Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:29

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

29-31. «Իսկ նա ասաց՝ «ե՛կ»։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ»։ «Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»»։ «Եվ Հիսուս իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։
   
   Այս դեպքը նախորդից ավելի հրաշագործ է, ուստի և տեղի ունեցավ ավելի ուշ։ Երբ Քրիստոս ցույց տվեց, որ Ինքը ծովի Տերն է, այդուհետ էլ առաքյալների առջև գործեց է մեկ այլ՝ առավել զարմանալի հրաշք։ Նախկինում Նա միայն քամիներին էր հնազանդեցնում, իսկ այժմ Նա Ինքն է քայլում ջրերի վրայով, և մեկ ուրիշին էլ թույլատրում է նույնն անել։ Բայց եթե սկզբից իսկ հրամայեր դա անել, Պետրոսն այդ հրամանը չէր ընդունի այդպիսի տրամադրվածությամբ, քանի որ դեռևս այսպիսի հավատք չուներ։

   Այսպիսով, ինչո՞ւ Քրիստոս Պետրոսին թույլատրեց դա անել։ Որովհետև եթե նրան ասեր՝ «չես կարող», ապա Պետրոսը, իր հրաբորբոք բնավորության պատճառով, այստեղ նույնպես կհակառակվեր Փրկչին։ Ուստի Քրիստոս գործով է համոզում նրան՝ այդուհետև ավելի զգուշավոր լինել։ Բայց սա էլ հետ չի պահում Պետրոսին։ Այսպիսով, նավից իջնելով՝ Պետրոսը տարուբերվում է ալիքների վրա, որովհետև վախենում է. ահա թե ի՛նչը պատճառ դարձավ ալեկոծության, իսկ վախը քամու պատճառով առաջացավ։ Հովհաննեսն ասում է, որ «Եվ ուզում էին նավակ հանել նրան, սակայն նավակը շուտով հասավ այն տեղը, ուր գնում էին» (Հովհ. 6։21)։ Այս խոսքերը նույնպես ցույց են տալիս տեղի ունեցածը, այսինքն՝ որ Հիսուս նավ բարձրացավ այն ժամանակ, երբ առաքյալներն արդեն մոտեցել էին ափին։ Այսպիսով, Պետրոսը, նավից իջնելով, գնում էր դեպի Նա (Հիսուս)՝ ուրախանալով ոչ այնքան այն իրողությամբ, որ քայլում էր ջրերի վրայով, որքան նրանով, որ գնում էր դեպի Հիսուս։ Բայց դժվարինը հաղթահարելով՝ նա վնասվեց առավել դյուրինն անելիս. ես նկատի ունեմ քամու ուժգնությունը, ոչ թե ծովի ալեկոծությունը։ Այսպիսին է մարդկային բնությունը. հաճախ մեծ գործերում հաջողության հասնելով՝ դժվարանում է փոքրի մեջ։

   Ինչպես Եղիան տուժեց Հեզաբելից, Մովսեսը՝ եգիպտացուց, Դավիթը՝ Բերսաբեից, այդպես էլ այստեղ «տուժեց» Պետրոսը։ Սկզբում, դեռ վախով պատված, նա համարձակվեց քայլել ջրերի վրայով, բայց քամու ուժգնության դեմ հանդիման ու, դրա հետ մեկտեղ՝ արդեն նաև Քրիստոսին մոտ գտնվելով, չկարողացավ դիմադրել։ Այսպիսով, Քրիստոսին մոտ լինելն անօգուտ է նրա՛ համար, ով հավատքով մոտ չէ Նրան։ Սա նաև հայտնեց աշակերտի և Ուսուցչի տարբերությունը և մխիթարեց մյուսներին։ Եթե աշակերտները դժգոհում էին երկու եղբայրներից, ապա առավել ևս կդժգոհեին Պետրոսից, որովհետև դեռ չէին արժանացել Սուրբ Հոգին ընդունելուն։ Իսկ ահա Սուրբ Հոգին ընդունելուց հետո նրանք կերպարանափոխվեցին և սկսեցին ամեն ինչում առաջնությունը զիջել Պետրոսին. աշակերտները Պետրոսին էին վերապահում ժողովներում խոսելու իրավունքը, թեև վերջինս իր խոսելու կարողությամբ պակաս հմուտ էր մյուսներից։ Բայց ինչո՞ւ Տերը քամուն չհրամայեց հանդարտվել, այլ Ինքը ձեռքը մեկնեց և բռնեց Պետրոսին․ որովհետև Պետրոսի հավա՛տքն էր անհրաժեշտ։ Երբ մեր կողմից տկարություն է ցուցաբերվում, ապա այդժամ նաև աստվածային «գործողությո՛ւնն» է կանգ առնում։ Այսպիսով, ցանկանալով ցույց տալ, որ ոչ թե քամու ուժգնությունը, այլ Պետրոսի թույլ հավա՛տքն է առաջացրել այդ փոփոխությունը, Տերն ասում է. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Այսինքն, Պետրոսը հեշտությամբ կդիմանար քամուն, եթե իր հավատքը չթուլանար։ Հենց այդ պատճառով էլ Տերը, Պետրոսի ձեռքը բռնելով, դրանով հանդերձ քամին չդադարեցրեց՝ այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ քամին չի կարող որևէ վնաս պատճառել, երբ հավատքն ամուր է։ Ինչպես ժամանակից շուտ իր բույնից թռչած և ցած ընկնող թռչնին է նրա մայրն իր թևերին առնում և նորից տանում իր բույնը, այժմ այդպես արեց նաև Քրիստոս։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:28
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը նաւակից իջնելով՝ քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24