Վարդագոյն վառեալ ծաղիկ ի նորատունկ բուրաստանի.
լուսազարդեալ երեւեցար` ո՛վ երանեալ սուրբ Կիրակոս.
վասն մեր բարեխօսեա Քրիստոսի Փրկչին մերոյ:
Աղաւնի քաղցրաբարբառ հեզաբանեալ զՏէր Յիսուս,
Վտակահոս արեամբ ներկեալ. ոսկեբողբոջ դեռաբուսիկ,
վասն մեր բարեխօսեա Քրիստոսի Փրկչին մերոյ:
Րաբունւոյ վարդապետին՝ համեղ ողկոյզ արեամբ ճմլեալ.
Պսակեցար ի Քրիստոսէ՝ ընդ երջանիկ մարտիրոսացն.
վասն մեր բարեխօսեա Քրիստոսի Փրկչին մերոյ:
Դու պարծանք սուրբ հաւատոյ` լուսոյ պսակ Եկեղեցւոյ.
մայր որդւով բերկրեալ այսօր ո՛վ երանեալ սուրբ Յուղիտա,
վասն մեր բարեխօսեցէք Քրիստոսի Փրկչին մերոյ:
(Շարակնոց)
Երանելի Յուղիտան թագաւորական ցեղից սերուած բարեպաշտ ու ազնուատոհմիկ մի կին էր: Նա ապրում էր Լիկայոնիա գաւառի Իկոնիոն քաղաքում՝ կռապաշտ Դիոկղետիանոս արքայի ժամանակներում: Ամուսնու մահից յետոյ Յուղիտան այրիացաւ եւ մնաց իր փոքր որդու՝ երեք տարեկան Կիրակոսի հետ: Նա ապրում էր բարեպաշտ կեանքով, անխափան կատարում էր սուրբերի յիշատակը եւ ջերմեռանդ աղօթքներով խնդրում էր Աստծուն առաջնորդել որդուն փրկութեան ճանապարհով:
Երբ Դիոկղետիանոսի կողմից քրիստոնեաների վրայ սկսեցին փչել հալածանքների դառնաշունչ հողմերը, նրա հրամանով Լիկայոնիա նահանգում դատաւոր նշանակուեց Դոմետիանոս անունով մի գազանաբարոյ մարդ, ով յոյժ կամակից էր քրիստոնեաների արիւնահեղութեանը: Եւ դա Տիրոջ 303 թուականն էր:
Այնժամ սուրբ կինը` Յուղիտան, վախեցաւ բնակուել իր հայրենի քաղաքում, որովհետեւ բոլորին յայտնի էր նրա ու իր ընտանիքի քրիստոնեայ լինելը, բայց աւելի շատ նա անհանգստանում էր իր որդու համար, որը մի կայտառ մանուկ էր: Այդ պատճառով թողնելով իր բոլոր ինչքերն ու մեծ ունեցուածքը՝ Յուղիտան վերցրեց իր որդուն, երկու-երեք նաժիշտների հետ հեռացաւ Իկոնիոն քաղաքից եւ գնաց սիրիացիների մայրաքաղաքը` Սելեւկիա: Սակայն տեսաւ, որ հալածանքները նաեւ այստեղ են հասել, որովհետեւ արքունի հրամանով այդտեղ էր ժամանել Ալեքսանդրիոս անունով մի դատաւոր, որպէսզի խոշտանգի, չարչարի ու մահուան մատնի բոլոր նրանց, ովքեր չեն զոհի պիղծ Ապոլոնին:
Այս տեսնելով եւ մտաբերելով աստուածային այն խօսքը, թէ տեղի մի՛ տուէք բարկութեան՝ անօրէնների ձեռքը չընկնելու համար, խոյս տուեց նաեւ այդտեղից եւ գնաց Կիլիկիայի Տարսոն քաղաքը, ուր կարծում էր, թէ իրեն չեն ճանաչի, եւ ինքն այնտեղ հանգիստ կը գտնի: Բայց ահա քիչ օրեր անց նաեւ այդտեղ ժամանեց նոյն ինքը` Ալեքսանդրոս դատաւորը: Նա իր ծառայակիցների ու մատնիչների ձեռքով սկսեց որոնել քրիստոնեաներին եւ ում որ գտնում էր, դաժանութեամբ նեղում ու չարաչար տանջանքների էր մատնում:
Իսկ Տարսոնի քաղաքացիները, տեսնելով բարետոհմիկ Յուղիտայի պարկեշտ կենցաղավարութիւնը, սկսեցին հետաքրքրուել նրանով ու իմացան, որ նա արքունական եւ անուանի ծագում ունի, բայց տեղեկանալով, որ նա քրիստոնեայ է, որի մասին վկայում էին նրա երկիւղածութիւնն ու բարեպաշտ վարքը, մատնեցին նրան: Ապա զինուորները բռնեցին Յուղիտային եւ տարան Ալեքսանդրոս դատաւորի մօտ, իսկ նրա երկու նաժիշտները փախան ու սկսեցին հեռուից հետեւել:
Զինուորները Յուղիտային բերեցին դատաւորի առջեւ: Կինը գրկած ունէր իր աստուածատուր վկային` գեղեցկատես Կիրակոս մանկանը: Դատաւորը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու, տիկի՛ն, ի՞նչ է քո անունը, ո՞ր երկրից ես եւ ի՞նչ հաւատ ունես»: Երանելի Յուղիտան համարձակօրէն ասաց. «Ես քրիստոնեայ եմ: Հաւատս պահելու համար ես թողել եմ իմ ողջ հարստութիւնն ու մեծ կարողութիւնը, իմ ազգականներին, ծանօթներին եւ իմ մանկան հետ պանդխտացել եմ այս օտար երկրում»:
Դատաւորը բարկացաւ նրա անվեհեր պատասխանից, հրամայեց երեխային վերցնել մօր գրկից եւ բերել իր մօտ: Ապա սկսեց մեծ սպառնալիքներով խօսել երանելի Յուղիտայի հետ, որպէսզի նրան ուրանալ տայ իր հաւատը: Իսկ նա, յօժարութեամբ յանձն առնելով մեռնել Տիրոջ անուան համար, աներկիւղ դաւանում էր Քրիստոս Աստծուն ու յանդիմանում հեթանոսական սնոտի պաշտամունքները:
Այնժամ դատաւորը հրամայեց դալար արջառաջլերով հարուածել կնոջը: Իսկ մանուկ Կիրակոսը, նայելով դաժան տանջանքների մէջ տառապող իր մօրը, յորդաբուխ արցունքներ էր թափում եւ սրտամորմոք լաց լինում: Երանելի մայրն էլ, մոռանալով իր տանջանքները, անասելի տրտմութեամբ ու վշտաբեկ սրտով աչքը չէր հեռացնում որդուց եւ ի սրտէ աղաղակում էր Աստծուն ողորմել իր մանկանը: Մանուկը, լսելով, որ մայրն իր տանջանքների մէջ անդադար ասում էր. «Քրիստոնեա՛յ եմ եւ միայն Քրիստոսին եմ պաշտում», սկսեց աղաւնու պէս քաղցրախօս ձայնով կրկնել մօր խօսքերը: Այս լսելով՝ դահիճներն աւելի ու աւելի դժնի եւ անողորմ սկսեցին հարուածել երանելի կնոջը, իսկ նա ոչ մի պատասխան չէր տալիս, այլ միայն համարձակ ասում էր. «Ես քրիստոնեայ եմ», եւ իբրեւ անշունչ մէկը՝ ընդունում էր բոլոր հարուածներն ու չարչարանքները:
Մանուկ Կիրակոսը լալագին հեկեկանքներով կրկնում իր մօր խօսքերը: Դատաւորը, իր գիրկը վերցնելով տղային, սկսեց նրան գգուել ու հանգստացնել, որ լաց չլինի: Կամենում էր համբուրել նրա գեղեցիկ երեսը, բայց երեխան շրջում էր իր դէմքը, հարուածում դատաւորին, ճանկռում նրա երեսը, ձգում մօրուքից: Մանուկը ջանում էր դուրս պրծնել նրա գրկից եւ փախչել մօր մօտ, բայց դատաւորը թոյլ չէր տալիս: Դատաւորը հարցրեց երեխային. «Ի՞նչ եղաւ քեզ, ի՞նչ ես կամենում»: Երեխան պատասխանելու փոխարէն տատրակի քաղցրաձայն ձագի նման, հետեւելով մօր ձայնին, կրկնում էր նրա խօսքերը եւ ասում. «Ես քրիստոնեա՛յ եմ, ինչպէս իմ մայրը»: Դատաւորն այնքան զայրացաւ, որ իր գգուանքը սոսկալի բարկութեան փոխարկելով՝ բռնեց մանկան ոտքերից ու բեմի իր բարձր գահի աստիճաններից ցած նետելով՝ երեխային ուժգին զարկեց գետնին: Մանկան գլուխը, դիպչելով քարին, ճեղքուեց, եւ ուղեղը դուրս թափուեց: Այդպէս ամենայաղթ վկայ սուրբ Կիրակոսի արեան վտակը ոռոգեց ատեանի յատակը, իսկ Տիրոջ հրեշտակը նրա մաքուր հոգին յանձնեց Աստուծոյ ձեռքը:
Այս ամէնը եղաւ առաքինի մօր աչքերի առջեւ: Եւ թէպէտ մայրական սիրոյ գորովանքներից գալարւում էին նրա աղիքները, սակայն անպատում խնդութեամբ նա ուրախ էր իր որդու մարտիրոսութեան համար: Մեծ գոհութեամբ փառք էր տալիս Աստծուն եւ ասում. «Փա՜ռք Քեզ, Տէ՛ր իմ Յիսուս, որ Քո նախահրաւէր կոչմամբ ընդունեցիր իմ որդուն` իմ որովայնի պտղին, ու նրա հեղած վարդագոյն արեան փոխարէն նրան պսակեցիր անթառամ վարդերով: Գոհանում եմ Քեզանից, Քրիստո՛ս, որ արժանացրիր իմ որդուն մեռնել Քո սուրբ անուան համար եւ հասնել Քո երկնային օթեւանները»:
Այս լսելով՝ դատաւորը խիստ զարմացաւ եւ առաւել զայրանալով՝ հրամայեց կախել նրան ու մարմինն անխնայ քերել: Անողորմ դահիճները երկաթէ քերիչներով պարանոցից մինչեւ գօտկատեղ քերեցին նրա մարմինն այնքան, որ թափուեցին մսերը, եւ բացուեցին ոսկորները: Սակայն նա, այդ բոլոր չարչարանքների մէջ ուրախութեամբ գոհանալով Աստծուց, մնաց իբրեւ մի հաստատուն վէմ:
Դատաւորը, տեսնելով երանելի կնոջ սքանչելի արիութիւնը, հրամայեց առաւել սաստկացնել նրա տանջանքները: Այնժամ դահիճները մեծ կաթսայի մէջ ձէթ ու նաւթ եռացրին եւ լցրին մարմնի ու ոտքերի վրայ: Իսկ սպասաւորը դատաւորի հրամանով սրբուհի Յուղիտային ասում էր. «Խնայի՛ր քեզ, զոհի՛ր կուռքերին ու կազատուես տանջանքներից, այլապէս դու քո որդու պէս դաժան մահուան կը մատնուես»: Սակայն Քրիստոսի սուրբ աղախինն առնական քաջութեամբ եւ ճգնողական վկայութեամբ համարձակաձայն պատասխանում էր. «Ես դեւերին ու անշունչ տարերքներին չեմ զոհի, քանզի Քրիստոսի աղախինն եմ եւ դաւանում եմ Աստուծոյ Միածին Որդուն` բոլոր արարածների Արարչին, ամենակալ Հօրն ու Սուրբ Հոգուն, Ով առաջնորդեց ինձ այս նահատակութեան հանդէսին եւ վկայական մահուան արժանացրեց իմ որդեակին: Կամենում եմ գնալ նրա յետեւից, որպէսզի նրա հետ էլ ժառանգեմ երկնքի Արքայութիւնն ի Քրիստոս Յիսուս»:
Երբ դատաւորը տեսաւ երանելու համբերութիւնը, նրա հաստատակամ միտքն ու Քրիստոսին անվեհեր դաւանելը, բարկութեամբ մռնչաց առիւծի պէս եւ նրա համար մահուան վճիռ արձակեց: Դահիճները, նրան բերանակապ հագցնելով, կապուած տարան մահապարտների կառափնատեղին: Այնտեղ սուրբ կինը դահիճներին խնդրեց Տիրոջն աղօթելու համար փոքր-ինչ ժամանակ տալ: Ծունր իջաւ, երեսը հպեց գետնին ու սկսեց աղօթել. «Գոհանում եմ Քեզանից, Քրիստո՛ս Աստուած, որ ինձանից առաջ կանչեցիր որդուս եւ Քո սուրբ անուան համար արժանացրիր թողնել այս ժամանակաւոր կեանքը՝ պարգեւելով յաւիտենականն ու անպատում բարիքները: Եւ արդ, շնորհիր Քո աղախնուն եւս, որ Քո անապական ու անանց Հարսնարանում դասուեմ իմաստուն կոյսերի հետ, իմ սիրելի որդեակի հետ ժառանգեմ յաւիտենական Ուրախութիւնը եւ Քո սիրելիների ու Քո սուրբ Մօր հետ օրհնեմ ամենակալ Հօրը, համազօր Որդուդ եւ կենդանարար Սուրբ Հոգուն»:
Երբ աւարտեց աղօթքը, դահիճը մերկացրեց իր սուրը եւ կտրեց երանելու գլուխը: Եւ այդպէս Տիրոջ մօտ 305 թուականին Քրիստոսի բարեյաղթ վկայ երանելի Յուղիտան նահատակուեց իր որդու` սուրբ Կիրակոսի հետ: Նրանց պատուական մարմինները դատաւորի հրամանով գցուեցին քաղաքից դուրս գտնուող մի վայրում, ուր գտնւում էին մահապարտների դիակները: Սակայն յաջորդ օրը՝ նախքան լուսանալը, եկան երկու նաժիշտները, վերցրին մօր եւ որդու մարմիններն ու գաղտնաբար ամփոփեցին Տարսոն քաղաքից դուրս գտնուող մի այրի մէջ:
Եւ տարիներ անց՝ բարեպաշտ Կոստանդիանոսի օրերին, ի յայտ եկան նրանց նշխարները, որոնց մեծապէս պատուեցին ու նրանց վրայ իրենց անուններով եկեղեցի կառուցեցին:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 31:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: