Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:8

Հովհաննես Ծործորեցի

Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 
 
    Եվ նա, մորից նախապես խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխըե»:
    Այստեղ [ավետարանիչը] որպես այդ անօրեն գործի, աղջկա լրբության ու անօրեն իշխանի հիմարության պատճառ ու կազմակերպիչ է նշում Հերովդիադային, սակայն չարությամբ մորից պակաս չի երևում նաև դուստրը, որ չար մտքի իրագործիչ դարձավ՝ [Հովհաննեսին] շնորհակալ լինելու փոխարեն: Որովհետև նրա անարգանքի վրեժն էր խնդրում մարգարեն (քանի որ, ըստ Օրենքի, զավակների համար մեծ անարգանք էր [իրենց] մայրերի ամուսնությունը տայգրների հետ) 786, իսկ սա նույնիսկ մասնակցում էր [անօրինությանը], որոգայթն էր կազմում և այս սատանայական պարգևը պահանջում: «Տո՛ւր ինձ,- ասում է,- այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»: Տեսնո՞ւմ ես այդ հանդուգնին ու անպատկառին, որին սատանան ամբողջովին կլանել էր, որ չի ակնածում մարգարեի պատիվը ցույց տալ և չի ամաչում [այն] թաքցնել, այլ կամենում է, որ ասես նվիրական խորտիկ՝ Մկրտչի երանելի գլուխը սկուտեղով մատուցեն [իրեն]: Չասաց. «Այստեղ բերել և սպանել տուր», որովհետև մինչև վախճանի ժամն էլ կասկածում էր և չէր կարող [Հովհաննեսի] համարձակությունը տանել ու նրա հանդիմանության ահավոր խոսքերին դիմանալ. ուստի «տո՛ւր ինձ [նրա գլուխը],- ասում է,- որովհետև ցանկանում եմ այդ լեզուն լռած տեսնել»: Եվ չգիտեր անմիտը, որ մարգարեի լռելով իր չարությունն էր հույժ հռչակվելու: Այլ շտապում էր հանդիմանությունից ազատվել, ոտնհար լինել 787 և ծաղրի ենթարկել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6