Հեղմամբ արեան սրբոց վկայիցն՝ հաշտեաց ընդ մեզ Քրիստոս
Եւ փրկեա յամենայն փորձութենէ:
Որք նահատակեցան վասն Քո ի մահ. վիրաւորեալք յաղթեցին թշնամւոյն.
Սոցին աղաչանօք հաշտեաց ընդ մեզ եւ փրկեա յամենայն փորձութենէ:
Որք միացան ի սէր ահաւոր Քո տէրութեանդ.
Եւ մատուցին զանձինս իւրեանց պատարագ Քեզ զենումն.
Սոցին աղաչանօք հաշտեաց ընդ մեզ եւ փրկեա յամենայն փորձութենէ:
(Շարակնոց)
Այս երանելի Մովկիմոսը, որն ըստ այլոց Մովկիոս կամ Մուտիոս է կոչւում, Հռոմ քաղաքից էր, ազնուական տոհմից, հաւատացեալ ծնողների՝ Եւփրատի եւ Եւստաթէոսի որդին եւ ապրել է Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում: Նա Մակեդոնիայի Ամփիպօլիս քաղաքի եկեղեցու աւագ քահանան էր:
Այս Մովկիմոս աւագերէցն իմաստուն եւ հոգելից այր էր, ճշմարտութեան կատարեալ վարդապետ ու Քրիստոսի հաւատի նախանձախնդիր: Անդադար խրատում էր հաւատացեալներին՝ արթուն պահելով նրանց, ցոյց տալիս փրկութեան տանող ճանապարհը եւ զգուշացնում հեռու մնալ հեթանոսական խաբէութիւններից:
Այդ շրջանում Յունաստանի արեւմտեան կողմերում կայսեր կողմից նշանակուած էր Լաւոդիկոս անթիպատոսը, որը նստում էր Ապողոնիայում: Նրա իշխանութեան տակ էր գտնւում Ամփիպօլիս քաղաքը: Լաւոդիկոսի անթիպատոսութեան չորրորդ տարում ի պատիւ սանդարամետական Դիոնիսիոս (Բաքոս) չաստուծոյ, որն արբեցութեան եւ անառակութեան առաջնորդն էր, բոլոր քաղաքներում եւ գիւղերում մոլեգնեցին կռապաշտները, որովհետեւ մօտեցել էին հեթանոսական բարեկենդանի օրերը եւ պէտք է նշէին իրենց պիղծ կուռքերի տօնը: Ամփիպօլիս քաղաքի մեհեանում գտնւում էր այդ նոյն կուռքի մեծ արձանը, եւ հեթանոսներն առաւելապէս այդտեղ էին ցոփութեամբ պարում ու կատարում դիւական մոլորութեան պաշտամունքը:
Տեսնելով այդ ամէնը՝ երանելի Մովկիմոս երէցը խրատում էր քրիստոնեաներին՝ հեռանալ եւ չտեսնել նրանց պիղծ զոհաբերութիւնների տեսարանները, խնջոյքներն ու կաքաւումները: Եւ ոչ միայն, խօսում էր հեթանոսների հետ՝ ճիշտ ճանապարհին կանգնելու եւ սթափութեան համար: «Զգո՛յշ եղէք ձեր անձանց համար, - ասում էր, - փախե՛ք սխալ ճանապարհից եւ կուռքերի մոլեգնութիւնից: Փարատէ՛ք ձեզնից մոլորութեան խաւարը եւ ոտնահարէք անմիտ տօները: Եկէ՛ք, դարձէ՛ք դէպի Տէր Աստուածը, Ով Իր Միածին Որդու միջոցով ծագեցրեց արդարութեան լոյսը եւ լուսաւորեց մեզ»: Նա անդադար նման խօսքերով քարոզում էր նրանց եւ շատերին կռապաշտութիւնից դէպի քրիստոնէական սուրբ հաւատը դարձնում:
Իսկ հինգերորդ ամսին Լաւոդիկոս անթիպատոսը Ապողոնիայից անձամբ եկաւ Ամփիպօլիս, եւ հետեւեալ օրն իսկ քրմերից ոմանք յայտնեցին նրան Քրիստոսի ծառայ Մովկիմոսի մասին, թէ՝ «Նա շատերին հեռացնում է Դիոնիսիոսի պաշտամունքից եւ իր սնոտի ու սուտ վարդապետութեամբ ուսուցանում է ընդունել ոմն խաչեալ եւ թաղեալ Աստուծոյ: Նրան լսողներից շատերը գնում են նրա քարոզութեան յետեւից: Արդ, եթէ նրան թողնես, բոլորը կը հաւատան նրան, եւ զուր կը լինեն մեր տօնին մատուցած ողջակէզներն ու զոհաբերութիւնները»:
Այս լսելով՝ անթիպատոսը զինուորներին հրամայեց բռնել Մովկիմոսին եւ կանգնեցնել ատեանի առաջ, որտեղ ինքը նստում էր բարձր բեմի վրայ: Եկաւ Քրիստոսի ընտիր զինուորը ու զուարթ դէմքով կանգնեց իշխանի առջեւ: Լաւոդիկոս անթիպատոսն ասաց նրան. «Ինչո՞ւ դու ինքդ աստուածներին զոհ չես մատուցում, իսկ ովքեր մատուցում են, նրանց արգելում ես փուչ խաբէութեամբ»: Սուրբ Մովկիմոս քահանան պատասխանեց. «Տգիտութեամբ հարցեր մի՛ տուր, այլ քո խորհուրդներում գիտութիւն հաստատի՛ր եւ սովորի՛ր ճշմարտութիւնը: Ո՛վ անթիպատո՛ս, ես կենդանի եմ Քրիստոսով, այդ պատճառով շտապում եմ բոլորին դարձնել ճշմարտութեան գիտութեանը, որովհետեւ, սքանչելի Գրքերից ուսանել եմ, որ հեթանոսների կուռքերը դեւեր են, եւ նրանց զօրութիւնը մոլեգնութիւն է»: Իշխանն ասաց. «Դու սովորել ես շատախօսել»: Մովկիմոսը պատասխանեց. «Ես չեմ շատախօսում, այլ քեզ ճշմարտութիւնն եմ ասում. դուք ում պաշտում էք, դեւեր են, իսկ նրանց պատկերները՝ անշունչ կուռքեր»:
Անթիպատոսը սաստեց նրան եւ ասաց. «Հայհոյալից այդ խօսքերը քեզ ոչնչով չեն օգնի, այլ մեծապէս կը վնասեն, որովհետեւ դրանք քեզ տանջանքների եւ մահուան պարտական կը դարձնեն: Իսկ եթէ զոհ մատուցես, մեծ շահ կ՚ունենաս, որովհետեւ կը փրկուես տանջանքներից եւ փառքի կ՚արժանանաս»: Երանելին պատասխանեց. «Աստուծոյ տանջանքներից եւ դատաստանից ես կ՚ազատուեմ, եթէ զոհ չմատուցեմ»: Լաւոդիկոսն ասաց. «Ասո՛ւմ եմ քեզ, փրկի՛ր անձդ եւ զոհ մատուցի՛ր»: Մովկիմոսն ասաց. «Ես զոհ չեմ մատուցի, որովհետեւ Աստուծոյ առաջ դա ինձ յաւիտենական մահ կը պատճառի»:
Այնժամ զայրացած Լաւոդիկոսը հրամայեց ատեանի սպասաւորներին. «Կախէ՛ք դրան եւ քերէ՛ք ականջներից մինչեւ ծնօտը, կողերից մինչեւ ոտքերը այնքան, մինչեւ ոսկորներն առանձնանան մսից, որպէսզի խրատուեն բոլոր տեսնողները, չհայհոյեն աստուածներին ու մաքուր մտքով զոհ մատուցեն»:
Քրիստոսի նահատակը տանջանքների մէջ աղօթում էր եւ ասում. «Յաւիտենական Աստուա՛ծ, որ թագաւորում ես ողջ տիեզերքի վրայ եւ Քո արդարութեան ճառագայթներով լուսաւորում ամէնքին, որ պարգեւում ես անմահութիւն եւ անկողոպտելի գանձեր, փութապէս ցոյց տուր Քո Աստուածութեան զօրութիւնը եւ այն ճանաչել տուր Քո ծառաներին: Նայի՛ր իմ ճանապարհին, որն աւարտին եմ հասցնում Քո ճշմարտութեան համար, եւ օգնի՛ր ինձ յաջողութիւն ունենալ նահատակութեան Քո մրցասպարէզում»:
Մինչ դաժանաբար քերում էին նրա մարմինը, Լաւոդիկոսը հրամայեց իջեցնել նրան կախաղանից եւ ասաց. «Զոհ մատուցի՛ր Դիոնիսիոս աստծուն եւ փրկի՛ր քեզ բազում տանջանքներից»: Սակայն սուրբ Մովկիմոսը, որ զօրացել էր չարչարանքներից, քաջութեամբ պատասխանեց եւ ասաց. «Աստուածները, որ ստեղծուել են մարդկանց ձեռքով, փայտէ, քարէ, անձայն եւ անշունչ կուռքեր են, ուստի դու երբէք չես կարող համոզել ինձ, որ զոհ մատուցեմ նրանց, որոնք աստուածներ չեն: Դու՝ անամօ՛թ, բանսարկուի ծառա՛յ, չե՞ս տեսնում, որ իմ մարմինը բնաւ չի այլագունել քո տանջանքներից, չարչարանքների ցաւը չի ազդել ինձ վրայ, որովհետեւ իմ Փրկչի եւ Աստուծոյ զօրութիւնը զուր դարձրին քո չարչարանքները»: Իսկ Լաւոդիկոսն ասաց. «Քեզ օգնութիւն հասաւ ոչ թէ քո Աստուծոյ կողմից, այլ դու կախարդութեամբ ես խաբում բոլորին: Բայց այժմ ես կը հրամայեմ հրով այրել քեզ, որպէսզի ամբողջ մարմինդ հալուի, իսկ ոսկորներդ փոշիանան ու քամուց ցրուեն»:
Եւ իսկոյն հրամայեց ճարպով, ճիւղերով, եւ վուշով հնոց բորբոքել նրան հրկիզելու համար: Եւ այնքան սաստիկ բորբոքեցին, որ բոցը հնոցից դուրս էր եկել վաթսուն կանգունի չափով: Ապա բռնաւորը մօտ կանչեց Մովկիմոսին եւ կրկին հարցրեց. «Զոհ կը մատուցե՞ս Դիոնիսիոսին, թէ՞ ոչ», սակայն Մովկիմոսը լռութեամբ արհամարհում էր նրա խօսքերը: Լաւոդիկոսը շարունակեց. «Ահա տեսնում ես չար խորհուրդներիդ համար պատրաստուած տանջանքները: Խնայի՛ր քեզ, ճանաչի՛ր Դիոնիսիոս մեծ աստուծոյ պայծառութիւնը եւ իսկոյն կը տեսնես նրա օգնականութիւնը, կը փրկուես տանջանքներից եւ փառքի կը հասնես: Արդ, ե՛կ, զոհ մատուցի՛ր Դիոնիսիոսին»: Մովկիմոսը պատասխանեց նրան. «Ասացի՛, որ զոհ չեմ մատուցի խուլ, կոյր եւ համր կուռքերին, որոնք կորստեան են մատնում բանական մարդկանց հոգիները: Իմացի՛ր, որ ում աստուած ես կոչում, աստուած չէ, այլ այն կոփածոյ է եւ քանդակուած: Լսի՛ր ինձ, եւ ես քեզ ցոյց կը տամ»:
Բարկացաւ իշխանը եւ ասաց. «Ա՛յ չարագլուխ, ինչպէ՞ս կարող են նրանք քանդակուած լինել, եթէ իրենց մէջ բնակուող զօրութեամբ մեզնից ողջակէզներ են ընդունում եւ մեզ կեանք են շնորհում»: Այնժամ սուրբ Մովկիմոս քահանան ասաց նրան. «Ո՛վ պայծառափայլ եւ վայելչագոյն անթիպատո՛ս, կամենո՞ւմ ես, որ մտնեմ տաճար եւ մատուցեմ իմ ողջակէզները ինչպէս որ ես գիտեմ, որպէսզի բոլորը տեսնեն Դիոնիսիոսի զօրութիւնը»: Իսկ Լաւոդիկոսը, չիմանալով նրա մտքինը, ասաց. «Ե՛կ, մտի՛ր եւ զոհ մատուցի՛ր, որպէսզի թէ՛ մենք, թէ՛ դու եւ առհասարակ բոլորը տեսնեն մեծ Դիոնիսիոս աստուծոյ զօրութիւնը»:
Առնելով այս հրամանը՝ Մովկիմոսն ուղղուեց դէպի մեհեան, իր ճակատին դրոշմեց Քրիստոսի Նշանը եւ ընդդէմ բանսարկուի Քրիստոսով զգեստաւորուած՝ վազեց տաճարից ներս, կանգնեց Դիոնիսիոսի քանդակուած պատկերի առջեւ եւ ասաց. «Ամենակալ Աստուա՛ծ, Դու ամէն բան արարեցիր Քրիստոսի փառքով, ամօթահար արեցիր Քո Աստուածութիւնից վտարուած բանսարկուին եւ պարկեշտ երկիւղով քո ծառաներին բոցավառեցիր Քո պատուիրանների լոյսով: Դու Դանիէլի ձեռքով փշրեցիր բաբելացիների անշունչ եւ անշարժ կուռքերը, ցրեցիր երեք մանուկների համար բորբոքուած բոցը, փարաւոնին ընկղմեցիր անդունդներում, ժողովրդին, որ Քեզ ճանաչում էր, կեանք շնորհեցիր ու ամէն բանում բարձրացրիր Քո սքանչելի անունը: Աղաչում եւ պաղատում եմ Քեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի եւ Թագաւորի փառքի համար, լսի՛ր եւ ե՛կ ինձ օգնութեան: Ցո՛յց տուր Քո զօրութիւնը նրանց, ովքեր Քո ճշմարտութիւնը սուտ են համարում, որովհետեւ Դու ամենազօր Տէր ես եւ Քեզնով ծագեց հարատեւ լոյսը՝ փարատելու մեղքերի խաւարը եւ հալածելու դեւերի ու հեթանոսների պիղծ կուռքերի մոլորութիւնը»:
Այս ասելով՝ բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ կոյր, խուլ եւ անշունչ Դիոնիսիոս, քեզ եմ դիմում ահաւոր եւ փառաւորեալ Աստուծոյ անունով, որ բնակւում է բարձունքներում, ցած ընկի՛ր եւ գետին տապալուի՛ր քո իսկ մեհեանում»: Նոյն պահին որոտ եւ մեծ թնդիւն եղաւ, եւ Դիոնիսիոսը ցած ընկնելով՝ փշրուեց ու փոշիացաւ: Բոլոր տեսնողներն ահաբեկուեցին կատարուածի համար եւ փախան: Ապա երանելի Մովկիմոսն ասաց Լաւոդիկոսին. «Տեսա՞ր մոլորութիւնդ, որով բռնանալով անմեղ մարդկանց վրայ՝ նրանց կեանքից մահուան ես տանում: Արդ, ե՛կ եւ հաւաքի՛ր քո աստուծոյ փշրանքները եւ իմացի՛ր, որ մոլորուած էք դու եւ քո ժողովուրդը»: Զայրացած անթիպատոսը, չկարողանալով պատասխանել Մովկիմոսի ոչ մի խօսքին, սպասաւորներին հրամայեց նրան նետել նախապէս բորբոքուած հնոցի մէջ:
Եւ այստեղ կարել էր տեսնել այն սքանչելիքը, որ կատարուեց Բաբելոնի երեք մանուկների հետ, քանզի երբ երանելի Մովկիմոսը մտաւ բորբոքուած հնոցի մէջ, նրան թուաց, թէ գնում է մի զով դաշտի միջով: Այնտեղ իր հետ տեսաւ երեք այլ փառաւոր մարդկանց: Նրանցից մէկի կերպարանքն արեգակի նման էր. Նա ճառագայթում էր առաւել պայծառ, քան հնոցի բոցը: Եւ սուրբ Մովկիմոս քահանան բացեց իր բերանը, սկսեց օրհնել Աստծուն եւ ասել. «Փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ, փա՛ռք Քեզ, Թագաւո՛ր յաւիտենական, փա՛ռք Քեզ, անապական լո՛յս, յաւիտեան օրհնեա՛լ պայծառութի՛ւն: Գոհանո՛ւմ եմ Քեզնից, մեր հայրերի Աստուա՛ծ, որովհետեւ ամէն բան հնազանդւում է Քո խօսքին: Օրհնեա՛լ ես, մեր հայրերի Աստուա՛ծ, որ երկրպագւում ես Քո երկնային զօրքերի կողմից, որ գովաբանւում, օրհնւում եւ փառաւորւում ես Քո սուրբ հրեշտակապետների բերանով, որոնք այստեղ՝ հնոցում, ինձ հետ են: Ցրի՛ր, Տէ՛ր, այս հրի բոցը հնոցից դուրս եւ այս բոցով շրջապատի՛ր նրանց, որոնք իրենց անմտութեամբ յարում են անթիպատոսին եւ ցանկանում են Քո ծառաներին անխուսափելի պատուհասների մատնել: Ցո՛յց տուր Քո փառքը, որպէսզի բոլորը ճանաչեն, որ Դու ես միայն ճշմարիտ յաւիտենական Աստուած. ամէն»:
Խօսքը դեռ չաւարտած՝ բոցը տարածուեց անթիպատոսի կողմը եւ այրեց նրան ու իրեն համախոհ մարդկանց՝ Դիոնիսիոս չաստուծոյ ինը սպասաւորներին: Այրուեցին այնպէս, որ չմնացին անգամ նրանց մարմինների ոսկորները: Այնժամ զարհուրեցին բոլոր հեթանոսները եւ վախեցան ճշմարիտ Աստծուց: Իսկ երանելի Մովկիմոսը ողջանդամ դուրս եկաւ հնոցից, որովհետեւ հուրը նրան բնաւ չէր մօտեցել:
Սակայն անթիպատոսի Թաղիոս անունով մի զօրագլուխ, բռնելով Քրիստոսի կենդանի նահատակին, միառժամանակ բանտ նետեց, որտեղ երանելին, փառաւորելով Աստծուն, անտրտում ուրախութեամբ կրում էր իր բոլոր նեղութիւններըը:
Քսանվեց օր անց Լաւոդիկոսի փոխարէն եկաւ Մաքսիմիանոս անունով մէկ այլ անթիպատոս: Զինուորներից լսելով Մովկիմոսի հետ կատարուած սքանչելիքների մասին՝ անթիպատոսը դառնապէս զայրացաւ եւ առաջին իսկ օրը խորհուրդ արեց իւրայիների հետ, թէ ինչպէս արդարին կորստեան մատնեն: Ապա մի երկու օր անց Մաքսիմիանոս անթիպատոսը եկաւ նստեց հրապարակի ատեանի Փորոս կոչուող մի բարձր տեղում եւ հրամայեց իր առջեւ բերել Մովկիմոսին: Նրան ասաց. «Ի՞նչ են քո եւ քո ծնողների անունները»: Երանելին պատասխանեց. «Ո՛վ անթիպատոս, հարցնում ես, թէ ինչ է իմ անունը: Իմացի՛ր, որ իմ պատուական հայրը՝ Եփրատեսը, եւ իմ գովելի մայրը՝ Եւստաթիան, ինձ ընծայեցին Քրիստոսին եւ լուանալով սուրբ Աւազանով՝ ինձ Մովկիմոս կոչեցին: Նրանք ինձ կրթեցին Աստուծոյ երկիւղով՝ որպէս Աստուծոյ ճշմարիտ որդի, մինչեւ որ կատարեալ հասակ առայ եւ երկար օրեր ապրելով՝ խոնարհուած անձամբ ծերութեան հասայ»: Անթիպատոսն ասաց. «Ո՞ր ազգից ես, եւ ինչ կեանքով էք ապրել դու եւ քո իւրայինները»: Մովկիմոսը պատասխանեց. «Իմ հայրը Մեծ Հռոմում նշանաւոր կարգ ունեցող զինուորական էր, ապա սիրելի լինելով բոլորի աչքին՝ դարձել է գնդի զօրագլուխ եւ որպէս քաղաքացի վախճանուել է այնտեղ՝ թագաւորական քաղաքում: Մայրս էլ Կլարայի որդի Լամպատիոս անթիպատոսի դուստրն է եղել»: Այնժամ անթիպատոսն ասաց. «Այդ ինչպէ՞ս է, որ լինելով այդպիսի ազգից, օտարացել ես հռոմէացիներից, որովհետեւ ոտնահարել ես օրէնքները եւ յարձակուելով փշրել քաջ Դիոնիսիոսին, հրի մատնել ինքնակալների սիրելի Լաւոդիկոս անթիպատոսին եւ խախտել ողջակէզներ մատուցելու օրէնքը»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ անթիպատոս, կարծեմ աստուածներին չէ, որ ես փշրեցի, ոչ էլ ինքնակալի սիրելի մարդուն հրով այրեցի, եւ ոչ էլ ձեր ողջակէզի կարգը խախտեցի, այլ Աստուծոյ մեծ երկիւղով երկինք նայելով՝ աւերեցի խուլ եւ քանդակուած կուռքերն ու սատանայի բնակավայրը, հրի մատնեցի բանսարկուի սիրելուն եւ արդարութեան թշնամուն, ցրեցի եւ ծաղրի մատնեցի մարդասպանի պիզծ ողջակէզները, եւ ամբողջ սրտով ու վկայութեամբ ճշմարտութիւնը խոստովանելով՝ մաքուր աղօթքներով ունայնացրի բարիատեաց սատանային»:
Մաքսիմիանոսն ասաց. «Եւ այդքան չարաբարոյ լինելով՝ դու քեզ քա՞ջ ես համարում»: Մովկիմոսը պատասխանեց. «Այն երկիւղը, որ ես ունեմ առ Աստուած, ինձ քաջ դարձրեց ձեր կուռքերը կործանելու համար»: Սաստեց նրան Մաքսիմիանոսը եւ ասաց. «Թո՛ղ յիմարութիւններդ եւ զոհ մատուցի՛ր Ապօլոնին, որպէսզի չարաչար կորստեան չմատնուես»: Պատասխանեց վկան եւ ասաց. «Ո՛վ անթիպատոս, ես չարաչար կը մեռնեմ, եթէ ուրանամ ճշմարիտ Աստուծոյ բարերարութիւնը եւ Նրա օգնականութիւնը ու մերձենամ դրանց, որոնք չկան եւ երբէք չեն եղել»: Մաքսիմիանոսն ասաց. «Թէպէտ քո մոլագարութեամբ եւ անզգամութեամբ փշրեցիր մեծ Դիոնիսիոս աստծուն, սակայն նրա համբերութեան շնորհիւ ներում գտար ու անվնաս պահուեցիր: Այժմ քաջութիւն ունեցի՛ր եւ դիցապաշտ մարդու պէս զոհ մատուցի՛ր Ապօլոնին»: Մովկիմոսն ասաց. «Ո՛վ անթիպատոս, բանսարկուին մոլեգնակից մի՛ եղիր եւ Լաւոդիկոսի չարամտութիւնը մի՛ յիշիր, որը կորստեան մատնուեց Աստուծոյ զօրութեամբ՝ Նրան բարկացնելու համար: Փախի՛ր այդպիսի պատուհասից, որպէսզի դու եւս չարաչար պատուհասուելով չհեռանաս այս կեանքից եւ նայի՛ր Աստուծոյ օգնականութեանը, որ հասաւ ինձ»:
Մաքսիմիանոսը բարկացաւ եւ հրամայեց առաքինի նահատակին պրկել երկու անիւների վրայ, որպէսզի դրանք պտտուելով ջախջախեն նրա մարմնի անդամները: Իսկ Մովկիմոսը ոչինչ չիմանալով՝ ասաց. «Քո հասցրած տանջանքները եւ չարախորհուրդ հնարքները փրկութիւն են տալիս իմ հոգուն: Արդ, շտապի՛ր իրականացնել իմ ցանկութիւնը՝ կատարելով քո հօր՝ սատանայի կամքը: Իմ կեանքը Քրիստոս է, իսկ այս վկայութեամբ մեռնելը՝ շահ»:
Արդ, պտտուող անիւները ջախջախեցին սուրբի մարմինը, սակայն նա զուարթ էր, եւ ասես թէ տանջանքները չէին մօտեցել նրան: Արիւնը հոսում էր նրա մարմնից, ցայտում լիսեռների վրայ եւ անիւներից ցած թափւում, իսկ սուրբն աղօթում էր՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, Տէր, որ օգնական եւ ապաւէն եղար ինձ՝ անարժանիս, ու արժանի դարձրիր յաղթութեան համար մրցասպարէզ մտնել ընդդէմ բանսարկուի, որովհետեւ Դու ես Աստուած, որ ցրում ես չարահնար բանսարկուի խորհուրդները: Թող ինձ չտիրեն նրա անիրաւ խորհուրդները, որոնք Դու չսիրեցիր, որովհետեւ մեծ է Քո անունը Քո երկիւղն ունեցողների վրայ»:
Մինչ սուրբն աղօթում էր, անիւներն ինքնին ջարդուեցին, եւ արդարը ողջանդամ դուրս ելաւ՝ կենդանի մնալով Տիրոջ զօրութեամբ: Բոլորը տեսան վկայի նոր հանդէսը եւ հիացմունքով սոսկացին: Իսկ Մաքսիմիանոսը տրտմեց, որովհետեւ յաղթուեց սուրբի կողմից եւ ոչ թէ յաղթեց, ապա սուրբին հեռացնել տուեց իր առջեւից եւ բանտ նետեց, որտեղ նա անդադար գոհանում էր Տիրոջից:
Երեք օր անց բռնաւորը հրամայեց Մովկիմոսին գցել վայրի գազանների առաջ: Երբ ժողովրդի բազմութիւնը անթիպատոսի հետ հաւաքուեց հրապարակում, Քրիստոսի զինուոր Մովկիմոսն առողջ մարմնով եւ զուարթադէմ մրցասպարէզ մտաւ: Նրան տեսնելով՝ բոլոր զարմացած միմեանց հարցնում էին. «Արդեօք սա չէ՞ր, որ տանջանքների եւ չարչարանքների մատնուեց»: Մաքսիմիանոսի ակնարկով գազանների պահապանը բացեց վանդակի դուռը: Դուրս եկաւ մի մեծ եւ ահարկու առիւծ, մօտեցաւ ու ընկաւ Մովկիմոսի առաջ եւ սկսեց լիզել նրա ոտքերը: Ժողովուրդը զարմացած նայում էր ու սպասում, թէ ինչ է լինելու: Իսկ առիւծը մի պահ հանգիստ նստելուց յետոյ երանելուն իր գիրկն առաւ ու սկսեց լիզել նրա քրտինքը: Այնժամ եկան գազանների երկու պահապանները, որպէսզի զգուշութեամբ գազանին մտցնեն վանդակի մէջ, սակայն առիւծը յարձակուելով յօշոտեց նրանցից մէկին, ապա դառնալով դէպի սուրբը, ողջագուրեց նրան եւ ինքնակամ մտաւ վանդակի մէջ:
Այնուհետեւ բացեցին մէկ այլ վանդակի դուռը, եւ դուրս եկաւ մի քաղցած առիւծ, որը երկու-երեք օր ոչինչ չէր կերել: Սա, դուրս ոստնելով, մօտեցաւ Մովկիմոսին եւ դարձեալ ողջագուրեց նրան: Պոչն այսուայն կողմ էր թափահարում, ասես սուրբից ողորմութիւն էր խնդրում, լիզում էր նրա մարմինը, թաւալւում էր՝ ընկած երանելու ոտքերի առջեւ եւ գլուխը տարուբերելով՝ նայում բազմութեանը: Իսկ ողջ բազմութիւնն աղաղակում էր. «Արձակի՛ր այդ արդար մարդուն, որին նոյնիսկ գազաններն են սիրում, Աստուած ողորմում է նրան իր բարեպաշտութեան համար»:
Մաքսիմիանոսը, զարհուրելով կատարուածից եւ ակնածելով ամբոխից, հրամայեց հրապարակից դուրս բերել սուրբին եւ ուղարկել Փիլիպպոս եպարքոսի մօտ, որը նստում էր պերինթացիների Հերակլիա քաղաքում: Նաեւ մի գրութիւն ուղարկեց եպարքոսին, որում մէկ առ մէկ գրում էր նրա հետ կատարուած դէպքերի մասին:
Հերակլիայում սուրբին ութ օր պահեցին բանտում, ապա եպարքոսը հրամայեց նրան տանել Բիւզանդիոն եւ այնտեղ հարցաքննել ատեանի առաջ: Բիւզանդիոնում նրան կանգնեցրին դատաւորների խորհրդի առջեւ, նրանց պատմեցին այն ամէնը, ինչ արել էր Մովկիմոսը Յիսուս Քրիստոսի անունով եւ ատեանի առաջ վկայեցին երկու անթիպատոսների՝ Լաւոդիկոսի եւ Մաքսիմիանոսի հետ կատարուած դէպքերի մասին: Եւ երբ դատաւորները հարցաքննում էին երանելուն, նա համարձակ պատմում էր Աստուծոյ սքանչելիքների մասին՝ փառաբանելով ճշմարիտ Աստծուն եւ արհամարհելով կռապաշտների սնոտի յոյսը: Եւ երբ Քրիստոսի վկայի բերանից լսեցին այդ ամէնը, նրա համար գլխատման վճիռ արձակեցին:
Եւ մինչ պատրաստւում էր ընդունել վկայութեամբ նահատակութիւնը, սկսեց բազկատարած աղօթել՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուա՛ծ, հաւատացեալների Լո՛յս, որ հաստատեցիր յաւիտեանները եւ փառաւորւում ես սուրբերի մէջ: Դու, որ հրեշտակների Տէրն ես, մի՛ ծածկիր Քո խորհուրդը սուրբերից եւ ընդունի՛ր ինձ խաղաղութեամբ, որովհետեւ Քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն»:
Երբ այս ասաց, կտրեցին երանելու գլուխը, եւ նոյն պահին երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Ուրա՛խ եղիր, բարեյաղթ Մովկիմո՛ս, Քրիստոսի նահատա՛կ եւ սուրբ քահանա՛յ, քանզի արիաբար յաղթեցիր բռնաւորին եւ թշնամու զօրութիւնը ոտնակոխ արեցիր: Ե՛կ համարձակ եւ մտի՛ր երկնքի Արքայութիւնը»:
Եւ այս ցանկալի հրաւէրով Տիրոջ 303 թուականի մայիս ամսուայ տասնմէկին սուրբ Մովկիմոսն ընդունեց յաղթական պսակը: Փիլիպպոս, Դաղմատիոս եւ Կիւրակոս եպիսկոպոսները, Բիւզանդիոնի եկեղեցու միաբանութեան հետ ամփոփելով նրա սուրբ նշխարներն, պատուով թաղեցին Բիւզանդիոնից դուրս՝ մէկ մղոն հեռաւորութեան վրայ:
Տարիներ անց, երբ Մեծն Կոստանդիանոսը եկաւ Բիւզանդիա, սուրբի տապանի վրայ մեծ ու հոյակերտ եկեղեցի շինեց ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, Որին վայելում է փառք պատիւ եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
՚
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: