Հովհաննես Ծործորեցի
Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն:
 Եվ եթե գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, նրա վրա կուրախանա ավելի, քան չմոլորված իննսունիննի:
 Տակավին նույն օրինակով [է խոսում]: Բայց դու ճշմարտությո՛ւնը հասկացիր: [Տերը] «եթե» բառը գործածում է ոչ թե կասկածելու պատճառով, քանի որ [մոլորվածն] իսկապես գտնվեց, այլ ցույց է տալիս, որ մեր ազատությունը հարկադիր և բռնությամբ չէ, այլ կամավոր և հոժարությամբ, երբ Նա այցելում է և մեզ գտնում: Որովհետև պատահում է նաև, որ Նա փնտրում է [մեզ], իսկ մենք ապստամբելով հեռանում ենք: Բայց երբ մեզ գտնում է, չափազանց ուրախանում է, ինչից հետևում է, որ մեր կորստի պատճառով էլ տրտմում է: Ուրեմն՝ եթե Տերն ուրախանում է Իր արարածներով՝ ըստ սաղմոսի 953, այնքան, որ ուսերին է առնում՝ ըստ Ղուկասի 954, ապա դու ինչո՞ւ ես տրտմում: Իսկ ինչո՞ւ է գտնվածների վրա առավել ուրախանում, քան չմոլորվածների: Ըստ սովորական կարգի է վարվում, որովհետև ուրախությունը տրտմությունից հետո է լինում. քանի որ [Տերն ու հրեշտակները] տրտմեցին մարդկանց մեղքերի պատճառով, ապա ուրախանում են, երբ մարդիկ ապաշխարում են՝ ըստ այսմ. «Պետք է ուրախանալ, որովհետև [քո] այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկ. 15։32): Հետևաբար, եթե մեղքի մեջ մեր լինելու պատճառով տրտմում են նրանք, ինչպես այստեղ՝ «Զղջացի, որ ստեղծել եմ մարդուն» (հմմտ. Ծննդ. 6։7), որքան ավելի մե՛նք պիտի տրտմենք, որ մեղքի մեջ ենք, և փութանք ապաշխարել:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: