Ծննդոց գրքի մեկնություն 20:7

Ա. Լոպուխին

Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս: Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»: [7] (Սինոդական թարգ․)

   

   նա մարգարե է… Այստեղ եբրայական բնագրում առաջին անգամ օգտագործվում է «նաբի» եզրը, որը նշանակում էր յուրահատուկ ծառայություն Հին ուխտում։ Հիմնվելով Թագավորության գրքի տեղեկությունների վրա (Ա Թագ․ 9:9)՝ ոմանք ասում են, որ այս եզրը համեմատաբար ավելի ուշ դարաշրջանում է առաջացել և որին նախորդել է Դատավորաց շրջանի «րոէ» (տեսանող) եզրը։ Սրանից ոմանք եզրակացնում են, որ Հնգամատյանը ավելի ուշ դարաշրջանի գործ է։ Սակայն Հնգամատյանի ավելի խորը ուսումնասիրությունը, և «նաբի» եզրի առավել ամբողջական պատմությունը հակառակն են ապացուցում։

   Անկասկած, «նաբի» եզրը առավել հին, նախամովսիսական ծագում ունի, սակայն ի սկզբանե նա չուներ վերոնշյալ իմաստը, այլ համապատասխանում էր իր արմատի («նաբա»՝ խոսել) իմաստին, ցույց էր տալիս այն մարդուն, որի հետ խոսել է Աստված կամ ինքն է խոսել Աստծո հետ, որը եղել է ավելի մտերիմ, անմիջական հարաբերությունների մեջ Աստծո հետ, որը հայտնել է Աստծո կամքը և բարեխոսել Աստծուն ուրիշների համար (Ծննդ. 20:7, Ելք 7:1, 15:20, Թվ․ 11:29, Բ Օր․ 13:1, Դատ․ 6:8, Ա Թագ․ 9:9, Գ Թագ․ 22:7 և այլն)։ Ժամանակի ընթացքում նման անձնավորությունները ապագան տեսնելու ունակության համար ստանում էին հատուկ անուն՝ «րոէ», որ նշանակում է «տեսանող»․ դատավորների շրջանում հիմնականում այդպես էր ։ Բայց թագավորների շրջանում, երբ սկսեցին ուշադրությամբ սերտել Հնգամատյանը, նորից վերականգնվեց նախկին մարգարեական «նաբի» անունը, որն ավելի լիարժեք էր արտահայտում նրանց ծառայության գաղափարը՝ լինել միջնորդ Աստծո և մարդկանց միջև։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կ՚անի քեզ համար, եւ դու կենդանի կը մնաս: Եթէ չվերադարձնես, իմացի՛ր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»:
(Արարատ թարգ․) Եվ հիմա կնոջն իր ամուսնուն վերադարձրու, որովհետև նա մարգարե է, և թող նա աղոթի քեզ համար, որ ողջ մնաս: Իսկ եթե դու նրան չվերադարձնես, ապա իմացի՛ր, որ անպատճառ կմեռնեք ամենքդ»:
(Գրաբար) Բայց արձակեա՛ զկինդ յա՛յր իւր. զի այր մարգարէ է, և արասցէ աղօթս վասն քո և կեցցես։ Ապա թէ ո՛չ տացես, գիտեա՛ զի մեռանի՛ս դու և ամենայն որ ինչ քո է։