Ա. Լոպուխին
Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարվի՛ր նրա հետ այնպես, ինչպես հաճո է քեզ»: Եվ Սարան սկսեց նեղել նրան, ու աղախինը փախավ նրա մոտից: (Սինոդական թարգ․) [6]
Քո աղախինն ահա քո ձեռքերում է, վարվի՛ր նրա հետ այնպես, ինչպես հաճո է քեզ… Այս խոսքերով Աբրամը խելամտորեն զսպում է տիրուհու և աղախնի միջև ծագաց ընտանեկան վեճը՝ մատնացույց անելով առաջինի իրական դերն ու վերջինիս նկատմամբ նրա օրինական իրավունքները:
Եվ Սարան սկսեց նեղել նրան... Բայց Սարան բավականաչափ մեծահոգի չգտնվեց, այլ Հագարի նկատմամբ ցուցաբերեց որոշակի կանխակալ խստություն: Ահա ևս մեկ օրինակ այն բանի, որ Սուրբ Գիրքը ոչ միայն լռության չի մատնում, այլև չի էլ մեղմացնում արդարների թերությունները:
Ու աղախինը փախավ նրա մոտից… Հպարտ աղախինը չցանկացավ տանել նման նվաստացումն ու նախընտրեց փախչել դեպի Սուր կոչվող անապատը (7-րդ համար), որ ընկած է Եգիպտոսից Ասորեստան տանող ճանապարհի վրա (Ծննդ. 25:18, Ա. Թագ. 15:7, 27:8)՝ Արաբական թերակղզու հյուսիս-արևմտյան անկյունում (այժմ հայտնի է Ջիֆար անունով): Դրա միջով էր անցնում այն ճանապարհը, որ Պաղեստինից տանում էր փարավոնների երկիր, որտեղ էլ, իբրև իր հարազատ երկիր, բնականաբար պետք է ճանապարհվեր Հագարը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»: Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո ձեռքում է, վարվի՛ր նրա հետ, ինչպես կամենում ես»: Եվ Սարան նեղեց նրան, ու նա փախավ Սարայի երեսից:
(Գրաբար) Եւ ասէ Աբրամ ցՍարա. Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո, արա՛ նմա զինչ հաճոյ է առաջի աչաց քոց։ Եւ չարչարեաց զնա Սարա. և փախեա՛ւ յերեսաց նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: