ՍՈՒՐԲ ՀԻՒՍԻՔՈՍ ԶՕՐԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:

Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:

Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.

Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:

(Շարակնոց)

 

Քրիստոսի յաղթող վկայ եւ քաջ զօրական սուրբ Հիւսիքոսը, որ թարգմանաբար նշանակում է լռող կամ համբերող, զինուորագրուած էր կռապաշտ Մաքսիմիանոս կայսեր արքունիքում: Հաւատքով քրիստոնեայ եւ աստուածավախ այր էր՝ հաւատարիմ Աստծուն եւ մարդկանց, որոնցով աչքի ընկնելով կայսեր տան մէջ՝ կարգուեց որպէս պալատի իշխանների գլխաւոր կամ մագիստրոս:

 

Երբ Մաքսիմիանոսը գտնւում էր Անտիոքում, նա մի հրաման արձակեց, ըստ որի՝ զօրքի մէջ չպէտք է լինէր որեւէ քրիստոնեայ զինուորական, իսկ եթէ պալատում գտնուէր քրիստոնէական հաւատք ունեցող մէկը, ապա նա պէտք է հանէր իշխանական գօտին, զրկուէր պատուից եւ հեռացուէր արքունիքից: Լսելով այս հրամանը՝ զինուորականներից եւ պալատականներից շատերը Քրիստոսի սիրոյ համար կամաւոր թողեցին իրենց բարձր, պատուական դիրքը եւ հեռացան՝ ընտրելով անփառունակ կեանքը, քան դէպի կորուստ տանող փառքը: Նրանց թւում նաեւ երանելի Հիւսիքոսը ինքնակալին յայտնեց իր քրիստոնէական հաւատքի մասին, հանեց իր գօտին եւ հրաժեշտ տուեց:

 

Այնժամ բարկացած թագաւորը թշնամացաւ եւ կամենալով անարգել նրան՝ հրամայեց հանել նրա պատուական հանդերձները եւ հագցնել անարգող՝ կանացի կարճ, այծեայ զգեստ: Եւ այսպէս ստորաբար ծաղրանքի ենթարկելով՝ նրան ուղարկեց աղախինների մօտ՝ իլիկ մանելու եւ ոստայն գործելու: Իսկ երանելի Հիւսիքոսը նախատինքները, որ Քրիստոսի անուան համար էին, փառք համարեց, ամէն բան տարաւ ուրախութեամբ եւ աւելի քան երեսուն օր մնաց այդ անպատիւ վիճակում: Բարեկամներից շատերն այցելում էին նրան, սակայն չէին կարողանում մտքափոխել նրան՝ ըստ թագաւորի կամքի: Իսկ Մաքսիմիանոսը, լսելով, որ Հիւսիքոսն անտրտունջ սիրով է տանում ստորացուցիչ այդ պատիժը, կանչեց իր առջեւ եւ ասաց. «Ո՛վ մագիստրոս, ամօթ չէ՞ քեզ համար մնալ այդ անպատւութեան մէջ եւ հեռանալ մեր սիրուց: Ինչո՞ւ թողեցիր քո փառքն ու պատիւը, հնազանդուեցիր քրիստոնեաներին եւ ընդունեցիր նրանց կրօնը: Մի՞թէ նրանք կարող են քեզ տալ այն պատիւը, որը ստացար ինձնից: Մենք պատրաստւում էինք աւելի ու աւելի փառաւորել քեզ»: Սուրբ Հիւսիքոսը պատասխանեց. «Քո տուած պատիւը, փառքն ու պարգեւները ժամանակաւոր են, իսկ կորուստը՝ յաւիտենական, սակայն իմ Փրկիչ Քրիստոսի եւ երկնաւոր Թագաւորի խոստումներն անսպառ են եւ անմահական կեանք»: Անօրէն թագաւորն առաւել դառնացաւ եւ հրամայեց ծանր երկանաքար կապել նրա պարանոցից ու գցել Օրոնտէս[1] գետը: Այսպէս երանելին նահատակուեց եւ երկնաւոր Թագաւորի կողմից ընդունեց վկայական անթառամ պսակը, որ եղաւ Տիրոջ 300 թուականին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիւսիքոս զօրականի յիշատակը տօնում է Խաչվերացի իններորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը սուրբ վկաներ Գուրիասի, Սամոնասի, Աբիբ սարկաւագի, Ռոմանոս միայնակեացի եւ Մանուկ խոստովանողի հետ:

 

[1] Գետ, որն անցնում է Թուրքիայի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքներով եւ թափւում է Միջերկրական ծովը: