ՏԱՍՆԵՐԿՈՒ ՄԱՐԳԱՐԷՆԵՐ

   Որ ընդ հողեղէն բնութեան մերոյ խառնեցեր զբանական հոգիս.

ունել զօրութիւն ընդունելոյ զաստուածային եւ զհոգեւոր զշնորհս իջեալ ի վերուստ.

օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:

Որ շնորհեցեր մաքուր հոգւոց յԻսրայէլի զհոգի մարգարէութեան,

 որով ծանուցեր յառաջագոյն բազմապատիկ օրինակօք զանճառելի խորհուրդ Քո մարդեղութեանդ. օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:

Որ զանեղ գոյիդ լինելութիւն՝ իբրեւ զեղեալ տեսանէին.

յառաջնորդական միտս նոցա տպաւորեալ Հոգիդ զկերպարան իրին

գերագոյն հրաշիւք ի վեր քան զբան.

օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

   

   Ինչպէս որ չորս մեծանուն մար­գարէ­նե­րը՝ Եսային, Երեմիան, Եզեկիէլն ու Դանիէլը, իրենց մատեաններով եւ մեծամեծ տեսիլքներով եղան չորս Աւետարանիչների կենդանի ­օ­րինակը, այդ­պէս էլ տասներկու  մարգարէները՝ ընտրուած ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի, եղան տասներկու առաքեալների նախատիպ օրինակը: Նրանք առա­քուեցին Աստծուց, որպէսզի խօսքով ու գրու­թեամբ քարոզեն Կեանքի պատգամը, իբրեւ արագընթաց երիվարներ՝ հայտնեն Տիրոջ հրամանը եւ ցոյց տան Միածնի աշխարհ գալու նշանները:

   Այդ չորս մարգարէների համեմատութեամբ նրանք իրենց համառօտագրութիւնների պատճառով ոմանց կողմից փոքր համարուեցին, սակայն նրանցում պարունակուած մեծամեծ խորհուրդներն իրենց խորին ու հոգեշարժ քարոզութեամբ ամենեւին չեն զիջում նրանց մա­տեան­նե­­րի խորհուրդներին, ահաւոր եւ զօրաւոր տեսիլք­նե­րին ու պատգամներին: Քանզի «Մարդ­կանց կամ­քով երբէք մարգարէութիւն չի տրւում,- ասում է հաւատի Վէ­մը,- այլ Սուրբ Հոգին կրող մար­դիկ խօսեցին Աստուծոյ մասին»: Իսկ մեզ մնում է նախնիների աւանդութեան համաձայն՝ Իսրայէլի տասներկու մարգարէների յիշա­­տակի հա­մար հա­մառօտ ակնարկ անել: Ենթադրւում է, որ նրանց մասին հնագոյն աւանդութիւններ հաւաքողները Եպիփանն ու Դորոթէոսն էին, եւ ինչ որ գտնւում են Աստուածաշնչում կամ Ճաշոցում, հիմնականում վերցուած են նրանցից, ինչպէս նաեւ այլ վկայողներից ու մեկնիչներից:

 

* * *

 

   ՈՎՍԷԷ

 

   Ովսէէ թարգմանւում է «փրկող» կամ «փրկի՛ր», եբրայերէն՝ Եաշա, այսինքն՝ «փր­կեց» կամ «ապրեցրեց»: Նա Իսաքարի ցեղից էր՝ Բէէրի որդին: Նա Իսրայէլի ու Յուդայի թագաւորների օրօք մարգարէացաւ Յակոբի ողջ տան համար: Ժամանակակիցն էր Եսայի մարգարէի եւ գրեց նրանից առաջ՝ սկսած Յուդայի Ոզիա արքայի ժամանակներից: Նաբադի որդի Յերոբաւամի մեղքերի պատճառով սպառնաց Իսրայէլին Ասորեստանից եկած հարուածներով, իսկ Եզեկիայի բարեպաշտութեան համար բարին մարգարէացաւ Յուդայի ցեղի համար: Աւետարանեց Փրկչի Գալուստը աշխարհ՝ ի փրկութիւն Նրան հաւատացողների՝ ճշմարիտ Իսրայէ­լի ժողովրդի: Յայտնապէս ցոյց տուեց Աստուծոյ կողմից հին Իսրայէլի մերժումը ու հեթանոսների հրաւէրը: Տիրոջ հրամանով պոռնիկ կին առաւ եւ նրանից որդիներ ունեցաւ: Առաջնեկին կոչեց Յեզրայէլ, որ թարգմանւում է «Աստուծոյ զաւակ» կամ «Աստուծոյ բազուկ», երկրորդին՝ Չողորմած, իսկ երրորդին՝ Ոչ իմ ժողովուրդ: Մեռաւ խաղաղութեամբ ու փառաւորապէս թաղուեց իր ագարակում:

 

* * *

 

   ՅՈՎԷԼ

 

   Սա Ռուբէնի ցեղից էր եւ որդին էր Բա­թուէ­լի: Ըստ ոմանց՝ նա Եղիսէէ մարգարէի ժամանա­կակիցն է, իսկ ըստ այլոց՝ աւելի առաջ էր, քան Եսա­յին ու Ովսէէն: Առաւելապէս խօսում է Յուդայի տան համար, նրանց սպառնում է քաղդէացիների կողմից գերութեամբ, յորդորում է ապաշխարութիւն, կանխատեսում է Քրիստոսի Գա­լուստը եւ Սուրբ Հոգու էջքը, ինչպէս նաեւ Տիրոջ երկ­րորդ Գալուստը՝ ահաւոր նշաններով, Նրա Դատաստանը եւ մեղաւորների ու արդար­նե­րի հատուցումը: Մեռաւ խաղաղութեամբ ու փառքով թաղուեց իր ագարակում: Կայ գաղմատացիների թողած մի աւանդութիւն, ըստ որի՝ Յովէլ մարգարէի մարմինը փոխադրուել է իրենց քա­ղա­ք՝ Ադերա կամ Ծարա, եւ թա­ղուել աթոռանիստ Եկե­ղեցում՝ աւագ խորանի ներքոյ:

 

* * *

 

   ԱՄՈՎՍ

 

   Սա հովիւ էր Թեկուայից, որը գտնւում էր Բեթղեհէմից վեց մղոն հեռաւորութեան վրայ՝ դէ­պի հարաւ: Աստուծոյ կողմից մարգարէութեան է կոչւում Ով­սէէի ու Եսայու ժամանակներից: Նախաձայնեց տիեզերքի Փրկչի Գալուս­տը, կանխապէս յայտնեց Իսրայէլի գերութիւնը Ասորեստանի կողմից եւ Յուդայի գերութիւնը Բաբելոնի կողմից: Կշտամբում էր հրէաներին իրենց չարութեան ու անգթութեան համար: Բեթէլում մարգարէանալիս նրան սաստեց տեղի Ամասիա քուր­մը. «Գնա՛,- ասաց,- Հրէաստան երկիրը, այն­տեղ ապրիր եւ այնտեղ մարգարէացիր: Այլեւս չշարունակես մարգարէանալ Բեթէլում, որովհետեւ այստեղ թագաւորի սրբութիւնն է ու թագաւորութեան տաճարը»: Սակայն Ամովսն ասաց, թէ ուր որ Տէրը հրամայում է, այնտեղ պիտի յայտ­նի Նրա պատգամը: Դրա համար ասում են, որ Ամասիա քուրմը չարչարեց Ամովսին, իսկ նրա որ­դին՝ Ովսէէն, երկաթէ գաւազանը մխեց նրա բերանի մէջ: Այդպէս կիսամահ բերուեց Թեկուա եւ օրեր անց մեռաւ սաստիկ ցա­ւերի մէջ: Թա­ղուեց իր երկրում, ու նրա գերեզմանը կար իր տե­ղում մինչեւ քրիստոնէութեան տարածուելը: Եւ ոչ միայն Ամովսը, այլեւ շատ մարգարէներ ելան աշխարհից վկայական մահուամբ:

 

* * *

 

   ԱԲԴԻԱՍ

 

   Աբդիուն կամ Աբդիասը, որը նշանակում է «Աստուծոյ ծառայ», Սիւքեմի Բե­թակարան աւա­նից էր: Նա Աքաաբի հազարապետն էր եւ Ոքո­զիա արքայի կողմից Եղիայի մօտ առաքուած եր­րորդ յիսնապետը, ով իր խոնարհութեամբ մեղմեց Եղիայի սիրտը, թէպէտ ոչ քիչ հալածանքներ կրեց նրա պատճառով: Նա Յեզաբէլի յա­րու­ցած հալածանքներից փրկելու համար հարիւր մարգարէների թաքցրել էր այրերում: Մարգա­րէու­թեան է կոչուել Եղիային աշակերտելուց յե­տոյ: Այս ամէնը, ըստ եբրայական աւանդութեան, նախնիների, հայրերի ու մեկ­նիչ­ների, ասում են՝ այլ մէկն էր Աբդիաս մարգարէն, ով ապրում էր Եսայու ժամանակներում: Աբդիասի խօս­քե­րը կանխատեսում էին քաղ­դէա­ցիների կողմից գերութիւնը, գերութիւնից դարձը՝ օրինակելով Քրիստոսի միջոցով մեր փր­կու­թիւնը բանսար­կուի գերութիւնից: Թա­ղուեց Սամարիայում, ուր եւ քրիստոնէութեան շր­ջա­­նում Եղիսէէ մարգարէի ու Յովհաննէս Մկրտ­չի նշխարների հետ գտնուեցին նաեւ նրա նշխարները:

   
* * *

   

   ՅՈՎՆԱՆ

 

   Ամաթիայի որդի Յովնանը Զաբուղոնի երկրից էր՝ Քոբերի Գէթ քաղաքից, որը յետոյ Դիոկեսա­րիա կոչուեց: Ըստ եբրայական աւանդութեան՝ հայ­րերից ո­մանք կարծում էին, թէ Յովնանն այն այ­րի կնոջ որդին էր, ում Եղիան յարութիւն տուեց, եւ համարում են, թէ նա Եղիայի աշակերտներից մէկն էր: Տիրոջ կողմից մարգարէական քարոզութեան համար առաքուեց Նինուէ, սակայն ասում են, թէ նա մօր հետ խոյս տուեց Ասո­րեստան: Ոմանք ասում էին, թէ Յովնանի հայրը՝ Ամաթիան, նա ինքը Աբդիաս մարգարէն էր, իսկ ուրիշներն էլ՝ թէ Յովնանը եղել է Եղի­սէէի աշակերտը, ով ուղարկուեց Յէսուին  թա­գա­ւոր օծելու:

   Սակայն ստոյգն այն է, որ Յովնանն ապրում էր Իսրայէլի արքայ Յովասի որ­դու՝ Յերոբովամի ժա­մանակներում, ուստի  ժամանակակիցն էր Ով­սէէի ու Եսայու: Եւ ըստ այսմ՝ Յովնանի քա­րո­զու­թիւնը Նինուէում ճշտապէս համընկնում է Ասորեստանի Սարդանաբաղ արքայի տարիներին, որի օրօք յոյժ զեխութիւն ու անառակութիւն էին տիրել նինուէացիներին: Արդ, թէպէտ թագա­ւո­րը եւ ամբողջ քաղաքը միառժամանակ զղ­ջա­ցին, որի շնորհիւ Բարձրեալի անբաւ մարդասիրութեամբ փրկուեցին կործանումից, սակայն պատու­հասի վտանգն անցնելուց յետոյ դարձեալ վերադարձան իրենց չարիքներին, որի հա­մար Տէրը նրանց մատնեց մարաց Վարբակ արքայի ձեռքը, որի գործակիցներն էին Բեղէսի Բաբելոնացին եւ հայոց պսակաւոր արքայ Պարոյր Առաջինը: Այդ պատճառով Տոբիթը պատուիրում էր իր որդուն՝ թողնել Նինուէն, «որովհետեւ,- ասում էր,- գիտեմ, որ պիտի կործանուի այս քա­ղա­քը՝ ըստ Յովնան մարգարէի խօսքի»:

   Մեծա­մեծ խորհուրդներ էին խտացուած Յով­նա­նի մէջ, քանզի նա եղաւ ակամայ քարոզ հեթա­նոս­նե­րին, իբրեւ առաքեալ՝ մարգարէների դասում, Փրկչի օրինակ ու պատկեր՝ յատկապէս թաղման եւ երեքօրեայ յարութեան, որի մասին սուրբ վարդապետները բազում ճառեր են թողել: Փրկչի խաչելութիւնից յե­տոյ, երբ բազում ննջեցեալներ յա­րութիւն առան, ասում են, թէ նրանց թւում էր նաեւ Յովնանը, որի գերեզմանը գտնւում էր Զաբուղոնի Գէթ քաղաքում:

   

* * *

   

   ՄԻՔԻԱ

 

   Միքիա Մորստացին, ըստ ոմանց Յուդայի ցե­ղից էր, իսկ ըստ ոմանց էլ՝ Եփ­րեմի ցեղից: Ոմանք կարծում էին, թէ նա էր, որ մարգարէա­ցաւ Աքաաբի առ­ջեւ, եւ քանի որ չխօսեց ար­քայի կամքով, յանձնուեց Յովրամ արքայորդու ձեռ­քը՝ մատ­նուե­լու բանտի ու սովի տառապանքներին: Եւ երբ, ըստ մարգարէի մարգաէութեան, Աքաաբը չվերադարձաւ պատերազմից, Յովրամը նրան սպանել տուեց:

   Բայց ըստ ոմանց՝ աւելի ճշմա­րիտ է ասել, թէ այլ է Աքաաբի ու Յովրամի ժամանակներում ապրած Յեմլէի որդի Միքիաս մարգարէն, եւ այլ է այս Միքիա մարգարէն: Նա թողեց մարգարէութիւններ, առաւել շատ փայլեց Յուդա­յի, քան Իսրայէլի մէջ ու ապրեց Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրօք: Եւ ինչպէս ասում են, սա եւս նահատակուեց վկայական մահուամբ՝ խոցոտուելով սրով:

   Շատերը գրում են, թէ Մեծն Թէո­դոս կայսեր կամ էլ նրա որդիներ Արկադէոսի եւ Ոնորիոսի օրօք սուրբ Միքիա մարգարէի ու Ամբակումի նշխարները գտնուել են Հրէաստանում՝ Ելեւթերուպոլսի Սեբբեննոս եպիսկոպոսին յայտ­նուած տեսիլքի միջոցով:

   

* * *

   

   ՆԱՒՈՒՄ

 

   Նաւում եբրայերէն հնչում է Նա­խում կամ Նահում եւ նշանակում է «մխիթարու­թիւն»: Սա Յեղկեսիա քաղաքից էր՝ Յորդանանի միւս կողմում գտնուող Բեգաբար երկրից, Շմա­ւո­նի ցեղից: Սկսեց մարգարէա­նալ Եզեկիա ար­քա­յի օրերում, երբ Իսրայէլի ժողովուրդը գերութեան տարուեց Ասորեստան եւ Նի­­նուէ, որի համար մխիթարում էր ժողովրդին՝ կանխատեսելով նրանց դարձը գե­րու­թիւնից: Ասում են, թէ յիսուն տարի անց, իբ­րեւ երկրորդ Յովնան` նի­նուէացիներին ապաշխա­րու­թիւն քարոզեց: Բայց երբ նրանք յետ չդարձան իրենց չարիքներից եւ տառապանքներ պատճառեցին Իսրայէլի ժողովրդին, նրանց սպառնաց իս­պառ կործանումով ու կորստեամբ: Եւ սա կատա­րուեց հարիւր քառասուն տա­րի անց, երբ քաղդէացիները նուաճեցին Նինուէն ու վերացրին Ասորեստանի թագաւորութիւնը: Մխիթարեց Երուսաղէմի բնակչութեանը, թէ Նինուէի ար­քան Երուսաղէմ չի մտնի: Նաւում մարգարէն խաղաղութեամբ ննջեց իր երկ­­րում՝ Բեգաբարում:

   

* * *

   
   ԱՄԲԱԿՈՒՄ

 

   Ոմանք ասում են, թէ Ամբակումը սոմնացու որ­դին էր, ում Եղիսէէն յարութիւն էր տուել, ոմանք էլ ասում են, թէ նրա ապրած ժամանակն ան­յայտ է, այլ միայն գիտեն, որ նա Շմաւոնի ցե­ղից էր, Սափատի որդին եւ Բեշոքար աւանից էր: Կայ առաւել տարածուած կարծիք, թէ նա Եզե­կիա­յի ու Մանասէի ժա­մանակակիցն էր, եւ այն մար­գարէներից մէկը, ում Աստուած առաքեց՝ յան­­դիմանելու Մանասէին գործած չարիքների հա­մար: Բայց քաղդէացիների երկրից Յուդայի տան գերութեան ու դարձի մասին մարգարէութիւնների համար շատերն ընդունեցին, որ նա եղել է Դանիէլի ժամանակակիցը, եւ թէ նա ինքն էր, որ Տիրոջ հրեշտակի ձեռքով կերակուր տա­րաւ Դանիէլին, երբ նա գտնւում էր առիւծների գբում:  Հզօր են Ամբակումի պատգամներն ու յայտնի: Մարգարէացաւ երկու աւազակների մի­ջեւ Փրկչի խաչելութեան մասին:

   

* * *

   

   ՍՈՓՈՆԻԱ

 

   Սոփոնիան Շմա­­ւոնի ցեղից էր, որդին էր Քուսիի, սա՝ որդին Գո­դո­ղիայի, սա՝ Ամարիայի, եւ սա էլ՝ Եզեկիայի: Մարգա­րէա­ցաւ Յուդա­յի Յոզիա բարեպաշտ արքայի ժա­մա­նակներում: Նա Երե­միա մարգարէի ժամանակակիցն էր: Սոփոնիայի խօսքերը վերաբերում են մնա­ցած երկու՝ Յուդա­յի ու Բենիամինի ցե­ղե­րին: Մարգարէացաւ հրէաների գերութիւնից ամբողջովին դարձի մասին՝ յօրինակ Փրկչի մի­ջո­ցով մարդկային ազգի ազատութեան: Խա­ղաղութեամբ ննջեց իր տանը:

   
* * *

   
   ԱՆԳԷ

 

   Սա իր մանկութեան շրջանում Կիւրոսի օրօք Բա­բե­լոնից Հրէաստան գերու­թիւնից վերադար­ձած­նե­րից մէկն էր: Զաքարիա մարգարէի ձայնակցութեամբ սկսեց մարգարէանալ Դարեհի երկ­րորդ տարում՝ Զօրոբաբէլի տաճարի շի­նութեան շրջա­նում, եւ յայտնապէս խօսեց Մեսիայի Գալստեան ժամանակ տաճարի փառաւորութեան մա­սին: Անգէին եբրայերէն լեզուով ասում են Խադդա, որը նշանակում է «ուրախ» կամ «տօնազուարճ»: Եւ արդարեւ, ըստ իր անուան ուրախարար նշանակութեան՝ զուարթացրեց Աստուծոյ ժողովրդին՝ աւետարանելով աշխարհի Փրկչի մօտալուտ Գալուստը, որը եղաւ հինգ հարիւր տարի անց: Նա կոչ­ւում է Ամենակալ Տիրոջ պատգամաբեր, որը յունարէն լեզուով նոյն իմաստն է արտայայտում:
   

* * *

   

   ԶԱՔԱՐԻԱ

 

   Զաքարիա կամ Զէքիր իա կամ Զիքր էահ նշա­նա­կում է «Աստուած յիշեց» կամ «յիշատակ Աստուծոյ»: Նա Բարաքի որդին էր եւ Անգէ մարգարէի ժամանա­կա­կիցը, քանի որ սա եւս սկսեց մար­գա­րէանալ Դարեհի երկրորդ տարում. նա՝ վե­ցե­րորդ ամսում, սա՝ ութերորդ ամսում: Ճոխա­գոյն են նրա խորհրդա­ւոր այլաբանութիւններն ու տեսիլքները: Պէս-պէս օրինակներով խո­րագոյն իմա­ցութեամբ մարգարէացել է Քրիստոսի Գալս­տեան եւ Նրա տնօրինութեան մասին: Հայ­րերից մէկը Զաքարիայի մար­գա­րէու­թիւն­նե­րի մասին գրում է. «Խորութիւնների խորքերը խօ­սում են Աստուծոյ ջրե­րի հեղեղատների միջով, քան­զի եթէ խօսէին պարզութեամբ, ոչ այնքան մարգարէութիւն, որքան աւետարանական պատ­մու­թիւն կը թուար»: Յայտնեց արմաւենեաց օրը Քրիստոսի փառքով Երուսաղէմ մտնելու, Յու­դա­յի մատնութեան, հաղորդութեան խորհրդի հաս­տատ­ման, Քրիստոսի ձեռքերի վէրքերի, Նրա` դժոխք իջնելու, արդարների երամների վեր բարձ­րանալու, Տիրոջ Յարութեան ու փառաւորութեան, ինչպէս նաեւ հեթանոսների կանչի եւ նոր Եկեղեցու մասին:

 

* * *

 

   ՄԱՂԱՔԻԱ

 

   Եբրայերէն հնչմամբ Մալաք նշանակում է «հրեշ­տակ», Մալաքի՝ «հրեշտակ իմ», իսկ Մալա­քիա՝ «հրեշտակ Աստուծոյ»: Նրա համար հրէայ վարդապետներն ասում են, թէ նախկինում նա այլ անուն է ունեցել, սակայն տեսիլքներում յաճախ Աստուծոյ հրեշտակին տեսնելու ու նրանից մարգարէական խորհուրդներ եւ մեկնութիւններ ըն­դու­նելու պատճառով հրեշտակ է կոչուել: Նա ջերմօրէն տենչում էր նրանց, ակնկալում էր նրանց բարեխօսութիւնն ու ցանկանում նմանուել նրանց սր­բու­թեանը:

   Նրանց վարդապետներն ասում են նաեւ, թէ Մա­ղաքիա մարգարէն նոյն ինքը Եզրաս քահանան է՝ օրէնքներ գրողը: Այս նոյն կարծիքն ունէին նաեւ որոշ հայրեր եւ մեկնիչներ: Սակայն աւելի ստոյգ կարծիքն այն է, որ Մաղաքիան եղաւ Սու­փի Զաբուղոնի կամ Ղեւիի ցեղի վերջին մար­գա­րէն, Անգէի ու Զաքարիայի ժամանակա­կիցը, սա­կայն կրտսեր, քան նրանք, որովհետեւ նրա մար­գա­­րէութիւնն սկսւում է Զօրոբաբէլի տաճարի շինութեան աւարտից յետոյ: Խրատում է տաճարի քահանաներին, մարգարէանում է ահարոնեան քահա­նայութեան դադարեցման մասին, աւետարանում է Քրիստոսի աշխարհ Գալուս­տը՝ Իր պատ­գա­մա­բե­րի՝ երկրորդ Եղիայի, այսինքն՝ Յովհաննէս Կարապետի նախընթացութեամբ: Որպէս Նոր Օրէնքին աւե­լի մերձաւոր մէկը, քան միւս տեսանողների դա­­սերը՝ բազում մարգարէութիւններ է արել: Ասում են, որ մահացել է երիտասարդ հասակում եւ թաղուել իր ագարակում: