Զօրութիւն սուրբ Խաչի Քո Քրիստոս.
Որ կանգնեցեր ի փրկութիւն աշխարհի.
Սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:
Քանզի ի սմա բարձրացար Աստուած.
Եւ ի սմա հեղեր զպատուական սուրբ զԱրիւնդ.
Սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:
Եւ զՔո միւսանգամ զգալուստդ նշանաւ Խաչի Քո ցուցեր աշխարհի.
Սա պահեսցէ զմեզ յամենայն փորձութենէ:
(Շարակնոց)
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
Մարգարէներից մեծը՝ աստուածային Մովսէսը, անապատում խաչի փրկական խորհուրդն օձի նշանով ցոյց տուեց երկու անգամ:
Առաջին անգամ ցոյց տուեց սուրբ լերան վրայ նշանների համար, երբ Աստուած հրամայեց գետնին գցել գաւազանը, որն օձ եղաւ, եւ երբ բռնեց պոչից, այն գաւազան եղաւ:
Նախ՝ սա խորհրդանշում է, որ նոյն ինքը՝ սկզբնաչար սատանան, երկնքում արդարութեան գաւազան էր, բայց ընկնելով օձ եղաւ, ինչպէս որ գրուած է. «Հրեղէն վիշապը քաշում տանում էր աստղերի մէկ երրորդ մասը»[1]:
Երկրորդ՝ օձը նոյն ինքը սատանան է, որը բարեկամի կերպարանք առաւ ու պատրեց նախաստեղծին:
Երրորդ՝ Ադամը թագաւորական գաւազան էր դրախտում: Երբ նա մեղանչեց, ընկաւ երկիր եւ մեղաւոր օձ եղաւ: Եւ դարձեալ՝ երբ Բանն Աստուած բռնեց Աբրահամի զարմից, թագաւորական անօթ եղաւ:
Չորրորդ՝ Յովսէփի միջոցով ժողովուրդն իջաւ Եգիպտոս, եւ չարութիւն եղաւ, իսկ Մովսէսի միջոցով դարձեալ թագաւորութեան եւ քահանայութեան գաւազան եղաւ:
Հինգերորդ՝ դառնաշունչ վիշապը խորհրդանշում է փարաւոնին՝ ըստ այն խօսքի, թէ «Վիշապների գլուխը խորտակեցիր ջրերում»[2]: Օձին բռնելը յուսադրեց Մովսէսին՝ փարաւոնին յաղթելու եւ նրան մեղմելու համար:
Վեցերորդ՝ արդարութեան եւ թագաւորութեան գաւազանը խորհրդանշում է Բանն Աստծուն, Ով եկաւ երկիր, մարմին առնելով՝ վերցրեց մեր օձաձեւ բնութիւնը եւ դարձեալ ելաւ երկինք ու նստեց Հօր աջ կողմում:
Եօթերորդ՝ գաւազանը խրատի եւ արդարութեան խորհուրդն է, որը եթէ մէկը գցում է, երկրաքարշ եւ մեղաւոր մարդ է լինում: Եւ եթէ յետոյ դարձեալ զղջում եւ բռնում է այն, փրկութեան ու դարձի պատճառ է լինում:
Ութերորդ՝ գաւազանը հեշտութեան եւ հանգստեան նշանակն է, որովհետեւ ով այն գցում է՝ հասկանալով, մահացուցիչ օձ է լինում հոգու համար, որովհետեւ օձը մահ եւ չարչարանք է խորհրդանշում: Քանզի ով Քրիստոսի համար կամաւոր յանձն է առնում չարչարանքներ եւ մահ, հանգստանում եւ հաստատւում է յաւիտենական կեանքում, ինչպէս ասաց Տէրը. «Նա, ով կ՚ուրանայ ամէն բան եւ մարմնաւոր հանգիստը, եւ կը վերցնի խաչը, այսինքն չարչարանքները, նա է Ինձ արժանի»: Նաեւ առաքեալն է ասում. «Եթէ Իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու նաեւ փառքին»[3]:
Իններորդ՝ Մովսէսը խորհրդանշում է եկեղեցու վարդապետներին, իսկ ձեռքի գաւազանը՝ անգէտ ժողովրդին տրուող խրատը, որով վարդապետը պէտք է միշտ սաստի եւ զգաստ պահի ժողովրդին ու նրա վրայից թոթափի մեղքերի աւելորդ փոշին: Այն վարդապետը, որը ծուլութեամբ «նետում է» խրատը եւ չի սաստում ժողովրդին, նրա համար գաւազանը եւ իշխանութիւնը լինում են խայթող օձ, բայց երբ դարձեալ «բռնում է», նա հանգստանում է հոգով եւ անդատապարտելի մնում:
Տասներորդ՝ փրկչական խաչը սկզբում մահուան գործիք էր, բայց Քրիստոսի միջոցով կեանքի պատճառ եղաւ: Ինչպէս որ Մովսէսի գաւազանով, այնպէս էլ Խաչի միջոցով են կատարւում բոլոր սքանչելիքները,: Սա Մովսէսի անապատում խաչի փրկչական խորհուրդը օձի նշանով ցոյց տալու առաջին օրինակն էր:
Անապատում Մովսէսը խաչի փրկչական խորհուրդը երկրորդ անգամ ցոյց տուեց օձի նշանով, երբ Աստուծոյ հրամանով նա պղնձէ օձ պատրաստեց ու բարձրացրեց խորանի դռան մօտ, եւ ով նայում էր նրան, բժշկւում էր օձի թոյնից: Այս խորհուրդը Տէրն Իր վրայ վերցրեց՝ ասելով. «Եւ ինչպէս որ Մովսէսն անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ»[4]:
Նախ՝ ինչպէս որ օձը բարձրացաւ ձողի վրայ, այդպէս էլ Տէրը բարձրացաւ խաչի վրայ:
Երկրորդ՝ ինչպէս ով նայում էր օձին, բժշկւում էր, այդպէս էլ ով հաւատում է Խաչեալին, բժշկւում է մահաբեր օձի թոյնից:
Երրորդ՝ տեսանելի է հակապատկերը, քանզի այնտեղ պղնձէ օձը բժշկում էր մարդկանց, որ իր թշնամիներն էին, իսկ ինքը սատկում էր, իսկ այստեղ Տէրը փրկում է Իր ազգակից մարդկանց եւ հալածում սատանային:
Չորրորդ՝ պղինձը ոսկէտեսակ էր, իսկ Տիրոջ մարմինը՝ աստուածատեսակ փառքով եւ կարող ներգործութեամբ:
Հինգերորդ՝ պղինձն անփուտ է, իսկ Քրիստոսի մարմինն՝ անապական:
Վեցերորդ՝ օձն առանց դառնութեան եւ թոյնի էր, իսկ մեր Տէրը՝ առանց մեղքի դառնութեան:
Եօթերորդ՝ օձը մեռնելով սպանում էր օձերին եւ բժշկում խայթուածներին, եւ մեր Տէրը, մեռնելով մարմնով, մեռցրեց մեղքը եւ կենդանի աստուածութեամբ կենդանութիւն տուեց մարդկանց:
Ութերորդ՝ օձի գալարուելը նշանակում են մեր հինգ զգայութիւնները, որը Տէրն առնելով՝ սրբեց մեզ:
Իններորդ՝ գլուխը եւ պոչը ցասումն է, որին հետեւում է տրտմութիւնը, որն էլ հետեւում է բոլոր մեղքերին: Տէրը տրտմեց մահուչափ՝ մեզնից վերցնելով մեր տրտմութիւնը եւ Ղազարոսի գերեզմանի մօտ զայրացաւ մահուան վրայ:
Տասներորդ՝ ինչպէս Փիլոնն է ասում, օձը հեշտութեան եւ ցանկութեան խորհուրդն է, որը ճարակում էր ցանկացող ժողովրդին, եւ նրանց պատուհասը համապատասխանեց իրենց ախտին: Եւ Տէրն արդար դատաստանով մեղապարտներին պատժում է իրենց մեղքին համապատասխան, որի համար ասաց. «Ինչպէս որ Մովսէսն անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ»:
Եւ արդ, սուրբ Խաչի մասին տասը հարց է առաջանում:
Առաջին հարցում. եթէ խաչափայտն այդքան խորհրդաւոր էր, ինչպէս ցոյց տրուեց Մովսէսի գաւազանի եւ անապատում ձողի օրինակներով, ինչո՞ւ ենք այժմ փոխում այն եւ այլ նիւթից կազմում: Այս հարցմանը կը պատասխանենք, որ Քրիստոս խաչափայտը մեզ տուեց կենաց Ծառի փոխարէն, եւ նրա ձեւը՝ Իր ձեւի փոխարէն: Արդ, ինչպէս նա փոխեց նիւթը նիւթի փոխարէն, եւ ձեւը ձեւի փոխարէն, սակայն պահեց տեսակը, նոյնպէս եւ մենք կարող ենք փոխել նիւթը եւ պահել խաչի տեսակը: Դարձեալ՝ խաչի նիւթը միայն մէկ տեսակ փայտից չէր, այլ զանազան փայտերից. բունը կիպարիսից էր, թեւերը՝ նոճուց, պատուանդանն՝ արմաւենուց, իսկ գլխի տախտակը՝ ձիթենուց: Եւ եթէ այնժամ խաչը եղել է տարբեր նիւթերից, այժմ եւս այն կարող է կազմուել տարբեր նիւթերից:
Երկրորդ հարցում. ասում են, թէ պէտք է, որ բոլոր օրինակները համաձայն լինեն ճշմարտութեանը. արդ, ի սկզբանէ խաչի օրինակները փայտից էին կազմուած, ինչպէս Սաբեկի ծառը, Յակոբի սանդուղքը, Մովսէսի գաւազանը, Յեսուի նիզակը եւ այլն, ապա պէտք է, որ ճշմարիտ խաչը փայտից լինի: Կը պատասխանենք, որ սրանք բոլորը խաչի օրինակներն են, ոչ թէ ըստ նիւթի, այլ ըստ ներգործական զօրութեան: Քանզի ինչպէս որ խոյը կախուեց Սաբեկի ծառից, եւ Իսահակն ազատուեց, այդպէս էլ մեր Տէրը կախուեց խաչի ծառից, եւ մարդկային բնութիւնն ազատուեց: Խաչի սանդուղքով մարդիկ երկինք ելան, իսկ հրեշտակները երկիր իջան: Խաչի գաւազանը պատռեց աշխարհի մեղքի ծովը եւ իր ժողովրդին անցկացրեց դէպի անապատ, այսինքն երկինք, Յեսուի նիզակով սպանեց թշնամի սատանային, խաւարեցրեց երկնքի լուսատուներին եւ բոլոր միւսներին: Ուրեմն պարզ է, որ խաչի խորհուրդները կատարւում էին ոչ թէ ըստ նիւթի, այլ ըստ սքանչելի ներգործութեան: Քրիստոսի խաչի խորհուրդն ունի նախ՝ վէմը, որ Յակոբն օծեց խաչի խորհրդով, ապա շափիւղան՝ Աստուծոյ ոտքերի ներքոյ, վէմը՝ Մովսէսի ձեռքի տակ, այլեւ արձանը, որ Յեսուն կանգնեցրեց քարերից: Դարձեալ՝ որ ինչպէս Քրիստոս զոհաբերուեց գառան օրինակով եւ մեզ համար նոր ուխտ հաստատեց Իր Մարմնով, նոյնպէս եւ խաչափայտը կազմեց ըստ հին օրինակի եւ նոր նիւթ հաստատեց՝ նոյն խաչը կանգնեցնելու համար: Ինչպէս որ թլփատուեց մարմնով եւ նոր ուխտ հաստատեց, որն է սրտի թլփատութիւնը, այսինքն մկրտութիւնը, նոյնպէս եւ այս դէպքում է: Դարձեալ՝ քանի որ կռապաշտները պաշտում եւ երկրպագում էին բոլոր նիւթերը, առաքեալներն ու հայրապետները պատուիրեցին խաչը պատրաստել ամէն մի նիւթից, որպէսզի կուռքերը վերանան եւ նրանց պաշտամունքներն ու երկրպագութիւնները փոխարինուեն խաչի երկրպագութեամբ եւ պաշտամունքով, ինչպէս նաեւ խաչի միջոցով սրբուեն պղծուած նիւթերը: Տէրն Ինքն անշնչացաւ խաչի վրայ, որպէսզի անշունչ պատկերներին ուղղուած պաշտամունքը դարձնի դէպի Իրեն:
Երրորդ հարցում. ինչո՞ւ ենք Պատարագի ժամանակ պահում հացի եւ գինու տեսակը, իսկ փայտի տեսակը փոխարինում այլ նիւթով: Կը պատասխանենք, որ Քրիստոս Իր մարմինն ու Արիւնը որպէս կերակուր տուեց հացով եւ գինով ու ասաց. «Արէ՛ք այս Իմ յիշատակի համար»[5], իսկ որպէս փրկութեան նշան մեզ չտուեց փայտը, այլ խաչը: Այդ պատճառով էլ խաչը կարող ենք կազմել այլեւայլ նիւթերից: Յայտնի է նաեւ, որ մեր դէմքերին եւ սրտին, եկեղեցում ու բոլոր այն վայրերում, ուր որ անհրաժեշտ է, խաչի նշանը դրոշմում ենք առանց որեւէ նիւթի: Դարձեալ՝ պատարագի ժամանակ Քրիստոս հացի եւ գինու գոյացութեամբ միանում է դրանց որակներին, իսկ գոյացութիւնը փոխարկուելով լինում է Քրիստոսի Մարմին ու Արիւն: Խաչի դէպքում հակառակն է. Քրիստոս միացած է խաչի նշանին, ձեւին եւ նիւթին: Եւ քանի որ ձեւն առանց նիւթի չի կայանում, այդ պատճառով խաչը կազմում ենք բոլոր այն նիւթերից, որոնք ամուր են պահում ձեւը:
Չորրորդ հարցում. պաշտելի է խաչի նի՞ւթը, թէ՞ ձեւը կամ գործը: Կը պատասխանենք՝ առանձին-առանձին սրանցից ոչ մէկը, որովհետեւ բազմաթիւ են խաչի ձեւերը պատկերներում եւ կենդանութիւն ունեցող արարածների մէջ, որոնք պաշտելի չեն: Այլեւ առանձին նիւթը՝ փայտը եւ քարը, մահաբեր գործը պաշտելի չեն, սակայն խաչը պաշտելի է միասնաբար, որովհետեւ Քրիստոսի զօրութիւնը միացած է իրեն, որի համար նախ օրհնում եւ օծում ենք խաչը, ապա երկրպագում, որովհետեւ Քրիստոս օրհնութեամբ միանալով նրան, անբաժանելի է լինում ձեւից, նիւթից եւ գործից: Դարձեալ՝ ոմանք ասում են, թէ պաշտում են խաչը եւ երկրպագում նիւթը: Նրանց կը պատասխանենք, որ պաշտամունք եւ գերագոյն պատիւ է Քրիստոսի՝ նրա վրայ բեւեռուած լինելը, իսկ նիւթի երկրպագութիւնը ստորադաս է հաստատուած խաչին: Այդ պատճառով խաչի նիւթի ձեւը փոխելիս չենք անարգում նրան, եւ երբ նոյն նիւթը դարձեալ խաչի ձեւ է ստանում, վերստին այն չենք օծում, որովհետեւ օծումն ու օրհնութիւնը յաւիտենապէս անբաժանելի են Նրանից:
Հինգերորդ հարցում. ինչո՞ւ ենք օրհնում եւ օծում խաչը, չէ՞ որ օրհնութիւնն ու օծութիւնը նրան միացած Քրիստոսն է, եւ Նրա անունով ենք կանգնեցնում խաչը: Կը պատասխանենք՝ խաչը, սրբապատկերներն ու եկեղեցիներն օրհնում եւ օծում ենք սուրբ իւղով, որպէսզի նրանց նիւթն առանձնանայ այլ նիւթերից եւ պատկերներից ու այդ օրհնութեամբ եւ օծութեամբ լինեն Քրիստոսի բնակարան, իսկ մեզ համար՝ երկրպագելի: Դարձեալ՝ ինչպէս որ մարդն Աստուծոյ պատկեր է, որին օրհնում ենք, եւ ապա նա քահանայ է դառնում, նաեւ՝ ինչպէս մկրտում ենք մանկանը, եւ նա քրիստոնեայ է դառնում, կամ՝ օրհնում ենք հացն ու գինին, որ լինում են Քրիստոսի Մարմին եւ Արիւն, այդպէս էլ խաչը, սրբապատկերներն ու եկեղեցիներն օրհնում ենք Իր իսկ խօսքով, եւ նրանք լինում են Քրիստոսի խաչ, սրբապատկեր կամ տաճար:
Վեցերորդ հարցում. ապա ուրեմն ո՞րն է այս խաչի օրհնութիւնն ու օծութիւնը, որով միշտ խաչակնքում ենք մեր դէմքերը, կերակուրը եւ այլն: Պատասխանում ենք, որ երբ դրոշմում ենք Քրիստոսի անունով, այս անմարմին նշանին բաւական է մեր անմարմին մտքի դիտաւորութիւնը: Այս է նշանի դրոշմի օրհնութիւնը: Դարձեալ՝ ինչպէս որ ամէն օրհնութիւն կատարւում է խօսքով, սուրբ կոչմամբ եւ սուրբ օծմամբ, նոյնպէս եւ այստեղ խօսքով տալիս ենք Սուրբ Երրորդութեան անունը եւ օծելով մատով՝ դրոշմում սուրբ նշանը: Ապա ուրեմն բոլոր նիւթերը սրբւում են օրհնութեան խօսքով եւ սուրբ նշանով:
Եօթերորդ հարցում. եթէ ամէն խաչ օրհնութեամբ եւ օծութեամբ է սրբւում, ո՞րն է Քրիստոսի խաչափայտի օրհնութիւնը եւ օծութիւնը: Կը պատասխանենք, որ խաչի օրհնութեամբ է, որ Քրիստոսի խօսքով եւ սուրբ օծութեամբ խաչը միաւորւում Քրիստոսի հետ եւ լինում Քրիստոսի խաչ: Բանն Աստուած Իր օծեալ Մարմնով բեւեռուած եւ ամբողջովին միացած էր խաչին, որով այն Քրիստոսի խաչ եղաւ, որը երկրպագելի է մեզ համար: Դարձեալ՝ խաչի օրհնութեան ժամանակ ընթերցում ենք Հին եւ Նոր կտակարանների խօսքերը, այն լուանում ենք ջրով եւ գինով ու օծում: Այդպէս եւ Քրիստոս խաչի վրայ Իր կրկնավտակ աղբիւրներով՝ Արեամբ եւ Ջրով, օծեց խաչը, եւ այդպիսով այդ մահուան փայտն ու անէծքի գործիքը տուեց մեզ որպէս կենաց փայտ եւ օրհնութեան գործիք՝ ըստ այն խօսքի, թէ «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար»[6], եւ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգևոր օրհնութեամբ:
Ութերորդ հարցում. ինչո՞ւ ենք միայն խաչափայտի նիւթը պաշտում, եւ ոչ խաչի բոլոր նիւթերը եւս: Կը պատասխանենք, որ Բանն Աստուած նիւթական Մարմնով անընդմիջաբար բեւեռուեց խաչափայտի նիւթին, որի պատճառով խաչի ամբողջ նիւթը եւ նրա բոլոր մասերը մեզ համար երկրպագելի ու պաշտելի են: Սակայն այլ բազմաթիւ խաչերի վրայ Քրիստոս ձեւի միջնորդութեամբ է բեւեռւում նիւթի մէջ, որի պատճառով մեզ համար պաշտելի է սուրբ խաչի նշանը եւ ոչ թէ նիւթը: Դարձեալ՝ զգալի կերպով Քրիստոսի Արիւնը գոյնի որակով կաթեց խաչի վրայ եւ մինչեւ աշխարհի վախճանը Քրիստոսի Արիւնն՝ ըստ իր որակի, անբաժանելի է չարչարանքների գործիքից: Քանզի ինչպէս Աբելի արիւնը չծածկուեց երկրի երեսից, մինչեւ որ այն սրբուեց ջրհեղեղով, այդպէս էլ Քրիստոսի Արիւնը չի ծածկուի երկրի երեսից, մինչեւ որ հուրը չսրբի այն: Եւ ինչպէս մինչեւ վախճանի օրը Քրիստոսի Մարմնի վրայ պիտի մնան խոցերի վէրքերը, որպէսզի նայեն Նրան, ում խոցեցին, նոյնպէս էլ Արեան որակը պիտի մնայ խաչի, բեւեռների եւ Քրիստոսի չարչարանքների այլ գործիքների վրայ, մինչեւ որ գայ Գալստեան Մեծ Օրը: Այդ պատճառով երկրպագում ենք խաչի նիւթը, ինչպէս նաեւ նրա բոլոր մասունքներն ու բեւեռները:
Իններորդ հարցում. քանի՞ փայտից էր կազմուած խաչը: Կը պատասխանենք՝ չորս, ինչպէս որ ասուեց վերեւում. բունը կիպարիսից էր, պատուանդանը՝ նոճուց, թեւերն՝ արմաւենուց, իսկ վերնամասի տախտակը՝ ձիթենուց: Խաչափայտը կազմուեց սրանցից: Դարձեալ՝ նոճին խորհրդանշում է խոկման բարձրութիւնը, կիպարիսը՝ անուշահոտ բարեհամբաւութիւնը, արմաւենին՝ արդարութեան պտուղը, ձիթենին՝ ողորմութեան փափկութիւնը:
Տասներորդ հարցում. յաջորդ Գալստեանը Քրիստոս խաչափայտո՞վ է գալու, թէ՞ խաչի ձեւով: Կը պատասխանենք՝ ոմանք ասում են՝ լոյս է երեւալու խաչի ձեւով, եւ ոմանք՝ լուսաւորուած խաչ է ճառագայթելու, ինչպէս բեւեռներն ու գեղարդը: Եւ այս հարցում տարաձայնութիւն կայ, որովհետեւ ոմանք ապականացու են համարում տէրունական խաչը եւ առարկում երկու կերպով՝ ասելով:
Նախ՝ ամէն բան, որ կազմուած է չորս տարրերից, ապականութիւն է կրում: Արդ, խաչը փայտից է, որը չորս տարրերից է: Ապա ուրեմն այն եւս ապականւում է:
Երկրորդ՝ մարդու մարմինը, որ բանական է եւ կենդանի, ապականւում է մահուամբ: Ապա ուրեմն խաչը եւս ապականւում է, որովհետեւ այն ոչ կենդանի է եւ ոչ էլ բանական, այլ կենդանութեան քակտիչ է, քանի որ մահուան գործիք է:
Սրանց ընդդիմախօսում ենք՝ պատասխանելով. խաչն անապական է մնում ոչ թէ բնութեան օրէնքով, այլ աստուածային սքանչելիքով, ինչպէս օրինակ բնութեան օրէնքով չէր անսերմ յղանալը եւ կուսութեամբ ծնելը, որը Բանն Աստուած ներգործեց սքանչելապէս: Այսպէս էլ բնութեան օրէնքով չէ, որ խաչն անապական է, որովհետեւ նոյն Բանն Աստուած անբաժան միաւորուած է նրան: Իսկ երկրորդ առարկութեանն ընդդիմախօսելով՝ պատասխանում ենք. մարդու մարմինն ապականւում է, որովհետեւ նրանից անջատւում է կենդանացուցիչը՝ հոգին՝ ըստ այն խօսքի, թէ «Մարմինը հող է դառնում, որտեղից վերցուել է, իսկ հոգին գնում է առ Աստուած»: Սակայն խաչի կենդանութիւնը Քրիստոս է, Ով չի զատւում նրանից՝ ըստ այն խօսքի, թէ «Այս է հանգստավայրն իմ յաւիտեանս յաւիտենից, այստեղ պիտի բնակուեմ, քանզի հաւանեցի սա»[7]:
Այժմ բնական քննութեամբ եւ Սուրբ Գրքի վկայութեամբ ցոյց տանք, որ ճշմարտապէս խաչն անապական է:
Նախ՝ բնական քննութեամբ, որովհետեւ բոլոր արարածները Աստուծոյ ձեռքի գործն են՝ ըստ այն խօսքի, թէ «Չէ՞ որ այդ ամէնն Իմ ձեռքը պատրաստեց»[8]: Արդ, ինչպէս հրեշտակները գոյացան ոչնչից եւ Աստուծոյ կամքով անապական են ու անմահ, այսպէս եւ անապական են չորս տարրերը, որովհետեւ նրանցից իւրաքանչիւրն ապականւում է եւ դարձեալ խառնւում իրար, իսկ սրանք Աստուծոյ կամքով մշտապէս անապական են: Նմանապէս Աստուծոյ խաչն անապական է Աստուծոյ կամքով եւ Նրա ներգործութեամբ, քանի որ մարդկային ցեղի փրկագործութիւնն արեց նրա միջոցով:
Երկրորդ՝ ինչպէս ասում է առաքեալը, Աստուած Իր բոլոր արարածներին հաստատուն եւ նոյնութեամբ է պահում Իր խօսքի զօրութեամբ: Եւ սրանք պահպանւում են առանց Նրա էութեան միաւորութեան: Ուրեմն առաւել եւս անապական է խաչը, որովհետեւ նրա հետ է Աստուծոյ էութիւնը, այսինքն Բանն Աստուած, որ Մարմնով բեւեռուած է նրա վրայ:
Երրորդ՝ այդ խաչը շաղախուած է աստուածային Արեամբ, որովհետեւ Աստուած բեւեռուեց նրա վրայ: Արդ, եթէ խաչն ապականուի, ապա կ՚ապականուի նաեւ Արիւնը, որ նրա վրայ է: Ուրեմն յայտնի է, որ Բանի Մարմինն ապականացու են խոստովանում նրանք, ովքեր ապականացու են համարում նաեւ խաչը, եւ դրանք նեստորականներն են: Իսկ ովքեր Բանը Մարմնով անապական են խոստովանում, պարտաւոր են նաեւ անապական խոստովանել աստուածընկալ խաչը:
Չորրորդ՝ օրինակներից յայտնի է, որ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, խաչի օրինակն էր, իսկ տախտակները՝ խօսքի եւ դրախտի կենաց Ծառի: Արդ սրանք, որ օրինակներ են, անապական են: Ապա ուրեմն ճշմարտութիւն է, որ աստուածընկալ խաչն անապական է:
Հինգերորդ՝ ոչ մի ապականացու մարմին չի կարող ամբողջական պահել այլ միւսին, ինչպէս որ յայտնի է բոլոր նիւթական իրերից: Արդ, նա, որ կնքուած է պահում բոլոր գերեզմանները, օրհնում եւ հաստատում է եկեղեցիները եւ զօրավիգ է բոլորին փրկութեան համար, անապական է, որովհետեւ նշանն աստուածային է:
Վեցերորդ՝ Աստուած մեծապէս ներգործում է նուաստ եւ փոքր բաների մէջ, ինչպէս երբ կաւով բացեց կոյրի աչքերը կամ երբ վէմից տասներկու աղբիւրներ բխեցրեց եւ այլն: Այսպէս եւ փոքրիկ խաչով առաւել փրկութիւն բերեց աշխարհին ու անապական դարձրեց:
Եօթերորդ՝ Սողոմոն իմաստունն ասում է. «Օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում»[9], որը փրկչական խաչն է: Արդ, այն յայտնի դարձած եւ առանձնացուած է բոլոր փայտերից՝ արդարութեան արմատ լինելու համար, որով փրկուեցինք բանսարկուից, եւ ինչպէս փիլիսոփան է ասում՝ նրա գործը յաւիտենական է, իսկ ինքը՝ անապական: Ապա ուրեմն սուրբ խաչն անապական է:
Ութերորդ՝ մահուան գործիքն ապականացու է, իսկ խաչի մասին ասւում է. «Բոլորի կենաց ծառն է»: Եւ ինչպէս գիտութեան ծառը եղաւ մահուան պատճառ, այդպէս էլ խաչը եղաւ կեանքի պատճառ՝ պատասխանելով ցաւերի դեղերին: Արդ, կենդանութեան մայրը, որ սուրբ խաչն է, անապական է:
Իններորդ՝ դեւերը հալածւում են աստուածային նշանի զօրութիւնից, իսկ հրեշտակները սպասաւորում են նրան, ինչպէս որ յայտնի է սերովբէներից, որոնք փառքի Աթոռի ներքոյ են եւ խաչին թեւասքողած՝ վերաձայնում են Երեքսրբեանը: Արդ, եթէ այն ապականացու լինէր, դեւերը չէին վախենայ նրանից, ինչպէս որ չեն վախենում ո՛չ անասուններից, ո՛չ էլ անշունչ արարածներից: Ապա ուրեմն խաչն անապական է:
Տասներորդ՝ Տէրն այն տուեց որպէս Իր Գալստեան նշան՝ ըստ այն խօսքի, թէ «Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ»[10]: Եւ պիտի երեւայ ոչ միայն լոյսով, որովհետեւ իբրեւ նշան չտուեց լոյսը, այլ փայտեղէն խաչը, որի վրայ Միածին Բանը տարածեց Իր ձեռքերը, իսկ լոյսը պիտի երեւայ ի փառս այն խաչի: Ինչպէս որ Խաչեալն էր խաչելութեան պահին անշուք երեւում, իսկ յաջորդ Գալստեան ժամանակ Հօր փառքով եւ ամպերի միջով է գալու, այսպէս եւ Իր խաչն է այստեղ անշուք երեւում, սակայն Տիրոջ առջեւից պիտի գնայ արեգակնափայլ ճառագայթներով: Ապա ուրեմն սուրբ խաչն անապական է, որով թող Քրիստոս Աստուած մեզ՝ Իր բոլոր հաւատացեալներին, արժանացնի պայծառ դէմքով, զուարթ սրտով եւ խաչի լոյսով տեսնելու Սուրբ Երրորդութեան փառքը, որին փառք յաւիտեանս. ամէն:
[1] Հմմտ. Յայտն. ԺԲ 4:
[2] Սաղմ. ՀԳ 13:
[3] Հռոմ. Ը 17:
[4] Յովհ. Գ 14:
[5] Ղուկ. ԻԲ 19:
[6] Գաղ. Գ 13:
[7] Սաղմ. ՃԼԱ 14:
[8] Ես. ԿԶ 2:
[9] Իմաստ. ԺԴ 7:
[10] Մատթ. ԻԴ 30:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: