Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Որովհետև եկավ Հովհաննեսը, ո՛չ ուտում էր, ո՛չ խմում, և ասում են. «Նրա մեջ դև կա»»։
Այժմ հարցնենք հրեաներին՝ ի՞նչ կարող եք ասել ճգնության մասին։ Լա՞վ է, գովելի՞ է ճգնակեցությունը։ Եթե այդպես է՝ ուրեմն պետք է հնազանդվեիք Հովհաննեսին, ընդունեիք նրան և հավատայիք նրա խոսքերին։ Այդ ժամանակ նրա խոսքերը ձեզ կառաջնորդեին Հիսուսի մոտ։ Իսկ եթե ճգնությունը ծանրակիր է և դժվարին է, ապա պետք է հնազանդվեիք Հիսուսին և հավատայիք Նրան՝ որպես հակառակ ճանապարհով ընթացողի։ Ե՛վ այս, և՛ այն ճանապարհը կարող էր ձեզ տանել դեպի Արքայություն։ Հրեաները, սակայն, ինչպես վայրի գազաններ, հարձակվում էին թե՛ մեկի, և թե՛ մյուսի դեմ։
Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:17
Հովհաննես Ծործորեցի (†1338)
18-19. Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ: Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ, բարեկամ՝ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»:
Եկավ Հովհաննեսը. ոչ ուտում էր, ոչ խմում. և ասում են. «Նրա մեջ դև կա»: Եկավ Մարդու Որդին, ուտում ու խմում է, և ասում են. «Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»:
Հովհաննեսը խստակյաց էր, և նրանք չհանդուրժեցին նրա խստամբեր պահքը, այլ պարսավում էին, թե դև կա նրա մեջ, քանի որ, ասում էին, անմարմիններն են, որ կերակրի կարիք չունեն: Իսկ Աստծո Որդին, որ դարձավ մարդու որդի, հեշտ ճանապարհով եկավ՝ բարի գործեր ցույց տալով, որպեսզի դրանով որսար նրանց, բայց նրանք Նրան էլ մեղադրում էին, թե ուտող-խմող է: Սրանից պարզ դարձավ, որ կամովին էին խոտորված և դեպի ճշմարտությունը չէին գալիս անօրեն գործերի պատճառով, որոնք սիրում էին, ուստի պատրվակներ էին կարկատում:
Բայց [Հովհաննեսն ու Հիսուսը] տարբեր ճանապարհներով ներմուծեցին ոչ թե տարբեր ուսմունքներ, այլ միևնույնը: Ինչպես երբ կամենում են ինչ-որ գազան որսալ, երկու ճանապարհով են ելնում ու նույն կիրճում հանդիպում միմյանց, որպեսզի որտեղից որ հնարավոր լինի, [գազանին] գցեն վանդակի մեջ, այդպես էլ Հովհաննեսն ու Տերը [վարվեցին]: Սակայն [հրեաները] չզգոնացան, ուստի [Տերն] ասում է.
Եվ արդարացավ իմաստությունն իր որդիներով»:
Այսինքն՝ թեպետ չընդունեցին [Հովհաննեսին ու Հիսուսին], սակայն մեղադրել չեն կարող, որովհետև ինչ որ վայել էր խնամարկությանը, [Հովհաննեսն ու Հիսուսը] կատարեցին, ուստի Հայր Աստծո իմաստությունը, որ կամեցավ նրանց շահել նեղ և ընդարձակ ճանապարհներով՝ Հովհաննեսի քարոզությամբ և Տիրոջ ընթացքով, արդարացավ: Նաև Հոր Իմաստություն Որդին նրանց մեջ արդար գտնվեց առաքյալների որդիների և հրաշագործությունների շնորհիվ, որովհետև նախ [հրեաների] մոտ եկավ ու հրաշքներ գործեց և նրանց մոտ ուղարկեց աշակերտներին, բայց նրանք մերժելով հեռու կանգնեցին: Այլև թլփատվածների որդիներից ովքեր որ ընդունեցին Տիրոջն ու Ավազանով մկրտությամբ դարձան Նրա որդիները, ինչպես առաքյալներն ու այլ շատեր, արդարացրին Աստծո իմաստությունը՝ [ցույց տալով], որ տանջանքի արժանի են [չընդունածները], քանի որ եթե կամենային, ամենքն էլ կհավատային: Կամ էլ՝ արդարացան իմաստո՛ւն որդիները, ովքեր հրավերով կանչվեցին, որովհետև [Տերն] իմաստուններին «որդիներ» է կոչում:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: