Շնորհեա մեզ Քրիստոս Թագաւոր.
Կատարել ի հաճոյս Քո զյիշատակ սրբոցն
եւ օրհնել զանուն Քո սուրբ:
Որք հեղման Քո սուրբ արեան եւ չարչարանաց Քոց՝
Եղեն հաղորդ սուրբ վկայքն եւ լուսաւորիչք աշխարհի:
Սոքօք միշտ աղաչեմք. եւ փառաւորեմք
անդադար երգով օրհնութեամբ՝
Սուրբ զԵրրորդութիւնդ համագոյ:
(Շարակնոց)
Անախտ Փեսայի մաքուր հարսը՝ չքնաղագեղ վկայուհի Փեբրոնիա կոյսը, Հռիփսիմեանց կոյսերի ժամանակակիցն ու վիճակակիցն էր եւ ապրում էր նրանց կեանքին ու կենցաղավարութեանը համընթաց, ինչպէս որ պատմում է նրա գեղեցիկ եւ պարզ վկայաբանութիւնը, որը շարագրել է Փեբրոնիայի հոգեւոր սնուցիչ Թումայիս կոյսը:
Դիոկղետիանոս կայսեր թագաւորութեան օրօք, որը երբեմն նստում էր արեւմուտքում՝ Հռոմում, երբեմն էլ՝ արեւելքում՝ Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքում, կար Անթիմոս անունով մի եպարքոս, որը ծանր հիւանդութամբ մահիճն ընկաւ: Նա կանչեց իր եղբօրը, որի անունը Սելինոս էր եւ ասաց նրան. «Ահաւասիկ ես աւարտել եմ իմ բոլոր գործերն ու քեզ եմ յանձնում իմ որդի Լիւսիմաքոսին: Մենք նրան նշանել էինք սինկղիտոսների դասից Պրոսփորոսի դստեր հետ, սակայն իմ վախճանից յետոյ հոգ տար, որ կատարուի նրանց հարսանիքը եւ իմ որդու համար եղիր որպէս հայր»: Այս պատուէրը տալուց երեք օր յետոյ Անթիմոսը մեռաւ:
Իսկ Դիոկղետիանոսը կանչեց Լիւսիմաքոսին եւ նրա հօրեղբօր ներկայութեամբ ասաց. «Ո՛վ երիտասարդ, յիշելով քո հօր հանդէպ սէրը, ցանկանում էի նրա վախճանից յետոյ քեզ տալ նրա աթոռը, սակայն ականջիս լուր հասաւ, որ դու համակրում ես քրիստոնեաների կրօնը, որի պատճառով յետաձգում եմ իմ որոշումը: Այժմ մտածում եմ քեզ ուղարկել դէպի արեւելք, որպէսզի այնտեղ վերացնես քրիստոնեաների կրօնը, եւ երբ վերադառնաս, այնժամ կը ժառանգես հօրդ աթոռը, որպէսզի վարես եպարքոսութեան պաշտօնը»: Այս լսելով՝ պատանին, որը մօտ քսան տարեկան էր, չհամարձակուեց պատասխան տալ, իսկ նրա հօրեղբայր Սելինոսն ընկաւ թագաւորի ոտքերն ու ասաց. «Աղաչում եմ քեզ, շնորհի՛ր մի քանի օր, որպէսզի կատարեմ նրա հարսանիքը, ինչպէս ինձ պատուիրել է նրա հայրը»: Թագաւորն ասաց. «Նախ գնացէ՛ք դէպի արեւելք, վերացրէ՛ք այնտեղ քրիստոնէական կարգն ու կրօնը, իսկ յետոյ, երբ վերադառնաք, ես անձամբ կը հոգամ Լիւսիմաքոսի հարսանեաց արարողութեան համար»: Թագաւորից լսելով այս խօսքերը՝ չհամարձակուեցին հակաճառել ու պատրաստուեցին մեծ զօրքով ճանապարհուել դէպի արեւելք: Լիւսիմաքոսն իր հետ վերցրեց իր քեռորդի Պռիմոս կոմսին եւ նրան զօրագլուխ նշանակեց իր զօրքի վրայ: Եկան հասան արեւելք՝ Եփրատի ափերի մօտ, պալմուրացիների երկրի Պալմիւրա քաղաքը: Լինելով քրիստոսամարտ Դիոկղետիանոս անօրէն արքայի կամակատարը՝ Սելինոսը որտեղ բռնում էր իրենց քրիստոնեայ խոստովանողներին, ոմանց հրկիզում, ոմանց էլ սրի էր քաշում: Նա սպանուածների մարմինները որպէս կերակուր գցում էր շների առաջ, եւ այդ խիստ ու չար մարդու պատճառով մեծ ահ ու դող էր ընկած արեւելեան կողմերում:
Իսկ բարեսէր Լիւսիմաքոսը մի գիշեր կանչեց Պռիմոս կոմսին եւ ասաց. «Դու գիտես, որ իմ հայրը մեռաւ՝ հեթանոս լինելով, իսկ իմ մայրը քրիստոնեայ էր եւ ջանում էր ինձ եւս քրիստոնեայ դարձնել, սակայն չէր համարձակւում թագաւորի եւ իմ հօր ահից: Եւ արդ, իմ մայրը պատուիրել է չվերացնել որեւէ քրիստոնեայի, այլ ի Քրիստոս բարեկամ լինել նրանց: Բայց ահա տեսնում եմ, որ ժանտ Սելինոսի հրամանով քրիստոնեաներին բռնում ու անողորմ վերացնում են: Ես այժմ կամենում եմ, որ բռնուած քրիստոնեաներն առանց պատուհասուելու լռելեայն ազատ արձակուեն»:
Պռիմոսը լսեց նրան, ոչ ոքի չբռնեց եւ անգամ տեղեկացրեց տեղի վանականներին, որ փախչեն ու չընկնեն Սելինոսի ձեռքը: Եւ նրանք, շրջելով Միջագետքով, ուր կային ոչ քիչ քրիստոնեաներ, որոշեցին գնալ Ասորեստանին մօտ գտնուող մի քաղաք, որը գտնւում էր հռոմեական իշխանութեան տակ: Ըստ վկայագրի՝ դա Սաբայ կամ Նիսեբի քաղաքն էր, որն իրաւամբ համարւում է նշանաւոր Մծբին քաղաքը, եւ որի առաջնորդն այդ ժամանակ Զգօն կոչուող սուրբ Յակոբ հայրապետն էր: Այդ քաղաքում կար կուսանաց մի վանք, ուր ճգնաւորական կեանքով ապրում էին շուրջ յիսուն կոյսեր: Որպէս վանամայր՝ նրանց առաջնորդ էր կարգուած Բրիոնա սարկաւագուհին, որն աշակերտել էր Պլատոնիդէս անունով կոյսին եւ սարկաւագուհի էր եղել նրանից յետոյ: Վանքում կոյսերն ապրում էին Պլատոնիդէս կոյսի կանոններով: Ըստ այդ կարգի՝ ուրբաթ օրերը չէր թոյլատրւում որեւէ բան անել, այլ աղօթելու համար բոլորը հաւաքւում էին եկեղեցում, եւ երբ աւարտում էին սաղմոսերգութիւնը, սարկաւագուհին վերցնում էր Սուրբ Գիրքը եւ մինչեւ երրորդ ժամն ընթերցում քոյրերի համար: Երրորդ ժամից յետոյ նա Սուրբ Գիրքը տալիս էր Բրիոնայի ձեռքը, որն ընթերցում էր մինչեւ երեկոյ: Եւ երբ Բրիոնան սարկաւագուհի եղաւ, նա եւս պահեց այդ կարգը, իսկ նրանից յետոյ եղաւ Թումայիսը, որն էլ պատմեց այս բաները:
Վանքում կոյսերի մէջ կային երկու աղջիկներ, որոնք մանկուց մեծացել էին Բրիոնայի ձեռքի տակ: Նրանցից մէկի անունը Պրոկլիա էր, որը քսանհինգ տարեկան էր, իսկ միւսի անունը՝ Փեբրոնիա, որը քսան տարեկան էր: Փեբրոնիան Բրիոնայի եղբօր դուստրն էր: Նա բարձրահասակ էր եւ այնքան չքնաղագեղ, որ անհնար էր գտնել մէկին այդպիսի պատկերով ու հասակով: Բրիոնան մեծ ջանքեր էր դրել իր սան Փեբրոնիայի վրայ, ինչպէս երանելի Գայիանէն սուրբ Հռիփսիմէի վրայ եւ հոգում էր նրա փրկութեան համար: Մտահոգ էր նաեւ, որ նրա գեղեցկութեան պատճառով վտանգի չենթարկուեն թէ՛ ինքը եւ թէ՛ միւսները, այդ պատճառով քոյրերին պատուիրում էր ճաշակել երեկոյից երեկոյ, իսկ Փեբրոնիային՝ երկու օր պահել եւ ապա ճաշակել: Փեբրոնիան եւս, տեսնելով իր մարմնի կազմուածքը, հացն ու ջուրն ընդունում էր չափաւոր՝ առանց յագենալու: Պատրաստել տուեց երեք կանգուն երկարութեամբ եւ թիզ ու կէս լայնութեամբ մի թախտ, որի վրայ քնի ժամին հանգստացնում էր մարմինը եւ յաճախ էլ տարածւում մերկ գետնին: Երբ դեւը յարուցում էր գիշերային ցնորքներ, վեր կենալով նա իսկոյն աղօթում էր եւ արտասուքներով խնդրում Տիրոջը՝ հեռացնել իրենից չարի փորձութիւնները: Մանկուց յոյժ ուսումնասէր լինելով՝ միշտ բացում էր Սուրբ Գիրքը եւ կրթում իրեն ընթերցուածքների աստուածաշունչ խօսքերով ու իմաստնանում: Թէ՛ Բրիոնիան եւ թէ՛ բոլորը զարմանում էին կոյսի այսչափ ուսումնասէր լինելու վրայ: Ուրբաթ օրերը, երբ միասին հաւաքւում էին աղօթարանում, Բրիոնիան Փեբրոնիային պատուիրում էր քոյրերի համար կարդալ աստուածային Գիրքը: Եւ քանի որ ուրբաթ օրերը հոգեւոր վարդապետութիւն լսելու համար եկեղեցում հաւաքւում էին նաեւ ազնուազարմ կանայք, Բրիոնիան պատուիրում էր Փեբրոնիայի ընթերցելու ժամին իջեցնել վարագոյրը, որպէսզի ոչ ոք չտեսնէր նրան, եւ նա էլ չտեսնէր որեւէ մէկին: Փեբրոնիան չգիտէր անգամ, թէ ինչ տեսք ունի տղամարդը, որովհետեւ շատ փոքր հասակից նա փակուած էր վանքում:
Այնուհետեւ նրա ուսմունքի, ինչպէս նաեւ նրա գեղեցկութեան, հեզ եւ խոնարհ վարքի համբաւը տարածուեց քաղաքում: Այդ քաղաքում կար Երիա անունով մի պատուական կին, որը եպարքոսի կինն էր: Նրա ամուսինը մահացել էր վեց ամիս առաջ, եւ նա այրիանալով եկել առանձնացել էր իր ծնողների տանը: Թէպէտ նա հեթանոս էր, սակայն ծանօթ էր քրիստոնէութեանը: Լսելով սուրբ կոյս Փեբրոնիայի բարի համբաւի մասին՝ տոչորուեց աստուածային ցանկութեամբ՝ տեսնելու նրան եւ զրուցելու իր հոգու շահի համար: Ապա ելնելով գնաց այն վանքը եւ ասաց դռնապանին. «Բրիոնիա սարկաւագուհուն լուր տուր իմ մասին»: Բրիոնան ընդառաջ եկաւ նրան, իսկ Երիան, տեսնելով Բրիոնային, խոնարհուեց նրա առաջ եւ ասաց. «Երդուեցնում եմ քեզ Աստուծոյ անունով, Ով արարեց երկինքն ու երկիրը, մի՛ արհամարհիր ինձ որպէս հեթանոս, պիղծ եւ անսուրբ կնոջ, որովհետեւ մինչեւ այժմ ես կռապաշտ եւ խաղալիք եմ եղել դեւերի ձեռքին: Մի՛ զրկիր ինձ սուրբ Փեբրոնիայի ուսմունքից եւ նրան տեսնելու ցանկութիւնից: Փրկի՛ր ինձ այս ունայնութիւնից եւ պիղծ կռապաշտութիւնից, որովհետեւ ծնողներս ինձ ստիպում են երկրորդ անգամ ամուսնանալ հեթանոսի հետ: Բաւական է ինձ իմ նախկին անգիտութեան մէջ ապրած ժամանակը»: Ասում էր այս խօսքերը, արտասուքներով թրջում Բրիոնիայի ոտքերը եւ մեծ գութ ու վշտակցութիւն արթնացնում նրա մէջ:
Բրիոնան ասաց նրան. «Ո՛վ տիկին, Աստուած գիտի, որ Փեբրոնիան երկու տարեկան էր, երբ ձեռքս առայ նրան: Նա այժմ տասնինը տարեկան է, սակայն չի տեսել ո՛չ տղամարդու եւ ո՛չ էլ որեւէ աշխարհիկ կնոջ երես, անգամ մինչ օրս նրա դայեակը չի տեսել նրա երեսը, թէպէտ շատ է խնդրել արտասուքներով: Բայց այժմ նրան տեսնելու ցանկութեանդ համար քեզ կը հագցնեմ կրօնաւորի հագուստ, ինչպէս որ իմն է եւ կը տանեմ նրա մօտ»: Արդ, Երիան կոյսի կերպարանք առաւ, եւ Բրիոնան նրան տարաւ Փեբրոնիայի մօտ: Փեբրոնիան, տեսնելով կրօնաւորի հագուստը եւ կարծելով, թէ նա անծանօթ կոյսերից մէկն է, խոնարհուեց եւ համբուրեց նրա ոտքերը: Միմեանց ողջոյն տալուց յետոյ Բրիոնան հրամայեց երկուսին էլ նստել, իսկ Փեբրոնիային պատուիրեց նրա համար Սուրբ Գիրք ընթերցել: Եւ Երիան մեծ զղջում ապրեց. նա չէր ձանձրանում լսելուց եւ չէր յոգնում գիշերուայ տքնութիւնից, այլ արտասուքներով թրջում էր ամբողջ յատակը: Երկուսով անքուն հսկեցին մինչեւ լուսաբաց, իսկ առաւօտեան Բրիոնան մի կերպ համոզեց Երիային, որ գնայ իր տուն: Եւ նա, հրաժեշտ տալով ու արտասուելով, հեռացաւ եկեղեցուց ու գալով իր ծնողների մօտ՝ համոզում էր նրանց հրաժարուել հայրենի աւանդութիւններից եւ դառնալ դէպի ճշմարիտ Աստուած:
Իսկ սուրբ Փեբրոնիան Թումայիսին, որը երկրորդ սարկաւագուհին էր, ասաց. «Ասա՛ ինձ, ո՞վ եր այն անծանօթ քոյրը, որն այդպէս արտասուքներ էր հեղում: Ասես թէ նա երբէք չէր լսել Սուրբ Գրքի մասին»: Թումայիսն ասաց. «Չիմացա՞ր, թէ ով էր»: Փեբրոնիան ասաց. «Ինչպէ՞ս կարող էի իմանալ, ես տեսայ նրան որպէս մի օտար քրոջ»: Իսկ Թումայիսն ասաց. «Նա Երիան էր, եպարքոսի կինը»: Փեբրոնիան ասաց. «Իսկ ինչո՞ւ խաբեցիք ինձ՝ մոլորեցնելով նրա հագուստներով: Ես առանց իմանալու խօսեցի նրա հետ որպէս քրոջ»: Թումայիսն ասաց. «Մեր առաջնորդը պատուիրեց, որ նա քեզ մօտ մտնի այդ պատմուճանով»:
Եղաւ, որ այդ օրերին Փեբրոնիան մերձ ի մահ հիւանդացաւ: Նա պառկեց իր թախտին, իսկ Երիան չհեռացաւ նրա մօտից, մինչեւ որ չփարատուեց նրա հիւանդութիւնը, թէպէտ նա չառողջացաւ կատարելապէս:
Այնուհետեւ քաղաքում լուր տարածուեց, որ Սելինոսն ու Լիւսիմաքոսը պատրաստւում են գալ՝ հալածելու քրիստոնեաներին: Քաղաքի քրիստոնեաները, եկեղեցականները եւ վանականները, թողնելով իրենց տեղերը, փախան: Փախաւ ու թաքնուեց նաեւ քաղաքի եպիսկոպոսը: Իմանալով այս մասին՝ վանքի քոյրերը մօտեցան Բրիոնա սարկաւագուհուն եւ ասացին. «Մենք ի՞նչ պիտի անենք, քանզի այն վայրենի գազանները ժամանեցին մեր քաղաք, եւ բոլորը փախան բռնաւորի սպառնալիքներից»: Բրիոնան ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ անեմ ձեզ համար»: Ասացին նրան. «Հրամայի՛ր, որ միառժամանակ մենք եւս փախչենք ու փրկուենք»: Բրիոնան ասաց. «Դեռ պատերազմ չտեսած՝ մտածում էք փախչե՞լ, ո՛չ, զաւակներս, հաստատուն մնացէք յանուն Նրա, Ով մեռաւ մեզ համար, որպէսզի Նրա հետ կեանք ունենանք»:
Այս լսելով՝ քոյրերը լռեցին: Յաջորդ օրը նրանցից մէկը, որի անունը Եթերիա էր, ասաց. «Ես գիտեմ, որ Բրիոնան թոյլ չի տալիս մեզ հեռանալ Փեբրոնիայի պատճառով, որովհետեւ նա հիւանդ է: Նա կամենում է Փեբրոնիայի համար կործանել բոլորիս, սակայն ես կը մտնեմ ու կը խօսեմ, ինչ որ պէտք է»: Այս լսելով՝ ոմանք հաւատացին Եթերիային, ոմանք էլ ընդդիմացան՝ դատապարտելով նրա ենթադրութիւնը: Մի քանի ժամ միմեանց հակառակուելուց յետոյ միաբանուած գնացին սարկաւագուհու մօտ՝ տեսնելու, թէ նա ինչ է մտածում: Բրիոնայի մօտ մտնելով՝ կոյսերը յայտնեցին Եթերիայի խորհուրդների մասին, իսկ նա դարձաւ Եթերիային եւ ասաց. «Ի՞նչ ես կամենում, քո՛յր Եթերիա»: Եւ նա պատասխանեց. «Եկել ենք քեզ, մօտ, որ հրամայես փախչենք ու թաքնուենք: Մենք աւելի լաւը չենք, քան եկեղեցու ժառանգաւորները եւ հէնց ինքը՝ եպիսկոպոսը: Պէտք է նաեւ մտածես, որ մեր մէջ կան երիտասարդ աղջիկներ. գուցէ զօրքից առեւանգեն նրանց ու ապականելով փորձութեան մէջ գցեն: Այնժամ նրանք կը կորցնեն իրենց ճգնութեան վաստակը կամ էլ չկարողանալով համբերել տանջանքներին՝ կը ծառայեն դեւերին: Արդ, եթէ կամենում ես փրկել մեզ, ապա հրամայիր Փեբրոնիային հետ հեռանալ այստեղից»:
Այս լսելով՝ Փեբրոնիան ասաց. «Կենդանի է Քրիստոս Աստուած, Որին ես հարսնացայ եւ Որին յանձնեցի հոգիս, որ ես չեմ հեռանայ այս վանքից, այլ կը մեռնեմ ու կը թաղուեմ այստեղ»: Եւ Բրիոնա սարկաւագուհին Եթերիային ասաց. «Դու գիտես, թէ ինչ կ՚անես»: Ապա դարձաւ բոլոր քոյրերին եւ ասաց. «Իւրաքանչիւրդ թող տեսնի, թէ որն է իր օգուտը եւ ընտրի, ինչ որ կամենում է»:
Այնժամ բոլոր քոյրերը, ողբալով ու կուրծք ծեծելով, հրաժեշտ տուին Բրիոնային եւ Փեբրոնիային ու հեռացան: Իսկ Պրոկլիան, որը մեծացել էր Փեբրոնիայի հետ, գնաց նրա մահճի մօտ, ընկաւ նրա պարանոցով եւ բարձրագոչ ասաց. «Աղօթի՛ր ինձ համար, ի՛մ տիրուհի եւ քոյր»: Իսկ նա բռնել էր Պրոկլիայի ձեռքից եւ թոյլ չէր տալիս հեռանալ՝ ասելով. «Վախեցի՛ր Աստծուց, իմ տիրուհի՛ Պրոկլիա, դու եւս մնայ մեզ մօտ, որովհետեւ դեռեւս հիւանդ եմ: Գուցէ մահն ինձ այցելի, եւ չլինի մէկը, որ ինձ գերեզման դնի: Աւագ տիրուհին դա չի կարող անել, ուստի դու մնայ, որ յուղարկաւորես ինձ»: Պրոկլիան ասաց նրան. «Լսո՛ւմ եմ, քո՛յր իմ, ես քեզ չեմ թողնի», բայց երբ իջաւ երեկոն, Պրոկլիան դուրս գնաց եւ անհետացաւ, որովհետեւ բռնաւորի ահը պատել էր բոլորին:
Այնժամ Բրիոնա սարկաւագուհին, տեսնելով դատարկուած վանքը, մտաւ աղօթարան եւ գետնին ընկած բարձր ձայնով դառնապէս ողբաց: Իսկ Թումայիսը, որը վանքում երկրորդն էր Բրիոնայից յետոյ, նրա մօտ նստած խնդրում էր նրան. «Հանդարտուի՛ր, ի՛մ տիրուհի եւ մայր, որովհետեւ Աստուած փորձութեան հետ կարող է արագ ցոյց տալ նաեւ ելքը, միայն թէ կարողանանք համբերել: Ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց»: Իսկ Բրիոնան ասաց. «Այո՛, տիրուհի՛, գիտեմ, որ այդպէս է, սակայն ո՞ւր թաքցնեմ Փեբրոնիային, կամ ի՞նչ աչքով նայեմ, երբ բարբարոսները բռնեն նրան»: Թումայիսն ասաց. «Մի՞թէ մոռացար իմ ասածները. Նա, Ով յարութիւն է առել մեռելներից, Նա Ինքն էլ կը զօրացնի ու կը փրկի Փեբրոնիային: Իսկ այժմ եկ գնանք նրա մօտ եւ սրտապնդենք նրան իր հիւանդութեան մահճում»:
Եւ երբ երկուսով եկան թախտի մօտ, որի վրայ պառկած էր Փեբրոնիան, Բրիոնան սկսեց դառնապէս լաց լինել, երեսը դրեց նրա ծնկներին ու արտասուքներ հեղեց: Իսկ Փեբրոնիան, Թումայիսին նայելով, ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, մա՛յր իմ, ասա՛ ինձ, ինչո՞ւ է այդպէս լալիս մեր մեծ տիրուհին: Ես նաեւ լսում էի, թէ ինչպէս էր նա ողբում աղօթարանում»: Թումայիսը եւս արտասուեց ու ասաց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, մեր տիրուհին ողբում եւ հեծեծում է քեզ համար, որովհետեւ չարիքներ են սպասւում բռնաւորի կողմից: Դու դեռեւս դեռատի ես ու գեղեցկատես, եւ քեզ համար է նա տառապում ու ողբում»: Սուրբ Փեբրոնիան ասաց. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, աղօթէ՛ք ձեր աղախնու համար, քանզի Աստուած կարող է նայել նուաստիս, զօրացնել եւ համբերութիւն շնորհել, ինչպէս Իր բոլոր ծառաներին, որոնք ճշմարտութեամբ սիրեցին Նրան»: Թումայիսն ասաց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, հասել է մրցութեան եւ նահատակութեան ժամը, որովհետեւ ահա պիտի ընկնենք զինուորների ձեռքը: Գիտեմ, որ բռնաւորները մեզ՝ որպես մեծահասակներ, իսկոյն կը զրկեն կեանքից, իսկ քեզ կը խնայեն, որովհետեւ դու դեռատի ես եւ գեղեցիկ: Արդ, եթէ լինի, որ մենք բռնուենք, եւ նրանք քեզ փաղաքշական խօսքեր ասեն, չհամաձայնես, որովհետեւ չկայ աւելի պատուական բան, քան կուսութիւնը, որի վարձքն անչափ է, իսկ հատուցումը՝ մեծամեծ»: Լսելով այս խօսքերը՝ Փեբրոնիան առաւել հաստատուեց ընդդեմ սատանայի եւ Թումայիսին ասաց. «Բարի է, որ զօրացնում ես ինձ, սակայն եթէ ես ցանկանայի փախչել նահատակութիւնից, կը փախչէի քոյրերի հետ ու կը թաքնուէի անվտանգ մի տեղում: Ես փափագում եմ Նրան, Որին յանձնեցի հոգիս եւ շտապում եմ գտնել Նրան, Որին տենչում է անձս, միայն թէ Նա արժանացնի ինձ նահատակուել Իր անուան համար»:
Այս լսելով՝ Բրիոնան ասաց նրան. «Յիշի՛ր, դո՛ւստր, թէ ինչպէս յետեւեցիր ինձ եւ յիշի՛ր, որ դու էլ ուսուցիչ եղար ուրիշների համար: Յիշի՛ր, թէ ինչպէս քեզ իմ ձեռքն առայ քո դայեակի մօտից, երբ դեռ երկու տարեկան էիր: Մինչ օրս ոչ մի տղամարդ չի տեսել քո երեսը, եւ մինչ այժմ պահել եմ քեզ Տիրոջով, որն ինքդ քաջ գիտես: Եւ այժմ ինչպէ՞ս վարուեմ, դո՛ւստր իմ, մի՛ արհամարհիր քո մայր Բրիոնայի տարիքը եւ մի՛ ունայնացրու քո հոգեւոր ծնողի վաստակը: Յիշի՛ր նախկին նահատակներին, որոնք ոչ միայն այրեր էին, այլեւ կանայք եւ աղջիկներ: Նրանք վկայեցին փառքով եւ յաղթութեան պսակներ ստացան երկնաւոր մրցանակը Պարգեւողի կողմից»:
Այդ գիշերն անցկացրին՝ այս եւ նման բաներ խօսելով ու աղօթելով, իսկ առաւօտեան, երբ Սելինոսն եւ Լիւսիմաքոսը ներխուժեցին քաղաք, խռովութիւն եւ աղաղակ ընկաւ. զինուորները բռնեցին շատ քրիստոնեաների, կապեցին նրանց ու բանտ նետեցին: Հեթանոսներից ոմանք մօտեցան Սելինոսին եւ տեղեկացրին այն վանքի մասին, եւ նա իսկոյն մեծաթիւ զինուորներ ուղարկեց, որոնք, զինուած շրջապատելով վանքը, ջարդեցին վանքի դուռը, ներս մտնելով՝ բռնեցին Բրիոնային ու կամեցան սրի քաշել: Տեսնելով վրայ հասած բարկութիւնը՝ սուրբ Փեբրոնիան իրեն մահճից ցած գցեց, ընկաւ զինուորների ոտքերն ու ասաց. «Երդուեցնում եմ ձեզ երկնքի ու երկրի Աստուծով, նախ ինձ սպանէք, որպէսզի չտեսնեմ իմ տիրուհու մահը»: Այդ պահին վրայ հասաւ Պռիմոս կոմսը, որին ուղարկել էր Լիւսիմաքոսը՝ կոյսերին օգնութեան հասնելու համար: Տեսնելով կատարուածը՝ Պռիմոսը զայրացաւ զինուորների վրայ, հրամայեց նրանց հեռանալ վանքից, իսկ Բրիոնային հարցրեց. «Ո՞ւր են քեզ հետ բնակուողները»: Բրիոնան պատասխանեց. «Ձեր ահից բոլորը թողեցին ու փախան»: Պռիմոսն ասաց. «Երանի դուք եւս փախած լինէիք: Ահա ես ձեզ թոյլ եմ տալիս, ելէ՛ք ու փախէ՛ք»: Այս ասելով՝ վերցրեց իր զինուորներին, հեռացաւ վանքից ու գնաց Լիւսիմաքոսի ապարանքը՝ առանց վանքին պահապաններ կարգելու եւ առանց կոյսերին նեղութիւն պատճառելու:
Լիւսիմաքոսը հարցրեց նրան. «Ճշմարի՞տ են այն լուրերը, որ լսել ենք վանքի հաւատացեալների մասին»: Եւ նա պատասխանեց. «Այո, ճշմարիտ են»: Ապա առանձնացաւ նրա հետ ու ասաց. «Ես իսկապէս գնացի այդ վանքն ու այնտեղ չգտայ ոչ ոքի, որովհետեւ բոլորը փախել էին՝ բացի երկու տարեցներից եւ մի դեռատի աղջկանից: Եւ այժմ մի բան պիտի պատմեմ քեզ, տէ՛ր իմ. ես տեսայ մի չքնաղ աղջկայ, որի նման գեղեցիկ մէկին չեմ տեսել ծնուածս օրից մինչ այժմ: Աստուածները վկայ՝ ես միայն նրան տեսայ, որը պառկած էր տախտակէ մահճակալի վրայ եւ ապշահար եղայ: Ուզում եմ միայն ասել, որ եթէ անտեսենք նրա աղքատութիւնը, նա արժանի է լինել իմ տիրոջ կինը: Եթէ նա մերժի, ապա թող մեռնի, իսկ այն ծեր կանանց հետ վարուիր, ինչպէս կ՚ուզես»:
Լիւսիմաքոսն ասաց. «Մայրս ինձ պատուիրել է քրիստոնեաների արիւն չհեղել, այլ աւելի մեծ սէր ցուցաբերել նրանց հանդէպ: Ուրեմն ինչպէ՞ս կարող եմ նենգաբար վարուել քրիստոնեաների հետ: Խնդրո՛ւմ եմ քեզ, տէ՛ր իմ, դո՛ւրս բեր նրանց վանքից եւ փրկի՛ր, որ չընկնեն իմ անօրէն հօրեղբօր՝ Սելինոսի ձեռքը»:
Իսկ չար զինուորներից մէկը գնաց Սելինոսի մօտ եւ ասաց. «Վանքում գտել ենք մի դեռատի եւ շատ գեղեցիկ աղջկայ, որին Պռիմոս կոմսն ազատեց մեր ձեռքից ու հիմա էլ Լիւսիմաքոսի հետ նրա մասին է խօսում»: Այս լսելով՝ Սելինոսը զայրացաւ, պահապաններին ուղարկեց վանք՝ հսկելու եւ ապա հրամայեց տարածել քաղաքում, որ յաջորդ օրը պէտք է հրապարակաւ դատի կոյսին, որ գտնւում է վանքում: Այս իմանալով՝ հաւաքուեցին տղամարդիկ եւ կանայք՝ տեսնելու Փեբրոնիային ու նրա նահատակութիւնը:
Առաւօտեան զինուորները եկան վանք եւ ներս մտնելով՝ թախտի վրայ շղթայեցին Փեբրոնիային, երկաթէ օղ հագցրին պարանոցին եւ շտապեցին դուրս բերել նրան վանքից, իսկ Բրիոնան եւ Թումայիսը, ամուր բռնած Փեբրոնիայի ձեռքից, գոչում էին եւ աղաչում զինուորներին թոյլ տալ մի փոքր խօսել Փեբրոնիայի հետ: Խնդրում էին նաեւ Փեբրոնիայի հետ իրենց եւս տանել նահատակութեան, որպէսզի մենակ գնալով՝ նա չզարհուրի եւ չերկնչի: Զինուորներն ասացին. «Իշխանը մեզ հրամայել է տանել միայն այս աղջկան: Մենք ձեզ թոյլ կը տանք կարճ խօսել նրա հետ, որովհետեւ պէտք է իսկոյն նրան տանենք»:
Այնուհետեւ Բրիոնան եւ Թումայիսն սկսեցին գօտեպնդել Փեբրոնիային: Բրիոնան ասաց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, ահաւասիկ դու գնում ես նահատակութեան: Իմացի՛ր, որ երկնաւոր Փեսան քո մրցութեան հանդիսադիրն է, իսկ հրեշտակաց զօրքը պատրաստել է քո յաղթութեան պսակը: Տե՛ս, որ չսարսափես տանջանքներից, որպէսզի ծաղր չդառնաս սատանայի համար: Մի՛ խնայիր այս մարմինը, որ քայքայուելու է, իսկ ես կը մնամ վանքում, մինչեւ մի լուր ստանամ քեզնից, որը երանի թէ բարի լինի եւ ոչ թէ վատ: Սակայն ո՞վ աւետիս կը բերի ինձ, թէ Փեբրոնիան իրեն տանջանքների մատնեց, կամ նահատակուեց ի Քրիստոս»:
Իսկ սուրբ Փեբրոնիան՝ լցուած Սուրբ Հոգով, ասաց. «Մա՛յր իմ, հաւատալով Աստծուն՝ ես երբէք չեմ խախտել քո պատուիրանները եւ չեմ խախտի նաեւ այժմ: Թող ժողովուրդը տեսնի եւ զարմանայ Աստուծոյ գործերի վրայ, երանի տայ ծեր Բրիոնային եւ ասի՝ արդարեւ սա մեծ Բրիոնայի սանուհին է, որովհետեւ իմ տկար մարմնով եւ Տիրոջ օգնութեամբ պիտի հանդէս գամ զօրաւոր հոգով: Իսկ այժմ թոյլ տուր, որ գնամ»: Այնժամ Թումայիսն ասաց նրան. «Կենդանի՛ է Տէրը, դո՛ւստր իմ, ես աշխարհականի զգեստներ կը հագնեմ եւ կը գամ՝ տեսնելու քո նահատակութիւնը»: Փեբրոնիան ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, մա՛յր իմ, օրհնի՛ր իմ ելքն այս աշխարհից, աղօթէ՛ք ինձ համար եւ թոյլ տուէք գնամ»: Իսկ Բրիոնան, ձեռքերը երկինք տարածելով, բարձրագոչ ասաց. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, որ Պօղոս առաքեալի կերպարանքով երեւացիր Քո աղախին Թեկղիին, յայտնի՛ր Քեզ նաեւ այս տառապեալին»: Այսպէս աղօթելով՝ արձակեց նրան:
Այնժամ զինուորները վերցրին Փեբրոնիային եւ դուրս եկան վանքից, իսկ Թումայիսը հագաւ աշխարհականի զգեստ, առաւ աշխարհիկ կնոջ կերպարանք ու գնաց: Երբ եպարքոսի կինը՝ Երիան, լսեց, որ Փեբրոնիային տարել են ատեանի առաջ, գոչեց այնպէս, որ զարմացած ծնողները հարցրին, թէ ինչ է պատահել: Երիան ասաց նրանց. «Իմ քոյր Փեբրոնիային եւ իմ ուսուցչին տարան ատեանի առաջ՝ դատափետելու որպէս քրիստոնեայ»: Ծնողները սփոփում էին նրան, որ դադարեցնի ողբը, սակայն նա ասում էր. «Թո՛յլ տուէք, որ լաց լինեմ իմ քրոջ համար»: Այս խօսքերից ծնողները եւս արտասուեցին, իսկ Երիան համոզեց նրանց, որ գնայ ու տեսնի Փեբրոնիայի նահատակութիւնը: Գալով Երիան այնտեղ տեսաւ Թումայիսին, եւ միմեանց ճանաչելով՝ նրանք արտասուեցին:
Շատ ժողովուրդ էր հաւաքուել: Առջեւում նստեցին իշխաններն ու դատաւորները, Սելիմոսն ու Լիւսիմաքոսը եւ հրամայեցին բերել Փեբրոնիային: Եւ նա՝ որպէս անարատ գառ, մտաւ ատեան կապուած ձեռքերով եւ երկաթէ օղը պարանոցին, որը տեսնելով՝ ամբոխը բարձրաձայն արտասուեց ու ողբաց: Սելինոս իշխանն ամբոխին հրամայեց լռել, ապա դարձաւ Լիւսիմաքոսին եւ ասաց. «Հարցաքննի՛ր նրան եւ պատասխաններ ստացիր»: Այնժամ Լիւսիմաքոսը Փեբրոնիային ասաց. «Ասա՛ ինձ, աղջի՛կ, դու ծառա՞յ ես, թէ՞ ազատ»: Եւ նա պատասխանեց. «Ես աղախին եմ»: Լիւսիմաքոսը հարցրեց. «Ո՞ւմ աղախինն ես»: Փեբրոնիան պատասխանեց՝ Քրիստոսի: Լիւսիմաքոսն ասաց. «Ի՞նչ է քո անունը»: Փեբրոնիան ասաց. «Ես՝ նուաստս, քրիստոնեայ եմ»: Լիւսիմաքոսն ասաց. «Ցանկանում եմ իմանալ անունդ»: Սրբուհին ասաց. «Ասացի, որ քրիստոնեայ եմ, իսկ եթէ կամենում ես իմանալ աշխարհական անունս, ապա իմ տիրուհին ինձ Փեբրոնիա է կոչել»:
Այնժամ իշխանը լռեցրեց Լիւսիմաքոսին եւ սկսեց ինքը հարցաքննել՝ ասելով. «Աստուածները վկայ՝ ես չէի կամենում հարցաքննել քեզ, այլ իսկ եւ իսկ մահուան մատնել: Բայց տեսնելով քո հեզութիւնը, գեղեցկութիւնը եւ երեւելի կազմուածքը՝ մարեց մեծ զայրոյթս, որ ունէի քո հանդէպ: Այսուհետեւ հայրաբար կը խօսեմ քո օգտի համար: Եւ այժմ լսի՛ր ինձ, դո՛ւստր իմ: Աստուածները վկայ՝ ես քեզ մեծ ունեցուածքի եւ հարստութեան տէր կը դարձնեմ: Ես իմ տէր Լիւսիմաքոսին նշանել էի մի կնոջ հետ, բայց ես կը խզեմ այդ վճիռը, որ հաստատել եմ Պրոսփորոսի դստեր հետ ու դաշինք կը կապեմ քեզ հետ: Դու կը լինես Լիւսիմաքոսի կինը, որն այժմ նստած է իմ աջ կողմում եւ զարդարուած է գեղեցկութեամբ, ինչպէս որ դու: Հնազանդուի՛ր ինձ, եւ ես քեզ փառաւոր կը դարձնեմ երկրի վրայ: Դու մի՛ նեղուիր, որ աղքատ ես. իմ կինը ո՛չ դուստր ունի եւ ո՛չ էլ որդի, ուստի իմացած եղիր, որ իմ ամբողջ ունեցուածքը կը շնորհեմ քեզ, եւ դու այն՝ որպէս բաժինք, կը տաս Լիւսիմաքոսին: Ես քեզ համար հայր կը լինեմ, եւ բոլոր կանայք քեզ երանի կը տան: Այնժամ կ՚ուրախանայ նաեւ մեր բազմայաղթ Դիոկղետիանոս թագաւորը, որովհետեւ նա խոստացել է իշխանական մեծագոյն պատուի արժանացնել քո փեսացու Լիւսիմաքոսին եւ նրան եպարքոս դարձնել: Ահա ամէն բան լսեցիր: Այժմ պատասխան տո՛ւր, որ կ՚ուրախացնի ինձ ու հաճելի կը լինի աստուածներին, իսկ եթէ չհնազանդուես, ապա աստուածները վկայ՝ դու ողջ կը լինես մինչեւ երեք ժամ»:
Սուրբ կոյս Փեբրոնիան պատասխանեց նրան՝ ասելով. «Ո՛վ դատաւոր, ես անձեռագործ առագաստ ունեմ, որ երկնքում է, եւ որտեղ հարսանիքն անանցանելի է: Իմ բաժինքը թագաւորական է, եւ այն երկնքի Արքայութիւնն է: Ես ունեմ անմահ Փեսայ եւ չեմ ուզում զոյգ դառնալ մահկանացուի հետ: Ո՛վ դատաւոր, նեղութիւն մի՛ լինի, որովհետեւ ո՛չ փաղաքշանքներով կարող ես ինձ շահել եւ ո՛չ էլ կարող ես վախեցնել սպառնալիքներով»: Այս լսելով՝ դատաւորը բարկացաւ, հրամայեց պատառոտել նրա զգեստները, ցնցոտիներ հագցնել ու խայտառակուած կանգնեցնել բոլորի առջեւ, «որպէսզի, - ասաց, - բոլորը տեսնեն նրան անարգ կերպարանքով, համարեն նրան ամենաեղկելին, իսկ ինքն ամաչի, որովհետեւ կամեցաւ կորցնել այն երեւելի փառքը, որ խոստացայ նրան»:
Եւ զինուորներն իսկոյն պատառոտելով ծուէն-ծուէն արեցին նրա զգեստները, ցնցոտիներ բերելով՝ գցեցին նրա մերկ մարմնին եւ անարգուած կանգնեցրին բոլորի առաջ: Այնժամ իշխանն ասաց. «Ի՞նչ կ՚ասես, Փեբրոնիա՛, տեսնո՞ւմ ես, թէ ինչ բարիքներից զրկուեցիր եւ ինչ անարգանքի հասար»: Փեբրոնիան պատասխանեց եւ ասաց. «Թէպէտ մերկացնես ինձ բոլոր զգեստներից, ես խայտառակութիւն չեմ համարի, որովհետեւ մի՛ է բոլորի՝ թէ՛ այրերի եւ թէ՛ կանանց Արարիչը: Ես պատրաստ եմ ոչ միայն մերկանալ, այլեւ սպասում եմ մատնուել հրի, սրի եւ տանջանքների: Երանի թէ արժանանամ չարչարուել Նրա համար, Ով չարչարուեց ինձ համար»: Սելինոսն ասաց. «Ո՛վ անամօթ եւ անպատկառ, գիտեմ, որ ուրախանում ես մարմնիդ գեղեցկութեամբ եւ ամօթ չես համարում մերկութիւնդ ամբոխի առաջ»: Երանելին ասաց. «Վկայ է Քրիստոս, որ մինչ օրս ես չեմ տեսել տղամարդու գեղեցկութիւն եւ պատկեր, իսկ այժմ երբ քո ձեռքն ընկայ, անամօ՞թ դարձայ: Ասա՛ ինձ, անզգա՛մ եւ յիմա՛ր դատաւոր, օլիմպիական մրցարանում մի՞թէ հանդերձներով են իջնում մարտի, որ հեշտ բռնուեն եւ մի՞թէ մերկ չեն պատերազմում, որպէսզի յաղթեն: Եւ ես, որ սպասում եմ մատնուել հրի եւ տանջանքների, ինչպէ՞ս հանդերձներով մտնեմ այդպիսի մարտի: Չէ՞ որ արհամարհելով քո տանջանքները՝ մերկ պիտի ընդունեմ մարմնիս հարուածները, մինչեւ որ յաղթեմ քո հայր սատանային»:
Ապա Սելինոսը հրամայեց, որ չորս ցցերի վրայ պրկեն նրա մարմինը, իսկ ներքեւից վառուող ջահեր մօտեցնեն ու դալար ճիպոտներով հարուածեն նրա կողերին: Եւ այնքան տանջեցին նրան, որ երկու կողմերից արիւնն անձրեւի պէս թափւում էր գետնի վրայ, իսկ մարմնի ներքեւի կողմն այրուել էր սաստիկ հրից, որն անընդհատ բորբոքում էին ձէթով: Այսպէս երկար ժամեր չարաչար տանջեցին սուրբ կոյսին: Այնժամ ամբոխը միաբան խնդրեց դատաւորին եւ ասաց. «Ո՛վ մարդասէր դատաւոր, խնայի՛ր այդ դեռատի աղջկան, թէպէտ նա չի հնազանդւում քո հրամանին: Խնայի՛ր նրան, որ տոկաց տանջանքներին»: Իսկ բռնաւորը հրամայեց սաստկացնել տանջանքները, բայց երբ տեսաւ գետնին ընկած կոյսի բզկտուած եւ արնաթաթախ մարմինը, այնժամ դահիճներին հրամայեց դադարեցնել, որովհետեւ կարծեց, թէ վախճանուել է: Դահիճները եւս, համարելով, թէ նա ամբողջովին մեռած է, մարմինը կրակից դուրս գցեցին: Թումայիսը, տեսնելով Փեբրոնիայի աղետալից տառապանքները, վհատուեց, իսկ Երիան բարձրագոչ ասաց. «Վա՛յ ինձ, ի՛մ տիրուհի Փեբրոնիա, վա՛յ ինձ, ի՛մ հոգեւոր ուսուցիչ, քանզի այսուհետեւ պիտի զուրկ լինեմ քո հոգեւոր ուսմունքից եւ ոչ միայն քեզնից, այլեւ Թումայիսից, որը վհատուել է քո տանջանքներից եւ ահա մերձիմահ է»:
Երբ Փեբրոնիան լսեց Երիա տիկնոջ ձայնը, զինուորներին խնդրեց քիչ ջուր բերել եւ ցօղել իր երեսին ու մարմնի այն մասերին, որոնք անկենդան էին դարձել հարուածներից: Զինուորները կատարեցին նրա խնդրանքը, որից զօրանալով սրբուհին շունչ առաւ եւ խնդրեց նրանց՝ ցոյց տալ իրեն Երիային: Իսկ դատաւորը թոյլ չտուեց, որ կատարեն Փեբրոնիայի խնդրանքը, այլ հրամայեց ոտքի կանգնեցնել նրան եւ առաջ բերել՝ իրեն պատասխանելու համար: Դատաւորն ասաց. «Ի՞նչ կ՚ասես, Փեբրոնիա՛, քեզ ինչպէ՞ս թուաց պատերազմիդ առաջին պայքարը»: Սրբուհին ասաց. «Առաջին իսկ պատերազմից դու տեսար եւ հասկացար, որ ես անպարտելի եմ ու արհամարհում եմ քո տանջանքները»: Այս լսելով՝ բռնաւորը հրամայեց Փեբրոնիային կախել փայտից եւ երկաթէ քերիչներով քերել նրա կողերը, իսկ ներքեւից կրակ վառել, մինչեւ որ այրուեն նրա ոսկորները: Եւ դահիճները, առնելով քերիչները, քերում էին ուժգին եւ ապա կրակն իսկոյն մօտեցնում նրա կողերին, որից մարմնի մասերը կտոր-կտոր ընկնում էին գետնին: Իսկ սուրբ Փեբրոնիան, աչքերը երկնքին յառած, աղօթում էր եւ ասում. «Տէ՜ր, ինձ օգնութեան հասիր»: Ապա լռեց, որովհետեւ սաստիկ տոչորւում էր ուժգին կրակից:
Շատերը զարհուրեցին ու հեռացան այդ սոսկալի տեսարանից՝ դատապարտելով անօրէն իշխանի վայրենի ու անողորմ բարքը, շատերն էլ աղաղակելով պահանջում էին հեռացնել հուրը, մինչեւ որ իշխանը լսեց նրանց: Մինչ սուրբ կոյսը կախուած էր փայտից, բռնաւորը շարունակում էր հարցաքննել նրան, բայց քանի որ կոյսը չէր կարողանում պատասխանել, հրամայեց իջեցնել նրան եւ կապել մի ցցի վրայ: Հրամայեց բժիշկ կանչել, որին ասաց. «Այս անիծեալ եւ թշուառական պիղծը չի կամենում ատեանի առաջ ինձ պատասխան տալ: Այդ պատճառով թող կտրուի դրա լեզուն եւ նետուի կրակի մէջ»: Իսկ սուրբ կոյսն ինքը հանելով մօտեցրեց իր լեզուն ու խնդրեց բժշկին, որ իսկոյն կտրի: Երբ Հիպասպիստէս բժիշկը մօտեցաւ նրան, ամբողջ բազմութիւնը նրան աստուածներով երդուել տուեց չանել այդ բանը: Այնժամ երիցս նզովեալ եւ ամենապիղծ Սելինոսը հրամայեց ատամներն արմատախիլ անել բերանից: Բժիշկը ձեռքն առաւ գործիքը եւ սկսեց հանել նրա ատամներն ու թափել գետնին: Տասնեօթերորդ ատամը հեռացնելիս սրբուհու բերանից հոսող յորդ արիւնը ներկեց գետինը, եւ այնժամ բռնաւորը բժշկին հրամայեց դադարեցնել:
Սրբուհին նուաղում էր արիւն կորցնելուց, որի համար բժիշկը դեղ էր տալիս արեան հոսքը դադարեցնելու համար: Սելինոսը դարձեալ սկսեց հարցաքննել սուրբ կոյսին ու ասել. «Գոնէ այժմ հնազանդուի՛ր եւ խոստովանի՛ր աստուածներին»: Սուրբ Փեբրոնիան պատասխանեց. «Նզովեա՛լ լինես քո աստուածների հետ, երիցս թշուառակա՛ն եւ անիծեա՛լ ծեր: Դու խափանում ես իմ ճանապարհի ընթացքը եւ թոյլ չես տալիս գնալ իմ Փեսայի մօտ: Շտապի՛ր ինձ ազատել այս անցաւոր մարմնից եւ ուղարկել Նրա մօտ, Ով սպասում է ինձ Իր բարի կամքով»: Սելինոսն ասաց. «Սպասի՛ր մի փոքր, եւ ես հրով կ՚այրեմ մարմինդ, որովհետեւ տեսնում եմ, որ դեռեւս մանկամիտ կամակորութիւն եւ անամօթ համարձակութիւն ունես»: Իսկ սուրբ Փեբրոնիան սաստիկ տանջանքների մէջ չէր կարողանում պատախան տալ բռնաւորին եւ աւելի ու աւելի էր բարկացնում նրան:
Այնժամ անօրէնը բժշկին հրամայեց. «Կտրի՛ր այդ անամօթի ստինքները եւ գետնին գցիր»: Եւ մինչ բժիշկը, սուրն առած, կամենում էր մօտենալ սուրբ աղջկան, ողջ բազմութիւնն սկսեց աղաչել բռնաւորին ու ասել. «Ո՛վ դատաւոր, ների՛ր այ դեռատի աղջկան եւ այդպիսի հարուածներ մի՛ հասցրու»: Իսկ դատաւորը, բարկանալով բժշկի վրայ, ասաց. «Իսկոյն կտրի՛ր, ո՛վ թշուառական»: Եւ երբ նա կտրեց ստինքներից մէկը, սուրբ աղջիկն աչքերը դէպի վեր՝ երկինք յառեց ու ասաց. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, տե՛ս այս բռնութեան թշնամանքը, որի միջոցով հոգիս Քեզ մօտ է գալիս»: Ու այլեւս ոչինչ չասաց:
Եւ երբ հատուեցին երկու ստինքներն ու ընկան գետնին, անօրէնը հրամայեց ջահեր մօտեցնել նրա լանջին: Երկար ժամեր կրակ բորբոքելով՝ այրեցին նրա ամբողջ որովայնը: Այս տեսնելով՝ շատերը հեռացան՝ ասելով. «Նզովեալ լինեն Դիոկղետիանոսն ու նրա աստուածները»:
Իսկ Թումայիսն ու Երիան լուր ուղարկեցին Բրիոնային, որը գտնւում էր վանքում եւ տեղեկացրին Փեբրոնիայի հետ կատարուածի մասին: Վանք հասնելով՝ լուր բերող աղջիկը գոչեց արտասուքներով եւ ասաց սարկաւագուհուն. «Իմ տիրուհիները՝ Երիան ու Թումայիսը, ուղարկեցին ինձ՝ խնդրելու քո սրբութեանը, որ չթուլանան քո ձեռքերը տարածելու դէպի երկինք՝ առ Աստուած, որովհետեւ քո դուստրը՝ Փեբրոնիան, մեծ չարչարանքների մատնուեց»: Իսկ նա, այդ աւետիսը ստանալով, աղօթեց առ Աստուած եւ ասաց. «Տէ՛ր Աստուած, օգնութեան հասիր Քո աղախին Փեբրոնիային»: Գետնին ընկած ողբալով ասում էր. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, ո՞ւր ես», ձեռքերը դէպի երկինք էր կարկառում ու ասում. «Իմ Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, նայի՛ր եւ տե՛ս Քո Փեբրոնիա աղախնու տառապանքներն ու նեղութիւնները: Շուտ օգնութեան հասի՛ր եւ այցելի՛ր նրան նեղութեան մէջ: Տէ՛ր, թող որ ես տեսնեմ նրա նահատակութիւնն ու համադասուելը Քո սուրբ վկաների հետ»:
Դատաւորը հրամայեց Փեբրոնիային իջեցնել դժնդակ կախաղանից: Արձակելու ժամանակ ուժասպառ եղած Փեբրոնիան ընկաւ իր երեսի վրայ, որովհետեւ այլեւս չէր կարողանում կանգնել, իսկ իշխանաւորներն սկսեցին միմեանց մէջ շշնջալ իշխանի անգթութեան մասին: Այնժամ Պռիմոս կոմսը Լիւսիմաքոսին հարցրեց. «Ինչո՞ւ է կործանւում այս աղջիկը»: Լիւսիմաքոսն ասաց. «Տէ՛ր իմ Պռիմոս, նա չարչարւում է շատերի փրկութեան, թերեւս նաեւ ինձ համար: Ես իմ մօրից բազմիցս լսել եմ քրիստոնեաների այսօրինակ անպարտելի նահատակութիւնների մասին: Մի՞թէ իմ ձեռքին էր նրան փրկելը կամ արձակելը, չէ՞ որ ես կամենում էի փրկել նրան: Սակայն թող նա մրցի եւ ջանքեր թափի շատերի փրկութեան համար»:
Այնժամ Երիան առաջ եկաւ եւ դատաւորին ասաց. «Ո՛վ հեռացածդ մարդկային բնութիւնից, չբաւականացա՞ր նախկին չարչարանքներով, որոնցով տանջեցիր այս դեռահաս աղջկան: Չհիշեցի՞ր արդեօք քո մօրն ու քո չար ծնունդը: Չէ՞ որ դու եւս սնուել ես այդ կաթնաբուխ անդամներով, հասակ առել ու չարագործութիւններ արել: Ես զարմացած եմ, որ ոչինչ չկարողացաւ քեզ զղջման բերել, ո՛վ անողորմ եւ անգութ: Ուրեմն, թող երկնաւոր Թագաւորը չխնայի քեզ, ինչպէս որ դու չխնայեցիր այս տառապեալին»:
Այնժամ զայրացած բռնաւորը յարձակուեց Երիայի վրայ եւ հրամայեց բերել նրան ատեանի առաջ: Եւ կինը մեծ ուրախութեամբ շտապեց ասպարէզ մտնել՝ ասելով. «Ո՛վ Փեբրոնիայի Աստուած, Փեբրոնիայի հետ միասին ընդունի՛ր հեթանոսիս եւ տառապեալիս»: Այնժամ Սելինոսի բարեկամներն ասացին նրան. «Թող Երիան ասպարէզ չգայ, գուցէ շատերը մարտիրոսանան, եւ ամբողջ քաղաքներն ու գիւղերը մատնուեն կորստեան»: Բռնաւորն արգելեց Երիային գալ եւ բարձրաձայն աղաղակեց՝ ասելով. «Լսի՛ր ինձ, Երիա՛, աստուածները վկայ՝ դու Փեբրոնիայի մեծ չարչարանքների առիթ կը դառնաս»:
Այս ասելով՝ անօրէնը հրամայեց կացնով կտրել սուրբ կոյսի երկու ձեռքերը եւ աջ ոտքը: Դահիճներն անցան կատարելու հրամանը, սակայն երբ սրբուհին աջ ոտքը կտրելու համար դրեց կոճղի վրայ, դահիճը չկարողացաւ մէկ կամ երկու հարուածով միանգամից կտրել եւ միայն կարողացաւ կտրել երրորդ հարուածից: Այդ անողորմ տեսարանից բազմութիւնից լսուեցին գոչիւններ ու աղաղակներ: Սրբուհին ողջ մարմնով ցնցւում էր, սակայն ուժասպառ եղած ջանում էր կոճղի վրայ դնել նաեւ միւս ոտքը եւ ակնարկում էր դահիճներին, որ նաեւ դա կտրեն: Իսկ բռնաւորը, տեսնելով նրա յօժարութիւնը, գազանացած շարժում էր գլուխը եւ ասում. «Կտրէ՛ք նրա ձախ ոտքը»: Եւ այդպէս երանելի կոյսը մնաց առանց ոտքերի ու ձեռքերի: Այնժամ Լիւսիմաքոսը վեր կացաւ եւ Սելինոսին ասաց. «Էլ ի՞նչ ես կամենում բերել այդ տառապեալի գլխին: Ահա ճաշի ժամն է»: Սելինոսն ասաց. «Աստուածները վկայ՝ ես դրան ողջ չեմ թողնի, այլ կը սպասեմ այստեղ, մինչեւ որ աւանդի հոգին»: Քիչ անց անօրէնը սպասաւորներին հարցրեց. «Դեռեւս ո՞ղջ է այն թշուառականը»: Եւ նրանք պատասխանեցին. «Այո՛, տէ՛ր, շունչը դեռ վրան է»: Այնժամ հրամայեց կտրել սրբուհու գլուխը: Եւ զինուորները, բռնելով նրա մազերից, սուրը դրեցին վզին եւ ասես մի գառան, գլխատեցին նրան: Այսպէս նահատակուեց սուրբ Փեբրոնիան՝ անարատ գառը եւ մաքուր կոյսը, բազմաչարչար եւ բազմայաղթ առաջամարտիկը:
Իշխանները գնացին ճաշելու, իսկ Լիւսիմաքոսը գնում էր արտասուելով: Բազմութիւնը յարձակուելով կամենում էր վերցնել սուրբ վկայի մարմինը, սակայն չէին կարողանում, որովհետեւ Լիւսիմաքոսի հրամանով զինուորները հսկում էին: Արդ, Լիւսիմաքոսը գնաց ապարանք, սակայն տրտմութիւնից չկարողացաւ ո՛չ ուտել, ո՛չ ըմպել: Նա փակուել էր մի սենեակում եւ ողբում էր Փեբրոնիայի համար: Իմանալով այդ մասին՝ Սելինոսը եւս չկարողացաւ ոչինչ ուտել հոգու մեծ դառնութիւնից: Վեր կացաւ եւ մինչ քայլում էր, նայեց երկնքին եւ մեծ ու սքանչելի մի նշան տեսաւ: Երկար ժամեր նայում էր ապշանքով եւ որպէս ցնորուած մի ցուլ՝ գլուխն ուժգին խփեց սեանն ու ճեղքեց, եւ մինչ գետնին ընկած գոչում էր, տուեց իր չար հոգին:
Մեծ աղմուկ եւ խռովութիւն ընկաւ: Լիւսիմաքոսը լսեց ամբոխի ձայնը եւ դուրս վազեց՝ իմանալու, թէ ինչ է եղել: Եւ նրան պատմեցին կատարուածը: Երբ Լիւսիմաքոսը լսեց, երկար ժամանակ զարմացած շարժում էր գլուխը եւ իր մօտ կանգնածներին ասում. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, օրհնեա՜լ է Փեբրոնիայի Աստուածը, որ վրէժխնդիր եղաւ անպարտ արիւն հեղելու համար»: Լիւսիմաքոսը հրամայեց թաղել անօրէն Սելինոսին, ապա կանչեց Պռիմոս կոմսին ու ասաց. «Հրամայի՛ր անփուտ փայտից տապան շինել Փեբրոնիայի համար եւ տարածի՛ր բոլոր կողմերում, որ քրիստոնեաները գան կոյսի թաղմանն ու աներկիւղ լինեն, մանաւանդ որ մեռել է իմ հօրեղբայրը: Թող Փեբրոնիայի մարմինը վերցնեն ու տանեն իր վանքը, իսկ դու հսկի՛ր, որ բազմութիւնից մէկը որեւէ մասունք կամ ատամ չյափշտակի նրա սուրբ մարմնից ու նաեւ, որ պիղծ մի անասուն չլիզի նրա սուրբ արիւնը, որ հեղուել է Քրիստոսի համար: Եւ եթէ հնարաւոր է, քերէ՛ք նաեւ գետնի հողը եւ սուրբ նշխարների հետ վանք տարէք»: Եւ Պռիմոսը, անցնելով Լիւսիմաքոսի հրամանի կատարմանը, հրամայեց զինուորներին վերցնել սրբուհու մարմինը, իսկ ինքը՝ կոմսը, վերցրեց սրբուհու գլուխը, ձեռքերն ու ոտքերը, որոնք հատուել էին սուրբ մարմնից եւ հաւաքեց իր պատուական քղամիդի մէջ՝ անձամբ վանք տանելու համար:
Հաւաքուած բազմութիւնը շարժուեց դէպի վկայութեան վայրը եւ շրջապատեց կոմսին: Մէկը միւսից առաջ էր ընկնում, որ կարողանար մի մասունք կորզել սուրբի հատուած անդամներից: Մեծ նեղութեան մէջ եղող կոմսը սուսերամերկ զինուորներով սաստեց ու վախեցրեց բոլորին եւ մի կերպ ազատուեց ամբոխի բռնութիւնից: Երբ սուրբ մարմինն ու նշխարները տարան վանք, ոչ ոքի ներս չթողեցին, բացի Թումայիսից եւ Երիայից: Վանքի մուտքի մօտ մեծ բազմութիւն էր հաւաքուել, որոնց վրայ Պռիմոսը հսկիչներ կարգեց, իսկ ինքը վերադարձաւ Լիւսիմաքոսի մօտ:
Երբ սարկաւագուհին՝ տիրուհի Բրիոնան, տեսաւ սրբուհու պատառ-պատառ եղած մարմինը, վհատուեց, թմրեց եւ անշունչ մեռելի պէս երկար ժամեր ընկած մնաց: Ապա ուշքի գալով՝ ընկաւ սրբուհու նշխարների վրայ եւ լալագին ասաց. «Վա՛յ ինձ, իմ դուստր Փեբրոնիա, քանզի այսօր դու հեռացար քո մայր Բրիոնայի տեսութիւնից: Այժմ ո՞վ պիտի քոյրերի համար ընթերցի Աստուածաշունչ գիրքը, եւ ո՞ւմ ձեռքերն են շօշափելու այն Գրքերը, որոնք դու էիր շօշափում»: Եւ այսպէս ողբում էր Փեբրոնիայի համար:
Իսկոյն եկան այն քոյրերը, որոնք Եթերիայի հետ հեռացել էին վանքից, ընկան Փեբրոնիայի մարմնի վրայ եւ անմխիթար ողբացին, անյագաբար համբուրում էին երկրպագելով, երանի էին տալիս նրան եւ ողբում իրենց համար: Երիան եւս ձայնակցեց նրանց՝ ասելով. «Թող, որ համբուրենք քո ոտքերը, որոնք ոտնակոխ արեցին օձի գլուխը: Թող համբուրենք քո մարմնի վէրքերը, որոնցով բժշկուեցին հոգիներիս վէրքերը, եւ թող ծաղկեղէն պսակներով պսակենք քո սուրբ գլուխը, որով պսակեցիր կանանց ազգը քո բարի նահատակութեամբ»:
Արդ, երբ մօտեցաւ օրուայ իններորդ ժամը, Բրիոնա մայրապետն ասաց. «Փեբրոնիա՛, ահա աղօթքի ժամն է, ե՛կ կանգնենք աղօթքի, դո՛ւստր իմ»: Եւ սկսեց ասորերէն լեզուով ասել Փեբրոնիային. «Ո՛հ, դո՛ւստր իմ, ո՞ւր ես, արի՛, դո՛ւստր, արի՛, ե՛կ»: Թումայիսը եւս ասաց. «Դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, դու երբէք զանց չես առել քո մեծ տիրուհու պատուիրանները, ինչո՞ւ այժմ չես պատասխանում»: Ասում էին եւ արտասուքներ թափում մինչեւ ուշ գիշեր: Ապա սուրբ մարմինը լուացին արիւնից, դրեցին թախտի վրայ եւ հատուած անդամներից իւրաքանչիւրը կցեցին մարմնին: Սարկաւագուհին պատուիրեց բացել վանքի դուռը, որպէսզի բազմութիւնը ներս գայ: Եւ բոլորը, տեսնելով երանելի ու սքանչելի նահատակին, փառաւորում էին Աստծուն: Այնտեղ եկան նաեւ սուրբ հայրերից ոմանք եւ շատ մենակեացներ ու սուրբ եպիսկոպոսի հետ, որը նա ինքը՝ Յակոբ Մծբնայ հայրապետն էր, ողջ գիշերն անցկացրին հսկումով:
Իսկ Լիւսիմաքոսը կանչեց Պռիմոս կոմսին եւ ասաց նրան. «Տէ՛ր իմ Պռիմոս, ես թողնում եմ իմ հայրենի մոլորութիւնները, հրաժարւում եմ իմ ամբողջ ունեցուածքից եւ պատուից ու հաւատում եմ Քրիստոսին»: Պռիմոսն ասաց. «Ես եւս կամենում եմ մօտենալ Քրիստոսին ու հաւատալ Նրան: Թող նզովեա՛լ լինի Դիոկղետիանոսը եւ նրա թագաւորութիւնը»: Այս ասելով՝ ելան ապարանքից, եկան վանք եւ խառնուեցին ժողովրդին:
Առաւօտեան բերեցին սուրբի համար պատրաստուած տապանը եւ դրեցին բոլորին տեսանելի տեղում: Նրա մէջ տեղաւորեցին պատուական մարմինը՝ հատուած անդամներով, իսկ թափուած ատամները դրեցին լանջին: Ժողովուրդը իւղեր եւ խնկեր բերեց, որոնք լցրեց տապանի մէջ ու դրանցով ծածկեց սրբուհու մարմինը: Երանելուն երկրպագութեամբ, աղօթքներով եւ օրհնութիւններով պատուելուց յետոյ եպիսկոպոսը խնդրեց բազմութեանը, որ թոյլ տան փակել տապանը եւ դնել վանքի աղօթարանի մի վայելուչ տեղում: Այնժամ ժողովրդի մէջ մեծ աղմուկ եւ իրարանցում եղաւ. նրանք ստիպում էին, որ տապանը բաց մնայ եւ չփակուի: Եպիսկոպոսը, կրօնաւորները եւ ժառանգաւորները յորդորում էին ժողովրդին եւ համոզում, բայց ամբոխը նրանց չէր լսում: Ապա Բրիոնան վեր կացաւ, կանգնեց մի բարձր տեղում եւ ամբոխին ասաց. «Աղաչո՛ւմ եմ ձեզ, ի՛մ տէրեր եւ եղբայրներ: Թո՛յլ տուէք, որ իմ ցանկալի դուստր Փեբրոնիան գնայ ու հանգչի իր սուրբ հանգստարանում»: Ժողովուրդը համաձայնեց, եւ այդպէս արտասուալից աղօթքներով ու Աստծուն փառաբանելով՝ սուրբ նշխարները զետեղեցին մի վայելուչ տեղում:
Հեթանոսներից շատերը հաւատացին Քրիստոսին եւ մկրտուեցին: Մկրտուեցին նաեւ Լիւսիմաքոսը եւ Պռիմոս կոմսը: Հրաժարուելով աշխարհից՝ նրանք գնացին Մարկիւղոսի յետեւից եւ ցմահ ընտրեցին մենակեցութեան ճգնողական վարքը: Այս Մարկիւղոսը, որ նա ինքը Մարուգէ ճգնաւորն էր, բոլոր վանականների առաջնորդն էր եւ սուրբ Յակոբ հայրապետի բարեկամը: Մկրտուեցին նաեւ Քրիստոսին հաւատացող զինուորներից շատերը, ինչպէս նաեւ Երիա տիկինը՝ իր ընտանիքով հանդերձ: Երիան Բրիոնային աղաչում էր եւ ասում. « Ընդունի՛ր ինձ իմ տիրուհի Փեբրոնիայի փոխարէն, եւ ես կը սպասաւորեմ քեզ, ինչպէս որ նա»: Ապա վերցրեց իր զարդերը, զարդարեց Փեբրոնիայի տապանը եւ այն պատեց ոսկով ու մարգարտով: Նրա յիշատակի օրը վանական բոլոր կանայք եւ միանձնուհիները հաւաքուեցին այնտեղ, ուր մեծ սքանչելիք կատարուեց, քանզի այդ օրը, մինչ աղօթում էին, գիշերուայ մէջ տեսան սուրբ Փեբրոնիային, որը եկեղեցում կանգնած էր իր մշտական տեղում ու ձայնակցում էր դասին: Եւ ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրան կամ մի բան հարցնել, որպէսզի աներեւոյթ չլինի: Երբ առաջին երեւման ժամանակ բոլոր քոյրերը տեսան նրան, վախեցան ու ահաբեկուեցին, իսկ Բրիոնա մայրապետը բարձրագոչ ասաց. «Ահա իմ դուստր Փեբրոնիան»: Բրիոնան կամեցաւ սրբուհուն բռնել, իր գիրկն առնել ու համբուրել, սակայն նա աներեւոյթ եղաւ: Եւ այնուհետեւ երբ երեւում էր, ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրան, այլ արտասւում էին ու բերկրում, որովհետեւ մեծ ուրախութիւն էր տիրում այդ երեւման համար:
Իսկ քաղաքի սուրբ Յակոբ եպիսկոպոսը սուրբ Փեբրոնիայի անունով մի զարմանահրաշ տաճար շինեց, որն աւարտին հասցրեց վեց տարուայ ընթացքում: Հրաւիրեց մերձակայ շրջանների եպիսկոպոսներին, մեծ ընդունելութիւն արեց եւ նրանց հետ գիշերային հսկում արեց սրբուհու յիշատակի համար: Այդ օրը յունիսի քսանհինգն էր: Եպիսկոպոսները գնացին վանք, որպէսզի ըստ սովորութեան՝ կատարեն սրբուհու յիշատակը: Նրանց յետեւից ջահերով եւ խնկերով մեծ բազմութիւն էր գնում: Եկեղեցի մտնելով՝ եպիսկոպոսներն աղօթեցին եւ ապա նստեցին: Նրանք կանչեցին Բրիոնա սարկաւագուհուն եւ ասացին. «Ո՞վ կարող է գովաբանել քո երկնային ընթացքը, կարգաւորուած վարքը եւ չարչարանքներիդ առաքինի պտուղները: Արժանի է այդպիսին լինել՝ վանամայր կարգուելու համար: Եւ արդ, ոչ ոք չի կարող արժանապէս գովասանական խօսքեր ասել ձեր ճգնաւոր մարտիրոսի մասին, այլ պէտք է միայն պատուել լռութեամբ: Ուստի անկարող լինելով խօսքով կամ գործով պատուասիրել մեծ վկայուհի սուրբ Փեբրոնիային՝ մենք եկանք քեզ մօտ՝ աղաչելու իբրեւ մեր հոգեւոր քրոջ, որպէսզի մեզ հետ պատուես սուրբ վկայուհուն եւ տեղափոխենք նրան վկայարան, որ շինուեց իր անունով»:
Այս լսելով՝ բոլոր քոյրերն ընկան եպիսկոպոսների ոտքերը եւ բարձրագոչ ու միաբերան ասացին. «Ողորմէ՛ք տառապեալներիս եւ մի՛ զրկէք մեզ այդ պատուական մարմնից ու ընտիր մարգարտից, որ շնորհեց մեզ Քրիստոս»: Եպիսկոպոսը Բրիոնային ասաց. «Լսի՛ր ինձ, քո՛յր իմ, ես Աստուծոյ այն յարկը կառուցեցի ի փառս եւ ի գովեստ այս սուրբ վկայի: Այս վեց տարի է, որ ջանացի շինել, եւ այժմ ինձ անարդիւնք մի՛ թող»: Բրիոնան պատասխանեց. «Եթէ դա է սուրբ մարտիրոսի կամքը, ապա ես ո՞վ եմ, որ կարողանամ արգելել: Արդ, մտէ՛ք, վերցրէ՛ք եւ գնացէ՛ք խաղաղութեամբ»:
Այնժամ եպիսկոպոսները մօտեցան այնտեղ, ուր նշխարներն էին եւ սկսեցին աղօթել: Իսկ Երիան, կարծելով, թէ կամենում են տանել տապանը, սկսեց ողբալ ու ասել. «Վա՛յ մեզ, քանզի այսօր մեզ որբութիւն է տիրում, վա՛յ մեզ, քանզի մենք կորցնում ենք մեր անգին մարգարտին»: Ապա դարձաւ Բրիոնային եւ բողոքելով ասաց. «Ի՞նչ ես անում, մա՛յր, ինչո՞ւ ես ինձ զրկում իմ քրոջից: Ես նրա համար թողեցի ամէն բան, եկայ այստեղ ու պատսպարուեցի քո ձեռքի տակ»: Տեսնելով Երիային այդ վիճակում՝ Բրիոնան ասաց նրան. «Ինչո՞ւ ես վշտանում, դո՛ւստր Երիա, եթէ Տէրը կամենում է, ապա թող գնայ, իսկ եթէ ոչ, ապա այստեղից նա չի հեռանայ»: Եւ արդարեւ, եղաւ սարկաւագուհու խօսքի համաձայն, քանզի երբ եպիսկոպոսներն աւարտեցին իրենց աղօթքն ու մօտեցան սրբուհու տապանին՝ կամենալով տեղաշարժել այն, սաստիկ որոտի ձայն լսուեց անդունդներից, իսկ ահաբեկուած բազմութիւնն աղաղակելով գետնին ընկաւ: Եպիսկոպոսները դարձեալ մօտեցան սրբուհու տապանին, եւ դարձեալ մեծ շարժում եղաւ: Մարդիկ մինչեւ իսկ կարծեցին, թէ երկիրը ճեղքուեց կամ էլ ողջ քաղաքը կործանուեց: Այնժամ եպիսկոպոսները, հասկանալով, որ սուրբ վկայուհին չի կամենում հեռանալ վանքից, Բրիոնային ասացին. «Քանի որ վկան չի կամենում հեռանալ վանքից, տո՛ւր մեզ մի մաս նրա անդամներից»: Եւ երբ Բրիոնան բանալիով բացեց տապանը, տեսաւ, որ սուրբ նշխարներից ճառագայթներ էին արձակւում: Այնժամ մեծ երկիւղով բռնեց սրբուհու հատուած ձեռքը, որպէսզի տայ եպիսկոպոսին, բայց նրա ձեռքը բռնուեց տապանում: Բրիոնան արտասուքներով ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛, մի՛ բարկացիր քո մօր վրայ: Յիշի՛ր իմ չարչարանքները եւ մի՛ անարգիր քո մօր ծերութիւնը»: Ապա սրբուհու ձեռքը թողնելով տապանակի մէջ՝ յետ քաշեց իր ձեռքը եւ համարձակուեց արտասուքներով ասել. «Տո՛ւր մեզ օրհնութիւն եւ մի՛ տրտմեցրու ինձ, դո՛ւստր իմ, Փեբրոնիա՛»: Ապա ձեռքը մօտեցնելով՝ առանց դժուարութեան մի ատամ վերցրեց, տուեց եպիսկոպոսին ու իսկոյն փակեց տապանը:
Իսկ եպիսկոպոսը, վերցնելով այդ սուրբ նշխարը, դրեց ոսկեղէն տուփի մէջ եւ ուրախութեամբ վերադարձաւ քաղաք: Բազմութիւնն օրհնութեամբ, մոմերով եւ խնկերով գնում էր առջեւից: Եւ երբ հասան վկայարանի մօտ, եպիսկոպոսները ելան մի բարձրադիր վայր՝ բեմի աստիճաններին, եւ ժողովրդին ցոյց տուեցին սրբութիւնը: Եւ նոյն պահին բժշկուեցին կոյրերը, կաղերը, ցաւագարներն ու այսահարները, իսկ երբ տարածուեց այս մասին լուրը, երիտասարդները բոլոր տեղերից բերեցին ախտաժէտների եւ ցաւագարների՝ որին պատգարակի վրայ, որին գրաստին դրած, եւ բոլորը բժշկուեցին իրենց ցաւերից: Ժողովուրդը թոյլ չէր տալիս տանել ու ամփոփել սուրբ Փեբրոնիայի նշխարը, մինչեւ որ բժշկուեցին բոլորը՝ միաբան օրհնելով ու փառաւորելով Աստծուն: Ապա սրբուհու պատուական նշխարը հէնց նոյն օրն ամփոփեցին եկեղեցում:
Սուրբ Փեբրոնիայի նահատակութիւնը եղաւ սուրբ Հռիփսիմեանց նահատակութիւնից չորս-հինգ տարի անց, թերեւս Տիրոջ 305 թուականին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Փեբրոնիայի յիշատակը տօնում է Սուրբ Խաչին յաջորդող երկրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ կոյս Մարիանայի եւ սուրբ Շուշանի՝ Մեծ Վարդանի դստեր հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 532:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: