ԽՈՍՏՈՎԱՆՈՂ ՍՈՒՐԲ ԵՎԳԻՆԷՈՍ ԵՒ ՄԱԿԱՐԻՈՍ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

   Ճշմարտութեան քարոզք եւ լուսաւորիչք տիեզերաց էք,

պարծանք Եկեղեցւոյ եւ յոյս հաւատացելոց:

Համբերութեամբ ձերով ընկալայք ի Քրիստոսէ

զպսակս անապական եւ դասաւորեցայք

ի յերկինս ընդ անմարմնոցն դասս:

(Շարակնոց)
   
   Խոստովանող սուրբ վկաներ եւ բարի անուն թողած Եւգինէոսն ու երանելի Մակարիոսը Անտիոք քաղաքից էին եւ ապրում էին Յուլիանոս Ուրացողի կայսրութեան տարիներին: Նրանք Անտիոքի Եկեղեցու աւագագոյն ու բարեպաշտ երէցներն էին: Զարդարուած էին առաքինութիւններով եւ իմաստութեամբ, բարի օրինակ էին մեծերին ու փոքրերին, հաստատուն էին ճշմարիտ հաւատի մէջ  եւ ժողովրդին ամուր ու անսայթաք էին պահում քրիստոսամարտ կայսեր յարուցած հա­լածանքներում:

   Իր ինքնակալութեան տարիներին, երբ Ուրացողը շրջում էր Կիլիկիայի կող­­մերով, կանգ առաւ Տարսոն քաղաքում եւ մեծամեծ չարիքներ պատ­­ճառեց քրիս­տոնեաներին: Արիւնարբու գազա­­նի պէս մռնչում էր նրանց վրայ ու չարութեամբ գալիլիացիներ եւ նազովրեցիներ կոչում: Ապա աւար առնելով նրանց ամբողջ ունեցուածքը՝ վերադար­ձաւ Անտիոք: Այնժամ նրան տեղեկացրին այդ քա­ղաքի սուրբ քահանաներ Եւգինէոսի ու Մակարիոսի մասին, թէ նրանք են քրիստոնեաներին առաջնորդողները, եւ լինելով հեթանոսական կրօ­նի գլխա­ւոր թշնամիները՝ խրատում են ամբոխին ընդդիմանալ ինքնակալի հրամանին ու բոլո­րին յորդորում են աշակերտել Քրիստոսին:

   Այս լսելով՝ անօրէնն ատեան նստեց ու հրամայեց իր առջեւ բերել երանելի քահանաներին: Նախ սկսեց հարցաքննել նրանց. «Ովքե՞ր էք դուք, եւ ի՞նչ  գոր­ծ ունէք»: Առաջ եկաւ սուրբ Եւ­գինէոսն ու ասաց. «Մենք քրիստոնեաներ ենք եւ Քրիստոսի հօտի հովիւներ: Սա՛ է մեր գործն ու կեանքը»: Թագաւորն ասաց. «Ո՞ւր է ձեր Քրիստոսի այդ հօտը»: Եւգինէոսը պատասխանեց. «Սփռուած է արեգակի ներքոյ՝ ողջ տիեզերքով մէկ, իսկ մենք հովւում ենք այդ հօտը: Իմացի՛ր, ո՛վ ինքնակալ, որ Քրիստոսով են թագաւորները թագաւորում, եւ բռնա­կալները տիրում աշխար­հին: Իմացի՛ր, որ թէպէտ ապերախտ ես Բարերարիդ հանդէպ, սակայն այդ իշխանութիւնդ, որ ստացել ես Քրիստոսից, վաղը պիտի տրուի մէկ ուրի­շին, քանզի ինչպէս դու ես միօրեայ, այնպէս էլ քո իշխանութիւնն է միօրեայ, իսկ Նրա թագաւորութիւնը յաւիտենական է ու վախ­ճան չունի»:

   Այս խօսքերից սրտմտելով՝ հայհոյիչն ասաց. «Ո՛վ ամբարիշտ եւ զուրկդ կուռքերի բարերարութիւններից, քո Քրիստոսն է միօրեայ, Ով ծնուել է Օգոստոս կայսեր օրօք: Ինչպէ՞ս է Նա յաւիտենական Թագաւոր»: Վկան պատասխանեց. «Ո՛վ թագաւոր, մեր Տէրը, ըստ Իր անճառ տնօրէնութեան, երբ մարդացաւ եւ մարմին առաւ սուրբ Կոյս Մարիամից, արդարեւ, մտաւ ժամանա­կի մէջ, իսկ ըստ աստուածութեան ու նախայաւիտեան ծննդեան՝ վեր է, քան ժամանակները»: Ան­օրէնը ծիծաղեց սուրբի՝ իբրեւ ռամկի եւ հելլէնական կրթութեան մէջ անգէտի ու ասաց. «Ո՛վ թշուառական, ապա ուրեմն քո Քրիստոսը եր­կու անգամ է ծնուել: Եթէ դու պարծենում ես դրանով, ապա յոյ­ներն ունեն գերհանճար այրեր, ովքեր ծնուել են ոչ թէ երկու, այլ երեք ան­գամ, ինչ­պէս Հերմէսը, որի մասին նրանց սրբազան եւ սքան­չելի գրքերը պատ­մում են, թէ ծնուել է երեք անգամ ու իր անձը ցոյց տուել աշխարհին: Այդ պատճառով նրան կոչեցին Տրիսմեգիստոս, որը նշանակում է «երեք անգամ ամենամեծ»: Նրա­նից յետոյ Պիւթագորասը եւս երեք անգամ աշ­խարհ եկաւ: Նրա մասին, ով առաջ եգիպտացի նա­ւա­վար էր, գրում է Հոմերոսը՝ նրան կո­չե­լով Եւ­փոր­բոս, իսկ յետոյ ճանաչուեց որպէս Պիւթագորաս Սամիացի՝ Մնի­սար­քի որդի»: Այնժամ սուրբ Եւ­գինէոսը, ծիծաղելով հեթանոսական աւանդապատումների սնոտի պատմութիւնների վրայ, ասաց բռնաւորին. «Քո ունայնաբանութիւնները պատասխանի արժանի չեն, սակայն ժողովրդի փրկու­թեան հա­մար, որում կան Քրիստոսի հօտի ոչ քիչ անդամներ, հարկ եմ համարում փոքր-ինչ խօ­­սել: Դու ինքդ գիտես, որ մարգարէները կան­խա­պէս խօսել են Փրկչի աշխարհ գալստեան մա­սին, եւ բազում են Նրա ճշմարտութեան վկաները: Ան­գէտ չես նաեւ ձեր պատգամախօսութիւններից եւ սիբելեան մատենագրութիւններից: Նրա՝ մարմ­նով աշխարհ գալուստը վկաների կողմից քա­­րո­զուել է մեղքի տակ կքած մարդկային ազ­գի փրկութեան համար: Գիտես, որ Նա փարա­տում էր մարդկանց ցաւերը ու Իր մէկ խօսքով յա­րութիւն տալիս մեռելներին: Գիտես նաեւ աւե­լին. անպարտ լինելով՝ Նա յանձն առաւ խաչով մա­­հը եւ երեք օրից յարութիւն առաւ աստուա­ծա­բար, որի վկաները ձեր զօ­րա­կան­ներն էին: Էլ չեմ ասում այն բոլոր հրաշքների ու գործերի մասին, որոնք Նրա անուամբ աշխարհով մէկ արեցին Նրա աշակերտները, եւ ձեր սնոտի գիտութեանն անտեղեակ ու անուսում ձկնորսները ողջ տիեզերքին Տիրոջ զօրութեամբ եւ իմաստութեամբ իրենց աշակերտ դարձրին: Թո՛ղ այդ մարդկանց բազմապատիկ ծնունդների մասին առասպելաբանութիւնները: Մի՞թէ այդ Հեր­մէսը կամ Պիւթագորասը կարողացան մէկի փրկութեան պատճառ լինել կամ կարողացան սրբել բորոտներին կամ խօսքով հիւանդներին բժշկել ու մեռելներին յարութիւն տալ»: Եւ սուրբ Եւգինէոսը այլ նման շատ խօսքեր ասաց ինքնակալի առջեւ ու հելլէնական գրքերից օրինակներ բերելով՝ ցոյց տուեց նրանց կողմից բարձրագոյն իմաստութիւն համարուած ուսմունքի ունայնութիւնը:

   Այնժամ ամօթահար լինելով՝ Յուլիանոս Ուրա­ցո­ղը գոչեց ատեանից. «Ո՛վ հռո­մէացիներ եւ հելլէններ, տեսէ՛ք, թէ այս պիղծ ու անօրէն մարդը որքան ա­նարգանքներ թափեց մեր կուռքերի վրայ: Երդւում եմ լուսացնցուղ արեւով, որ թոյլ չեմ տայ ամբարիշտներիդ քաջահմուտ լինել յունական դպրու­թեան մէջ»:

   Այս ա­սելով՝ հրամայեց Քրիստոսի նա­հատակին մատնել դահիճների ձեռքը, որպէսզի նրան կապեն եւ հինգ հարիւր անգամ գանահարեն: Դա­հիճները բարակ չուաններով պրկեցին նրան սեա­նը ու սկսեցին մահակներով ուժգին հարուածել: Մունետիկը նրան քարոզում էր. «Կատարի՛ր ինք­նակալի կամքը, դա­դա­րի՛ր նրա դէմ խօսելուց եւ կազատուես դահիճների ձեռքից», իսկ սուրբ վկան լռութեամբ եւ արիաբար տանում էր բոլոր անողորմ հարուածները:

   Ապա թագաւորը դարձաւ Մակարիոսին ու ասաց. «Իսկ դո՞ւ ինչ կա­սես, ո՛վ թշուա­ռա­­կան»: Վկան պատասխանեց եւ ասաց. «Դո՛ւ ես թշուառական ու առաւել ողորմելի, քան բոլոր մարդիկ, իսկ ես Տիրոջ շնորհով կրել­ով քրիստոնեայ անու­նը՝ երանելի եմ, որովհետեւ դաւանում եմ Քրիստոսին եւ միայն Նրան եմ երկրպագում: Բայց դու ուրանում ես քո Տիրոջն ու Աստծուն եւ թողնելով Արար­չին՝ յարում ես անմռունչ ու պիղծ կուռքերին, հետեւում նրանց եւ ինքդ քո ձեռքով քեզ անշէջ հրի ժառանգորդ դարձ­նում: Եւ ինչպէ՞ս ես հա­մար­ձակ­ւում ուրիշներին եւս նոյն խորխորատի մէջ ձգել եւ Քրիստոսի պատուական Արեան գինն ունեցողներին յաւիտենական մահուան մատնել»: Սաստեց նրան Ուրացողն ու ասաց. «Գիտե՛մ, որ դու մահ ես կամենում եւ մարտիրոսանալ ես ուզում, որի համար բարկացնում ես ինձ, որպէսզի զրկեմ քեզ կեանքից: Սակայն ինչպէս յոյս ունես, այդպէս չեմ վարուի: Դու նախ պատասխանի՛ր՝ ո՞վ ձեզ իշխանութիւն տուեց, որ տեղից տեղ շրջելով՝ եղծում էք աստուածների պաշտամունքներն ու զոհաբերութիւնները եւ ուսուցանում մարդկանց, թէ նրանք աս­տուածներ չեն, թէ չեն պահպանում տիեզերքն ու մարդկային ազ­գին: Դարեր ի վեր հայրենաւանդ սովորութեամբ մարդկային ազգի մէջ բնաւորուել է նրանց պաշտելն ու երկրպագելը, իսկ ձեր Քրիստոսին, Ով ծնուել է մե­զանից ոչ շատ առաջ, քարոզում էք որպէս Աստուած եւ յաւիտեանների նախայաւիտենական Թագաւոր»: Մակարիոսն ասաց. «Քեզ բաւարար չեղա՞ն Եւգինէոսի իմաստուն պատասխանները, դարձեալ նո՞յնն ես հարցնում: Ես պիտի կրկնեմ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս, Ում դու ծաղ­րում ես, ասաց Իր աշակերտներին. «Գնացէ՛ք, աշակերտ դարձրէք բոլոր ազգերին, մկրտէ՛ք նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանէ՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատուիրեցի ձեզ»: Եւ նրանք գնացին ու բոլոր ազգերին քա­րոզեցին ճշմարիտ Աստծուն, Ով արարել է երկինքն ու երկիրը: Իսկ քո կուռ­քերի պաշտամունքը առասպելական,  յօրինուած խաբկանք է, դիւական ցնորք: Դրանց համար գրուած է. «Աստուածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, թող կորչեն»: Եւ բացի դրանից՝ քո ազգական Կոստանդիանոսի ինքնակալութեան սահմանած օրէնքը, որը մերժուեց ձեր կողմից, վե­րացրեց դրանց պաշտամունքները, կործանեց դրանց բոլոր մեհեանները եւ ար­գելեց զոհաբերութիւնները: Եւ արդ, ի՞նչ չար բան ենք անում, եթէ պահում ենք Աս­տուծոյ պատուէրն ու ինքնակալի հաստատած օրէն­քը եւ նոյնը յորդորում ենք մարդկանց, որպէսզի խափանենք սատանայական մեքենայութիւն­­­ներն ու վերացնենք ձեր սին պաշտամունքները»: Յուլիանոսն ասաց. «Կոստանդիանոսը, խաբուելով գալիլիացիներից, գործեց անարժանը եւ ապստամբեց աստուածների դէմ, քանզի նա կրթուած չէր գիտութեան ասպարէզում ու խելամուտ չէր ո՛չ հռոմէական եւ ո՛չ էլ յունական օրէնքներում ու կարգե­րում: Իսկ ես, որ ստացել եմ հելլէնական եւ հռոմէական ծայրագոյն կրթութիւն, մեծանուն մարդկանցից ուսանել եմ դիցաբանութիւն, պղատոնական իմաստասիրութիւն ու նաեւ ծանօթ լինելով հրէական մատեաններին՝ հրաման եմ տուել մարդկանց՝ դառնալ նախկին աւանդուած կարգին»:

   Այս ասելուց յետոյ անօրէնն այլեւս արգելեց Մակարիոսին խօսել եւ հրամայեց դահիճներին. «Այժմ մերկացրէ՛ք դրան ու թող տեսնի հարուածների համը, որ­պէս­զի զգաստանայ եւ ակամայ ընդունի մեր օրէնքը»: Այնժամ կապեցին նրան Եւգինէոսի դիմաց գտնուող մէկ այլ սեանը ու սկսեցին դաժանաբար անխնայ հարուածել: Բռնաւորը, տեսնելով, որ Քրիստոսի երկու վկաները ոչինչ են համարում այդ տանջանքները, դահիճներին հրամայեց արձակել նրանց սիւներից, գլխիվայր կախել, շիկացած երկաթներով խանձել նրանց մարմինները եւ ապա թունաւոր սողուններ արձակել նրանց վրայ: Սակայն երանելիներն Աստուծոյ շնորհով անվնաս պահուեցին այդ բոլոր տանջանքների մէջ ու չմեռան:

   Նրանց սոսկալի չարչարանքների ականատեսն էր Արտեմիս անունով մի բարեպաշտ իշխանաւոր, ով դեռեւս Կոստանդիանոսի ժամանակներից արքունի պալատի երեւելի անձանցից մէկն էր եւ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի կայսերական դուքսը: Սա, ներկայ գտնուելով, մօտեցաւ Յու­­լիա­նոսին ու սկսեց իմաստուն խօսքերով կշտամ­բել նրան՝ Աստուծոյ քահանաներին դաժան չարչարանքների ենթարկելու եւ տմարդի կերպով նրանց տանջելու համար ու ասաց. «Նման գործերը բռնակալներն են անում եւ ոչ՝ ինքնակալները»: Այնժամ մոլեգնած անօրէնն իր ողջ ցասումը դարձ­րեց Արտեմիսի վրայ ու հրամայեց խստագոյն տանջանքներով նահատակել նրան: Իսկ Եւգինէոսին եւ Մա­կա­րիո­սին հրամայեց կապուած արտաքսել Արեւմուտք՝ մաւրիտանացիների երկիրը՝ Անդիդոն, ուր բնաւ չէր ծագել քրիստոնէութեան լոյսը, իսկ տեղի բոլոր բնակիչները արեւապաշտներ ու կռապաշտներ էին: Աստուած սուրբ քահանաների քարոզութեան միջոցով այցելեց տե­ղի բնակիչներին, եւ շատերն ըն­դու­նե­ցին քրիս­տո­նէութիւնը:

   Այդ երկրում կար երկրի մակերեւոյթից տասնութ մղոն 1 բարձրութեան վրայ գտնուող մի բարձր լեռ, որի ստորոտն արեւի տապից այնքան էր ջերմանում, որ քարերն ասես հնոցի ջերմութիւն էին ար­ձակում: Այնտեղ բոյն էր դրել մի սոս­կալի վիշապ, որը մեծամեծ վնասներ էր պատճառում գաւառի մերձակայ բնա­կիչներին: Չար վիշապից ազա­տուելու համար նրանք դիմեցին սուրբերին եւ աղաչեցին նրանց, որ իրենց համար մի հնար գտնեն: Սուրբերը նրանց հետ բարձրացան լեռն ու աղօթեցին Աստծուն: Եւ ահա յանկարծ մի դղր­դիւն ելաւ, ու վիշապը դուրս եկաւ այրից: Այն­քան սոսկալի էր նրա կերպարանքը, որ թւում էր, թէ նրա աչքերից ու ռունգերից հուր էր ժայթքում: Նոյն պահին, երբ քահանաները սուրբ Խա­չի նշանով կնքեցին նրան, վիշապն ա­­հեղաձայն շաչիւն արձակեց եւ պայթելով սատկեց: Այս տեսնե­լով` աւելացաւ հաւատացեալների թիւը, իսկ երանելիները, մտնելով վիշապի այրը, աղօթքներով սրբեցին ու մաքրեցին այդ վայրը եւ իբրեւ մենակեացներ՝ քառասուն օր ճգնեցին այնտեղ: Եւ մի օր արեւելքում տեսան, որ մի աստղ ընկաւ երկն­քից, որը նրանց համար Յուլիանոսի կորստեան նախանշանն էր: Այդպէս էլ եղաւ, քանզի Տիրոջ 363 թուականին նա դաժան մահուամբ մեռաւ Պար­սից աշխարհում: Իսկ սուրբ քահանաներ Եւգի­նէոսն ու Մակարիոսը մինչ այս աշխարհից փո­խուելը ճգնեցին այդ լեռան վրայ, իսկ այդ տարածքում, ուր բնաւ ջուր չէր եղել, սուրբերի աղօթք­­ներով սառնորակ ու բարեհամ առատ աղբիւրներ բխեցին: