Աշակերտք Քրիստոսի եւ առ ամենայն տիեզերս առաքեալք.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որք առիք զպատուէր քարոզել աներկիւղ զԲանն կենաց յաշխարհի՝
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որք արժանի եղէք տեսանել մարմնով զՈրդին Աստուծոյ յայտնապէս՝
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որ սիրողդ էք Արարչին արարածոց՝ Քրիստոսի սուրբ առաքեալք.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որ քարոզդ էք ընդհանուր տիեզերաց՝ Քրիստոսի սուրբ առաքեալք.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
Որ պսակդ էք ամենայն եկեղեցեաց՝ Քրիստոսի սուրբ առաքեալք.
Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:
(Շարակնոց)
Տասներկու աշակերտների մէջ նշանաւոր Փիլիպպոս առաքեալը Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր, Անդրէաս եւ Պետրոս առաքեալների համերկրացին ու նրանց մտերիմը: Նա շատ յաճախ է յիշատակւում սուրբ Աւետարանում որպէս առաջին կանչուածներից ու ընտրեալներից մէկը: Ըստ Տիրոջ այն խօսքի, թէ «Ե՛կ Իմ յետեւից», նա Յիսուսի մօտ տարաւ Նաթանայէլին՝ ասելով «Ե՛կ եւ տե՛ս» Նրան: Նա Փրկչին մօտ կանգնածների թւում էր, որ երեւում է Տիրոջ հետ համարձակութեամբ խօսելիս, երբ անապատ վայրում ժողովրդին հոգածութեամբ կերակրում էին հացի նկանակներով:
Փրկչի չարչարանքներից, հրաշափառ Յարութիւնից եւ Համբարձումից յետոյ նա, լցուած Սուրբ Հոգով, գնաց՝ տիեզերքով մէկ քարոզելու աւետարանը եւ մինչեւ իր վերջին օրը փառաւոր դարձրեց առաքելական ծառայութիւնը:
Սուրբ Փիլիպպոս առաքեալը գնաց ասիական Լիդիա քաղաքը, որտեղ ուսուցանեց եւ քարոզեց Աստուծոյ աւետարանը: Ապա գնաց Երապօլիս քաղաք եւ այնտեղ գտաւ Եւստաքէոս անունով հաւատացեալ մէկին: Փիլիպպոսի քոյր Մարիամը, Բարդուղիմէոսը, Քրիստոսի եօթանասուն աշակերտներից մէկը եւ Փիլիպպոսի աշակերտներից մի քանիսը նրա հետ միասին ուսուցանում էին այդ քաղաքի կռապաշտ ժողովրդին, որոնք պաշտում էին օձին եւ իժին:
Նրանք իրենց քարոզչութեամբ շատերին քրիստոնեայ դարձրին: Քաղաքի բդեշխի կինը, որի անունը Նիկանորա էր, վաղուց ի վեր առանձնայատուկ հիւանդութիւն ունէր. նա չէր կարողանում տեսնել եւ բնաւ չէր կարողանում ոտքի վրայ կանգնել: Նա լսեց Փիլիպպոսի մասին, եւ ծառաներն նրան տարան Փիլիպպոսի մօտ: Ձեռք դնելով՝ նա Քրիստոսի անուամբ բժշկեց կնոջը, եւ կինը հաւատաց Քրիստոսին: Երբ նրա ամուսինը՝ բդեշխը, իմացաւ այդ մասին, գնաց, բռնեց կնոջ՝ Նիկանորայի մազերից, ուժգին հարուածեց ու ասաց. «Ասա՛ ինձ, ո՞վ խաբեց քեզ կախարդութեամբ եւ բժշկեց: Այժմ ես կը սպանեմ նախ քեզ եւ ապա այդ կախարդին»: Այնուհետեւ հրամայեց բռնել Փիլիպպոսին ու նրա ընկերներին, եւ երբ գտան, այնքան գանահարեցին նրանց, որ շատերին թուաց, թէ մեռան: Ապա նրանց ոտքերից չուաններ կապեցին ու քաղաքի միջով քարշ տուեցին մինչեւ կուռքերի տաճարի դուռը, բռնութեամբ մտցրին տաճար ու նրանց արգելափակեցին ներսում: Երբ նրանք աղօթեցին, կուռքերի տաճարը շարժուեց, եւ օձերի ու իժերի արձաններն ընկնելով փշրուեցին: Քրմերը, դուրս վազելով, այդ մասին իսկոյն յայտնեցին բդեշխին, եւ նա երեքին էլ մերկացնել տուեց: Մարիամը ծածկուեց ամպով ու մէգով, եւ ոչ ոք չտեսաւ նրա մերկութիւնը, Փիլիպպոսին գլխիվայր կախեցին ծառից, որ կար տաճարի մօտ, իսկ Բարդուղիմէոսին բեւեռեցին փայտին: Բարդուղիմէոսն ու Փիլիպպոսն ուրախ նայում էին միմեանց, եւ ասես թէ իրենք չէին կրում այդ չարչարանքները: Կամեցան կախել նաեւ Մարիամին, սակայն տեսնելով, որ նա ասես թէ վառւում էր կրակի նման, թողեցին ու փախան: Փիլիպպոսը Բարդուղիմէոսին ասաց. «Եկ աղաչենք Աստծուն, որ Նա երկնքից հուր իջեցնի ու այրի նրանց»: Մարիամն ու Բարդուղիմէոսն ասացին նրան. «Մեր Տէր Յիսուս Քրիստոս մեզ պատուիրել է օրհնել մեր թշնամիներին եւ ոչ թէ անիծել ու չարութեամբ հատուցել չարին, որովհետեւ Նա Ինքը հարուածներ ու ապտակներ կրեց, խաչուեց, անարգուեց ու չարի փոխարէն չարութեամբ չհատուցեց, այլ աղօթեց առ Հայր՝ ասելով. «Ների՛ր սրանց մեղքերը, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»»: Փիլիպպոսն ասաց. «Թո՛յլ տուէք, որովհետեւ ես չեմ կարողանում համբերել այս գլխիվայր կախաղանին»: Ապա սկսեց եբրայերէն լեզուով անիծել նրանց ու ասել. «Թող անդունդը բացի իր բերանը եւ կուլ տայ դրանց»: Դեռ խօսքը չաւարտած՝ անդունդը բացուեց եւ կուլ տուեց տաճարը, որի մէջ գտնւում էին բագինները, բդեշխը, քրմերը եւ շուրջ եօթ հազար անձինք, իսկ այն վայրերը, ուր գտնւում էին առաքեալները, Եւստաքէոսը, Նիկանորան եւ այլ հաւատացեալներ, մնացին անշարժ: Անդունդներից ողբերի ձայներ լսուեցին, որոնք ասում էին. «Ողորմի՛ր մեզ, Փիլիպպոսի խաչեա՛լ Աստուած, Տէ՛ր Յիսուս Քրիստոս: Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր մեզ, եւ մենք կը հաւատանք Քո անուանը»: Այնժամ Տէրը երեւաց Փիլիպպոսին եւ ասաց. «Ո՛վ Փիլիպպոս, ինչո՞ւ չպահեցիր Իմ այն պատուիրանը, թէ չարի դիմաց չարութեամբ մի՛ հատուցէք եւ այնքան հոգիներին անխնայ կորստեան մատնեցիր»: Փիլիպպոսն ասաց. «Ինչո՞ւ ես բարկանում, Տէ՛ր, չէ՞ որ ես անիծեցի Քո խաչի թշնամիներին, որովհետեւ նրանք չընդունեցին իմ խօսքը եւ չհաւատացին Քո անուանը»: Տէրն ասաց. «Քանի որ չպահեցիր Իմ պատուիրանը եւ անիծեցիր քո թշնամիներին, ապա քառասուն օր կը մնաս դրախտից դուրս ու կը կիզուես հրեղէն դասերի կողմից: Եւ ապա քո առաջ կը բացուի կեանքի Դրախտը, եւ դու ներս կը մտնես: Բարդուղիմէոսը պիտի գնայ Լիկոնիա եւ այնտեղ խաչուի, իսկ Մարիամը պիտի թաղուի Յորդանան գետում»: Ապա Տէրն Իր ձեռքով խաչակնքեց երկրի վրայ, եւ անդունդները բացուեցին: Տէրը երկու անգամ ձայնեց եւ ասաց. «Ելէ՛ք բոլորդ եւ հետեւէ՛ք ձեզ մօտ իջած լուսաւոր խաչին»: Ընկղմուածների ողջ բազմութիւնը դուրս ելաւ անդունդներից, եւ դժոխքում մնացին միայն բդեշխն ու բագինները: Եւ երբ դուրս ելան, տեսան գլխիվայր կախուած Փիլիպպոսին եւ խաչին բեւեռուած Բարդուղիմէոսին: Այնժամ շտապեցին իջեցնել Փիլիպպոսին, սակայն նա թոյլ չտուեց, որպէսզի ըստ Տիրոջ խօսքի՝ նահատակուի այդտեղ: Եւ ժողովուրդը մեծապէս սգաց Փիլիպպոսի համար: Տեսան Մարիամին, Եւստաքէոսին, Նիկանորային եւ բոլոր հաւատացեալներին, որ կային Փիլիպպոսի շուրջը եւ միաբան աղաղակեցին. «Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, Որին այս մարդիկ քարոզում են ճշմարտութեամբ: Նա է Աստուածը, Ով առաքեց նրանց մեր փրկութեան համար: Զղջում ենք մեր մեծ մոլորութեան համար եւ հաւատում ենք խաչեալ Աստծուն, որովհետեւ մենք տեսանք այն մեծասքանչ լոյսը, որը մեզ դուրս բերեց անդունդներից»: Եւ բոլորն ընկան իրենց երեսների վրայ ու խոնարհուեցին Փիլիպպոսի առջեւ, որովհետեւ վախենում էին, թէ նա մի չար բան կ՚անի իրենց: Բայց Փիլիպպոսը կախաղանի վրայ ասում էր. «Ո՛վ եղբայրներ, ես ձեր համար քառասուն օր արգելուեցի դրախտ մտնել, եւ իմ Քրիստոս Աստուած ձեզ ողորմութիւն արեց՝ դուրս բերելով ձեզ խաւարից դէպի լոյս»: Եւ քարոզելով շատ խօսքեր ասաց նրանց ու հաստատեց Քրիստոսի հաւատքի մէջ:
Փիլիպպոսը հրամայեց, եւ նրանք բեւեռների կապանքներից արձակեցին Բարդուղիմէոսին: Եւ Փիլիպպոսը Բարդուղիմէոսին ասաց. «Եղբա՛յր, ինձ կը թաղես այս տեղում: Իմ մարմինը չպատես կտաւներով, այլ մագաղաթի վրայ կը գրես իմ պատմութիւնը եւ դրանով կը պատես իմ մարմինը՝ ամրացնելով շամբիներով[1]: Ինձ կը թաղես, այս տեղում իմ անունով եկեղեցի կը շինես եւ կը պատուիրես ժողովրդին, որ իրենց կեանքի բոլոր օրերին սպասաւորեն նրան: Թող մեծարեն Նիկանորային եւ հնազանդուեն նրան, իսկ Եւստաքէոսին եպիսկոպոս ձեռնադրիր: Ինձ համար էլ քառասուն օր՝ մինչեւ իմ առջեւ բացուի Արքայութեան դուռը, աղօթքներ ու պաղատանքներ մատուցէք»: Նա երկար աղօթեց եւ կախաղանի վրայ եօթ օր գլխիվայր մնալուց յետոյ առ Աստուած աւանդեց իր հոգին, որ եղաւ նոյեմբերի տասնեօթին:
Բարդուղիմէոսն ու Մարիամը Փիլիպպոս առաքեալին իջեցրին կախաղանից եւ թաղեցին նոյն տեղում, ինչպէս որ իրենց պատուիրել էր: Նրա գերեզմանի վրայ պտղաբեր բարունակ աճեց: Քառասուն օր մեծ ուխտով եւ նուիրաբերութիւններով պատարագներ մատուցեցին նրա համար, եւ քառասուներորդ օրը ձայն եղաւ երկնքից, որն ասաց. «Փիլիպպոս առաքեալը պսակուեց անթառամ պսակներով եւ մտաւ լուսեղէն դրախտը»: Եւ ովքեր այս լսեցին, փառաւորեցին Աստծուն, ու Երապօլիս ամբողջ քաղաքը հաւատաց Քրիստոսին: Բարդուղիմէոս առաքեալը պատուիրեց Եւստաքէոս եպիսկոպոսին մկրտել նրանց: Ապա Քրիստոս երեւաց Բարդուղիմէոսին ու Մարիամին եւ ասաց նրանց. «Փիլիպպոսը բացեց Արքայութեան դուռը եւ ներս մտաւ: Ահա դուք եւս պիտի գնաք ձեր տեղը»: Նրանք գոհացան Աստծուց, երկրպագեցին Տիրոջը եւ գնացին. մեր Տէր Յիսուս Քրիստոսի հրամանով Բարդուղիմէոսը գնաց Լիկոնիա, իսկ Մարիամը՝ Յորդանան գետի մօտ:
Քո սուրբ առաքեալների աղօթքներով Քրիստոս Աստուա՛ծ, ողորմիր այս գիրը թողնողին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Փիլիպպոս առաքեալին յիշատակում է Անդրէաս առաքեալի հետ, սուրբ Խաչին յաջորդող իններորդ կիրակիին յաջորդող շաբաթ օրը:
[1] Բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս, եղեգնի մի տեսակը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: