Ծննդոց գրքի մեկնություն 1:6

Սրբ. Եփրեմ Ասորի

6-8. Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից: Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ:

 

   Երկրորդ օրը հաստատության վերևում և ներքևում գտնվող ջրերը հեռացան իրարից:  Սկզբում ջրերը հաստատելուց հետո լռեց և դադարեց, որովհետև փոխանակ պատրաստվելու՝ նրանց մեջ տարածելու հաստատություն, ստեղծեց հաստատությունը: Երկրորդ օրը սփռեց, տարածեց այն իբրեւ խորան, իբրեւ վրան, որպեսզի ցույց տա, որ անտեղի չէր խնամում, այլ իր խնամելով ամրացնում էր նրանց թույլ բնությունը: Ինչպես օրինակ այս անոթը, որ ստեղծվել է իբրեւ խորան, իր մկանների վրա կրում է այն ջրերը, որ առանց շենքի կամարի հաստատուն մնալ չէին կարող, որովհետև այն կողմը, որ թուլանում է, այնտեղ հավաքվում, շատանում են ջրերը և թափվում: Գրելով, թե հաստատությունը բաժանեց ջրերից, ցույց տվեց, որ ոչ թե իրենց բնությամբ են այդպես, այլ դրանց գոյությունը կախված է Իր զորությունից և հրամանի հրաշքից: Ինչպես ասում է, թե.

   «Հաստատեց երկիրը ջրերի վրա», որովհետև բաժանեց հաստատության վերևում և ներքևում գտնվող ջրերը: Սրա մասին վկայում են ծովերի ջրերը, որովհետև հասնում են մինչև երկինք, ինչպես և գրված է, և հասնում են մինչև ավազը, ինչպես երևում է: Ջրերը սանձվում են հրամանի շնորհիվ, ինչպես և վկայված է:
   

Ա. Լոպուխին

Եվ Աստված ասաց.  «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ  ջրերը բաժանի ջրերից»: (Սինոդական թարգ․)[6]

   

   Թող հաստատություն լինի… Հաստատություն բնագրում բառացիորեն նշանակում է «տարածում», «ծածկ», քանի որ հրեաներն այդպես էին պատկերացնում երկրագունդը շրջապատող երկնային մթնոլորտը, որն հատկապես վառ արտահայտված է Սաղմոսերգուի հայտնի խոսքերում. «Երկինքը փռեցիր վրանի(կաշվե ծածկի) պես» (Սաղմ. 103:2, 148:4, հմմտ. Ես. 40:22):

   Այս տարածությունը կամ երկրի մթնոլորտային պատյանն ընդհանուր սուրբգրային մտածելակերպի համաձայն, համարվում է տարատեսակ քամիների ու փոթորիկների, ինչպես նաև՝ բոլոր հնարավոր մթնոլորտային տեղումների ու եղանակային փոփոխությունների առաջացման վայր (Սաղմ. 148:4-8, 134:7, Հոբ 28:25–26, 38:24–26, Ես. 55;10, Մատթ. 5:45, Գործք. 14:17, Եբր. 6:7 և այլն):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց. «Թող ջրերի միջև տարածություն լինի, որ այն ջրերը բաժանի ջրերից»:
(Գրաբար) Ե՛ւ ասաց Աստուած. Եղիցի՛ հաստատութիւն ի մէջ ջրոցդ, և եղիցի մեկնե՛լ ի մէջ ջուրցդ և ջուրց: Եւ եղև այնպէս: