ՍՈՒՐԲ ՄԵՆԱԿԵԱՑՆԵՐ ԱՆՏՈՆԻ ԵՒ ԿՐՕՆԻԴԷՍԻ ՎԱՐՔԸ (355թ.)

Սուրբ երջանիկ երկնահանդէս՝ ճգնող Անտօն եւ Կրօնիդէս.

Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝ գերազանցեալ ի բնութենէս.

Զձեզ պարգեւեաց սուրբ Ղեւոնդիոս՝ մեզ երկնային հրեշտակք յերկրէս.

Ի վշտալից մարմնոյ ախտէս՝ փարատեցէք ի խոցմանէս:

Ի միջերկրէ տանէն յունաց. հայոց տուեալ պարգեւք փառաց:

Վարժիչ կարգաց կրօնաւորաց՝ հարք միանձանց ճգնաւորաց.

Ծաղիկք բուսոյ բանաւորաց՝ բժշկական դեղք հիւանդաց.

Ի դիւական այսոց չարաց՝ զմեզ փրկեցէք ի փորձանաց:

(Շարակնոց)

 

Երկրի վրայ երկնային հրեշտակները՝ սրբակեաց մենակեացներ Անտոնը եւ Կրօնիդէսը, անուանի վանականներ էին յունաց մէջ՝ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որտեղ եկաւ մեր սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եւ ձեռնադրուեց սուրբ Ղեւոնդի ձեռամբ: Ընտրելով այս երկուսին՝ սուրբ Լուսաւորիչը համոզեց նրանց իր հետ գալ մեծ Հայոց աշխարհ՝ իրենց մի քանի աշակերտներով հանդերձ, որպէսզի լինէին իր գործակիցները՝ Հայաստանում մենակեցութեան կարգը ծաղկեցնելու եւ որպէս փորձառու եւ կիրթ անձինք՝ լինէին հոգեւոր վարժապետներ կրօնաւորների դասերի համար:

 

Արդ, սուրբ Գրիգորը նրանց բերեց մինչեւ Տարոն, այնտեղ սուրբ Կարապետի անունով հիմնարկեց եկեղեցի եւ վանք, այդ վայրը կոչեց Իննակնեան, որն ասորիների Զենոբ Գլակ եպիսկոպոսի անունով կոչեց Գլակայ վանք, եւ որն էլ եղաւ այդ վանքի առաջին առաջնորդը: Սուրբ Լուսաւորիչն այդ երկու մենակեացներին՝ Անտոնին եւ Կրօնիդէսին, թողեց նրա մօտ, որոնք պայծառացրին սուրբ Կարապետ եկեղեցին եւ վանքի միաբանութեանը կրթեցին ճգնաւորական վարքի կարգուկանոնով: Եւ այնտեղ օրեցօր բազմացան սուրբերին աշակերտող ընտիր այրեր՝ չհաշուած Կեսարիայից բերուած քառասունչորս կրօնաւորներին, որոնց ի սկզբանէ սուրբ Գրիգորը թողել էլ տեղում: Վանահայրն Անտոնի եւ Կրօնիդէսի աշակերտ Եպիփանին նշանակեց որպէս Զենոբ եպիսկոպոսի տեղապահ, որը Զենոբի մահից յետոյ ստանձնեց բուն առաջնորդութիւնը: Իսկ երանելի Անտոնն ու Կրօնիդէսն ուշադրութիւն էին դարձնում միայն հոգեւոր վերակացութեանն ու դաստիարակութեանը, Աստուծոյ տան մէջ ամենօրեայ աղօթքներին եւ պաշտամունքներին, հետամուտ էին տքնութեանն ու ժուժկալութեանը, ճգնողական կեանքում առաւել իրենց վարքի օրինակով, քան թէ խօսքով կրթում էին նաեւ ուրիշներին եւ երբեմն էլ առանձնանալով մերձակայ անտառներում՝ ճգնում առանձին խցերում:

 

Սուրբ Լուսաւորիչն ազատ ժամանակ այցելում էր նրանց, ուրախանում նրանց տեսութեամբ եւ աւելի ու աւելի ներազդում առաքինութիւններին ուղղուած նրանց ինքնայօժար ջանքերին: Եւ ոչ միայն այսքանը, այլեւ երբ սուրբ Գրիգորը շնորհակալագիր-նամակ ուղարկեց սուրբ Ղեւոնդիոսին՝ սուրբ Կարապետի նշխարները եւ սուրբ Աթանագինէի մարմինը ստանալու համար, մեծամեծ գովեստի խօսքեր արձանագրեց նաեւ երկու մենակեացների մասին՝ նշելով, որ Հայոց աշխարհում նրանք համարժէք են այդ սուրբ նշխարներին: «Իսկ Քրիստոսի այս երկու կենդանի վկաները՝ Անտոնը եւ Կրօնիդէսը, - գրում էր, - որոնց ուղարկեցիր ինձ հետ, թողեցի այն տեղում, որ Իննակնեան է կոչւում, եւ ուր գիսանէները (կուռքերը) կործանուեցին: Նրանք աւարտեցին իրենց կեանքի ընթացքն իրենց երկրում, որովհետեւ Քրիստոսի հետ խաչել են իրենց մարմինները եւ այժմ այստեղ են մնում շատերի փրկութեան համար: Համարում եմ նրանց իբրեւ ինձ տրուած անգին գանձեր»: Սուրբ Ղեւոնդն էլ պատասխանեց սուրբ Լուսաւորչին՝ գրելով հետեւեալը. «Առաւելապէս սուրբ Անտոնից կը սովորէք ճգնութեան վարքը, որ պակաս չէ հրեշտակներից»:

 

Տարիներ անց, երբ Տրդատ արքան եւ սուրբ Գրիգորը գնացին ողջոյն տալու Կոստանդիանոս Մեծին, որը նոր էր ընդունել հաւատը, Հռոմից վերադառնալիս՝ Տիրոջ մօտ 319 թուականին, եկան Հայոց աշխարհ, հասան Իննակնեան կոչուած վայրը՝ Գլակայ վանք, ու ցանկացան տեսնել սուրբ Անտոնին ու Կրօնիդէսին: Բայց վանքի սպասաւորները նրանց ասացին. «Ահա մէկ տարի է, ինչ չենք տեսել նրանց»: Թագաւորը սաստիկ տրտմեց, որովհետեւ վաղուց փափագում էր տեսնել նրանց: Իսկ սուրբ Գրիգորն Ալբիանոս եպիսկոպոսին երկու սարկաւագների հետ միասին խնդրակ[1], ուղարկեց նրանց խցերի մօտ՝ պաուիրելով. «Առաւօտեան նրանք անտառից գնում են դէպի բլուրների կողմը: Զգուշութեամբ թաքնուէ՛ք այնտեղ, որպէսզի չլինի թէ ձեզ տեսնելով՝ փախչեն»: Եւ նրանք գնացին: Անցաւ չորս օր, բայց չկարողացան գտնել: Հինգերորդ օրը՝ լուսադէմին, լսեցին նրանց սաղմոսերգութիւնների ձայնը: Նրանք գալիս էին անտառի արեւելեան կողմից՝ քացրահամ աղբիւրի մօտից, եւ գնում դէպի «Արեւի բլուր» կոչված տեղը, որովհետեւ այնտեղ էին գտնւում նրանց դարանափոր խցերը: Եր երբ մօտեցան բլրի գագաթին, սկսեցին սաղմոսել՝ ասելով. «Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս Քեզ վրայ դրի»[2]: Իսկ Ալբիանոսն ասաց. «Քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր»[3]: Այնժամ Անտոնը եւ Կրօնիդէսը կանգ առան եւ ապա աղօթելով տեղում՝ նստեցին եպիսկոպոսի հետ: Անտոնն Ալբիանոսին ասաց. «Բարո՛վ եկար, ճանապարհո՛րդ խաղաղութեան»: Եւ նա պատասխանեց. «Բարութեամբ ու խաղաղութեամբ գտայ ձեզ, Աստուծո՛յ մշակներ եւ Սուրբ Հոգո՛ւ օթեւաններ: Աւետում ենք ձեզ, որ սուրբ Գրիգորը եւ Տրդատը եկել են ձեր բնակութեան վայրն ու փնտռում են ձեզ»: Իսկ նրանք ասացին. «Առաւել եւս ձեզ ենք ուրախութեան աւետիս տալիս, որովհետեւ սատանան կործանուեց: Այսպիսի բարիք Աստուած ցոյց տուեց ձեր ժամանակներում, եւ յաւիտեանների Արարիչը հոգեւոր խաղաղութիւն պարգեւեց աշխարհին»:

 

Եւ Ալբիանոսը երկու սարկաւագներին՝ որպէս աւետաբերներ, իսկոյն ուղարկեց Գլակայ վանքի հայրապետի մօտ, իսկ սուրբ Գրիգորն էլ նոյն աւետաբեր սարկաւագներին ուղարկեց Տրդատի մօտ, որ գտնւում էր «Արձան» կոչուած լերան ստորոտում: Լսելով նրանց՝ Տրդատը լցուեց մեծ ուրախութեամբ եւ մեծաւորներով հանդերձ՝ շտապեց դէպի վանք: Այն տեղում, ուր նրան աւետիս տուին, հրամայեց քարեր հաւաքել, բլրաձեւ կուտակել դրանք ու խաչի նշան կանգնեցնել: Այդ տեղը Տարոնի բնակիչների կողմից կոչուեց «Աւետեաց Խաչ»:

 

Սուրբ Գրիգորը սպասաւորների եւ քահանաների դասի հետ տէրունական սուրբ Խաչով եւ անուշահոտ խունկերով առաջ շարժուեց: Սպասաւորների ուրախութեան ձայները թնդացնում էին անտառը: Երբ մօտեցան բլրին, ուր Անտոնն ու Կրօնիդէսն էին, վերջիններս շտապեցին ընդառաջ գալ սուրբ հայրապետին, միասին բարձրացան բլրի գագաթը եւ աղօթեցին: Ապա նրանց ողջունելուց յետոյ սուրբ Գրիգորն ասաց. «Բարո՛վ գտանք ձեզ, թող խաղաղութեան այգաբաց լինի», իսկ նրանք պատասխանեցին. «Բարո՛վ եկար, Արուսեա՛կդ արդարութեան, որ լուսաւորում ես ամբողջ տիեզերքը, ո՛վ Քրիստոսի պատուական մշակ, բարձրագո՛յն աշտանակ, որ վեր ես, քան երկինքը»: Եւ այսպիսի սիրալիր ու մեծարանքի հոգեւոր խօսքերով իջան այդ բլրից, որն այնուհետեւ կոչուեց «Աւետեաց բլուր», եւ եկան Գլակայ վանք: Երբ մտան եկեղեցի, աստուածասէր Տրդատ թագաւորը դիմաւորեց նրանց եւ ծնրադրած հայցեց օրհնութիւն ստանալ կենդանի սուրբեր Անտոնից եւ Կրօնիդէսից: Սուրբերը վեր կացրին նրան, եւ նա համբուրեց նրանց: Ապա եկան, նստեցին վկայարանի առաջ, եւ սուրբերը, գովաբանելով արքայի ու նրա նախարարների աստուածապաշտութեանն ուղղուած ջանքերը, վարդապետութեան շատ խօսքեր ասացին նրանց եւ յորդորեցին աւելի ու աւելի առաջադիմել սուրբ հաւատքի մէջ: Թագաւորը գոհութիւն մատուցեց Աստծուն եւ տասնհինգ օր այդտեղ մնալուց յետոյ գնաց իր արքունի նստավայրը՝ Վաղարշապատ:

 

Իսկ սուրբ Գրիգորը մնաց եւս տասն օր եւ ապա գնաց եւ Տորոս լերան ստորոտում վկայարան ու վանք շինեց, ուր ամփոփեց առաքեալների նշխարները, որ բերել էր Հռոմից ու այդ տեղը «Առաքեալներ» կոչեց: Վանք շինեց նաեւ Զենոբի եղբօր՝ Եղիազարի անունով, որին տեղի առաջնորդ կարգեց եւ այդ վանքն էլ կոչեց Եղիազարի անունով:

 

Ինը տարի վարելով առաջնորդութիւնը՝ վախճանուեց Զենոբ Գլակը՝ Գլակայ վանքի վանահայրը, եւ երբ տասներորդ տարում նրան յաջորդեց Եպիփանը, սուրբ Գրիգորը եկաւ Անտոնի եւ Կրօնիդէսի մօտ՝ անապատում նրանց հետ բնակուելու համար: «Աւետեաց բլրի» վրայ մօտ երեք ամիս նրանց հետ մնալուց յետոյ սուրբերն ասացին նրան. «Գնա՛ անծանօթ մի տեղ, որպէսզի այստեղ չփառաւորեն քո սրբութիւնը»: Եւ մեր սուրբ հայրը գնաց ու բնակուեց Սեպուհ լերան Մանեայ այր անունով յայտնի քարայրում, որտեղ մօտ եօթ ամիս անց փոխուեց առ Քրիստոս՝ դեռեւս Անտոնի եւ Կրօնիդէսի կենդանութեան օրօք, որոնք նրանից յետոյ ապրեցին ոչ քիչ ու փայլեցին իրենց հրաշագործութիւններով եւ Տիրոջ անուամբ հիւանդներին ու ցաւագարներին բժշկելով:

 

Նրանք տեսան իրենց աշակերտ Եպիփանի վախճանը, որը երեսուն տարի վարեց Գլակայ վանքի առաջնորդութիւնը: Նրան յաջորդեց իր աշակերտ Ստեփաննոսը՝ առաջնորդելով վանքը շուրջ տասնհինգ տարի: Ստեփաննոսի առաջնորդութեան չորրորդ տարում՝ Տիրոջ մօտ 355 թուականին՝ սուրբ Վրթանէսի կաթողիկոսութեան վերջին տարում, վախճանուեց սուրբ Անտոնը, իսկ երկու տարի անց՝ սուրբ Կրօնիդէսը: Տասնհինգ տարի նրանք ապրեցին Իննակնեան Գլակայ՝ սուրբ Կարապետ վանքում, եւ ապա քառասուն տարի էլ նոյն վանքի մերձակայ անտառում: Նրանց պատուական մարմինները թաղեցին Գլակայ վանքում՝ եկեղեցուց փոքր-ինչ հեռու՝ նրա հարաւային կողմում: Գեղեցիկ զուգադիպութեամբ Հայոց երկրում սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի փոխուելուց մէկ-երկու տարի անց Եգիպտոսում վախճանուեց նաեւ սուրբ Անտոն Անապատականը, որը նրանց ժամանակակիցը եւ հասակակիցն էր:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Անտոնի եւ Կրօնիդէսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող Ե կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ Աղուանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գիւտի, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի եւ Թումասի ու եօթ սուրբ խոտաճարակների հետ, որոնք նահատակուեցին Իննակնեան վանքում:

 

 

[1] Որոնող, հետախոյզ:

[2] Սաղմ. ՃԽԲ 8:

[3] Սաղմ. ՃԽԲ 10: