ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԵՒ ԱԹԱՆԱԳԻՆԷՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Ըստ Տօնացոյցի՝ սա սուրբ Յովհաննէս Կարապետի ու Մկրտչի երրորդ տօնն է, սակայն իր զօրութեամբ՝ առաջինը, որովհետեւ այսօր Հայոց աշխարհի սուրբ Լուսաւորչի ձեռամբ մեզ շնորհուեցին նրա սուրբ նշխարները՝ որպէս կեանքի դեղ: Արդ, ինչպէս գրում է Տրդատ արքայի ատենադպիր Ագաթանգեղոսն ու սուրբ Լուսաւորչի աշակերտ Զենոբ Գլակը[1], երբ սուրբ Հռիփսիմեանց նահատակութիւնից ինն օր անց թագաւորի քրոջ՝ Խոսրովիդուխտի տեսիլքով սուրբ Գրիգորը ելաւ Վիրապից, բժշկեց Տրդատ արքային եւ չարից հարուածներ ստացած բոլոր անձանց ու յայտնուեց Հայաստան աշխարհին որպէս լուսաւորիչ: Աստուծոյ այրը յայտնեց նրանց, թէ պէտք է ձեր երկրի համար ընտրել Աստուծոյ քահանայ, հովիվ եւ առաջնորդ, որպէսզի նա մկրտի եւ լուսաւորի ձեզ ու բարեզարդի եկեղեցական կարգաւորութեամբ:

Թագաւորն ամբողջ երկրով հանդերձ ազգի քահանայապետութեան համար որոշեց ձեռնադրել հէնց իրեն՝ Գրիգորին, իսկ սուրբ Լուսաւորիչը թէպէտ ամէն կերպ հրաժարւում էր, սակայն երկնաւոր հրամանով, որ եղաւ հրեշտակի կողմից, ստիպուած եղաւ ընդունել քահանայական կարգը: Տրդատ արքայի հրովարտակով եւ երեւելի նախարարների ու զօրքի ուղեկցութեամբ ելաւ գնաց Կեսարիա՝ կապադովկիացիների Մաժակ քաղաքը, որտեղ Եկեղեցու խոստովանող վկան միաբանութեան կողմից մեծ ընդունելութեան եւ պատուի արժանանալուց յետոյ Տիրոջ 302 թուականին սուրբ Ղեւոնդ պատրիարքի ձեռամբ օծուեց քահանայ եւ Հայաստան աշխարհի եպիսկոպոսապետ: Սուրբ օծութեան հանդիսութիւնից յետոյ՝ վերադարձին, երբ սուրբ Ղեւոնդը կամեցաւ հոգեւոր ուղերձով  եւ սուրբերի նշխարներով մեծարել սուրբ Գրիգորին, վերջինս խնդրեց մասն-ինչ Յովհաննէսի սուրբ մարմ­նից, որպէսզի օրհնու­թիւն բերի իր ծառայութեանը, եւ սուրբ Յովհաննէս Կարապետի շնոր­հա­բաշխ աջը օգնական լինի իր քարոզութեանը Հայաստան աշխարհի հեթանոս խուժդուժ ազ­գի դարձի մէջ:

Ըստ աւանդութեան՝ երբ սուրբ Յովհաննէս Աւետարանիչը Սուրբ Հոգու առաջնորդութեամբ այցելել է գալիլեացիների քաղաքը, բա­ցե­­լով սուրբ Կարապետի տապանը, վերցրել է նրա մարմինը եւ Եփեսոս փոխադրելու համար տուել իր Պօղի­կար­պոս աշակերտին՝ Զմիւռնիայի եպիսկոպոսին: Տա­նելով այնտեղ՝ նա պատուով դրել է սուրբ Աստուածածին եկեղեցում, որը կա­ռու­ցել էր Յովհաննէս Աւետարանիչը: Աւետարանչի երկինք փոխուելուց յետոյ սուրբ մարմինը երկար տարիներ մնացել է այնտեղ՝ մինչեւ անօրէն Դեկոս արքայի ժամանակները: Այդ շրջանում Եփեսոսի եպիսկոպոսն էր Որոգինէի աշակերտ եւ սուրբ Գրիգոր Սքանչելագործի վար­դապետ Փերմելիանոսը: Ժամանակի հալածանքների պատճառով Տիրոջ 251 թուականին Փերմելիանոսը, փախչելով Եփեսոսից, գալիս է Կեսարիա՝ իր հետ ունենալով աստուածային անգին գանձը՝ սուրբ Յովհաննէս Կարապետի ամբողջ մարմինը՝ առանց գլխի, որը սուրբ Ղեւոնդիոս պատրիարքի հայրապետութեան օրօք մեծ պատուով պահուել է այնտեղ:

Սուրբ Գրիգորի այս մեծ խնդրանքը ժողովրդի ահից ծանր թուաց Ղեւոնդիոս պատրիարքին, սակայն յետոյ հրաման առաւ Տիրոջից, որ կատարի այն եւ Կեսարիայից նրա մեկնելու վերջին գիշերը տուեց խնդրածը: Եւ քանի որ արդէն չկար սուրբի ամբողջ մարմինը՝ զանազան տեղերում ցրուած լինելու պատճառով, տուեց նշխարներից մասն-ինչ, որի համար յոյժ ուրախ եղաւ սուրբ Գրիգորը եւ այն վերցնելով՝ պատրաստուեց ուրախութեամբ ճանապարհ ընկ­նել:

Սակայն երբ կեսարացիներին յայտնի եղաւ, թէ սուրբ Կարապետի նշխարները որպէս պարգեւ տուել են Հայոց երկիր տանելու համար, բռնացան, ընդդիմացան, չկա­մե­ցան տալ պատուական գանձը եւ աշխարհի պարծանքը ու կռուի ելան: Իսկ հայոց նախարարները, տեսնելով բարձրացած աղմուկը եւ զգուշանալով, որ իրենց զօրքն արիւնահեղութեան չմատնի խռովուած քաղաքացիներին, տասներկու հազար դահեկան տուեցին Կեսարիայի քաղաքապետին, որպէսզի հանդարտեցնի ամբոխին: Սակայն հայոց զօրագլուխ Անգեղայ տան իշխանը, զայրացած կեսարացիների արարքից եւ նաեւ այդչափ ծախսուած գումարից, կամեցաւ հրի մատնել քաղաքը: Բայց երանելի Գրիգորը, իրազեկ լինելով նրա որոշմանը, խրատներով եւ յանդիմանութեամբ արգելեց իշխաններին եւ զգուշութեան համար այդ մասին տեղեկացրեց Ղեւոնդ հայրապետին:

Այնժամ երանելի Ղեւոնդը, անձամբ գալով իշխանների մօտ, համոզեց նրանց խաղաղուել, եւ հաշտեցնելու համար Անգեղայ տան իշխանին պարգեւեց Սեբաստիայի Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, որը սուրբ Գրիգորի աներորդին էր եւ նահատակուել էր Դիոկղետիանոսի արբանեակների կողմից: Տուեց երկու լուսաւոր պատուական քարեր՝ երկու սուրբերի նշխարներ, որ նա ստացել էր Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետի կողմից: Եւ նրանք առնելով՝ խաղաղութեամբ ճանապարհ ընկան:

Կեսարիայից ելնելով՝ սուրբ Գրիգորը նախարարներով հանդերձ եկաւ նախ Սեբաստիա, ուր մնաց մի քանի օր: Այդտեղ իր մօտ հաւաքեց կրօնաւորների եւ քահանաների դասին, նաեւ՝ յոյն եւ ասորի այլ երեւելի վարդապետների, որպէսզի գործակից լինեն իրեն ողջ Հայաստան աշխարհի լուսաւորութեան համար: Նրանց մէջ անուանի էին Քրիստոսի երկու կենդանի վկաներ՝ Անտօն եւ Կրօնիդէս սրբակրօն մենակեացները, որոնց որպէս սուրբ Գրիգորին գործակիցներ՝ ուղարկել էր սուրբ Ղեւոնդ հայրապետը: Նրանցից շատերին ընտրեց եւ Հայոց աշխարհի համար քահանաներ եւ եպիսկոպոսներ ձեռնադրեց, որոնցից մէկն էր Եղիազար Նիւստրացու եղբայրը՝ Զենոբ Ասորին՝ Գլակը, որն էլ պատմեց այս ամէնը:

Ապա եկան հասան Հայոց Տուրուբերան աշխարհ (Մշոյ երկիր): Տեղի իշխաններից ոմանք տեղեկացրին սուրբ Գրիգորին, թէ Տարոն գաւառում՝ Իննակնեան[2] կոչուած տեղում, գտնւում են հեթանոսական պաշտամունքի գլխաւոր վայրերը՝ Դեմետրի եւ Գիսանէ կուռքերի մեհեանները, որոնց դեռեւս զոհեր էին մատուցում: «Ուստի, - ասացին, - եկէք այնտեղ, որպէսզի աւերէք դրանք եւ եկեղե­ցիներ շինէք»: Եւ ուղիղ գնացին այնտեղ՝ քանդելու այդ մեհեանները: Սակայն նախքան նրանց ժամանելը ուխտանենգ Հաշտենեաց իշխանն այդ մասին լուր էր ուղարկել տեղի քրմերին, որի համար նրանք տեղաբնակներից շտապեցին զօրք հաւաքել: Տեղեկացրին նաեւ Աշտիշատի երեք մեհեանների՝ Վահագնի, Անահիտի եւ Աստղիկի քրմերին եւ ելան պատերազմելու սուրբ Գրիգորի բանակի դէմ: Սակայն նրանցից պարտուելով՝ կորստեան մատնուեցին, իսկ ողջ մնացածները հարկադրուած զիջեցին հայոց իշխաններին: Բայց քանի որ մեծ էր կռիւը, սուրբ Գրիգորն այգեստանների առափնեայ ծածուկ մի վայրում նախապէս թաքցրեց սուրբ նշխարները, իսկ ինքը նախարարների խորհրդով ամրացաւ մի բերդում:

Երբ դադարեց մարտը, հաւաքուեցին բանակից ցրուածները՝ գիշերելու Իննակնեան կոչուած վայրում: Մութ գիշերուայ մէջ, մինչ զօրքից ոմանք խարխափած անցնում էին այգեստանների կողքով, այն տեղում, ուր ամփոփուած էին աստուածային գանձերը, յանկարծ սաստիկ լոյս ծագեց, այնքան ուժգին, որ լուսաւորուեցին մերձակայ դաշտերն ու գիւղերը: Տեղի բնակիչները հաւաքուեցին այդ տեղում եւ ողջ գիշեր անցկացրին աղօթքներով եւ առ Աստուած ուղղուած խնդրանքներով, իսկ հեթանոսներից շատերը զղջացին ու դարձան դէպի Տէրը:

Հետեւեալ օրը սուրբ Գրիգորին պատմեցին պատերազմում եղած բոլոր դէպքերի մասին, իսկ երանելին երկար ժամանակ սգում էր նրանց համար, ովքեր մեռան անհաւատութեամբ: Ապա սուրբ Կարապետի նշխարներով տեառնագրեց գաւառի շուրջբոլորը՝ ասելով. «Թող Տիրոջ աչքը այս երկրի վրայ լինի եւ պահպանի իր թշնամիներից: Եւ եթէ իրենց մեղքերի համար խրատուեն Տիրոջ կողմից, ապա թող չզօրանան նրա թշնամիները: Եթէ հերձուածողներ յայտնուեն այստեղ, ապա թող բնակութիւն չգտնեն այս հողի վրայ: Թող սուրբ Կարապետի աջը հալածի նրանց, կնիք եւ պահապան լինի, եւ այս տունը յաւիտեան կանգուն մնայ սերնդէսերունդ»:

Սրանից յետոյ իջնելով Իննակնեան վայրը՝ հայոց իշխաններն ընդառաջ եկան նրանց՝ աւետելով Դեմետրի կուռքի մեծ մեհեանի կործանման մասին: Երբ մօտեցան, տեսան մեհեանն իսպառ քարուքանդ արուած եւ նրա տասնհինգ կանգուն բարձրութեամբ Դեմիտրի արձանը չորս մասերի բաժանուած ու ցիր ու ցան եղած: Տեսան նաեւ նրա սպասաւորներին, որոնք աղաղակելով բարձրաձայն ողբում էին: Տեսան առաւելը. օդում երեւում էին դեւերը, որոնք իբրեւ խայթող միջատներ եւ մորեխներ, պտտւում էին օդում եւ ողբում էին ի լուր ամէնքի՝ ասելով. «Վա՜յ մեզ, քանզի մեռածների ոսկորները հալածում են մեզ երկրի երեսից», եւ այդ նոյն պահին մարդկային դէմք ունեցող թեւաւորների կերպարանքով  թռան գնացին Աշտիշատի կողմերը: Քրմերից ոմանք, այսահարուելով դեւերի կողմից, չարաչար տանջանքներով մեռելների պէս փռւում էին գետնին, իսկ սուրբ Գրիգորը մօտենալով բժշկում էր նրանց:

Ապա հրամայեց կործանել նաեւ միւս՝ Գիսանէ կոչուած մեծ մեհեանը, որի պղնձէ արձանն ունէր երեսուն կանգուն բարձրութիւն եւ երկու կանգուն եւ մէկ թզաչափ լայնութիւն: Այնտեղ եւս երեւացին դեւերը այլեւայլ կերպարանքներով, որոնք ճչում էին եւ կրճտում իրենց ատամները, իսկ տեղի սպասաւորները ողբաձայն աղաղակներով յարձակուեցին նրանց վրայ՝ ասելով. «Նախ մենք կը մեռնենք, ապա մեր այս աստուածը»: Իսկ զօրքը, նրանց իր մէջ առնելով, սպանեց նրանցից վեցին, ապա աւերեց մահուան այդ բոյնը: Դեւերը գոչում էին. «Թէպէտ մեզ հալածում էք այստեղից, սակայն ով յանդգնի ապրել այստեղ, երբէք հանգիստ չի գտնի, որովհետեւ ինչպէս որ քաղաքից ներս մտնող զօրքն է, այնպէս էլ դեւերի մուտքն է այստեղ»: Եւ այնքան շատ էին Գիսանէի մեհեանի դեւերը, որքան սանդարամետի անդնդային դեւերն են: Սակայն անհաւատալի եւ անմիտ էր նրանց սպառնալիքը:

Եւ երբ կործանուեցին կուռքերը, սուրբ Գրիգորն սկսեց սուրբ Կարապետի անուան վկայարանի հիմնարկէքն այն նոյն տեղում, ուր գտնւում էր Դեմետրի մեհեանը, որպէսզի անհետանայ սնոտի պաշտամունքների յիշատակը: Տասներկու օր ջանք թափեց եւ այնտեղ ամփոփեց սուրբ Կարապետի եւ սուրբ Աթանագինէսի մասունքների մի մասը: Զենոբ Գլակը գրում է. «Ես եւ Աղբիանոս եպիսկոպոսը վերցրինք բրիչը, ծածուկ երկու մարդահասակ փոս փորեցինք, այնտեղ տեղաւորեցինք սուրբ Կարապետի նշխարները եւ փոսը լցրինք խճաքարերով: Եւ սա էր, ինչ որ դրեցինք այնտեղ. ուսագլուխը մինչեւ արմունկը, ձախ թեւը թիկունքի հետ միասին, աջակողմեան ազդրի ոսկորը եւ մարմնի այլեւայլ մասերի մանր ոսկորները: Նաեւ Աթանագինէսի մասունքները՝ գլուխն ու աջ ձեռքը մինչեւ գօտին, կտրելով ամփոփեցինք այնտեղ, եւ կայ նոյնութեամբ՝ ամփոփուած կաւաշէն տապանում: Այն, որ Կարապետինն է, գտնւում է Արշակունիների դռան անկիւնում՝ նրանից մէկ թզաչափ հեռու, եւ գետնից էլ կէս թիզ բարձրութեամբ կը տեսնէք նշանացոյցը: Իսկ Աթանագինէսի մասունքները գտնւում են սեմի հէնց ձախակողմում եւ այդպէս կան աներեւոյթ պահուած: Եթէ որեւէ մեկը կամենայ գտնել, չի կարող, թէպէտ փորի քառասուն կանգուն, քանզի այդպէս եղաւ դէպքերի պատճառը»:

Երբ աստուածային գանձերը հաստատուեցին եւ ծածկուեցին իրենց տեղում, այդժամ սուրբ Գրիգորը, երեք անգամ ծունր դնելով եւ իր ձեռքերը դէպի Արեւելք տարածած, աղօթեց՝ ասելով. «Աստուա՛ծ աստուածների եւ Տէ՛ր տէրերի, որ կատարում ես Քո անունից երկիւղածների կամքը եւ չես անտեսում նրանց աղաչանքները, ովքեր դիմում են Քեզ: Դու, Տէ՛ր, որ խնամքով պահեցիր ու մինչեւ այս տեղը բերեցիր եւ նրանց հանգստավայր տուեցիր, Քո Աջը հովանի արա՛ այս տապանների վրայ եւ նրանց մասունքները կնքի՛ր Քո զօրութեամբ, որպէսզի ոչ ոք չյանդգնի սրանք դուրս բերել այստեղից մինչեւ Դատաստանի Օրը եւ սրանց ու բոլոր սուրբերի յարութեան Օրը: Իսկ եթէ սուրբ այրերից մէկը կը ջանայ աղօթքներով ու ջերմեռանդութեամբ դուրս բերել դրանք, աղաչում եմ, մի՛ լսիր եւ յայտնի մի՛ արա: Նրանք, ովքեր յոյսով եւ հաւատով կը գան եկեղեցու դուռը բժշկութիւն ստանալու համար, սուրբ Կարապետի բարեխօսութեամբ բժշկի՛ր նրանց: Իսկ նրանք, ովքեր կը ցանկանան կրել իրենց ցաւը՝ տանջելով իրենց մարմինները, թող նրանք հոգով ապրեն հանդերձեալում: Պահպանի՛ր նրանց ծառայող սպասաւորների դասին, որպէսզի երկիւղով ծառայեն Քեզ, քանզի Դու զօրաւոր ես ամէն բանում եւ Քեզ փա՜ռք յաւիտեանս. ամէն»:

Այնժամ երկնքից ձայն լսուեց, որն ասում էր. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիր, եւ թող ոչ ոք չիմանայ դրանց դուրս բերելու գաղտնիքը: Եւ ովքեր սուրբ եւ առաքինի վարքով կը ծառայեն Ինձ այս տեղում, թող արժանանան քո ասած բարիքներին»:

Երբ լրացաւ նրանց այնտեղ գտնուելու հինգերորդ օրը, սուրբ Գրիգորը քրիստոսազարդ օծմամբ Այծսանայ ձորում մկրտեց շուրջ հինգ հազար հոգու: Մկրտութեան ժամին Տէրը հրեղէն սեան տեսքով մեծ լոյս իջեցրեց մկրտուողների վրայ, որն ամբողջ երեք ժամ կանգնած մնաց քահանայագործութեան ընթացքում, ապա աներեւոյթ եղաւ ու ծածկուեց տեսողութիւնից: Այնուհետեւ մկրտուածներին տարաւ վկայարանի տարածք եւ պատուիրեց ամէն տարի Հայոց Նաւասարդ ամսուայ առաջին օրը նշել սուրբ Կարապետի տօնը:

Սուրբ Գրիգորը հիմնեց եկեղեցին եւ մասունքներն ամփոփեց այնտեղ, Գիսանէ կուռքի գտնուած տեղում կանգնեցրեց Տէրունական Խաչի նշանը, Անտօնին ու Կրօնիդէսին թողեց այնտեղ՝ որպէս եկեղեցու սպասաւորներ, իսկ տեղում շինուած վանքերում եւ վկայարաններում որպէս տեղի առաջնորդ նշանակեց Զենոբ Գլակին: Բայց քանի որ Զենոբ Գլակը կամեցաւ շրջել իր հետ, Եպիփանին նշանակեց բոլոր վանքերի վանահայր եւ նրան քառասուներեք կրօնաւորների հետ թողեց այնտեղ, որպէսզի սպասաւորեն տեղի բնակիչներին: Վանքերի եւ վկայարանի կարիքների համար տնօրինութեանը երեսուն տարով յատկացրեց նաեւ տասներկու դաստակերտներ: Ահա սա է այն եկեղեցին ու վանքը, որն այժմ կոչւում է Տարոնի կամ Մշոյ սուրբ Կարապետ: Գրուածքներում կոչւում է նաեւ Իննակնեան վանք՝ ի պատիւ Զենոբի, ով եղաւ Լուսաւորչի կողմից հիմնուած սուրբ շինուածքն աւարտին հասցնողը:

Ապա սուրբ Գրիգորն իր սպասաւորներով հանդերձ գնաց Աշտիշատ, որովհետեւ լսել էր, որ Տարոնում դեռեւս կանգուն էր Վահեվահեան յայտնի մեհեանը, որը լի էր մեծամեծ գանձերով՝ ոսկով եւ արծաթով ու մեծամեծ թագաւորների ընծայած բազում նուէրներով: Այն պաշտամունքի ութերորդ յռչակաւոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անուամբ, Մեծ Հայքի թագաւորների զոհերի վայրը, Քարքէ[3] լերան լանջին, Եփրատ գետի վրայ, Տաւրոս լերան դիմաց, որը պաշտամունքի վայրերի յաճախաշատ լինելու պատճառով կոչուել էր Աշտիշատ: Քանզի այնտեղ դեռեւս շէն էին երեք բագինները. առաջինը՝ Վահեվահեան մեհեանը, երկրորդը՝ Ոսկեհատ Ոսկեմայր դիցուհու մեհեանը, երրորդը Աստղիկ դիցուհու մեհեանը: Արդ, սուրբ Գրիգորն եկաւ, որպէսզի աւերի դրանք եւս, քանզի դեռեւս տգէտ մարդիկ շփոթութեամբ զոհ էին մատուցում այս մնացած բագիններին: Նա իր հետ բերում էր մեծ մարգարէ, երանելի Յովհաննէս Մկրտչի եւ Քրիստոսի սուրբ վկայ Աթանագինէի մնացած մասունքները:

Արդ, եկան, երկու ձիընթաց հեռաւորութեամբ մօտեցան Եփրատ գետին եւ կամեցան անցնել մի փոքր ձորակի միջով, սակայն կառքերին լծուած ջորիները, որոնք տանում էին սուրբերի նշխարների աստուածային գանձերը, չկարողացան անցնել ձորակը: Եւ յայտնուեց Տիրոջ հրեշտակն ու ասաց սուրբ Գրիգորին. «Տէրը կամեցաւ, որ Աստուծոյ սուրբերն այս տեղում բնակուեն»: Ուստի հէնց այդտեղ էլ կառուցեցին վկայարանը եւ սուրբ նշխարների հանգստարանը՝ այդ տեղը կոչելով Յովհանավանք: Ահա սրանք էին, որ ամփոփուեցին այնտեղ. Աթանագինէսի՝ մնացած բոլոր ոսկորները, սուրբ Կարապետի ձախակողմեան երկու ազդրերը, երկու սրունքները ու ողնաշարի ոսկորների մի մասը: Արդ, երբ նշխարներն ամփոփեցին տապանի ներսում նոյնչափ խորութեամբ, որքան Իննակնեանն էր, սուրբ Գրիգորը նոյն աղօթքն ուղղեց առ Աստուած, որպէսզի ոչ ոք չյանդգնի հանել դրանք: Այստեղ եւս երկնքից լսուեց նոյն ձայնը, որն ասաց. «Ինչ որ խնդրում ես, կը լինի, եւ ոչ ոք չի կարողանայ հանել դրանք, եթէ նոյնիսկ գտնի դրանց տեղը»:

Եւ մինչ կառուցւում էր վկայարանը, սուրբ Գրիգորը հրաման տուեց զօրականին եւ իր հետ եղող իշխաններին, որ ելնեն ու մուրճերով քանդեն բագինների շինուածքը: Սրանք գալով շատ ջանացին, բայց չկարողացան գտնել բագինների դռները մուտք գործելու համար, քանի որ դեւերը ծածկել էին նրանցից, ջանացին մտնել դրսից, սակայն չկարողացան՝ անգամ երկաթէ գործիքներ օգտագործելով: Ապա շտապեցին սուրբ Գրիգորի մօտ եւ ամէն ինչ պատմեցին նրան:

Եւ նա, վերցնելով տէրունական սուրբ Նշանը, ելաւ ձորակից, կանգնեց շինուածքի բարձրաբերձ տեղերին յանդիման եւ ասաց. «Տէ՛ր, թող Քո հրեշտակը հալածի նրանց»: Այս խօսքերի հետ ուժգին հողմ փչեց խաչանիշ փայտից, որ կար սուրբ եպիսկոպոսի ձեռքին: Հողմը բարձրացաւ, եկաւ հարթեց, տապալեց, վայր գցեց բագինների բոլոր շինութիւնները: Կործանեց այնպէս, որ դրանից յետոյ ոչ ոք չէր կարող այդ տեղում նշմարել որեւէ հետք՝ ո՛չ քարի, ո՛չ փայտի, ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, եւ բնաւ չէր երեւում, թէ այնտեղ որեւէ բան է եղել: Կորան ու անհետա­ցան նաեւ քրմե­րից եւ կուռ­քերի սպասաւորներից շատերը, որի համար տեսնողներից շատերը հա­ւատացին Աստ­ծուն:

Սուրբ Գրիգորն ասաց. «Արդ, տեսէ՛ք, թէ ինչպէս ջնջուեցին ձեր գայթակղութիւնները, քանզի ոչինչ էին: Այսուհետ հաւատացէ՛ք Տէր Աստծուն, Ով արարեց երկինքն ու երկիրը»: Սրանից յետոյ անձամբ ելաւ Աշտիշատի անհետացած մեհեանների վայրերը եւ, ժողովելով երկրի մարդկանց, քարոզեց Քրիստոս Աստծուն եւ նրանց բոլորին կռապաշտութիւնից դարձրեց աստուածպաշտութեան, մկրտելով լուսաւորեց նրանց աստուածգիտութեան լոյսով եւ հրաւիրեց երկնաւոր Հօր որդեգրութեանը: Այնտեղ հաստատեց եկեղեցու հիմքերը, կանգնեցրեց Քրիստոսի փառքի սեղանը, որովհետեւ նախ այստեղ էր, որ եկեղեցիներ շինելու սկիզբ դրեց: Սուրբ Երրորդութեան անուամբ սեղան կառուցեց, մկրտութեան աւազան շինեց եւ նախ մկրտութեամբ նրանց լուսաւորեց, ովքեր իր հետ էին՝ մեծամեծ նախարարներին եւ ամբողջ զօրքին, որ իր հետ գնացել էին Կեսարիա քաղաքը եւ ապա երկրի բնակիչներին: Քսան օր իջեւանեց եւ այնտեղ մկրտեց աւելի քան տասնինը հազար մարդկանց: Նրանց բոլորին հաղորդ դարձրեց երկնային պարգեւներին, աստուածային փառքին եւ Սուրբ Հոգու շնորհներին: Սեղան կանգնեցրեց սուրբերի հանգստարանի իր շինած վկայարանում, փրկութեան պատարագ մատուցեց եւ այնտեղ բաշխեց կենարար Քրիստոսի Մարմինն ու Արիւնը: Հրամայեց, որ տարէցտարի՝ Սահմի[4] ամսուայ եօթերորդ օրը, այդ նոյն տեղում հաւաքուեն բոլորը՝ կատարելու սուրբերի յիշատակը, քանզի այնտեղ էր դրել եկեղեցիներ կառուցելու սկիզբը: Տարբեր տեղերում քահանաներ կարգեց եւ այդ վայրերը լցրեց եկեղեցիներ կառուցելով ու նրանց սպասաւոր քահանաներով:

Եւ ինքը հեռացաւ այնտեղից՝ լի Քրիստոսի Խաչի զօրութեան մեծապանծ պարծանքով, եւ վերցրեց սուրբերի նշխարների մի մասը, որպէսզի այլեւայլ տեղերում եւս հաստատի նրանց յիշատակը: Շրջում էր ամէն տեղերում ու գաւառներում, եկեղեցիներ շինում աւաններում ու ագարակներում, մկրտում եւ քահանաներ օծում: Ապա եկաւ Բագաւան գիւղաքաղաքը, ուր նրան ընդառաջ եկաւ Տրդատ արքան՝ իր ամբողջ ընտանիքով եւ մեծ զօրքով: Եւ սուրբին հանդիպելով Նպատ լերան ստորոտին՝ Եփրատ գետի ափին, մկրտուեց նրա կողմից, ինչպէս գրուած է Տրդատ արքայի եւ սուրբ Լուսաւորչի վարքում:

Այսպէս, սուրբ Կարապետի եւ սուրբ Աթանագինէսի տապանները գլխաւոր մասունքներով դրուեցին Իննակնեան սուրբ Կարապետ վանքում, որը եղաւ Հայոց մեծ ուխտատեղի, իսկ մասունքների վերջին կտորները դրուեցին Բագրեւանդի սուրբ Յովհաննէս եկեղեցու մէջ:

Լուսաւորչի՝ Տարօնում եղած ժամանակ Ամանորի աշխարհատօնն էր, որը կատարւում էր Նաւասարդ ամսուայ սկզբին եւ որը 302 տարի համընկնում էր սեպտեմբերի 12-ին: Սակայն սուրբ Գրիգորը հեթանոսական մեծ տօնը վերափոխեց քրիստոնէական տօնախմբութեան. սուրբ Կարապետ վանքում, նոր մկրտուածներ համախմբելով, եկեղեցական հանդէս կատարեց եւ բոլորին հրամայեց ամէն տարի ժողովուել նոյն տեղում՝ տօնախմբելու սուրբերի յիշատակը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը տօնախմբում է Հոգեգալստեան առաջին Կիրակիին յաջորդող հիգշաբթի օրը:

 

 

 

[1] Զենոբ Գլակ Ասորի – Չորրորդ դարի պատմիչ, (ծն. եւ մահ. թթ. անյայտ): Կապադովկիայի Կեսարիա քաղաքից Հայաստան է եկել սուրբ Գրիգոր Լուսաւորչի հետ: Ձեռնադրուել է Տարոնի եպիսկոպոս եւ Իննակնեան կամ սուրբ Կարապետ վանքի (յետոյ նրա անունով կոչուեց նաեւ Գլակայ վանք) վանահայր: Նա իր աշխատութեան մէջ պատմում է Հայաստանում քրիստոնէութեան տարածման, հեթանոսական մեհեանների կործանման եւ քրիստոնէական եկեղեցիների հիմնադրման մասին: Որպէս ականատես՝ Զենոբ Գլակը մանրամասն նկարագրել է Տարոնի քրմապետ Արձանի, նրա որդի Դեմետրի համառ մարտերը Գրիգոր Լուսաւորչի եւ նրան սատարող ուժերի դէմ:

[2] Իննակնեան անուանումը գալիս է տեղանքում գտնուող ինը աղբիւրների պատճառով:

[3] Քարքէ – լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ կողմում:

[4] Սահմի – հայկական տոմարի երրորդ ամիսն է, սկսուել է հոկտեմբերի 10-ին եւ վերջացել նոյեմբերի 8-ին: