Ծննդոց գրքի մեկնություն 16:7

Ա. Լոպուխին

Եվ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է: (Սինոդական թարգ․) [7]

   

   Տիրոջ հրեշտակը... Եբրայական բնագրում գրված է «Մալախ-Յահվե», որ նույնական է «Մալախ-Էլոհիմ» արտահայտությանը (Ծննդ. 21:17, 31:11): Հինկտակարանյան հայտնություններից քաջածանոթ այս կերպարի մասին գոյություն ունի հսկայական գրականություն, որ բաժանվում է երկու հակադիր խմբի. մեկում պաշտպանվում է այն տեսակետն, ըստ որի «Մալախ-Յահվեն» հասարակ, արարված մի էակ է, թեև հրեշտակների դասում բարձրագույնն է, մյուս խմբում հաստատվում է այն, որ «Մալախ-Յահվեի» կերպարանքով տեղի էին ունենում հենց Աստծո՝ հատկապես Լոգոսի կամ Աստծո Որդու հայտնությունները: Առաջին տեսակետի կողմնակիցները (Օգոստինոս, Որոգինես, Հերոնիմոս, Հոֆման, Բաումգարթեն, Տոլյուկ, Դելիչ, Կուրտց) հիմնվում են հետևյալի վրա.

   1) «Հրեշտակ» տերմինը սովորաբար մատնացույց է անում արարված հոգևոր էակների դասակարգը (Ծննդ. 19:1, 22:11, Հոբ 4:18, Սաղմ. 90:11, Դատ. 13:13 և այլն):

   2) Նոր Կտակարանում ἄγγελος Κυρίου (անգելոս Կյուրիու) արտահայտությունը (Մատթ. 1:20, Ղուկ. 2:9) մշտապես վերաբերում է արարված հրեշտակի:

   3) «Մալախ» (հրեշտակ) տերմինի ստուգաբանությունը ցույց է տալիս դրա կախյալ և ենթակա դրությունը (Բ. Թագ. 19:27, Զաք. 1:12):

   4) Եվ վերջապես, Փրկչի աշխարհ գալուց առաջ Աստծո նմանօրինակ մարդակերպ հայտնությունը հասկանալի չէր լինի:

   Այս փաստարկներից և ոչ մեկը վճռական չէ:

   Հակադիր բանակի ներկայացուցիչների (Եկեղեցու հայրերի և ուսուցիչների մեծ մասը՝ Գենստենբերգ, Կեյլ, Լանգե, Գևեռնիկ, Նիտչ, Էբրարդ, Էլեռ, Բաումգարթեն, Վորդսվորդ, ռուսներից՝ Ա. Գլագոլև, Ա. Լեբեդև, Յաստրեբով և ուրիշներ) ապացույցները հիմնվում են հետևյալ հիմնական դրույթների վրա.

   1) «Մալախ Յահվե»-ն, խոսելով առաջին դեմքով, հստակ նույնացնում է իրեն Յահվեի (Ծննդ. 16:10) և Էլոհիմի (Ծննդ. 22:12) հետ:

   2) Նրանք, որոնց որ նա հայտնվում է, սովորաբար իբրև Աստված են ընդունում իրեն (Ծննդ. 16:13, 18:23-33, 28:12-22, Ելք 3:6, Դատ. 6:15, 20-23, 13:22):

   3) Սուրբգրային հեղինակներն անընդհատ խոսում են նրա մասին իբրև Աստծո՝ երկխոսություններն արտահայտելով առաջին դեմքով (Ծննդ. 16:13, 18:1, 22:16, Ելք 3:2 և այլ):

   4) Աստծո մեջ անձերի բազմակիության մասին ուսմունքը, որի վրա հիմնվում է այս տեսակետը, համահունչ է դրա մասին ավելի վաղ ակնարկներին (Ծննդ. 1:26, 11:7) և հետագա հայտնություններին:

   5) Երկու Կտակարանների անքակտելի միությունը պահանջում է, որ դրանց կենտրոնական դիրքում լինի միևնույն դեմքը՝ Լոգոսը՝ Աստծո Որդին: Այն թույլ չի տալիս, որ Հին Կտակարանում նման դեմք լինի «Մալախ Յահվե» արարածը:

   Երկու կողմերի փաստարկների համադրումը բավական հստակ վկայում է երկրորդի գերակշռության մասին, ըստ որի՝ «Տիրոջ հրեշտակ»-ը աստվածահայտնության մի տեսակ է՝ Աստծո Որդու անձնավոր հայտնության հինկտակարանյան ձևը:
-------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակը գտավ նրան անապատում՝ Սուրի ճանապարհին գտնվող ջրի աղբյուրի մոտ:
(Գրաբար) Եգիտ զնա հրեշտակ Տեառն յաղբևր ջուրց յանապատի անդ. յաղբևրն որ ի ճանապարհին Սուրայ է։