Օրհնեն զՔեզ Աստուած զօրք ամենայն հրեշտակաց.
Արդարոց անձինք եւ հոգիք ամենայն սրբոց:
Գովեն զՔեզ Քրիստոս մարտիրոսացն ժողովք.
Դասք մարգարէից եւ գունդք ամենայն սրբոց:
Բարեբանեն զՔեզ Սուրբ Հոգի. որ միայնդ ես հզօր.
Եւ պահես զօրացեալ զյուսացալս ի Քեզ:
(Շարակնոց)
Քրիստոսի մեծանուն նահատակ Մամասը՝ ճգնաւորն ու հովիւը, խոստովանողն ու վկան, մի դեռատի պատանի էր կատարեալ առաքինութիւններով: Նա ապրել է Գ դարում՝ հռոմեացի Աւրեղիանոս կռապաշտ կայսեր օրօք: Ծագումով Պափլագոնիա նահանգի Գանգրէս քաղաքից էր, որ սահմանակից էր գաղատացիների Անկիւրիա քաղաքին, սակայն նա ծնուել եւ մեծացել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում:
Ասում են, թէ նրա ծնունդն այսպէս է եղել. կար մի հաւատացեալ եւ աստուածասէր մարդ՝ Թէոդոտոս կամ Թէոդիտոն անունով, որը Գանգրէս քաղաքից էր եւ ունէր բարեպաշտ կին, որի անունը Ռուփինայ էր: Հեթանոսները բռնեցին նրանց եւ ստիպեցին զոհ մատուցել կուռքերին, բայց երբ նրանք յանձն չառան, քաղաքի իշխանը նրանց շղթայակապ ուղարկեց Կապադովկիայի Կեսարիա քաղաքը՝ Ալեքսանդրոս Փոստոս դատաւորի մօտ, որն իշխանութիւն ունէր դատելու եւ անգամ մահուան մատնելու քրիստոնեաներին:
Արդ, երբ դատաւորը հարցաքննեց նրանց, նրանք համարձակ խոստովանեցին Քրիստոս Աստծուն, որի պատճառով հրամայեց բանտարկել նրանց ու պահել մեծ նեղութիւնների մէջ: Եղաւ, որ երանելի Թէոդոտոսը հիւանդացաւ եւ ի Քրիստոս բարի խոստովանութեամբ վախճանուեց բանտում, իսկ Ռուփինան յղի էր: Լրացան բարեպաշտ Ռուփինայի յղութեան օրերը, եւ նա բանտում մի արու զաւակ ծնեց: Սակայն ծննդաբերելիս նա եւս մահացաւ եւ Թէոդոտոսի հետ արժանացաւ վկայական պսակին: Նրան թաղեցին իր ամուսնու մօտ, իսկ նորածին մանուկը մնաց անհայր եւ անմայր: Բայց Կեսարիա քաղաքից կար Մատրոնա անունով մի հաւատացեալ կին, որն իր պարտէզում թաղեց մանկան ծնողների մարմինները, Տիրոջ հրեշտակի հրամանով մանկանը վերցրեց բանտից, տարաւ իր տուն եւ մեծացրեց նրան մեծ խնամատարութեամբ ու քրիստոնէական հաւատքով: Մանուկը մէկ տարեկան դարձաւ: Մի օր, երբ Մատրոնան իր գիրկն առած ողջագուրում եւ համբուրում էր մանկանը, նա ձայն տուեց կնոջն՝ ասելով՝ մա՛մա, այսինքն մայրիկ, եւ այդ պատճառով մկրտութեան օրը նրան կոչեցին Մամաս:
Երբ մանուկը մեծացաւ, մայրը նրան դպրոց տուեց, եւ երեխան գիր սովորեց: Նրա հետ սովորում էին նաեւ հեթանոս երեխաներ: Աստուածուսոյց մանուկ Մամասը դպրոցակից երեխաներին սովորեցնում էր հեռու մնալ կուռքերի սնոտի պաշտամունքներից եւ հաւատալ կենդանի Աստծուն, որ երկնքում է: Իմանալով այս մասին՝ Դիմիկրատոս իշխանը, որն ինչպէս կարծում են, եղել է ուսուցչապետը կամ Փոստոսին փոխարինող դատաւորը, կանչեց Մամասին եւ հարցրեց, թէ արդեօք քրիստոնեայ է: Եւ Մամասը, որն այդ ժամանակ տասնմէկ տարեկան էր, յայտնապէս խոստովանեց Քրիստոս Աստծուն: Ապա իշխանը նրան ուղարկեց էգեացիների քաղաքի Արիանոս դատաւորի մօտ, որտեղ երանելին դարձեալ խոստովանեց ճշմարիտ դաւանութիւնը, որի պատճառով դահիճները դատաւորի հրամանով գանահարեցին Մամասին եւ այրեցին նրա մարմինը: Տեսնելով, որ նա անդրդուելի է, ծանր կապար կախեցին նրա պարանոցից եւ տարան՝ ծովասոյզ անելու, սակայն Տիրոջ հրեշտակը Մամասին փախցրեց դահիճների ձեռքից եւ դուրս բերեց Կեսարիայի լերան վրայ: Մամասը քառասուն օր աղօթեց այնտեղ եւ խնդրեց Տիրոջը յայտնել Իր բարի կամքը, Իրեն հաճելին եւ կատարեալը: Եւ նա ձայն լսեց, որն իրեն ասաց. «Վերցրո՛ւ այս գաւազանը, եւ ինչ որ խնդրես Աստծուց, կը տրուի քեզ»: Նա վերցրեց գաւազանը, հարուածեց գետնին եւ գտաւ մի Աւետարան, որ թաքցրել էին քրիստոնեաները հալածանքների ժամանակ փախչելիս: Մամասն ուրախացաւ, իր ձեռքն առաւ ու համբուրեց Աւետարանը եւ հասկացաւ՝ Աստուած կամենում է, որ միառժամանակ ապրի լեռնակեցութեամբ եւ ճգնողական առանձնական վարքով որպէս անապատի եզների ու անասունների հովիւ, միաժամանակ Աւետարանի քարոզչութեամբ հովուի նաեւ իր մօտ եկող անձանց:
Այնուհետեւ սկսեց բնակուել լեռներում՝ հեռանալով բազմամբոխ քաղաքներից: Սիրելով անապատասուն կեանքը՝ նա յարատեւում էր աղօթքների մէջ եւ բաւարարուելով միայն մրգերով, պահեցողութեամբ ու ճգնութիւններով՝ ճաշակում Աստուծոյ օրհնութիւնները: Ջանում էր, որ ընթանայ բարեպաշտ հաւատքով եւ առաքինութեամբ, ստանայ աստուածահաճոյ կատարեալ վարք՝ լի իմաստութեամբ եւ բարի խորհուրդներով: Անձանձրոյթ ընթերցում էր Սուրբ Գիրքը եւ բերանացի 1 սաղմոսում: Ունէր նաեւ զարմանալի ձայն՝ նման քնարի, որ նուագում է մի քանի տարբեր ձայներով: Սաղմոսելիս հալածում էր բոլոր չար ոգիներին եւ հանգստացնում մարմնաւոր ցաւերը: Երկնաւոր կեանք վարելով՝ նա նմանուեց երկրի վրայ անմարմին հրեշտակի: Տեսնում էր աստուածային տեսիլքներ, իսկ ժամանակ անց լսեց մի ձայն, որն ասաց իրեն. «Ժամանակն է պատերազմի եւ ժամանակն է խաղաղութեան, ժամանակն է՝ արհամարհելու ժամանակաւոր կեանքը եւ հետեւելու յաւիտենականին»: Եւ նա, լսելով այդ ձայնը, հաստատուեց իր խորհուրդների մէջ եւ պատրաստուեց Աստուծոյ անուան համար մատնել իր անձը վկայութեան, որովհետեւ հասկացաւ, որ Աստուծոյ կամքն է այսուհետեւ յայտնի դարձնել իր անձը: Ուստի իրենից հեռացնելով մահուան երկիւղը՝ այնուհետեւ աներկիւղ երեւաց բոլորին: Շատերը, ելնելով լեռները, գնում էին նրա մօտ, եւ օրըստօրէ մեծանում էր նրան մօտեցողների բազմութիւնը, որովհետեւ նրանք սքանչելիքներ էին տեսնում: Եղջերուներն ու եղնիկները մնում էին նրա մօտ՝ նախ այնտեղ եղած աղբիւրների պատճառով եւ ապա փախել էին գազաններից ու ասես ամրոցում ապաստանել այդտեղ: Իսկ լեռների հեթանոս հովիւները, տեսնելով նրան ու վայրի անասուններին, որոնց սուրբը ձեռնասուն 2 էր դարձրել, իջան քաղաք եւ պատմեցին բոլորին:
Նրա համբաւը հասաւ հեթանոսներին, որը յոյժ խռովեցրեց նրանց, որովհետեւ նրա վարդապետութեամբ շատերը դառնում էին դէպի ճշմարիտ հաւատքը: Այդ բանը չհանդուրժեցին կուռքերի սպասաւորները: Նրանք գնացին իշխանի մօտ եւ ասացին. «Լեռներում կայ մէկը, որը կախարդում է եղջերուներին եւ յիմարացնում շատերին՝ ասելով, թէ աստուածները չեն, որ ստեղծել են այս աշխարհը եւ արարել ամէն բան, այլ ոմն Յիսուս Քրիստոս, ճշմարիտ Աստուած, Ով արարեց եւ ստեղծեց ամէն բան, եւ Որի մասին հրեաներն ասում են՝ մոլորեցուցիչ էր»:
Այս լսելով՝ իշխանը հրամայեց շտապ գնալ ու բռնել Մամասին: Դահիճները գնացին եւ գտան նրան աղօթելիս եւ հոգեւոր երգեր երգելիս: Զարմացած նրա սքանչելի տեսքից՝ չհամարձակուեցին բռնանալ նրա վրայ, այլ ողոքիչ խօսքերով խնդրեցին իրենց հետ գալ իշխանի մօտ: Եւ նա մեծ ուրախութեամբ համաձայնեց, միայն թէ նախ կամեցաւ առաքինի եւ մարդասիրական գործ անել. նրանց առջեւ մրգեր եւ եղնիկի պանիր դրեց, որն ինքն էր պատրաստել եւ խնդրեց, որ ուտեն: Նրանք կերան, արբեցին եւ նրա հետ ճանապարհ ընկան:
Արդ, հասնելով Կեսարիա՝ իշխանի մօտ, երանելի Մամասին կանգնեցրին նրա առջեւ: Իշխանն ասաց նրան. «Ո՞վ ես դու եւ կախարդութեան այդ ինչ հմտութիւններ ունես: Արդ, նախքան տանջանքներ կրելը խոստովանիր քո խաբէութիւնները»: Մամասը պատասխանեց. «Ես Քրիստոս ունեմ եւ ո՛չ կախարդ եմ ու ո՛չ էլ խաբեբայ, որովհետեւ այդպիսիները կուռքերի սպասաւորներ են: Քրիստոս գնեց մեզ այդ ամէն բանից, եւ Նրա հանդէպ ունեցած հաւատով ամէն բան հնազանդեցրեց մեզ՝ ցամաքայիններին եւ ծովայիններին, ընտանիներին եւ վայրիներին, իսկ կախարդութեան մասին լսելն անգամ գարշելի է մեզ»: Դատաւորն ասաց. «Մի՛ մոլորեցրու ամբոխին քո շատախօսութեամբ, այլ նախքան տանջանքների ենթարկուելդ ասա, թէ ինչէր էիր անում»: Մամասն ասաց. «Դու կարծում ես, թէ քո սպառնալիքներով կը զարհուրեցնես ինձ, սակայն ես շտապում եմ ասել ճշմարտութիւնը, որովհետեւ սուտը մերժուած է Աստուծոյ ծառաների կողմից: Եթէ դու ընդունես մեր հաւատքը, ապա կը շահես թէ՛ այս կեանքը եւ թէ՛ հանդերձեալը: Մենք քրիստոնեաներ ենք եւ խոստովանում ենք մի Աստծուն, Ով արարեց ամէն բան: Նա ամենակալ է եւ բարերար ու տնօրինել է ամէն բան. Նա երեւաց մարմնով՝ յայտնելով մեզ Հօր Աստուածութիւնը, Որին մարդիկ թողնելով՝ պաշտում էին փայտին ու քարին: Աստուած փրկեց մեզ կռապաշտութիւնից եւ բարեպաշտութեան դարձրեց: Նա ցոյց տուեց, թէ Ում պէտք է երկրպագել եւ թէ ինչպիսի կեանքով պէտք է ապրել, որպէսզի հաճոյ լինել Աստծուն»: Անօրէն իշխանն ասաց. «Ինչո՞ւ Խաչեալը մեռաւ իբրեւ կախարդ»: Մամասն ասաց. «Նրա մահը եղաւ ոչ թէ կախարդութեան պատճառով, այլ մեր Փրկչի եւ Աստուծոյ կատարեալ մարդասիրութեան համար: Նա յանձն առաւ չարչարակից լինել մեզ, Իր յարութեամբ յարութիւն տալ մեզ, ցոյց տալ դէպի երկինք տանող ճանապարհը ու նաեւ պիտի գայ՝ դատելու ողջերին եւ մեռեալներին»: Դատաւորն ասաց. «Ինչո՞ւ ես երկարացնում խօսքդ՝ ինքդ քեզ խաբելով: Եթէ Նա Աստուած լինէր, ապա առանց անարգուելու եւ միայն խօսքով յարութիւն կը տար մեռելներին: Թո՛ղ ամէն բան եւ զոհ մատուցիր աստուածներին: Մենք կը ներենք այն վնասները, որոնք պատճառել ես քո կախարդութեամբ: Արդ, հիացի՛ր արեգակով եւ երկրպագի՛ր նրան, որովհետեւ առանց նրա անհնար է ապրել երկրի վրայ»: Երկար խօսելով՝ երանելի Մամասը ամաչեցրեց դատաւորին՝ անմիտ ցնդաբանութեան համար եւ ասաց. «Ճիշտ չէ պաշտել եւ երկրպագել արեգակին, որովհետեւ նա՝ ինքը, սպասաւոր է, քանի որ մեզ համար է անդադար պտտւում երկրի շուրջը»: Դատաւորն ասաց. «Զոհ մատուցիր գոնէ երկնքին, որ ամէն բան կրում է իր մէջ»: Մամասը պատասխանեց. «Այն եւս Աստուծոյ ստեղծածն է»: Դատաւորն ասաց. «Ինձ մի՛ ստիպիր քեզ հետ այլ կերպ վարուել: Իսկոյն զոհ մատուցիր աստուածներին, որոնց զոհ են մատուցել նաեւ թագաւորները, այլապէս սպասիր անտանելի տանջանքների, եւ զուր կը լինի զղջումդ տանջանքներից յետոյ»: Մամասն ասաց. «Եթէ ինձ հետ խօսէիր իմաստութեամբ, մի՞թէ կը պատասխանէի իւրաքանչիւր խօսքիդ, բայց եթէ, յաղթուելով ճշմարիտ խօսքից, անմտութեամբ բռնութիւն գործադրես, ապա արա՛, ինչ որ կամենում ես: Ես չեմ հնազանդուի ո՛չ ամբարիշտ թագաւորներին, ո՛չ ձեր անօրէն հրամաններին եւ ո՛չ էլ զոհ կը մատուցեմ պիղծ ու գարշելի կուռքերին»:
Դատաւորը որոշեց փորձել նրան ողոքիչ խօսքերով: Ասաց. «Ե՛կ, ընդունի՛ր թագաւորի պարգեւները, որոնք քեզ կը շնորհեն պատիւ, փափկասուն կեանք եւ հարստութիւն: Կեանքի խորհրդատու եղիր ինքդ քո անձին»: Քրիստոսի վկան պատասխանեց նրան. «Դրանք են, որ մոլորեցնում են քեզ եւ ապստամբել տալիս Աստուծոյ դէմ: Մենք մեր կամքով արհամարհեցինք այդ ամէնը եւ հեռացրինք մեզնից որպէս առաքինութեան խափանիչներ: Եւ եթէ այս կեանքում դրանցով երանելի էք համարում ձեզ, ապա ձեր մահից յետոյ չի լինի ձեզնից աւելի ողորմելին»:
Դատաւորը բարկացաւ եւ ասաց. «Թշուառակա՛ն, զոհ մատուցիր, որպէսզի չզրկուես նաեւ հոգուցդ»: Այս ասելով՝ հրամայեց տանջանքների մատնել նրան: Մամասն ասաց. «Ո՛վ իշխան, թերեւս դու առաջնորդւում ես բարկութեամբ, սակայն հաւատա՛ ինձ, որ ցաւն ամենեւին ինձ չի մերձենում եւ հեռացւում է իմ մարդասէր Աստուծոյ կողմից, Որին օրհնում եմ հոգով եւ փառաւորում իմ ամբողջ զօրութեամբ, որովհետեւ տառապեալիս արժանացրեց չարչարուել Իր անուան համար»: Դատաւորն ասաց. «Ահա բոլորը յայտնապէս տեսան, որ դու կախարդ ես, որովհետեւ ասացիր, թէ չես զգում անգամ ցաւերը: Այդ պատճառով ես քեզ կը զրկեմ այս քաղցր կեանքից»: Եւ դահիճներին ասաց. «Քերէ՛ք դրա մարմինը մինչեւ ոսկորները, իսկ ձեռքերը պրկէք երկաթներով»: Եւ ամուր պրկեցին երանելու բազուկները, յօդախախտ արեցին, անխնայ քերեցին նրա կողերը՝ շփելով մազեղէն քուրձով եւ աղով, որպէսզի առաւել մորմոքուեն վէրքերը: Իսկ երանելին սկսեց խօսել ի լուր հասարակ ժողովրդի՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, իմ Տէր Աստուա՛ծ, Յիսո՛ւս Քրիստոս, որ օգնեցիր ինձ չզգալ այս բոլոր տանջանքները»:
Այս լսելով՝ իշխանն առաւել բարկացաւ եւ հրամայեց բերել գազաններ, որպէսզի յաջորդ օրը սուրբին նետի նրանց առջեւ: Այդժամ Մամասն ասաց. «Այդ գազաններն ինձ աւելի վայրենի չեն թւում, քան քո արիւնարբու միտքը: Քրիստոս Աստուած կարող է դարձեալ պահել ինձ»: Իսկ դատաւորն ասաց. «Թշուառակա՛ն, դու վստահ ես քո անօրէն մոլորութեան հնարքներով, բայց չգիտես, թէ քեզ ինչ սոված գազաններ են սպասում»:
Յաջորդ օրը՝ առաւօտեան, իշխանը բազմութեամբ հանդերձ գնաց ասպարէզ, ուր ժողովուել էր հրեաների եւ հեթանոսների խառնամբոխը: Եւ երբ բերեցին կապուած երանելուն, նրա վրայ արձակեցին մի ամեհի արջ, որը բազմաթիւ գազանամարտ ըմբիշներ էր սպանել: Գազանը մօտեցաւ սուրբին եւ ասես թէ պատկառելով նրանից՝ վերադարձաւ իր վանդակը: Դարձեալ արձակեցին մի ինձ, եւ սա, հեզիկ մօտենալով սուրբին, լիզեց նրա վիրաւոր մարմինը եւ սրբեց ասես սպունգով: Դատաւորը չարացաւ կատարուածի համար, իսկ անօրէնների ամբոխն աղաղակում էր, որ արձակեն առիւծին: Երբ արձակեցին, առիւծը մռնչալով ելաւ եւ թողնելով սուրբին՝ դարձաւ դէպի ամբոխը եւ այդպէս ահաբեկելով նրանց՝ գնաց իր տեղը:
Մինչ զայրացած դատաւորը մտածում էր, թէ ինչ մահով սպանել տայ նրան, սուրբ Մամասն արիաբար ձայն տուեց նրան եւ ասաց. «Աստուածատեա՛ց, մարդատեա՛ց եւ արդարութեան թշնամի՛, ինչո՞ւ ես յապաղում կատարել քո հայր սատանայի կամքը եւ արժանացնել ինձ երկնաւոր Հանդիսադրի պատրասած պսակին»: Այնժամ դատաւորը հրամայեց, որ ամբոխը քարկոծի նրան: Եւ բազմութիւնը, կրճտացնելով իր ատամները, կուտակուեց նրա շուրջը եւ մօտ մէկ ժամ քարկոծեցին նրան: Հարուածեցին այնքան, մինչեւ որ համարեցին, թէ մեռաւ, մինչդեռ սուրբն աղօթում էր իրեն սպանողների համար: Այնտեղ կար մի ըմբիշ, որը դատաւորի ակնարկով յարձակուեց սուրբի վրայ եւ հարուածեց նրան եռաժանի նիզակով: Երանելին վեր կացաւ եւ գնաց կանգնեց մի վէմի վրայ, որ կար Կեսարիա քաղաքից երկու ասպարէզ հեռաւորութեամբ: Արիւնն աղբիւրի պէս հոսում էր նրա մարմնից: Նա օրհնեց Աստծուն, եւ իսկոյն ձայն եկաւ Տիրոջից, որն իրեն երկնքի Արքայութիւն էր հրաւիրում: Եւ այդպէս երկինք նայելով՝ Մամասն իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը, որ եղաւ Տիրոջ 274 թուականին, սեպտեմբեր ամսուայ առաջին կամ երկրորդ օրը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մամասին յիշատակում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Փիլիկտիմոնի եւ սուրբ Սիմեօն Սիւնակեացի հետ:
ՍՈՒՐԲ ՄԱՄԱՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Հատուած Ստեփանոս Օրբելեանի «Սիւնիքի պատմութիւն»-ից)
Յամառօտակի պիտի պատմեմ մեծ ու երանելի նահատակ սուրբ Մամասի մասին, որի նշխարները շատ հին ժամանակներում բերել էին այս աշխարհը եւ թաղել Վայոց Ձոր գաւառում, Սուլեմայնառիկ դղեակի սահմաններում: Հայոց Արշակունեաց հարստութեան թագաւորութեան օրօք, երբ շէն էր այս աշխարհը եւ խրոխտ ու ճոխ իշխանութեամբ, երբ նորահաւատ լինելու պատճառով խանդավառուած էին Աստուծոյ սիրով, բոցավառուած էին բարեգործութիւններ անելու համար, առաւել եւս Աստուծոյ նահատակների սիրոյ հարցում, իւրաքանչիւր մարդ խիստ չարչարանքով ու անսահման ծախսերով որոնումներ էր կատարում, որպէսզի թերեւս կարողանար գտնել սուրբ նահատակների նշխարներից եւ բերել իր գաւառն ու իշխանութիւնը՝ այսպիսով ամրանալու թշնամիների աւազակային յարձակումներից ու չարութիւնների հանդիպելուց ապահով լինելու, ինչպէս նաեւ Քրիստոսի մօտ մշտնջենական բարեխօս ունենալու համար:
Եւ այսպէս Սիւնեաց իշխանները, որ ժամանակին սուրբ Գրիգորի եւ սուրբ Ներսէսի հետ գնացել էին Կեսարիա քաղաքը, նաեւ ուրիշ ժամանակներում էլ մեծամեծ գանձերի ծախսումով, անհուն չարչարանքներով, երկարատեւ, տքնաջան աղօթքներով ու խիստ պահեցողութեամբ որոնեցին երանելի ու մեծ ճգնաւոր Մամասի աստուածակիր նշանները, որը բնակուել է Կեսարիայի մօտ գտնուող լերան վրայ եւ որի ճգնութիւնների մեծամեծ իրողութիւնների, նահատակութեան մարտի մասին մեզ հաղորդում է Վկայաբանութեան գրքում գրուած ճառը ու լայն հրապարակումով գովքն է անում Գրիգոր Աստուածաբանը Նոր Կիւրակէի ներբողման մէջ:
Իշխաններն իրենց մեծահաւատ յոյսով արժանացան աստուածային պարգեւների եւ Վերին տնօրինութեամբ վերցրին անկշռելի գանձը՝ սուրբ Մամասի նշխարների կէսը, մէջքից վեր՝ գլխով ու բազուկներով հանդերձ, միւսը թողնելով իր սուրբ եկեղեցում, նոյն տապանի մէջ: Եւ սպիտակ ջորիների կառք պատրաստեցին, արծաթի արկղիկներ շինեցին, այնտեղ դրեցին սուրբի նշխարները, վերցրին, սաղմոսներով, օրհնութեամբ, արագավազ նժոյգներով, սրարշաւ երիվարներով, կարծես օդում թեւատարած շարժուելով թռան-անցան երկար ճանապարհի մեծ տարածութիւնը, հասան իրենց տէրութեան բուն սահմանները՝ Մազազ գաւառը: Եւ Գեղամայ լեռներն անցնելով՝ մտան Վայոց Ձորը, քանի որ նպատակադրուած էին տանել Սիւնիքի իշխանական Աթոռը:
Բայց Վերին կամքը նրանց հայեցողութեանը չթողեց, այլ Հոգու ակնարկումով, ուր ինքը կամեցաւ, կապեց ջորիների ոտքերը, եւ կառքը կանգ առաւ Սուլեմայ ձորի մէջ, մի հարթ տեղում, որը Դեզապանարտ է կոչւում: Իսկ նրանք տրտմումեամբ լցուելով՝ հաւաքեցին գաւառի բնակիչներին եւ, մեծաջան աղօթքներով պաշտամունքային արարողութիւններ կատարելով, խնդրեցին հեռանալ այդ տեղից:
Հազիւ կառք բարձրանալով՝ քշեցին մօտաւորապէս երկու ձայնընկեց տարածութիւն, նորից ջորիները կանգ առան մի յարմար տեղում, Խարաշկօնք կոչուած գիւղի սահմաններում ու այնտեղից էլ դուրս չեկան: Ապա հրաւիրելով Սիւնեաց եպիսկոպոսին ու հաւաքելով վանական հայրերի բազմութիւն՝ նշխարները թաղեցին քարէ տապանի մէջ: Սրա մօտ կրաշաղախ քարերով վկայարան կառուցեցին: Եւ շրջակայ վայրերը յատկացրին նրան որպէս վանքապատկան դաշտ: Նրա մէջ տեղաւորեցին կրօնաւոր մարդկանց՝ սուրբին ծառայելու համար: Իսկ հետագայ ժամանակներում, մեր աշխարհի անիշխանութեան օրերին, Աթաբեկ Իւանէի տիրապետութեան շրջանում երկու ճգնաւոր, խիստ կրօնապաշտ եղբայրներով վանքի առաջնորդները՝ Սէթ եւ Պօղոս անուններով բազում աղօթքներով ու խնդրանքներով հանում են սուրբի տապանը, կառուցում են մի փոքր խորան եւ փոխադրում այնտեղ՝ նայողներին բացէիբաց տեսանելի դարձնելով կափարիչը: Տեղափոխելիս բացում են տապանն ու նշխարներից վերցնում աջը, եւ այդ օրը շատ բժշկութիւններ են լինում: Վանականներից մէկն էլ գաղտնի վերցնում է մի ատամը եւ իսկոյն դիւահարւում ու փրփրում է. աղաղակում է ծածուկ գողացածի մասին եւ հազիւհազ բուժւում է:
Ապա աջը յանձնեցին Այրիվանքի սուրբ միաբանութեանը, բայց չիմացանք առաջին բերողների անուններնը ու բերելու ժամանակի թուականը: Այժմ էլ գոյութիւն ունի՝ որպէս պարծանք ու բարեխօսութիւն այս աշխարհի համար՝ օրըստօրէ մեծամեծ հրաշքներ գործելով բոլոր նեղեալների, հիւանդների ու դիւահարների համար: Նրա բարեխօսութեամբ Քրիստոս Աստուած թող խնայի այս աշխարհին, եկեղեցիներին եւ ինձ՝ բազմամեղ պարտաւորեալիս: Փա՛ռք Քրիստոսին յաւիտեանս. ամէն:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 518:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: