Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:26
Ա. Լոպուխին
Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. «Աճեցե՜ք և բազմացե՜ք, և լցրե՜ք երկիրը, և տիրացե՜ք դրան, և իշխեցե՜ք ծովի ձկների, և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»: (Սինոդական թարգ․)[28]
Արարչական օրհնանքի ուժը, որ մի անգամ արդեն նախկինում ուղղվել էր ցածրագույն կենդանիներին, վերաբերում էր միայն նրանց բազմացմանը, իսկ մարդուն ընծայվում է ոչ միայն երկրի վրա բազմանալու ունակություն, այլև դրան իշխելու իրավունք: Վերջինն այն բարձր դիրքի հետևանքն է, որը մարդը, լինելով Աստծո պատկերը երկրի վրա, պետք է զբաղեցներ աշխարհում: Արարիչը համաձայն Սաղմոսերգուի խոսքերի, ինչը կրկնում է նաև առաքյալը, փառք ու պատվով պսակեց նրան և կարգեց բոլոր ձեռակերտների վրա, ամեն ինչ դրեց նրա ոտքերի ներքո: Արդ ամեն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց (Սաղմ. 8։6–7, Եբր. 2։7–8): Սա նախաստեղծ Ադամի (այսինքն՝ մարդու) վեհության ու գեղեցկության մասին լավագույնս արտահայտված այն մտքերից մեկն է, որը մեղսագործության արդյունքում նախնական արժանավորության կորստից վերականգնվեց՝ հանձին երկրորդ Ադամի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի (Եբր. 2։9–10):
Բնության հանդեպ մարդու գերիշխանությունը պետք է հասկանալ և մարդու կողմից հօգուտ իրեն տարբեր բնական ուժերի ու հարստությունների օգտագործման առումով, և տարբեր կենդանիների՝ նրան ծառայելու առումով,որոնք թվարկվում են այստեղ միայն իրենց հաջորդական ծագման կարգով ու իրենց առավել ընդհանուր խմբերով:
Այս միտքը հիասքանչ արտահայտված է Հովհան Ոսկեբերանի հետևյալ ներշնչված տողերում. «Որքա՛ն մեծ է հոգու արժանավորությունը: Նրա զորությամբ կառուցվում են քաղաքներ, կտրում-անցնում են ծովեր, մշակվում են դաշտեր, բացահայտվում են անհամար արվեստներ, սանձվում են վայրի կենդանիներ: Եվ որ ամենակարևորն է, հոգին ճանաչում է Աստծուն, Ով արարել է իրեն, և տարբերում է բարին չարից: Ողջ տեսանելի աշխարհում միայն մարդն է աղոթքներ առաքում Աստծուն, ստանում հայտնություններ, ուսումնասիրում երկնային իրերի բնությունը և թափանցում նույնիսկ աստվածային խորհուրդների մեջ: Նրա համար գոյություն ունի ողջ երկիրը, արևն ու աստղերը, նրա համար է արարվել երկինքը, նրա համար են առաքվել առաքյալներն ու մարգարեները և նույնիսկ հրեշտակները. նրա փրկության համար, ի վերջո, Հայրն առաքեց նաև իր Միածին Որդուն»:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Աստված օրհնեց նրանց: Աստված ասաց նրանց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան: Իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»:
(Գրաբար) Եւ օրհնեաց զնոսա Աստուած՝ և ասէ. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք՝ և լցէ՛ք զերկիր. և տիրեցէ՛ք դմա. և իշխեցէ՛ք ձկանց ծովու, և թռչնոց երկնից, և ամենայն անասնոց. և ամենայն երկրի, և ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: