ՍՈՒՐԲ ՊԻՈՆ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂ ԶՄԻՒՌՆԻԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Օրհնեն զՔեզ, Աստուած, զօրք ամենայն հրեշտակաց.

արդարոց անձինք եւ հոգիք ամենայն սրբոց:

Գովեն զՔեզ, Քրիստոս, մարտիրոսացն ժողովք.

դասք մարգարէից եւ գունդք ամենայն սրբոց:

Բարեբանեն զՔեզ, Սուրբ Հոգի, որ միայնդ ես հզօր

եւ պահես զօրացեալ զյուսացեալս ի Քեզ:

(Շարակնոց)
   

   Առաքելանման այրը եւ Քրիստոսի վկայ Պիոն քահանան ապրել է Գ դարում: Նա Զմիւռնիայի 1 եկեղեցու գլխաւոր երէցներից մէկն էր, լի Հոգով ու վարդապետութեան զօրաւոր խօսքով, որով շատ հրէաների եւ հեթանոսների դարձնում էր ճշմարիտ հաւատի ճանապարհին: Իր բարեպաշտութեամբ ու վարքով հաւատի սիւն եւ առաջնորդ էր Զմիւռնիայի բոլոր հաւատաւորների համար, քանի որ քրիստոնեաների դէմ Դեկոս կայսեր յարուցած հալածանքների ժամանակ նա քաջալերում էր նրանց` համբերել բոլոր նեղութիւններին:

Զմիւռնիայում կռապաշտները բռնեցին նրան եւ տարան Կունդիանոս դատաւորի մօտ: Վեց այրեր տանում էին սուրբին` իրենց ուսերին դրած, իսկ նա աղաղակում էր. «Ես քրիստոնեայ եմ` Քրիստոսի ծառան եւ ձեր կուռքերին զոհ չե՛մ մատուցի»: Եւ երբ նրան կանգնեցրին դատաւորի առջեւ, նա համարձակ խոստովանեց Քրիստոս Աստծուն:

   Քրիստոսի Յարութեան Զատկի օրն էր: Հրապարակում մեծաթիւ ամբոխ էր հաւաքուել Պիոն քահանայի համար: Այնտեղ նա սկսեց համարձակ յանդիմանել հրէաներին եւ հեթանոսներին` իրենց չար եւ մոլար ընթացքի համար: Վերջում նրա համար մահավճիռ արձակեցին` յայտարարելով, թէ Պիոնը, ով իրեն քրիստոնեայ կոչեց, պէտք է մահապատժի ենթարկուի: Եւ հրամայեցին ողջ­ողջ այրել նրան:

   Երբ տանում էին նահատակութեան վայրը, Պիոնն ինքը հանեց իր գօտին, մերկացաւ հանդերձներից, աչքերը երկինք բարձրացրեց եւ մեծ գոհութեամբ աղօթեց Աստծուն: Ապա դահիճները նրա ձեռքերն ու ոտքերը գամեցին փայտին եւ նրա շուրջը հուր բորբոքեցին: Սուրբը փակ աչքերով մտքում աղօթում էր Աստծուն, իսկ հաւաքուած բազմութեանը թւում էր, թէ նա աւանդել է իր հոգին: Եւ երբ աւարտեց աղօթքը, բարձրաձայն աղաղակեց ` ասելով. «Տէ՜ր, ընդունի՛ր իմ հոգին», եւ այդպէս ընդունեց իր նահատակութիւնը:

   Երբ մարեց հուրը, եկան քրիստոնեաները եւ տեսան նրան` անվնաս մարմնով: Չէին այրուել անգամ գլխի մազերը: Մեծ հիացմունքով փառաւորեցին Աստծուն եւ առաւել հաստատուեցին հաւատի մէջ, իսկ կռապաշտները երկմտեցին իրենց մոլար պաշտամունքի համար:

   Սուրբ Պիոն քահանան նահատակուեց սուրբ Զատկի ճրագալոյցի օրը` ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ Յարութեան:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 145: