Ծննդոց գրքի մեկնություն 19:20

Սրբ. Եփրեմ Ասորի

Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»:

   

   Ասում է Աբրահամին. «Սոդոմացիների և գոմորացիների աղաղակն ահագնացել, հասել է ինձ»: Եւ Աբրահամն ուրախանալու փոխարեն, որ Աստված կոտորում, սպանում է քանանացիներին, քանզի նա ստանալու էր նրանց ժառանգությունը, ինչպես որ նրան ավետիս տրվեց, ընդհակառակը՝ խնդրում և աղաչում էր նրանց փոխարեն, նաև՝ որ գերի էին ընկել, ետ վերադարձնել: Իսկ եթե հանուն Ղովտի էր գնացել, ապա կարող էր միայն Ղովտին ազատել ինչպես այն բոքովրեանց Շամովնին, այլ նա գնաց և պատերազմեց նրանց հետ, ովքեր եկան նրա համար ազատելու և ընդարձակելու այն երկիրը, որ ժառանգություն էր մնալու նրան:

   Եւ ասաց. «Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց» նա ցուցյ տվեց, թե այս էր նրա կամքը, քանզի ամեն ինչ նրանով եղավ, ինչպես այն, որ Զաքարիային է ասում «Տերն ասաց սատանային, Տերը կսաստի քեզ» (Զաք. 3։2):

   Հավատարմությունը չլքեց Ղովտին, երբ նա բնակվում էր սոդոմացիների մեջ, փոխարենը Ղովտն էլ չլքեց հավատարմությանը: Հաստատվեց նա դրանում, երբ բնակվում էր նրանց մեջ, թեև նա էր որոշել գնալ այնտեղ, և հանեց նա նրան այնտեղից, թեև նա խառնվել էր նրանց մեջ: Որոշեց գնալ և դրանով ցույց տվեց հավատարմության գործը անիրավների մեջ: Որոշեց գնալ նաև նա և հայտնի դարձրեց Ղովտի փրկությունն այնտեղի անօրեններից: Վայել էր, որ հավատարմությունը թիկունքից օգնության հասներ նրան իր նեղության ժամանակ, ինչպես որ նա չմոռացավ հավատարմությանն իր լավ օրերին: Նաև արժան էր, որ նա չկործանվի սոդոմացիների հետ, այն այրը, որ դուրս կորզեց իր անձը սոդոմացիների գործերից: Ինչո՞ւ կորչեր այդ մարդը սոդոմացիների հետ, եթե նա չկորցրեց իր խորհուրդները սոդոմացիների մեջ, թեև սոդոմացիների խորհուրդները կործանարար ու ապականիչ էին, սակայն նրա խորհուրդները հաստատուն էին: Այդ պատճառով էլ, այն ժամանակ երկիրը սոդոմացիների հետ միասին կործանվեց, երկիրը, որ նրա ոտքերի տակ հաստատուն էր: Փոխանակ այն բանի, որ ցանկությունը տապալեց նրանց անբնական խորհուրդները, ճշմարտությունը տապալեց նրանց երկիրն առանց բնության: Եւ քանի որ իրենք իրենց կամքով մտքի միջոցով կործանվեցին, ապա ակամա կործանվեցին երկրի միջոցով: Տապալվելով շրջվեց նրանց ցանկությունը երկնավորների վրա, երկիրն էլ նրանց տապալեց իր բնակիչներով հանդերձ: Շտապեց երկիրը կուլ տալ նրանց և ծածկել իր մեջ, որպեսզի չտեսներ երկիրը, թե ինչպես են անարգում իր սիրելիին: Երկրի վրա չթողեց բնակվել նրանց, ովքեր անարգեցին բարձունքների բնակիչներին:
   

Ա. Լոպուխին

Ահա այս փոքր քաղաքը մոտ է, և կկարողանամ այնտեղ հասնել ու կփրկվեմ. չէ՞ որ փոքր է: Եվ կփրկվեմ քո շնորհիվ»: [20] (Սինոդական թարգ․)

   

   Ահա այս փոքր քաղաքը մոտ է, և կկարողանամ այնտեղ հասնել ու կփրկվեմ. չէ՞ որ փոքր է… Հուսահատ Ղովտը կարծում է, որ չի կարողանա հասնել հեռավոր Մովաբական լեռներին, և աղաչում է Տիրոջը, որ Նա թույլ տա իրեն փրկվել ճանապարհի կեսին գտնվող մի փոքր քաղաքում, որն ի հիշատակ այս դեպքի ստացավ Սեգոր անունը (Ծննդ. 19:22)։ Ղովտը երկու անգամ առաջ է բերում այդ քաղաքի փոքր և անշուք լինելը, մի կողմից՝ որպեսզի ավելի հեշտությամբ համոզի Տիրոջը կատարել իր խնդրանքը, մյուս կողմից՝ որպեսզի ցույց տա, որ նրանում, ինչպես փոքր քաղաքում, չկար այն սարսափելի փչացածությունը, որը տիրում էր մեծ քաղաքներում, ինչի համար էլ այն կարող էր փրկվել կործանումից։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»:
(Արարատ թարգ․) Ահա այս քաղաքը փոքր է և մոտիկ է այնտեղ հասնելու համար, թող որ փախչեմ այնտեղ ու փրկվեմ: Չէ՞ որ այն փոքր է»:
(Գրաբար) Ահա քաղաքս այս մե՛րձ է անկանել ի նա, որ է փոքրիկ, ա՛նդ ապրեցայց, և չէ՛ փոքր, և կեցցէ անձն իմ վասն քո։