը հագցնի նաեւ Իր սուրբ անունը փառաբանողներին: Մի՛ հեռացէք Նրա սիրուց, այլ միշտ եղէք Քրիստոսի սիրոյ մէջ: Յիշէ՛ք երանելի Եպրաքսիայի վարքը, որը ձեր մէջ մեծ համբերութեամբ կատարեց ամբողջ արդարութիւնը: Ո՞վ կարող է պատմել նրա ճգնողական վարքի մասին: Որպէս աղբ նա արհամարհում էր երկրաւոր բոլոր ցանկութիւնները: Իրեն բոլորից յետին եւ նուաստ համարելով՝ մեծ հեզութեամբ եւ խոնարհութեամբ աղախնութիւն էր անում աղախիններին եւ սպասաւորում սպասաւորներին: Թագաւորական տոհմից լինելով՝ նա երբէք չէր պարծենում նուաստների մօտ, որի համար փառաւորուեց անմատոյց լոյսի մէջ, ինչպէս որ ցոյց տուեց Տէրը: Նմանուէ՛ք նրան, որպէսզի Յիսուս Քրիստոսով հասնէք նրա փառքին»:
Աւարտելով խրատական իր կտակը՝ մեծաւորուհին բոլորին ասաց. «Այժմ գնացէ՛ք խաղաղութեամբ, եւ թող Տէր Աստուած ձեզ հետ լինի: Մինչեւ առաւօտեան թող ոչ ոք ինձ մօտ չգայ»: Հրաժեշտ տալով նրանց՝ վանամայրը մտաւ աղօթարան, աղօթեց ամբողջ գիշեր, իսկ առաւօտեան աւանդեց իր հոգին ի փառս Աստուծոյ: Ներս մտնելով՝ քոյրերը նրան մահացած գտան, իսկ ձեռքերն Աստծուն փառաբանելու համար՝ դէպի վեր պարզած: Նրա վրայ կատարեցին արարողակարգը եւ ինչպէս պատուիրել էր, թաղեցին սուրբ Եպրաքսիայի գերեզմանի մօտ:
Այսպիսին էին սուրբ Եպրաքսիայի, նրա հոգեւոր մօր, պատուական ծնողների եւ նրա ուսուցիչ Յուլիայի վարքի պատմութիւնները, ինչպէս որ գրում է նրանց վարքագիրը՝ թերեւս ժամանակակիցը: Նա ծնուել է Տիրոջ մօտ 380 թուականին՝ Թէոդոս Մեծի թագաւորութեան երկրորդ տարում, իսկ երկինք փոխուեց մօտ երեսուն տարեկանում՝ Տիրոջ 410 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Եպրաքսիա ճգնաւոր կոյսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող չորրորդ հինգշաբթի օրը՝ սուրբ Պանտէլէիմոն բժշկի եւ Երմողայոս քահանայի հետ:
[1] Ա Կորնթ. Է 29-30:
[2] Սաղմ.ԽԸ 11:
[3] Սաղմ. Ղ 11:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: