Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:1

Հովհաննես Ծործորեցի

Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում:
 
    Եվ երբ Հիսուսն ավարտեց Իր տասներկու աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու     նրանց քաղաքներում:
Երբ ոչ միայն խոսքերն ավարտեց, այլև խոսքով կատարելագործեց նաև նրանց և երկու-երկու ուղարկեց քարոզության, այնուհետև առանձնանում է՝ նրանց տեղ ու ժամանակ տալու համար, որ կատարեն այն, ինչ հրամայեց, որովհետև քանի դեռ [նրանց] մոտ էր և բժշկություններ էր կատարում, ոչ ոք չէր ցանկանում նրանց մոտենալ: Տես նաև այն, որ թեպետ նրանց ուղարկեց, նրանց [քարոզությունը] բավական չհամարեց և Իրեն դադար չտվեց, այլ ուրիշ կողմ անցնելով՝ [Ինքն էլ] էր քարոզում և ուսուցանում քաղաքներում, ինչի մասին ավետարանիչը չկարողացավ գրել, թե որտեղ կամ ինչ քարոզեց, այլ միայն ասում է, որ քարոզում էր քաղաքներում և ուսուցանում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում:
   
   Երբ մեկ կողմից Տասներկուսը Հիսուսի հրամանով գործում էին` Գալիլիայի զանազան կողմերը ցրված, այսինքն` Ավետարանն էին քարոզում, և մյուս կողմից էլ` Հովհաննեսի մահվամբ դադարում է նրա անվան շուրջը եղած ակնկալությունը, ամենուր ոչ մեկի մասին չէին խոսում, բացի Նազարեթցի Հիսուսից, նորօրինակ և տարօրինակ Վարդապետի մասին, որի ո՛չ քարոզության զորությունն ունեցող մեկը երևացել էր առայսօր, և ո՛չ էլ նրա նման մի հրաշագործ էր հայտնվել Պաղեստինում: Առաքյալների տարբեր վայրերում գործելով` Հիսուս բազմապատկված էր երևում, քանզի ամեն ինչ Հիսուսի անունով էր կատարվում և, հետևաբար, երբեք այս կամ այն առաքյալի անունը չէր լսվում, այլ միայն Հիսուսի անվան մասին էր խոսվում: Հիսուս էլ այդ ժամանակամիջոցում իր պտույտն առանձին էր շարունակում, առանց Տասներկուսին Իր հետ ունենալու, թեպետ մնացյալ աշակերտներից Իրեն ընկերակցողներ ուներ:
   Համբավը, մեծանալով և տարածվելով, Հերովդես Անտիպասի ականջին էլ հասավ: Մինչ այդ պահը Հովհաննես Մկրտչի խոսքով միտքը լցված, Հավհաննես Մկրտչի ակնածանքից սիրտը հուզված, նրանից բացի ուրիշի մասին չէր մտածում: Հիսուս Իր համար մտահոգող առարկա չէր եղել, որովհետև Հիսուս էլ իրենով չէր զբաղվում, իր խառնակ վարքի դատափետողը չէր եղել: Այնպես որ, երբ իրեն ասացին, թե ահա մի նշանավոր վարդապետ է հայտնվել, մեծ վարդապետության քարոզիչ և ընկերային հրաշքներ գործող, Հերովդեսի միտքը միանգամից Հովհաննես Մկրտչի վրա գնաց, նրանից բացի երկնառաք մի մարդ չէր կարող երևակայել: Եվ, անշուշտ, Հիսուս կոչված անձը, կարծում էր, նույն ինքը` Հովհաննեսն է` իր հրամայած գլխատումից վերստին կենդանություն ստացած:
   Բացի Հերովդեսից, Հովհաննեսով ուրիշ հիացողներ էլ կային, ովքեր Հիսուսին կարծում էին, թե հարուցյալ Հովհաննեսն է, սակայն ժողովրդի մեծագույն մասը Հիսուսի վերաբերյալ զանազան կարծիքներ էր կազմում: Ոմանց համար վաղուց երկինք վերացած Եղիա Թեզբացի մարգարեն էր, որ ասում էին, թե վերստին աշխարհ է վերադարձել, ուրիշների համար մեծ մարգարեներից որևէ մեկն էր, որ հարություն էր առել, կամ թե մի նոր մեծ մարգարե էր, կամ եթե իրոք մարգարե չէր, ապա մարգարեներին համապատիվ մեկն էր: Այս զանազան կարծիքները Հերովդեսի վրա մեծ ազդեցություն չգործեցին: Նրա սևեռված երևակայության մեջ Հիսուսը միշտ պետք է, որ հարուցյալ Հովհաննեսը կարծված լիներ, որովհետև Հովհաննեսից բացի ոչ ոք չէր կարող այսպիսի զորություն ունենալ: Այլ, որովհետև Հովհաննեսն իր հրամանով էր գլխատվել ու մեռել, ուրեմն պետք է համոզվել Հովհաննեսի հարություն առած լինելուն: Դա իր պատճառաբանությունն էր, և որքան էլ իր մտածածի վրա վստահ, սակայն միշտ կասկածի տեղ էր մնում, այդ պատճառով փափագում էր, որ ինչ-որ կերպ կարողանա նրան տեսնել, քննել ու հարցաքննել և իր տեսակետով հաստատել, թե Հիսուս ասվածը Հովհաննեսից տարբեր մեկը չէր:
   Այս շրջագայություններով ու այս զրույցներով անցան ձմռան ամիսները, այսինքն` Հռոմի 781 թվականի վերջը և 782 թվականի առաջին ամիսները: Հիսուս շրջում էր մեկ կողմից, իսկ առաքյալները, վեց ճյուղի բաժանված, շրջում էին մյուս կողմից, և բովանդակ Գալիլիան Ավետարանի քարոզությամբ էր լցվում: Երբ առաքյալների համար սահմանված ժամանակը լրացավ, նրանք սկսեցին հետզհետե Կափառնայում վերադառնալ և Հիսուսի շուրջը հավաքվել` յուրաքանչյուրը մանրամասն տեղեկություն տալով իր խոսածի ու կատարածի, արած գործերի և ձեռք բերած հաջողությունների մասին: Ավետարանը չի ավելացնում, թե ինչ դիտողություն արեց Հիսուս, սակայն նույնիսկ այդ լռությունը հաստատում է, թե Հիսուս հավանեց բոլոր պատմածները և գոհ մնաց նրանց կատարածից: Արդեն հիշեցինք, թե առաքյալներն Ավետարանը ևս քարոզեցին, բժշկություն էլ արեցին, դևեր էլ հալածեցին և հիվանդներ էլ առողջացրին և, անշուշտ, ներքին մեծ ուրախություն զգացին: Իրենք սրտով մխիթարվեցին և մխիթարեցին նաև Հիսուսին: