ՍՈՒՐԲ ԵՒՓԻՄԻԱ ԿՈՅՍԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂ ՔԱՌԱՍՈՒՆԻՆԸ ԿԱՄ ՅԻՍՈՒՆՄԷԿ ՎԿԱՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

«Այսօր ճգնութեամբ սրբոցն զուրաճանայ եկեղեցի ուրախութեամբ մեծաւ.

Հանդերձ որդւովք իւրով ք տօնելով զյիշատակ սոցա:

Սոքա են դեղ կենաց պարգեւեալ մեզ ի Քրիստոսէ

Ի բժշկութիւն պատուական սուրբ արեամբն իւրեանց:

Իշխանութիւն ունին ի Հոգւոյն Սրբոյ. առաջնորդել մեզ յԵրուսաղէմն վերին,

Ի քաղաքն կենդանեաց ի մեծն Սիոն»:

(Շարակնոց)

 

Բարեհամբաւ, մեծահռչակ եւ երանելի սուրբ կոյս Եւփիմիան Քաղկեդոն[1] քաղաքից էր եւ ապրել է Դիոկղետիանոս կռապաշտ արքայի հալածանքների տարիներին: Ծնողները քրիստոնեաներ էին. նրա հայրը՝ Փիլիփրովը, աւագանու պատուաւոր անդամներից մէկն էր, իսկ մայրը՝ Թէոդոսիանէն (ըստ ոմանց՝ Թէոդորոսիան կամ Թէոդորան), բարեպաշտ կին էր եւ, յուսալով երկնային հատուցման վարձք ունենալ, շատ ողորմութիւններ էր անում ժողովրդին:

 

Այդ շրջանում Քաղկեդոնում բնակւում էին բազմաթիւ հաւատացեալներ՝ թէ՛ բնիկ, թէ՛ հալածանքների պատճառով այլ տեղերից՝ յատկապէս Նիկոմիդիայից եկած, որի համար Դիոկղետիանոսի հրամանով Քաղկեդոն եկաւ Պրիսկոս անունով անթիպատոսը, որը ասիացիների բդեշխի փոխանորդն է, որպէսզի գտնի քրիստոնեաներին եւ չարաչար տանջանքներով կորստեան մատնի: Եւ Պրիսկոս իշխանը գտաւ Քաղկեդոնում բնակուող իր հեթանոս բարեկամներից մէկին, որի անունն էր Ապելիանոս: Սա մի ժանտաբարոյ եւ սաստիկ անողոք մարդ էր՝ օժտուած հռետորական արուեստով, գրագէտ ճարտարախօս եւ Արես չաստուծոյ գլխաւոր քուրմերից մէկը: Անձամբ առաջ գալով՝ սկսեց Պրիսկոս իշխանին գրգռել ընդդէմ քրիստոնեաների՝ ասելով. «Ո՛վ փոխանորդ, յիշեցնում եմ քո բարեյաջորդ իշխանութեանը, որ մօտեցել են մեծ Արես աստուծոյ տարեկան ուրախութեան եւ նրա հոյեակապ տաճարում զոհ մատուցելու օրերը: Ուստի պէտք է ըստ ինքնակալների հրամանների եւ ըստ աւանդութեան՝ զոհ մատուցել աստուածներին, յատկապէս մեծ Արես աստծուն»:

 

Այս խօսքերը հաճելի թուացին անթիպատոսին՝ սոյն առիթով հաւատքից հեռացնելու գոնէ թուլամիտներին: Ուստի հրամայեց քաղաքի նշանաւոր վայրերում հրովարտակ տարածել, որն ունէր հետեւեալ բովանդակութիւնը. «Քաղկեդոն քաղաքի սիրելի բնակիչնե՛ր: Ի գիտութիւն բոլորիդ՝ մեր ինքնակալ թագաւորների հրամանով յայտարարում ենք, որ ձեր անձերը ութ օր մաքրելուց յետոյ պէտք է պատրաստ լինէք զոհ մատուցել մեծ Արես աստծուն: Իսկ եթէ գտնուի մէկը, որը չի հնազանդուի մեր օրէնքներին եւ կը դառնայ դէպի այլ կրօնը, այդպիսինը չարաչար պատուհասուելով կորստեան կը մատնուի: Հրաւիրատուն ձեզ նշան կը տայ այս կերպով. երբ հնչի փողը, բոլորդ պէտք է հաւաքուէք Արես աստուծոյ տաճարում՝ անմահ աստուածներին յօժարութեամբ զոհ մատուցելու եւ նրանց հաճութիւն պատճառելու համար»: Այս հրամանն արձակուելուց յետոյ անօրէն Ապելիանոսն ամեն օր եւ ամեն ժամ շարունակ ջանում էր հետեւողականօրէն որոնել ու լրտեսել, որպէսզի կարողանար գտնել նրանց, ովքեր չէին հնազանդուի թագաւորների աւանդոյթներին եւ շան պէս հաչելով յարձակուէր նրանց վրայ:

 

Արդ, երբ հասաւ սահմանուած ժամանակը, հնչեց փողը, որպէսզի հրաւիրէր քաղաքի բոլոր բնակիչներին՝ Արեսին զոհ մատուցելու համար: Այդ ձայնը ողբերգական էր հաւատացեալների համար, եւ երեւելի ուրախութիւն՝ սնոտի յոյսի յետեւից մոլորուածների համար: Հաւատացեալները թաքնուել էին մի ծածուկ վայրում, ոմանք էլ գաղտնի հեռացել էին քաղաքից ու ցրուել: Նրանց մի փոքր խումբ էլ փակուած եւ թաքնուած էր մի փոքր տնակում, որտեղ յարատեւում էին աղօթքներով ու համբերութեամբ: Այնտեղ նրանց հետ էր նաեւ սուրբ Եւփիմիա կոյսը, ով եւս անդադար հեծեծանքներով պաղատում էր Աստծուն:

 

Տեղեկանալով նրանց մասին՝ չարի ծառայ Ապելիանոսն ասաց Պրիսկոս իշխանին. «Անթիպատո՛ս, մի տան մէջ թաքնուած մարդիկ կան, որոնք չեն կամենում հնազանդուել ո՛չ թագաւորների, ո՛չ էլ քո հրամաններին: Եւ եթէ դու անտեսես այդ բանը, այնուհետեւ շատերը կը հեռանան, զոհ չեն մատուցի աստուածներին ու կը յարեն նրանց, իսկ մեր ընծաներն ու պաշտամունքներն արհամարհանքով կանարգեն»:

 

Բանսարկուից այս լսելով՝ անթիպատոսը հրամայեց զինուորներով գնալ եւ իր առջեւ բերել այդ տանը գտնուող քրիստոնեաներին՝ բոլոր տղամարդկանց եւ կանանց: Եւ իշխանի ատեանի առջեւ բերեցին շուրջ յիսուն հոգու, որոնց մէջ էր երանելի կոյս Եւփիմիան՝ բոլորից առաւել ուրախալից դէմքով եւ զարդարուած պարկեշտութեամբ: Այնժամ անթիպատոսն սկսեց խօսել ու ասել նրանց. «Յոյժ զարմացած եմ՝ իւրաքանչիւրիդ յօժարութեամբ այստեղ գալու եւ հիացած՝ ձեր արտաքին վայելուչ գեղեցկութեամբ: Ուստի յորդորում եմ ձեզ՝ հպատակուել ինքնակալի հրամաններին եւ հաղորդ դառնալ աստուածներին մատուցուող զոհաբերութիւններին: Ես այս մասին կը տեղեկացնեմ թագաւորին, եւ նա ձեզ կարժանացնի պատուի ու մեծամեծ պարգեւներ կը տայ, անգամ ձեզնից ոմանք կը հասնեն երեւելի իշխանութեան, ոմանք էլ՝ կը նշանակուեն արքունի իշխանների դասում»:

 

Այս լսելով՝ վկաների բազմութիւնը միահամուռ ծիծաղեց այս մանկամիտ խօսքերի վրայ, եւ եթէ նրանց մէջ կար տխրադէմ մէկը, զուարթացաւ, եւ առհասարակ բոլորը լի եղան աստուածային ուրախութեամբ: Հրեշտակների պէս շրջապատած եւ սուրբ Եւփիմիային իրենց մէջ առած վկաները համարձակ պատասխանեցին՝ ասելով. «Ո՛վ անթիպատոս, մենք Քրիստոս Արքայի զինուորներն ենք եւ ջանում ենք մինչեւ մեր վերջին շունչը հաստատուն մնալ հաւատի մէջ, որն աւանդուեց մեզ, որպէսզի արժանանանք այն անսուտ խոստումներին, որ ասում է. "Բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ"[2]: Դո՛ւ, անթիպատո՛ս, գիտես, որ իւրաքանչիւր ոք, ով հաւատում է որեւէ իշխանութեան, ջանում է հաւատարիմ լինել պարգեւատուին, որպէսզի արժանանայ աւելի մեծ պատուի: Արդ, եթէ այսպէս են անում ապականացուի եւ ժամանակաւորի հանդէպ, ապա որքան առաւել մենք պարտաւոր ենք ջանալ ժառանգել խոստացած անապական եւ մշտնջենաւոր փառքը: Այժմ իսկոյն արա՛, ինչ անելու ես, մենք մինչեւ մահ պատրաստ ենք քո ամեն տեսակ տանջանքներին»:

 

Դատաւորը զայրացաւ, որովհետեւ չէր ակնկալում սուրբերից այսպիսի համարձակ պատասխան լսել: Մի կողմ շրջեց երեսը եւ դահիճներին հրամայեց խոշտանգելով տանջել նրանց, ինչպէս որ կարող են եւ ապա բանտ տանել:

 

Սուրբերը տանջանքների մէջ գոհանում էին Աստծուց, քաջալերում էին միմեանց՝ առաւելապէս աւելի կրտսերներին եւ հաստատում նրանց՝ համբերութեամբ գնալ դէպի նահատակութիւն: Առաւել եւս յորդորում էին երանելի կոյս Եւփիմիային՝ համբերութեամբ սպասել Քրիստոսի խոստացած բրաբիոնին, քանզի նայելով նրա երիտասարդ հասակին, երկիւղ ունէին, որ նա կը յուսալքուի իր տկար բնութեան պատճառով, բայց նա բոլորից աւելի ու աւելի ուրախ էր եւ ցնծում էր հոգով՝ իբրեւ սուրբ ընթրիքի հրաւիրուած: Լցուած իմաստութեամբ՝ յայտնում էր իր նահատակակիցներին, որ յօժար է առաջամարտիկ լինել մրցահանդէսում եւ մտնել անմահ Փեսայի լուսոյ Առագաստը:

 

Եւ տեսակ-տեսակ հարուածներով ու խոշտանգումներով վկաներին տանջելուց յետոյ նրանց բանտ նետեցին, ուր տասնինը օր մեծ նեղութիւններ էին կրում առանց հաց ու ջրի, սակայն նրանք կերակրւում էին Սուրբ Հոգու շնորհներով եւ աղօթքներով հանդերձ՝ Աստուծոյ մխիթարութեամբ սփոփում իրենց ընկերներին: Ապա քսաներորդ օրը չարախոհ Ապելիանոսի հետ խորհրդակցելուց յետոյ Պրիսկոս անթիպատոսը, հրամայեց սուրբերին կանգնեցնել դատաստանի առաջ՝ հարցաքննութեան: Իշխանը ելաւ նստեց բարձր բեմի վրայ, իսկ Աստուծոյ երանելի վկաները՝ ձեռք ու ոտքը կապուած եւ պարանոցներին շղթայ գցած, կանգնեցին նրա առջեւ: Նրանց մէջ էր սուրբ կոյս Եւփիմիան՝ պճնուած հոգեւոր հարսանեաց զարդերով՝ կապանքներով ու շղթաներով: Նա փայլում էր սուրբերի մէջ՝ որպէս մի լուսաւոր ջահ եւ իբրեւ պայծառ լուսին՝ աստղերի մէջ:

 

Անթիպատոսը նրանց՝ առալելապէս կրտսերներին, հարցրեց. «Ահա դուք ձեր վրայ առաք տանջանքները, ասացե՛ք ինձ, երիտասարդնե՛ր, արդեօ՞ք յետ դարձաք ձեր յամառութիւնից եւ պատրա՞ստ էք զոհ մատուցել մեծ Արես աստծուն, թէ՞ դեռեւս նոյն մտքին էք»: Նրանք, նահատակազգեստ Եւփիմիայի հետ մէկ բերան դարձած, միաբան պատասխանեցին՝ ասելով. «Ո՛վ անթիպատոս, մինչեւ ե՞րբ ես յամառելու մոլորութեանդ մէջ եւ չես ճանաչելու մեր Աստուծոյ զօրութիւնը, Ով արարեց երկինքն ու երկիրը: Մի՛ ձգտիր նրան, ինչն անհնար է եւ մի՛ կարծիր, թէ կարող ես փոխել մեր հաստատուն միտքը, որ ի Յիսուս Քրիստոս է»:

 

Այնժամ Պրիսկոսը սպասաւորներին ասաց. «Խոշտանգելով հարուածներ հասցրէ՛ք դրանց, կարծր արջառաջլերով խփէ՛ք դրանց երեսներին ու ասացէ՛ք, որ հնազանդուեն ինքնակալի հրամաններին ու զոհ մատուցեն աստուածներին»: Բռնաւորի սպասաւորներն անմիջապէս կատարեցին իրենց հրամայուածը: Եւ երբ կռփահարում էին սուրբերին ու հարուածում նրանց երեսներին, սաստիկ պայծառացան նրանց դէմքերը, իսկ չարի արբանեակները տանջելուց յոգնեցին, տկարացան եւ մեռելի պէս ընկան: Ապելիանոսը, որ զգեստաւորուել էր չարի սպառազինութեամբ, կամենալով ահաբեկել սուրբերին, անթիպատոսին ասաց. «Եկ պատուհասենք սրանց եւ ուղարկենք Նիկոմիդիայի թագաւորի մօտ: Նա հէնց նոյն օրը սրով եւ հրի մատնելով կը վերացնի դրանց»: Այս խորհուրդը հաճելի թուաց անթիպատոսին եւ հրամայեց նրանց պահել ամրոցի բերդում՝ բանտի վերին յարկերում, մինչեւ որ նրանց կուղարկէր թագաւորի մօտ: Նրանք թուով քառասունինն էին, իսկ սուրբ կոյսով հանդերձ՝ յիսունը:

 

Եւ երբ նրանց տանում էին ատեանից, անթիպատոսը, հրապուրուած լինելով Եւփիմիայով, անձամբ գնաց նրանց յետեւից եւ, աւազակի կամ յափշտակող գայլի պէս բռնելով Քրիստոսի աղախնուն, կամեցաւ առանձնացնել նրան Քրիստոսի վկաների գնդից: Կարծեց, թէ կորսայ իր ողոքիչ խօսքերով եւ չարի ընդունարան կը դարձնի նրան, սակայն երբ կոյսը մերժեց իրեն, հրամայեց դահիճներին՝ նրան բռնութեամբ ապարանք բերել: Քրիստոսասէր սուրբ վկայուհին, աչքերը երկինք յառած, աղօթում էր՝ ասելով. «Օգնի՛ր ինձ, Քրիստո՛ս, Աստուծոյ Որդի՛, Հօր մշտնջենաւոր Էակից, որ արարեցիր երկինքն ու երկիրը՝ նրանցում եղած արարածներով: Դու ես իմ յոյսը, Տէ՛ր, թող չմարի իմ կուսութեան ջահը եւ չկորչի իմ յոյսի հաւատքը, որ ունեմ առ Քեզ եւ որն  անարատ պահեցի իմ մանկութիւնից»:

 

Այս լսելով՝ իշխանը չհամարձակուեց հրապուրելով պղծել նրան, այլ ցանկացաւ բոլորին ցոյց տալ, թէ ինչպէս կարող է որսալ նրան դէպի իր կրօնը, որի համար կոյսին ասաց. «Պատուի՛ր քո անձը եւ միւսների պէս մահ մի՛ ցանկացիր քո անձի համար, այլ ինչպէս որ պատշաճ է, քո ազգի պատիւը մի՛ կորցրու, որովհետեւ լսել եմ, որ ծնողներիդ կողմից պատուական ազգից ես: Եւ թէպէտ մինչ այժմ վարանել եւ խաբուել ես որպէս կին, այժմ զղջալով զոհ մատուցիր աստուածներին»: Քրիստոսի աղախինը պատասխանեց նրան. «Մենք չենք ձգտում տկար մարմնի բնութեամբ պատիւներ ստանալ, այլ արիական ճգնութեամբ ջանում ենք նահատակութեան ժամին ընտիր եւ քաջ երեւալ: Ես բնաւ մոլորուած չեմ անգիտութեամբ, այլ իբրեւ իմաստուն եւ քաջ ախոյեան՝ պատրաստ եմ քո առջեւ հոգեւոր մարտի մրցասպարէզ մտնել իմ Տիրոջ զօրութեամբ, որպէսզի քեզ եւ քո հայր սատանային յաղթեմ Նրանով ու արժանանամ Աստուծոյ անսուտ խոստումներին, որ տուել է մեր հայրերին»:

 

Տեսնելով, որ պարտութիւն կրեց կնոջ եւ մի աղջկայ կողմից, սէրը փոխարկեց ատելութեան եւ բորբոքուած ցասումով հրամայեց դահիճներին՝ պատրաստել անուաձեւ եւ սրալից նոր տեսակի գործիքներ ու սուրբ վկային գցել երկու անիւների միջեւ, որպէսզի դրանց պտտուելիս նա իսկոյն աւանդի հոգին: Իսկ երանելի Եւփիմիան, որ բեւեռուած էր անիւներին, Քրիստոսի կնիքով դրոշմեց իր անձը եւ աւաղելով բռնաւորին՝ ասաց. «Ո՜հ, ինչպէ՜ս է ճշմարտութեան թշնամի եւ անօրէնութեան մշակ Պրիսկոսը նստած ամեն կերպ ջանում կատարել բանսարկուի կողմից թելադրուած չարի կամքը՝ ընդդէմ բարեպաշտների, կարծելով, թէ կորստեան կը մատնի նրանց»: Եւ մինչ տանջանքների մէջ էր, ասաց բռնաւորին. «Դու, որ թշնամի ես Քրիստոս ճշմարիտ Աստծուն, հաւատա՛ ինձ, որ քո չարարուեստ հնարքները չեն մօտենում իմ մարմնի անդամներին, եւ ես ամենեւին չեմ զգում տանջանքները, որովհետեւ ինձ օգնում է Քրիստոս, Ով նահատակութեան մէջ ինձ համբերութիւն է  տալիս»:

 

Երբ այս ասաց, բռնաւորի սպասաւորները պտտեցին անիւը: Սաստիկ եւ դաժան տանջանքներից բզկտուեցին սուրբ վկայի բոլոր անդամները, եւ բացուեցին նրա ոսկորները, սակայն սրբուհին զուարթութեամբ աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Լո՛յսդ ճշմարտութեան եւ Տէ՛րդ ողորմութեան, Դու, որ ապաւէնն ես բոլոր նրանց, ովքեր խնդրում են Քո օգնութիւնը, գթա՛ ինձ, որովհետեւ Դու չես անտեսում նրանց, ովքեր նեղութեան ժամին աղաղակում են Քեզ, եւ տանջանքները չեն մերձենում նրանց, ովքեր ապաւինում են Բարձրեալիդ: Նայի՛ր Քո աղախնուն, ազատի՛ր ինձ բարիատեաց բանսարկուի կորստից եւ սրբապիղծ ու քրիստոսամարտ Պրիսկոսի սպառնալիքներից»:

 

Այս ասելուն պէս իսկոյն երկնքից հրեշտակ իջաւ, կոտրեց անիւները, բժշկեց Եւփիմիայի վէրքերը, իսկ դահիճներին ուժասպառ արեց այնպէս, որ երկնային հրեշտակի ահից նրանք տկարացան ու գունատուեցին: Այնժամ երանելի վկան անվնաս դուրս եկաւ գործիքից՝ բազմութեան առջեւ երեւալով նախկինից առաւել զուարթ ու պայծառ:

 

Այդ տեսնելով՝ անթիպատոսը զայրագին ասաց. «Երդւում եմ աստուածներով եւ ինքնակալով, որ եթէ զոհ չմատուցես մեծ Արես աստծուն, հրոյ ճարակ կը դարձնեմ քեզ, որպէսզի իմանաս, որ քո Աստուածը, որին պաշտում ես, քեզ չի օգնի»: Սրբուհին ասաց. «Դու ինձ սպառնում ես հրո՞վ, որը փոքր-ինչ վառուելով բորբոքւում է եւ ապա իսկոյն մարում: Ես այնքան վախկոտ չեմ, որ զարհուրեմ քո սպառնալիքներից, այլ ոտնակոխ կանեմ անաստուածներիդ գոռոզութիւնը: Երդւում եմ Քրիստոսի բարեպաշտ վկաների ու իմ ընկերների  նահատակութեամբ, որ մինչեւ իմ վերջին շունչը հաստատուն կը պահեմ հաւատքի իմ ընթացքը, որպէսզի իմ քաջ նահատակակիցների հետ արժանի լինեմ անվախճան ուրախութիւններին եւ նրանց հետ վայելեմ անպատում կեանքը Յիսուս Քրիստոսով»:

 

Անթիպատոսը զարհուրեց կոյսի սքանչելի համարձակութիւնից, սակայն յաղթուելով կատաղի բարկութիւնից՝ անմիջապէս հրամայեց հրով սաստիկ բորբոքել հնոցը եւ սուրբին գցել այնտեղ: Բռնաւորի սպասաւորները կատարեցին հրամայուածը. սաստիկ բոցը ցոլալով վեր էր բարձրանում, իսկ երանելի կոյսը, որ կանգնած էր հնոցի մօտ զուարթ երեսով եւ առոյգ մարմնով, աղօթում էր՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած, որ բնակւում ես Բարձունքներում, նայում ես խոնարհներին եւ փառաւորւում հրեշտակների ու երկնքի բոլոր զօրութիւնների կողմից: Քեզ եմ դիմում, Տէ՛ր, օգնի՛ր ինձ Քո բարերարութեամբ եւ կնքի՛ր իմ անձը Քո Սուրբ Հոգու զօրութեամբ: Ցո՛յց տուր չարամիտ եւ քրիստոսատեաց Պրիսկոսին, որ Դու ես այն նոյն Աստուածը, որ Բաբելոնում առաքեցիր հրեշտակին երեք մանուկների մօտ եւ մարեցիր հնոցի բոցը: Այժմ նայի՛ր տառապեալիս եւ առաքի՛ր Քո օգնութիւնը, փրկի՛ր ինձ մարդակեր առիւծի բերանից, ոգեկորոյս որսողի ձեռքից եւ անթիպատոսի սպառնալիքներից, որովհետեւ ահաւոր եւ փառաւորեալ է Քո անունը յաւիտեան»:

 

Այնժամ բռնաւորն իր սպասաւորներին հրամայեց գօտի կապել Եւփիմիայի մէջքին եւ ասաց. «Առէ՛ք, գցէ՛ք նրան հնոցի մէջ»: Այդտեղ գտնուող սպասաւորներից երկուսին սուրբ կոյսի շուրջն ահաւոր տեսիլք երեւաց, որից սարսափած հեռացան եւ գնացին իշխանի մօտ՝ յայտնելու, թէ չեն կարող կատարել նրա հրամանը: Նրանցից մէկի անունը Սոսթենէս էր եւ մէջքին սուսեր ունէր: Նա եկաւ կանգնեց իշխանի առաջ եւ ասաց. «Ո՛վ անթիպատոս, աւելի լաւ է հրամայի՛ր իմ այս սրով հարուածել ինքս ինձ, քանզի չեմ կարող ձեռք բարձրացնել այդ սուրբ վկայուհու վրայ, որովհետեւ աչքիս առջեւ տեսայ պայծառազգեստ մարդկանց, որոնք սպասաւորում էին կոյսին»: Միւս սպասաւորը եւս, որի անունը Բեկտորիանոս էր եւ վաղուց ծանօթ էր ճշմարտութեան գիտութեանը, հանեց իր զինուորական գօտին եւ ասաց իշխանին. «Աղաչում եմ քեզ, ո՛վ անթիպատոս, ազատի՛ր ինձ այս նեղութիւնից, որովհետեւ չեմ կարող մօտենալ այդ սուրբ վկային: Ես իմ աչքով տեսայ նրա մօտ կանգնած նորատեսիլ մարդկանց, որոնք ահաւոր եւ խոժոռուած դէմքով նայում էին մեզ, ցանկանում էին հնոցի հուրը ցրել մեզ վրայ եւ թոյլ չէր տալիս մեզ մօտենալ երանելի կոյսին»:

 

Բարկանալով այս բանից՝ անթիպատոսը հրամայեց պահել նրանց բանտի մի բարւօք տեղում՝ որպէս աստուածների օրէնքների դէմ ապստամբողների եւ այլ երկու զինուորների, որոնցից մէկին կոչում էին Կեսար, իսկ միւսին՝ Վարիոս, հրամայեց Եւփիմիային հրի մէջ նետել: Արդ, երբ երանելի կոյսին գցեցին հնոցի մէջ, Աստուածութեան սպասաւորները՝ խաղաղութեան լուսազգեստ հրեշտակները, պահեցին նրան՝ ցրելով հնոցի հուրը, որից Կեսարն ու Վարիոսը, մէկը միւսի յետեւից, կործանուեցին:

 

Իսկ երանելի կոյսը հնոցի մէջ էր՝ ինչպէս արքունի ապարանքում եւ ասես կանգնած իր Փրկչի առաջ: Պարկեշտ կոյսը տարածեց իր ձեռքերը, աղօթեց երկնաւոր Թագաւորին եւ ասաց. «Օրհնեա՛լ ես Տէր Աստուած, մեր հայրերի Աստուա՛ծ, որ չանտեսեցիր Քո աղախնուն, ճշմարտութեան լոյսը տարածեցիր ամբողջ տիեզերքում եւ յարութեան հանդէպ հաւատք ընծայեցիր Քեզ յուսացողներին: Դու, որ հրաւիրեցիր եւ պահեցիր ինձ ցայժմ՝ մինչեւ իմ նահատակութեան մրցահանդէսը, Քո բարեսէր կամքով ուղղի՛ր եւ աւարտին հասցրու իմ ընթացքը, որովհետեւ մարդասէր ես եւ բարերար: Ամեն ժամ օրհնում եմ Քեզ եւ գոհանում Քեզնից Քո բոլոր սքանչելի գործերի համար, որովհետեւ միայն Դու ես սքանչելի եւ հզօր, տէրէրի Տէ՛ր եւ թագաւորների Թագաւո՛ր»:

 

Տեսնելով հնոցի մէջ ողջանդամ կոյսին, ինչպէս նաեւ իր ծառաների կորուստը՝ բռնաւորը յիմարացած մտածում էր կատարուածի մասին: Երբ հուրն ինքն իրեն մարեց, Քրիստոսի աղախինն անվնաս դուրս եկաւ, քանզի նրանից մի մազ անգամ չէր այրուել: Այնժամ անթիպատոսը հրամայեց կապել նրան ու բանտ տանել: Այնտեղ Եւփիմիան բանտուած սուրբերին զուարթագին խնդութեամբ պատմում էր, թէ ինչ արեց Աստուած իր հետ, քաջալերում էր նրանց եւ խնդրում աղօթել իր համար: Իսկ նրանք, լցուած ուրախութեամբ, փառաւորում էին Աստծուն եւ խնդրում Տիրոջը, որ Նա Իր սուրբ անուան փառքի համար երանելի նահատակութեան արժանացնի թէ՛ իրենց եւ թէ՛ կոյսին: Եւ ինքը՝ Եւփիմիան, յաճախակի այս աղօթքն էր մատուցում՝ ասելով. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, արժանի արա, որ Քո աղախինը եւ իմ նահատակակից ընկերները ընդունելի պատարագ լինեն Քեզ՝ մեր հայրերի հետ, որոնք փափագելով խոստովանեցին Քո Աստուածութիւնը»:

 

Յաջորդ օրը Պրիսկոս իշխանը նստեց ատեանում եւ հրամայեց նախ առաջ բերել նոր վկաներին՝ Սոսթենէսին եւ Բեկտորիանոսին ու հարցրեց նրանց. «Այս ի՞նչ արեցիք, ինչո՞ւ չկամեցաք հնազանդուել իմ հրամաններին: Մի՞թէ դուք եւս տատանուեցիք մեր այս կրօնից եւ կամ գլխովին մոլորուեցիք այն տխմարների յետեւից, որոնք կապանքների մէջ են: Եւ այժմ, զոհ մատուցէք աստուածներին, որպէսզի ստուգապէս տեսնեմ ձեր հաւատարմութիւնը աստուածներին եւ ձեր ծառայութիւնը մեզ»: Նրանք պատասխանեցին եւ ասացին. «Ո՛վ անթիպատոս, իրականում մենք մոլորուած էինք խաւարասէր թշնամու պատրանքներով, որին դու պաշտում ես եւ կործանւում էինք դժոխային գործերի անօրինութեան վիհերում: Կապուած էինք ունայն կեանքում՝ ձեզ ծառայելով եւ սնոտի յոյսով հեռացել էինք յաւիտենական յոյսից: Սակայն այժմ հաւատում ենք ճշմարիտ Աստծուն եւ նահատակազգեստ սուրբ Եւփիմիա կոյսի շնորհիւ հրաւիուել ենք դէպի աստուածգիտութեան լոյսը: Ուստի քա՛ւ լիցի, որ այսուհետ զոհ մատուցենք գարշելի կուռքերին կամ հնազանդուենք քո աստուածընդդէմ հրամաններին»:

 

Այնժամ բարկացած բռնաւորը հրամայեց՝ դուրս բերել նրանց գազանամարտի, որպէսզի յօշոտուեն գազանների կողմից: Եւ նրանք ուրախութեամբ յանձն առան այդ դժնդակ պատուհասը, որպէսզի գովելի նահատակութեամբ փութով հասնեն երանելի կեանքին: Արդ, երբ քաղցած գազաններին արձակեցին վկաների վրայ, նրանք սկսեցին աղաղակել առ Աստուած եւ ասել. «Գոհանում ենք Քեզանից, Տէ՛ր, որ Քո սուրբ անուան համար արժանացրեցիր մեզ մատնուել տեսանելի գազանների ժանիքներին, որպէսզի փրկուենք անօրէն եւ աներեւոյթ որսողի ժանիքներից: Եւ արդ, աղաչում ենք Քեզ, Տէ՛ր, աւարտել տուր մեր ընթացքը այս ասպարէզում, փրկի՛ր մեզ մարդասպանի որոգայթից եւ շնորհի՛ր մեզ խաղաղութեամբ գալ Քեզ մօտ»: Եւ իսկոյն ձայն եղաւ երկնքից, որն ասաց. «Լսեցի ձեր աղաչանքները եւ պիտի կատարեմ ձեր բոլոր խնդրանքները»:

 

Գազանները մօտենալով ժանիքներով մեղմօրէն կծոտեցին նահատակներին, եւ ապա լիզելով նրանց արիւնը՝ հեռացան՝ առանց վնասելու նրանց: Տեսնողները զարմացան նոր իրողութեան վրայ, իսկ սուրբերը, իրենց անձերը յանձնելով Տիրոջը, աւանդեցին իրենց հոգիները: Անթիպատոսը, տեսնելով վախճանուած սուրբերին, ելաւ գնաց իր ապարանքը, իսկ աստուածավախ մարդիկ վերցրին սուրբերի մարմինները եւ, պատելով մաքուր կտաւներով եւ օծելով անուշահոտ իւղերով, ամփոփեցին գերեզմանում:

 

Յաջորդ օրը, երբ բացուեց առաւօտը, անթիպատոսը եկաւ նստեց ատեանում եւ հրամայեց առաջ բերել Եւփիմիային՝ տեսնելու, թէ այժմ ինչ մտադրութիւն ունի: Սուրբ կոյսը գալիս քաղցրաձայն երգում էր եւ ասում. «Օրհներգում եմ Քեզ, Տէ՛ր, այս ճանապարհին, փառաւորում եմ Քեզ իմ ամբողջ զօրութեամբ, սաղմոս ասելով մեծարում եմ Քեզ՝ գովելով ու փառաւորելով Քո սուրբ անունը»: Երբ անթիպատոսը տեսաւ նրան, ասաց. «Խնայի՛ր քեզ եւ կորստեան մի՛ մատնիր քո անձը, ե՛կ, հնազանդուի՛ր իմ խօսքին եւ համաձայնուի՛ր զոհ մատուցել աստուածներին, որպէսզի նրանք հաշտուեն քեզ հետ եւ բարին հատուցեն: Արդ, լսի՛ր ինձ, եւ ես խորհրդատու կը լինեմ քեզ, սթափուի՛ր, որպէսզի ողջ մնաս եւ տիկնաց տիկին կոչուես»: Սրբուհին ծիծաղեց եւ ի կշտամբանք նրա հրապուրանքների՝ ասաց. «Ես արթուն մտքով հաստատուած եմ ի Քրիստոս, ապա ուրեմն ի՞նչ անմտութիւն է թողնել կենդանի Աստծուն եւ զոհ մատուցել քարերին ու փայտերին: Մի՞թէ կարծում ես, թէ քո անմիտ եւ կորստեան տանող խրատները լսելով՝ զոհ կը մատուցեմ խուլ ու համր դիւաձոյլ պատկերներին: Ո՛վ մոլորուա՛ծդ, հեռացա՛ծդ Քրիստոսի ճշմարտութիւնից եւ որոգայթադիր օձի հետ բեւեռուա՛ծդ, տարտարոսի բնակի՛չդ եւ անշէջ հրի ժառանգո՛րդդ, ջանում ես ճշմարտութեամբ քայլողներիս դէպի քեզ ձգել, սակայն ես չեմ հաւատում քո սնոտի հրապուրանքներին եւ մանկան պէս չեմ խաբուի քո պատրանքներից: Ես ոչինչ եմ համարում քո սպառնալիքները եւ ողոքիչ խօսքերը, որովհետեւ զգեստաւորուած եմ Քրիստոսի հաւատի սպառազինութեամբ, որն անընդհատ զօրացնում է ինձ»:

 

Այնժամ անթիպատոսը ծածկապէս հրամայեց իր գործակալներին՝ տանջելու չարահնար գործիք պատրաստեն եւ գլորելով բերեն հրապարակ, Եւփիմիային անակնկալ գցեն գործիքի մէջ, որպէսզի բռնուած լինելով վայրի վարազների պէս՝ մեռնի առանց գիտակցելու: Եւ երբ պատրաստեցին տանջանքների որոգայթը, եկաւ սուրբ վկայուհին՝ համարձակ շրջելով  եւ պայծառ դէմքով: Եւ երբ դահիճները կամենում էին քարշ տալ կոյսին դէպի այն տեղը, ուր լարուած էր տանջանքների որոգայթը, նա յափշտակուեց հրեշտակների կողմից, խաղաղութեամբ անցաւ գործիքների վրայով, իսկ դահիճներն ընկան դրանց մէջ ու մեռան: Երանելի Եւփիմիան բացեց իր բերանը եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, Դու երկնքից առաքեցիր Քո Միածին Որդուն, Ով եկաւ եւ մարմին առաւ սուրբ Կոյս Մարիամից, Իր խաչի չարչարանքներով վերացրեց մահուան երկունքը, վանելով բանսարկուին՝ ոտքի տակ առաւ նրա զօրութիւնը, բեւեռուեց խաչափայտին եւ բացեց երկնքի դռները: Տէ՛ր, Դու մօտ եղար այն երկու երանելի զինուորներին, որոնք Քո անուան համար հեղեցին իրենց արիւնը եւ ընդդիմացան մարտնչող գազանին, սուրբ նահատակների միջոցով հաստատեցիր հաւատի հիմքերը եւ միշտ օգնական եղար ինձ մրցապայքարի տանջանքների մէջ: Այժմ փրկիր ինձ այն սուրբերի աղօթքներով, որոնք գտնւում են բանտում՝ յանուն այն անսուտ խոստման, որը ոչ աչքն է տեսել, եւ ոչ էլ ականջը լսել: Պահի՛ր Քո աղախնուն, որովհետեւ միայն Դու ես, որ փրկում եւ կեանք ես տալիս Քեզ յուսացողներին»:

 

Տեսնելով, որ կոյսը տանջանքներից բնաւ չվնասուեց, սկսեց դարձեալ լկտիանալ եւ ողոքիչ խօսքերով ասել. «Լինելով ամեն բանում իմաստուն եւ ազնուական ու պատուական ազգից՝ խիստ զարմացած եմ, թէ ինչո՞ւ խաբուեցիր մոլորեցուցիչների խօսքերից, կորցրիր ամեն բան եւ դեռեւս մնում ես նոյն յամառութեանդ մէջ՝ չկատարելով ինքնակալի ցանկութիւնը: Սակայն այժմ, որպէս իմաստուն եւ պարկեշտագեղ կին, լսի՛ր ինձ եւ իբրեւ քո հօրը՝ ընդունի՛ր եւ ների՛ր իմ կողմից քեզ պատճառուած անարգանքների եւ տանջանքների համար: Եւ այժմ զոհ մատուցիր անմահ աստուածներին, որպէսզի նախատինք չլինես քո ազգի համար»: Իսկ սուրբ վկան, զինուած քրիստոսասէր մտքով, յանդիմանեց անթիպատոսին եւ ասաց. «Արդարութեան նենգ թշնամի՛, դու քո խորամանկ հնարքներով կամենում ես որսալ ինձ: Մահաբեր են քո դժնէհամ խօսքերը, առաւել դառը, քան լեղին եւ մոլեխինդը[3]: Այնքան անմիտ չեմ, որ թողնելով անապական կենդանութեան գանձը՝ երկրպագեմ խաբէութեան բանսարկուին: Արդ, մի՛ խաբիր, անթիպատո՛ս, մի՛ կարծիր, թէ խօսքերով կը համոզես զոհ մատուցել պիղծ դեւերին կամ աստուածներ կոչել դրանց: Եւ ինչպէ՞ս ես անամօթաբար միշտ կենդանի համարում երբէք կենդանի չեղող քո աստուածներին եւ թելադրում զոհ մատուցել նրանց: Արդ, քա՛ւ լիցի, որ համաձայնեմ քո անհամ եւ կորստեան տանող խօսքերին: Ուստի շտապի՛ր եւ անմիջապէս արա՛, ինչ որ կամենում ես, որովհետեւ ես շտապում եմ քո պատճառած չարչարանքներով մտնել յաւիտենական երկնային ժառանգութեան մէջ, ուր ամենքի Հայրն է եւ մարտադիր Աստուածը, Ով պսակում է Իր բոլոր սուրբերին, ուր Միածին Որդին է եւ ամեն բարիքներ պարգեւաբաշխող Սուրբ Հոգին»:

 

Անասելի բարկացած իշխանը հրամայեց արջառաջլերով սաստիկ ձաղկել նրան: Սրբուհի Եւփիմիան իրեն հարուածելիս ասում էր բռնաւորին. «Քո տանջանքներն ինձ չեն մերձենում: Դու տկարացել եւ օտարացել ես քո բնութիւնից, իսկ գոռոզութիւնդ՝ յաղթուել է եւ հերքուել»: Այնժամ Ապելիանոսն անթիպատոսի հետ մոլեգնեց ցասումով եւ բերել տուեց սայրասուր սղոցներ, որպէսզի կոյսին հիւսնի մամլիչների մէջ դնելով՝ երկու մասի բաժանեն, ապա երկաթէ տապակներ պատրաստեն, այրեն նրան շիկացած տապակների վրայ եւ փոշիացնեն: Եւ երբ դահիճները պատրաստեցին այդ ամենը, բերեցին վկայուհուն եւ նրան դրեցին մամլող գործիքների մէջ: Եւ ահա սղոցները բթացան ու չկարողացան վնասել նրան: Նոյնպէս էլ հովացան հրաբորբ տապակները, քանզի Աստուծոյ հրեշտակները գալով մօտեցան կոյսին եւ ունայնացրին անօրէնների բոլոր հնարքները:

 

Տեսնելով, որ Քրիստոսի վկան սպառազինուած է աներեւոյթ զօրութեան զէնքով՝ Ապելիանոսն ու անթիպատոսը, նրա համբերութիւնը մոգութիւն համարեցին եւ ապա՝ խորհրդատուների հաւանութեամբ հրամայեցին բազմաթիւ գազաններ՝ արջեր եւ առիւծներ արձակել նրա վրայ: Երբ Քրիստոսի աղախնուն բերեցին հրապարակ, նա տարածեց իր ձեռքերը եւ սկսեց աղօթել՝ ասելով. «Աստուա՛ծ, Դու յայտնւում ես բոլոր նրանց, ովքեր աղաղակում են Քեզ: Ընդունի՛ր իմ հոգին որպէս անուշահոտ ընծայ: Ինչպէս որ ընդունեցիր մեր հայր Աբրահամի ընդունելի պատարագը, այդպէս էլ ընդունիր տառապեալիս հոգու եւ մարմնի պատարագը՝ կամաւոր եւ հոգեւոր այս զոհաբերութիւնը, որ մատուցում եմ Քեզ»: Այնժամ գազաններին արձակեցին նրա վրայ, իսկ սուրբ կոյսը Քրիստոսի նշանով կնքեց իրեն եւ օգնութեան կանչեց Տիրոջ անունը: Գազանները վազելով մօտեցան Քրիստոսի վկային. արջերը հանդարտութեամբ լիզում էին նրա գարշապարները, իսկ առիւծները հեզ էին, ինչպէս արջերը: Այս տեսնելով՝ զինուորները զայրացան եւ անթիպատոսի հրամանով սրով խոցոտեցին սուրբ վկային, որ թերեւս գազաններն արիւն տեսնելով՝ իսկոյն յօշոտեն նրան: Բայց քանի որ երանելի Եւփիմիան դեռեւս ողջ էր եւ փափագում էր ընդունել նահատակութիւնը, ինքն էր խնդրում գազաններին՝ զինուորների փոխարէն անվարան մօտենալ իրեն, որպէսզի արագ հեռացնեն իրեն այս չար աշխարհից եւ մտցնեն Աստուծոյ մօտ, որին փափագում էր:

 

Այնժամ մի մատակ առիւծ մօտեցաւ նրան եւ ճիրաններով ճանկռոտեց նրա կողերը՝ ոչ սաստիկ վնասելով նրան: Եւ նոյն պահին երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Ի վեր ընթացի՛ր, Եւփիմիա՛, եւ ընդունիր այն բրաբիոնը, որ ինքդ պատրաստեցիր քեզ համար քո ճգնութիւններով: Դու աւարտեցիր ընթացքդ եւ պահեցիր հաւատդ: Արդ, մօտեցիր դէպի պսակը»: Այս ձայնից մեծ շարժում եղաւ, որից սասանուելով դղրդաց տեղանքը: Բոլորը սարսափեցին եւ ահաբեկուած ցրուեցին հրապարակից: Իսկ սուրբ կոյսն աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր, հատուցի՛ր անօրէնին՝ ըստ իր սրտի չարութեան եւ եղիր Քո աղախնու հետ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: Եւ այս ասելով՝ աւանդեց իր հոգին:

 

Եւ քանի որ իշխանն ու նրա սպասաւորներն ահաբեկուած հեռացել էին այդտեղից, կոյսի մայրը՝ Թէոդոսիանէն եւ հայրը՝ Փիլոփրովը, եկան թաքստավայրից, վերցրին իրենց դստեր մարմինը եւ տարան դրեցին նոր գերեզմանում, որը մէկ ասպարէզ հեռու էր Քաղկեդոն քաղաքից:

 

Սրանից յետոյ անթիպատոսը իւրայինների հետ խորհուրդ անելուց յետոյ բանտում գտնուող Քրիստոսի երանելի սուրբ վկաներին ուղարկեց Նիկոմիդիայի թագաւորի մօտ, որտեղ էլ նահատակուեցին: Նրանք թուով քառասունինն էին, բայց եթէ նրանց հետ թուենք Սոսթենէսին եւ Բեկտորիանոսին, որոնք նրանցից առաջ նահատակուեցին Քաղկեդոնում, կը լինեն թուով յիսունմէկը, իսկ նրանց բոլորի պարծանքի գլուխն ու պսակը՝ յիսուներկուերորդը, սրբուհի Եւփիմիան էր, որի արիւնն Աստուած առաւ չարամիտ Պրիսկոս անթիպատոսի ձեռքից, որը չարաչար ախտերի մէջ ընկնելով՝ մեծամեծ տանջանքներով կորստեան մատնուեց:

 

Երանելի Եւփիմիա կոյսի նահատակութիւնը եղաւ Տիրոջ մօտ 303 թուականի սեպտեմբերի տասնվեցին՝ քրիստոսամարտ Դիոկղետիանոս կայսեր եւ նրա աթոռակից Մաքսիմիանոս Հերկուլիանոսի ժամանակներում:

 

[1] Քաղկեդոնը հին քաղաք էր Բոսֆորի նեղուցի ափին, հակառակ Կոստանդնուպօլսին: Ներկայումս գտնւում է Ստամբուլ քաղաքի մէջ որպէս Կադըկոյ թաղամաս:

[2] Մատթ. ԻԵ 23:

[3] Բոյս, որից թոյլ են ստանում: