ՍՈՒՐԲ ՌՈՄԱՆՈՍ ԵՐԳԵՑՈՂԻ ՎԱՐՔԸ

Նայեա ի մեզ եւ ողորմեա մեզ Քրիստոս.

Որ ունիս բազում գթութիւն:

Որ հայրդ ես որբոց եւ դատաւոր այրեաց Քրիստոս,

Որ ունիս բազում գթութիւն:

Որ պսակիչդ ես սրբոց.

Լուր եւ մեզ աղօթիւք սոցա Քրիստոս.

Որ ունիս բազում գթութիւն:

(Շարակնոց)

 

 

Երանելի Ռոմանոս երգեցողը ծնուել է սիրիական Հոմս քաղաքում: Որպէս սարկաւագ ծառայել է Բերիւտի (Բեյրութ) եկեղեցում եւ աչքի ընկել իր ճարտար խօսքով: Զարդարուած էր ամէն տեսակ առաքինութիւններով եւ մանկուց ապրել է խիստ ճգնակեցութեամբ:

 

Անաստաս կայսեր օրօք, որը թագաւորել է 491 թուականից, նա գնաց թագաւորանիստ Կոստանդնուպօլիս քաղաքը եւ բնակութիւն հաստատեց ամենասուրբ Աստուածածնի տաճարի մօտ՝ Կիրու կոչուած վայրում՝ մօտ սուրբ Կոյսի եկեղեցուն, որ Վլաշերնայում է եւ ապրեց այնտեղ մեծ երկիւղածութեամբ ու բարեպաշտութեամբ: Ողջ գիշերներն անց էր կացնում ջերմեռանդ աղօթքներով եւ տքնութեամբ, իսկ առաւօտեան վերադառնում Կիրու՝ բոլորից ծածուկ պահելով իր առաքինութիւններն ու գիտութիւնը:

 

Մի գիշեր սուրբ Աստուածածինը երազում երեւաց նրան, տուեց մի գրուած թուղթ եւ հրամայեց ուտել այն: Եւ Ռոմանոսին թուաց, թէ բանաց իր բերանը եւ կուլ տուեց այն: Այդ օրը Քրիստոսի ծննդեան օրն էր: Իսկոյն արթնանալով քնից՝ ելաւ բեմ եւ սկսեց քաղցր եղանակով եւ անոյշ ձայնով նուագել Քրիստոսի ծննդեան խորհրդի մի կցորդ՝ սկսելով այսպէս. «Այսօր Կոյսը ծնեց Գերագոյնին ... »: Այնուհետեւ յօրինեց շուրջ հազար երգեր՝ նուիրուած տէրունական տօներին եւ ի պատիւ երեւելի սուրբերի:

 

Սուրբ Ռոմանոսը, աւարտելով իր ընթացքը առաքինի քաղաքավարութեամբ, խաղաղութեամբ հանգչեց ի Քրիստոս:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ռոմանոս երգեցողի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ շաբաթ օրը՝ սուրբ Գեւորգ զօրավարի եւ սուրբ Ադոկտոս վկայի հետ:
 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 560: