Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
14-15. «Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք»։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ սոդոմացիների և գոմորացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի համար»։
Հիսուս Իր աշակերտներին պատրաստում էր, որպեսզի նրանք լինեն բարեպաշտության վկաներ և տիեզերքի քարոզիչներ: Ուստի, նրանց չափավորություն ուսուցանելով և սիրո արժանացնելով, ասում է. «Ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ սոդոմացիների և գոմորացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի համար»: Քրիստոս ասում է. «Մի սպասեք, որ ուրիշները ձեզ ողջույն կհղեն՝ միայն այն բանի համար, որ դուք ուսուցիչներ եք, այլ դուք առաջի՛նը պատվի արժանացրեք ուրիշներին»:
Բացի այդ, ցույց տալով, որ իրենց (առաքյալների) ողջույնը գեթ մի պարզ խոսք չէ, այլ օրհնություն, Փրկիչն ասում է. «Եթե տունն արժանի լինի, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի․․․իսկ եթե ձեզ վիրավորեն, առաջին պատիժը կլինի այն, որ տունը կզրկվի խաղաղությունից, իսկ երկրորդը՝ Սոդոմի հետ կենթարկվի նույն ճակատագրին»: Բայց նրանք կասեն՝ ի՞նչ օգուտ մեզ այդ մարդկանց պատժից: Ա՛յն, որ ձեզ համար կգտնվեն արժանի տներ: Իսկ ի՞նչ է նշանակում «ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք» արտահայտությունը: Սա ցույց է տալիս, որ առաքյալներն այդ անարժան մարդկանցից ոչինչ չեն վերցրել, կամ էլ սա վկայություն է այն հեռավոր ճանապարհորդության մասին, որն առաքյալները ձեռնարկել են այդ անարժանների համար:
Բայց նկատիր, որ Տերն առաքյալներին դեռևս բոլոր շնորհները չի տվել: Այսպես, Նա դեռ չի տվել նրանց մարգարեության շնորհը, որպեսզի կարողանան ճանաչել, թե ով է արժանի և ով՝ անարժան։ Այլ Հիսուս հրամայում է սովորել և սպասել, թե ինչ ցույց կտա իրենց կենսափորձը: Ինչո՞ւ է Նա Ինքը մնացել մաքսավորի տանը: Որովհետև մաքսավորը, փոխվելով, դարձել է արժանի: Նկատի՛ր նաև, որ Քրիստոս, առաքյալներին ամեն ինչից զրկելով, ամեն ինչ տվել է նրանց՝ թույլ տալով ապրել այն տներում, որտեղ կընդունեն նրանց ուսմունքը, և մտնել այդ տներ՝ առանց իրենց մոտ որևէ բան ունենալու:
Այսպիսով, առաքյալներն ազատվում են հոգսերից, և նրանց ընդունողներն էլ հավաստիանում են, որ Քրիստոսի հետևորդներն իրենց մոտ են եկել միայն նրանց փրկության համար․ դա վկայվում է ինչպես այն հանգամանքով, որ առաքյալներն իրենց հետ ոչինչ չէին բերել, այնպես էլ նրանով, որ բացի անհրաժեշտից՝ իրենց հյուրընկալողներից ոչինչ չեն պահանջել, և վերջապես, նաև ա՛յն իրողությամբ, որ առաքյալները չեն մտել ամենքի տուն՝ առանց խտրականության: Տերը ցանկանում էր, որ առաքյալները փառավորվեին ոչ միայն հրաշքներով, այլ ավելի շատ՝ իրենց առաքինություններով: Իրոք, ոչինչ այնքան չի առանձնացնում իմաստնությունը, որքան ավելորդ ոչինչ չունենալը և հնարավորինս քչով բավարարվելը:
Սա գիտեին նաև «կեղծ առաքյալները»: Ահա թե ինչու է Պողոսն ասում. «Որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են» (Բ Կորնթ. 11:12): Եթե նույնիսկ օտար երկրում՝ անծանոթ մարդկանց մոտ գնալով, պետք չէ ձգտել ավելին ունենալուն, քան ամենօրյա հացը, ապա տանը գտնվելով՝ առավել ևս չպետք է ավելին փափագել:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք:
Եվ ով չի ընդունի ձեզ և ձեր խոսքերը չի լսի, երբ այդ քաղաքից դուրս գաք, փոշին ձեր ոտքերից թա՛փ տվեք:
Սա արեք, ոչ թե երբ ձեզ չեն պատվի, ասում է, այլ երբ ձեր խոսքերը չեն լսի, որովհետև չընդունելու նշանը խոսքերը չլսելն է: Բայց որպեսզի ոչ թե ձեր անձի համար վրեժխնդիր լինեք, այլ խոսքի, թափ տվեք, ասում է, փոշին ձեր ոտքերից: Նախ՝ որպեսզի ցույց տային, որ [քաղաքի բնակիչներից] ոչ մի ինչք չեն վերցրել, այլ անգամ փոշին են նրանց վրա թափ տալիս, որը նշանակում է, որ ինչքի ցանկությունից ազատ էին, և նաև որպեսզի [քաղաքի բնակիչները] չասեին, թե [առաքյալներն] արծաթ էին փնտրում, այդ պատճառով էլ չլսեցինք: Երկրորդ՝ ի վկայություն այն բանի, որ դուք մտաք նրանց ճանապարհները, բայց նրանք ձեր երանելի հյուրությանն արժանի չեղան. որպեսզի չասեին թե՝ «Մեզ մոտ չմտան»: Երրորդ՝ որպեսզի հայտներ, որ վրեժխնդիր է լինելու նրանց և քամու միջոցով փոշու պես ցրելու է նրանց երկրի երեսին՝ ըստ մարգարեի (Սաղմ. 1:4)՝ այստեղ՝ գերությամբ, այնտեղ՝ կրակի մեջ ուղարկելով: Եվ չորրորդ՝ ճշգրիտ քննության է ենթարկելու նրանց մանրագույն ու նրբագույն [հանցանքներն իսկ]:
Իսկ այլաբանորեն՝ որևէ քարոզիչ, երբ շրջում է քարոզելու քաղաքներում ու գյուղերում և քարոզությունից օգուտ չեն ստանում լսողները, և քարոզչի կյանքում էլ սակավ-ինչ փոշետեսակ հանցանք է հանդիպում՝ ծուլություն կամ որկրամոլություն, նույն այդ անհավան ժողովուրդը, դատելով այդ ուսուցչի մեղքերը, նրա հանցանքների տերը կդառնա, իսկ նա ազատ կգնա իր տեղը: Բայց եթե [նրա քարոզությունն] ընդունեն, Աստված կքավի [նրանց]: [Այս խոսքով Տերը] խրատում է նաև մարմնավորից հոգևորի փոխվել. ինչպես երբ Մովսեսը փոշին ցանեց օդի մեջ, այն վերածվեց մժեղների (Ելք 8:17), այդպես էլ ներելի մարմնավոր մտքի ցանկությունից, որն [այստեղ] ոտքով է խորհրդանշվում, [Տերը] պատվիրում է հոգով [ազատվել]- կենդանանալ և օդ թռչել, որովհետև [Սուրբ] Գրքին հատուկ է փոշով խորհրդանշել ներելի մեղքերը, ինչպես որ տիղմով՝ մահացուն, և ոտքով խորհրդանշել կամքը:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք:
«Ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք»:
Տեսանելի փոշին, որ ճանապարհորդության ընթացքում է լինում, խորհրդանիշն է անօգուտ եղած աշխատանքի: Արդ, առաքյալներին հրամայում է այն քաղաքներից ելնելիս, որտեղ չընդունեցին նրանց խոսքը, ոտքերի փոշին թոթափել նրանց վրա, այսինքն՝ ասել. «Մենք անպարտ ենք, քանզի աշխատեցինք ըստ վարդապետի հրամանի, և մեր աշխատանքը դատարկ և ավելորդ եղավ, դու՛ք տեսեք»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս՝ ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: