Սրբ. Եփրեմ Ասորի
20-25․ Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ: Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են:
Հինգերորդ օրը ստեղծվեցին գազանները և թռչունները. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, և երկրի վրայ ու երկնքի տարածութեան մեջ թող թեւաւոր թռչուններ լինեն »: Աստղերի և երկնքի զարդերի ստեղծումից հետո ջրերը նույնպես լցվեցին և զարդարվեցին շնչավորներով, ինչպես երկիրը զարդարվեց ծաղիկներով, իսկ երկինքն՝ աստղերով: Եվ քանի որ ի սկզբանե ջրերն ավելի անկատար էին, քան երկինքը և երկիրը, իրենց բնության ներսից` իբրև գանձատնից, զարդարվեցին: Շտապեց նրանց տալ հրամանի պատվերը, այնպես որ ծովը և բոլորը գետերը մի ակնթարթում հղացան անմիջապես, արագորեն երկնեցին և ծնեցին զանազան թռչուններ և գազաններ: Որովհետև ջրերի խոնավությունը անպտղաբեր չէր այդ հրամանին արձագանքելու համար, նրանից ծնվեցին նաև մժեղներ և ճանճեր, որպեսզի վկա և ազդարարող լինեն առաջինների համար: Ջրերի մեջ փույթ և տագնապ սկսվեց, թե նրանցից ով առավել քան իր ընկերը կաճեցնի և կբազմացնի անթիվ և անհամար գազաններ և թռչուններ: Այսպես ուրեմն ջրերի վերևի և ջրերի ներքևի թռչուններն ունեն սրընթաց թևեր, որովհետև առաջինները օդերի վրա են փառավորվում, իսկ երկրորդները ջրերի մեջ են փափկանում: Եվ որպեսզի Արարչի հրամանը չպարփակվի հնարավորության սահմաններում, ջրերի մեջ ստեղծեց բազում և անթիվ գազաններ, որպեսզի նրանք նույնպես վկայեն Նրա արարչության զորության մասին: «Թող ջրերն արտադրեն, ասում է, կենդանութեան շունչ ունեցող զեռուններ»:
Ա. Լոպուխին
Եվ Աստված ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանության շունչ ունեցող սողուններ, և երկրի վրա ու երկնքի հաստատության մեջ թող թռչուններ թռչեն »: Եվ եղավ այդպես: (Սինոդական թարգ․)[20]
Ջրերն արտադրեն կենդանության շունչ… «Ջրեր» եզրույթը, ինչպես ակներև է համատեքստից, այստեղ գործածված է ավելի ընդհանուր ու լայն իմաստով. նշանակում է ոչ միայն սովորական ջուրը, այլ նաև՝ օդային մթնոլորտ, որը, ինչպես արդեն հայտնի է, Աստվածաշնչի լեզվում նույնպես անվանվում է «ջուր» (Ծննդ. 1:6–7): Այստեղ, ինչպես և ավելի վաղ (Ծննդ. 1:11), աստվածաշնչյան թող ջրերն արտադրեն արտահայտության պատկերում (բնագրից ավելի ճշգրիտ թարգմանությամբ՝ «թող բազմանան ջրերում») կրկին պահպանվել է արարման գործընթացում բնական գործակիցների մասնակցության մասին ակնարկ, տվյալ դեպքում՝ ջրի ու օդի ՝ որպես մի միջավայրի, որում Արարիչը սահմանեց ապրել ու բազմանալ՝ կենդանական աշխարհի համապատասխան տեսակներին:
Կենդանության շունչ ունեցող սողուններ և... թռչուններ… Երրորդ օրը բուսականության առաջացումը երկրի վրա օրգանական կյանքի սկիզբն էր, սակայն դեռևս իր նախնական, անկատար տեսքով: Այժմ, գիտության տվյալների հետ լիովին համահունչ, Աստվածաշունչը նշում է երկրի վրա այդ կյանքի զարգացման հետագա ընթացքը, հատկապես մատնանշելով երկու ընդգրկուն, միմյանց ցեղակից կենդանական դասերի առաջացումը՝ ջրոլորտի բնակիչներ և օդային տարածքը լցնող թևավորների արքայություն: Այս դասերից առաջինը եբրայերեն բնագրում անվանված է շերեց, որը չի նշանակում միայն «սողուն կամ ջրային զեռուն», ինչպես թարգմանում են ռուսերեն կամ սլավոներեն տեքստերը, այլ ներառում է նաև ձկներն ու ընդհանրապես՝ բոլոր ջրային կենդանիները (Ղևտ. 11,10): Նույն կերպ՝ «թևավոր թռչուններ» ասելով ենթադրվում են ոչ միայն թռչունները, այլև միջատներն ու ընդհանրապես բոլոր կենդանի էակները, որոնք ունեն թևեր, թեև միևնույն ժամանակ նրանք զրկված չէին նաև քայլելու, նույնիսկ չորս ոտքի վրա քայլելու հնարավորությունից (Ղևտ. 11:20–21):
Եթե, ինչպես նշեցինք վերևում, նախորդ համարում պահպանվում էր կենդանական աշխարհի նոր տեսակների առաջացման գործընթացում բնական ուժերի ներգործության որոշակի ցուցում, ապա սույն համարը կասկածի տեղ չի թողնում, որ այս բոլոր, այսպես կոչված, բնական ներգործություններն ի վերջո իրենց համար որպես գերբնական աղբյուր ունեն Աստծուն, Ով ամենայնի միակ Արարիչն է բառի բուն իմաստով:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող ջրերը լցվեն կենդանի շունչ ունեցող զեռուներով, և թռչուններ թռչեն երկրի վրա՝ երկնքի հաստատության երեսին»:
(Գրաբար) Եւ ասա՛ց Աստուած. Հանցե՛ն ջուրք զեռունս շնչոց կենդանեաց, և թռչունս թևաւո՛րս ի վերայ երկրի ըստ հաստատութեան երկնից: Եւ եղև այնպէս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: