Սրբ. Եփրեմ Ասորի
Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»: Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին:
Այնուհետև Սարան ասաց նրան. «Քանի որ Տերն ինձ զրկել է երեխա ունենալուց, պառկիր իմ աղախնի հետ, որպեսզի նրա միջոցով որդի ունենամ »: Արդ, նախանձահույզ քինախնդիրները պահում են իրենց կանանց, բայց Աբրահամը թողեց իր կնոջը, քանզի գիտեր նրա մասին ճշմարտությունը: ... Սարան չպղծվեց փարավոնի տանը, ինչպես որ մարգարեն չպղծվեց այն պոռնիկից, ում մոտ մնաց: Եւ երբ Սարան համարձակեցրեց նրան այդ քայլին գնալ, նա առավ Հագարին իր մոտ ոչ թե իր կամքով, այլ որպեսզի Սառային մխիթարություն լինի. «Պառկիր իմ աղախնի հետ, -ասաց նա, - որպեսզի նրա միջոցով մխիթարվեմ ես»: Իսկ երբ հղիացավ ու արհամարհեց իր տիրուհուն, Աբրահամն ասաց. «Քո աղախինն ահա քո ձեռքում է»: Այն ժամանակ էլ նույն կերպ Աբրահամը հավատաց նրան, երբ նա փարավոնի տուն տարվեց: Թողեց Աստված, որ տանեն նրա ձեռքից, որպեսզի հայտնի դառնա Աբրահամի սերն իր նկատմամբ, ինչպես այն ժամանակ, երբ ասաց. «Առ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին», և թույլ տվեց նրան հանել դանակը և պատրաստվել զոհաբերելու նրան: Ինչպես և Սառայի ժամանակ չփրկեց նրան [այլ թույլ տվեց, որ տանեն], որպեսզի երբ հասներ Իսահակին [զոհաբերելու] մեծ փորձության օրը, չասեին, թե նա հույս ուներ, որ [Աստված] կփրկի նրան, այդ պատճառով էլ պատրաստվեց զոհ մատուցել նրան:
Եվ Սառան Աբրահամին ասաց. «Քանի որ Տերն ինձ զրկել է երեխա ունենալուց, քեզ վերցրու իմ աղախին Ագարին, որպեսզի նրա միջոցով որդի ունենամ»:
Ա. Լոպուխին
Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերը փակեց իմ արգանդը, որպեսզի երեխա չունենամ, պառկի՛ր իմ աղախնու հետ, թերևս նրանից որդի ստանամ»: Եվ Աբրամն անսաց Սարայի խոսքին: (Սինոդական թարգ․) [2]
Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերը փակեց իմ արգանդը... պառկի՛ր իմ աղախնու հետ... Սարան խոնարհաբար իրեն էր համարում սերնդի մասին աստվածային խոստման չիրականանալու գլխավոր մեղավորն ու ցանկանում էր օգնել Աբրամին: Այդպես, նա մեծահոգաբար հրաժարվում է կնոջ իր իրավունքներից և կամավորաբար Աբրամին որպես կին առաջարկում իր աղախնուն՝ Հագարին, որը, ամենայն հավանականությամբ, ի թիվս եգիպտացիների կողմից տրամադրված այլ ընծաների, բերվել էր Եգիպտոսից (Ծննդ. 12:16): Աղախնու անունն իսկ նշանակում է «փախուստ» և տրված է նրան կա՛մ մարգարեությամբ, կա՛մ, որ առավել հավանական է, տիրուհու տնից նրա կրկնակի փախուստի հիշողությամբ (Ծննդ. 16:6, 21:14):
Թերևս նրանից որդի ստանամ... Բնագրում է՛լ ավելի արտահայտիչ ու դիպուկ է գրված. «որպեսզի կառուցեմ տունն իմ (եբր.՝ «իբբանե») նրանից, հենվեմ նրա վրա», «զորանամ նրանով» (Բ. Օր. 25:9, Հռութ 4:16). սլավոներենում՝ «որդի ստեղծեմ նրանից»: Այսպիսով, Սարայի արարքն ավելի հասկանալի է դառնում. ակնհայտ է, որ նա այստեղ այն դարաշրջանի սովորութային իրավունքի համաձայն հիմնավորում է իր հույսերը: Ըստ այդ իրավունքի՝ աղախնուց ծնված երեխաները համարվում էին ամուսնու օրինական զավակները և, հետևաբար, հավասարապես պատկանում էին ինչպես ամուսնուն, այնպես էլ՝ կնոջը (Ծննդ. 30:3):
Աբրամն անսաց Սարայի ասածին... Թեև Աբրամի արարքով խախտվել էր ամուսնական կապի մաքրությունը (Ծննդ. 2:22), սակայն դա նրա համար մեղք չհամարվեց առաջին հերթին այն պատճառով, որ նա այդ չարեց սեփական կրքից դրդված, այլ՝ կնոջը հնազանդվելով և երկրորդ՝ այդ արարքը կատարել էր ոչ թե անձնական շահի ստոր մղումներից դրդված, այլ՝ հանուն աստվածապետական բարձրագույն նպատակի (Մղք. 2:15):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Սարան Քանանացւոց երկրում ասաց Աբրամին. «Քանի որ Տէրն ինձ զրկել է երեխայ ունենալուց, պառկի՛ր իմ աղախնի հետ, որպէսզի նրա միջոցով որդի ունենամ»: Եւ Աբրամն անսաց Սարայի ասածին:
(Արարատ թարգ․) Եվ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ արգելել է ծնել: Այդ պատճառով մտիր աղախնուս մոտ, գուցե նրանից որդի ստանամ»: Եվ Աբրամն անսաց Սարային:
(Գրաբար) Եւ ասէ Սարա ցԱբրամ յերկիրն Քանանացւոց. Որովհետև արգել զիս Տէր ի ծնանելոյ, արդ՝ մո՛ւտ առ աղջիկդ իմ զի արարից ինձ որդի՛ ի դմանէ։ Եւ ունկնդի՛ր եղև Աբրամ ձայնի Սարայի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: