Ա. Լոպուխին
Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ: Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին (Սինոդական թարգ․) [1]
Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ… Այս գլխի պատումը նախորդի անմիջական շարունակությունն է. այն երկու հրեշտակները կամ մարդիկ, որոնց մասին ասվում է, թե նրանք Աբրահամի մոտ կեսօրյա ճաշից հետո գնացին Սոդոմ (Ծննդ. 18:1, 22), այժմ՝ նույն օրվա իրիկնամուտին, հասան իրենց ճամփորդության նպատակակետին, այսինքն՝ մոտեցան Սոդոմի դարպասներին։
Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ… Քաղաքի դարպասները, ըստ արևելյան սովորության, եղել են նույնը, ինչ որ «ագորան» հույների, կամ «ֆորումը» հռոմեացիների մոտ, այսինքն՝ հասարակական վայր, որտեղ զբոսնում և հանդիպում են քաղաքի բնակիչները, ինչպես նաև բոլոր դատական և վաճառական գործերի կենտրոնն էր (Ծննդ. 23:10, 24:20, Բ Օր. 21:19, Հռութ.4:1, Առ. 31:23 և այլն)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) րկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ երեկոյան այն երկու հրեշտակները եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասների մոտ և երբ նրանց տեսավ, վեր կացավ, ընդառաջ գնաց ու մինչև գետին գլուխ խոնարհեց:
(Գրաբար) Եւ եկին երկու հրեշտակքն ի Սոդոմ ընդ երեկս. և Ղովտ նստէր առ դրա՛ն Սոդոմացւոցն։ Իբրև ետես Ղովտ՝ յարեաւ ընդ առաջ նոցա, և երկիր եպագ ի վերայ երեսաց իւրոց յերկիր՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: