ՍՈՒՐԲ ՊՕՂԻՔՏՈՍ ԶԻՆՈՒՈՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Պարծեսցին սուրբքն փառօք.

եւ ցնծասցեն յաւիտենական ի վաստակս իւրեանց

յա­ւուր գալստեան Փրկչին.

յորժամ գայ փառօք Հօր փառաւոր լինել ի մէջ սրբոց իւրոց:

(Շարակնոց)

   
   Քրիստոսի քաջ զօրական սուրբ Պօղիքտոսը (յու­­­­նա­րէն՝ Էւգդոս, որ նշանակում է «բազ­մ­ա­ղօթք») Փոքր Հայքի Եփրատ գետի մօտ գտնուող Մելիտինէ 1 քաղա­քից էր: Ծնուել է Դեկոս կայսեր թագաւորու­թեան ժամանակներում անուանի ծագում ունեցող հե­­թանոս ծնողներից: Չա­փահաս դառնալուն պէս փե­­­­սայացաւ քաղաքի Փելիքս անունով իշխանին, եւ նրա դստերը՝ Պաւղինէին, կնութեան ա­ռաւ: Նա արքունի զօրականների հետ բարձրակարգ զի­նուորական աստիճան ունէր գնդում, որը կոչ­ւում էր «գեռաւնովօլոս», այսինքն՝ շանթառաք կամ կայծակնարկու:

   Մելիտինէում կար Նէար­քոս անունով քրիստոնեայ մէկ այլ զօ­րա­կան: Աստուծոյ նա­խա­­խնամութեամբ Պօղիքտոսի ու նրա միջեւ ծանօթութիւն հաստատուեց, որը վերածուեց մտեր­մու­թեան, իսկ այնուհետեւ դարձան հարազատ եղբայրներից առաւել սիրելի ընկերներ եւ մտերիմ բարեկամ­ներ, եղան մի հոգի երկու մարմիններում: Այս մտերմութիւնից Պօղիքտոսը յարեց քրիստոնէութեանը ու թողեց կուռքերի սնո­տի պաշտամունքնե­րը: Տեսնելով իր բարեկամ Նէար­քոսի խոնարհ եւ առաքինի վարքը՝ իր անձի մէջ ընդօրինակում էր նրա առաքինութիւններն ու օր­ըստ­­օրէ առաջադիմում: Դեռեւս չմկրտուած՝ ապ­րում էր կատարեալ քրիստոնէական վար­­­քով եւ դարձաւ որպէս պտղալից ձիթենի՝ ար­­ժանի տնկուելու Աստուծոյ Տանը: Իսկ Նէար­քոսն անդադար երկունքի մէջ էր, որպէսզի նրան պա­տուաստէր բա­րի ձիթենուն:

   Այդ շրջանում ընդ­դէմ քրիստոնեաների ամենուր տարածուեց Դեկոս ու Վաղե­րիա­նոս ինքնակալների խիստ հրամանը, որն արքու­­նի հրո­վարտակներով տարածուեց քաղաքից քա­­­ղաք: Ըստ այդ հրամանի՝ ով պաշտա­մունք մա­տու­ցէր կուռքերին, խաղաղութիւն կը վայելէր, իսկ ով յանձն չառ­նէր, մահուամբ կորստեան կը մատ­նուէր, իսկ նրա ունեցուածքը աւար կը վեր­ցուէր: Հրովարտակը հասաւ նաեւ Մելիտինէ՝ Փե­լիքս իշխանին, որպէսզի սա գտնէր քրիստոնեաներին եւ մահու չափ տանջանքների ենթարկէր:

   Այս լսելով՝ Նէարքոսը մտածեց, որ ըստ այդ հրամանի՝ իրեն՝ որպէս քրիստոնեայ, կը բռ­նեն ու մահուան կը մատնեն, որի համար սկսեց պատրաստել իր անձը՝ նահատակուելու Քրիստոսի ա­նուան հա­մար: Սակայն նա յոյժ տրտմում եւ հո­գում էր իր սիրելի բարեկամի՝ Պօղիքտոսի համար, անհանգստա­նում էր, թէ գուցէ նա զրկուի պսակ­­ներից` մկրտուած չլինելու ու ճշմարիտ հաւատի մէջ դեռեւս հաստատուած չլինելու պատճառով: Ճմլ­ւում էր նրա սիրտը, որովհետեւ սպասում էր, որ յաւիտեան պիտի բաժանուի իր այդքան սիրելի անձից, եւ անասելի տխրութիւնից չէր կարողանում հա­­մարձակ նա­յել իր բարեկամի երեսին: Երբ տես­­նում էր նրան, ցաւագին հե­ծեծում էր, գա­լար­ւում էին աղիքները, ու լց­ւում էր խոր թախիծով: Առանձնանում էր, լալիս դառնապէս եւ ուժ­գին պաղատանքներով աղօթում ն­րա համար: Պօղիքտոսը, մէկ-երկու անգամ տես­նե­լով նրա տրտմութիւնը, հարցրեց պատճառը, իսկ Նէար­քոսը չէր համարձակւում ասել այն, ինչ ու­նէր սրտում: Սակայն Պօղիքտոսի երկար թախանձանք­ներից յետոյ ասաց. «Ինչպէ՞ս չտրտմեմ, ո՛վ սի­րելի բարե­կամ, քանզի շուտով պատրաստւում է քակ­տուել իմ ու քո միջեւ եղած անխզելի սի­­­րոյ կապը, որի համար մորմոքւում է սիրտս»: Այս լսելով՝ Պօղիքտոսն ալեկոծուեց եւ դար­ձեալ հարց­րեց. «Որտեղի՞ց քեզ այդ տխուր մտքերը, ո՛վ իմ սիրելի Նէարքոս: Ասա՛ համարձակ, աղաչո՛ւմ եմ քեզ, ի՞նչ կայ քո սրտում»: Նէ­ար­քոսն ասաց. «Չե՞ս լսել արդեօք Քրիս­տոսի ծառաների հա­մար արձակուած արքունի հրովար­տա­կը, որն ինձ մահուամբ պիտի բաժանի քեզնից ու քեզ թողնի անմխիթար վիճակում: Ես մեծա­­պէս տրտում եմ ոչ թէ իմ, այլ քեզ համար»:

   Այն­­­ժամ երանելի Պօ­ղիք­տոսն ասաց. «Երբէք մի՛ տրտ­­միր ինձ համար, քանզի ինչպէս դու, այնպէս էլ ես Քրիս­տոսի հաւատարիմ ծառան եմ ու մեր Քրիստոս Փրկչից, Ում դաւանում եմ որ­պէս ճշմա­րիտ Աստուած, ակնկալում եմ մաս եւ բաժին ունե­նալ Իր ընտրեալնե­րի հետ, որի առհաւատչեան կան­­խապէս ստացել եմ տեսիլքով: Քանզի երազում տեսնում էի, որ Քրիստոս իմ վրայից հանեց զինուորական աղտոտուած քղամիդը, զգեստաւորեց ինձ պայծառ հանդերձներով ու թեւաւոր ձի տուեց: Գիտեմ, որ ինձանից վերցուած աղտեղի պատ­­­մուճանը երկրաւոր զինուորութեան կարգում հեթանոսութեան մէջ եղած իմ նախկին վիճակն էր: Պայծառ զգեստ­­ները ցոյց էին տալիս, որ պէտք է վկայական մահով երկրաւոր զինուորու­թիւնից անց­նեմ փառաւոր կարգի մէջ, իսկ թեւաւոր ձին իմ արագաթռիչ ըն­թացքն է երկրից դէպի երկինք: Արդ, լուսաւորուել է իմ միտքը, եւ ժամն է ինձ մարտիրոսանալու ու մկրտուելու իմ արեամբ, եթէ չհասցնեմ ընդունել Աւազանով մկրտութիւնը, ո­րին փափագում եմ»: Նէարքոսը, լսելով Քրիստոսի վկա­յի լուսաւոր խօսքերը, զուար­թա­ցաւ հոգով, լցուեց մեծ խնդութեամբ եւ ա­սաց. «Դու գտել ես ցանկալի ճշմարիտ Լոյ­սին՝ մեր Քրիստոս Աստծուն: Եւ արդ, ուրախ եմ ի Տէր, որ արժանի եղայ գտնելու այդպիսի բարեկամ»:

   Ապա Պօղիքտոսը Հոգով լցուած գնաց իր աներոջ՝ քաղաքի Փելիքս իշխանի մօտ ու առանց յայտնելու իր քրիստոնեայ լինելը նրանից խնդրեց քրիստոնեանե­րի համար արձակուած արքունի հրո­վար­տակը: Երբ կարդաց անիրաւ հրա­մա­նը, չկարողանալով հանդուրժել հեթանոսական կուրութիւնը, այն պատռելով գցեց գետնին եւ տնից դուրս եկաւ: Եւ տեսաւ, որ հեթանոսները, ղողանջներ ար­ձա­կե­լով, բարձրացրած բերում էին թուով տասներկու կա­­ւեղէն կուռքեր եւ տա­նում էին՝ հրապարակաւ դնե­­լու զոհասեղանի վրայ: Պօղիքտոսն արագ առաջ անցաւ, ցած գցելով՝ ջարդեց կուռքերն ու ոտքի տակ տալով՝ փշրեց: Սակայն այդ պա­­հին ոչ ոք չհամարձակուեց բռնել նրան, որով­հե­տեւ նա քաղաքապետի փեսան էր:

   Իսկ Փելիքս իշխանը, իմանալով, թէ ինչ է արել Պօ­­­ղիքտոսը, յոյժ տրտմեց, ո­րովհետեւ պէտք է վրէժխնդիր լինէր եւ չարչարէր քրիս­տոնեա­նե­րին, ինչ­պէս որ հրամայել էր թագաւորը: Մեծ ցաւ էր ապրում փեսային կորցնելու հա­մար, որի հա­մար կանչեց նրան ու սկսեց քաղցրութեամբ խրա­տել, որ հրաժարուի քրիստոնէութիւնից, «ապա թէ ոչ,- ասաց,- ո՛չ մարդկանցից որեւէ մէկը եւ ո՛չ էլ ան­մահ աստուածներից մէկը չի՛ կարող ներել քո յան­դգնու­­թիւնն ու համարձակութիւնը կուռքերի արձանները փշրելու համար: Եւ ինչ­պէ՞ս ես յանձն առ­նում զրկուել ընտանիքից ու զաւակ­նե­րից, այ­րի­աց­նել իմ դստե­րը եւ հեռանալ կեանքից ոչ թէ սո­վո­րական մահով, այլ մահապարտների օ­րէն­քով՝ իբրեւ չարագործ»: Պօղիքտոսը պատաս­խա­նեց. «Այ­­­սուհետեւ չեմ հո­գում ո՛չ զաւակներիս, ո՛չ կնոջս ու ոչ էլ երկրաւոր այլ բաների մասին, այլ տեն­­­չում եմ երկնաւոր անանց վայելչութեանը եւ անա­պական պսակներին»:

   Այն­ժամ լալագին նրան մօտեցաւ կինը՝ Պաւլինէն: Սկսեց բարձրաձայն ողբալ ու աղաչանքներով համոզել ամուսնուն թողնել Քրիստոսին եւ ոչ թէ կուռքերին: Արտասուքներով նոյնն էին խնդրում նրա բարեկամներն ու ծանօթները, բայց երանելին ամենեւին տեղի չէր տալիս բարեկամների թախանձանքներին եւ կնոջ արտասուքներին, այլ ջանում էր Տիրոջ խօսքով նրանց դարձնել ճշմարտութեան ճանապարհին:

   Այն­ժամ իշխանը, քաղցրութիւնը դառնութեան փոխարկե­լով, դահիճներին հրա­մա­յեց հարուածել նրա բերանին ու սպառնաց դառը չարչարանքներով զրկել կեանքից: Իսկ սուրբ վկան, զուարթութեամբ ընդու­նե­լով հարուածները, շտապում էր հաս­նել արեամբ մկրտութեանը եւ վկա­յու­թեան հան­դէ­սին: «Պատրա՛ստ եմ, - ասաց, - մեռնել Տիրոջ անուան համար տե­սակ-տեսակ չարչարանքներով ու դա­ռը կտտանքներով, քանզի իմ կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ: Ինձ փառք եմ համարում զինուորագրուել անմահ Արքային, Ով ինձ խաւարից դէ­պի լոյս կանչեց: Ես տեսնում եմ իմ Փրկչին, Ով մերձ է ինձ եւ զօրացնում է իմ անձը»: Կինը՝ Պաւլի­նէն, եւս արտասուքներով թախանձեց Պօղիքտոսին խնայել իրեն ու ընտանիքին եւ դաժան մա­­հուամբ չկորցնել երիտասարդ կեանքը: Իսկ առա­­քինի նահատակը, տեսնելով, որ չարը կա­մե­նում է պատրել իրեն կնոջ ու ընտանիքի մի­ջոցով, սկսեց կշտամբել նրան՝ ասելով. «Ինձ համար լաց մի՛ եղիր, այլ լաց ե­ղիր քո եւ քո հօր տան համար, քանզի պաշտում էք անմռունչ կուռքերին, որի հա­մար ահեղ Արարչի արդար դատաստանով գեհենը պիտի ժառանգէք: Իսկ եթէ լսէք ինձ, կեանքի խորհրդատու կը լի­նեմ ձեզ. թո­ղէ՛ք ձեր սնոտի պաշտամունքներն ու ճանաչէ՛ք ձեր ճշմա­րիտ Աստծուն: Ինչպէ՞ս չէք տես­նում ձեր աստուածների ստութիւնը, ո­րոնց ես, մահ­կանացու լինելով, ցած գցեցի եւ փշրե­ցի: Եւ ահա դուք կա­րօտ էք նոր աստուածների: Դէ եկէ՛ք, լսէ՛ք ինձ, թշուառնե՛ր, ու երանելի կը լի­­նէք, ճանաչէ՛ք ձեր ճշմարիտ Աստծուն, Ով յաւիտենական անմահութիւն է պարգեւում Իր սիրելիներին»:

   Այսպէս քարոզելով՝ սուրբը կռապաշտներից շատերին դարձրեց դէպի Ճշմարտութիւնը, որի համար ամբոխը սրտմտելով աղաղակեց իշխանին, որ շտապ վերացնի նրան մէջտեղից, «որպէսզի, - ասում էին, - իր խօսքերի հմայութեամբ չմոլորեցնի բոլորին»: Եւ դատաւորը նրա համար գլխատ­ման վճիռ արձակեց:

   Երբ երանելին` բազմամբոխ ժողովրդով հանդերձ, խնդութեամբ գնում էր իր նահատակութեան վայ­րը, նրան ընդառաջ եկաւ իր սիրելի բարեկամ Նէարքոսն ու խնդութեամբ ողջունեց նրան: Իսկ սուր­­բը, տեսնելով նրան, ասաց. «Ո՛վ սիրե­լիդ իմ, ահա հասաւ ժամը, որ վայելեմ մեր արդիւ­նա­ւէտ բարեկամութեան պտուղը, տալ անցաւոր կեանքը Քրիստոսի սիրոյ համար եւ ընդունել յաւիտենականը: Ահա տեսնում եմ լուսատեսիլ Մէկին, ով ինձ շտապեցնում է մկրտուել իմ արեամբ: Եւ մի՛ տրտմիր այն բանի համար, որ քեզնից առաջ պիտի ստանամ պսակը, քանզի առատ են մեր Բարե­րար Աստուծոյ պարգեւները: Եւ արդ, իմ եղբայր Նէար­­քոս, մի՛ մոռացիր մեր անբաժան սէրը»:

   Իսկ դահիճները զայրանում էին սուրբի վրայ ու շտապեցնում արագ հաս­նել գլխատման վայրը, ուր եւ կտրեցին նրա գլուխը: Եւ այդպէս Տիրոջ մօտ 249 կամ 250 թուականին ի Քրիստոս նա­­հատակուեց երանելի Պօղիքտոսը:

   Այն­ժամ Նէարքոսը, միաբանուելով այլ բա­րե­պաշտ քրիստոնեաների հետ, հա­մոզեց դահիճներին ու վերցրեց սուրբի մարմինը: Նրան մեծ պատուով ամփոփեց մի արժանաւոր վայրում, ուր եւ յետոյ մատուռ կառուցուեց: Քրիստոնեաների համար այն դարձաւ ուխտատեղի, իսկ շատ հիւանդներ յայտնապէս բժշկութիւն ստացան:

   Ասում են նաեւ, թէ երանելի Նէարքոսը, սպիտակ կտաւներ վերցնելով, հաւատով շաղախեց դրանք սուրբ Պօղիքտոսի արեամբ ու տարաւ իր քաղաքը՝ Կանանէովտօն: Օրեր անց, ինչպէս ասում են, հրկիզման ենթարկուելով, նահատակուեց նաեւ ինքը, սակայն այդ մասին չկայ յստակ վկայաբանութիւն:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 81: