«Այսօր յիշատակ սրբոց Քոց. որք տանջանաց անօրինացն համբերեցին. եւ դասակից եղեն վերին զուրաթնոցն:
Այսօր եւ հրեշտակք ուրախանան. ընդ կամաւոր չարչարանս ճգնաւորացն, որք յաղթեցին անօրէն բռնաւորացն:
Սուրբ ես Թագաւոր յաւիտենից. որ նստիս ի վերայ չորեքկերպեան կենդանեաց. եւ ի սրբոց Քոց փառաբանիս»:
(Շարակնոց)
Քրիստիանէ կոյսը (որ թարգմանւում է քրիստոնեայ օրիորդ), մեծ վկայուհին, Քրիստոսի ճշմարիտ աղախինը եւ հարսը Տիւրոս քաղաքից էր եւ ապրել է Տրայիանոս կայսեր ժամանակներում: Նա Ուրբանոս անունով կռապաշտ զօրավարի դուստրն էր: Այս Ուրբանոսը յոյժ մեծահարուստ էր, իշխան էր կարգուած բազում գաւառների վրայ եւ նաեւ դատաւոր էր նշանակուած իր քաղաքում: Նրա կինը՝ Անիկէն, թագաւորական ազգից էր: Իրենց առաջացած տարիքում նրանք ունէին միայն նրան, որին Քրիստինիա[1] կոչեցին: Նա մինուճար զաւակ էր՝ արտաքնապէս յոյժ վայելչատես եւ գեղեցկադէմ:
Երբ լրացաւ նրա տասնամեան, կամ ինչպէս ասում են՝ տասներկու տարին, շատ մեծահարուստների որդիներ ցանկանում էին հարսնացնել նրան: Իմանալով այս մասին՝ նրա հայրը՝ Ուրբանոսը, որը մոլորուած էր սուտ աստուածների պաշտամունքի մէջ, մտածում էր իր մինուճար դստերը քրմուհի դարձնել՝ աստուածներին յաւերժապէս ծառայելու համար, ուստի կառուցել տուեց մի բարձր աշտարակ, ուր տեղաւորեց դստերը տասներկու աղախինների հետ: Շինել տուեց նաեւ կուռքերի ոսկեղէն եւ արծաթեղէն արձաններ, որոնք կանգնեցրեց աշտարակի մէջ, որպէսզի իր դուստրը երկրպագի դրանց, ցած չիջնի այնտեղից, եւ մարդիկ չտեսնեն նրան: Շատերն էին թախանձում Ուրբանոսին՝ իր դստերը հարսնացնելու համար, սակայն նա ոչ ոքի հետ խոսքկապ չէր հաստատում, այլ ասում էր. «Աւելի լաւ է, որ նա ապրի այդպէս, որպէսզի աստուածները նրան առաւել եւս սիրեն: Թող նա լինի նրանց սպասաւորը եւ զոհեր մատուցի նրանց»:
Իսկ քանի որ կոյսն իմաստուն միտք ունէր, եւ նախապէս տեսել էր քրիստոնեաների գովելի վարքը եւ լսել նաեւ քրիստոնէական հաւատի համար նրանց նահատակութիւնների մասին, յաճախ խորհրդածում էր ազգերի ճշմարիտ եւ սուտ կրօնների շուրջ ու փափագում էր ուսանել ճշմարտութիւնը: Եւ մինչ գտնւում էր աշտարակում, նա աւելի ու աւելի հասունացաւ եւ փոխուեց նրա միտքը դէպքերի հետեւեալ ընթացքով:
Մի օր արթնացաւ, ձեռքն առաւ բուրվառն ու կամենում էր խնկարկել կուռքերին, եւ ահա խղճմտանքը տանջեց նրան, քանզի Աստուած ազդեց կոյսի մտքին, ու նա սկսեց կասկածել լուռ ու մունջ կուռքերի ճշմարիտ լինելուն: Ուստի կուռքերին տարաւ դրեց պատուհանի մօտ, իսկ ինքը ելաւ նստեց եւ արեւելքից նայեց երկնքին: Նայում էր երկնքի զարդերին եւ խորհում, թէ Ո՞վ է արեգակի, լուսնի եւ աստղերի Արարիչը: Սկսեց հառաչել եւ ասել. «Եօթ օր խունկ չեմ մատուցի կուռքերին»: Եւ դարձեալ մտածում էր քրիստոնեաների սուրբ օրէնքների մասին, մտաբերում էր սուրբերի չարչարանքներն ու նրանց համբերութիւնը: Ապա ի վերուստ լուսաւորուելով՝ ասաց. «Քրիստոնեաների Աստուա՛ծ, Արարի՛չդ երկնքի ու երկրի, Դու նաեւ իմ Աստուածն ես: Յայտնի՛ր ինձ Քո անունը, որպէսզի այլեւս չպաշտեմ իմ հօր կուռքերի անշունչ պատկերներին»: Աղօթում էր այսպէս ու բազում արտասուքներ հեղում:
Եւ եղաւ, որ մի գիշեր Փրկիչը երեւաց նրան, կանչեց նրան Քրիստիանէ անունով, որ նշանակում է քրիստոնեայ եւ ասաց. «Քաջալերուի՛ր, Քրիստիանէ՛, որովհետեւ Ես քեզ հետ եմ, քեզ չեմ լքի, եւ դու համբերութեամբ կը շահես քո հոգին»՝ հասկացնելով, որ քրիստոնէական անուամբ հրաւիրում է քրիստոնէութեան եւ նահատակութեան մրցահանդէսի: Կոյսը լի եղաւ խնդութեամբ եւ չէր դադարում գոհանալ Նրանից, Ով երեւաց իրեն:
Ապա նստեց նոյն պատուհանի մօտ եւ մտածում էր, թէ ինչպէս վերացնի իր հօր կուռքերին, որովհետեւ անհաճոյ էին իրեն: Նրա աղախիններն ասացին. «Տիրուհի՛, այս քանի օր է, որ աստուածներին խունկեր եւ զոհեր չենք մատուցում: Գուցէ նրանք բարկանան մեզ վրայ, եւ մենք մատնուենք կորստեան»: Ասաց նրանց. «Ի՞նչ էք խօսում, դուք մոլորուած էք անշունչ կուռքերի յետեւից, որոնք ո՛չ չար բան կարող են անել եւ ո՛չ էլ բարի: Այսուհետեւ ես առոչինչ եմ համարում նրանց: Ես պատարագներ եւ զոհեր պիտի մատուցեմ իմ Տէր Քրիստոսին, Ով արարեց երկինքն ու երկիրը եւ նրանցում եղած արարածներին»: Իսկ աղախինները, ընկնելով նրա ոտքերը, ասացին. «Ո՜հ, ո՛չ, տիրուհի՛, ինչո՞ւ մոլորուեցիր՝ պաշտելով օտար Աստուծոյ: Եթէ քո հայրն իմանայ, կորստեան կը մատնի թէ՛ քեզ եւ թէ՛ մեզ»:
Եւ մինչ խօսում էին, հայրը ներս մտաւ: Տեսնելով դստերը՝ ուրախացաւ, մօտենալով երկրպագեց իր աստուածներին եւ զոհ մատուցեց: Այնժամ աղախինները մօտեցան նրան եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ քանի օր է, որ քո դուստրը զոհեր ու խունկեր չի մատուցում աստուածներին»: Ուրբանոսը դարձաւ կոյսին եւ ասաց. «Տիրուհի՛ իմ եւ դո՛ւստր, այս ինչ եմ լսում քո մասին»: Երանելին պատասխանեց. «Ինձ քո դուստր մի՛ կոչիր, այլ դուստր երկնաւոր Աստուծոյ»: Հայրը չհասկացաւ այս խօսքերի իմաստը, այլ կարծեց, թէ այդպէս ասաց իր աստուածների համար եւ ուրախացած իր տուն գնաց: Իսկ կոյսն, յարմար պահ գտնելով եւ Աստուծոյ անունը տալով մտաւ այնտեղ, ուր կուռքերն էին, փշրեց դրանք եւ ոսկին ու արծաթը բաշխեց աղքատներին:
Օրեր անց եկաւ նրա հայրը եւ, չգտնելով աստուածներին իրենց տեղում եւ իմանալով, թէ ինչպէս է դուստրը կործանել դրանց, սաստիկ զայրացաւ եւ հրամայեց սպասաւորներին՝ ուժգին հարուածել նրա երեսին: Եւ այսքանով չբաւարարուելով՝ մերկացնել տուեց նրան եւ գաւազանների հարուածներով անողորմ տանջանքների մատնեց: Իսկ երանելի կոյսն աղաղակում էր դէպի երկինք ու ասում. «Աստուա՛ծ, որ չթողեցիր ինձ մնալ կուռքերի մոլորութեան մէջ, ողորմի՛ր ինձ, որովհետեւ իմ անձը Քեզ է ապաւինել»: Մինչ Ուրբանոսը նախատում էր դստերը՝ որպէս մոլորուած եւ խելակորոյս, Քրիստինէն սկսեց համարձակ կշտամբել դիցապաշտների անմտութիւնը եւ ասաց իր հօրը. «Ինպէ՞ս չես ամաչում եւ ինչպէ՞ս չես տեսնում կուռքերիդ անպիտան լինելը, քանզի նրանք, որ չկարողացան անգամ իրենց օգնել, չեն կարող նաեւ քեզ օգնել»:
Այս լսելով՝ հայրն աւելի ու աւելի մոլեգնեց բարկութեամբ եւ հրամայեց երկաթէ շղթայ անցկացնել ծաղկահասակ դստեր պարանոցին, շղթայել նրա ձեռքերը եւ բանտ տանել, իսկ ինքը տուն եկաւ մեծ տրտմութեամբ՝ իր դստեր եւ կուռքերի կորստեան համար ու կիսամեռ անկողին ընկաւ: Կինը ծառաներին հարցրեց. «Ինչո՞ւ է ձեր տէրը տրտմած», իսկ նրանք կնոջը պատմեցին ամեն բան:
Այնժամ Քրիստինէի մայրը պատառոտեց իր հանդերձները, գլխին մոխիր ցանեց եւ լաց ու կոծով գնաց բանտ: Գետնին ընկած ասում էր. «Զաւա՛կ իմ, մինուճար դստրի՛կս, ողորմի՛ր քո թշուառ մօրը եւ ընդունի՛ր իմ թախանձանքներն ու աղաչանքները: Մահամերձ եմ դարձել սաստիկ ցաւից: Յիշի՛ր, որ ծնել եմ քեզ՝ խնդրելով աստուածներին, որ շնորհեն քեզ: Յիշի՛ր այն մայրական կաթը, որով կերակրեցի քեզ եւ մի՛ անարգիր քո ծնօղներին: Ինչո՞ւ մոլորուեցիր ու պաշտեցիր այլ Աստուծոյ, որին մենք չենք ճանաչում եւ վշտացրիր ինձ ու քո հօրը՝ անարգելով բարերար աստուածներին: Աղաչո՛ւմ եմ քեզ, որդեա՛կ, մի՛ անտեսիր իմ խնդրանքները»:
Այնժամ Քրիստոսի աղախինը, որ Աստուծոյ կողմից քրիստոնեայ էր կոչուել, ասաց իր մօրը. «Ինչո՞ւ ես ինձ քո դուստրը կոչում, քանզի քո ազգից որեւէ մէկը Քրիստիանէ, այսինքն քրիստոնեայ չի կոչուել: Չգիտե՞ս արդեօք, որ Նա է իմ հայրն ու մայրը, որի անունը կրում եմ, եւ ես Նրան եմ ընծայուել: Նա ինձ զինավառեց արդարութեան եւ յաղթութեան զէնքով, որպէսզի դրանցով յաղթեմ նրան, որը զօրանում է ձեր՝ իր կամարարների մէջ եւ ոչնչացնեմ ձեր կուռքերին, որոնց պաշտում էք անմտութեամբ: Եւ եթէ դուք կամենում էք ապրել, յետ դարձէք կուռքերից եւ ճանաչէք Նրան, Ով եկաւ փնտռելու մոլորուած մարդկութեանը, Ով ամենքի Արարիչն է եւ օրհնեալ է յաւիտեան»:
Լսելով այս ամենը՝ մայրը գնաց տուն՝ լի տրտմութեամբ եւ իր ամուսնուն պատմեց դստեր բոլոր խօսքերը: Ուրբանոսն ասաց. «Աւելի լաւ է տանջանքներով սպանեմ նրան, քան թէ նրա պատճառով նախատինք դառնամ մարդկանց կողմից»: Եւ քաղաքում տարածուեց, որ Ուրբանոս մեծ իշխանի դուստրը քրիստոնեայ է դարձել, ու ծնօղները չեն կարողանում մտքափոխ անել նրան:
Առաւօտեան Ուրբանոսը հրամայեց շղթայուած Քրիստինէին բերել ատեանի առջեւ: Ամբողջ քաղաքը հաւաքուել էր՝ տեսնելու նրան: Ուրբանոսն ասաց նրան. «Քրիստինիա՛, լսի՛ր ինձ որպէս քո հօր եւ զոհ մատուցիր աստուածներին, ապա թէ ոչ՝ այլեւս քեզ դուստր չեմ կոչի, այլ մեծամեծ տանջանքների կը մատնեմ»: Երանելին ասաց. «Մեծ շնորհ կþանես, եթէ ինձ քո դուստր չկոչես, որովհետեւ արժան չէ, որ ինձ հայր կոչուի նա, որը մոլորուած է կուռքերի յետեւից, որոնք ոչնչութիւն են»:
Բարկացած հայրը դարձեալ հրամայեց սաստիկ գանահարել նրան: Դահիճները հարուածեցին նրան այնքան, որ յոգնեցին, իսկ սրբուհին զօրանում էր Սուրբ Հոգու շնորհներով եւ գոհանում Տիրոջից: Ապա սկսեց արիաբար խօսել ու ասել. «Ուրբանո՛ս, դու երկար ես ապրել, բայց ոչ բարութեամբ: Չե՞ս զգում իմ զօրացուցիչ Քրիստոսի զօրութիւնը: Ահաւասիկ քո դահիճները տկարացան: Արդ, հրամայի՛ր, որ գան աւելի զորաւոր այրեր, որպէսզի փորձով տեսնես իմ ճշմարիտ Աստուծոյ զօրութիւնը»:
Եւ նա բարկացած հրամայեց կախել նրան ու ինչպէս նահատակներին՝ քերել նրա մարմինը երկաթէ քերիչներով: Այդպէս անողորմաբար քերում էին նրան, իսկ մարմնի կտորները թափւում էին գետնին: Եւ երբ կոյսին ցած իջեցրին, գետնից վերցրեց իր քերուած մարմնից ընկած արնաթաթախ մի կտոր, նետեց հօր կողմը եւ ասաց. «Ցանկանում էիր մարմինս ուտել, ահա՛, ինչ որ կամենում էիր»: Անօրէն Ուրբանոսն ասաց. «Քեզ եմ ասում, զո՛հ մատուցիր բարերար աստուածներին եւ ապրի՛ր: Ապա թէ ոչ՝ այնպիսի տանջանքների պիտի մատնեմ քեզ, որոնք մտքովդ չեն անցնի: Եւ այն Աստուածը, որին յուսացել ես, քեզ չի կարող փրկել»: Սուրբ կոյսը պատասխանեց. «Ով թշուառակա՛ն եւ ողորմելի՛, չգիտե՞ս արդեօք, որ Աստուծոյ Որդին որպէս լոյս եկաւ աշխարհ՝ լուսաւորելու խաւարի մէջ եղողներին եւ մարդկային ազգին ազատելու չարից: Եւ Նա հիմա էլ կարող է լուսաւորել ինձ եւ ապրեցնել հոգով ու մարմնով, որպէսզի յաղթեմ սատանային, որը քո միջոցով մարտնչում է իմ դէմ»:
Այնժամ առաւել բարկացած Ուրբանոսը հրամայեց բերել ժանիքաւոր մի անիւ եւ կապել նրան անուին: Հրամայեց նաեւ անուի տակ հուր բորոքել եւ ձէթ ու ծծումբ աւելացնել, որպէսզի բոցավառուի եւ անուի արագ պտտուելու ժամանակ ամբողջովին կոտրուեն նրա ոսկորները: Այնժամ երանելին աչքերը դէպի երկինք բարձրացրեց եւ ասաց. «Աղաչում եմ Քեզ, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստո՛ս, մի՛ անտեսիր ինձ, այլ մեկնի՛ր Քո հզօր ձեռքը եւ մարի՛ր այս հուրը՝ ի պարծանք հաւատացեալների եւ յամօթ անհաւատների»: Երբ այս ասաց, հուրն անմիջապէս ծաւալուեց դէպի դուրս եւ այրելով ոչնչացրեց շատ անհաւատների: Իսկ սուրբ վկայուհին զուարթութեամբ բազմած էր անուի՝ իբրեւ գահի վրայ, որը տեսնելով՝ հաւատացեալներն օրհնեցին Աստծուն:
Ապա բռնաւորը հրամայեց իջեցնել նրան անուից: Ասաց նրան. «Ասա՛ ինձ, ո՞վ քեզ սովորեցրեց այդ կախարդութիւնը: Մի՛ կարծիր, թէ կը փրկուես իմ ձեռքից: Ես քեզ սաստիկ նեղութիւններով կտտամահ կþանեմ եւ քեզնից կþառնեմ աստուածներին անարգելու վրէժը»: Երանելին պատասխանեց. «Ես քեզ ասացի, որ իմ հայրը Քրիստոսն է, Ով ուսուցանեց ինձ ամեն արդարութիւն: Նա ճանապարհ է մոլորուածների համար, հանգստացնում է նեղութեան մէջ եղողներին, համբերութիւն է տալիս Իր անուան համար չարչարուողներին, եւ ինձ սովորեցրեց արհամարհել կուռքերին: Իսկ դու, ատելի՛դ Աստուծոյ, քանի որ չընդունեցիր ճշմարտութիւնը, կը մեռնես քո մեռելոտի կուռքերին պաշտելով եւ չես ազատուի հանդերձեալ Դատաստանից»:
Այնժամ հրամայեց դարձեալ նրան բանտ տանել եւ թողնել այնտեղ՝ առանց հաց ու ջրի, իսկ սուրբն աղօթում էր եւ ասում. «Գոհանում եմ Քեզնից, Տէր Յիսուոս Քրիստո՛ս, որ արժանացրիր ինձ չարչարուել Քո ահաւոր անուան համար: Այդ գիշեր Տիրոջ հրեշտակը երեւաց նրան, բժշկեց նրա մարմնի բոլոր վէրքերը, կերակրեց նրան, եւ նա գոհացաւ Տիրոջից: Եւ ահա գիշերուայ մէջ հօր կողմից ուղարկուած հինգ մարդիկ եկան, դուրս բերեցին նրան բանտից, դրեցին մի նաւի մէջ եւ քշելով ծովի մէջ՝ քար կապեցին նրա պարանոցից ու գցեցին ծովը: Սակայն Տիրոջ հրեշտակն անմիջապէս բռնեց նրան եւ դուրս բերեց ցամաք: Եւ երանելի կոյսն աղօթեց՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, ամենազօր Աստուա՛ծ, որ երբէք չես լքում Քեզնից երկիւղած անձանց»: Այստեղ վկայագիրներից շատերն աւելացնում են, թէ՝ Քրիստինէն Փրկչին նաեւ ասաց. «Արդ, հրամայի՛ր ինձ, որ այսօր, որում ելայ ջրից, վերստին ծնունդ առնեմ, որպէսզի մաքրուեմ հոգու եւ մարմնի բոլոր աղտեղութիւններից»: Այնժամ, մինչ կանգնած էր ծովափին, մի լուսաւոր ամպ իջաւ նրա վրայ, եւ ձայն լսուեց, որն ասաց նրան. «Մի՛ երկնչիր, Քրիստիանէ՛, որովհետեւ Ես քեզ հետ եմ՝ պահպանելու քեզ, մինչեւ որ աւարտես քո ընթացքը»:
Եւ հրեշտակը իջաւ, ի դէմս Քրիստոսի մկրտեց կոյսին եւ Քրիստինէին վերանուանեց Քրիստիանէ, այսինքն քրիստոնեայ: Ծառաները տեսան եւ լսեցին այս ամենը ու գալով պատմեցին նրա հօրը, իսկ նա ուղարկեց նրանց՝ բերելու նրան: Եւ երբ եկաւ, ասաց նրան. «Չարամի՛տ եւ դժուարամա՛հ, ինչպէ՞ս կախարդեցիր ծովի ջրերին, ասա՛ ինձ»: Այնժամ սրբուհին յանդիմանեց նրա խստասրտութիւնը եւ ասաց. «Չարասի՛րտ եւ կո՛յր, չե՞ս տեսնում արդեօք, որ Աստուծոյ զօրութիւնն էր, որ հրաշք գործեց: Արդ, իմացի՛ր, որ ես առայ Քրիստոսի դրոշմը եւ վերստին ծնուեցի իմ ճշմարիտ Հօրից՝ Յիսուս Քրիստոսից, իսկ դու չես կարող ազատուել Նրա բարկութիւնից, քանի որ դու, որ սատանայի արբանեակն ես եւ չճանաչեցիր Աստծուն»:
Սաստիկ դառնացած հայրը հրամայեց դարձեալ բանտարկել դստերը եւ որոշեց յաջորդ օրը սրով սպանել նրան: Սակայն այդ նոյն գիշերուայ մէջ Ուրբանոսը, տանջուելով հրեշտակի կողմից, տուեց իր դառնացած հոգին:
Օրեր անց նրա փոխարէն եկաւ մէկ այլ՝ Դիոս անունով մի դատաւոր: Սա եւս դեւի ջանասէր արբանեակներից մէկն էր, եւ լսելով սուրբ Քրիստիանէի մասին՝ հրամայեց նրան իր առջեւ բերել: Սկսեց խօսել նրա հետ ու ասել. «Աղջի՛կ, ինչպէս լսել եմ սպասաւորներից՝ դու թագաւորական զարմից ես ու մեծամեծների դուստր: Լսել եմ նաեւ, որ բազում չարչարանքներ ես կրել: Արդ, դարձի՛ր դէպի աստուածները, որոնք տիրում են ամբողջ աշխարհին եւ ապրի՛ր, իսկ եթէ չլսես ինձ, երդւում եմ աստուածներով, որ ծանր եւ դաժան տանջանքներ կը պատրաստեմ քեզ համար, եւ քո Աստուածը իմ ձեռքից քեզ չի փրկի»: Սուրբը համարձակ պատասխանեց նրան՝ ասելով. «Դու մխիթարւում ես քո ունայն եւ վնասակար խօսքերով, սակայն Քրիստոսի աղախնուն չես կարող վախեցնել ո՛չ դու, ո՛չ էլ քո թագաւորը: Ես չեմ ուրանայ իմ Տէր Աստծուն, Ով ամեն ժամ մերձ է Իր ծառաներին, պահպանում է նրանց եւ ամաչեցնում հակառակորդներին»:
Դատաւորը հրամայեց բրերով հարուածել սրբուհուն, իսկ նա ասաց. «Ո՛վ դատաւոր, ո՞ւր են քո սպառնալիքները: Դու խոստացար մեծամեծ տանջանքներ, բայց ահա փոքր տանջանքների ես մատնում ինձ: Եթէ ունես այլ աւելի սաստիկ չարչարանքներ, ապա պատճառի՛ր, որովհետեւ որքան աւելանան չարչարանքները, այնքան կը շատանան պսակները: Ես հաւատում եմ իմ Քրիստոս Փրկչին, Ով կþամաչեցնի քեզ, ինչպէս որ քո գործակից Ուրբանոսին»: Դատաւորն ասաց. «Ես ներում եմ քեզ եւ ասածդ խօսքերը ու որպէս իմ դստեր՝ ընդունում եմ քո անարգանքները՝ ողորմելով քո երիտասարդութեանը, միայն թէ դարձի՛ր դէպի աստուածները, որոնք տիրում են ամբողջ աշխարհին»: Չարի ողոքիչ խօսքերին հակառակ՝ կոյսը պատասխանեց. «Ինչպէս որ լսել եմ՝ դու յիրաւի Դիոս ես կոչւում, որովհետեւ անուն ես ստացել կոյր, խուլ եւ անշունչ կուռքերի կողմից ու մոլորուած ես նրանց յետեւից»:
Դատաւորը բարկացաւ եւ հրամայեց բերել երկաթէ սալեր՝ որպէս կասկարայ, շիկացնել դրանք եւ դնել նրա ներբանների տակ: Սպասաւորները կատարեցին հրամայուածը, իսկ սուրբ Քրիստինէն հայեացքն ուղղեց դէպի երկինք եւ ասաց. «Օրհնում եմ Քեզ, Տէ՛ր եւ փառաւորում Քո սուրբ անունը, Աստուա՛ծ իմ, որովհետեւ Դու ինձ արժանացրիր, որ դարձեալ չարչարուեմ Քո անուան համար»: Բայց քանի որ Քրիստոսի զօրութեամբ հուրը չէր մերձենում նրան, հայհոյիչ դատաւորն ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ հուրը չի մօտենում քեզ, որովհետեւ աստուածները չեն կամենում քո մահը»: Սրբուհին սաստեց նրան՝ ասելով. «Անօրէ՛ն եւ ամբարի՛շտ, որդի՛ սատանայի, դու Քրիստոսի զօրութիւնը պիղծ կուռքերի՞դ ես վերագրում: Շուտով կը լուծուի քո վրէժը, եւ դու կը գնաս այնտեղ, ուր քո գործակից Ուրբանոսն է»: Բարկացած բռնաւորն ասաց. «Իմ մեղմ խօսքերը քեզ համարձակութիւն տուին»: Եւ հրամայեց սաստիկ հարուածել նրան, ապա սափրել նրա գլուխը եւ մերկ շրջեցնել քաղաքով մէկ: Իսկ սրբուհին քայլելիս ասում էր. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր Յիսուս Քրիստո՛ս, որ այսօր արժանացրեցիր ճանաչուել բոլորի կողմից՝ փոխարէն այն բանի, որ մարդկանցից անտես փակուած էի աշտարակում: Քո սուրբ եւ ահաւոր անուան համար ես նշաւակ եղայ բազմութեան առաջ, որ բոլորն իմանան, որ Քեզ եմ պատկանում»:
Այդ գիշեր բռնաւորը հրամայեց պահել նրան բանտում, իսկ լոյսը բացուելուն պէս բռնութեամբ նրան Ապոլոնի տաճար տանել: Եւ երբ բերեցին, ասաց նրան. «Քրիստինիա՛, զոհ մատուցիր Ապոլոնին, որը բազում անգամ ներեց քո թշնամութիւնը»: Իսկ կոյսը ձեռքերը երկինք տարածեց եւ ասաց. «Զօրութիւնների Տէր Աստուա՛ծ եւ բոլոր արարածների Արարի՛չ, լսի՛ր Քո աղախնու աղաչանքները եւ հրամայի՛ր, որ Քո անուամբ ոչնչանան այս կուռքերը, որպէսզի բոլորը միայն Քեզ ճանաչեն որպէս ճշմարիտ Աստուած»: Այս ասելուց յետոյ կուռքերի արձաններն անմիջապէս ընկան, փշրուեցին ու փոշիացան: Տեսնելով այս հրաշքը՝ մարդկանց բազմութիւնը՝ շուրջ երեք հազար հոգի, հաւատաց քրիստոնեաների Աստծուն եւ փառաւորեց Քրիստոսին: Դատաւորը ահաբեկուեց, սաստիկ ամօթից եւ երկիւղից սրտաբէկ եղաւ ու յանկարծամահ լինելով՝ մեռաւ:
Իսկ զինուորները սրբուհուն պահեցին բանտում, մինչեւ որ եկաւ Յուլիանոս անունով մէկ այլ դատաւոր: Եւ երբ նրան զեկուցեցին Քրիստիանէի եւ նրա հետ կատարուած բոլոր դէպքերի մասին, նրան բերել տուեց իր առջեւ եւ ասաց. «Քո կախարդութեամբ դու բազում գործեր ես արել ուրիշների առջեւ, սակայն ինձ չես կարող յաղթել: Եւ արդ, ասում եմ քեզ՝ ներս մտիր եւ իսկոյն զոհ մատուցիր աստուածներին, որպէսզի ազատուես առաջիկայ տանջանքներից»: Քրիստիանէն պատասխանեց. «Արա՛, ինչ որ կամենում ես եւ դու եւս կը տեսնես իմ Աստուծոյ զօրութիւնը»: Եւ դատաւորը գազանի պէս մռնչալով հրամամայեց բորբոքել մեծ հնոցը, ներսում փակել նրան ու թողնել մինչեւ ամբողջովին այրուի:
Մէկ ժամ անց (ոմանք ասում են նաեւ մէկ օր անց) ներսից օրհնութեան ձայներ էին լսւում, քանզի Քրիստոսի զօրութեամբ կրակը մարել էր, իսկ կոյսը հրեշտակների հետ օրհնում էր Աստծուն: Լսելով՝ պահապանները սաստիկ վախեցան եւ գալով յայտնեցին դատաւորին, թէ՝ հնչիւններ եւ ձայներ են լսւում հնոցից: Եւ նա հրամայեց բացել եւ եթէ կենդանի լինի, դուրս բերել նրան: Քրիստիանէն դուրս ելաւ պայծառ երեսով՝ ինչպէս բովի մէջ լուսաւորուած ոսկին: Այնժամ դատաւորն ասաց նրան. «Ամբողջ բնութիւնը կախարդեցիր քո կախարդութեամբ: Յայտնի՛ր ինձ քո մոգութեան հնարքները, ապա թէ ոչ, քեզ կը մատնեմ այլ այնպիսի տանջանքների, որ կախարդել չես կարողանայ»: Սուրբը պատասխանեց. «Ճշմարիտ ես կոչուած Յուլիանոս անուամբ, որը նշանակում է գայլ, որովհետեւ դու դրա բարքն ունես: Սակայն ինձ չես կարող զարհուրեցնել, որովհետեւ քաջ հովիւը՝ Քրիստոս, չի թողնում Իր ոչխարներին ապականիչ գայլի ձեռքում»: Այնժամ դատաւորը կանչեց թովիչներին, որպէսզի իժեր արձակեն սրբուհու վրայ, ապա դարձաւ կոյսին եւ ասաց. «Դու կախարդեցիր ամեն բան, մի՞թէ կարող ես կախարդել նաեւ այդ գազաններին»: Քրիստիանէն պատասխանեց. «Հաւատում եմ իմ Փրկիչ Յիսուս Քրիստոսին, Ով ամեն ժամ օգնեց ինձ եւ այժմ էլ կը փրկի այդ սողուններից»: Եւ երբ արձակեցին սողուններին, սրանք սկսեցին սողալ կոյսի ոտքերի մօտ: Բարկացած դատաւորն ասաց թովիչներին. «Թովի՛ր այդ սողուններին, որպէսզի սպանեն այդ կախարդին»: Թովիչը դիւթեց սողուններին, ինչպէս որ գիտէր, եւ յանկարծ օձերը յարձակուեցին թովչի վրայ եւ թունաւորելով սպանեցին նրան:
Իսկ երանելի կոյսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, իմ Տէր Աստուա՛ծ, Յիսուս Քրիստո՛ս, որ այս սողունների միջոցով արժանացրեցիր ինձ ճանաչուել, որ ես Քո աղախինն եմ»: Ապա ասաց. «Սողուննե՛ր, Յիսուս Քրիստոսի անուամբ ասում եմ ձեզ՝ գնացէ՛ք ձեր տեղը եւ այլ մէկին մի՛ վնասէք»: Այնուհետեւ մօտենալով մեռած մարդուն՝ սկսեց աղօթել եւ ասել. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, Դու առաքեցիր Քո միածին Որդուն՝ մարդկային ազգի փրկութեան համար, Ով եկաւ եւ մարմին առաւ սուրբ Կոյսից եւ բժշկեց մարդկանց հոգիների ու մարմինների բոլոր ախտերը: Եւ այժմ, Տէր Աստուա՛ծ, լսի՛ր Քո աղախնուն եւ յարութիւն տուր այս մեռելին, որպէսզի փառաւորուի Քո սուրբ անունը այս ժողովրդի առջեւ»: Եւ բռնելով թովչից՝ ասաց. «Ո՛վ մարդ, Յիսուս Քրիստոսի անունով ելի՛ր ու կանգնի՛ր»: Մեռելն իսկոյն յարութիւն առաւ, ընկաւ Քրիստիանէի ոտքերը, հաւատաց ու օրհնեց Աստծուն:
Սակայն կուրացած մտքով դատաւորն ասաց Քրիստիանէին. «Ողջ երկրով մէկ դու յայտնի դարձրիր քո կախարդութիւնը: Այժմ բաւական է, դարձի՛ր դէպի աստուածները, որոնք այդքան ներեցին քեզ»: Սրբուհին պատասխանեց. «Ո՛վ անմիտ եւ խաւարամի՛տ, չգիտե՞ս արդեօք Աստուծոյ մեծամեծ գործերի մասին, որոնք կարող են անգամ փափկացնել քարերը, ինչո՞ւ ես Աստուծոյ գործերը դեւերին վերագրում»: Այնժամ բռնաւորը հրամայեց կտրել նրա ստինքները: Եւ երբ կտրեցին, արեան հետ կաթ բխեց: Սրբուհին ասաց. «Գոհանում եմ Քեզնից, երկնաւոր Թագաւո՛ր, որ ինձ արժանացրեցիր կրել այսպիսի չարչարանքներ՝ Քո սուրբ եւ փառաւորեալ անուան համար»: Լսելով նրա խօսքերը՝ դատաւորն ասաց. «Այսուհետեւ քո աղօթքները քեզ չեն օգնի, եթէ աստուածներին զոհ չմատուցես»: Այս ասելով՝ հրամայեց նրան բանտ տանել: Նրա յետեւից գնում էին կանայք՝ տեսնելու երանելուն. ոմանք հիանում էին նրա համբերութեան վրայ, ոմանք էլ՝ կարեկցում, իսկ նա շնորհալից խօսքերով յայտնում էր նրանց իր սրտի ուրախութիւնը չարչարանքների համար, որ Քրիստոսի համար էին: Նրան տեսնողներից ու լսողներից շատ տղամարդիկ եւ կանայք հաւատացին Տիրոջը, որոնց մէջ էին նաեւ եօթ ազնուական կանայք:
Բռնաւորը տեսնելով, որ Քրիստիանէի պատճառով շատերը հեռացան իրենց կրօնից, շտապեց նրան զրկել կեանքից: Յաջորդ օրը նրան իր մօտ կանչել տուեց եւ ասաց. «Չարամի՛տ, դու արժանի ես ամեն տեսակ անարգանքների ու մահուան: Եկել է քեզ կեանքից զրկելու պահը: Դարձի՛ր դէպի աստուածները, որպէսզի չմատնուես կորստեան, այլ արժանանաս բազում պարգեւների»: Քրիստիանէն պատասխանեց. «Քո պարգեւները թող քեզ մնան, կորստեան որդի՛, դու չես ազատուելու արդար Դատաւորի բարկութիւնից»: Դատաւորը դահիճներին ասաց. «Անմիջապէս կտրէ՛ք դրա լեզուն», եւ իսկոյն կտրեցին: Սակայն սուրբ կոյսը բոլորի առջեւ սկսեց չքնաղ ձայնով օրհնել Աստծուն եւ ասել. «Իմ Տէր Աստուա՛ծ, Յիսուս Քրիստոս, երկնաւոր Թագաւո՛ր, որ միշտ մօտ ես Քո սիրելիներին եւ Քո մարդասէր բարերարութեամբ մինչ այժմ պահեցիր Քո աղախնուն: Արդ, աղաչում եմ Քեզ, Տէ՛ր, մի՛ անտեսիր ինձ, այլ Քո կամքը կատարողների հետ ընդունիր իմ հոգին Քո յաւիտենական յարկերում»: Ձայն եղաւ երկնքից, որն ասաց. «Քրիստիանէ՛, ե՛կ եւ հանգստացի՛ր անտրտում ուրախութեան մէջ, որ պատրաստեցիր քո տառապանքներով ու չարչարանքներով, որոնց համբերեցիր, որպէսզի քո նահատակակիցների հետ մոռանաս մարմնիդ տանջանքները անստուեր լոյսի մէջ»:
Բռնաւորը հրամայեց խոցոտել նրան ու սպանել: Երկու զինուորներ՝ զինուած տէգերով, մօտեցան նրան եւ խոցեցին նրա կողը: Եւ այդպէս բազմահանդէս նահատակ եւ կոյս վկայուհի սուրբ Քրիստինէն բարի խոստովանութեամբ աւանդեց իր հոգին Տիրոջ 110 թուականի յուլիս ամսի տասնմէկին:
[1] Վկայաբանութեան ամբողջ ընթաքից յայտնի է, որ Քրիստինիա անունը նրան տրուել է ծնողների կողմից, սակայն երբ Փրկչի կողմից նա կանչուել է քրիստոնէութեան, կոչուել է Քրիստիանէ, այսինքն՝ եղել եւ անուանուել է քրիստոնեայ: Եւ եթէ մէկն չասի, թէ՝ ինչպէ՞ս են կռապաշտ ծնողները քրիստոնէական խորհուրդ ունեցող անուն տուել նրան, ասենք, որ «Քրիստինեա», որը ծագում է «Խռիսգօս» բառից, նշանակում է պիտանի, իսկ «Քրիստիանէ»-ն ծագում է «Խռիսդօս՝ Էօդայիա» բառից, որ նշանակում է «օծեալ», այն է՝ Քրիստոս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: