Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:45

Հովհաննես Ծործորեցի

45-46. Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան:

 

    Երբ քահանայապետերը, օրենսգետներն ու փարիսեցիները լսեցին Նրա առակները, հասկացան, որ իրենց մասին ասաց, և կամենում էին բռնել Նրան, բայց վախեցան ժողովրդից, քանի որ [վերջինս] մարգարե էր Նրան համարում:

    Երբ այս ամենը լսեցին, պետք էր, որ երկրպագեին [Քրիստոսին] և այն պատիժների երկյուղից, որոնց մասին լսեցին, ակնածեին ու խոնարհվեին, սակայն նրանք հակառակն արեցին: Երբ իմացան, որ իրենց մասին էր խոսում, կամեցան բռնել ու սպանել [Նրան], բայց վախեցան` ո՛չ Աստծուց կամ ասված խոսքերից, կամ մարգարեների վկայությունից, այլ բազմամբոխ ժողովրդից, որովհետև մարդահաճոներ էին, ուստիև «ցրվեցին նրանց ոսկորները դժոխքի մոտ» (հմմտ. Սաղմ. 140։7): Նաև տես այն, որ ժողովուրդը թեպետ կատարելապես չէր ճանաչել Նրան, բայց Նրա խոսքերի ու հրաշագործությունների պատճառով գոնե մարգարե էր համարում, իսկ նրանք, ովքեր Օրենքն էին ընթերցում, իբրև մահապարտի դատապարտեցին [Նրան]: Ինչո՞ւ. որովհետև միայն մերձակա բաներն էին փնտրում, մինչ չկա մի ուրիշ բան, որ գահավիժել ու դարից գլորվել տա այնպես, ինչպես ժամանակավոր բաներին բևեռվելը, և չկա մի ուրիշ բան, որ այնպես ազատի այդ ամենից և նաև մերձակա բաները վայելել տա, ինչպես այն կյանքը նախամեծարելը` ըստ այսմ. «Փնտրեք Նրա արքայությունը, և այդ ամենն ավելիով կտրվի ձեզ» (հմմտ. Մատթ. 6։33): Նրանք չունեին սա, ոչ էլ կամենում էին աշակերտել` [սա ունենալու համար], ուստի [Տերը] նրանց համար մի առակ էլ է ավելացնում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

45-46. Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներ ու փարիսեցիներ նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան:
   
    Փարիսեցիական խումբը՝ քահանայապետերի, դպիրների և ծերերիի դասակարգից կազմված, նոր առիթ գտավ Հիսուսի դեմ գրգռվելու, որովհետև հայտնի էր, թե առակն ուղղակի իրենց վերաբերյալ էր ասված և ժողովրդի միջև իրենց հարգն ու վարքը կոտրելու բնույթն ուներ: Երբ Հիսուս խոսում էր և ժողովրդի բազմությունը, գալիլիացի և բերեացի ուխտավորների ամբոխը համակրությամբ և գոհունակությամբ լսում էր Նրա ասածները, փարիսեցիներն
այնտեղ մի անկյուն քաշված, սկսեցին խորհրդակցել, թե ինչպես աեն, որ Հիսուսի քարոզություններին և գործունեությանը վերջ տան: Մի պահ մտածեցին նույն ժամին Հիսուսի վրա հարձակվել և բռնությամբ Նրան հեռացնել և անհետացնել, սակայն դարձյալ խանդավառ ժողովրդի վախը կասեցրեց իրենց: Որոշեցին մի քանի օր ևս համբերել, մինչև որ Երուսաղեմը դատարկվի ուխտավորներից և ամբոխի վախը փարատվի, որովհետև բնիկ երուսաղեմցիները շատ վախ չունեին, մինչ Գալիլիայում և Բերեայում Հիսուս որպես մարգարե էր ընդունված և այդ վայրերից եկած ուխտավորները կարող էին Հիսուսի պաշտպանությունը ձեռնարկել:
    Այս մտածմունքով խորհրդակցությունը ընդհատեցին և մի պահ հեռացան այդ կողմերից՝ նոր միջոցներ մտածելու
համար: