Քրիստոսական հօտին անմահ արօտ եւ ջուրք հանգստեան.
Հսկող հովիւ խաւարահալած բանաւոր փարախ սուրբդ Թովմաս.
Բարեխօս լեր առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Տասներկու ընտրեալ առաքեալներից մէկը՝ Թովմասը, որին «Երկուորեակ» են կոչում, համարւում է Հայոց երկրում առաքելութեան կոչուած սուրբ Թադէոս առաքեալի երկուորեակ եղբայրը: Թովմաս անունը ծագում է եբրայական «Թէհէմ» անունից, որ թարգմանաբար նշանակում է խորք: «Երկուորեակ»-ը նրա մականունն է, իսկ Յուդան՝ նրա տան եւ ազգատոհմի անուանումը, որի համար գրւում է Թովմաս Յուդայեանց: Գիտենք, որ նա ազգութեամբ իսրայէլացի էր, իսկ թէ որ քաղաքից կամ գաւառից էր, կամ երուսաղէմացի էր, թէ գալիլեացի, ինչպէս միւս առաքեալները, Սուրբ Գիրքն այդ մասին ոչինչ չի յայտնում: Սուրբ Թովմասի մասին ստոյգ եւ ճշմարիտ տեղեկութիւնները՝ մի մասը վերցուած Աւետարանից, մի մասն էլ սուրբ վարդապետների աւանդութիւններից, բովանդակուած են ստորեւ:
Աւետարանում յիշատակութեան արժանի խօսքերից է աշակերտներին ուղղուած սուրբ Թովմասի երկդիմի այն արտայայտութիւնը, որ ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ Նրա հետ մեռնենք»[1]: Վարդապետներից ոմանք այս խօսքը համարեցին երկչոտ մտքից ելած խօսք, բայց մեծանուն սուրբ հայրերից եւ մեկնիչներից շատերն իրաւամբ այն իմաստասիրեցին գովելի մտքով: Եւ զուր չէ, որ սուրբ Աւետարանը բովանդակել է Թովմասի այդ խօսքը, որովհետեւ այն յայտնի դարձրեց, որ երբ աշակերտները հրեաների հալածանքների պատճառով վարանում էին դարձեալ Հրեաստան գնալ, միայն Թովմասն էր, որ համարձակուեց խրախուսել իր եղբայրներին անվեհեր գնալ իրենց Տիրոջ եւ Վարդապետի հետ, թէկուզ վիճակուի մեռնել, որովհետեւ նա ցոյց տուեց, որ պէտք չէ վախենալ մահից, որքան էլ ուրուագծւում էր մահուան երկիւղը:
Յայտնի է նաեւ վերջին Ընթրիքի ժամանակ Թովմասի ճշմարտախոհ այն հարցումը, թէ. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»[2], որով արժանացաւ Տիրոջ կողմից վեհագոյն պատասխանի՝ որպէս կարեւոր ուսուցում իր անձի, ընկերների եւ ճշմարտութեանն աշակերտած բոլոր անձանց, թէ «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ Ինձնով»[3]: Սակայն Թովմասի նշանաւոր եւ աշխարհաքարոզ խօսքն ու գործելակերպն առաւել հանդէս եկան Փրկչի Յարութեան օրերին, երբ բոլոր հաւատացեալների համար Թովմասին կանոն աւանդուեց հաւատալ անտեսանելի խորհուրդներին եւ ոչ թէ երեւացողներին: Թովմասի կարծեցեալ թերահաւատութիւնը եղաւ հաւատի հաստատութիւն բոլոր քրիստոնեաների համար: Տենչի եւ կարօտի ճիչ էին այն խօսքերը, երբ նա ասաց. «Եթէ չտեսնեմ Նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ»[4], քանզի յատուկ է մեր բնութեանը՝ առաւել հեշտութեամբ հաւատալ տխուր լուրերին, քան ուրախ աւետիսներին:
Արդարեւ, Թովմասն անձամբ չէր տեսել Տիրոջ Խաչելութիւնը, որովհետեւ փախել էր միւս աշակերտների հետ, բայց երբ տեսաւ, որ բռնեցին Տիրոջը եւ լսեց Նրա խաչին բեւեռուելու ու կողը խոցելու մասին, չերկմտեց, որովհետեւ իր Տէրը եւ Վարդապետը վաղօրօք պատմել էր այդ մասին, որից էլ միշտ վախենում էր: Տեսնելու սաստիկ ցանկութիւնից եւ նախանձախնդրութիւնից դրդուած՝ աշակերտներին ասաց. «Եթէ դուք ճշմարիտը չասէք, ես չեմ հաւատայ: Եւ ինչո՞ւ, որովհետեւ դուք տեսաք, իսկ ես՝ ոչ, դուք վայելեցիք, բայց ես զուրկ մնացի: Եւ ահա ես կը մեռնեմ սրտիս ցաւից, եթէ չտեսնեմ»: Առաքեալներն արդարացիօրէն յանդիմանեցին նրան՝ ասելով. «Ի՞նչ ես ասում, Թովմա՛ս, եթէ դու, որ Նրա աշակերտն ես, չես հաւատում, ինչպէ՞ս կը հաւատան հրեաներն ու օտարները: Եթէ առաքեալդ եւ սիրելիդ չի ընդունում սուրբ Յարութեան լուրը, ինչպէ՞ս այն կ՚ընկալեն խաչը հանողները եւ թշնամիները: Եւ եթէ մենք չենք կարողանում հաւատացնել մեր աշակերտակցին, ինչպէ՞ս կարող են մեր խօսքերը տեղ գտնել հեթանոսների ու օտարների մէջ: Մի՞թէ չե՞ս յիշում մեր երկնաւոր Վարդապետի գործած այնքան հրաշքները: Արդեօք նոյն Տէրը չէ, որ մեռելներին յարութիւն տուեց, ինչպէս եւ չորսօրուայ մահացած Իր եւ մեր բարեկամ Ղազարոսին, նաև անձամբ վկայեց, թէ երրորդ օրը յարութիւն պիտի առնի: Եւ ահա խօսքերն իրողութիւն դարձան: Մենք մեր աչքով տեսանք Նրան եւ շօշափեցինք ձեռքերով, իսկ դու դժուարանո՞ւմ ես հաւատալ»: «Արժանահաւատ են ձեր խօսքերը, - ասաց Թովմասը, - սակայն չեմ կարող հաւատալ: Ինձ կամակոր կամ անհնազանդ մի՛ համարէք, այլ հովացրէք սրտիս ցանկութիւնը: Արդարացի համարէք իմ խօսքերը` ի պատասխան ձեր խօսքերին: Արդարեւ, դուք պէտք է հաւատքի բերէք հրեաներին եւ հեթանոսներին՝ վկայելով, թէ անձամբ էք եղել տիեզերաց Վարդապետի Յարութեան ականատեսները եւ Կենաց Բանին շօշափողները, իսկ ինձ ո՞վ կը հաւատայ, եթէ խօսեմ, ինչպէս որ լսել եմ՝ առանց Նրան տեսած եւ շօշափած լինելու: Մի՞թէ ես բոլոր առաքեալներից յետինն եմ: Արդ, դուք տեսաք եւ հաւատացիք, որով էլ համարձակ հավատքի կբերեք ուրիշներին: Ես եւս կամենում եմ տեսնել, որպէսզի հաւատամ ու հաւատի բերեմ: Եւ եթէ իմ Տէրն ու Վարդապետը համարում է ինձ Իր աշակերտը, ինչպէս որ ձեզ, անկասկած կը կատարի իմ սրտի ցանկութիւնը, ցոյց կը տայ ինձ Իր քաղցր դէմքը եւ կենարար վէրքերի ու խոցերի նշանները»: Խօսում էր այսպէս եւ յորդ արտասուքներով թախանձում իր սրտի ցանկութեան իրականացումը:
Իսկ երկնաւոր Վարդապետը, իմանալով Թովմասի այս յոյժ գովելի ցանկութեան մասին, եօթ օր անտեսանելիօրէն խրատեց նրան՝ սովորեցնելով հեռու չմնալ եղբայրների միաբանութիւնից եւ ընդունել Իր աշակերտների միաձայն քարոզուող վարդապետութիւնը: Ապա ութերորդ օրը տիրաբար կատարեց նրա ցանկութիւնը եւ առաքեալների առջեւ ասաց նրան. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ Իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»[5]: Եւ ո՞վ կարող է պատմել այդ ժամին Թովմասի ուրախութեան եւ սիրոյ զգացմունքների մասին: Նա ամօթալից չհամարեց Տիրոջ յանդիմանութիւնը, այլ եղաւ ինչպէս ծարաւից պապակող մէկը, որը փափագով ընդունեց կենարար զովացուցիչ աղբիւրը: Եւ իսկոյն, իբրեւ ոռոգուած ու դալար մի ծառ, պտղաբերեց ու կենդանի հաւատի արդիւնքներ տուեց՝ գոչելով սրտով եւ բերանով. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: Ասես, թէ ասաց. «Հաւատացի եւ հաւատում եմ, որովհետեւ Դու նոյն Տէրն ես, որ տնօրինաբար կամաւոր յանձն առար խաչելութեամբ մահը եւ աստուածաբար յարութիւն առար: Ես հաւատում եմ Քո Յարութեանը: Դու ես մեր Յարութիւնը եւ Կեանքը: Այսուհետեւ ամբողջ տիեզերքի առաջ ես աներկբայ կը հնչեցնեմ Յարութեան փողը՝ իբրեւ ականատես»: Իսկ Փրկիչն ասաց. «Որովհետեւ դու Ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կը հաւատան»[6]: Այս խօսքերով հաւատարիմ աշակերտը դարձեալ լուսաւոր խրատ ստացաւ երկնաւոր Վարդապետի բերանից, այն էր՝ քարոզել մեզ՝ հաւատացեալներիս ի մխիթարութիւն: Եւ այնուհետեւ երանելի Թովմասն այդ խօսքը որպէս զօրաւոր զէնք, պահում էր ձեռքին, որպէսզի ամէնքին հաւատալի դարձնի առաքելական իր քարոզչութիւնը: Քանզի եթէ Տէրն այդ խօսքերը չասէր, ապա Թովմասին լսողները կարող էին ասել. «Ինչպէս որ դու նախ կամեցար տեսնել եւ ապա հաւատալ, նոյնպէս էլ թույլ տո՛ւր մեզ, որ նախ տեսնենք Քրիստոսին, եւ ապա հաւատանք»: Իսկ Թովմասը տալիս էր նրանց Տիրոջից սովորած պատասխանը. «Ըստ իմ Տիրոջ եւ Վարդապետի անսուտ վկայութեան՝ երանի՛ է ձեզ, եթէ առանց տեսնելու հաւատ ընծայէք, քանզի հաւատն ինքնին անտեսանելիները տեսնողն է, որոնք տեսանելի են հոգու աչքերին եւ ոչ թէ մարմնի: Իսկ այն դէպքերը, որոնք կատարուեցին ինձ հետ, եղան որպէս խրատ եւ ի վարդապետութիւն բոլորի համար: Եւ նոյն Տէրը, որ ասաց մեզ. "Երանի ձեր աչքերին, որ տեսնում են Ինձ եւ ձեր ականջներին, որ լսում են Իմ խօսքերը", բոլորի առջեւ ասաց ինձ. "Երանի նրանց, ովքեր չեն տեսել, բայց հաւատում են"»:
Արդ, ինչպէս ամբողջ աշխարհի, այնպէս էլ բոլոր առաքեալների՝ Բանն Աստուծոյ քարոզիչների համար Թովմասի հետ կատարուած այդ դէպքերը մեծամեծ բարիքների առիթ եղան, որովհետեւ առաւել նրանք հաստատուեցին յարութեան հանդէպ հաւատի մէջ եւ օրինակ առան՝ ուրիշներին ճշմարիտ հաւատի մէջ հաստատելու համար: Եւ չէին պարսաւում երանելի Թովմասին, այլ աւելին՝ շնորհակալ էին նրան, որովհետեւ նրա շնորհիւ մէկ անգամ եւս արժանացան Փրկչի տեսութեանը եւ լսեցին Նրա կենարար վարդապետութիւնը:
Նա ինքը՝ սուրբ Թովմասը, որ այդ պահին թուաց աւելի տկար, քան միւս առաքեալները, այնուհետեւ երեւաց բոլորից առաւել զօրաւոր: Սուրբ Հոգին ընդունելուց յետոյ մեծ համարձակութեամբ եւ անխոնջ աշխատասիրութեամբ իր անձը մատնեց Աւետարանի քարոզչութեանը, քանզի Թովմասի նման ոչ ոք չշրջեց հեռաւոր եւ բազմաթիւ երկրներում: Համաձայն հայրերի եւ վկայագիրների միաբան աւանդութեան՝ երբ առաքեալները սփռուեցին ողջ աշխարհով մէկ՝ Տիրոջ խօսքով քարոզելու Աւետարանը, Թովմասին վիճակուեց գնալ Հնդկաստան, եւ այնուհետեւ քարոզել նաեւ շատ այլ երկրներում, որ կային արեւելեան կողմերում: Այդ պատճառով է ասւում, թէ քարոզեց պարթեւներին եւ մարերին, պարսիկներին եւ կրմաններին, բակտրիացիներին եւ Մարդաստանի բնակիչներին, արեւելեան Հնդկաստանից մինչեւ Սինէական տարածքներում՝ բոլոր տեղերում Քրիստոսի անուամբ հրաշքներ գործելով, շատերին հաւատքի բերելով եւ տեղ-տեղ Աստուծոյ սպասաւորներ կարգելով: Ասում են, թէ շրջել է եթովպիացիների երկրում, որոնց նաեւ հնդիկներ եւ խափշիկներ են կոչում, գնացել է նաեւ երանելի երեք մոգերի երկիրը, որոնք եկել էին երկրպագելու Քրիստոսի Ծնունդը: Գտնելով մկրտել է նրանց եւ իրեն աշակերտ դարձնելով՝ դարձրել իր գործակիցները սուրբ Աւետարանի քարոզչութեան գործում: Եւ սա թերեւս Փրկչի մասնաւոր հրամանն էր:
Որպէս իր Տիրոջ եւ Վարդապետի դպիր եւ տնտես՝ նա ինքը՝ սուրբ Թովմասը, փութաց կատարել նաեւ Հայոց հաւատացեալ Աբգար արքային Տիրոջ տուած մասնաւոր խոստումը. Տէրը Աբգարին ուղղուած պատասխան թուղթը գրեց Թովմասի ձեռքով, եւ ինքը՝ սուրբ Թովմասն էլ հոգաց անյապաղ կատարել Տիրոջ կամքը՝ Եդեսիա ուղարկելով իր եղբօրը՝ սուրբ Թադէոսին: Սուրբ Թովմասն անցաւ այդ վայրերով՝ Հայոց եւ Ասորիքի Միջագետքով, Ասորեստանի միջով ճանապարհ բացեց՝ գնալու Արեւելքի խորքերը՝ մինչեւ Հնդկաստան: Զանազան վայրերում հաստատեց եկեղեցիներ եւ կարգեց քահանաներ, որի համար ասորիները եւ քաղդէացիները իրենց պատրիարքութեան Աթոռը համարում են սուրբ Թովմաս առաքեալի Աթոռը: Սակայն առաւել շատ հնդիկներն են ընդունում սուրբ Թովմասին՝ որպէս իրենց առաքեալ, որովհետեւ նա այնտեղ է աւարտել իր քարոզչութեան ընթացքը եւ Հնդկաստանի Մժդեհ արքայի օրօք այնտեղ էլ նահատակուել՝ չորս զինուորների կողմից խոցուելով գեղարդով:
Ինչպէս հաստատում են բոլոր վկայագրքերը, Բաղամիդիս կամ Կաղամինայ քաղաքում, որը Հնդկաստանի Նարսինգ գաւառի Մալապուր քաղաքն է եւ գտնւում է Մատրաս քաղաքից մի քանի մղոն հեռաւորութեան վրայ, սուրբ առաքեալի գերեզմանը մինչ օրս ուխտատեղի է դարձած: Այդ քաղաքը սուրբ Թովմասի քաղաք է կոչւում: Հնդկաստանում կատարուած իրադարձութիւնների արժանահաւատ պատմաբան, Սիլուանի եպիսկոպոս Հերոնիմոս Ոզորիոս Լիսբոնացին, որը մահացել է Տիրոջ 1580 թուականին, թողել է հետեւեալ պատմութիւնը. «Այն նոյն քաղաքում, որ ինչպէս ասում են Մալապուր է կոչւում եւ այժմ էլ սուրբ Թովմասի քաղաք է կոչւում, կար բլրի վրայ շինուած մի մատուռ: Տեղի բնակիչները հաստատում էին, որ Թովմասը հաւատի թշնամիների կողմից նահատակուել է այդտեղ: Եւ մի սովորութիւն կար. Քրիստոսի Ծննդեան տօնից ութ օր առաջ բոլոր քրիստոնեաները հաւաքւում էին եւ Աստուածային Պատարագ մատուցում: Տասնհինգ տարի առաջ այդ բլրի վրայ գտնուել էր քարից փորագրուած մի խաչ, որի գագաթին աղաւնու պատկեր կար, իսկ պատուանդանը մարգագետնի նմանութիւն ունէր: Ինչպէս խաչի գագաթը, այնպէս էլ թեւերը եւ պատուանդանը շուշանաձեւ վերջաւորութիւններ ունէին: Խաչն ամբողջապէս պարուրուած էր նոյն քարէ կամարով, իսկ կամարի վրայ փորագրուած էին նշանագրեր, որոնք ընթերցել ոչ ոք չէր կարողանում: Խաչն ամբողջութեամբ բաւական մեծ էր, եւ այն մատուռի խորանում կանգնեցուել էր բազմաթիւ մարդկանց ձեռքով: Խաչի վրայ տեսանելի էին երեւացող արեան հետքեր: Մի օր, երբ հաւատացեալները Քրիստոսի Ծննդեան տօնից ութ օր առաջ հաւաքուել էին այդ եկեղեցում՝ տօնախմբելու ամենասուրբ Կոյսին տրուած հրեշտակի աւետաբեր ողջոյնը, պատարագիչ քահանան ընթերցելու համար ձեռքն առաւ սուրբ Աւետարանը: Այնժամ այն խաչը թխագոյն դարձաւ եւ նրանից անասելի առատութեամբ անուշահոտ իւղ յորդեց: Ապա թուխ գոյնը կապուտակ երկնագոյն դարձաւ, իսկ այն տեղում, ուր արեան հետքեր կային, վարդագոյն փայլատակումներ լուսարձակեցին: Այդ հրաշքը երեւում էր ամէն տարի՝ միշտ նոյն օրը, եւ մեծ զարմանք էր առաջացնում այն, որ այս նշանը խաչի վրայ երեւում էր հէնց այդ օրը եւ ոչ թէ մէկ ուրիշ օր: 1561 թուականին, երբ քրիստոնեաները այդ օրը, որում խաչը սովորաբար շիթեր էր ցօղում, տօնախմբութեան համար հաւաքուեցին այդտեղ, Պատարագի ժամին սուրբ Աւետարանն ընթերցելու սկզբում զարմանալի բան կատարուեց, որովհետեւ խաչը երբէք չէր վերափոխւում նախքան Աւետարանն ընթերցելը: Յանկարծ խաչն սկսեց ցոյց տալ սեւ, բայց լուսափայլ բծեր: Գոյնը կամաց-կամաց ծաւալուեց, մինչեւ որ ամբողջովին թխակերպ դարձաւ: Խաչն այնպէս էր շողում, ասես, թէ օծուած էր իւղով: Ապա սկսեցին ցօղի նմանութեամբ շիթեր արձակուել, որոնք գնալով հոսում էին եւ յորդում, մինչեւ որ խաչն ամբողջովին թրջուեց: Քահանան արտասուքներով եւ հառաչանքներով աւարտեց սուրբ Պատարագը, ապա մտաւ խորան, մաքուր կտաւներով սրբեց խաչը, եւ ահա կտաւները ներկուեցին արնագոյն բծերով: Այնժամ քաղաքի իշխանները եւ ժողովրդի բազմութիւնը, ձեռքերը դէպի երկինք բարձրացրած, աղաղակեցին Քրիստոս Աստծուն՝ խնդրելով իրենց մեղքերի թողութիւն եւ ջերմեռանդ աստուածապաշտութիւն: Իսկ խաչը ցօղի նման անուշահոտ իւղերի շիթեր ցոլացնելուց յետոյ սկսեց յայտնապէս առաւել պայծառանալ եւ առաւել լուսափայլել: Այս նշանը քաղաքապետին եւ աւագ քահանային դրդեց շտապ գտնել մէկին, ով կը կարողանար թարգմանել այն նշանագրերը: Բնակիչներն ասում են, թէ Նարսինգի տէրութեան մէջ կար Բրակման անունով մէկը, որն իր գրագիտութեամբ եւ հմտութեամբ գերազանցում էր ամէնքին ու տիրապետում էր շատ լեզուների: Իսկոյն կանչեցին նրան եւ հարցրին, թէ արդեօք ճանաչում է այդ տառերը: Եւ նա պատասխանեց. "Սրանք հին նշանագրեր են, որոնք գործածում էին մեր իմաստուն նախնիները, սակայն մարդկանց անփութութեան պատճառով անհետացաւ նրանց ճանաչողութիւնը: Չասեմ նաեւ, թէ ինչ լեզուով էր գրուած, որովհետեւ խիստ դժուարին էր այն գտնելը": Այնժամ Բրակմանին ասացին, որ խորան մտնի, սակայն նա ընդդիմացաւ՝ ասելով, թէ արժան չէ, որ մարդը մօտենայ այն Սեղանին, որի վրայ կատարւում է աստուածային Խորհուրդը, սակայն անհրաժեշտութիւնից դրդուած՝ հարկադրեցին նրան: Եւ նա, խորամուխ լինելով, ընթերցեց նշանագրերը: Մի նշանագիրը տասը, տասնհինգ եւ քսան տառերի, այսինքն մի ամբողջ բառի փոխարէն էր եւ պարունակում էր այն իմաստը, թէ սուրբ այր Թովմասը, որն Աստուծորդու աշակերտն էր, Սեգամ արքայի օրօք Նրա կողմից առաքուեց այս վայրերը, որպէսզի ազգութիւններին ուսուցանի Բարձրեալ Աստուծոյ գիտութիւնը: Նա այդտեղ տաճար կառուցեց եւ հրաշքներ գործեց: Վախճանից առաջ աղօթում էր Աստծուն՝ ծնրադրած այս խաչի առջեւ, եւ խոցուեց գեղարդով ոմն Բրակմանի կողմից: Եւ մնաց այս խաչը՝ ներկուած սուրբ մարդու արեամբ՝ որպէս նրա առաքինութեան յաւերժական յիշատակ: Ահա այս իմաստն էին բովանդակում այդ նշանագրերը: Գրուածքն առաւել հաւաստի դարձրեց նոյն ուսմունքին ծանօթ այլ մէկը, որը կանչուեց այլ տեղից, որովհետեւ նշանագրերի նրա թարգմանութիւնը նախորդի հետ նոյն իմաստն ունէր: Այս դէպքերի հաւաստիութիւնը այն ժամանակներում հետազօտուել է փաստարկներով հանդերձ, եւ որեւէ մէկին անհնար է կասկածի տակ դնել աստուածային եւ սուրբ մարդու յայտնի եւ արժանահաւատ յիշատակը»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թովմաս առաքեալի յիշատակը տօնում է Աստուածածնի Վերափոխման երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
ԱՅՍՕՐ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՏՕՆՆ Է
Քրիստոսի երկինք համբարձուելուց եւ սուրբ Վերնատան մէջ Սուրբ Հոգու իջնելուց յետոյ առաքեալները սուրբ Աւետարանը քարոզելու համար աշխարհը բաժանեցին միմեանց միջեւ: Թովմաս առաքեալին վիճակուեց գնալ Հնդկաստան, սակայն նա չէր կամենում՝ այդ երկրում տիրող տօթի եւ նաեւ հեռաւորութեան պատճառով:
Այդ օրերին Հնդկաստանից Արբանէս անունով մի վաճառական էր եկել: Տէր Յիսուս երեւաց նրան ու հարցրեց. «Ո՛վ մարդ, որտեղի՞ց ես դու»: Արբանէսը պատասխանեց. «Ես մի վաճառական եմ եւ եկել եմ Հնդկաստան երկրից»: Յիսուս նրան ասաց. «Եւ ի՞նչ ես անում այստեղ՝ Երուսաղէմում»: Արբանէսը պատասխանեց. «Կամենում եմ մի հմուտ քարագործ եւ հիւսն վարձել, սակայն չեմ գտնում: Մեր թագաւորն ինձ այս երկիր ուղարկեց՝ գտնելու լաւ արհեստաւորներ՝ տներ եւ տաճարներ կառուցելու համար»: Յիսուս ասաց. «Ես մի բարի ծառայ ունեմ, որ հմուտ է բոլոր արհեստների, մանաւանդ հիւսնութեան մէջ եւ կամենում եմ վաճառել նրան»: Վաճառականը շատ ուրախացաւ եւ ասաց. «Եթէ դու վաճառես նրան, ես կը գնեմ»: Եւ նոյն պահին Թովմասը Աստուծոյ կամքով եկաւ այդտեղ:
Եւ Յիսուս Թովմասին ասաց. «Ահա քեզ վաճառում եմ նրան՝ Հնդկաստան տանելու համար»: Թովմասը պատասխանեց. «Թող Քո կամքը լինի, Տէ՛ր իմ»: Տէրը Թովմասին վաճառեց Արբանէսին երեք վկաներով՝ Պետրոս, Յակոբոս եւ Յովհաննէս առաքեալներով: Արբանէսը Թովմասին ասաց. «Դո՞ւ ես այս պատուական Մարդու ծառան», եւ նա պատասխանեց. «Այո՛, ես Նրա ծառան եմ»: Արբանէսն ասաց. «Նա կամենում է քեզ վաճառել, եւ ես կամենում եմ գնել»: Թովմասը պատասխանեց. «Թող բարին լինի»: Եւ Արբանէսը Թովմասին գնելու համար տուեց երեսուն դահեկան, իսկ Յիսուս նրան այսպիսի գրութիւն տուեց. «Ես՝ Յիսուսը՝ Յովսէփի Որդին, երեսուն դահեկանով վաճառեցի Իմ ծառայ Թովմասին», եւ այդ գրութիւնը կնքեցին Պետրոսի եւ Որոտման որդիների անունով: Եւ Թովմասը եւս վկայեց, որ ինքը Յիսուսի՝ Յովսէփի Որդու ծառան է:
Վաճառականը, Թովմասին վերցնելով, ճանապարհ ընկաւ եւ հասաւ Հնդկաստանի սահմանի մօտ գտնուող մի քաղաք, որը Սեդրոք էր կոչւում: Այդ օրը թագաւորի որդու հարսանիքն էր: Թովմասին ստիպելով հարսանիք տարան, որտեղ նա նստեց տրտմած, ոչ կերաւ եւ ոչ էլ խմեց: Այնժամ մատուցողը տրտմութեան համար ապտակեց Թովմասին, իսկ Թովմասը նրան ասաց. «Այն ձեռքը, որ հարուածեց ինձ, շները պիտի քարշ տան»: Փողհարը, որ եբրայեցի էր, հասկացաւ, թէ ինչ ասաց Թովմասը: Ապա մատուցողը գնաց ջուր բերելու: Նրան մի գիշատիչ առիւծ պատահեց ու յօշոտեց, մի շուն էլ, առնելով նրա ձեռքը, բերեց բազմութեան առաջ: Բոլորը ճանաչեցին մատուցողի ձեռքը: Այնժամ փողհարն ասաց. «Ես լսեցի, որ նա անիծեց նրան», եւ բոլորը զարմացան, թէ ինչպէս իսկոյն կատարուեցին անէծքի խօսքերը: Այնժամ ընկան առաքեալի ոտքերը եւ օրհնութիւն ստացան նրանից: Թովմասին մեծարեցին եւ պատուով տարան թագաւորի արքունիք, որ նա օրհնի հարսին ու փեսային: Եւ նա ներս մտաւ, օրհնեց նրանց ու մաղթեց, որ ապրեն սրբութեամբ եւ անխռով:
Այնուհետեւ նաւ նստելով՝ հասան Հնդկաստան: Արբանէսը Թովմասին տարաւ ու ցոյց տուեց Գնդափոռոս թագաւորին: Նա Թովմասին հարցրեց. «Ի՞նչ կարող ես անել», եւ Թովմասը պատասխանեց. «Ես հմուտ եմ քարի եւ փայտի հետ աշխատելիս, նաեւ տան ու դարպասի շինուածքների գործում»: Այս բանից թագաւորը յոյժ ուրախացաւ, բացեց իր գանձատունը, նրան շատ ոսկէ եւ արծաթէ գանձեր տուեց, որպէսզի իր համար թագաւորական գեղեցիկ եւ վայելուչ ապարանք շինի: Այս յանձնարարելով՝ արքան մեկնեց հեռաւոր աշխարհ:
Իսկ սուրբ Թովմաս առաքեալը թագաւորից ստացած բոլոր գանձերը բաշխեց աղքատներին եւ կարօտեալներին: Այս բանից թագաւորի եղբայրը չարացաւ Թովմասի դէմ, սակայն ոչինչ չկարողացաւ անել: Սաստիկ զայրացած այն բանի համար, որ նա վատնել էր թագաւորի հայրենի գանձերը, մահամերձ հիւանդացաւ: Եւ երբ արքան վերադարձաւ, տեսաւ, որ իր եղբայրը հիւանդ է, իսկ տաճարը՝ չկառուցուած, այնժամ սաստիկ բարկացաւ եւ հրամայեց առաքեալին բանտ նետել:
Երբ թագաւորի եղբայրը մահացաւ, Թովմասը յարութիւն տուեց նրան, եւ նա սկսեց պատմել արքունի դռան գեղեցկութեան մասին, որը Թովմասը թագաւորի համար շինել էր երկնքում: Այնժամ թագաւորը հրամայեց Թովմասին ազատել բանտից: Թագաւորն ու իր եղբայրը՝ Հնդկաստանի մեծամեծներով հանդերձ, ընկան նրա ոտքերը, իսկ Թովմասն սկսեց քարոզել Քրիստոս Աստծուն, Որին հաւատացին թագաւորն ու իր եղբայրը, նրանց ընտանիքներն ու ազգականները: Այդպէս ամբողջ քաղաքը հաւատաց Քրիստոսին եւ մկրտուեց:
Այնուհետեւ Թովմասը ելաւ շրջելու ողջ երկրով մէկ: Նա քարոզում էր Քրիստոսին եւ մեծամեծ հրաշքներ գործում: Բազմաթիւ մարդիկ հաւատացին Տիրոջը, եւ շատերին մեծ ուրախութիւն եղաւ:
Ժամանակ անց Գնդափոռոս թագաւորը բարի հաւատով փոխուեց ի Քրիստոս, եւ նրան յաջորդեց Մժդեհ անունով թագաւորը, որը չընդունեց Քրիստոսի հաւատը: Նա ամբողջ քաղաքի բազմութեան առջեւ չարչարանքների մատնեց Թովմասին, եւ ապա գեղարդով խոցելով՝ սպանեցին նրան: Հաւատացեալները տարան նրան եւ թաղեցին մի նշանաւոր տեղում, որտեղ շատ բժշկութիւններ էին լինում ՚ի փառս Քրիստոս Աստուծոյ: Իսկ թագաւորի որդիները՝ Սիփորոսը եւ Յուզանէսը, նրանց յետեւից գնացին լեռը՝ տեսնելու առաքեալի նահատակութիւնը, որից յետոյ քաջալերուեցին եւ հաստատուեցին Քրիստոսի հաւատի մէջ:
Եղաւ, որ Մժդեհի ընտանիքի անդամներից մէկը, որն այսահարուած էր, չէր կարողանում բժշկութիւն գտնել: Մժդեհը գնաց Թովմասի գերեզմանի մօտ, բայց այնտեղ չգտաւ առաքեալի մարմինը, որովհետեւ սուրբի աշակերտները թաքցրել էին եւ յետագայում բերել ասորիների Միջագետք: Այնժամ Մժդեհ արքան, հող վերցրեց Թովմասի գերեզմանից, ցանեց այսահարի վրայ, եւ նա իսկոյն առողջացաւ:
Ժամանակներ անցան: Եղաւ, որ Յուսուփ անունով պարսից զօրագլուխը գտաւ փայտից պատրաստուած եւ զարդարուած տապան, որի մէջ գտնւում էին Թովմաս առաքեալի նշխարները: Կարծելով, թէ դրա մէջ գանձեր են, նա շատ ուրախացաւ: Երեկոյեան երբ առանձնացաւ, բացեց տապանը եւ տեսաւ մեռելի ոսկորներ: Եւ քանի որ քրիստոնէական հաւատ չունէր եւ չհասկացաւ, որ դրանք սուրբի նշխարներ են, զայրացաւ իր մտքում, հարուածեց եւ ձիերի ոտքերի տակ ցրեց առաքեալի բոլոր ոսկորները: Եւ այդ գիշեր զարհուրեց պէս-պէս տեսիլքներից: Ահաբեկուած արթնացաւ եւ տեսաւ, որ սուրբի բոլոր ոսկորները վառւում են մոմերի պէս: Ապա իր ծառաների հետ մեծ երկիւղով հաւաքեց նշխարները, դրեց փայտէ տապանի մէջ, ուր առաջ էր եւ տարաւ Հայոց երկիր՝ Աղձնեաց գաւառի Խողց կոչուող գիւղը: Եւ Յուսուփը, հաւատալով Քրիստոսին, մկրտուեց իր ամբողջ ընտանիքով, մկրտուեցին նաեւ պարսից զօրքում գտնուող նրա բոլոր ընկերներն ու նրանց ընտանիքները:
Ժամանակ անց սուրբ առաքեալի կողմից ազդ եղաւ իր սպասաւորներին՝ վերցնել իր նշխարները եւ տանել արեւելեան կողմերը: Լուսափայլ աստղի առաջնորդութեամբ գնացին հասան Ռշտունեաց գաւառի Պարծիս գիւղը: Աստղը կանգնեց մի բարձրահայեաց տեղում, եւ հէնց այդտեղ էլ քարէ մի տապանի մէջ ամփոփեցին սուրբ առաքեալի նշխարները: Շինեցին մի եկեղեցի եւ տապանը դրեցին եկեղեցու նախամուտքում: Այդ տեղում շինեցին նաեւ վանք մենակեացների համար, որը կայ մինչ օրս՝ ՚ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Թովմաս թարգմանաբար նշանակում է անհաս խորութիւն: Նա Յուդայի ցեղից էր, Թադէոս առաքեալի երկուորեակ եղբայրը՝ ծնուած նրա հետ նոյն արգանդից: Նա վաճառուեց Քրիստոսի կողմից, գնաց Հնդկաստան, որտեղ քարոզեց Քրիստոսին, ապա անցաւ այս կողմերը՝ Պարսկաստան եւ Խորասան ու քարոզեց մարերին եւ իլամացիներին: Աստուածածնի Վերափոխման ժամանակ գնաց Երուսաղէմ եւ այնտեղից դարձեալ գնաց Հնդկաստան, որտեղ էլ նահատակուեց ՚ի փառս Քրիստոսի:
Քրիստոս Աստուա՛ծ, սուրբ առաքեալի աղօթքներով եւ բարեխօսութեամբ ողորմի՛ր այս գիրը թողնողին:
[1] Յովհ. ԺԱ 16:
[2] Յովհ. ԺԴ 5:
[3] Յովհ. ԺԴ 6:
[4] Յովհ. Ի 25:
[5] Յովհ. Ի 27:
[6] Յովհ. Ի 29:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: