Աստուածային ճառագայթ. որ ի Հօրէ մեզ ծագեցար եւ լուսովդ քո լցեր զտիեզերս՝ ի ձեռն սուրբ հայրապետացն.
Աղօթիւք սոցա՝ Քրիստոս ողորմեա մեզ:
Որք անբաժանելի զմիութիւն Երրորդութեանդ՝
ընդհանուր քարոզեցին ուղղափառ դաւանութեամբ.
Աղօթիւք սոցա՝ Քրիստոս ողորմեա մեզ:
Եւ զանճառելի տնօրինութեանդ քո խորհուրդ՝
ուսուցին ազգի մարդկան գերագոյն քան զբնութիւնս.
Աղօթիւք սոցա՝ Քրիստոս ողորմեա մեզ:
(Շարակնոց)
- Ծնուել է 1315թ. յունուարի 29-ին, Սիւնիքի մարզի Որոտան գաւառի Վաղադնի գիւղում:
- Ննջել է 1386 թ.:
- Աճիւնն ամփոփուած է Երնջակի սուրբ Գեւորգ վանքում:
Վերջին ժամանակներում, երբ արդէն քիչ էին պատահում սուրբերը, եւ վերացել էր ճշմարտութիւնը մարդկանց միջից, եկաւ նա, երեւաց եւ պայծառ փայլեց արեւելեան հայկազեան ազգի մէջ: Եւ արդ որտեղի՞ց սկսենք եւ ի՞նչ խօսքերով ներբողենք բազմատեսակ շնորհներով շքեղացած երանելի անձին՝ Խօսքի Ձայնի 1 անունը կրող շնորհընկալ անձին, Զեբեդէոսի որդիների նմանութեամբ որոտման բարձրախօս քարոզչին եւ Աստուծոյ Որդու ճշմարիտ աստուածաբանին, ով արհամարհեց աշխարհի կեանքի ունայնութիւնը եւ ոտքի տակ տուեց: Ինչպէս որ առաջին Ադամը ստեղծուեց Աստուծոյ պատկերով եւ վայելչացաւ Եդեմի դրախտում, այնպէս էլ նա պայծառացաւ նոյնանման պատկերով ու փառազարդուեց նորատունկ եւ իմանալի դրախտով: Ինչպէս որ Աստուծոյ հաճութիւնը վայելող Աբելը սպանուեց ընկերադաւ եղբօրից, այդպէս էլ նա տիրանենգ եւ եղբայրադաւ հարազատներից տարաշխարհիկ եղաւ ու մահուան մատնուեց:
Ենովսը մարդ անուանուեց եւ յոյսով զարդարուեց, իսկ նա նոյն յոյսով նախանկար գեղեցկութեամբ մարդ գերահռչակուեց: Պահքի պնդութեամբ Ենովքը գերագոյն վայր փոխադրուեց, իսկ նա նոյն ժուժկալութեամբ այսօր այդ նոյն երկինք վերափոխուեց: Ինչպէս Սուրբ Գիրքն է ասում, Նոյը կատարեալ այր էր, ով փրկուեց աշխարհակուլ ջրհեղեղից եւ դարձաւ այլոց փրկութեան պատճառ, իսկ նա, կատարեալ լինելով ամբողջապէս, փրկուեց աշխարհի ջրայեղձ մեղքերից եւ ապրեց՝ փրկութեան առիթ լինելով շատերի համար: Մելքիսեդեկը բարձրեալ Աստուծոյ քահանայ էր, իսկ նա նոյն կարգով քահանայ՝ Նրա յաւիտենապէս անշեղ հետեւորդ: Աբրահամը հաւատով ընտրեալ եւ բազում ազգերի հայր կոչուեց, իսկ նա՝ Հօր ժառանգակից որդի, բազում հրաւիրեալների հայր: Միածին Իսահակը օրինակ եւ վկայ եղաւ ընծայուելով, իսկ նա Նրան ինքնանուէր չարչարանակից եւ փառքին հաղորդ եղաւ: Յակոբը եղաւ Աստուծոյ մարգարէ եւ նահապետների հայր, իսկ նա նմանապէս միշտ իր սրտում եւ լեզւում ունէր Աստծուն, որի համար իր մտքի արգանդից վարժապետների հոյլեր ծնեց: Յովսէփը վաճառուեց իր եղբայրների կողմից եւ հասաւ իշխանութեան գահին, իսկ նա մերժուեց իր հարազատներից, ու պատուեց, պարուրուեց գերագոյն Տէրութեան կողմից: Հին օրէնուսոյց Մեծն Մովսէսը թողեց տասնաբանեայ օրէնքը, իսկ նա եղաւ Նոր օրէնքի քարոզիչն ու կտակարանների ընթերցողը: Մարգարէաբուխ հոգի էր, առաքելաշնորհ քարոզ, աստուածաբան աւետարանիչ, դաւանութեան վէմ, ընտիր անօթ: Ո՞վ կարող է խօսքերով դրուատել նրան:
Նրան, ով ուրախութիւն էր շատերի համար եւ լիառատ հարստութիւն,
Արդարութեան քաղց ու ծարաւ եւ ցանկութեան զովացում:
Հեզ եւ խաղաղարար, ողորմած եւ մաքուր սրտով, որով Աստուած է տեսնւում,
Որ հալածուեց արդարութեան համար եւ նախատուեց փրկութեան համար,
Լոյս՝ խաւարում խարխափողների համար եւ ուղղիչ մոլորուածների համար:
Անհամութեան աղ ու համեմիչ, իմաստութեան տաճար եւ երկնային կառավար:
Խորագէտ՝ միամտութեամբ հանդերձ եւ զգօն՝ մանկան նմանութեամբ,
Զուարթամիտ եւ ողորմած, մեծապարգեւ, առատատուր, ամենիմաստ եւ հանճարեղ,
Բարձր՝ խոնարհութեամբ եւ մեծ՝ ծառայութեամբ,
Գանձ ագարակում եւ լուսատու մարգարիտ Հայոց աշխարհում,
Մարդկանց որսորդ եւ սերմնացան մշակ,
Մտերիմ տանուտէր եւ հաւատարիմ տնտես,
Այցելու դաստիարակ եւ իր ժամին սնուցիչ,
Որբերի հայր եւ այրիներին հոգացող,
Մերկերին ծածկոյթ եւ օտարներին ժողովող,
Բանտուածների արձակիչ եւ հիւանդների բժիշկ,
Յոգնածների հանգիստ եւ վշտացեալների սփոփիչ,
Աղքատների հարստութիւն եւ հարուստների սանձ,
Անիրաւների դատաւոր եւ անօրէնների օրէնք,
Խռովեալների խաղաղութիւն եւ արդարների խորհրդակից,
Մարտիրոսների տօնախմբող եւ վկաների յիշատակ,
Տօնախմբութիւնների պայծառութիւն եւ ժողովների ուրախութիւն,
Մարմնի մէջ հրեշտակ եւ հոգով ցանկալի այր՝ ըստ Դանիէլի,
Առատատուր ձեռքով եւ ողորմած՝ զուարթ երեսով,
Սահմանիչ ուղղափառութեան եւ սիւն հաստատութեան,
Հաւատի հիմն եւ պայծառ ջահ սուրբ Եկեղեցու,
Անպարտելի ախոյեան եւ կանգուն պարիսպ,
Հակառակորդների ցրիչ եւ հերձուածողների վանիչ,
Ուրախութիւն եւ պարծանք աշխարհի,
Երկրորդ Կիւրեղ եւ Դէոսկորոս,
Կեղծաւորների յանդիմանիչ եւ հերձուածողների սաստիչ,
Ուղղափառների ուսուցիչ եւ ստահակների խրատիչ,
Սգաւորների մխիթարիչ եւ աղքատների դարմանիչ:
Նա ուղղափառութեան հաստատիչն էր, Քրիստոսի հօտի վերակացուն: Երկնում էր իմաստութիւն, իսկ լեզուից բխում էր իրաւունք, քանզի Տիրոջ օրէնքն էր նրա կամքը, Տիրոջ օրէնքն էր նրա սրտում, եւ Աստուած էր փառաւորուած նրա խորհուրդներում: Խրատում էր խօսքով եւ վկայում գործով: Յանդիմանում էր յանցաւորներին եւ սաստում չարերին: Ցաւում էր խստասիրտների համար եւ նրանց համար արտասուքներ բխեցնում: Լալիս էր լացողների հետ եւ ուրախանում ուրախացողների հետ: Չարին չէր հատուցում չարով, այլ՝ բարութեամբ: Օրհնում էր անիծողներին, սիրում իրեն ատողներին եւ աղօթում հալածիչների համար: Համբերում էր մեղաւորներին, ընդունում զղջացողներին, ներում եւ շնորհում իրեն պարտք եղողներին: Երկրորդ Յոհան Ոսկեբերան էր, ապաշխարութեան վարդապետ, առանձնապէս աստուածաբան եւ Խօսքի ձայն: Երկրորդ լուսաւորիչ հայկազեան ազգի անգիտութեան խաւարի մէջ, երկրորդ Յօհան Օձնեցի, քանզի փրկեց քաղկեդոնեան աղանդից մոլորուածներին, հերքեց ճշմարտութիւնը մերժողներին եւ շատ վանքեր ազատեց նրանց ձեռքից:
Մեծ վարդապետը, որ կոչուեց Կախիկ, այսինքն միշտ կախուած Աստուծոյ Բանից ու Նրա սիրուց, փոխուեց ի Քրիստոս այն նոյն օրում, որում ծնուեց. 73 տարի անց, ըստ արարչադիր հրամանի, ննջեց նոյն օրը, որում աշխարհ եկաւ: Եւ նա, որ ծնուեց այն օրում, որում մեռաւ, պատահեց ամենասուրբ Աստուածածնին եւ մեր սուրբ հայրապետ Սահակ Պարթեւին: Աշակերտները նրա մարմինն ամփոփեցին Երնջակի 2 վանքում՝ իր աշակերտ սուրբ Մաղաքիա ճգնաւորի մօտ, ով ծովահայեաց Ղրիմ քաղաքից էր, մեծահարուստի որդի, թողել էր հայրենի ժառանգութիւնը եւ եկել՝ աշակերտելու նրան:
Րաբունապետ Մեծն Յովհաննէսը եղաւ լուսոյ ջահ եւ սուրբ Եկեղեցու արեգակ: Սերում էր Սիւնեաց աշխարհի Որոտան գաւառի Վաղանդ գիւղից եւ որդին էր մեծ ու փառաւոր իշխանական տան Իվանէ իշխանի: Մի այր էր՝ հոգելից եւ իմաստուն, հանճարեղ եւ աստուածաբան, քարոզիչ ուղղափառութեան եւ ջատագով ճշմարտութեան: Լուսաւորում էր աշխարհը, ինչպէս արեգակը: Լուսազարդուած պայծառացրեց հայոց ազգը վարդապետներով եւ քահանաներով՝ գեղեցիկ կարգաւորութեամբ եւ ուղղափառ դաւանութեամբ, գիշեր-ցերեկ մաքառելով ընդդէմ քրիստոսատեաց հերձուածների: Յորդահոսան վարդապետութեամբ խցեց աղանդաւոր հերետիկոսների բերանները՝ յայտնելով ուղղափառ գրքերի իմաստները եւ լուսաբանելով իմաստասէրների խրթնածածուկ խօսքերը: Յոյժ գրասէր էր եւ ընթերցասէր, հեզահամբոյր վարքով, բարետես, բարձրահասակ, շքեղ եւ փառահեղ, ամբողջովին լի Աստուծոյ շնորհներով: Ուսուցանում էր անձանձրոյթ, հեզ եւ քաղցր էր ուղղափառների աչքին, բայց ահարկու` ընդդէմ երկու բնութիւն չարափառ դաւանողների:
Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին ս. Յովհան Որոտնեցու յիշատակը նշում է Մեծ պահքի 4-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ ս. Գրիգոր Տաթեւացու, ս. Յովհաննէս Երուսաղէմացու եւ ս. Յովհան Գ Օձնեցու յիշատակի հետ:
Օրհնութեամբ լինի նրա յիշատակը, եւ նրա մաքուր աղօթքներով թող Քրիստոս Աստուած ողորմի մեզ:
ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
Սուրբ Յովհան Որոտնեցին սովորել է Գլաձորի համալսարանում, աշակերտել է Եսայի Նշեցուն եւ Տիրատուր վարդապետին: Նրանց մահից յետոյ 1340-ական թուականների վերջին փոխադրուել է նախ Հերմոնի եւ ապա Որոտանի վանքը (այստեղից սկսած սկզբնական «Կախիկ» անուանման փոխարէն ստացել է Որոտնեցի անունը): Գործել է Դարաղանեաց գաւառի, իսկ 1370-ական թթ.՝ Տաթեւի եւ Ապրակունիսի վանքերում: 1373թ. հիմնադրել է Տաթեւի համալսարանը եւ Ապրակունիսի վանական դպրոցը: Նա մեկնողական աստուածաբանութեան Տաթեւի դպրոցի հիմնադիրն է: Գլխաւորել է պայքար ունիթորների դէմ, սուրբ Գրիգոր Տաթեւացու հետ ընդդիմացել կաթոլիկ եկեղեցու ոտնձգութիւններին հայ եկեղեցու նկատմամբ՝ զօրացնելով նրա հիմքերը: Եկեղեցուն թողել է հարուստ ժառանգութիւն. իմաստասիրական, աստուածաբանական, մեկնողական աշխատութիւններ, որոնցից կարեւոր են «Հաւաքումն համառօտ վերլուծութեանն Ստորոգութեանցն Արիստոտելի», «Համառօտ վերլուծութիւն Պորփիւրի դժուարալուծիցն», «Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց» գործերը: Իսկ աստուածաբանական հայեացքների ուսումնասիրման համար մասնաւորապէս կարեւոր են «Տեսութիւն աւետարանական բանին, զոր ասէ Յովհաննէս», «Ի սկզբանէ էր Բանն...», «Մեկնութիւն մարգարէական բանին, որ ասէ «Ի սկզբանէ Տէր զերկիր հաստատեցեր», «Մեկնութիւն բանին, որ ասէ մարգարէն. «Ո՞ ստեղծ առանձինն սիրտ նոցա», «Ի բանն առաքելոյն, որ ասէ «Մարդով եղեւ մահ եւ մարդով՝ յարութիւն», «Հաւաքումն յայտնաբանութեան ի Փիլոնէ իմաստնոյ... » եւ այլն: Հակաճառական բնոյթի դաւանաբանական խնդիրներ են արծարծւում «Հարցմունք երկաբնակաց եւ պատասխանիք», «Հաւատոյ դաւանութիւնք» գործերում: Մեկնողական գործերից են «Լուծմունք գրոցն Յոբայ», «Մեկնութիւն Մատթէի Աւետարանի», «Մեկնութիւն Յովհաննու Աւետարանի», «Յինն երանութիւնսն Քրիստոսի», «Մեկնութիւն չորեքտասան թղթոցն Պօղոսի» գործերը: Յովհան Որոտնեցու աստուածաբանական եւ իմաստասիրական դպրոցի շարունակողներն են եղել ս. Գրիգոր Տաթեւացին, Մատթէոս Ջուղայեցին, Առաքել Սիւնեցին: Ի տարբերութիւն նախորդ մեկնիչների՝ նա կիրառում է մեկնաբանութեանը յատուկ եղանակ. նրա բացատրութիւններն ուղեկցւում են աստուածաբանական իրողութիւնների դասդասումով ու համակարգումով: Աստուածաբանելու այս եղանակը ս. Յովհան Որոտնեցուց անցել է իր աշակերտին՝ ս. Գրիգոր Տաթեւացուն:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Ս.Գ Գրիգոր Տաթեւացի Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃՁԵ-էջ 711 (հատուածաբար):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: