Սրբ. Եփրեմ Ասորի
Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:
Ասում է. «Ութ օրեկանում կթլփատեք»: Եւ ահավասիկ, ովքեր թլփատված են, նորից, մյուս անգամ անթլփատներ են ծնում: Եւ եթե թլփատությունն Աստծուց էր, ապա հարկ էր թլփատվածներին թլփատվածներ ծնել, ինչպես մարդը՝ մարդ է ծնում, բայց քանի որ նրանք նշանով են գործում, արարածներն իրենց ծնունդով փոխում են այն: Եւ ինչպես օրինակ բնությունը լուծարում է թլփատությունը, նույնպես և լուծարում է շաբաթը: Քանի որ [բնությունը] ամեն ինչ գործով է կատարում և գործելով կատարվում և ինքն իսկ օրը օրից չի զատորոշում: Օրենքը նաև լուծարում է այն մանուկների թլփատությունը, ովքեր մահանում են ութ օրեկանից առաջ, թլփատությամբ լուծարում է նաև շաբաթը, քանի որ ծնվել են: Եւ սրանք չեն, որ սրբում են, ինչի մասին վկայում է նաև Երեմիան՝ ասելով. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ և դեռ արգանդից դուրս չեկած՝ մաքրեցի քեզ» (Երեմ. 1։5): Եւ եթե [տակավին] արգանդում պատկերվում է նրա իմաստությունը, ապա պարտվում է բնությունը և եթե արգանդում սրբում է շունչը, ապա ո՞ւր է մարմնի թլփատությունը, և եթե մինչև ծնվելը սրբացնում է, ապա ո՞ւր է այն ուխտը, որ ասաց, թե բոլորը թող թլփատվեն, որպեսզի հայտնի լինի այն ժողովուրդը, որին Աստված ընտրեց: Ահա Իսրայելը մերժեց, արհամարհեց Աստծուն, թեև ինքն ու իր զավակները թլփատված էին, իսկ Իսահակը օրհնվեց մինչև իր ծնվելը և նրա անունն ընդունելի եղավ մինչև հղիանալը: Սեթի չափ արդար չեղավ և ոչ մեկը մինչև Աբրահամը և թլփատության կարիք ամենևին էլ չեղավ: Չորս անգամ Աստված խոսեց Աբրահամի հետ և միայն չորրորդ անգամ խոսեց թլփատության կատարման մասին: Արդ, նման ձևով չթլփաթված Ենոքին և Նոյին չհայտնեց, թե հետագայում պիղծ է համարելու չթլփատվածներին և ոչ էլ Սեմին և Ենթվքին, թե սուրբ է համարելու շաբաթը, այդպես էլ չհայտնեց, թե հետագայում լուծարելու է շաբաթն ու թլփատությունը:
Արդ, չկարևորեց առաջինների համար, հաստատեց միջինների համար և թույլ տվեց վերջիններին: Եւ որպեսզի օրենսդիրը ցույց տա իր տերության իշխանությունը, չհայտնեց այն, մինչև որ իր օրենքները երևացին: Ամեն օրենք իր ժամանակին էր պետք, եթե ժամանակից շուտ հայտնի լիներ, իր ժամանակին անարգված և անտեսված կլիներ, առաջինները կթլփատվեին այն ժամանակ, երբ պետք չէր կամ միջինները կլուծարեին թլփատության օրենքն այն ժամանակ, երբ պետք էր պահել, քանզի նա տվեց նրանց այն ժամանակ, երբ պետք էր: Նույնպես նաև շաբաթը և մյուս բոլոր օրենքները իրենց ժամանակին տրվեցին և կուրացան նրանք դրանով, քանզի անցնում էին օրենքների միջով և չէին պատժվում: Արդ, օր օրի, ժամ առ ժամ լուծարելով ցույց էր տալիս, թե դրանք հավիտենական չեն, ինչպես այն դեպքում, երբ կապված էին սեղանով, և դրա լուծարումով, լուծարվում էին նաև իրենք: Այսպես է ասում. «Դու իշխանություն չունես ամեն տեղ անխտիր պատարագ մատուցելու», այլ ճշմարիտ օրենքն այն է, որ առանց զոհի պատարագի և առանց սեղանի ամեն տեղ նրանց տեղն է և ամեն ժամ նրանց ժամն է: Արդ, թլփատության պատճառով չէ, որ Աբրահամի որդիներն [այդպես] կոչվեցին և ոչ էլ շաբաթի պատճառով ավետյաց երկիր մտան և ոչ էլ կերակուրների ընտրությամբ սրբվեցին նրանք: Այլ բոլոր նրանք, որ ելան եգիպտացիների երկրից և անցան ծովով ու մտան անապատ, այդ ամենը պահելը նրանց չկարողացավ օգնել, քանզի թեև թլփատված էին, կուռքերին պաշտեցին և շաբաթը պահելով հորթի պատկերով կուռքեր սարքեցին, և մինչ կերակուրների մեջ ընտրություն էին անում, պոռնկացան Մադիամի դուստրերի հետ:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 17:10
Ա. Լոպուխին
Ձեր սերունդների մեջ ութօրական ամեն արու զավակ պետք է թլփատվի, թե՛ տանը ծնվածը, թե՛ արծաթով գնված ամեն մի օտարածին, որ քո սերնդից չէ: Քո տանը ծնվածն ու արծաթով գնված քո ստրուկն անպայման պետք է թլփատվեն: (Սինոդական թարգ․) [12]
Ութօրական… Այսինքն՝ թլփատությունը կատարվում էր ծնվելուց մեկ շաբաթ անց, և դրան հետևում էին այնպիսի խստությամբ, որ հանուն թլփատության անգամ շաբաթ օրվա հանգիստն էր խախտվում (Հովհ. 7:22-23)։
արու զավակ… Դրանով, ի դեպ, հրեաների թլփատությունը տարբերվում էր եգիպտացիների և այլ հնագույն ազգերի թլփատությունից, որոնք այն կատարում էին նաև իգական սեռի ներկայացուցիչների պարագայում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:
(Արարատ թարգ․) Եվ թող թլփատվի ձեր բոլոր սերունդների ամեն մի ութ օրական արուն, նաև՝ ընդոծինը և օտարներից արծաթով գնվածը, որ քո սերնդից չէ
(Գրաբար) Եւ մանուկ՝ ութօրեա՛յ թլփատեսցի ձեր, ամենայն արու յազգս ձեր. ընտոծինն և արծաթագինն, և յամենայն օտարածնէ որ ո՛չ իցէ ի զաւակէ քումմէ, թլփատելո՛վ թլփատեսցի ընտոծին տան քոյ և արծաթագին քո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: