ՍՈՒՐԲ ՊԱՆԴԱԼԷՈՆ ԲԺՇԿԻ ԵՒ ԵՐՄՈՂԱՅՈՍ ՔԱՀԱՆԱՅԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Շնորհեա մեզ Քրիստոս Թագաւոր.
Կատարել ի հաճոյս Քո զյիշատակ սրբոցն. եւ օրհնել զանուն Քո սուրբ:
Որք հեղման Քո սուրբ Արեան. եւ չարչարանաց Քոց
Եղեն հաղորդ սուրբ վկայքն եւ լուսաւորիչք աշխարհի:
Սոքօք միշտ աղաչեմք. եւ փառաւորեմք անդադար երգով օրհնութեամբ
Սուրբ զԵրրորդութիւնդ համագոյ:
(Շարակնոց)
   
    Քրիստոսի հրաշագործ եւ քաջայաղթ վկայ երանելի Պանդալէոնը Նիկոմիդիա քաղաքից էր, հեթանոս սինկլիտոսի եւ քրիստոնեայ մօր՝ Եւբուլայի մինուճար որդին ու ապրել է Մաքսիմիանոս կայսեր հալածանքների տարիներին: Նա զուարթադէմ եւ խելամիտ մանուկ էր, համեստ վարքագծով ու ամէն ինչում գովելի:
    Եղաւ, որ վախճանուեց նրա բարեպաշտ մայրը: Նա Պանդալէոնին դեռեւս չէր ուսուցանել ճշմարիտ ճանապարհի մասին, որովհետեւ հայրը որդուն թոյլ չէր տալիս լսել մօր խօսքերը եւ նրան ուսման էր տուել հեթանոսական դպրոցում: Երբ հայրը տեսաւ, որ մանուկն ուշիմ ու առաջադէմ գտնուեց ուսման մէջ, բժշկական կրթութիւն ստանալու համար նրան յանձնեց Եփրոսինոս բժշկապետին, որն արքունի բժիշկ էր, եւ ուր էլ նա գնում էր, Պանդալէոնը նրա հետ էր:
Մի օր տեսնելով Եփրոսինոսին՝ թագաւորը հարցրեց նրան. «Ո՞վ է այս պատանեակը»: Պատասխանեց. «Նա սինկլիտոսների դասից Եւստորգիոսի որդին է: Հայրը նրան յանձնել է ինձ, որպէսզի բժշկութիւն սովորեցնեմ»: Այնժամ նախարարներն ասացին. «Այդ պատանեակը վայել է թագաւորին», իսկ թագաւորն ուսուցչին ասաց. «Ուշադի՛ր եղիր եւ ուսուցանի՛ր նրան քո հմտութիւնները, որովհետեւ նա պէտք է ինձ»:
    Նիկոմիդիայում կար Երմողայոս անունով մի տարեց քահանայ: Նա փրկուել էր երկու հազար քրիստոնեաներին կոտորելու ժամանակ եւ իր երկու ընկերների հետ առանձնացած՝ մնում էր մի թաքստոցում: Իր ուսուցչի տուն գնալիս Պանդալէոնը միշտ անցնում էր նրանց մօտով: Երմողայոսն ամէն օր տեսնում էր նրա պարկեշտ ընթացքը, օրինաւոր, երկիւղած ու բարեսէր լինելը: Տեսնում էր նաեւ, որ նրա ընկերներից ոչ ոք չկարողացաւ համոզել նրան անամօթ վարքագիծ ունենալ, կամ նայել կանանց ու մտնել թատերական խաղերի մէջ, ինչպէս երիտասարդների սովորութիւնն է: Եւ ծերը Սուրբ Հոգով իմացաւ, որ պատանեակը մեծ ու պատուական անօթ պիտի լինի:
    Մի օր քահանան գաղտնաբար կանչեց պատանուն եւ ասաց. «Մի ժամով ե՛կ այստեղ»: Եւ երբ նա եկաւ, ծերը ողջունեց ու ասաց նրան. «Ո՛ղջ եղիր, որդեա՛կ, որ լի ես բարութեամբ»: Իսկ Պանդալէոնը պատասխանեց. «Ո՛ղջ եղիր եւ դու, ո՛վ պատուական հայր»: Երէցը բռնեց նրա ձեռքից, նստեցրեց իր մօտ եւ հարցրեց. «Որդեա՛կ, ո՞վ ես դու եւ ինչ զբաղմունք ունես»: Պանդալէոնը պատասխանեց. «Ես Եւստորգիոս անունով սինկղիտոսի որդին եմ, իսկ մայրս, որի անունը Եւբուլա է, վախճանուել է ժամանակ առաջ»: Ծերն ասաց. «Ի՞նչ պաշտամունք ունես, որդեա՛կ»: Պանդալէոնն ասաց. «Մինչ մայրս ողջ էր, նա ցանկանում էր ընտելացնել ինձ քրիստոնէական կարգ ու կանոնին եւ ինձ իր մօտ պահել, սակայն հայրս թոյլ չէր տալիս եւ կամենում էր զինուորագրել ինձ արքունիքում: Ես նախընտրում էի մօրս մօտ մնալ, սակայն երբ նա մահացաւ, հայրս վարուեց այնպէս, ինչպէս որ կամեցաւ»: Երէցն ասաց. «Իսկ այժմ ի՞նչ ես սովորում քո ուսուցչի մօտ»: Պանդալէոնն ասաց. «Իմ ուսուցիչն ինձ պատուիրում է սովորել Ասկլեպիոսի, Հիպոկրատէսի եւ Գալիանոսի իմաստասիրութիւնը: Նա ինձ ասում է. "Եթէ սովորես նրանց խրատները, ապա կը բժշկես մարդկանց բոլոր հիւանդութիւնները"»: Եւ երէցն ասաց. «Ոչ մի արժէք չունեն Ասկլեպիոսը, Հիպոկրատէսը, Գալիանոսը, եւ ոչի՛նչ են բոլոր աստուածները, որոնց պաշտում է Մաքսիմիանոս թագաւորը: Ե՛կ, որդեա՛կ, լսի՛ր ինձ, հաւատա՛ Քրիստոսին եւ Նրա անուամբ դու կը բժշկես մարդկանց բոլոր հիւանդութիւնները: Նա յարութիւն տուեց մեռելներին, լոյս շնորհեց կոյրերի աչքերին եւ փարատեց բոլոր ցաւերը: Երբ տասներկու տարուայ արիւնահոսութեամբ տառապող կինը դիպաւ Նրա հանդերձի քղանցքին, իսկոյն բժշկուեց: Նա ջուրը գինու փոխարկեց, հալածեց դեւերին եւ անթիւ սքանչելիքներ գործեց: Եւ այժմ էլ Նա Իր ծառաների հետ է, եւ ովքեր հաւատում են Իրեն, Նա փրկում է նրանց բոլոր նեղութիւններից»:
    Իսկ Պանդալէոնը, իբրեւ բարեբեր ու պարարտ հող, ընդունեց կեանքի խօսքը՝ հարիւրապատիկ պտղաբերելու համար՝ ի փրկութիւն իր անձի եւ շատերի: Նա ասաց ծերին. «Տէ՛ր, եթէ հնարաւոր է, այն ամէնը, ինչ որ ասացիր, պէտք է յայտնեմ իմ ուսուցչին, որպէսզի նա եւս շահի, ինչպէս որ ես: Այդպիսի խօսքեր վաղուց եմ լսել իմ երանելի մօրից: Երբ նա աղօթում էր, կանչում էր Քրիստոսի անունը, Որին դու աւետարանում ես»: Ծերն ասաց. «Որդեա՛կ, այժմ հոգ մի՛ տար քո ուսուցչի համար, այլ ջանի՛ր աշակերտել երկնաւոր Վարդապետ Քրիստոսին: Յոյսդ դիր Նրա վրայ եւ ամէն բանում զօրացի՛ր Նրանով, որովհետեւ Քրիստոս երբէք չի հեռանում Իր ծառաներից: Այսուհետեւ հաւատա՛ Նրան եւ մկրտուի՛ր՝ արժանանալով երկնային շնորհներին»:
    Այդ օրուանից Պանդալէոնն ամէն օր այցելում էր ծերին եւ օրէցօր հաստատւում հաւատքի մէջ: Իր ուսուցչի մօտից վերադառնալիս նախ տեսնում էր իր վարդապետին, ապա գնում իր տուն եւ այդպէս լցւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհներով: Մի օր Պանդալէոնը, հրաժեշտ տալով իր վարդապետին, տուն էր վերադառնում եւ ճանապարհից փոքր-ինչ հեռանալով՝ տեսաւ մի մահացած երեխայի, որին խայթել էր օձը: Պանդալէոնը, տեսնելով օձին, որը դեռ երեխայի մօտ էր, զարհուրեց եւ վախից փախաւ, սակայն մի պահ կանգ առաւ ու իր մտքում ասաց. «Այժմ պէտք է փորձեմ՝ ճշմարիտ են արդօք Երմողայոսի խօսքերը»: Եւ երկնքին նայելով՝ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, եթէ արժանի եմ Քո կոչմանը եւ կամենում ես, որ ծառայեմ Քեզ, թող այս մանուկը յարութիւն առնի Քո անունով»: Երեխան իսկոյն կենդանացած ոտքի ելաւ, իսկ օձը երկու կէս եղաւ: Պանդալէոնն ասաց. «Օրհնո՛ւմ եմ Քեզ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, որ արժանացրիր ինձ դասուելու Քո ծառաների հետ»: Ապա գնաց Երմողայոսի տուն, ընկաւ նրա ոտքերը եւ խնդրեց անյապաղ մկրտել իրեն: Հարցնելով պատճառը եւ իմանալով կատարուածի մասին՝ ծերը Պանդալէոնի հետ շտապեց այնտեղ ու տեսաւ սատկած օձին: Փառաւորելով Աստծուն՝ նրանք վերադարձան, եւ ծերն ըստ կարգի մկրտեց նրան: Պանդալէոնը եօթ օր մնաց ծերի մօտ եւ տուն գնաց միայն ութերորդ օրը: Տեսնելով նրան՝ հայրը հարցրեց. «Որդեա՛կ, որտե՞ղ էիր այսքան ժամանակ: Մահուչափ նեղուած՝ ես տառապում էի քեզ համար»: Եւ Պանդալէոնն այլաբանօրէն ասաց. «Արքունիքում մի մարդ կար, որին մենք բժշկեցինք իր ծանր հիւանդութիւնից: Եւ քանի որ նա արքայի սիրելին էր, ես եօթ օր մնացի այնտեղ, մինչեւ որ նա կատարելապէս առողջացաւ»: Հիւանդ ասելով՝ նա նկատի ունէր իր հոգին, որը երկնաւոր Թագաւորի սիրելին էր, եւ որը հոգեւոր բժշկութեամբ առողջացաւ եօթ օրում, իսկ հայրը կարծեց, թէ նա մէկ ուրիշի մասին ասաց:
    Յաջորդ օրը Պանդալէոնը գնաց իր ուսուցիչ Եփրոսինոսի մօտ, եւ սա եւս հարցրեց. «Ասա՛ ինձ, Պանդալէո՛ն, որտե՞ղ էիր այս օրերին»: Եւ նա պատասխանեց աւետարանի առակով. «Իմ հայրն ագարակ գնեց եւ ուղարկեց ինձ՝ տիրելու ագարակին: Եօթ օր ես մնացի այնտեղ, մինչեւ որ նրանից իշխանութիւն ստացայ: Այդ ստացուածքն աւելի պատուական է, քան բոլոր մարգարիտները»: Եփրոսինոսը չհասկացաւ, որ նա խօսում էր իր մկրտութեան մասին, որի համար լռեց եւ այլեւս հարցեր չտուեց: Իսկ Պանդալէոնը, որ լցուել էր Քրիստոսի շնորհներով ու շահել հաւատքի գանձեր, մտահոգւում էր, թէ ինչպէս հօրը դարձնի դէպի աստուածճանաչողութեան լոյսը, որի համար ամէն օր այլաբանօրէն խօսում էր նրա հետ Քրիստոսի զօրութեան եւ կուռքերի տկարութեան մասին: Մի անգամ հօրն ասաց. «Հա՛յր, ինչո՞ւ երբ քո աստուածները կանգնած են, ոտքի վրայ են մնում եւ չեն նստում, իսկ որոնք նստած են, երբէք չեն ելնում»: Եւ հայրն ասաց. «Երդւում եմ իմ անձի փրկութեամբ, դժուար բան ես հարցնում, ես չեմ կարող պատասխանել»: Այնժամ սուրբ Պանդալէոնը, լցուած ուրախութեամբ, փառաւորեց Աստծուն, որովհետեւ նա մէկ խօսքով հօր առջեւ բացեց աստուածգիտութեան դուռը: Եւ այդ օրից Եւստորգիոսը, կասկածելով իր կուռքերին, որ ունէր իր տանը, զոհ չէր մատուցում դրանց, ինչպէս նախկինում: Պանդալէոնը կամենում էր փշրել տանը եղած կուռքերը, սակայն յետոյ մտածեց. «Բարի չէ ալեկոծել իմ հօրը: Նախ պէտք է մօտեցնել նրան մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքին»: Եւ մինչ այս մտքերի մէջ էր, նրանց տուն ձեռքից բռնած մի կոյր բերեցին, բախեցին դուռն ու ասացին. «Այստե՞ղ է բժիշկ Պանդալէոնը»: Նրանք խնդրում էին, որ նա դուրս գայ ու բժշկի կոյրին: Եւ նա լսելով իսկոյն հօր հետ միասին դուրս եկաւ: Երբ Պանդալէոնը տեսաւ կոյրին, հարցրեց. «Ի՞նչ ես կամենում»: Եւ կոյրն ասաց նրան. «Աղաչո՛ւմ եմ քեզ, ողորմի՛ր խաւարեալիս, որովհետեւ ես զրկուել եմ քաղցր լոյսից: Բոլոր բժիշկները փորձեցին բժշկել, սակայն որեւէ կերպ չկարողացան օգնել ինձ: Այն փոքր լոյսը, որ ունէի, բժիշկները զրկեցին ինձ նաեւ դրանից: Նրանք վերցրին իմ ամբողջ ունեցուածքը, իսկ ես մնացի կոյր եւ չքաւոր»: Պանդալէոնն ասաց. «Դու, որ քո ամբողջ ստացուածքը տուեցիր բժիշկներին, մեզ ի՞նչ կը տաս, եթէ տեսողութիւն ունենաս»: Եւ կոյրն ասաց. «Ինչ որ մնացել է իմ ունեցուածքից, ես այն քեզ կը տամ»: Պանդալէոնն ասաց նրան. «Իմ միջոցով Քրիստոս քեզ կը տայ լոյսի պարգեւը, իսկ դու գնա՛ եւ ինչ որ խոստացար ինձ, տո՛ւր աղքատներին»: Իսկ Պանդալէոնի հայրն արգելում էր նրան եւ ասում. «Որդեա՛կ, թո՛ղ այդ մարդուն, որովհետեւ դու աւելի հմուտ չես, քան շատ այլ բժիշկներ, որոնք փորձեցին բժշկել նրան»: Եւ Պանդալէոնն ասաց իր հօրը. «Այն դեղը, որ ես պիտի տամ, անգին է, եւ այլ բժիշկներ այն չեն կարող տալ, որովհետեւ իմ Վարդապետն աւելի հմուտ է, քան բոլոր բժիշկները: Նա Իրեն հաւատացողներին բժշկում է լոկ խօսքով»: Հայրը կարծեց, թէ որդին Եփրոսինոսի մասին ասաց, իսկ Պանդալէոնը, բռնելով կոյրի ձեռքից, խաչակնքեց եւ ասաց նրան. «Եթէ հաւատաս Քրիստոսին, թող Նրա անունով քո կեանքի բոլոր օրերին տեսնես լոյսը եւ Նրա կամքով առաւել եւս տեսնես մեծ Լոյսը»: Դեռ խօսքը չաւարտած՝ կոյրը բացեց աչքերը եւ սկսեց տեսնել: Եւ նոյն պահին Պանդալէոնի հայրը, կոյրի հետ մէկտեղ, հաւատաց Քրիստոսին:
Այնժամ Պանդալէոնը գնաց սուրբ Երմողայոս երէցի մօտ ու պատմեց այդ ամէնի մասին: Եւ Երմողայոսն ուրախացած եկաւ նրա տուն՝ տեսնելու կոյրին ու նրա հօրը: Երկար օրեր մնաց այնտեղ, մկրտեց Պանդալէոնի հօրն ու կոյրին եւ լուսաւորեց նրանց երկնային լոյսով: Այնուհետեւ Եւստորգիոսը մտաւ իր տուն, փշրեց իր տան կուռքերը ու նետեց խորխորատը, որը տեսնելով՝ Պանդալէոնը փառաւորեց Աստծուն:
    Ժամանակ անց Եւստորգիոսը մահացաւ: Պանդալէոնն, իր ունեցուածքից բաժին տալով, ազատեց բոլոր ծառաներին, մնացածը բաշխեց աղքատներին, իսկ ինքն էլ սկսեց այցելել հիւանդներին ու կարիքաւորներին, որոնք Տիրոջ անուան համար գտնւում էին բանտերում եւ տանջանքների մէջ: Քաջալերում եւ մխիթարում էր նրանց խօսքով ու գործով: Բժշկում էր ամենքին՝ ամէն բանում գործակից ունենալով Քրիստոսին, որի համար բժիշկներից շատերը նախանձում էին նրան:
   Այնպէս պատահեց, որ մի օր այն կոյրը, որին բժշկել էր Պանդալէոնը, անցնում էր մի խումբ հաւաքուած բժիշկների մօտով: Տեսնելով նրան՝ բժիշկները միմեանց ասացին. «Սա այն կոյրը չէ՞, որին մենք չկարողացանք բուժել: Եւ ո՞վ է, որ բժշկել է նրան»: Ապա կանչելով կոյրին՝ հարցրին. «Ասա՛ մեզ, ո՞վ է բժշկել քեզ»: Եւ նա պատասխանեց. «Եւստորգիոսի որդին՝ Պանդալէոնը»: Այնժամ բժիշկները Պանդալէոնի ուսուցիչ Եփրոսինոսին հարցրին. «Արդեօ՞ք Պանդալէոնը քո աշակերտը չէ: Արդարեւ, նա մեծ բժշկապետի արժանաւոր աշակերտն է»: Այս ասելով՝ նրանք անգիտութեամբ եւ ակամայ վկայեցին Քրիստոսին, թէպէտ նկատի ունէին Ասկլեպիոս չաստծուն: Այնուամենայնիւ այդ օրուանից նրանք չարացան եւ կամենում էին Պանդալէոնի դէմ ինչ-ինչ շարժառիթներ փնտռել: Եւ երբ լսեցին ու տեսան, որ նա մտնում է բանտերը եւ դարմանում խոստովանողներին, մատնեցին նրան թագաւորին՝ ասելով. «Ահաւասիկ Պանդալէոնը շրջում եւ բժշկում է մեր աստուածներին անարգողներին: Եթէ իսկոյն չզրկես նրան կեանքից, նա կ՚արգելի շատերին զոհ մատուցել, եւ մարդիկ Ասկլեպիոսի բժշկութիւնները Քրիստոսին կը վերագրեն»: Պատմեցին նաեւ կոյրի հետ կատարուած դէպքի մասին, որը խոստովանել է, թէ ինքը Պանդալէոնի ձեռամբ բժշկուել է Քրիստոսի անուամբ: Այնժամ թագաւորը հրամայեց կանչել բժշկուած կոյրին եւ հարցրեց նրան. «Ո՛վ մարդ, ինչպէ՞ս Պանդալէոնը բժշկեց քեզ»: Եւ նա պատասխանեց. «Աղօթելով Քրիստոսին՝ նա խաչակնքեց իմ աչքերի վրայ, եւ ես իսկոյն տեսայ»: Թագաւորն ասաց. «Իսկ դու ի՞նչ ես ասում, բժշկուեցիր աստուածների զօրութեա՞մբ, թէ՞ Քրիստոսի անուամբ»: Եւ կոյրը, որ ապաքինուել էր, թագաւորին ասաց. «Թող այդ մասին բժիշկներն իրենք վկայեն, որոնք աշխատեցին առանց արդիւնք տալու: Նրանք վերցրին իմ ամբողջ ունեցուածքը եւ չկարողացան օգնել ինձ, աւելին՝ կորցրին նաեւ մի փոքր տեսողութիւնս, որ ունէի»: Թագաւորն ասաց. «Ասա՛ ինձ, ո՞վ է մեծ, Ասկլեպիո՞սը, որին պաշտում են շատերը, թէ՞ Քրիստոսը, Որին միայն Պանդալէոնն է պաշտում»: Եւ նա պատասխանեց. «Քրիստոսը, Ում Պանդալէոնն աղօթեց, որովհետեւ Նա ինձ լոյս շնորհեց, մինչդեռ Ասկլեպիոսի սպասաւորները չկարողացան բժշկել ինձ»:
   Թագաւորը բարկացաւ եւ ասաց նրան. «Հեռացի՛ր, եւ մի՛ ցնդաբանիր՝ տալով Քրիստոսի անունը, որովհետեւ աչքերիդ լոյսը քեզ շնորհել են մեր աստուածները»: Եւ բժշկուած կոյրը համարձակ պատասխանեց. «Այդ դու մի ցնդաբանիր, որովհետեւ Քրիստոս է, որ ինձ կրկնակի լոյս շնորհեց: Նա Իր Պանդալէոն ծառայի միջոցով բացեց իմ աչքերը եւ լուսաւորեց իմ միտքը Սուրբ Հոգու նորոգութեամբ: Ո՛վ թագաւոր, քո աստուածները կոյր են եւ չեն կարող լոյս տալ որեւէ մէկին»: Թագաւորն ասաց. «Երդւում եմ իմ աստուածներով եւ կարծում եմ, որ արդար են բժիշկների ամբաստանութիւնները»: Եւ նոյն պահին հրամայեց տանել երանելի կոյրին ու գլխատել՝ ասելով. «Եթէ դա ապրի, ապա շատերին կը հեռացնի մեր աստուածներից»: Այս լսելով՝ Պանդալէոնը փառաւորեց Աստծուն, եւ սպանողներին ինչքեր տալով՝ վերցրեց վկայի մարմինն ու թաղեց իր հօր մօտ:
    Այնուհետեւ Մաքսիմիանոսը հրամայեց իր մօտ բերել Պանդալէոնին: Եւ նա թագաւորի մօտ գալիս սաղմոսում էր՝ ասելով. «Ո՛վ իմ օրհնութեան Աստուած, մի՛ լռիր, որովհետեւ անօրէնի շուրթերը եւ նենգաւորի բերանը բացուեց ինձ վրայ»(Սաղմ. 108:1-2): Եւ ահա եկաւ ու կանգնեց թագաւորի առջեւ, իսկ մտքի աչքերը յառեց երկնքին:
    Մաքսիմիանոսն ասաց. «Ասա՛ ինձ, Պանդալէո՛ն, ճշմարի՞տ է այն ամէնը, ինչ լսել եմ քո մասին: Մի՞թէ ես չպատուիրեցի քո վարդապետին, որ հոգատարութեամբ ուսուցանի քեզ, որովհետեւ քո վայելչութեան համար կամենում էի քեզ ինձ մօտ վերցնել»: Եւ Պանդալէոնը պատասխանեց. «Արդարեւ, ի՞նչ ես լսել իմ մասին, ո՛վ արքայ»: Թագաւորն ասաց. «Ինչ որ լսել եմ, չեմ հաւատացել, որովհետեւ լուրը կարող է սուտ լինել: Լսել եմ քո մասին, թէ որոնց մենք տանջում ենք աստուածներին զոհ չմատուցելու համար, դու բժշկելով յեղաշրջում ես նրանց, պատուիրում Աստուած անուանել Քրիստոսին ու անարգել մեր աստուածներին»: Այնժամ Պանդալէոնը, լցուած Սուրբ Հոգով, պատասխանեց՝ ասելով. «Աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն: Աստուածներ չեն նրանք, որոնք չեն կարող յարութիւն տալ մեռելներին, լուսաւորել կոյրերին, բժշկել մահիճներում ընկած հիւանդներին: Ես ինչպէ՞ս հաւատամ դրանց: Մի՛ խաբիր, ով արքայ»: Եւ թագաւորն ասաց նրան. «Իսկ Նա, Ում պաշտում են քրիստոնեաները, կարո՞ղ է անել այդ ամէնը»: Պանդալէոնը պատասխանեց. «Անտարակոյս, որովհետեւ Քրիստոս է ամէնքի արարիչը: Եթէ կամենում ես, ո՛վ արքայ, ե՛կ այժմ գործնականում ստուգենք: Հրամայի՛ր, որ այս քաղաքից բերեն մի անդամալոյծի, կանչի՛ր նաեւ քո սպասաւորներից մէկին, որպէսզի ձեր աստուածների անունով աղօթի նրա համար: Ես էլ կ՚աղօթեմ իմ Քրիստոս Աստուծոյ անունով, որպէսզի տեսնես, թէ ում անունով կը բժշկուի անդամալոյծն ու իմանաս, թէ ում պէտք է հաւատալ»:
    Թագաւորը համաձայնեց: Նրա հրամանով փողոցից բերեցին մի անդամալոյծի ու պատգարակով դրեցին նրա առջեւ: Կանչեցին նաեւ բազմաթիւ քրմերի: Թագաւորը Պանդալէոնին ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիր»: Արքայի ակնարկութեամբ քրմերն ու իմաստասէրները քաջալերեցին միմեանց իրենց սնոտի յոյսով: Նրանցից մէկը կանչում էր Ասկլեպիոսին, մէկը՝ Արամազդին, մէկը՝ Աստղիկին, մէկը՝ Հերակլէսին, միւսներն էլ՝ այլ աստուածներին: Իսկ Պանդալէոնը նայում էր նրանց ապարդիւն ջանքերին, ծիծաղում նրանց վրայ եւ արհամարհում, որովհետեւ զուր էին նրանց բոլոր աղաղակները: Թագաւորն ասաց. «Այժմ թող Պանդալէոնն աղօթի»: Եւ սուրբը, երկինք նայելով, աղօթեց. «Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող հասնի Քեզ: Մի՛ շրջիր երեսդ Ինձնից, այլ երբ կանչեմ Քեզ, իսկոյն լսի՛ր ինձ: Չարամիտ անձանց, որոնք չեն ճանաչում Քեզ, ցո՛յց տուր, որ Դու ես, որ բժշկում ես Քեզ յուսացողներին»: Ապա բռնելով անդամալոյծի ձեռքից, վեր կացրեց նրան ու ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով այսուհետեւ առողջ եղիր»: Հիւանդն իսկոյն վեր կացաւ եւ օրհնելով քրիստոնեաների Աստծուն՝ ուրախութեամբ իր տուն գնաց: Այդ օրը շատերը հաւատացին Տիրոջը՝ հեռանալով իրենց սնոտի պաշտամունքներից: Քրմերն ու բժիշկները կրճտացնում էին իրենց ատամները եւ ասում թագաւորին. «Եթէ Պանդալէոնը ողջ մնայ, ապա կը վերացնի աստուածների զօրութիւնը, որովհետեւ նա բոլորին հեռացնում է նրանց երկրպագելուց: Արդ, այսուհետեւ մի՛ հաւատայ նրան, որովհետեւ անդամալոյծը ոտքի կանգնեց աստուածների զօրութեամբ»: Տեղի տալով նրանց խօսքին՝ թագաւորը Պանդալէոնին ասաց. «Հնազանդուի՛ր ինձ եւ զոհ մատուցիր աստուածներին: Դու չե՞ս լսել, թէ որքան մարդ է մեռել ինձ չհնազանդուելու համար»: Պանդալէոնն ասաց. «Ովքեր մեռան Քրիստոսի համար, ապրում են յաւիտենական կեանքում»: Թագաւորն ասաց. «Այլեւս բաւական է տաս Քրիստոսի անունը: Խնայի՛ր քո երիտասարդութեանը, մօտեցի՛ր եւ զոհ մատուցիր, այլապէս քեզ բազմաթիւ եւ դժուարին տանջանքներ են սպասւում»: Քրիստոսի վկան պատասխանեց. «Մատնի՛ր ինձ չարաչար տանջանքների, ինչպէս կամենում ես, որովհետեւ Քրիստոս Աստուծոյ համար ես պատրաստ եմ համբերել ամէն բանի»: Մաքսիմիանոսն ասաց. «Լսե՞լ ես, թէ օրեր առաջ ինչ պատահեց Անթիմոս ծերին»: Պանդալէոնն ասաց. «Նաեւ դու ինքդ տեսար, թէ այդ ծերն ինչպէս համբերեց յանուն Աստուծոյ եւ չշեղուեց աստուածպաշտութիւնից, այլ իր դողդոջուն մարմինը յօժարութեամբ մատնեց դահճին: Առաւել եւս մենք, որ երիտասարդ հասակում ենք, պարտաւոր ենք դէպի առաջ գնալ, որպէսզի արժանի լինենք անանց պսակին»:
    Տեսնելով նրա անսասան հաւատը՝ թագաւորը հրամայեց կապել ու քերել նրա մարմինը, իսկ կողերի տակ ներքեւից ջահեր վառել: Երանելին, երկինք նայելով, համբերում էր տանջանքներին եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, մօտ եղիր ինձ այս տանջանքների մէջ եւ կատարեալ զօրութեամբ օգնի՛ր ինձ այս պատերազմում»: Այնժամ Քրիստոս երեւաց նրան Երմողայոս ծերի նմանութեամբ եւ ասաց. «Ի՛մ սիրելի, մի՛ զարհուրիր եւ մի՛ վախեցիր պատերազմել, որովհետեւ Ես միշտ քեզ հետ եմ»: Եւ երանելին քաջալերուեց: Արձակուեցին նրա կապանքները, հուրը մարեց, իսկ դահիճները յոգնեցին: Տեսնելով կատարուածը՝ Մաքսիմիանոսն ասաց. «Այդ ի՞նչ մոգական վարպետութիւն ունես, ասա՛ ինձ, քանզի ահա ջահերն իրենք իրենց մարեցին, իսկ տանջանքներն անզօր դարձան»: Սուրբը պատասխանեց. «Քրիստոս է իմ զօրութիւնը, Ով մարեց ջահերը եւ ամաչեցրեց քեզ ու քո արբանեակներին»: Մաքսիմիանոսն ասաց. «Ես քեզ կը մատնեմ դառը տանջանքների, եւ այնժամ դու ստիպուած զոհ կը մատուցես»: Պանդալէոնն ասաց. «Ինչքան մեծ լինեն քո պատճառած չարչարանքները, այնքան Քրիստոս առաւել կը զօրացնի ինձ»:
   Այս լսելով՝ թագաւորը հրամայեց բերել երկաթէ մեծ կաթսայ, դրա մէջ կապար հալեցնել եւ արդարին մեջը գցել: Երբ կապարը եռաց, դահիճները մօտեցան սուրբին՝ մերկացնելու եւ կաթսայի մէջ գցելու համար: Իսկ նա, երկինք նայելով, ասաց. «Աստուա՛ծ, երբ աղաչեմ քեզ, լսի՛ր աղօթքս եւ փրկի՛ր ինձ թշնամու երկիւղից: Թաքցրո՛ւ ինձ չարագործների ամբոխից, որոնք անօրէնութիւն են գործում» (Սաղմ. 63:2-3): Եւ երբ աղօթեց, ի դէմս Փրկչի՝ երեւաց նրան հրեշտակը, բռնեց նրա ձեռքից եւ նրա հետ կաթսայի մէջ մտաւ: Հուրն իսկոյն մարեց, եւ տապակը զովացաւ: Եւ սուրբ վկան սկսեց սաղմոսել՝ ասելով. «Ես Աստծուն ձայն տուի, եւ Տէրը լսեց ինձ: Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կը լսի»(Սաղմ. 54:1-18):
    Ներկաները զարմացան իրենց տեսածից, իսկ թագաւորն ասաց նրանց. «Այդ կախարդը հանգցրեց կրակը եւ սառեցրեց կապարը: Եւ այժմ ի՞նչ տանջանքներով պիտի յաղթենք նրան»: Եւ մտերիմներն ասացին. «Դրան նետիր ծովի խորքերը: Մի՞թէ նա կարող է կախարդել նաեւ ծովին»: Այնժամ թագաւորի հրամանով ծառաները դրեցին նրան մի մակոյկի մէջ, մի ծանր քար կապեցին նրա պարանոցից եւ երեսուն ասպարէզ հեռանալով ափից՝ սուրբին նետեցին ծովի խորքերը: Մաքսիմիանոսն անձամբ եկել էր ծովափ՝ տեսնելու նրա վախճանը: Եւ ահա երեւաց Քրիստոս Երմողայոս ծերի կերպարանքով, սաստեց ծովին, եւ ծովը, սարսափելով Աստուծոյ ահից, բարձրացրեց սուրբին ալիքների վրայ, իսկ քարը տերեւի պէս լողաց ջրի երեսին: Եւ սուրբը փառաւորեց Աստծուն՝ ասելով. «Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ» (Սաղմ. 9:2): Այդպէս սաղմոսելով՝ Քրիստոսի առաջնորդութեամբ նա ցամաք ելաւ: Թագաւորն ասաց. «Քո կախարդութեամբ դու նաեւ ծովի՞ն սանձեցիր»: Պանդալէոնը պատասխանեց. «Ոչ թէ ես, այլ Տէր Յիսուս Քրիստոս, Ով ինձ հետ է, եւ Որին դու արժանի չես տեսնել»:
   Այնուհետեւ թագաւորը հրամայեց բերել ամէն տեսակ գազաններ, որպէսզի նրանցով վերացնի արդարին: Ապա ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես, որ դրանք պատրաստ են յօշոտել քեզ, եթէ զոհ չմատուցես աստուածներին: Ես խնայում եմ երիտասարդութեանդ եւ չեմ ուզում, որ դաժանօրէն մեռնես, ինչպէս քեզնից առաջ եղած անօրէնները՝ թէ՛ տղամարդիկ եւ թէ՛ կանայք»: Պանդալէոնը պատասխանեց նրան. «Ո՛վ մոլորուած թագաւոր, դու կամենում ես ահաբեկել ինձ այս ամէնով, սակայ ինձ աւելի զօրեղ ես դարձնում: Իմ Աստուծոյ զօրութեամբ ես չեմ վախենում գազաններից, որովհետեւ Նա, Ով թուլացրեց դահիճների ձեռքերը, վերացրեց կրակի այրող զօրութիւնը, զովացրեց հալուած կապարը եւ ծովի մէջ ոտքերիս համար ճանապարհ բացեց, կարող է այժմ հնազանդեցնել նաեւ գազաններին եւ նրանց ոչխարներից աւելի հեզ դարձնել: Իսկ դու պիտի վախճանուես՝ տանջուելով քո այդ մոլորութեան մէջ»:
   Եւ եղաւ սուրբի խօսքի համաձայն: Ասպարէզում Քրիստոս դարձեալ երեւաց նրան Երմողայոս ծերի նմանութեամբ ու զօրացրեց, իսկ գազանները, որոնք արձակուեցին նրա վրայ, շրջապատեցին երանելուն եւ մարդկանցից առաւել մարդասէր եղան. առիւծները թաթերով մաքրում էին նրա երեսը, ինձերը՝ լիզում նրա ոտքերը, միւս գազաններն էլ մռմռալով ու մռնչալով հեռանում էին ու ոչնչացնում միմեանց: Այնժամ ողջ ժողովուրդը գոչեց ընդդէմ թագաւորի. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, արձակի՛ր այդ արդար մարդուն»: Այս բանից սրտմտած ու գազազած՝ թագաւորը սպանել տուեց աղաղակող շուրջ հազար մարդկանց եւ նրանց մարմինները գցել տուեց գազանների առաջ, որոնք չմօտեցան նրանց, եւ որի պատճառով թագաւորը հրամայեց կոտորել նաեւ գազաններին: Իսկ արդարն ասում էր. «Փա՛ռք Քեզ, Յիսո՛ւս Քրիստոս, մեծ են Քո սքանչելիքները, որովհետեւ Քո սիրոյ համար մեռան ոչ միայն մարդիկ, այլեւ վայրի գազանները, որոնք Քո համար սպանդի մատնուեցին՝ յանձն չառնելով մօտենալ Քո բարձրեալ անունը խոստովանողներին»:
Թագաւորը դիակները նետել տուեց մի մեծ խորխորատի մէջ, իսկ Պանդալէոնին բանտարկելով՝ իր խորհրդականներին ասաց. «Ի՞նչ անենք այս պատանուն, քանզի նա իր կախարդութեամբ շատերին հեռացրեց մեր աստուածներից: Եւ ինչպէ՞ս մտափոխենք ամբոխին, որոնք խաբուելով գնացին նրա մոլորութեան յետեւից»: Ապա նրանց խորհրդով պատրաստել տուեց մի մեծ անիւ, որից որեւէ մարդու անհնար էր փրկուել եւ ասաց. «Քարոզէ՛ք քաղաքում, որ բոլորը հաւաքուեն ու տեսնեն Պանդալէոնի կորուստը, որպէսզի ովքեր հաւատացին Քրիստոսին, զղջան եւ դառնան դէպի մեր աստուածները»:
    Նշանակուած օրը Մաքսիմիանոսը հրամայեց բանտից դուրս բերել Պանդալէոնին եւ տանել ատեանի առաջ: Քրիստոսի զինուորը գալիս էր՝ սաղմոսելով. «Խոնարհի՛ր, Տէ՛ր, ունկդ եւ լսի՛ր ինձ, որովհետեւ տնանկ եւ աղքատ եմ: Սուրբ պահիր ինձ, Տէ՛ր, փրկի՛ր Քո ծառային, Աստուա՛ծ իմ, որ յոյսը Քեզ վրայ է դրել»(Սաղմ. 85:1-3): Եւ երբ աւարտեց իր աղօթքը, դահիճները կապեցին նրան անիւի վրայ եւ գլորեցին զառիվայր, սակայն նրա կապանքներն իսկոյն արձակուեցին: Քրիստոսի օգնականութեամբ սուրբն ամբողջովին անվնաս մնաց, իսկ անիւը գլորուելով սպանեց շուրջ հինգ հարիւր հեթանոսների: Մեծ երկիւղ պատեց բոլորին: Զարհուրեց նաեւ թագաւորը, սակայն նա, բռնուած չարութեամբ եւ անօրէնութեամբ, կանչեց սուրբին եւ ասաց. «Որքա՞ն ես յամառելու: Ոմանց բժշկելով հեռացրիր աստուածներից, ոմանց էլ մահուամբ կործանեցիր»: Այնժամ երանելին յանդիմանեց բռնաւորի խստասրտութիւնը եւ ասաց. «Լի՛րբ եւ անամօ՛թ, սատանայի՛ որդի: Լա՛ւ է ասել մարգարէն ձեր մասին, թէ «Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կþիջնեն իր անօրէնութիւնները»(Սաղմ. 7:17)»: Մաքսիմիանոսն ասաց. «Ո՞վ է այդ ամէնը սովորեցրել քեզ»: Պանդալէոնն ասաց. «Իմ հոգեւոր ծնողը՝ Երմողայոս երէցը»: Թագաւորը նենգութեամբ ասաց. «Կարո՞ղ եմ տեսնել նրան, որպէսզի ես եւս սովորեմ նրանից»: Իսկ Պանդալէոնը չծածկեց նրա անունը, որովհետեւ գիտէր նրա նահատակութեան յօժարութեան մասին եւ միաժամանակ ակնկալում էր, թէ նրա խօսքից թագաւորը կը շահի, որի համար ասաց. «Եթէ հրամայես, ես կը գնամ ու նրան քեզ մօտ կը բերեմ»: Եւ երբ թագաւորը թոյլատրեց, պահապանների ուղեկցութեամբ Պանդալէոնը գնաց, մտաւ այն խուցը, որտեղ ապրում էր ծերը եւ տեսնելով նրան՝ ասաց. «Իմ տէ՛ր հայր, թագաւորը կանչում է քեզ»: Եւ ծերն ասաց. «Բարո՛վ եկար, որդեա՛կ, այս գիշեր մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս, երեւաց ինձ եւ ասաց. «Երմողայո՛ս, եկել է քո պատերազմելու ժամը, ինչպէս որ պատերազմում է իմ ծառայ Պանդալէոնը»»: Եւ նա վեր կացաւ ու մեծ ուրախութեամբ գնաց Պանդալէոնի հետ:
   Երբ թագաւորը տեսաւ նրան, հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Եւ ծերը պատասխանեց. «Տէրունական իմ անունը քրիստոնեայ է, սակայն ծնողներս ինձ Երմողայոս են կոչել»: Թագաւորն ասաց. «Դու քեզ հետ ընկերներ ունե՞ս»: Եւ ծերը պատասխանեց. «Այո, նրանք երկուսն են»: Թագաւորն ասաց. «Ի՞նչ են նրանց անունները»: Ծերն պատասխանեց. «Երմիպպոս եւ Երմոկրատէս: Նրանք քրիստոնեաներ են, ինչպէս որ մենք»: Թագաւորն ասաց. «Կանչէ՛ք նաեւ նրանց»: Եւ երբ նրանք էլ եկան, թագաւորը հարցրեց. «Այդ դո՞ւք Պանդալէոնին հեռացրիք աստուածներից»: Նրանք պատասխանեցին. «Քրիստոս Իր մօտ է կանչում արժանաւորներին»: Թագաւորն ասաց. «Համոզէ՛ք նրան, որ այսուհետեւ զոհ մատուցի աստուածներին, որպէսզի լինէք իմ սիրելիները եւ մերձաւորները»: Նրանք ասացին. «Մենք աղաչում ենք մեր երկնաւոր Աստծուն, որպէսզի սիրելի եւ մերձաւոր լինենք միայն Իրեն»: Այս ասելով՝ չորս սուրբերը միաբան աղօթեցին Տիրոջը եւ ասացին. «Տէ՛ր Աստուած, ցո՛յց տուր Քո աստուածութեան զօրութիւնը այստեղ հաւաքուածներին»: Եւ Քրիստոս երեւաց նրանց, իսկ այն տեղը, որտեղ աղօթում էին, նոյն պահին շարժուեց: Թագաւորն ասաց. «Ահա տեսնո՞ւմ էք, որ իմ աստուածները նաեւ երկիրն են շարժում»: Սուրբ Պանդալէոնը պատասխանեց նրան. «Եթէ նրանք կարողանում են շարժել երկիրը, ապա ինչո՞ւ իրենք կործանուեցին»:
    Այս խօսքի վրայ մէկը, որ գալիս էր թագաւորի մեհեանից, գուժեց՝ ասելով. «Արքա՛, քո աստուածներն ընկան ու փշրուեցին»: Այս լսելով՝ թագաւորը սաստիկ խռովուեց եւ ասաց. «Երդւում եմ իմ արեւով, որ եթէ դրանց իսկոյն չվերացնեմ, մեծ խառնաշփոթ կ՚առաջացնեն: Տեսա՞ք, թէ ինչպէս այդ չորս մոգերը միաբան համարձակուեցին ձեռք բարձրացնել նաեւ աստուածների վրայ»: Ապա հրամայեց բանտարկել Պանդալէոնին, իսկ միւս երեք վկաներին՝ չարչարել ու տանջել եւ ապա գլխատել: Եւ մինչ երանելիներն աղօթում էին, դահիճները գլխատեցին սուրբ Երմողայոս երէցին ու երկու եղբայրներին՝ Երմիպպոսին եւ Երմոկրատէսին, որոնց մարմինները քրիստոնեաները վերցնելով թաղեցին:
    Այնուհետեւ Մաքսիմիանոսը կանչեց Պանդալէոնին եւ ասաց նրան. «Մի՛ կարծիր, թէ որեւէ մէկը կարող է քեզ փրկել իմ ձեռքից, սակայն եթէ զոհ մատուցես, ապա կը փրկուես»: Պանդալէոնն ասաց. «Արժան չէ պատասխանել քո այդ խօսքերին»: Թագաւորն ասաց նրան. «Ահա քո վարդապետ Երմողայոսը, Երմոկրատէսը եւ Երմիպպոսը, հնազանդուելով ինձ, զոհ մատուցեցին եւ այժմ էլ առաջաւոր դիրք ունեն արքունիքում»: Պանդալէոնն ասաց. «Ո՛վ թագաւոր, հրամայի՛ր, որպէսզի տեսնեմ նրանց ու յաւիտեան նրանց հետ լինեմ նոյն արքունիքում»: Թագաւորն ասաց. «Ես նրանց գործով ուրիշ քաղաք եմ ուղարկել»: Պանդալէոնը պատասխանեց. «Լա՛ւ ասացիր, ո՛վ անամօթ, կամենում էիր ստել, բայց ասացիր ճշմարտութիւնը, որովհետեւ նրանք երկնքում են՝ Քրիստոսի քաղաքում եւ երկնաւոր արքունիքում»: Թագաւորը բարկացաւ սուրբի վրայ, հրամայեց գանահարել նրան եւ ապա գլխատել:
Սուրբը գնում էր ուրախութեամբ եւ սաղմոսում՝ ասելով. «Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ: Մեղաւորները հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց: Տէրն արդար է, նա կը խորտակի մեղաւորների պարանոցը»(Սաղմ. 128:1-4):
    Դահիճները տարան նրան Նիկոմիդիա քաղաքից դուրս՝ մէկ մղոն հեռու դէպի արեւմտեան կողմը: Կապեցին նրան մի ձիթենուց, եւ դահիճներից մէկը մօտենալով հարուածեց նրան սուսերով: Եւ ահա սուրը դարձաւ մոմից էլ փափուկ, յետ ծալուեց եւ չվնասեց արդարին: Դահիճներն ահաբեկուեցին եւ ասացին. «Մե՜ծ է Քրիստոսի զօրութիւնը»: Ընկնելով սուրբի ոտքերը՝ նրանք աղաչեցին աղօթել իրենց համար, «որովհետեւ, - ասացին, - մենք եւս հաւատացինք քո Աստծուն»: Այնժամ սուրբն, աչքերը երկնքին յառելով, աղօթեց՝ ասելով. «Իմ Տէ՛ր Աստուած, կատարի՛ր իմ ցանկութիւնը եւ թողութիւն շնորհիր այս մարդկանց: Բաժին տուր նրանց երկնքի Արքայութեան մէջ, որովհետեւ, Տէ՛ր, նրանք ապաւինեցին Քեզ»: Երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Պանդալէո՛ն, Իմ ճշմարի՛տ ծառայ, ահա կատարուեց քո ցանկութիւնը, եւ քո առջեւ բացուեցին երկնքի դռները: Այսուհետեւ դու չես կոչուի Պանդալէոն, այլ՝ Պանտէլէիմոն (որ թարգմանաբար նշանակում է ամենողորմ), որովհետեւ դու ողորմեցիր շատերին եւ նեղութեան մէջ ապաւէն եղար նրանց: Քո ոսկորների նշխարները կը բժշկեն բոլոր ախտաժէտներին»: Այս լսելով՝ երանելին դարձաւ դահիճներին եւ ասաց. «Կատարէ՛ք արքունի հրամանը», սակայն նրանք չկամեցան ձեռք բարձրացնել նրա վրայ: Քրիստոսի վկան ասաց նրանց. «Եթէ չկատարէք թագաւորի հրամանը, ինձ հետ բաժին չէք ունենայ»: Այնժամ դահիճները համբուրեցին նրա ամբողջ մարմինը եւ ապա գլխատեցին սուրբին: Եւ ահա նրանից արեան հետ կաթ բխեց, երանելու ամբողջ մարմինը ձեան պէս սպիտակ դարձաւ, եւ ձիթենու տունկը լցուեց պտուղներով: Տեսնելով մեծամեծ սքանչելիքները՝ Նիկոմիդիա քաղաքի մեծաթիւ բազմութիւնը փառաւորեց Աստծուն, եւ այդ օրը շատերը հաւատացին Տիրոջը: Երբ թագաւորն իմացաւ այս մասին, հրամայեց կտրել ծառը եւ այրել սուրբի մարմինը: Սակայն քրիստոնեաները դահիճների օգնութեամբ առան նրա պատուական մարմինը եւ ամփոփեցին ծածուկ մի վայրում՝ մօտ նրա նահատակութեան վայրին, որ գտնւում էր ոմն Ադամանտիոս Սքողաստիկոսի կալուածքում: Հրեշտականման սուրբ Պանտէլէիմոնը նահատակուեց Տիրոջ 300 թուականին, յուլիս ամսին:
    Կոստանդիանոս կայսրը սուրբ Պանտէլէիմոնի անունով վկայարաններ շինեց ոչ միայն Նիկոմիդիայում, այլեւ Կոստանդնուպօլսում, Սեբաստիայում եւ Յորդանանի անապատում:
    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Պանտէլէիմոն բժշկի եւ Երմողայոս քահանայի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող չորրորդ հինգշաբթի օրը՝ սուրբ Եպրաքսիա ճգնաւոր կոյսի հետ:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 612: