Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 1:5

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Օբեդին՝ Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:3

   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին.

 

   Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից: [Ավետարանիչը] հիշատակում է Ռախաբ պոռնիկին իբրև Եկեղեցու նախօրինակի: Որովհետև երբ [Ռախաբը] տեսավ կույս Հեսուին, իր ազգն ուրացավ, պոռնկությունից մաքրվեց և դավանեց Հեսուի Աստծուն 19, ինչպես որ Եկեղեցին էլ, երբ լսեց Փրկչի ճշմարիտ անունը, թողեց իր [հեթանոսական] հայրենի կրոնը, մաքրվեց [մկրտության] Ավազանով և հավատաց երկնքի և երկրի Աստծուն: Եվ ինչպես Ռախաբն իր ամբողջ տնով փրկվեց կարմիր նշանի միջոցով 20, այդպես էլ հեթանոսների Եկեղեցին՝ խաչի վրա Միածնի թափած արյամբ:

   Բոոսը ծնեց Ովբեդին Հռութից: Այս Հռութը մովաբացի էր, Ղովտի ցեղից 21: Թողնելով իր հայրենիքը՝ ցանկացավ Հուդայի օրհնյալ զավակին, ուստի Աստված, տեսնելով նրա հավատը, Բոոսի սրտի մեջ գութ դրեց՝ կնության առնելու Հռութին, ումից ծնվեց Հեսսեն: Հռութը նույնպես խորհրդանշում է Եկեղեցին. ինչպես որ Բոոսը չգարշեց նրա այլազգի լինելուց և անպատսպարան աղքատությունից, այդպես էլ Քրիստոսը չարհամարհեց հեթանոսների Եկեղեցին՝ սրա այլազգի և առաքինություններից աղքատ լինելու պատճառով, այլ ընդունեց և գերագույն բարձրությանը հասցրեց: Եվ ինչպես որ [Հռութը] նախ թողեց իր տունն ու ազգատոհմին և հետո՛ այն ամուսնությանն արժանացավ, այդպես էլ Եկեղեցին նախ հրաժարվեց վնասակարից և հետո՛ արժանացավ Փեսային, ինչպես և ասվում է [սաղմոսում]. «Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, քանզի Թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը» (Սաղմ. 44։11–12):
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Օբեդին՝ Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին»։ (Սինոդական թարգ․)[5]
   
    Նաասոնի որդին՝ Սաղմոնը, Երիքով ուղարկված այն լրտեսների թվում էր, որոնց պոռնիկ Ռախաբը թաքցրել էր իր տանը (Ռահաբ, Հես. 2:1, 6:24): Սաղմոնն ամուսնացավ նրա հետ: Ավետարանչի խոսքերի համաձայն՝ այդ ամուսնությունից է ծնվել Բոոսը։ Սակայն Աստվածաշնչում չի ասվում, որ Ռախաբը Սաղմոնի կինն էր (Հռութ 4:13, 21, Ա Մնաց. 2:11): Այստեղից կարելի է եզրակացնել, որ ավետարանիչն այս ազգաբանությունը կազմելիս « Հին Կտակարանի գրքերից բացի ձեռքի տակ ունեցել է նաև այլ տեղեկություններ»։ «Ռախաբ» անվան գրության ձևը անհստակ և անորոշ է. «Ռախաբ», «Ռահաբ», իսկ Հովսեփոս Փլավիոսի երկում` «Ռախաբա»։ Նրա առնչությամբ առկա են ժամանակագրական որոշակի դժվարություններ։ Հռութի գրքում մանրամասնորեն նկարագրվում է Օբեդի ծնունդը Բոոսից և Հռութից։ Հռութը մովաբացի էր, օտարազգի, իսկ հրեաներն ատում էին օտարազգիներին։ Ավետարանիչը Հռութի մասին հիշատակում է, որպեսզի ցույց տա, որ Փրկչի նախնիների մեջ եղել են ոչ միայն հրեաներ, այլ նաև օտարազգիներ: Հռութի մասին Սուրբ Գրքում առկա պատմություններից կարելի է եզրակացնել, որ նրա բարոյական կերպարը բավականին գրավիչ էր։

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին.

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:1
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին.
(Արարատ թարգ․) Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։
(Գրաբար) Սաղմովն ծնաւ զԲոո՛ս ի Հռեքաբայ: Բոոս ծնաւ զՈվբէ՛դ ի Հռութայ: Ովբէդ ծնաւ զՅեսսէ՛: Յեսսէ ծնաւ զԴաւ՛թ արքայ: