ՍՈՒՐԲ ՎԱՀԱՆ ԳՈՂԹՆԱՑՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

   Զարմանալի է ինձ քան զերգս երաժշտականաց ձայնս ողբոց քոց հնչմունք,

ո՛վ երանելի տէր Վահան` ընտրեալ յԱստուծոյ:

Զարհուրեցուցանէ քո ճգնութիւնդ զմարմնոյս բնութիւնս, իսկ դու առաւել գտար,

ո՛վ երանելի տէր Վահան, սիրո՛ղ Քրիստոսի:

Որպէս զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ.

կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ`

դասաւորեալ ընդ անմարմնականսն,

ո՛վ երանելի տէր Վահան` Գողթնեացն իշխեցող:

(Շարակնոց)

   

   Առաքինի նահատակ եւ քրիստոնէական հաւատի քաջամարտիկ, գեղեցիկ անուններ պտղաբերած պանծալի Վահանն ազնուական սեպուհների կարգի փառաւոր իշխան էր՝ Գողթն գաւառի տէրն ու հայոց մեծ նախարար Խոսրովի որդին: Նա ծնուել է Տիրոջ մօտ 700 թուականին եւ ապրել երանելի Սահակ Ձորափորեցի հրաշագործ կաթողիկոսի հայրապետութեան օրօք:

   Այդ ժամանակներում այլազգի Մրուան ամիրապետն իր Մոհմատ Ոգբա անունով զօրավարին մեծ զօրքով ուղարկեց Հայոց աշխարհ՝ ոչնչացնելու մեր ազգը ու աւերելու մեր երկիրը: Սակայն սուրբ հայրապետի միջնորդութեամբ գութ ըն­կաւ նրանց զօրավարի սիրտը, եւ այդպէս մեր երկիրը փրկուեց վերահաս վտանգից, թէպէտ ժո­ղո­վրդի սրտում ահ, երկիւղ եւ անհանգստութիւն մնաց:

   Մի քանի տարի անց` 704 թուականին, տաճկա­կան տէրութեան 85-րդ տարում ամիրապետ դար­ձաւ Մրուանի որդի Աբդլմելէքը: Նա ժամանակին վերակացու է եղել Հայոց աշխարհում եւ քանի որ սր­­տում ոխ ունէր մեր նախարարների հանդէպ, որո­­շեց նրանցից նենգութեամբ վրէժ լուծել: Երկրի վերակացութեան գործերը յանձնեց իր Կաշմ անու­­նով զօրավարի ձեռքը, ով նստում էր Նա­խի­­ջեւանում, ու մի պատգամ ուղարկեց նրան, որով պատուիրում էր առերես մեծ մարդասիրութեամբ վա­­րուել բոլոր հայերի հետ, խաղաղութեան երդումներ տալ նրանց եւ մեծամեծ խոստումներ տալ հայոց իշխաններին, որպէսզի կա­­րողանայ հեշ­­տութեամբ բռնել մեր պաշտօնեաներին, զօրավարներին, հայոց զօրքին ու գլխովին բնաջնջելով՝ գրաւել երկիրը, քանզի այլ կերպ նա դժուա­ր էր համարում յաղթել հայոց քաջերին: Համակուած այս խորհրդով՝ ա­միրապետն արքունի հրովարտակներով դեսպաններ առաքեց հայոց նախարարների մօտ, ըստ որի՝ նրանցից ականաւորները պէտք է ժողովուէին մի տեղ, ինչ­պէս արքունի դիւանում, եւ ներկայանային Կաշմ վերակացուին: Նրանցից իւրաքանչիւրն ազգովին ազատ կոչուելու համար պէտք է անուանապէս գրանցուէր ու ըստ իրենց աւագութեան կարգի՝ ստանար զօրք, իշխանութիւն եւ պատիւ:

   Իսկ երկրի իշխանները, անտեղեակ լինելով այդ նենգ դաւադրութեանն ու խաբէութեանը, ժողովուեցին Նախիջեւան քաղաքում եւ անմեղութեամբ ընկան մահուան դառը որոգայթի մէջ: Քանզի այլազգիները, նենգութեամբ վերց­նելով նրանց զէնքն ու զրահները, բոլորին հաւաքեցին քա­ղաքի մեծ Եկեղե­ցում, որպէսզի այնտեղ իբր իրենց տէրութեանը հաւատարիմ մնալու երդում տան: Ապա նրանց ներսում պահելով՝ դրսից փակեցին Եկեղեցու դռները եւ այնպէս ամրացրին, որ ոչ ոք չկարողանայ դուրս գալ: Անօրէնները, հուր բոր­բոքելով, այրեցին Եկեղեցին ու աղօթքի տունը դաժանաբար գերեզման դարձ­րին: Դէպի վեր բարձրացող կրակի բոցը եւ ծուխն ունէին բա­բե­լոնեան հնո­ցի նմանութիւնը: Իսկ քաջ նահա­տակ­ները` հայոց նախարարներն ու ազնուականները, օրհներգելով երեք մանուկների երգը, ան­ելա­նելի բանտի հնոցում Աստծուն աւանդեցին իրենց հոգիները: Այսպէս, անողորմ դաւադրութեամբ վերացաւ Հայոց աշխարհի ողջ իշխանական կազմը: Սոյն դառնաղէտ օրինակով վարուե­ցին նաեւ Խրամ քաղաքում. նման դա­ւե­րով հայ ազնուականների գնդին արգելափակեցին Եկեղեցում, մատնեցին հրի, եւ շուրջ եօթ հարիւր հոգի նոյն օրինակով դժնդակ վախճան ունեցաւ:

   Երբ այլազգիները տեսան, որ գործը գլուխ եկաւ, ինչպէս որ ծրագրել էին, կտրե­ցին հնոցի ծխից շնչահեղձ եղածների գլուխները եւ ուղարկեցին երկրի վե­հագոյն անձին, իսկ բնակ­չու­թեանն ահաբեկելու համար այրուածների մարմինները կախեցին փայտից: Ապա սփռուեցին ողջ երկրով մէկ, մտան սպանուածների տները, մեծ գանձեր ու աւար ժողովեցին, իսկ նրանց ընտանիքներին բռնագաղթեցին Նախիջեւան եւ Դուին: Եւ սա տեղի ունեցաւ Մեծ Զատկի տօ­նի օրը: Փափկասուն կեանքով ապրած գերիներին ամռանը փակեցին բանտի արգելարաններում, որոնցից շատերը մեռան, մնացածներին աշնանը Ասորիք տարան, իսկ նախարարների որդիներին եւ նրանց ընտանիքներին տարան ամիրապետի նստա­վայրը՝ Դամասկոսի արքունիք: Այնտեղ ուս­ման տուեցին բռնա­գաղթուած ազնուատոհմ երեխաներին, որոնցից մէկն էր մանկահասակ Վա­հա­նը: Նա չորս տարեկան էր՝ բարեշնորհ տեսքով ու սի­րելի այլազգիներին: Նրանք կամեցան մանուկ հասակից Վահանին հաստատել իրենց կրօնի մէջ, որի համար թլփատեցին նրան, կոչեցին Վահաբ եւ մե­ծապէս հոգ տարան նրա կրթութեան համար: Ու քանի որ  նա ուշիմ էր եւ ճար­տար լեզու ունէր, առաջադէմ եղաւ ուս­ման մէջ ու իր բոլոր ու­սում­նա­կից­ների մէջ այն­քան վեհագոյն գտնուեց, որ երբ մեծացաւ, դար­ձաւ ամիրապետի դիւանադպիրը եւ արքունի դպրապետը: Խելամիտ էին նրա բոլոր խոր­հուրդ­նե­րը, ու շատ սիրելի էր աւագանուն: Սակայն մանկուց նա չճա­նաչեց ար­դա­րու­թեան ճանապարհը, այլ միայն այն գիտէր, որ ինքը քրիստոնեայ ծնողներ է ունեցել:

   Մեռաւ Աբդլմելէքը, եւ ամիրապետ դարձաւ Վլիթը, որից յետոյ` Սուլէյմա­նը, եւ ապա Տիրոջ մօտ 717 թուականին` Օմար Երկրորդը: Սա արդարակորով ու նեղեալների հանդէպ քաղցրա­հա­յեաց իշխան էր: Հայ գերիները, տեսնելով նրա մար­դասիրութիւնը, սկսեցին աղերսել նրան, որպէսզի հրա­ման արձակի վերադառնալ իրենց երկիրը: Վերին տեսչութեամբ գութ ընկաւ իշխանի սիրտը, եւ պաշտպանելով նրանց արդար իրաւունքը՝ գերիներին իրենց երկիրն արձակելու հրաման տուեց: Այնժամ Վահանը` Վահաբ կոչուածը, նոյնպէս կամեցաւ գնալ ու տեսնել իր հայրենիքը: Սակայն այդ ցանկութեան շարժառիթը Քրիստոսի ճշմարիտ հաւատը գտնելն էր, որը կորցրել էր մանուկ հասակից: Խնդրում էր մեծամեծներին, որպէսզի օժանդակեն իրեն այդ գոր­­ծում, իսկ ինքն ամիրապետի մօտ առաջ էր բե­րում պատճառաբանութիւն­ներ, համոզում էր եւ ասում. «Քանի դեռ այստեղ ամէն ինչ խաղաղ է, թո՛յլ տուր՝ գնամ իմ հայրենի երկիրը, որ­պէս­զի ստանամ իմ հայրական ժա­­­­ռանգութիւնը, նաեւ գործակալներ կարգեմ երկրում եւ ապա վե­րա­­դառ­նամ քո տէրութիւնը»: Իսկ ամիրապետը թէ­պէտ չէր կամենում թոյլ տալ նրա օգտակարութեան, ազնուականութեան, լաւ բնաւորութեան եւ վարքի համար, սակայն արդարադատ լինելու համար արձակեց նրան` մի հրովարտակով հան­դերձ, ըստ որի՝ Վահանը, առանց որեւէ մէկի ընդդիմութեան, պէտք է վերց­նէր հայրենի Գողթն գա­ւառը: Ապա պատուիրեց շտապ վերադառնալ ու խոս­­­տա­ցաւ արքունիք վերադառնալուն պէս մեծամեծ պարգեւների արժանացնել: Եւ այդպէս մեծ շու­քով, պատուով ու ընծաներով Վահանը եկաւ Հայոց աշխարհ եւ հասաւ իր հայրենի Գողթն գա­ւա­ռը:

   Այնժամ հաւաքուեցին երկրի բնակիչներն ու շատ ուրախացան՝ իրենց հայրենակից իշխան ունե­նալու համար: Մարդիկ ժողովուել էին նրա շուր­ջը, խօսում էին կատարուած դէպքերի մասին եւ հոգոց հանելով` յիշեցնում երկրին պատահած աղէտ­ները: Իսկ Վահանը, նայելով նրանց քրիս­տոնէական կարգուկրօնին, լցւում էր ուրա­խու­թեամբ ու սիրայօժար կամքով օրըստօրէ հաստատւում Ճշմարտութեան ճանապարհի վրայ: Սկսեց ապաշխարել, մեծ զղջմամբ արտասուքներ հե­ղել եւ դառնապէս լաց լինել իր անձի փրկու­թեան համար: Մտքին հիւսելով սրտի խորքերից բխած խօսքեր՝ նա աղօթում էր ու ասում. «Հա՛յր երկ­նաւոր, մեղանչել եմ երկնքի եւ Քո առջեւ: Դու աշխարհի փրկութեան համար առաքեցիր Քո Միա­ծին Որդուն, որպէսզի մոլորուածներին դարձ­­նի Ճշմարտութեան գիտութեանը, ճանաչել տայ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հո­գուն ու մի Աստուածութեանը, ուսուցանի երկրպագել եւ օրհ­նել Ամենասուրբ Երրորդութեանը ու մկրտուել Քո Ամենասուրբ անուամբ: Եւ ես, որ ար­ժա­նացել էի այդ պարգեւներին, զրկուեցի երանութեան բաժ­նից, քանզի մա­նուկ հասակից այլազգիների ձեռ­քով ընկղմուեցի անօրէնութեան խոր ան­դունդ­ների մէջ: Խոցոտեցին ինձ անգիտութեամբ գործած մեղքերս, որոնք Դու գիտես, քանզի քաջ տեղեակ ես մարդկանց բոլոր գործերին: Եւ արդ, մեղաւորս սրտիս խորքերից կանչում եմ Քեզ, ողորմի՜ր ինձ, Աստուա՛ծ, ողոր­մի՜ր ինձ ու ընդունիր ինձ Քո գթասրտութեամբ:  Ցո՛յց տուր ինձ Քո մարդասէր շնորհների գութը, քան­զի Քո ներողամտութեան քաղցրութիւնը մե­ղա­ւորներին ապաշխարութեան է դարձնում: Տէ՛ր Աստուած, Դու համբերութիւն ես տալիս տարա­կու­սեալներին եւ կեանք` կոտրուած սրտերին, չես բարկանում իսպառ ու յաւիտեան ոխ չես պա­հում մարդկանց մեղքերի համար, ովքեր դիմում են Քեզ: Ես նմանուեցի անառակ որդուն եւ մերժուեցի Հայրական ծոցից, բայց Դու, Տէ՛ր, հո­գուս նորոգութեան համար լուսաւորեցիր ինձ Աւա­զանով վերստին ծննդեամբ, որպէսզի ապրեմ ըստ Քո կամ­քի, մինչեւ հասնեմ Քրիստոսի հա­սա­կի չափին: Իսկ այժմ դարձել եմ առ գթառատ Հայրդ: Յիշի՛ր, որ անկատար էի հասակով, երբ մեղանչում էի անգիտութեամբ,  ջնջի՛ր տգիտութեամբ գործած իմ բոլոր մեղքերն ու գթա՛ ինձ, Տէ՛ր` ըստ Քո մեծ ողորմութեան եւ քաղցրու­թեան: Դարձրո՛ւ ինձ իբրեւ Քո վարձկաններից մէկը ու ազատի՛ր ինձ խոզերի անմաքուր կերակուրներից: Լուա՛ եւ սրբի՛ր ինձ ապաշխարութեան արտասուքներով, որպէսզի ազատուելով մեղքերից՝ այս աշխարհում ապրեմ Քո կամքով, անարատ վարքով, ուղղափառ հաւատով ու հաստատուն մտքով փառաւորեմ անփոփոխելի Տէրութեանդ` Հօ­րը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

   Այ­նու­հե­տեւ հաստատուն հաւատով, պահեցողութեամբ, աղօթք­ներով եւ տքնութիւններով նա հաստատուեց լուսաւոր կարգի մէջ: Չէին դադարում վտակ­­ներով հոսել ապաշխարութեան արտասուքներ, որոնք միջոց էին նրա վերստին լուացման հա­մար եւ դարձան անգիտութեամբ գոր­ծած մեղքերից սրբուելու երկրորդ աւազան: Այնժամ, երբ իւրայինները տեսան Վահանի ողջամտութիւնն եւ ի Քրիստոս հաւատի ամրութիւնը, որոշեցին նրան մտցնել աշ­խարհի կարգի մէջ, որպէսզի Գողթնում իր տէրութեանը ժառանգորդ լինի, սակայն նա չէր կամենում: Հարկադրեցին մեծ թախանձանքներով եւ ամուսնացնելով` փեսայացրին սիւնեաց Բաբկէն իշխանին: Սակայն նա չթողեց աստուածպաշտութիւնը եւ միշտ հոգ էր տանում, որ աշխարհի հարստութիւնն ու փառքը իրեն չշեղեն սուրբ հաւատի ընթացքից, որ համարձակապէս կարողանայ պաշտել Աստծուն, որի համար անդադար աղօթում էր ու հաւատում Բարձրեալի ապաւինութեանը:

   Այդ շրջանում վախճանուեց ամիրապետը, եւ Վա­հանն ազատուեց նրա պայմանը կատարելու, այ­սինքն՝ նրանց երկիր վերադառնալու խոստու­մից, սակայն կասկածում էր, որ Հայոց աշխար­հում իշխանութիւն ունեցող այլազգիներից մէկը նոր ամիրապետին կը յայտնի իր քրիստոնեայ դառնալու  մասին, որն այդպես էլ եղաւ. լու­րը շուտով արքունիք հասաւ: Այս իմանալով՝ Վա­հանը որոշեց իր ընտանիքով գնալ Յու­նաց երկիր: Թողեց իր ողջ իշխանութիւնն ու ճանապարհի համար վերցնելով եօթ ձիաւորներ եւ փոքր-ինչ պաշար՝ տարաշխարհիկ դարձաւ:

   Երբ հա­սան Վայոց ձոր, կինն այնտեղ  թա­խան­ձե­լով աղաչում էր յայտնել իրեն, թէ ո՞ւր պիտի գնան: Տեղի տալով կնոջ խնդրանքներին՝ Վահանը յայտնեց, իսկ կինն էլ տեղեկացրեց իր եղբայրներին, ովքեր Սիւնեաց նախարարութիւնից էին: Սրանք իրենց ընտանիքներով շտապ հասան նրանց ու սկսեցին համոզել Վահանին, որ չհեռանայ: Կարողանալով մի կերպ համոզել՝ Վահանը հարկադրուած մէկ տարի մնաց Սիւ­նի­քում, որն անցկացրեց բանսարկուի կողմից պէս-պէս փորձութիւնների ենթարկուելով, քանզի այլազգիները որոնում էին նրան եւ կամենում բռնել: Եւ այս բոլոր վտանգների մէջ նա հաստատուն եւ անսասան էր ի Քրիստոս: Նա քննութեան ենթարկուեց բոլոր փորձութիւնների մէջ, ու յայտնապէս ի յայտ եկաւ նրա կամքը, որն էր՝ չհե­­ռանալ Քրիստոսի սիրուց, այլ իս­պառ հեռանալ աշխարհից ու նրա ցանկութիւններից: Այնու­հե­տեւ նա ոչ մի տեղ հանգիստ չունեցաւ: Կնոջը թո­ղեց իր հարազատների մօտ, իսկ իրեն յանձնեց Աստծուն եւ Նրա կամքին: Իր հետ վերցնելով մի քա­­նի զինուորներ` ծածկապէս այս ու այն կողմ էր շրջում՝ խոյս տալով թշնամիների որոգայթներից, քան­զի ամիրապետին յայտնի էր դարձել, որ նա ընդունել է քրիստոնէութիւնը եւ արհամարհել իրենց կրօնը, որի համար ամենուր որոնում էին նրան ու կամենում որսալ կորստեան մատնելու հա­մար:

   Եւ այդպէս շրջում էր երանելին` հալածուելով յանուն Արդարութեան: Աստիճանաբար սպառուեցին նրա ողջ պաշարները, ու իր հետ եղողները, թողնելով իրեն, հեռացան: Բայց նա, ապաւինելով Աստծուն, յոյսը չէր կտրում, այլ բոլոր նեղութիւնները կրում էր գոհութեամբ: Աղքատութիւնից այլակերպուած՝ Վաղարշապատ քաղաքում հանդիպեց հայրապետին՝ Յովհան Իմաստասէրին յաջորդող Դաւիթ կաթողիկոսին, եւ իրենց զրոյցի մէջ յայտնեց նրան այն փորձութիւնների մասին, որոնք կրում էր պատերազմասէր դեւի կողմից: Ապա հայրապետը յորդորեց նրան գնալ դէպի անապատներն ու վանքերը եւ հե­տը մի գրութիւն ուղարկեց, որպէսզի այնտեղ նրան ընդունեն մարդասիրութեամբ, յատկացնեն մի տեղ, ուր կարողանայ ապրել աստուածպաշտութեամբ, պահեցողութեամբ, աղօթքներով ու ճգնակեցութեամբ:

Վահանը, յօժարութեամբ լսելով, գնաց մենաստաններից մէկը` մենակեաց ճգնա­ւորների վանքը, որ գտնւում էր Շիրակ գաւառում: Այնտեղ առանձնանալով՝ իր անձը մատ­նեց խստակրօն ճգնակեցութեան եւ զարմացրեց բոլորին: Վեց ամիս յարատեւելուց յետոյ փոր­ձիչը դարձեալ պատերազմ սկսեց. նրա պատ­ճա­ռով սկսեց ահաբեկել տեղի կրօնաւորներին, ովքեր էլ բողոքեցին գաւառի տիկնոջը: Եւ նա հրամայեց. «Թող նա հեռանայ այստեղից, որպէսզի նրա պատճառով մեր եւ արքունիքի վրայ պատուհաս չգայ»: Այս հրամանն առնելով` Քրիստոսի ճգնաւոր նահատակն անտրտունջ զուարթութեամբ ուղ­ղուեց անապատի կողմը` այլ մենակեացնե­­րի մօտ: Այնտեղ Վահանը մէկ տարի ճգնեց նախ­կինից առաւել խստութեամբ` մէկ հանդերձով ու բոկոտն: Ըստ սաղմոսի՝ մոխիրն ուտում էր որ­պէս հաց, իսկ ըմպելին խառնում արտասուքով, եւ ըստ առաքեալի՝ առաւել շնորհնե­րով էր հաս­տա­տում իր սիրտը, քան թէ կերակուրներով: Ըն­թեր­ցում էր Սուրբ Գիրքը, սովորում հին ու նոր Կտակարանները եւ ծանօթանում Աստուծոյ կամքի բարեհաճութեանը: Նա հնազանդ էր ուսու­ցա­նող հայրերին, գիշեր թէ ցերեկ խոկում էր Տիրոջ Օրէնքի շուրջ ու իր անձի փրկութեան համար ոչ մի բանում զանց չէր առնում Պատուիրանների պահ­պանութիւնը: Եւ այդպէս օրէցօր բորբոքուելով ու վառուելով աստուածային սիրով՝ արհամարհում էր մարմ­նաւոր կարիքները եւ հան­գիս­տը: Ամէն անգամ, երբ կարդում էր սաղմոսի այն տո­ղերը, թէ՝ «Ինչպէս եղջերուն է փափագում աղբիւրի ջրին, այնպէս էլ իմ անձն է փափագում Քեզ, Տէ՛ր» [Սաղմ. ԽԱ 2], նա տենչում էր վկա­յա­կան մա­հուան ու արեամբ մկրտութեան:

   Համակուած սոյն խորհրդով՝ երանելին Աստուծոյ առաջնորդութեամբ պատ­րաստուեց գնալ Դամասկոսի արքունիք, այնտեղ յայտնապես վկա­յել Քրիս­տոսին եւ այլազգիների առջեւ յայտ­նել իր անգիտութեամբ գործած մեղքերը, որոն­ցով նրանց կողմից պարտութիւն էր կրել: Ուստի կա­մեցաւ, որ կա՛մ նրանց կողմից նահատակուի, կա՛մ էլ թոյլ տրուի պահել իր քրիստոնէական կարգն ու հաւատը: Հրաժեշտ տա­լով ճգնաւորներին՝ խնդրեց նրանց աղօթել իր հա­մար եւ ճանապարհ ընկաւ:

Հասաւ մաքենացիների վանքը, որ գտնւում էր Գեղամայ լեռներում, այնտեղ հանդիպեց ուխտի ա­ռաջնորդ Սո­ղո­մոն վանահօրը ու յայտնեց իր գալստեան նպա­տա­կի եւ մարտի­րոսութեան ցանկութեան մասին ու նրա­նից քաջալերական յորդորներ եւ խրատ­ներ ստա­ցաւ: Այնտեղ սուրբ Խաչի տօնին երանելի Վա­հանը հաղորդուեց Տի­րոջ պատուական Մարմնին եւ Արեանը, ու նոյն պահին Տիրոջ կողմից մի սքան­չելի տեսիլք յայտնուեց նրան. ան­ճա­ռե­լի Լոյս երեւաց բարձունքներից, ու լսեց մի ձայն, որն իրեն ասում էր. «Քաջալերուի՛ր, Վահա՛ն, որովհետեւ ներուեցին քո անգիտութեամբ գոր­ծած բոլոր մեղքերը: Կը կատարուի քո ցանկութիւնը, եւ դու վկայական մահուամբ Քրիստոսից կÿընդունես խոստացուած պարգեւները»: Վանա­կան­ներից ոմանք, տեսնելով այդ Լոյսը, սքան­չա­ցան տեսիլքի անճառելիութիւնից ու փառաւորելով Աստծուն՝ մեծ սիրով եւ արտասուքներով ճանապարհեցին նրան:

   Այնտեղից մեկնեց Թեղենիսի վանք, ուր մի քա­նի օր մնալուց յետոյ գնաց մէկ այլ՝ Սովի կոչուող վանք, որի ուխտի առաջնորդ Յովհաննէսը մեծ սիրով ըն­դունեց նրան ու տեղեկացաւ, որ երա­նելին Աստուծոյ համար գնում էր նահատակուելու այնտեղ, ուր չեն ճանաչում Քրիստոսին, որպէսզի Նրա անունը յայտնի դարձնի նրանց մէջ: Վանահայրը, սքանչանալով, իր փոխարէն, նրա հետ ուղարկեց երկու եղբայրների, որպէսզի սրանք լինեն նրա վկայական մահուան ականատեսները:

   Շա­րունակելով ճանապարհը՝ եկան հասան Բզնու­նեաց գաւառի Արծկէի վանք: Ուխտի առաջ­նորդն էր հայր Արտաւազդը (ըստ ոմանց՝ տէր Աբրահամը), ով եղբայրների հետ ընդառաջ եկաւ Վա­հանին եւ նրան ընդունեց մեծ մար­դասի­րու­թեամբ: Տեղեկանալով նրա կեանքից՝ իմացաւ նրա` անգիտութեամբ ապրած տարիների, ապա քրիս­տոնէական դարձի ու չորս տարիների ըն­թաց­քում կրած հալածանքների եւ փոր­ձու­թիւն­ների  մասին: Իմացաւ նաեւ, թէ ինչպէս է այժմ` իր հալածանքների այս հինգերորդ տարում, Տիրոջ առաջնորդութեամբ գնում դէպի նահա­տա­կու­թիւն: Այս լսելով՝ վանահայրն ու միա­բան­նե­րը փառաւորեցին Աստծուն եւ երանի տուեցին սուր­բին՝ իր բարի մտա­դրութեան ու սուրբ վախ­ճա­նին ընդառաջ գնալու համար, քաջալերեցին եւ մխի­թարեցին Սուրբ Գրքի խօսքերով ու նրան յանձ­նելով Տիրոջը՝ ճանապարհեցին սուրբ ող­ջոյն­ներով, արտասուքներով եւ աղօթքներով: Իսկ եղբայրներից մէկը գնաց նրա հետ, որպէսզի կա­րի­քի դէպքում սպասաւորի նրան:

   Անցնելով բազում օթեւաններով՝ եկաւ հասաւ Ուրֆա քաղաքը, որպէսզի երկրպա­գի Քրիստոսի դաստառակի փրկչական պատկերին: Իրեն յանձ­նեց Սուրբ Հոգու տնօրինութեանը ու անդադար սաղմոսելով եւ աղօթելով Տիրոջը՝ եղբայրների հետ շա­րունակեց իր ճանապարհը, մինչեւ որ հա­սաւ իր նահատակու­թեան վայրը՝ Դամասկոս: Այդ ժա­մանակ ամիրապետը նստում էր Ռուծափ քաղաքում՝ Բերիայի մօտ, որ գտնւում է Համայի ու Համսայի միջեւ: Այնժամ իր հետ եկող կրօնաւորներին պատուիրեց, որ հեռանան իրենից, որպէսզի իր պատճառով նրանց եւս չբռնեն, իսկ ինքը՝ երանելի նահատակը, գալով արքունի դռան մօտ, սպասաւորներին յայտնեց իր անձը եւ իր գալստեան նպատակը:

   Սրանք լսելով խիստ զարմացան ու չհաւա­տա­ցին նրա խօսքերին, իսկ նա ա­ղաչում էր, որ այդ մա­սին յայտնեն դպրապետին եւ միւս պաշտօ­նեա­նե­րին: Լուրն անմիջապէս տարածուեց, բոլորը եկան տեսնելու նրան ու խիստ զարմացան նրա աղ­քատ կերպարանքից, քանզի յիշում էին, թէ նա ինչպիսի անուանի եւ փառաւոր մարդ էր արքունիքում: Կարծելով, թէ նրան ինչ-որ բան է պատահել, սկսեցին հարցուփորձ անել, իսկ Վահանը յայտ­նեց ճշմարտութիւնն ու ասաց. «Ես Քրիստոսի համար յանձն եմ առել կամաւոր աղ­քա­տութիւնը եւ Նրա սիրոյ համար արհամարհել ան­ցաւոր հարստութիւնը, քանզի Նա, Ով Տէր է ու Աստուած, աղքատացաւ ինձ համար, իսկ ես Նրա ողորմութեամբ սրբուեցի իմ մեղքերից: Եւ այժմ եկել եմ այստեղ, որպէսզի իմ արեան վկայութեամբ մեծացնեմ անկողոպտելի ու անանց իմ Հարստութիւնը: Արդ, աղաչում եմ ձեզ, այս ամէնը յայտնէ՛ք ամիրապետին, որպէսզի կատարուի Տիրոջ կող­մից ինձ յայտնուած պատ­գամը»: Պալատականները, ապշելով լսածից եւ միանգամայն մոլորութիւն համարելով նրա խօսքերն ու գործերը, խրա­տում էին սթա­փուել ու սաստում էին խստագոյն սպառնալիքնե­րով: Իսկ Վա­հանը բնաւ չէր երկնչում դպրապետի սպառնալիքներից, այլ հակառակը՝ նրանց անար­գանք­ներից ցնծում էր նրա սիրտը, եւ առաւել զուարթ երես ընդունում: Դպրապետը խնայեց նրան, չյայտնեց ամիրապետին ու երեսուն դրամ տա­լով՝ ասաց. «Վերցրո՛ւ այս դրամը եւ հեռացի՛ր, խնայի՛ր քո երիտասարդութիւնը ու քեզ տանջանքների մի՛ մատնիր, իսկ կեանքդ՝ մահուան»: Եւ այս ասելով՝ նրան հեռացրեց արքունի դռան մօտից:

   Բայց Վահանը կամենում էր որեւէ կերպ իր մասին տեղեկացնել ամիրապետին: Ելք գտնե­լու համար աղօթում էր Աստծուն ու ասում. «Միածին Որ­դի՛ Աստուծոյ, որ մոլորուած ոչ­խա­րի Հովիւ կոչուեցիր եւ գտնելով նրան՝ ու­­սիդ վրայ առար ու տարածելով բազուկներդ՝ հե­ռա­ցած մարդկանց Քեզ մօտ ժո­ղովեցիր: Դո՛ւ ես իմ յոյ­սը, Քրիստո՛ս, մի՛ լքիր ինձ եւ մի՛ թող անօգնական, այլ ընդունիր իմ պաղատանքները ու լուա՛ իմ յանցանքները Քո սուրբ Արեամբ եւ կե­նա­րար Մարմնով: Դո՛ւ, որ երկնքից իջած Մա­նա­նայ ես, Կեանք ես շնորհում աշխարհին ու Քո Հօր եւ Սուրբ Հոգու կամքով դէպի Կեանք առաջ­նոր­դում Քեզ երկրպագողներին, առաջնորդիր ինձ եւս, որպէսզի Քո Երեսի լոյսով տեսնեմ Լոյսը ու փառաւորեմ Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ յաւիտեանս. ամէն»:

   Աղօթելուց յետոյ Վահանը գնաց դահճապետի մօտ ու յայտնեց իր գալստեան պատ­ճառը: Նա իր խօսքերի ճշմարտութիւնը հաս­տա­տելու համար նոյն բովանդակութեամբ նաեւ մի գրութիւն տուեց դահճապետին՝ ամիրապետին փո­խանցելու համար: Երբ ամիրապետը կարդաց թուղ­­թը, խիստ զարմացաւ եւ հրամայեց նրան իր մօտ բերել: Երանելուն կանգ­­նեցրին նրա առջեւ, իսկ ամիրապետն սկսեց մեղմօրէն խօսել ու ասել. «Վա­հա՛բ, ին­չո՞ւ ես կերպարանուել աղքա­տու­թեամբ, եւ մերկացել քո փառաւոր իշխա­նու­թիւ­նից: Հայոց երկիրը քեզ դրա՞ն հասցրեց»: Վա­հա­նը պատասխա­նեց ու ասաց. «Իմ Տէրն ինձ համար ունայ­նացրեց Իր Անձը՝ աղքատութեան կեր­պա­րանք ընդունելով եւ հնազանդ լինելով մահու չափ: Արդ, ինչ որ Նա կրեց ինձ համար, նոյնը եւ ես պէտք է կրեմ Նրա անուան համար»: Ամիրապետն ասաց. «Մոլեգնում ես հայոց սառնապատ լեռ­ների դեւերից»: Վահանն ա­սաց. «Այն չար այսը, որը բռնել էր ինձ անգիտութեամբ ձեր չար ուսմունքն ընդունելիս, հալածուեց ինձնից, որով­հե­տեւ խաւարը փախչում է լոյսից»: Ամիրապետն ասաց. «Ձեր իմաստուններն ասում են, թէ դե­ւե­րը, ցած ընկ­նելով, չար դարձան ձեզ հա­մար: Եւ դա ճշմարիտ է, քանզի ձեզ համար չար եղան ե՛ւ այս աշխարհում, ե՛ւ հանդերձեալում, որին յուսացել էք: Արդ, մի՛ մո­լո­րուիր, Վահա՛բ, ու մի՛ հեռացիր մեր հաւատից: Ի՞նչ եղաւ քեզ, բարիատեա՛ց մարդ, ինչո՞ւ նմանուելով մո­լա­գար­նե­րին՝ թողնում ես քո փառաւոր կեան­քը»: Ապա հրա­մայեց բերել ոսկէ, արծաթէ գանձեր ու շքեղ հան­դերձներ եւ ասաց. «Քեզ վերցրու այս ամէնը: Կը տամ նաեւ ծառաներ, աղախիններ, ձիեր եւ ջո­րի­ներ, կը տամ իշխանութիւն որտեղ կամենաս՝ թէ՛ այստեղ, թէ՛ քո հայ­րե­նի երկրում: Յիշի՛ր մեր միջնորդին, որը երկրի վրայ մեզ իշխանութիւն ու հարստութիւն տուեց, իսկ այնտեղ՝ դրախ­տում, փափկութիւն պիտի տայ»: Երանելին հա­մար­ձակութեամբ ասաց. «Վաղուց էի լսել քո բազմախաբ ճարտար խօսքերի եւ խորաման­կու­թիւնների մասին, որոնցով շատերին ես որսացել ճշմարտութիւնից ու քեզ գեհենակից դարձրել կորստեան վիհում՝ ոմանց հետ ահարկու խօ­սքերով եւ ոմանց հետ քաղցրութեամբ, ոմանց ինչ­­քով ու ոմանց իշխանութեամբ խաբելով եւ ուրացութեան տանելով: Այս ա­մէնի համար ան­կաս­կած պիտի հատուցես՝ այրուելով յաւիտե­նա­կան հրում: Բայց Աստուծոյ ծառայիս չես կարող յաղ­թել քո չարարուեստ հնարքներով, որովհետեւ ես պարսպուած եմ Աստուծոյ երկիւղով, ամրա­ցած գիտութեամբ՝ հա­ւատով ու յոյսով հանդերձ: Տե­ղեակ եւ հմուտ եմ Քրիստոսի սուրբ Աւետարանին ու ձեզանից առաւել քաջատեղեակ եմ ձեր իսկ առասպելաբանութիւններին: Ձեր մոլորուած վար­­դա­պետը, որին ընդունում էք որպէս պատգամաւոր եւ միջնորդ, չի վկայուած ո՛չ մարգարէնե­րի ու ո՛չ էլ այլ ազգերի կողմից, այլ միայն ձեր կող­մից, այն էլ ոչ բոլորի, մինչդեռ մեր Քրիստոս Աստ­ծուն վկայում են բոլոր ազգերը:  Իսկ եթէ կամենում ես լսել իմ խօսքը, կÿասեմ՝ տո՛ւր ինձ ազատօրէն ապրել քրիստոնէական պաշտամունքով եւ այդ կար­գի մէջ հաւատարմօրէն ծա­ռայել քո տէրութեանը: Ես չեմ ցանկանում քո ան­­ցաւոր պարգեւներն ու խոստումները, քանզի այն, ինչ առաջարկում ես ինձ, ժամանակաւոր է, ապականացու եւ հոգու կորուստ: Իսկ արժանի հատուցումները բոլորս կը ստանանք Անմահ Թագա­ւո­րից, ոմանք այս կեանքում, ոմանք՝ հանդերձեալում»:

   Այս խօսքերից բարկանալով՝ ամիրապետը հրամա­յեց երանելուն բանտ նետել ու կա­պել անշարժ սեանը, որի համար Վահանը լցուեց մեծ ուրախութեամբ եւ անչափ գոհացաւ Աստծուց: Ապա ամիրապետը պատուիրեց Հայոց աշ­խարհում իշխող իր վերակացուին, որպէսզի հետաքրքրուի նրանից ու ճշտութեամբ իմանայ նրա ծագման, հայրական պատուի եւ իրենց մօտ գալս­տեան պատճառի մասին:

   Իսկ Քրիստոսի քաջ նահատակ Վահանը բան­տում գտնուող բոլոր օրերին բնաւ չէր հոգում մարմ­նաւոր կարիքների մասին, այլ գիշեր թէ ցե­րեկ անդադար սաղմոսներով ու աղօթքներով օրհ­նում էր Աստծուն եւ իր կապանքների մէջ զօ­րա­նում Սուրբ Հոգու շնորհներով: Դատաւորն էլ չէր դադարում անդադար բանտ ուղարկել իրենց իմաս­տուններին, որպէսզի խօսեն  երանելու հետ ու համոզեն յետ դառնալ Քրիստոսից, սակայն նրանք վերադառնում էին պարտուած եւ ամօթա­լից: Զարմանքով խոստովանում էին իրենց պարտութիւնն ու  ասում, որ չեն կարողանում ընդ­դի­մա­խօսել այդ անչափ իմաստուն եւ կորովի մար­դուն: Այս իմանալով՝ ամիրապետը նոյնպէս զարմացաւ ու պատուիրեց ոչ ոքի չասել:

   Ապա բանտ եկաւ տեղացի քրիստոնեաներից մէ­կը, այցելեց երանելուն, յայտ­նեց իր քահանայ լի­նելը եւ յորդորեց անձի փրկութեան հա­մար առնել վերջին թոշակը՝ Քրիստոսի Մարմինն ու Արիւնը: Իսկ երանելին ասաց նրան. «Եթէ ունես քրիստոնէական եկեղեցիներում պաշտուող Քրիստոսի ճշմարիտ քահանայագործութեան իշխանութիւնը, կÿըն­դունեմ սիրով, քանզի փափագում եմ, ապա թէ ոչ, կը մկրտուեմ իմ արեամբ եւ կÿելնեմ աշ­խար­հից ի փառս Աստուծոյ»: Քահանան զար­մա­ցաւ սուրբի զգուշութեան ու իմաստութեան վրայ եւ ըստ կարգի՝ հաղորդեցրեց նրան:

   Եկաւ Ծաղկազարդի մեծ տօնը, իսկ վկան օրուայ խորհրդածութիւններով օրհնում էր Աստծուն: Ապա մօտեցաւ բանտապետին, հրաժեշտ տուեց նրան ու զուարթ սրտով ասաց. «Մնա՛ս խա­ղա­ղութեամբ, քանզի դու սիրով ընդունեցիր ինձ»: Իսկ բանտապետը զարմանալով ասաց. «Ի՞նչ լաւ բան արեցի ես քեզ: Աստ­ծուց տրուած լուսա­ւոր շնորհ է երեւում քո մէջ, քանզի դու, ար­դա­րեւ, յու­սալով Տիրոջը, ատեցիր մարմնի հան­գիս­տը եւ սիրեցիր դառնաղէտ փորձութիւններն ու տան­ջանքները: Եւ այժմ ինձ հրաժեշտ ես տալիս ու ասում խօս­քեր, որոնք չէի լսել»: Սուրբն ասաց նրան. «Թող վարձատրի քեզ երախտիքներ Հատուցողը, իսկ ես վաղը սրով պիտի փոխուեմ Նրա մօտ, Ում փափագում եմ»:

   Եւ եղաւ ըստ երանելու մար­գարէութեան, քանզի հետեւեալ օրը հիւսիսային կող­մերին տիրող իշխանից, այսինքն՝ Հայոց աշ­խար­հի վերակացուից, հրովարտակ եկաւ ամի­րա­պե­տին: Նա տեղեկութիւններ էր հաւաքել Վա­հան Գողթ­նացուց ու իմացել, որ նա խելամիտ եւ իմաս­տուն մէկն է, ունի բարետոհմիկ ծագում, տե­ղացի է, այլ ոչ թէ օտարական, ու արքունիք է եկել, որպէսզի կա՛մ իր հայրենի երկրում քրիս­տո­նէութիւնը պաշտելու համար իրեն իշ­խա­նու­թիւն եւ ազատութիւն տրուի, կա՛մ էլ Քրիստոսի հա­մար ընդունի մահը: Ամիրապետն ապշեց այս տե­ղեկութիւնից ու հրամայեց իր առջեւ բե­րել առա­քինի նահատակին: Նա սկսեց խօսել՝ ասելով. «Ի՞նչ կÿասես այժմ, արդեօք չթողեցիր քո յա­մա­ռութիւնը»: Երանելին պատասխանեց. «Ճշմարտութիւնը մէկն է ու իր մէջ ստութիւն չի պա­րու­նա­կում: Սուրբ Գրքի ուսմունքը բա­ցել է հոգուս աչ­քերը, եւ ես ճանաչել եմ ձեր մոլորութիւնը, որով որ­սացիք դուք ինձ իմ մանկութիւնից: Բայց այժմ ինձ ոչինչ չէք կարող անել, քանզի ո՛չ փառ­քը, ո՛չ պատիւը, ո՛չ պարգեւները, ո՛չ հարս­տու­թիւ­նը, նաեւ ո՛չ տանջանքները, ո՛չ բանտն ու կա­պանք­ները, ո՛չ հուրը, ո՛չ սուրը եւ ո՛չ էլ տեսակ-տե­սակ հնարքները չեն կարող ինձ հեռացնել Քրիստոսի սիրուց, Ով յիշեց ինձ Իր ողոր­մու­թեամբ, ներեց մանկութեան ժամանակ իմ անգիտութեամբ գործած մեղքերը ու Իր քաղց­րու­թեամբ դարձրեց ինձ խաւարից դէպի Լոյս եւ անգիտութիւնից աստուածգիտութեան: Ինչո՞վ կարող եմ հատուցել Տի­րոջն Իր այդքան մեծ ողոր­մութիւնների համար, եթէ ոչ ընդունելով մահուան բաժակն ու փառաւորելով Նրան Իր թշնա­միների առջեւ»:

   Ամիրապետն այնքան բար­­կացաւ, որ հրամայեց անմիջապէս վերջ տալ նրա կեանքին: Ներկայ իշխա­նա­ւորներն աղա­ղա­կելով պահանջում էին, որ անյապաղ իրա­կա­նացնեն մահավճիռը, որպէսզի նրա կողմից եւս մէկ անգամ չհայ­հոյուի իրենց հաւա­տը, քանզի նա խօ­սում էր մեծ իմաստութեամբ եւ չէին կարողանում ընդդիմանալ նրա խօսքերի զօրութեանը: Ապա ամիրապետը դահճապետին հրա­մա­յեց նրան կա­ռափնարան տանել, այնտեղ մէկ ան­գամ եւս փորձել ուրանալ տալ նրա հաւատը, իսկ մերժելու դէպ­քում անմիջապէս սպանել:

   Երանելին մեծ ուրախութեամբ էր գնում դէ­պի մահը: Նա սաղմոսում էր ու ա­սում. «Դէպի Քեզ եմ բարձրացնում աչքերս, Տէ՛ր, որ բնակւում ես երկնքում»: Նրան հետեւում էր ժողովրդի բազմ­ազգ բազմութիւն, որպէսզի տեսնէր նրա նահա­տա­կութիւնը: Երբ հասաւ կառափնատեղի, սուրբը ձեռ­քերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Գո­հա­նում եմ Քեզանից, Տէ՛ր, որ չանտեսեցիր իմ ամէն­օրեայ արտասուքներն ու հառաչանքները եւ ար­­ժանացրիր մեռնել Քո սուրբ եւ ահաւոր անուան համար: Արդ, յիշի՛ր ինձ, Տէ՛ր, Քո մարդասիրութեամբ ու ողորմի՛ր ինձ: Արժանի արա Քո սիրելիների հետ մտնել անվախճան Կեանք եւ ամա­չեցրու պարծենկոտ բռնաւորին՝ իր գործակիցներով հանդերձ: Ամուր ու անշարժ պահիր Ե­կեղեցու մանուկներին հաստատուն Վէմի վրայ եւ ար­ժանաւորիր ըստ Քո երկնաւոր կոչման ճանապարհուել դէպի յաւիտենական, ան­վախճան Կեանք ու լոյսի որդիների հետ փառաւորել Ամենասուրբ Երրորդու­թեանդ: Եւ թող նրանց հետ ես էլ արժանի լինեմ միշտ օրհնելու Քեզ այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Իսկ դահճապետը, մերկացնելով սուրը, ասաց Վահանին. «Ահա եկաւ եւ հասաւ քո դառը մահուան օրը, բայց եթէ կամենաս` նորից կեանք գտնելու օրը»: Սուրբն ասաց. «Ընտրում եմ Քրիստոսի հա­մար մահը եւ ոչ թէ անցաւոր ու ապականացու այս կեան­քը»: Այնժամ կտրեցին երանելու գլուխը:

   Այսպէս 38 տարեկան հասակում նահատակուեց փառաւոր իշխանը՝ Գող­թն գաւառի տէր սուրբ Վահա­նը: Սա տեղի ունե­ցաւ Տիրոջ 738 կամ 739 թուականին Դամաս­կո­սի մօտ գտնուող Ռուծափ քաղաքում, ապրիլի 14-ին՝ սուրբ Զատկի երկուշաբթի օրը, ին­ներորդ ժա­մին: Նրա նահատակութեանը ներկայ եղող քրիստոնեաները օրհնում էին Աստծուն, բայց նրանցից ոչ ոք չէր համար­ձակ­ւում մօտենալ սուրբի մարմնին, որովհետեւ վա­խենում էին ամիրապետից: Իսկ այդ գիշեր մի ահաւոր տեսիլք զարհուրեցրեց ամիրապետին, որի համար հետեւեալ օրը նրա հրա­մանով ներ­քի­նա­պետը քրիստոնեաներին ­ թոյլ տուեց վերցնել Վահանի մար­մինը: Անմիջապէս հաւաքուեց քրիս­տո­նեայ տղամարդկանց ու կանանց բազ­մութիւն եւ, որ­քան հնարաւոր էր, սկսեցին հաւաքել սուրբի արեան ամէն մի կաթիլը: Բայց քանի որ այդ քա­ղա­քում չկային հայազգիներ, այլ միայն հռո­մէա­ցի­ներ, ասորիներ ու նեստորականներ, սուրբի մարմ­­նի համար վէճ եւ հա­կառակութիւն ծագեց նրանց միջեւ: Բայց քիչ անց խաղաղուելով՝ իւրաքանչիւրը, մի մաս վերցնելով վկայի սուրբ արիւ­նից ու հանդերձներից, օրհնում էր Աստծուն, իսկ մարմնի նշխարները պահելով մի տեղ՝ սպասում Աստուծոյ տեսչութեանը: Սակայն արքունի զինուորներից մի հռոմէա­­ցի քրիստոնեայ, ում անունը Թէոփիլոս էր, գի­շերը չորս հոգու հետ գողացաւ սուրբի նշխար­նե­րը եւ տարաւ իր սենեակ: Նոյն գիշեր քաղաքի եպիսկոպոսին տեսիլքով յայտնուեց, թէ ինչ արեց Թէո­փիլոսը, որը պատմեց բոլորին: Այս իմանալով՝ հա­ւա­քուեցին քրիստոնեաները, որպէսզի որոշեն, թէ ինչ անեն: Ապա միախորհուրդ կերպով պատուական գանձը բերեցին Եկեղեցի եւ որոշեցին սուրբ Վահանի անուամբ վկայարան կառուցել:

   Կար մի մերձիմահ հիւանդ, ով առողջանալու համար աղաչում էր իրեն տանել ու մօտեցնել սուրբի նշխարներին: Երբ մօտեցրին, նա նոյն պա­հին բժշկուեց իր ցաւերից, վեր կացաւ, օրհնեց Աստծուն եւ իր ոտքով գնաց իր տուն: Տեսնելով նրան՝ բոլորը փառաւորեցին Աստծուն ու աւելի նախանձախնդրօրէն եւ առաւել պերճաշուք գեղեցկութեամբ կառուցեցին սուրբի հանգստարանը:

   Կար նաեւ մէկը, ով, բարձրաբերձ պատի վրայից սայթաքելով, վայր ընկաւ: Բոլոր տես­նող­ները կարծելով, թէ նա մեռաւ, աղա­ղակեցին: Իսկ նա ողջ եւ առողջ էր մնա­ցել, ու ոչ մի տեղը չէր վնասուել: Նա ոտքի կանգ­­նեց եւ ասաց. «Ահաւասիկ կենդանի եմ ու առանց վնասուածքների, քանզի յայտնապէս տե­սայ Աստուծոյ վկային՝ Վահանին, ով իմ սայ­թա­քե­լու պահին բռնեց ինձ եւ ցած իջեցրեց»:

   Եւ տեսնելով ու լսելով հրաշք հրաշքի վրայ` ամէն­քը փառաւորում էին Աստ­ծուն: Կառուցեցին սուր­բի վկայարանը, շքեղութեամբ զարդարեցին Եկեղեցին, ուր սուրբ եւ փառաւորուած նահա­տակ­­­նե­րի կարգով տեղափոխեցին Քրիստոսի հրա­շա­գործ վկային: Եւ այդ վայրում սուրբ Վահանի բարեխօսութեամբ բազում հիւանդներ պէս-պէս ցա­ւերից առողջութիւն էին ստանում:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 33: